Պահոց | Հունիսի, 2012

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

30 Հնս

… Ես առաջարկում եմ մի ձև, որը հեշտ իրագործելի է քաղաքի ներկա տափարակ և գեղեցիկ տեղում: Ես առաջարկում եմ մի ձև, որը Եվրոպայում շատ է ընդունված: Քաղաքը պետք է ունենա կենտրոն և մի քանի քաղաքամասեր, որոնք այնպես են դասավորված, որ շրջանաձև փողոցների միջոցով ամենակարճ ճանապարհով իրար միացած լինեն, զանազան ուղղությամբ հեշտ լինի հաղորդակցություն պահպանել քաղաքի կենտրոնի հետ: Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք է ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, առանց շինությունների, այսպես կոչված «քաղաքի թոքերը», որոնցով մաքուր օդ է անցնելու դեպի քաղաքի կենտրոնը: Եթե այդ իրագործվի, ամեն մի շնչին կհասնի 2-3 քառակուսի սաժեն կանաչ տարածություն: Քաղաքի մեկ վեցերորդ կամ յոթերորդ մասը, այսինքն 300-450 հազար քառ. սաժեն տարածություն կանաչով պիտի ծածկված լինի…
1924թ.

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

25 Հնս

ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ, բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ինչ արժեք ունի ինձ համար այն իմաստը, որ իմ ընկալման շրջանակից դուրս է: Ես ունակ եմ հասկանալու միայն մարդկային արտահայտությունները, այն, ինչին ձեռք եմ տալիս, ինչը դիմադրում է ինձ: Ինձ հայտնի է նաև, որ ի վիճակի չեմ հաշտեցնելու երկու հավաստիություններ՝ բացարձակի, միասնականության իմ ձգտումը և այս աշխարհի անհամատեղելությունը ռացիոնալ ու տրամաբանական սկզբունքներին: Ուրիշ ի՞նչ ճշմարտություն կարելի է իմանալ առանց ինքնախաբեության, հույսի միջամտության, որ ես չունեմ և որն ավելորդ է իմ իմացության սահմաններում:
Եթե ես անտառում ծառ, կենդանիների մեջ՝ կատու լինեի, կյանքը կունենար իմաստ, ավելի շուտ նման հարց չէր ծագի, որովհետև աշխարհի մասնիկը կլինեի: Ես կլինեի այս աշխարհը, որին այժմ իմ ողջ իմացությամբ ու հարազատության ներքին պահանջով ներհակ եմ: Այս տարրական տրամաբանությունն ինձ հակադրում է արարված ամեն ինչի, մի տրամաբանություն, որը գրչի հարվածով անհնար է ժխտել: Չէ՞ որ ես պարտավոր եմ պաշտպանել այն, ինչ ճիշտ եմ համարում, այն, ինչ նույնիսկ կամքիս հակառակ ինձ ճշմարիտ է թվում: Եվ ի՞նչ է ընկած այդ կոնֆլիկտի, աշխարհի և իմ գիտակցության խզման հիմքում, եթե ոչ կոնֆլիկտի գիտակցությունը: Ուրեմն կոնֆլիկտը պահպանելու համար ես պետք է միշտ, անընդհատ թարմացնեմ, անընդհատ լարեմ գիտակցությունս…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

24 Հնս

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

* * *
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:

Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:

Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:

Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:

Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
— Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…

1947 թ.

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

22 Հնս

ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար` և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից` իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` և տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը»:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

20 Հնս

ՍԵՎԱԿԻ ԳՈՐԾԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՊՐԵՆ

971 թ. հունիսի 17-ին ավտովթարի զոհ դարձավ Պարույր Սևակը: Ամեն տարի գրողի մահվան օրը բանաստեղծի ծննդավայրում /Արարատի մարզ, գյուղ Չանախչի/ անցկացվում է պոեզիայի սևակյան հանդիսություն:
«Ինքնակենսագրություն գրել՝ նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը` խորհուրդը: Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների և իմ կենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության»,-ասում է Սեւակը /«Անցյալը ներկայացած»/ ու ներկայացնում իր կյանքի ամենակարեւոր մանրամասները:
Սևակի ինքնակենսագրականը թերթելիս՝ ուշագրավ մի հանգամանք աչքս ընկավ, որն այնքան խորթ պատկեր է մերօրյա իրականության անգույն ֆոնին.«Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի) և նույնիսկ … «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի)»…
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ, երբ որևէ մեկը շտապում է հայտարարել, թե Սևակը սպառել է իրեն և այլևս արդիական չէ, նույն պահին Սևակի խոսքի ու մտքի անհրաժեշտությունը շառաչուն ապտակ է հասցնում նման կարծիք հայտնողին:
Ըստ Չարխչյանի, Սևակի «երկարակեցության» գաղտնիքը պետք է որոնել ոչ միայն նրա տաղանդի մեջ, այլև Սևակ ընթերցողների հույզերի, մտահոգությունների ու ակնկալիքների սևեռումներում:
«Այս մարդիկ նախընտրում են Սևակին, քանի որ նրա օգնությամբ են գտնում իրենց հարցերի պատասխանները, նրա տողերի հետ են ներդաշնակեցնում իրենց ապրումները: Եվ նույն այդ ընթերցողները մերժում են բոլոր նրանց, ովքեր ունեն ավազահատիկի չափ շնորհք և լեռան չափ մեծամտություն: Հետևաբար, մեծ հաշվով, Պարույր Սևակի պոեզիայի կենսունակությունը առեղծվածների շարքում չէ, այլ ապրում է, քանի որ մարդիկ ցանկանում և պահանջում են, որ այն ապրի»,- պարոն Չարխչյանը:
«Գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը»,- գրել է Սեւակը՝ բացելով իրեն բաժին հասած բոլոր փակագծերը… Իսկ մեզ մնում է միայն դրանց ներսում գրվածը կարդալ կարողանալ…

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

20 Հնս

ԻՆՔՆԱՍԵՐ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մրջյունն ինքնին իմաստուն արարած է, բայց այգում կամ բանջարանոցում՝ վնասակար: Ճիշտ այդպես էլ չափազանց ինքնասեր մարդիկ վնաս են հասցնում հասարակությանը: Ընտրիր խելամիտ հավասարակշռությունը ինքնասիրության և հասարակական պարտքի միջև. քեզ հավատարիմ եղիր այնքան, որ հավատարմադրուժ չգտնվես ուրիշների, հատկապես արքայի ու հայրենիքի հանդեպ: Սեփական անձը մարդկային ձգտումների համար ողորմելի նպատակ է և ամբողջովին գետնաքարշ: Քանզի միայն երկիրն է հաստատուն ամրակցված սեփական կենտրոնին, մինչդեռ երկնքին ազգակից բոլոր մարմինները պտույտ են գործում այլ մարմինների շուրջ՝ նրանց օգուտ բերելով…
Եսասեր իմաստնությունը եղկելի է իր բոլոր տարատեսակներով: Դա փլուզվելու դատապարտված տունը լքող առնետների իմաստնությունն է. փորսուղին իր իսկ բնից դուրս քշող աղվեսի իմաստնությունը, կոկորդիլոսի իմաստնությունը, որն արցունք է թափում իր զոհին խժռելուց առաջ: Նկատենք, սակայն, որ նրանք, ում Ցիցերոնը «Պոմպեոսի» մասին հիշելիս անվանում էր sui amantes, sine rivali (իրեն սիրահարված և մրցակից չճանաչող- լատ.), հաճախ դժբախտ են լինում, հանուն իրենց ամեն ինչ զոհաբերելով՝ հենց իրենք են վերջիվերջո զոհը դառնում փոփոխական ֆորտունայի, որն իրենց եսասեր իմաստնությամբ ջանում էին տեղում գամված պահել:

ՀԱՄԱՍՏԵՂ

18 Հնս

ՍԵՐԸ
Սերը գոյության տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և հաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կըլլան և արցունքով մեր մտածումները ավելի կը տարածվին, ավելի կը խորանան մեր մարմնի մեջ, երբ կը սիրենք:
Սիրո համար թափված արցունքի մեկ կաթիլին մեջ երկնքին կապտությունը կա: Մտածումը ինքն իր մեջ թախծություն մը ունի, թախծոտ, ինչպես ծառի մը հանդարտ ցոլացումն է լճակի ափին:
Երբ մարմինը կը մտածե, կդառնա երևակայություն, թռիչք, կը մոտենա Աստծո և անոր կերպարանքը կը տեսնենք մեր մարմնի մեջ: Եվ իրերը կը ճաճանչվին մեր մեջ, երբ մեր մարմինը կը մտածե:
Մեր մարմինը կը դառնա հազար ու լարերով հսկա նվագարան մը, երբ կինը կը մոտենա լարերուն, որպես վարպետ տավղահար: Առանց այդ մատներուն, մարմինը պիտի մնար նվագարան մը միայն առանց երաժշտության: Երբ կինը կը մոտենա այս լարերուն, ամեն բան կը ստանա ցոլք, կը ստանա ջերմություն, իսկ լռությունը կը ստանա խորք և իմաստություն, և մենք այդ իմաստության ճանապարհով է , որ կը հասնինք մեր մեջ Աստված մը զգալու անսահման երանության:
Սերը Աստծո շունչն է, և մենք կը դառնանք անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված, ինչպես Հիսուս ինքն է նկանակի ու գինիի նման բաշխված:
Ինչպես խաղողին ողկույզը արևի տակ խլրտանքը կը զգա հասուննալու և ծանրանալու համար, այնպես ալ սերը մարմնին կուտա բարկ հեշտանքը հասուննալու և դարձնելու մեր հոգին կատարյալ:
Կնոջ մը սիրո ջերմությունը արևի նման կըրնա պարտեզ մը ծաղկեցնել մեր հոգիին, մեր մարմնին մեջ մշտական գարունով ու տալ մեզի երանությունն անանձնական: Այն ատեն բոլոր իրերը գեղեցիկ են, մարդիկ չար չեն, կիները օրհնաբեր են ու բարի, ինչպես մայրն է…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ

17 Հնս

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ արցնում.
— Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
— Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:
Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…
Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

17 Հնս

ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐԸ

Թոունսոն Մերիլենդ, 3 օգոստոսի,1933 թ.

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ: Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշեր: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի խորհրդածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը. ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հնս

Գրաքննությո՞ւն, թե՞ ճաշակի տարբերություն. արդյոք կարող է գրավաճառը որոշել՝ վաճառե՞լ այս կամ այն գիրքը, թե՞ թողնել, որ ընթերցողն ինքը ընտրություն կատարի:
Սիվիլնեթ

ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

13 Հնս

«… Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Երբ վերջացնում է փորելը, նետում է բահը, նստում հողաթմբին և թույլտվություն խնդրում ծխելու վերջին գլանակը: Նրան թույլ են տալիս: Նա երկար ու դանդաղ ծխում, վերջացնում է և անմիջապես էլ գնդակահարում ու նետում են իր իսկ փորած գերեզմանի մեջ…»:

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

13 Հնս

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:
Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:

Թարգմ. Խորեն Գասպարյան

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

13 Հնս

Այսքան շատ ջանքեր մի գործադրիր: Ամենալավ բաները կատարվում են պատահաբար: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Բայց պետք է շարունակել հավատալ մարդկանց՝ միայն թե փոքր-ինչ զգույշ լինելով: Ով երկար է սպասել, նա կարող է էլի մի փոքր համբերել: Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար կյանք չի ունենում…
Կյանքի յուրաքանչյուր ակնթարթը ևս մեկ հնարավորություն է: Տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դա զգում: Եվ անհնար է վերջիվերջո չդառնալ այն, ինչը քեզ համարում են ուրիշները: Առաջին փոփոխություններն ի հայտ են գալիս այնքան դանդաղ, որ դրանք համարյա անտեսանելի են մարդու համար, և նա շարունակում է տեսնել իրեն այնպես, ինչպիսին եղել է: Սակայն ուրիշները՝ դիտելով նրան, նշմարում են այդ փոփոխությունները…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

12 Հնս

ՆՐԱՆ, ՈՎ ԱՌԱՋԻՆՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՁՐԵՎԸ

Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
Թռչիր:

***
Ես դարձյալ միայնակ եմ: Դա տանջալից է: Դա սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի:
Դա դառը ճշմարտություն է:
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երեւի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, եւ ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Դե նաեւ քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանում ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` դա միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ: Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՈՒԻՍԹԸՆ ՀՅՈՒ ՕԴԵՆ

11 Հնս

Շատ տաղանդ պետք չէ, որպեսզի տեսնես այն, ինչ ընկած է քթիդ տակ, շատ ավելի բարդ է իմանալը, թե քիթդ որ կողմ շրջես:
Միայն միջակ մարդն է կարողանում ճշմարիտ ջենթլմեն լինել, իսկ տաղանդը միշտ ավելին է, քան անդաստիարակության սովորական օրինակը: Միջակությունը հայտնի օգուտ է բերում, որպես աշխարհիկ վարվելաեղանակի նմուշ, այդու նրա նրբին անպիտանությունը կարող է տաղանդին ստիպել ամաչել ինքն իրենից:

ՍԱՐՅԱՆ-ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

11 Հնս

ՆԿԱՐԻՉ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
25 հունվարի 1953թ.
Երևան
Հարգելի ընկ. Սողոմոնյան
Ի պատասխան ձեր 12/1 1953թ. գրության, հայտնում եմ, որ Շլեևի «Идеи дружбы народов в творчестве и общественной деятельности Г. Башинджагиана» հոդվածը իմ կարծիքով, այդ վիճակում չի կարելի տպագրել:
Հեղինակը, լավ ծանոթ չլինելով հայ ժողովրդի և նրա արվեստի պատմությանը, ուրիշների կողմից իրեն տրված, հայկական թերթերում տպագրված և անտիպ հոդվածների առանձին քաղվածքների թարգմանությունների հիման վրա, նպատակ է դրել ոչ թե վերնագրին համապատասխան հոդված գրել և արտացոլել օբյեկտիվ իրականությունը, այլ միակողմանիորեն և արհեստականորեն Բաշինջաղյանին հակադրելով «Հայ նկարիչների միության» մեջ մտնող մյուս հայ նկարիչներին (Թերլեմեզյան, Թադևոսյան, Սուրենյանց, Սարյան) և այդ ընկերության հիմնադրումը պաշտպանող գրողներին (Շիրվանզադե, Թումանյան) աղճատել պատմությունը, բացարձակ իդեալիզացիայի ենթարկելով Բաշինջաղյանին և բացարձակ կերպով սևացնելով մնացած հայ նկարիչներին, դուրս բերելով նրանց հակաժողովրդական և նացիոնալիստական գործիչներ, որը ստոր զրպարտություն է:
Որպես «հայ նկարիչների ընկերության» նախկին անդամ և նրա գործունեության ժամանակակից նկարիչ, կարող եմ Ձեզ տեղյակ պահել, որ այդ ընկերության բոլոր ցուցահանդեսներին, որոնք կազմակերպված են եղել Թիֆլիսում և գավառներում, արվեստը ժողովրդին մոտեցնելու նպատակով, մասնակցել են նաև ռուս և վրացի նկարիչներ, որի փաստական ապացույցներ են հանդիսանում կատալոգները և մյուս բոլոր իրական փաստաթղթերը:
Պատմությունը հարկավոր չէ ոչ գեղեցկացնել և ոչ էլ տգեղացնել, իսկ այդ պատմության և արվեստագետների միջև կանգնելու իրավունք ունի միայն իրականությունը օբյեկտիվ կերպով արտացոլող մարքսիստ արվեստաբանը:
Մարտիրոս Սարյան

Ֆ. 1288, ց.1, գ. 327, թ. 1: Ինքնագիր:

ԻԱԿՈՄՈ ԼԵՈՊԱՐԴԻ

10 Հնս

Մահկանացուներ, արթնացեք: Դուք, դեռևս կյանքից ազատված չեք: Կգա ժամը, և ոչ մի արտաքին ուժ, ոչ մի ներքին հուզմունք չի ստիպի ձեզ թոթափելու քնի ընդարմացումը, որում դուք կննջեք հավերժ և անկշտում: Իսկ քանի դեռ ձեզ մահը չի տրված, ձեզ թույլատրված է լոկ ժամանակ առ ժամանակ կարճաժամկետ ապրել դրա նմանությունը: Չէ՞ որ կյանքն անկարելի կլիներ պահպանել, եթե այն այդքան հաճախ չընդհատվեր: Չափազանց երկար զրկվելն այդ երազից, կարճատև և անկեղծ` դա մահաբեր չարիք է ու հավերժական քնի պատճառ: Կյանքն այնպիսին է, որ դրա բեռը կրողին հարկ է երբեմն այն ուսերից թոթափել, շունչ քաշել և ուժերը թարմացնել` ասես ճաշակելով մահվան հատվածը…
Թվում է` ամենայն եղածի գոյությունը մի նպատակ ունի` մահը: Այն, ինչ գոյություն չունի, չի կարող մահանալ, և այդու ոչնչից հայտնվեցին ամենայն գոյություն ունեցող բաները: Գոյության վերջին պատճառը ոչ մի կերպ չի կարող լինել երջանկությունը, չէ՞ որ ոչ մի բան երջանիկ չի լինում: Ճիշտ է, շնչավոր էակները, ցանկացած գործ ձեռնարկելիս, իրենց առջև դնում են այդ նպատակը, բայց երբեք դրան չեն հասնում, և ողջ իրենց կյանքում՝ խորամանկելով, բանելով և տառապելով, նրանք տառապում և վատնում են ուժերը հիրավի լոկ այն բանի համար, որպեսզի գան բնության սահմանած միակ վերջնական նպատակին` մահվանը:

ԻՆ ՅՈՒՆ

5 Հնս

Տղամարդը սիրում է կնոջը, ինչպես ծարավից տոչորվող ճամփորդը ջուր է տենչում: Այդ պատճառով, կիրքը բավարարելով, նա կորցնում է հետաքրքրությունը իր տենչանքների առարկայի հանդեպ: Կինը սիրում է տղամարդուն, ինչպես շոգից տոչորվող ճամփորդը զովություն է տենչում: Այդ պատճառով, նույնիսկ հասնելով ցանկալիին, նա սիրուց չի հագենում:
Երբ կինը վշտանում է իր ամուսնու համար, և ամուսինն էլ վշտանում է նրա հետ մեկտեղ, նրա վիշտը մեղմանում է: Երբ կինը զայրանում է ամուսնու վրա և նա նույնով է նրան պատասխանում, նրա զայրույթը նախկինից էլ ուժեղ է բորբոքվում:

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

2 Հնս

ՀԱՎԱՏՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ

Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և շնորհիվ դրա` բնանկարը հազարամյակների ընթացքում անփոփոխ էր մնում:
Սակայն հավատի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ համի ընկան ու սկսեցին լեռները շարժել, նրանց գտնվելու տեղը սկսեց անդադար փոխվել: Եվ լեռները ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր հայտնաբերել այնտեղ, ուր դուք նրանց թողել էիք նախօրեին: Դա ավելի շուտ բարդություններ էր ստեղծում, քան օգնում էր դրանք հաղթահարել:
Եվ այդժամ բարի մարդիկ գերադասեցին հրաժարվել Հավատից, և այժմ լեռները, որպես կանոն, կենում են իրենց տեղում: Եվ երբ լեռնային ճանապարհին փլուզում է լինում, որը անցորդներին ողջ-ողջ թաղում է, կնշանակի, ինչ-որ տեղ շատ հեռվում կամ շատ մոտիկ որևէ մեկի հոգում թեթևակի արթնացել է Հավատը:

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

2 Հնս

Մահից և ժամանակից ազատվելու համար բոլոր միջոցները, զենքի բոլոր տեսակները լավ են: Եթե ուղիղը կարճագույն ճանապարհն է երկու ճակատագրական և անխուսափելի կետերի միջև, ապա այն երկարացնել կարող են շեղումները, եթե դրանք այնչափ բարդ, խճճված, հանգուցավոր, այնքան արագ են, որ ջնջում են իրենց հետքերը, «ինչ իմանաս, մեկ էլ տեսար` մահը մեզ չկարողանա գտնել, ժամանակը մոլորվի, և մենք կարողանանք նրանից թաքնվել՝ փոխելով մեր թաքստոցները»:
Այս խոսքերն ինձ ստիպում են խորհրդածել: Քանզի ես ինքս շեղումների կողմնակից չեմ, ապա ավելի շուտ հակված եմ հույս դնելու ուղիղ գծի վրա՝ հուսով, որ այն կձգվի մինչև անվերջություն, և ես անհասանելի կլինեմ: Ես գերադասում եմ երկար հաշվարկել փախուստի հետագիծը՝ սպասելով պահին, երբ կկարողանամ նետի պես սուրալ ու անհետանալ հորիզոնում, եթե ճանապարհին խոչընդոտները շատ են` հաշվարկել հաջորդականությունը մասերի, որոնք կարճ ճանապարհով ինձ լաբիրինթոսից դուրս կբերեն: