Պահոց | Հունվարի, 2013

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

26 Հնվ

Ոչ, առողջները, ուժեղները, հպարտները, զվարթները չեն կարողանում սիրել: Նրանց ինչի՞ն է դա պետք: Նրանք ընդունում են սերն ու խոնարհումն ըստ հարկի, մեծամտորեն և անտարբեր: Եթե մարդը տրվում է նրանց ամբողջապես, նրանք դրա մեջ չեն տեսնում ողջ կյանքի իմաստն ու երջանկությունը: Ոչ, նրանց համար դա ընդամենը լրացում է իրենց անձի, ասես մազերի կամ ապարանջանի զարդարանք: Միայն ճակատագրից քշվածներին, ճնշվածներին, թույլերին, տգեղներին, մերժվածներին է կարելի իրապես օգնել սիրո միջոցով: Նա, ով տալիս է իր կյանքը սիրուն, հատուցվում է այն ամենի համար, ինչ իրենից խլվել է: Միայն նրանք գիտեն ճշմարտորեն սիրել և ընդունել սերը, միայն նրանք գիտեն, թե ինչպես է պետք սիրել. համակերպումով և երախտագիտորեն…

Zweig Stefan

ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ

23 Հնվ

Վերջիվերջո ի՞նչ տարբերություն` ճշմարիտ է դա, թե ոչ, և,  ընդհանրապես, ի՞նչ տարբերություն` ինչն է ճիշտ և ինչը` սուտ: Մի՞թե այդքան էական է` մարդն իրապե՞ս կատարել է այդ զազրելի, կեղտոտ արարքը, որը վերագրում են նրան, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ բոլորը խոսում են դրա մասին: Կարևորն այն է, որ բոլորը դրան հավատում են և ուզում են, որ իրականում հենց այդպես էլ եղած լինի: Փոխադարձ անվանարկումներ` ահա թե ինչով է լիովին սնվում հասարակության հետաքրքրությունը, ահա թե ինչն է նրա պահանջներին համապատասխան: Այդ մարդիկ կյանքն անց են կացնում մեկը մյուսի մասին կեղտոտ պատմություններ պատմելով, ցինիզմի ու կասկածանքի, մշտական փսփոցների ու ծիկրակումների մթնոլորտում, հրճվում բանսարկուների ամենաստոր հորինվածքների համար…

upton-sinclair

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

23 Հնվ

Ո՞վ է, որ պիտի գա ու ասի` այլևս սուտ մի խոսեք, այլևս կաշառք մի վերցրեք: Խաբեությունը ամենամեծ աղետն է, եթե դառնում է չափազանց, անկշտում: Սուտը սուտ է ծնում, որպեսզի սուտդ հաստատես, նորից սուտ ես խոսում, որպեսզի նոր սուտդ հաստատես, կրկին դիմում ես խաբեության:

Նույնն էլ կաշառակերությունն է. եթե ունես և կրկին հեշտությամբ դրամ է մտնում գրպանդ, ինչու՞ չէ, կվերցնես էլի ու էլի… Եվ վերջ չի լինի: Երեխադ էլ նույնը կլինի, թոռդ էլ նույնն է սովորում:

Այսպես եթե շարունակվի, ես շատ վատ եմ տեսնում մեր ապագան:

0

ՏՐՈՒՄԵՆ ԿԱՊՈՏԵ

22 Հնվ

Սա պարզունակ է, բայց էությունն ահա թե որն է. դու քեզ լավ կզգաս այն ժամանակ, երբ ինքդ լավը կլինես: Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել` ազնիվ: Ոչ թե քրեական կոդեքսով ազնիվ (ես գերեզման կարող եմ կողոպտել, մահացածի աչքերից պղնձադրամներ վերցնել, եթե փող պետք լինի, որ կյանքս գեղեցկացնեմ), այլ ինքդ քո առաջ լինել ազնիվ: Կարելի է լինել` ով ասես, բայց ոչ վախկոտ, ոչ կեղծավոր, ոչ երկերեսանի, ոչ պոռնիկ: Ավելի լավ է քաղցկեղ, քան անազնիվ սիրտ: Եվ սա կեղծ բարեպաշտություն չէ, այլ հասարակ հաշվենկատություն: Քաղցկեղից կարելի է մեռնել, իսկ սրանց հետ ընդհանրապես հնարավոր չէ ապրել:

72859_477144702320867_2064115677_n

ԼՈՒԻԶԱ ՕԼԿՈԹ

22 Հնվ

Լինել լավ տղամարդու սիրելին և դառնալ նրա ընտրյալը` լավագույնն ու ամենահաճելի բանն է, ինչը կարող է պատահել կնոջ կյանքում:

Ուրիշներին դուր գալը միանգամայն բնական և լիովին անմեղ ցանկություն է, եթե միայն դա չի դառնում ամենակուլ ու չի մղում մարդուն հիմար կամ անհամեստ արարքների: Սովորեք ճանաչել ու գնահատել խրախուսանքը, ինչն արժե, որ իրեն ստանան, և լավ մարդկանց մոտ հիացմունք արթնացրեք նրանով, որ դուք նույնքան համեստ եք, որքան գեղեցիկ:

louisa-may-alcott

ՋՈՆ ԱԲԴԵՅՔ

22 Հնվ

Նա հստակ տեսնում էր իսկությունը. այն, ինչը հեռացել է նրա կյանքից` հեռացել է անվերադարձ: Փնտրիր որքան կուզես, միևնույն է` չես գտնի: Վազիր ուր կուզես, միևնույն է` չես հասնի ետևից: Նա այստեղ էր, այս քաղաքի տակ, այս ձայների ու բույրերի մեջ, որոնք ընդմիշտ մնացին թիկունքում: Կյանքի ամբողջությունը պարպվում է, երբ մենք վճարում ենք Բնության պարտքը, երբ մենք նրան զավակներ ենք տալիս: Դրանից հետո նրան այլևս հարկավոր չենք: Ու մենք նախ ներքուստ, ապա և արտաքուստ վերածվում ենք աղբի:

63354_original

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

22 Հնվ

— Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:

Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել:

1

%d bloggers like this: