Պահոց | 3:57 ե.

Մեր պատասխանը միջազգային ահաբեկչությանը

17 Դկտ

ՀՀ Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկեց կառավարության ներկայացրած «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման հարցը: Օրենքի նախագիծն արժանացավ խորհրդարանական բոլոր ուժերի հավանությանը: Սա, իհարկե, զարմանալի համերաշխություն էր, եթե վերհիշենք, թե ի սկզբանե ոմանք ինչպես էին ընդդիմանում խաղաղարարներ առաքելու նախաձեռնությանը: Սակայն հիմա, պարզվում է, կա միավորող դիրքորոշում, համաձայն որի Հայաստանի աջակցությունը կավելացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Հանուն այդ վերացական ձեռքբերման ներկայումս գերմանական կողմի հետ (որի հրամանատարության ներքո է գտնվում հայկական զորախումբը) վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 հրահանգիչների օպերատիվ ուսուցման և փոխգործողության վերաբերյալ: Սա նշանակում է, որ 40 հոգուց կազմված խումբը կհամալվի ևս 5-ով, որոնք կլինեն բացառապես սպա հրահանգիչներ: Սրա հետ մեկտեղ հայկական ներկայությունը կերկարաձգվի ևս մեկ տարով, թեև ՊՆ նախարար Ս. Օհանյանի բացատրությունից դժվար չէր կռահել, որ իրականում հայ զինվորականները պատրաստվում են Աֆղանստանում մնալ մինչև 2014 թվականը:
Այն, որ համանման փոփոխություններ սպասվում էին, պարզ էր դեռևս մեկ ամիս առաջ, երբ նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի գագաթաժողովը: Այնտեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ասաց, որ «Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է գտնվում»: Ապա նախարարն ընդգծեց, որ այս մտայնությամբ է Հայաստանը միացել անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին և այժմ էլ արտահայտում է պատրաստակամություն` ավելացնել իր մասնակցությունը:
Իհարկե, տվյալ պարագայում մեր երկրի մասնակցությունը նույնիսկ կարելի է դիտարկել իբրև սիմվոլիկ ներկայություն` ոչ միայն թվակազմի սակավության կամ տեղում մատուցվող ծառայությունների առումով: Հայտնի բան է, որ Հայաստանն ուզեր թե չուզեր` պիտի դառնար բաղկացուցիչն այն միջազգային հանրության, որն այս կամ այն կերպ խրախուսում էր ՆԱՏՕ-ի գործողությունները թալիբների դեմ: Եվ ահա այդօրինակ պարտադրված իրավիճակի պայմաններում մերոնք մտածեցին, որ չի լինում չարիք առանց բարիքի ու կարելի է 40-45 հոգու դիմաց ինչ-որ փոխհատուցում պահանջել ռազմատենչ Արևմուտքից: Այնպես որ խոսել, թե Հայաստանն իր լուման է ներդնում Աֆղանստանում ժողովրդավարության հաստատման սրբազան գործում, և միամիտ է, և անիրական:
Ընթացիկ տարվա փետրվարից Աֆղանստանում գտնվող հայկական մարտական ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքից 24 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։ Զորախմբի կազմում ընդգրկված են հրաձիգներ, հրաձիգ-վարորդներ, բժիշկներ: Հայ զինվորները գործում են գերմանական համազգեստով ու սպառազինությամբ: Նրանք արդեն հասցրել են համակերպվել տեղի պայմաններին, լուրջ միջադեպերի կամ ընդհարումների չեն մասնակցել և նույնիսկ մատուռ են կառուցել, որի օծումը տեղի ունեցավ ամռանը: Սակայն սա ամենևին չի նշանակում, թե Աֆղանստանը գրկաբաց ընդունել է նրանց և խոտացել է հեռու պահել տհաճ իրավիճակներից: Երկրում այսօր էլ նախկինի պես ամենաիսկական պատերազմ է, իրավիճակը շարունակում է մնալ բարդ ու պայթյունավտանգ: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ խոսելով առաքելությունը մինչև 2014 թ. ավարտելու մասին, ՆԱՏՕ-ն միևնույն ժամանակ տարեցտարի ավելացնում է բանակայինների թիվը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 130 հազար զինվոր ու սպա: Սրա հետ մեկտեղ չենք կարող նաև չնկատել, որ մինչ Հայաստանն համալրում է իր կազմը (թեկուզ և 5 հոգով), դաշնակիցներից ոմանք պատրաստվում են ընդհանրապես հեռանալ այնտեղից: Օրինակ, գերմանական զորքերն Աֆղանստանից դուրս կբերվեն 2011 թվականի վերջին: Նույն կերպ կվարվեն նաև բրիտանացիները, ովքեր դուրսբերման գործընթացը կարող են սկսել արդեն 2011 թ. հունվարից: Ստացվում է, որ մենք ամենահավատարիմների շարքում ենք: Իսկ այն մտավախությունը, թե նման ակտիվ ներգրավվածությունը կարող է նաև որևէ ձևով մեզ վնասել, իր սփոփանքն ու բացատրությունն է գտնում իշխանական վերին օղակներում, որտեղ շարունակում են հավաստիացնել, որ ոչ միայն չի խանգարում, այլ ընդհակառակը՝ օգնում է և այն էլ` մի շարք առումներով: Նախ, Աֆղանստանում ունենալով զորախումբ` Հայաստանը կատարում է ռազմական մարտավարության, ստրատեգիայի նորագույն մեթոդիկայի փորձի փոխանակում: Բացի այդ, մերոնք հնարավորություն են ստացել ցույց տալ հայ զինվորի ու սպայի մարտական որակները: Իսկ ասվածին էլ գումարվում է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շահերը պահանջում են տակտիկական նկատառումներից ելնելով մասնակցել այս գործողություններին:
Բայց արի ու տես, որ հասարակության ներսում բոլորովին այլ պատկերացումներ են արմատավորվել խաղաղարար առաքելության առնչությամբ: Աֆղանստան մեկնել ցանկացող հայ երիտասարդների թիվն այնքան մեծ է, որ կարծես խոսքը ոչ թե պատերազմի, այլ հաճելի ուղևորության մասին է: Պաշտպանության նախարարությունում ավելի քան 400 դիմումներ են ստացվել։ Իսկ այստեղ գերազանց հասկանում են, թե հրապուրանքի գաղտնիքն ինչն է: Հայ զինվորներն Աֆղանստանում ստանում են 700.000 դրամ վարձատրություն և հավելյալ 100.000 դրամ, որը նրանց տրվում է Հայաստանում: Այնպես որ, շատերի կողմից մարտական առաքելությունն ընկալվում է իբրև արտագնա աշխատանքի և եկամուտներ ձեռք բերելու այլընտրանքային տարբերակ: Դա է պատճառը, որ շատերը խորին նախանձով են նայում այն երջանիկներին, ովքեր այսօր Կունդուզում են:
Հիշենք նաև, որ Հայաստանը ներկայումս մոտ 70-հոգանոց խաղաղապահ զորախումբ էլ ունի Կոսովոյում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: