Պահոց | Մարտի, 2012

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

30 Մրտ

ԱՂՈԹՔ

Տեր կիրակիների, փորձիր Տերը լինել նաև երկուշաբթիների և բոլոր այն տխուր օրերի, որ պատահում են Երկրագնդի վրա:
Տեր հարուստների և բախտավորների, փորձիր, թե կարող ես, լինել նաև Տերը նրանց, ովքեր չունեն ոչինչ, նաև նրանց, ովքեր վախենում ու տառապում են, նաև նրանց, ովքեր չարչարվում ու տառապում են, նաև նրանց, ովքեր աշխատում են, աշխատում են ու աշխատում… ու տառապում են, տառապում են ու տառապում:
Տեր սիրալիրների և բարիների, փորձիր, թե ուզում ես, Տերը լինել նաև նրանց, ովքեր չար են ու դաժան, քանզի չգիտեն` ինչպես պաշտպանվեն մեր այս աշխարհում:
Տեր եկեղեցիների և սրբերի, Տեր միանձնուհիների ու քահանաների, փորձիր, թե հավատում ես, Տերը լինել նաև բակերի, գործարանների, պոռնիկների ու գողերի:
Տեր, Տեր հաղթանակածների, փորձիր, եթե կաս, Տերը լինել նաև պարտվածների:
Ամեն:

Թարգմ. Գ. Բաղդասարյան

Եթերային անդրադարձ

30 Մրտ

Հովիկ Չարխչյանը, Մարինե Պետրոսյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արամ Պաչյանը և ուրիշներ խոսում են Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի և գրականության իրավունքների մասին:

ՍԱԼՎԱՏՈՐԵ ՔՎԱԶԻՄՈԴՈ

29 Մրտ

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԼԱԼԻՍ ԵՆ ԳԻՇԵՐՈՎ

Եվ խաչերը և մուրճերը Գողգոթայի,
Եվ մանկության սուրբ հիշողությունները
Քիչ են, որպեսզի սպանեն պատերազմը:
Գիշերը, մահից քիչ առաջ,
Լալիս են ուժեղ զինվորները
Բառերի ստորոտում, ծանոթ բառերի,
Որ սովորել են խաղաղ տարիներին:
Շատերի կողմից սիրված զինվորները…
Անանուն շիթերն արցունքի…

Թարգմ. Հ. Էդոյան

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

27 Մրտ

Ահագին երկար ժամանակ ապրել եմ՝ մտածելով, թե ես երբևէ գոյություն ունեցած ամենանորմալ մարդն եմ: Այս միտքն իմ մեջ անարտադրողության հակում, նույնիսկ կիրք առաջացրեց: Ի՞նչ իմաստ ուներ ի ցույց դնել արժանիքներս հիմարության ու զառանցանքի մեջ խրված, խելագարներով բնակեցված այս աշխարհում: Ո՞ւմ համար ծախսեի ուժերս և ի՞նչ նպատակով: Մնում է պարզել՝ արդյո՞ք լրիվ ազատվել եմ վերոհիշյալ համոզմունքից, որը փրկարար է բացարձակ առումով և կործանարար՝ ներկա պահին:
… Երբ մեզ հայտնում են ինչ-որ մեկի բացասական դատողությունը մեր վերաբերյալ, արժե, որ ջղայնանալու փոխարեն մտածենք, թե մենք որքան ենք չարախոսել ուրիշներին, և ընդունենք, թե արդար է, որ ուրիշներն էլ մեր նկատմամբ նույնն անեն: Ծիծաղելին այն է, որ չկա ավելի խոցելի, ավելի շուտ վիրավորվող, սեփական թերություններն ընդունելուն ավելի անընդունակ մարդ, քան չարախոսը: Հերիք է նրան փոխանցես իր մասին ասված ամենաաննշան բացասական կարծիքը, որ նա տիրապետումը կորցնի, կատաղի ու խեղդվի իր մաղձի մեջ:

Թարգ. Ն. Աբրահամյան

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ

26 Մրտ

Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը: Ավելի հեշտ է բացահայտել այդ մոլորությունը, քան գտնել ճշմարտությունը, քանի որ մոլորությունը գտնվում է երեսին, իսկ ճշմարտությունը՝ խորքում: Երբ մարդ մոլորված է, դա ամեն մեկն էլ կարող է նկատել, բայց երբ նա ստում է՝ դա ոչ բոլորը կնկատեն:
Այսպիսի դեպքերում վարքագիծն է այն հայելին, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս: Ուր տխմարությունը տիպար է, այնտեղ բանականությունը խելագարություն է: Եվ ոչինչ ավելի վտանգավոր չէ այն տխմարից, որն աշխատում է խելոք երևալ: Նույնիսկ ամեն տեսակ գողերից ամենավնասակարը դարձյալ տխմարներն են. նրանք մեզնից միաժամանակ հափշտակում են և ժամանակը, և տրամադրությունը:

ՀԵԼՎԵՑԻՈՒՍ

24 Մրտ

Փորձը ցույց է տալիս, որ մարդը մոլորյալ է համարում ամեն մի մարդու և վատ՝ ամեն մի գիրք, եթե այն չի համընկնում իր հայացքներին: Արդյունքում բոլոր սահմանափակ մարդիկ ձգտում են մշտապես խայտառակել ծանրակշիռ ու լայն խելքի տեր մարդկանց: Գոյություն ունի ինքնագովության երկու եղանակ. մեկն՝ իր մասին ասել լավը, մյուսը՝ պախարակել ուրիշներին: Այդ կրքերը ոչ միայն թույլ չեն տալիս տեսնելու տվյալ առարկան համակողմանի, նրանք նաև խաբում են մեզ՝ ցույց տալով առարկան այնտեղ, որտեղ այն չկա: Սրա հետ մեկտեղ մենք չափազանց հակված ենք հավատալու, որ այն, ինչ մենք տեսնում ենք իրերի վիճակի մեջ, բոլորն է, ինչ նրանում կարելի է տեսնել ընդհանրապես: Եվ միայն շատ քչերին է հաջողվում իրենց մտքում վեր բարձրանալ առօրեականից, սակայն էլ ավելի քիչ են նրանք, ովքեր համարձակվում են վարվել այնպես, ինչպես մտածում են:
Մոլորությունը միշտ հակասում է իրեն, ճշմարտությունը՝ երբեք: Չկա այնպիսի սխալ դատողություն, որ հետևանք չլինի կամ մեր կրքերի, կամ մեր տգիտության: Եթե ցանկանում եք ազնիվ վարվել, նկատի ունեցեք և հավատացեք միայն ընդհանուրի շահին: Անձնական շահը հաճախ գցում է մոլորության մեջ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

23 Մրտ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

… Մի թաս սուրճ խմեց: Աչքերը շարունակ վազվզում էին և կարծես բան էր փնտրում: Քույրը բերավ թեյ: Խմելիս ուշքը գնաց. Արդեն ժամը 9-ն էր, շփում էի ճակատը, սրսկեցինք, ուշքի եկավ, բայց միանգամից թուլացավ:
Էլի բժիշկներ եկան, շատ անտարբեր էր: Ես արդեն նստած էի մահճակալի վրա և հաճախ էլ ոտքերը շփում էի: Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը. կարծես մեզ հետ չէր, այլ ներքին պայքար ուներ: Եկել է հրաժեշտի պահը, նա հեռանում էր իր պաշտելի զավակներից, իր ժողովրդից և այն ամենից, ինչը հարազատ էր իրեն: Ինչ-որ բան շշնջաց, ես չլսեցի, երկրորդ անգամ ասաց, և շրթունքների շարժումից հասկացա, որ ասաց.
— Արի համբուրեմ…
Ավելի ճիշտ՝ Արեգը ինձ թելադրեց, ես գրկեցի, համբուրեցի, հայրիկը նայեց մյուսներին` Նվարդին և Արեգին: Նրանք մոտեցան և համբուրեցին, ես վեր կացա և անցա գլխի վերևը, որ իմ լացը չտեսնի. ասաց` ղոչաղ կացեք: Մի քիչ հետո դեմքի սոսկալի ցնցումներ եղան մի 2 վայրկյան, աչքի բիբերը մեծացան, նորից հանգստացավ, բայց այլևս չէր խոսում: Երեքով նստած էինք շուրջը և շարունակ հետևում էինք շնչառությանը, մարմնի սառնությանը: Արեգը շարունակ պուլսն էր հաշվում, թվում էր, թե դեռ զգում է, լսում է, և ահից ոչինչ չէինք խոսում: Արդեն ռադիոյով ամեն կողմը հայտնել էին Թումանյանի մահվան մասին, իսկ մենք դեռ նստած էինք նրա դանդաղ սառչող և դանդաղ շնչող մարմնի մոտ: Ժամը 9-ն անց 10-ին վերջին շունչն էր, 12-ն էր, որ ճակատը սառավ:

Աշխեն Թումանյան

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

22 Մրտ

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» գրքի հեղինակ Հովիկ Չարխչյանը ՍիվիլՆեթ-ի լրագրողի հետ զրույցում խոսում է իր ստեղծագործության աննախադեպ հաջողության, «Դեմ ենք գրքերի թանկացմանը» նախաձեռնության և Հովհաննես Իշխանյանի նկատմամբ գրաքննության նախադեպի մասին:

ՄԱՅՔԼ ԱՌԼԵՆ

21 Մրտ

— Օ, եթե դու իմ անկողին ներս ու դուրս ցատկելը «սեր անել» ես համարում, ուրեմն հոյակապ ես եղել: Բայց աղջիկ ժամանակ ինձ ասել են, որ սեր անելը մեղք է հենց միայն հաճույք լինելու համար: Ուրեմն, սիրելիս, խաբվել եմ: Այդպես կարմրակատած մի նայիր ինձ, Ջեֆրի: Քեզ ճշմարտությունն էր պետք, այդպես չէ՞: Կարծում եմ, որ ես լավ կազմվածք ունեմ, սիրունատես եմ և բավականին հետաքրքիր: Բայց դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ սերը քո հանդեպ դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ կրքերը դու համարել ես, որ այդպես էլ պիտի լինեին: Իմ մարմինը դու համարել ես, որ այդպես էլ պիտի քոնը լիներ: Երեկոները դու տուն ես գալիս քո այդ ապուշ գոլֆից կամ ընտանի թռչուններին ոչնչացնելուց հոգնած և ինձ անխոհեմ համարում, երբ ես ցանկանում եմ, որ ճաշից հետո մի քիչ գոնե զրուցես ինձ հետ: Ես լավն եմ միայն տուն պահելու, երեխաներին խնամելու, ընկերներիդ հանդեպ սիրալիր լինելու և քեզ հետ քնելու համար, այն էլ միայն, երբ դու ցանկանաս, իհարկե, ոչ խոշոր մրցումներից առաջ: Ինչպես համարյա բոլոր մյուս լավ տղաները, դու էլ հոգուդ խորքում նույնքան ապուշային կերպով սնապարծ ես, որքան սիրամարգը, բայց նաև չափազանց զգույշ, որ ոչ մեկը չտեսնի, բացի կնոջիցդ: Մյուս բոլորի հետ դու աշխարհի ամենալավ ու ամենահամեստ տղան ես: Բոլորի համար դու կաշվիցդ դուրս ես գալիս, բացի կնոջիցդ, և բոլորին դուր գալու զգացումով համակված՝ կարող ես նույնիսկ հետաքրքիր զրուցակից լինել: Ինչու՞ կաշվիցդ դուրս չես գալիս տանը, Ջեֆրի: Մի փորձիր լավ տղա լինել, դա պահիր քո ակումբների համար, պարզապես հասկացող ու լավ մարդ եղիր: Հիմա գնա քնիր, և առավոտյան արի մոռանանք, որ մի անգամ լուրջ ենք եղել: Իսկ վաղը գիշերը ես ուշադրությամբ կլսեմ, թե ինչպես, խաղի տասնյոթերորդ րոպեին, վտանգավոր դրությունից գեղեցիկ նետումով հաղթեցիր Թրենսոմին….

«Զրույց մի վաղեմի դպրոցական կապի մասին» պատմվածքից

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

21 Մրտ

ՍՈՆԵՏ 121

Նախընտրելի է անպատիվ լինել, քան ենթադրվել,
Երբ չլինելով մարդ անպատվության ամոթն է կրում,
Երբ հաճույքն արդար ոչ թե սեփական հույսերն են մարել,
Այլ աչք ուրիշի, որ ուր էլ լինես, քեզ են հետևում:
Եվ ինչո՞ւ նրանց կեղծ ու վավաշոտ աչքերը տեսնեն
Զգացմունքներիս ուրախ ու կայտառ խաղերն անդադար.
Իմ թուլություններն ինչու ունենան մեղսոտ լրտեսներ,
Որոնց կարծիքով նվաստ է այն, ինչ վեհ է ինձ համար:
Ես այն եմ, ինչ կամ, իսկ նրանք, ովքեր փորձում են եղծել
Ամեն քայլը իմ, հաշվում են անթիվ մեղքերը իրենց:
Ես ուղիղ եմ միշտ, իսկ նրանց աստված ծուռ է ստեղծել-
Օ, նրանց պագշոտ մեղքերի կողքին չլինել անկեղծ.
Չարը քանի դեռ ապրում է ազատ, և չկա բարին,
Չարագործ մարդիկ սոսկ կտիրանան այս խեղճ աշխարհին:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

21 Մրտ

«ԱՅՍՊԵՍ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ԱՅՍՊԵՍ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԲԱՆ»

Մարտի 13-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան 115-րդ հոբելյանին նվիրված միջոցառումներ: «Վատ է այն, որ հաջորդ օրն իսկ «փակվում» է Չարենցի թեման,- նկատում է գրող, գրականագետ, «Չարենցի կրակոցը» փաստագրական գրքի հեղինակ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ:- Արձանի մոտ ենք գնում աշխատավայր գնալու պես, ավտոբուսներով աշակերտներ են բերում, ինչպես ընտրությունների ժամանակ` լսարան է ապահովվում քարոզարշավի համար: Տեսախցիկների առաջ կեցվածք են ընդունում, ասում են այն, ինչ արդեն ասել էին անցյալ ու նախանցյալ տարիներին, և իրենցից գոհ հեռանում են` մոռացած թե՛ Չարենցին, թե՛ մշակույթը: Այսպես ոչ միայն հիշատակ չեն հարգում, այսպես ապականում են ամեն լուսավոր բան»:

-Ձեր` «Չարենցի կրակոցը» գիրքը բեսթսելլեր է դարձել: Նրանք, ովքեր համոզմունք էին հայտնում, թե գրքի նպատակը աղմկահարույց տեղեկություններ ու առեղծվածներ տարածելն է, «չթույլատրված» թեմաների արծարծումը, կարճ ժամանակում «ընդհատակ» անցան: Փաստագրական այս վեպը, ինչպես Դուք էիք ասում, մի դեպքում ուղղակի գիրք է Չարենցի մասին, մյուս դեպքում գիրք է սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին: Ի՞նչ տվեց մեզ «Չարենցի կրակոցը»:
-«Չարենցի կրակոցն» ինձ տվեց այդ մեծ մարդուն անդրադառնալու հնարավորություն, նաև` հրաշալի ընթերցող, որը կարողացավ ճիշտ ընկալել գրքի խորհուրդն ու նպատակադրումը: Ընթերցողն ինքը կարող է ասել, թե ինչ ստացավ գրքից: Ամեն դեպքում, ես նպատակ ունեի նրան մատուցելու Չարենցին այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե հորինված ու կոկված գրողի կերպարը:
-Քսան տարուց ավելի է` փաստարկներ են ներկայացվում այն մասին, որ Չարենցը թաղված է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին: Այս «բացահայտումը» միանշանակ չի ընդունվում: Չարենցի գերեզմանի վայրը ոմանց համար շարունակում է վարկա՞ծ մնալ, թե՞ միտումնավոր է անտեսվում:
-Չարենցի թաղման վայրը վարկած չէ, այլ իրողություն: Եթե կան մարդիկ, ովքեր մերժելով մերժում են այդ փաստը, դա նրանց և նրանց խղճի խնդիրն է: Ես այդ հարցում ոչինչ անել չեմ կարող: Հեռու չէ այն օրը, երբ գրողի գերեզմանատեղին կդառնա սրբավայր բոլոր չարենցասերների համար: Իսկ նրանք, ովքեր այսօր ուրանում են ակնհայտը, վաղը ստիպված կլինեն ամաչել իրենց պահվածքի համար, եթե, իհարկե, ամոթի զգացումը ծանոթ է այդ մարդկանց:
-Անվանի բանաստեղծի` Կարսում գտնվող կարծեցյալ տան առքուվաճառքի մասին թուրքական իշխանությունների խոսակցությունները վեր հանեցին կարևոր մի հարց` որտե՞ղ է իրականում ծնվել մեծ բանաստեղծը: Շրջանառվում էին տան մի քանի հասցեներ: Նման դեպքերում ավելի շատ ոչ թե մտահոգություն, այլ սենսացիա որոնելու մարմաջ է նկատվում: Վերջին շրջանում, կարծես, դադարել են Չարենցի տան մասին խոսակցությունները:
-Խոսակցությունները դադարեցին, քանի որ կեղծիքը բացահայտվեց: Երեկվա կուրծք ծեծողներն այսօր «մկան ծակը հազար թումանով են առնում» և Աստված են կանչում, որպեսզի իրենց վերստին չհիշեցնեն այդ մոլորության ու կեղծիքի մասին: Այսինքն, Չարենցի տան պարագայում այսօր կատարվեց այն, ինչ վաղը կլինի Չարենցի գերեզմանի հետ: Ամեն ինչ` իր ժամանակին:
-Ժամանակ առ ժամանակ շահարկվում են նաև խոսակցություններ բանաստեղծի անտիպ գործերի մասին: Հարց է բարձրացվում` ենթակա՞ է հրապարակման Չարենցի ողջ ժառանգությունը, ի՞նչ ենք փորձում ասել կամ թաքցնել: Մեղադրում ենք Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելին, որը, ծանոթանալով ձեռագրերին, ըստ ցանկության հրապարակել ու մեկնաբանել է դրանք, սակայն մեզ մոտ նույնպես չկա հստակություն: Չարենցի անտիպ գործերի մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ շահարկում են անհիմն, կա՛մ էլ փորձում են շրջանցել թեման: Ձեր դիրքորոշումը:
-Ծուխն արագ է ցնդում, մի կարճ պահի կուրացնում է ոմանց, բայց, ի վերջո, ցրվում է: Իսկ հետո վրա է հասնում բաց աչքերով իրականությանը նայելու պահը, երբ հասկանում ես, որ ձեռնածուներն ամենուր են ձեռնածու: Դրսի ու ներսի «ռասելների» համար Չարենցը միջոց է` իրենց անհագուրդ պահանջներին բավարարում տալու համար: Պետք չէ նրանց լուրջ ընդունել: Թքեք ու անցեք: Ինչ վերաբերում է Հայաստանում ձեռքից ձեռք անցած Չարենցի անտիպներին, ապա այդ էջերի ճակատագրին առնչվող շրջանակները ժամանակին աղմկում էին, քանի որ խոսքը մեծ գումարների մասին էր: Հենց փողի մասին խոսակցությունները լռեցին, և գումարը գտավ իր տիրոջը, վրա հասավ լռությունը: Չկա փող, չկա հետաքրքրություն: Ահա թե ինչպիսի մարդկանց հետ ենք երբեմն ստիպված լինում առնչվել:
-Հաճախ է խոսվում, որ մեծերի հոբելյանները չեն նշվում ըստ հարկի: Նույնը կարո՞ղ ենք ասել Չարենցի մասին:
— Մեծերը հոբելյանների մեջ չեն, նրանց մասին հիշողությունը կարիք չունի օրացուցային ամսաթվերի ու տարեդարձերի: Մի ծաղկեփունջ տանելով ու երկու ոտանավոր արտասանելով` Չարենց չեն մեծարում: Այդ պատճառով էլ ես երբեք լրջորեն չեմ վերաբերվել ո՛չ նմանատիպ հավաքներին, ո՛չ էլ լալահառաչ ելույթներին: Դերասանության համար կա այլ վայր` թատրոնի բեմը: Իսկ անկեղծ ու սրտացավ մարդիկ իրենց մեծերին ճանաչելու, նրանց մատուցելու շատ ավելի անկեղծ ու արդյունավետ ճանապարհներ գիտեն:
-Չարենցի ծննդյան օրը չե՞ք այցելում նրա գերեզմանին:
-Ոչ: Ես Չարենցի գերեզմանին ու հուշարձանին այցելում եմ այն օրերին, երբ ներքին պահանջ եմ զգում: Չեմ սպասում, որ այդ մասին ինձ հուշի օրացույցը:
-Եվ մի վերջին հարց. շարունակություն ունի՞ «Չարենցի կրակոցը» գիրքը և ե՞րբ կհասնի ընթերցողին:
-Նոր գրքերի համար երբեք չեմ կարողացել ժամանակ սահմանել: Կլինի այն ժամանակ, երբ կավարտեմ: Իսկ թե ե՞րբ` միայն Աստծուն է հայտնի: Ընդամենը կարող եմ ասել, որ այն ծայրից ծայր հագեցած է լինելու նորահայտ էջերով ու փաստերով: Գիրքը կպատմի Չարենցի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին, որոնք դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից: Կհրապարակվեն մի քանի հարյուր անտիպ վավերագրեր ու փաստաթղթեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

20 Մրտ

… Մարդիկ մտան հիվանդասենյակն, ուր պառկած էր… հիմա արդեն դիակը: Հեռուստացույցն անջատեցին: Մարդը մահացավ: Հետո ամբողջ գիշեր պառկած էի ամայացած հոգով, ցանկանում էի կենտրոնանալ որևիցե գլխավոր մի մտքի վրա, ցանկանում էի, ոչ, ոչ թե հասկանալ, մինչ այդ նույնպես ջանացել էի հասկանալ, չէի կարողացել, թեկուզ մեկ ակնթարթ, թեկուզ սեղմ, թեկուզ այն տարտամ ծիրի պես զգալ, որ միտքս կամ հոգիս գոնե հազիվ-հազիվ լուսավորվեր՝ ինչ բան էր դա. մարդն ապրում էր… Այս մեկը հո լիովին ծանր կյանք էր ապրել: Ուրեմն ի՞նչ, պե՞տք է, որ մենք ապրենք: Թե՞ ուրիշ բան: Ընդունենք, թե պետք է, որ ապրենք, բայց այդ դեպքում մեզնից ինչու՞ չեն խլել այդ նզովյալ ունայնությունը, տանջալից ու հավերժական այդ ճիգը՝ հասկանալու, թե «ինչի՞ համար է այս ամենը»: Ահա, արդեն սովորել ենք տեսնել, թե ինչպես է կանգ առնում սիրտը… Իսկ ինչի՞ համար է ամեն ինչը, ինչի՞: Ինչքան էլ ուզում ես բղավիր, լսող չկա: Ուրեմն ապրել, ետ չնայել, գնալ ու գնալ առաջ, մինչև ուր չափված-գծված է: Կարծես թե մեռնելը սարսափելի բան չէ:

«Մարդն ապրում էր» պատմվածքից

ՇԵՐՎՈՒԴ ԱՆԴԵՐՍՈՆ

18 Մրտ

ՄԵԿՆՈՒՄ

Երիտասարդ Ջորջ Ուիլըրը անկողնուց ելավ առավոտյան ժամը չորսին: Ապրիլ ամիսն էր, և մատաղահաս ծառի տերևները նոր-նոր էին դուրս գալիս բողբոջներից: Ուայնսբըրգի շքեղ փողոցների երկայնքով թխկենիներ են ձգվում ու նրանց սերմերը օդասլաց են: Երբ փչում է քամին՝ նրանք խենթորեն պտույտ են տալիս՝ լցնելով օդը իրենցով ու ոտքերի տակ գորգ դառնալով:
Ջորջն իջավ հյուրասենյակի գրասենյակ՝ շագանակագույն կաշվե մի պայուսակ ձեռքին: Իր ճամպրուկն արդեն հավաքված էր: Գիշերվա ժամը երկուսից արթուն էր նա՝ մոտահաս ճամփորդության մասին մտորելով ու նաև՝ թե ինչ է գտնելու դրա ավարտին: Հյուրասենյակի գրասենյակում գիշերած տղան պառկած էր շարժական մահճին՝ դռան մոտ: Տղայի բերանը բաց էր ու խռմփացնում էր հաճույքով: Ջորջն անցավ մահճակալի կողքով և դուրս ելավ անխռով՝ ամայի Մեյն Սթրիթ: Շառագունած էր հարավը արշալույսից և լույսի երկարավուն շերտերը մխրճվում էին երկինք, ուր մի քանի աստղ էր դեռևս շողում:
Ուայնսբըրգի Թրանյըն Փայքի վերջին տանից վեր լայնարձակ դաշտեր են ձգվում: Դրանք ագարակատերերի են պատկանում, ովքեր քաղաքում են ապրում և երեկոները Թրանյըն Փայքով տուն են դառնում թեթև ճռճռացող իրենց սայլերով: Դաշտերում հատապտուղ և մանր մրգեր են աճեցնում: Շոգ ամռան օրվա ավարտին, երբ ճամփան ու դաշտերը պատվում են փոշով՝ ծխամած մշուշ է կախվում հսկա հարթավայրի վրա: Նայում ես այդ հողին ու թվում է, թե ծովին ես նայում: Գարնանը, երբ հողը կանաչ է հագնում, տպավորությունն ինչ-որ այլ է դառնում: Այն դառնում է մի տեսակ լայնարձակ կանաչ բիլիարդի սեղան, որի վրա պստլիկ մարդ-միջատներն աշխատում-վեր ու վար են անում:
Իր վաղ պատանության ու երիտասարդության ընթացքում Ջորջ Ուիլըրը սովորություն ուներ Թրանյըն Փայքում զբոսնելու: Պատահում էր, որ հայտնվում էր վիթխարի բաց այդ տարածքում՝ ձմռան գիշերներին, երբ այն ծածկված էր լինում ձյունով և լուսինն էր միայն նայում ցած՝ իր վրա. նա այնտեղ էր եղել աշնանը նաև, երբ պաղ քամիներն էին փչում, և ամռան երեկոներին, երբ օդը թրթռում էր միջատների բզզոցից: Ապրիլյան այդ առավոտ նա ուզում էր այնտեղ գնալ կրկին, քայլել կրկին լռության մեջ: Տղան քայլեց դեպի այն վայրը, ուր ճամփան մի գետակի մեջ էր սուզվում՝ քաղաքից երկու մղոնի վրա և այնուհետ շրջվեց ու կրկին ետ դարձավ լռիկ: Երբ նա հասավ Մեյն Սթրիթ՝ ծառայողներն արդեն խանութների առջև մայթերն էին սրբում: «Հե՜յ, Ջորջ: Էս ի՞նչ է, մեկնո՞ւմ ես, ի՞նչ կա: Հը՞, ո՞նց կաս»,- հարցրեցին նրանք:
Արևմուտք մեկնող գնացքը դուրս է գալիս Ուայնսբըրգից առավոտյան յոթն անց քառասունհինգ:
Գնացքի ուղեկցորդը Թոմ Լիթլն է: Նրա գնացքը դուրս է գալիս Քլիվլընդից դեպի երկաթուղային այն հսկա միացման ուղեգիծը, որի վերջնակետն են Չիկագոն ու Նյու Յորքը: Թոմի մոտ, ինչպես երկաթուղայիններն են ասում՝ «Թեթև ճամփա» կա: Ամեն երեկո նա իր ընտանիքի գիրկն է դառնում: Աշնանն ու գարնանը կիրակի օրերը նա անց է կացնում Էրի լճում ձուկ որսալով: Կլոր կարմիր երես ունի նա և մանրիկ կապույտ աչքեր: Փոքր քաղաքներում ապրող երկաթուղայիններին նա ավելի լավ էր ճանաչում, քան մեծ քաղաքի բնակիչը կճանաչի նույն իր շենքի մարդկանց:
Ջորջը ժամը յոթին «Նյու Ուիլըրդ Հաուսից» պստիկ մի թեքությամբ իջավ ցած: Թոմ Ուիլըրդը նրա ճամպրուկն էր տանում: Որդին այլևս բարձրահասակ էր դարձել հորից:
Կառամատույցին բոլորը երիտասարդի ձեռքը սեղմեցին: Ավելի քան տասներկու մարդ էր հավաքված ճանապարհելու նրան: Ասում-խոսում էին իրենց գործերից: Ուիլ Հենդըրսընը նույնիսկ, որ ծույլ էր ու քնում էր հաճախ մինչև ժամը ինը՝ ելել էր անկողնուց: Ջորջը շփոթահար էր: Գերթրուդ Ուիլմըթը, հիսուն տարեկան բարձրահասակ, նիհար մի կին, որ Ուայնսբըրգի փոստատանն էր աշխատում՝ եկավ կառամատույց: Առաջներում նա Ջորջին դույզն ինչ ուշադրության չէր արժանացրել: Այժմ նա կանգ առավ ու ձեռքը պարզեց տղային: Մի երկու բառով նա արտահայտեց այն ամենը, ինչ բոլորն էին զգում: «Հաջողություն եմ ցանկանում»,- զիլ ձայնով ասաց նա և այնուհետ շրջվեց-գնաց իր ճամփան:
Երբ գնացքը կայարանին մոտեցավ՝ Ջորջը թեթևություն զգաց: Շտապով քայլերն ուղղեց դեպի վագոն: Հելեն Ուայթը Մեյն Սթրիթով գլխապատառ վազքով եկավ՝ հուսալով մեն-մի հատիկ հրաժեշտի խոսք լսել տղայից, վերջինս սակայն իր համար արդեն վագոնում ազատ տեղ էր գտել ու չտեսավ աղջկան: Երբ գնացքը շարժվեց, Թոմ Լիթլը դակեց տոմսն ու քմծիծաղ տվեց և թեև Ջորջին լավ էր ճանաչում ու հասկանում նաև, թե ինչպիսի արկածի էր նա այդժամ անձնատուր լինում՝ ոչ մի դիտողություն չարեց: Թոմը հասցրել էր այդպիսի հազարավոր իրենց պստլիկ քաղաքներից մեծ տարածք մեկնող Ջորջ Ուիլըրների տեսնել: Նրա համար դա միանգամայն սովորական դեպք էր: Ծխավագոնում մի մարդ հենց նոր հրավիրել էր նրան Սենդսաքի Բեյ՝ ձկնորսության: Ու հիմա նա ուզում էր ընդունել այդ հրավերն ու պայմանավորվել մանրամասների շուրջ:
Ջորջը հայացքը պտտեցրեց վագոնով մեկ՝ համոզվելու, թե որևէ մեկը չի՞ նայում իրեն, այնուհետ հանեց դրամապանակն ու հաշվեց եղած գումարը: Մտահոգ էր՝ չլինի թե անփորձ երևա: Հազիվ թե հոր ասած վերջին խոսքերը քաղաքում ունեցած իր պահվածքին վերաբերեին: «Զգո՛ւյշ եղիր,- ասել էր Թոմ Ուիլըրը:- Աչքդ փողի՛դ վրա պահիր: Չքնես հա՜: Հրե՛ս տոմսդ: Թող չկարծեն, թե միամիտի մեկն ես»:
Փողը հաշվելուց հետո Ջորջը պատուհանից դուրս նայեց ու զարմացավ, որ գնացքը Ուայնսբըրգի տարածքում էր դեռևս:
Երիտասարդը, թողնելով հայրենի քաղաքը, որ ճանաչի արկածներով լի կյանքը՝ խորհել սկսեց, սակայն նա չէր մտածում ինչ-որ մեծ կամ դրամատիկ բանի մասին: Այնպիսի բաներ, ինչպիսիք էին մոր մահը, իր մեկնումը Ուայնսբըրգից, հետագա կյանքի անորոշությունը մեծ քաղաքի մեջ. սեփական կյանքի համար լուրջ ու կարևոր հարցերն անգամ մտքով չանցան:
Նրա մտքով անկարևոր բաներ անցան- Թըրք Սմոլիթը, որ առավոտ կանուխ տախտակներ էր տանում հայրենի քաղաքի գլխավոր փողոցով, բարձրիրան մի կին՝ գեղեցիկ հանդերձով, ով մի անգամ իր հոր հյուրանոցում էր իջևանել, Բաչ Ուիլըրը՝ Ուայնսբըրգի լամպավառը, որ ամառային մի երեկո ջահը ձեռքին պահած փութով անցնում էր փողոցներով, նաև՝ Հելեն Ուայթը՝ Ուայնսբըրգի փոստատան պատուհանի մոտ կանգնած ու ծրարին դրոշմանիշ փակցնելիս:
Երիտասարդի միտքը բռնված էր իր իսկ երազանքների աճող մի տենչով: Վրան նայելիս բնավ չէիր ասի, թե խելացի մեկն է առանձնապես: Երևակայությունը պարուրող ցանկացած մանրուք հիշելով նա գոցեց աչքերն ու ետ թեքվեց նստոցին: Այդպես էլ երկար նստեց նա, իսկ երբ արթնացավ ու վագոնի պատուհանից դուրս նայեց կրկին, Ուայնսբըրգ քաղաքն աներևույթ էր այլևս և իր կյանքն այնտեղ մի ֆոն էր դարձել, որի վրա այդուհետ վիճակված էր պատկերել հասուն իր տարիների անուրջները միայն:

թարգմ. Ն. Ջաղինյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

ԳՐՔԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ «ՀՐԱԴԱԴԱՐ» ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

«Դեմ ենք գրքերի թանկացմանը» նախաձեռնության անդամների պայքարը տվեց իր առաջին ցանկալի արդյունքը: Գրախանութները որոշել են վերանայել հեղինակների հետ կնքած նախկին պայմանգրերը եւ գրքերն էժանացնել:
-Ամբողջ ցավն էն է, որ օրենսդրորեն խնդիրը կարգավորված չէ: Այսինքն՝ սա փորձ է հեղինակներին ընտրություններից առաջ լռեցնելու: Նույն հաջողությամբ 1-2 ամիս հետո կարող են վերականգնել էդ ամեն ինչը,- մտահոգված է «Դեմ ենք գրքերի թանկացմանը» նախաձեռնության անդամ, գրող Հովիկ Չարխչյանը,-Խնդիրն օրենսդրորեն կարգավորված չէ: Ընդամենը ֆինանսների նախարարությունը մի պարզաբանման տեքստ է ուղարկել գրախանութներին, թե առջնորդվեք էս-էս կանոններով: Բայց մեր պահանջը՝ օրենքի մեջ փոփոխություն կատարելու, ավելացված արժեքի 20 տոկոսը հանելու մասին, դեռեւս կատարված չէ: Այնպես որ, մեր կռիվը դեռ շարունակվելու է:
-Ազգային հանցագործ են այն պաշտոնատարները, ովքեր գիրքը թանկացնում են: Ընդհակառակը՝ գիրքը պետք է ազատագրվի ավելացված արժեքի հարկից, եւ ընդհանրապես հարկումներից գիրքը պետք է ազատվի, որովհետեւ ընթերցանության համար այս անբարենպաստ ժամանակներում պետք է առավելագույնն անել, որ գիրքը հասնի ընթերցողներին, իսկ դրա համար գիրքը նախեւառաջ գնով էլ պետք է մատչելի լինի,- ավելացնում է գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով թեեւ գրքերերի թանկացման դեմ պայքարող խմբի անդամ չէ, բայց, նշեց, որ պատրաստ է մասնակցել կազմակերպվող ակցիաներին:
Հովիկ Չարխչյանի խոսքերով՝ գրքերի էժանացումն ընդամենը առաջին քայլն էր այդ պայքարի ճանապարհին: Նախաձեռնության անդամները պայքարելու են ոչ միայն գիրքը ամեն տեսակի հարկերից ազատելու, այլեւ գրահրատարակչության, գրքի իրացման ոլորտին բացառիկ արտոնություններ շնորհելու համար: «Միայն այդ դեպքում ոլորտը կկարողանան կայանալ, ոտքի կանգնել, ինքնահաստատվել», ասում է նա եւ նշում, թե միայն դրանից հետո են պատրաստ վերադառնալ հարկային դաշտ:
Հիշյալ պահանջով ու գրքի թանկացման դեմ պայքարողների ստորագրություններով օրեր առաջ նամակ է ուղղվել վարչապետին, որը մինչ այժմ անպատասխան է մնացել:

Մարինե Պետրոսյան

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

15 Մրտ

Որքան արվեստագետներ են մեծամտորեն հրաժարվում իրենց փոքր մարդ գիտակցելուց: Սակայն այդ իր «փոքրության» գիտակցումը բավ է ճշմարիտ տաղանդ ձեռք բերելու համար: Քանի որ, ի հակառակ իր մասին սեփական կարծիքի, նրանք ակամա ստրուկ են մնում, որ ավելի բարձր են կանգնած այն միջին մակարդակից, որ այդքան արհամարհում են: Իսկ որքան են այլք, որ ընդհակառակը, համոզված են, որ հանճարեղության համար բավական է ընդհանուր մակարդակին իջնելը, և նրանք իջնում են, բայց արդեն երբեք չեն կարողանում դրանից վեր կանգնել: Այդ երկու ծայրահեղությունները, ի դեպ, միմյանց լրացնում են: Արվեստը, որը ժխտում է առօրեականության ճշմարտությունը, դատապարտված է անկենդանության: Սակայն միայն առօրեականությունն էլ նրա կյանքի համար, միևնույն է, քիչ է: Այդ պատճառով էլ արվեստագետը չի կարող անտեսել իրականությունը, և նրա խնդիրն է` դրան ավելի բարձր արդարացում պարգևելը: Ինչպե՞ս կարող է նա այն արդարացնել, եթե իր համար, որպես կանոն, ընտրել է այն քամահրելը: Եվ միաժամանակ` ինչպե՞ս այն փոխակերպել, եթե նա որոշել է դրա գերին դառնալ:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

14 Մրտ

Բարեկամության գլխավոր արգասիքը թեթևացնելն ու ազատագրելն է գերլեցունությունից ու լարվածությունից, որոնք հարուցում ու պատճառում են ամեն տեսակ կրքեր: Մենք գիտենք, որ խցանման ու շնչարգելակման ախտերն ամենավտանգավորն են մարմնի համար: Նույնն է նաև հոգու պարագայում… Ոչ մի դեղամիջոց այնպես չի թեթևացնում սիրտը, ինչպես իսկական ընկերը, որի հետ կարող ես կիսել քո վիշտը, ուրախությունը, երկյուղանքը, հույսերը, կասկածները, դիտավորություններն ու այն ամենը, ինչ կուտակվել ու ճնշում է սիրտդ: Դա մի տեսակ քաղաքացիական խոստովանանք է կամ մեղաց թողություն…
Պյութագորասի ասացվածքը՝ «Սիրտդ մի կրծիր», փոքր-ինչ մթին է, բայց ճիշտ իմաստ ունի: Եթե կտրուկ արտահայտվենք՝ իհարկե, նա, ով չունի բարեկամներ, ում առաջ կարող է բացվել, սեփական սրտի հաննիբալ է: Սակայն մի բան կա, որ միանգամայն հրաշալի է… Երբ քո Ես-ը բացում ես ընկերոջդ առաջ՝ դա հանգեցնում է երկու հակադարձ արդյունքի. կամ կրկնապատկվում է ուրախությունդ, կամ վիշտդ է կիսվում:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

14 Մրտ

Ավելի արդյունավետ գործիքներ, քան քաղաքական դաշտ մտնելն է

13:58 — 14.03.2012
Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելանում է մշակույթի այն գործիչների թիվը, որոնք ցանկանում են քաղաքական դաշտ մտնել: Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը կարծում է, որ դա խիստ անհատական պահվածք է և բոլորովին էլ պայմանավորված չէ մարդու արվեստագետ լինել-չլինելով:
«Ամենայն հավանականությամբ, երբ մի ասպարեզում մարդը ձախողվում է կամ չի կարողանում ինքնադրսևորվել, նա փորձում է այդ բացը լրացնել այլ տեղում: Ցավոք, սովորաբար նման փոփոխությունները երջանիկ ավարտ չեն ունենում»,- ասում է նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ «հուսահատությունից դրդված», ինչ-որ բան փոխելու ցանկությունից են նրանք նման քայլի գնում, Չարխչյանը պատասխանեց, որ երբեք այդ բանը հնարավոր չի համարել, քանի որ, իր կարծիքով, արվեստագետը հուսահատության դեմ պայքարելու իր զենքերն ու գործիքներն ունի, որոնք երբեմն շատ ավելի արդյունավետ են, քան քաղաքական դաշտում հայտնվելը. «Այլ բան է, եթե նա չի կարողանում այդ գործիքներից հմտորեն օգտվել»:

ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ

14 Մրտ

ԱՍՏԾՈ ՄԵՆԱԿԸ

… Ոչ մի մահկանացու չի կարող ասել, թե ինչպես և ինչու կգա դեպի մեզ սիրո ծաղիկը՝ հաղթությամբ թե պարտությամբ, խնդությամբ թե խենթությամբ: Սակայն ես գիտեմ, որ վերջում (մեզ՝ անտուններիս, անդուռներիս, մենակյաց թափառականներիս համար՝ հավիտյանս վերջում) հավերժ սպասում է մեր եղբոր՝ Մենության խավարչտին դեմքը:
Բայց հին հրաժարումներն ընկնում են, հին ուխտերը՝ կանգնում, և մենք, որ կորած էինք, հարություն ենք առել, մենք, որ կորած էինք, գտնվել ենք նորից, և մենք, որ անմարմին մեռյալներին վաճառեցինք տաղանդ, կիրք և ջահելության հավատ, մինչև որ մեր սրտերը այլասերվեցին, տաղանդը կորավ, հույսերը մեռան, արյունով ետ բերեցինք մեր կյանքերը՝ մթության ու խավարի մեջ, և գիտենք հիմա, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես առաջ էր, և կտեսնենք նորից (ինչպես առաջ տեսանք) շողացող քաղաքի պատկերը: Հեռվից, պայծառ լույսերի հարկաշարքերով նա հավերժ վառվում է մեր աչքերի մեջ, մինչև մենք անցնում ենք կամուրջով, իսկ շուրջը՝ ամեհի ալիքներ ու նավեր: Եվ մենք անցնում ենք կամուրջով, միշտ քեզ հետ, խստադեմ բարեկամ, որ զրուցում ես մեզ հետ և երբեք չես լքում:
Լսիր.
«Մենություն հավիտյան, և աշխարհ: Խավարչտին եղբայր և խստադեմ բարեկամ, խավարի ու գիշերվա անմահական դեմք, որի հետ ապրելու եմ մինչև իմ մահը, ի՞նչ ունեմ վախենալու, քանի դեռ դու իմ կողքին ես: Հերոսական ընկեր, կյանքիս արյունակից եղբայր, խավարչտին դեմք, մի՞թե միասին չենք քայլել միլիոնավոր փողոցներով, գիշերվա մեծ ու կատաղի պողոտաներով, մի՞թե միասին չենք կտրել-անցել փոթորկոտ ծովերը, անհայտ և օտար երկրները և եկել ենք հիմա վերստին զբոսնելու գիշերվա մայրցամաքում և լսելու լռությունն աշխարհի: Բարեկամս, չե՞նք եղել մենք միասին քաջասիրտ և փառավոր: Չե՞նք ճանաչել այս աշխարհում ցնծություն, խինդ ու փառք և չի՞ լինի նույնը, եթե դու վերադառնաս: Վերադարձիր, եղբայր, վերադարձիր գիշերվա զգոնությամբ: Վերադարձիր, խավարի գաղտուկ ու անձայն սրտում: Վերադարձիր, ինչպես միշտ ես վերադարձել՝ վերստին բերելով անհաղթելի ուժը, անմահական լույսը, ցնծալի խինդն ու վստահությունը, որոնք կփոթորկեն այս երկիրը կրկին»:

Թարգմ. Ս. Մկրտչյան

ՋՈՆ ԴՈՆ

14 Մրտ

Ո՞վ է ականջ դնում զանգին, ինչ առիթով էլ որ ղողանջելիս լինի: Բայց ո՞վ կարող է անհաղորդ մնալ ղողանջին, որն աշխարհից տանում է իր մի մասնիկը: Ոչ մի մարդ կղզի չէ՝ իրենով ամբողջական: Ամեն մարդ նշխար է մայրցամաքի և մասնիկ է երկրի: Եթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է, նմանապես հրվանդանը, նմանապես քո բարեկամի կամ քո սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահ նաև նվազեցնում է ինձ, քանզի ես մարդկության մասնիկն եմ: Հետևաբար, բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում համար է ղողանջում զանգը: Նա քեզ համար է ղողանջում: Ոչ էլ սա կարող ենք թշվառության ողորմություն կամ թշվառության փոխառում անվանել, որպես թե թշվառ չենք մենք մեզնով, այլ պետք է հարևանի տնից ավելին բերենք՝ մեզ վրա վերցնելով մեր հարևանների թշվառությունը: Հիրավի, սա ներելի ընչաքաղցություն կլիներ, քանզի դժբախտությունը հարստություն է և մարդիկ համարյա աղքատ են: Ոչ մի մարդ այնքան դժբախտություն չունի, որը հասուն լինի և այդ դժբախտությամբ՝ Աստծուն հարմար…

ՄԱՐԿԵՍԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

12 Մրտ

(հատված հարցազրույցից)

— Ի դեպ, դուք վախենու՞մ եք ծերությունից:
— Ծերությունից ես չեմ սարսափում: Իմ ընտանիքում բոլորը երկարակյացներ են, հայրս մեռավ 84 տարեկանում և միանգամայն սթափ գիտակցությամբ, մայրս 82 տարեկան է, բայց պայծառ գլուխ ունի: Ընդհանուր առմամբ ես հուսով եմ, որ եթե ապրեմ մինչև այդպիսի տարիք, գեներն ինձ կապահովեն հստակ մտածողությամբ: Մնացածն ինձ չի հուզում: Գլխավորն այն է, որ գլուխն աշխատի:
— Իսկ դուք մահից վախենու՞մ եք:
— Մահից՝ ոչ, չեմ վախենում: Մեռնելուց՝ այո: Որպես գրող ես սարսափում եմ, որ իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը,- իսկ դա մահն է լինելու,-ես չեմ կարողանա նկարագրել:
— Ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում կրոնն ու աստված:
— Ավաղ, աստված իմ կյանքում ոչ մի տեղ չի գրավում: Ցանկանում եմ հուսալ, որ եթե աստված գոյություն ունի, ապա գուցե ես նրա կյանքում ինչ-որ տեղ զբաղեցնեմ…