Tag Archives: Պարույր Սևակ

ՓԵԼԵՇՅԱՆ ԵՎ ՍՈՒԼԱՄԻԹԱ

2 Մրտ

Առաջին հայացքից շատ անսպասելի է այս երկու հայտնի անունների համարդումը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և Պարույր Սևակի մտերմուհին ու նրա պոետական մուսան՝ Սուլամիթա Ռուդնիկը: Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ նրանք, ի՞նչն է միավորել այդ երկուսին: Պատասխանն այս դեպքում շատ պարզ է՝ կինոն:

Սուլամիթան տևական ժամանակ աշխատել է Վիլնյուսում լուս տեսնող «Կինո» ամսագրում, կինեմատոգրաֆիայի խնդիրներին վերաբերող բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Սրա հետ մեկտեղ նրա անմիջական կապը Հայաստանի ու հայ մշակույթի հետ թույլ է տվել առավել խորությամբ և հետևողականությամբ անդրադառնալ հայաստանյան թեմատիկային:

Եվ ահա 1977 թվականին ներկայանում է հերթական առիթը՝ տեսնել, լսել Արտավազդ Փելեշյանին և գրել նրա մասին: Նրա հոդվածը տպագրվել է «Կինո» ամսագրի այդ տարվա 11-րդ համարում: Ավելորդ չէ նշել, որ մեկ տարի անց Սուլամիթան պիտի կրկին գար Երևան, այս անգամ որպես Համամիութենական 11-րդ կինոփառատոնի պատվիրակ:

Ստորև ներկայացնում ենք Փելեշյանի մասին Սուլամիթա Ռուդնիկի հոդվածն ամբողջությամբ:

Հովիկ Չարխչյան

ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ԴԻՄԱՆԿԱՐ

Նրա ֆիլմերի մասին հավանաբար դեռ հետազոտություններ կգրեն:

Իսկ առայժմ այդ ֆիլմերովով կամ հիանում են, կամ մերժում. ոմանց համար դրանք հայտնություն են, ուրիշների համար՝ կատարյալ շփոթ… Քչերն են ծանոթ այդ նկարներին, այնինչ դրանք միջազգային պարգևներ են ստանում…

Նա ինքը ստիպված է երբեմն պարզաբանել իր ֆիլմերը, պաշտպանել աշխատանքի իր մեթոդը: Եվ ոչ պատահական մարդկանցից, այլ… պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներից:

Այդպես էր եղել Մոսկվայում, Ռիգայում, այդպես եղավ և Վիլնյուսում. հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը այստեղ էր եկել Կինեմատոգրաֆիստների միության հրավերով՝ «իր ֆիլմերը ցուցադրելու, մեր ֆիլմերը նայելու, հանդիպումներ ունենալու, զրուցելու համար»:

Ցուցադրման երեկոյին մեր հյուրն ուշացավ: Մոլորվել էր անծանոթ քաղաքում: Նրա վաղեմի  լավ բարեկամ ու արվեստակից ընկեր Հենրիկաս Շաբլյավիչուսը պատմեց, որ Ա. Փելեշյանը 1967-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, Լ. Վ. Կրիստիի արվեստանոցը և հենց այդ ժամանակ էլ նրա «Սկիզբ» ֆիլմն արժանացել է ինստիտուտի փառատոնի գլխավոր մրցանակին:

«Սկիզբ» ֆիլմի ցուցադրման ժամանակ դահլիճ մտավ բարձրահասակ, փոքր-ինչ կորամեջք մեկը, մտավ ու համեստորեն նստեց մի անկյունում: Հետո ցուցադրվեցին մյուս ֆիլմերը՝ «Մենք», «Տարվա եղանակներ», «Բնակիչներ»:

 Իր աշխատանքում Փելեշյանը խիստ լուրջ է, զրուցելիս՝ հեգնոտ, մերթ բռնկուն, մերթ խոհուն:

***

Ա. Փելեշյանի ֆիլմերը զարմացրին զորեղ տեմպերամենտի բացորոշ դրսևորումով, մտքի խորությամբ, խոշոր պլանների առատությամբ: Այս ամենն ամբողջության մեջ հուզեց նույնիսկ շատ բան տեսած կինեմատոգրաֆիստներին և ոմանց ստիպեց ներքուստ վերանայել սեփական մոտեցումն այն թեմաներին ու պրոբլեմներին, որ մարմնավորված էին էկրանի վրա:

Ա. Փելեշյանի ֆիլմերի բովանդակությունը անկարելի է վերապատմել: Ոչինչ չի ստացվի: Բայց ինչպե՞ս անդրադառնանք այդ գործերին՝ առանց թեկուզ մի երկու խոսքով ասելու, թե ինչի մասին են դրանք:

«Սկիզբ» ֆիլմն արված է Հոկտեմբերի 50- ամյակի առթիվ: Հեղափոխության գաղափարը և նրա գնահատումը այսօրվա մարդու հայացքով ու մտքով:

… Հեղափոխության օրերի խրոնիկա: Վազող մարդիկ: Վ. Ի. Լենինը: Կարմիր հեծյալներ: Ձմեռային պալատի գրոհը: Բանվորը թափով բարձրացնում է մուրճը, և սալարկին թափվում են… ֆաշիստական դրոշներ:

Լենինի թաղումը: Ն. Կրուպսկայայի, Ֆ. Ձերժինսկու դեմքերը: Եվ… մեր ժամանակակցի՝ տիեզերագնացի դեմքը:

Ցո՞ւյց է, թե եկեղեցական թափոր: Չինաստանն է դա: Ատոմային ռումբի պայթյուն: Ճապոնիա: Նապալմից ընկնող մարդ: Վիետնամ:

Պատմությունը և մեր օրերը: Վազող ցուցարարներ աշխարհի տարբեր երկրներում: Հեղեղի նման զինված ոստիկանների վրա նետվող խելահեղ ամբոխներ:

Առայժմ, ինչպես տեսնում եք, կարծես թե ոչ մի ինքնուրույն ու ինքնատիպ բան չկա: Ինքնատիպն այն է, թե ինչպես է այդ ամենը մատուցվում էկրանից: Ոչ մի տեքստ: Միայն մոնտաժ: Երաժշտություն, կրակոցներ, ձեռքերի ռիթմեր: Դրամատուրգիան կառուցվում է մարդկային զանգվածների շարժման վրա: Բացահայտվում են անցյալի և ներկայի խորքային կապերը:

Յուրաքանչյուր կադր արտահայտիչ է: Պատկերն ու հնչյունը սերտ միասնություն են կազմում:

Վայրկենապես արվեստագետի տեմպերամենտին են ենթարկվում մեր զգացմունքները, որոնք այնուհետ հասնում են միտք-ընդհանրացման:

***

Դա միայն սկիզբն էր: Եթե առաջին ֆիլմում ռեժիսորը պատմությունից եկել էր դեպի արդիականություն, ապա «Մենք» ֆիլմում արդիականությունից գնում- մխրճվում ենք պատմության խորքերը:

«Մենքը» Հայաստանն է և հայ ժողովուրդը: Նրա կյանքը, ոգին, պատմությունն ու ավանդույթները: Այս ֆիլմում մի դրվագ կա՝ լեռնային նեղլիկ, քարքարոտ ճամփով երկու հովիվ ոչխարի հոտ են քշում: Վավերագրական կադր է: Խիստ պատկերավոր, «հավաստի»: Պարզվում է, որ «ռեժիսուրայի ենթարկված» է: Ծեր հովիվները չեն ցանկացել «խաղալ»: Ա. Փելեշյանը համոզել է, խոստացել, որ մի ամբողջ ֆիլմ կնկարի նրանց մասին: Եվ յոթ տարի անց նկարել է «Տարվա եղանակները» (1975 թ.): Բայց մինչ այդ, 1970-ին «Բելոռուսֆիլմում» նա ստեղծել է ևս մի ժապավեն՝ «Բնակիչները»: Ահա և նրա գրեթե ամբողջ «ծառայության ցուցակը»: Եվ այն ամենը, ինչ մենք դիտեցինք: Համարյա բոլոր ֆիլմերը նկարահանված են հեռուստատեսության համար: Կփորձեմ ծանոթացնել վերջին երկուսի հետ:

… «Բնակիչներ»: Պաշտպանության կարոտ թռչուններ ու գազաններ: Հիրավի մարդն ապրում է այն ճյուղի վրա, որը կտրում է ինքն իր ձեռքով:

Ինչ գեղեցիկ է երկինքը սրածող, ողջ էկրանը բռնող թևերի այս աշխարհը: Կենդանի, շնչող, հոգի ապաքինող աշխարհը: Բայց այդ կենդանական աշխարհը ինչ սարսափով է փախչում մարդկանցից… մարդուց… Փախչում են հսկա փղերը, սուրում են այծյամները, ցատկոտելով ու սայթաքելով իրենց առաջ են նետում խոշոր թռչունները: Բայց թռչուննե՞ր են դրանք, թե՞ մարդիկ… Այծյամների մետաքս կռնակներ, շերտավոր զեբրեր: Ինչ-որ ստվերներ, բծեր՝ մերթ սևը սպիտակի, մերթ սպիտակը սևի վրա: Եվ հասկանում ենք. զավթիչների հրոսակախումբ է դա, մարդիկ են դրանք: Էլ ո՞ւմ քայլքը կարող է լինել այդքան ծանր, այդքան անողոք, այդքան որոտագին: Էկրանով մեկ կենդանիներ են փախչում: Փախչում են մեզնից:

Եվ ահա կարծես լսում եմ հեղինակի թախծալի ձայնը .«Գուցե այս ամենի մասին պատմեցի չափից դուրս արագ ու անկա՞պ: Ներեցեք, հուզված էի ես: Նայեք, զգացեք, մտածեք ևս մի անգամ… Տեսեք՝ ինչ լավն են այս ձևերը»:

Էկրանով մեկ՝ նորից թևեր: Հիշո՞ւմ եք կռունկների թովիչ պարը պատկերող մուլտիպլիկացիոն «գլխազարդը» հեռուստատեսային «Կենդանիների աշխարհում» հաղորդման մեջ: Այստեղ էլ է պար, միայն թե ոչ միջին, այլ խոշոր պլանով, երկու-երեք թև՝ լայն էկրանի վրա: Կրկնվում է առաջին կադրը: Ռեժիսորը մի վայրկյան անգամ չի կասկածում, որ մենք պատրաստ ենք այդ ձևերով հիանալ նորից ու նորից: Հիանալ ու խորհել: Սակայն կապկի մռութի առջև կրճտյունով իջնում է երկաթե վանդակը, և կապկի աչքերը տխուր են: Հարկ է, որ խորհես ու քո վրա վերցնես մեղքի մի մասը: Եվ կրկին անպաշտպանորեն գեղեցիկ բաբախում են թռչունների թևերը: Կոչ են անում ամենքիս՝ փրկեք մեզ, փրկեք ձեր հոգին, մարդիկ…

…«Տարվա եղանակներ»- հիմն մարդու աշխատանքին, հոգեմաշ ու օրհնյալ աշխատանքին: Հավանորեն ավելի ծանր բան չկա, քան հովվի կյանքն ու գործը լեռներում: Հոգնել է հովիվը, հոգնել է նրա ձին, հոգնել է ոչխարը… Հոգնություն՝ մահու չափ: Բայց դա էլ է անցնում: Ինչ կենսուրախ, կենսասեր են սարից ցած վազող  մարդիկ: Կարճատև դադար ու նորից գործ: Պարանով խոտի ահագին դեզեր են քարշ տալիս ներքև: Դեզը հիմա ուր որ է՝ իր տակ կճզմի մարդուն… Տեղատարափ անձրև: Անձրևի տակ են և՛ խոտը, և՛ ոչխարները, և՛ մարդիկ: Լույսի մի շող չկա: Բայց անձրևն էլ է կտրվում, անցնում: Հարսանիք լեռներում: Փոխվում է տրամադրությունը, իրար են հաջորդում տարվա եղանակները, անփոփոխ է մնում միայն մարդու արարիչ աշխատանքը:

Ասվածը սոսկ մասամբ կարող է պատկերացում տալ արվեստագետի թեմատիկ շրջանակի, նրա մարդկային հատկությունների մասին: Ա.  Փելեշյանի ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը դրանց մեջ չէ, այլ նյութի կազմակերպման, զուգահեռների, կինեմատոգրաֆիական մտածողության կերտվածքի, զգացմունքն ու միտքը հաղորդելու անհատական մեթոդի մեջ:

***

Մեթոդի մասին կխոսեմ՝ հետևելով հենց ռեժիսորի տրամաբանությանն ու պարզաբանումներին, հիմք ընդունելով նրա, իմ կարծիքով, լավագույն ֆիլմը՝ «Մենքը»:

Ընդունված է ֆիլմերը բաժանել երկու կարգի՝ գեղարվեստական և վավերագրական: Իսկ ինչպես մոտենալ այնպիսի եռամասն մի ֆիլմի, ինչպիսին «Մենքն» է: Ա. Փելեշյանը հազար անգամ իրավացի է՝ ապացուցելով, որ «դեմքը գեղեցիկ նկարելը» և «գեղեցիկ դեմք նկարելը»  միանգամայն տարբեր բաներ են: Նա պնդում է, որ ֆիլմը գեղարվեստական է, թեև չունի հերոսներ՝ դերասանների անձնավորմամբ: Եվ սրա հետ դժվար է չհամաձայնել:

«Մենք» ֆիլմում հեղինակն իր առջև խնդիր է դրել ժողովրդի պատմությունը ցույց տալ ոչ թե երկրի հուշարձանների, այլ ժամանակակից մարդկանց զննումների միջոցով: Չէ՞ որ կան ավանդույթներ, իրավիճակներ, նույնիսկ իրադարձություններ, որոնց մեջ ի հայտ են գալիս ժողովրդի նախասկզբնական հատկանիշները:

Ֆիլմն սկսվում է այսպես. աղջնակի դեմք: Սա դեռ կերպար չէ: Պարզապես դեմք է, սև գանգուր մազեր, մանկական փոքր-ինչ ուռուցիկ այտեր, վզին՝ ուլունքաշար: Անսովոր է միայն աչքերի հարցական, տագնապալի արտահայտությունը: Սկսվում է երաժշտությունը, ապա մութ կադրի վրա՝ դադար: Երկրորդ անգամ նույն դեմքը հայտնվում է շատ ուշ (500 մետր ժապավեն անցնելուց հետո), նույն սիմֆոնիկ ակորդի հետ: Ռեժիսորը գիտակցաբար է դիմում կրկնության: Այս կադրերի միջև ընկած է ֆիլմի մեծ մասը՝ հայ ժողովրդի անցյալի և այսօրվա մասին:

Երբ «Մենք» ֆիլմը ցուցադրվեց Օբերհաուզենի կինոփառատոնում, ժյուրիի անդամներից մեկը հարցրեց սովետական կինեմատոգրաֆիստներին, թե պատմության ի՞նչ դրվագ էր նկարի արխվային կադրերում: Նրան բացատրեցին, որ 1915-ին, երբ ամբողջ Եվրոպան բռնված էր պատերազմով, Հայաստանում կոտորած եղավ, որը մոտ երկու միլիոն մարդկային կյանք տարավ: Այդ եղեռնը ցեղասպանություն անունն ունի: Ցեղասպանությունը տարագիր դարձրեց հազարավոր հայերի:

Եղեռնի արխիվային կադրերը մոնտաժված են հայրենադարձության կադրերի հետ: Քարացել են գրկախառնված մարդիկ, որոնք իրար չեն տեսել  հիսուն տարի կամ ընդհանրապես  չեն տեսել: Առաջին անգամ հանդիպել են հայր ու որդի, քույր ու եղբայր…

Ռեժիսորը քաղվածքներ չի անում այն գազանություններից ու սարսապներից, որ բերված են թեկուզև «Գենոցիդ» հայտնի գրքում, բայց և՛ Հայաստանում ապրողների, և՛ օտար ափերին երկար թափառումներից հետո հայրենիք վերադարձածների լռին աչքերում մի ամբողջ ժողովրդի ողբերգության հիշողությունը կա: Եվ դրանից հետո առաջին կադրը՝  աղջնակի դեմքը, երկրորդ անգամ հայտնվելով էկրանի վրա, դառնում է կադր-կերպար: Եվ հիշում ես բանաստեղծի տողը. «Գիտեմ, աշխարհում չկա ուրիշ վիշտ՝ մանկան վշտի պես հին»: Ամենափոքրիկ մանուկը՝ ընտանիքի ժամանակային ամենավերջին օղակը, աշխարհ է եկել մյուսներից ուշ և «հին» ու «ծեր» է բոլորից: Աղջնակի աչքերում ծվարած վիշտը «ծեր» է ամենածերունական վշտից:

Այդ աչքերով ժողովուրդն է նայում իր պատմությանը: Հիշողությունն ապրում է: Կրկին ցուցադրվելով, նույն կադրը ոչ միայն մեզ վերադարձնում է առաջինին՝ բացահայտելով, խորք ու իմաստ տալով նրան, այլև վառ լույս է սփռում մտքերի ու պատկերների մի ամբողջ շղթայի վրա: Հուզական ներգործությունը հասնում է իր բարձրակետին:

Սա արդեն մարդու դիմանկար չէ, սա նրա զգացմունքի դիմանկարն է:

***

Ս. Էյզենշտեյնն այսպիսի դրույթ ունի. կադրը, մոնտաժում բախվելով մի ուրիշ  կադրի, միտք, գնահատական, եզրահանգում է ծնում: Ստացվում է մոնտաժային կցվածք: Ա. Փելեշյանը կադրերը ոչ թե միակցում է, այլ տարակցում, ոչ թե մեկտեղում է, այլ մի տեսակ բաժան- բաժան անում: Եվ… նրանց միջև դնում է երրորդը, հինգերորդը, տասներկուերորդը: Նա ունի, այսպես կոչված, հենակետային կադրեր, որոնք իմաստային կարևոր բեռնվածք են կրում: Դրանց միջև տարածություն է մնում: Երկու նույնական (կամ նման) կադրերը, փոխներգործության մեջ մտնելով տարածության (դիստանցիայի) վրա, ի հայտ են բերում հիմնական գաղափարը, կերպարա-իմաստային շեշտը: Նման մոնտաժը ռեժիսոր Ա. Փելեշյանը դիստանցիոն  մոնտաժ է անվանում:

Հանդիսատեսին կարող է չհետաքրքրել գործի տեսական կողմը, սակայն չի կարող չհուզել այն, ինչ տեսնում է էկրանի վրա. այստեղ սրտի տրոփյունի կամ շնչառության ինչ-որ յուրօրինակ էֆեկտ է ստացվում:

Ինչպես հանգի որոնումը բանաստեղծին կարող է հասցնել ինքնատիպ գաղափարի, այնպես էլ կադրերի տարակցումը Փելեշյանին մտքի նոր ոլորք է տալիս: 1973-ին «Վոպրոսի կինոիսկուստվա» ժողովածուում այդ մասին կարդացի. «Դիստանցիոն մոնտաժը ֆիլմի կառուցվածքին գնդաձև պտտվող պատկեր է տալիս»:

 Հիշում եմ «Մենք» ֆիլմի մի ուրիշ հատված: Ճիչ և արձագանք՝ վիշտն ու աղետն է իջել հայոց լեռների վրա: Լերկ են այդ լեռները և ամայի: Ձեռքեր, բազում ձեռքեր, որ բարձր տանում են չգիտես՝ նավա՞կ, թե՞ դագաղ: Դագաղ է… Տղամարդկանց զորեղ, կանանց նուրբ ու մանուկների փխրուն ձեռքեր…

 Տղամարդու ջլուտ մի բազուկ հողից քար է հանում: Ամբողջ Հայաստանը համատարած քար է: Խաղողի որթ տնկելու համար նախ հարկավոր է քար արմատախիլ անել: Թերևս հենց այդտեղ է հարություն առնում հեքիաթային խորհրդանշանը՝ ձեռքերով քարից ջուր քամող մարդ:

Հողի մշակի, քանդակագործի պրկված ձեռք… Լարվածությունը հաղորդվում է մեր ձեռքերին, սրտին… Բանելուց խոնջացած մատներ, որ խնամքով ողկույզներ են պոկում: Սա աշխատավոր Հայաստանն է: Իսկ ժողովրդի հոգին, իմաստությո՞ւնը. դրանց էլ թերևս կարող եք հասու լինել, եթե ուշադիր նայեք սայլին նստած այս փառահեղ, հպարտ ու բարի ճերմակահեր կնոջ դեմքին: Լեռները վեր են խոյանում՝ կյանքը, բերկրանքն է դա: Լեռները վար են գահավիժում՝ մահ է: Փլուզում ու մահ:

Թվում է՝ ողջ ժողովուրդն է ձեռքերի վրա դագաղ տանում:

Հայաստանում այդպես են թաղում թանկ ու սիրելի մարդուն: Սա ավանդույթ է: Առանց դիակառքի, առանց ավտոմեքենաների, միայն մարդիկ են՝ հազար-հազարավոր մարդիկ: Եվ դագաղ տանող ձեռքեր: Սիրտդ լցվում է թախծալուր երգասացությամբ: (Արդյո՞ք դա քո ձայնը չէ, Լուսինե… Տարիներ առաջ ես քեզ լսեցի Էջմիածնում… Հետո դու երգեցիր նորից, և ես արտասվեցի): Ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր լավագույն զավակներից մեկին:

Այս դրվագը, թվում է, մասնավոր իմաստ ունի: Մենք տեսնում ենք իրական հուղարկավորություն: Այդպես հողին հանձնեցին Մեծ ավագներին՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, թատրոնի ու կինոյի դերասան Հրաչյա Ներսիսյանին, այդպես ձեռքերի վրա տարան ջերմորեն սիրված վաղամեռիկ բանաստեղծ Պարույր Սևակին…

Սակայն հանդիսատեսի վրա այս դրվագը ներգործում է ոչ միայն իբրև մասնավոր իրողություն. մենք այն ընկալում ենք նաև որպես համաժողովրդական վշտի ընդհանրացված պատկեր, հավերժ երախտագիտության տուրք կյանքը ժողովրդին նվիրաբերած և նրա վշտին արժանի բոլոր մարդկանց:

***

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն օժտված են ինչ-որ հատուկ, առաձիգ ռիթմով, նրանց մեջ երբեմն զգում ես գրեթե բանաստեղծական չափեր, կրկնատողեր: Հեղինակն ասում է, թե առանձին հատված- դրվագների տևողությունը խստորեն համեմատական է ամբողջ ֆիլմի ընդհանուր տևողությանը:

Ընդունված է ասել, որ կինոն «սնունդ է առնում» արվեստի ավելի հին տեսակներից՝ գրականությունից, երաժշտությունից, նկարչությունից: Ա. Փելեշյանը համոզված է և համոզում է, որ դիստանցիոն մոնտաժի վրա հիմնված կինեմատոգրաֆը հյութեր է ստանում նույն միջավայրից, ինչ գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը: Այն բացարձակապես ինքնուրույն է կամ ունակ է լինելու այդպիսին:

Այնքան էլ կարևոր չէ՝ Ա. Փելեշյանի  մեթոդը կինեմատոգրաֆում «գրանցում» կստանա, թե ոչ: Կասկածից դուրս է մի բան, որ լրջմիտ, ազնիվ, տաղանդավոր արվեստագետի որոնումները հանդիսատեսի մտքի ու զգացմունքների վրա ներգործելու նոր հնարավորություններ են բացում: Հեղինակային և ռեժիսորական միտքն արտահայտելու այս մեթոդը հետաքրքիր է: Բայց այն պետք է կիրառել խելամտորեն, ճկուն, պայմանավորված որոշակի հղացումով:

Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությունը թերևս հասկանալի է մոլորակի ցանկացած անկյունում: Այն ինտերնացիոնալ է: Եվ իր արվեստի միջոցներով կարող է պատմել ամեն ինչի մասին: Այս ստեղծագործությունն ինձ համար թանկ է այն բանով, որ կարող է պատմել Հայաստանի մասին: Պատմել այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք: Ինչպես Լակսնեսն՝  իր փոքրիկ Իսլանդիայի մասին: Փոքրի մեջ բացելով մի ամբողջ աշխարհ:

Սուլամիթա Ռուդնիկ

ՍԵՎԱԿ ԵՎ ՍՈՒԼԱՄԻԹԱ

14 Փտր

Սա իսկապես բացառիկ նկար է: 1969 թվականի ամառ: Զվարթնոց տաճարում: Կանգնած են Պարույր Սևակը, Սուլամիթան և Սուլամիթայի դուստրը՝ Բելան: Պատմությունն այս «ծածուկ» այցելության մասին իր մեջ հուզիչ էջեր է պահ տվել:

10 հարց Պարույր Սևակին

25 Հնվ

Բանաստեղծ Պարույր Սևակի գրական ժառանգության և նրան առնչվող նյութերի մի ստվար հատված ընթերցողների համար դեռևս շարունակում են մնալ անհասանելի: Քիչ չեն նաև այն էջերը, որոնք քչերին են հայտնի, թեև կարող են ինչ-որ առումով լրացնել մեծ բացը և որոշակի պատկերացումներ տալ գրողի մտածումների, նրա դավանած սկզբունքների և այս կամ այն  երևույթի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին: Ստորև ներկայացվող շարադրանքը կարելի է դասել վերոնշյալների շարքին:

1967 թվականին բանաստեղծ Արամայիս Սահակյանը, որն այն տարիներին «Գարուն»  ամսագրի գրականության բաժնի վարիչն էր, 10 հարցերից կազմված մի հարցաթերթիկ էր ներկայացրել հայ գրողներին: Նման հարցաշար էր ստացել նաև Պարույր Սևակը: Վերջինս պատասխաններն աչքի են ընկնում  որքան սեղմությամբ, նույնքան էլ  ինքնատիպությամբ ու խտությամբ:

Հովիկ Չարխչյան

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ — Կենսական և հոգեբանական ո՞ր երևույթների ու խնդիրների արտացոլմանն եք ավելի նախապատվություն տալիս և կարևոր համարում ներկա ժամանակներում:

ՍԵՎԱԿ- Ես նախապատվությունը տալիս եմ մեր երիտասարդության մտածելակերպի և հոգեբանության ըմբռնմանն ու դրսևորմանը:

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ- Մեր օրերում որո՞նք են գրականության և արվեստի բուն նպատակները:

ՍԵՎԱԿ- Ազդել կյանքի վրա՝ կենսական ճշմարտություններն արտահայտելով անխառն վիճակում, այսինքն՝ առանց ամեն տեսակ թերասացության և գունազարդման:

ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ- Ո՞րն է սովետահայ գրականության առաջընթացի հիմնական ազդակը և ո՞րն է արգելակիչը:

ՍԵՎԱԿ- Հիմնական ազդակը եղել է ու պետք է լինի գրական միջոցներով կյանքի վրա ներազդելու ձգտումը: Բազմաթիվ մեծ ու փոքր արգելակիչներից առաջնահերթը, իմ կարծիքով, մտավախությունն է…

ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ- Ի՞նչ կասեք հանրահայտ եռանկյան՝ գրող- ընթերցող- քննադատ արտահայտության և էության մասին՝ հատկապես այսօր:

ՍԵՎԱԿ- Գրողը, ըստ իս, ստեղծագործելիս բնավ չպիտի մտածի քննադատի գոյության մասին, որովհետև քննադատն էլ, ըստ էության, ընդամենը ընթերցող է (բարձրագույն և հմուտ): Ընթերցողի մասին բնավ չմտածելն անկարելի է, շատ մտածելը՝ կործանարար: «Չի կարելի քծնել ոք ոքի, մինչև իսկ ժողովրդին»,- պատվիրել է մեզ մեր մեծ նախահայրերից մեկը՝ Ստենդալը:

ՀԱՐՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ- «Ազգային գրող և ազգային գրականություն» տեսության Ձեր մեկնաբանությունը:

ՍԵՎԱԿ- Իսկական գրողը, եթե նույնիսկ կամենա էլ, չի կարող չլինել ազգային: Դա բացառված է: Բայց ազգային մեծ գրող է դառնում միայն նա, ով ուղնուծուծով հասկանում է, որ ինքը նաև մարդկության զավակն է, ոչ թե միայն որևէ ազգի:

ՀԱՐՑ ՎԵՑԵՐՈՐԴ- Ձեր կարծիքը՝ գրական կյանքի աշխուժացման և միջգրական հարաբերությունները ավելի նորմալ ու արդյունավետ դարձնելու մասին:

ՍԵՎԱԿ- Գրական կյանքի աշխուժացումը նախ և առաջ ենթադրում է գրական մտքի ազատություն, որն իր կարգին չի կարող չազդել միջգրական հարաբերությունների առողջացման վրա: Այդ հարաբերությունները փչանում են անձնական հաշիվը դրոշակ դարձնելուց և անաչառությունը ընկերասիրությամբ փոխարինելուց:

ՀԱՐՑ ՅՈԹԵՐՈՐԴ- Համառոտ ի՞նչ կասեք սովետահայ թատրոնի, կինոյի, երաժշտության և ճարտարապետության մասին:

ՍԵՎԱԿ- Սովետահայ թատրոնից և կինոյից շատ եմ դժգոհ, բայց ուրախությամբ եմ նկատում որոշակի տեղաշարժ, որ չի կարող առաջիկայում չտալ սպասելի արդյունք: Երաժշտության մեջ վերջերս նկատելի է, ըստ իս, ինչ-որ էստրադայնություն (բառիս վատ առումով): Ճարտարապետությունը (առանձին բացառությունները չհաշված) փաստորեն դարձել է ավելի շինարարություն, քան արվեստ: Եվ սա շատ անհանգստացնող երևույթ է:

ՀԱՐՑ ՈՒԹԵՐՈՐԴ- Ձեր ամենասիրած սովետահայ, ռուս, արտասահմանյան գրողը կամ բանաստեղծը, և ինչու հատկապես նա:

ՍԵՎԱԿ- Այս հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև… խաղող էլ եմ սիրում, դեղձ էլ…

ՀԱՐՑ ԻՆՆԵՐՈՐԴ- Ձեր համառոտ կարծիքը նորի և ավանդականի մասին:

ՍԵՎԱԿ- Ամեն զավակ կամ իր հորն է քաշում, կամ քեռուն: Այս ավանդականն է: Բայց ամեն զավակ էլ տարբերվում է և իր հորից, և իր քեռուց: Այս էլ՝ նորը:

ՀԱՐՑ ՏԱՍՆԵՐՈՐԴ- Գրականությունից բացի ինչով եք «հրապուրվում» կյանքում (սպորտ, արվեստի որևէ ճյուղ, ճամփորդություն, երեխաներ և այլն):

ՍԵՎԱԿ- Երեխաներին իզուր եք մտցրել «հրապուրանքի» ցուցակում. նրանք վեր են գրականությունից էլ, արվեստից էլ («Ամենից առաջ՝ ես հայր եմ կյանքում»): Հրապուրված եմ «ուրիշ երեխաներով»՝ ծառ ու ծաղկով, այգեգործությամբ և ծաղկաբուծությամբ:

Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը. Հովիկ Չարխչյան

25 Հնվ

Տարին հոբելյանական է  հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի համար։ Գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել են նախօրեին։ Ողջ տարվա ընթացքում ամենուր զգացվելու է սևակյան շունչը։

Panorama.am-ը զրուցել է գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ  Պարույր Սևակի՝ հայ գրականության մեջ ունեցած անփոխարինելի դերի ու մինչ օրս նրա մտքերի արդիական լինելու «գաղտնիքի» մասին։

Panorama.am — Այսօր Պարույր Սևակն ամենաշատ մեջբերվող դասականներից է։ Ինչո՞վ եք բացատրում դա։

Հովիկ Չարխչյան— Մեջբերել Սևակին՝ նշանակում է զգալ անհրաժեշտությունը, նշանակում է՝ կանչել օգնություն, ունենալ թարգման սեփական ապրումների ու մտքերի համար: Նշանակում է փաստել ու հաստատել, որ Սևակն արդիական է:

Panorama.am — Կարծեք, Սևակը շատ ուսումնասիրված հեղինակներից է։ Արդյո՞ք նոր ասելիք կա: Նոր բացահայտումներ կարո՞ղ են լինել Սևակի կյանքի, ստեղծագործական գործունեության ընթացքի մասին։

Հովիկ Չարխչյան — Սևակի շատ ուսումնասիրված լինելը դեռ վկայությունը չէ այն բանի, որ գրական ժառանգությունն ու կյանքը ուսումնասիրվել են անհրաժեշտ խորությամբ ու ամբողջականությամբ: Գրողի անձնական արխիվն առ այսօր շարունակում է մնալ փակի տակ: Այս հանգամանքը ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Եվ ուսումնասիրողներին այլ բան չի մնում, քան որոնել-գտնել նոր աղբյուրներ, զուգահեռ ճանապարհներ, շրջանցող տաբերակներ: Այո, բացահայտումներ անպայման լինելու են՝ անկախ այն բանից, թե ովքեր և ինչու են ցանկանում կասեցնել նման ընթացքը:

Panorama.am — Եթե չլիներ Սևակը, հայ գրականության ո՞ր ուղղությունը բաց կլինի։

Հովիկ Չարխչյան — Եթե չլիներ Սևակը, չէր լինի սևակյան աշխարհը, սևակյան մտածողությունը և սևակյան հնչեղությունը: Սևակը նկարագիր ու երանգ է, ինչպես յուրաքանչյուր վառ անհատականություն գրականության մեջ: Ասել, թե այդ ուղղությունը կմնար բաց, այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես այն կլիներ այլ դիմագծերով և այլ շնչով:

Panorama.am —  Սևակյան ո՞ր տողերը կարող եք հիշել, որը հնարավորինս կարող է բնութագրել հայաստանյան այսօրվա իրականությունը։

Հովիկ Չարխչյան — Սևակի «Նորօրյա աղոթքը» լիովին տալիս է այդ հարցի պատասխանը:

Panorama.am — Եթե այսօր ապրեր Սևակը, արդյո՞ք ակտիվ դիրքորոշում կհայտներ երկրում կատարվողի մասին ու չէր լռի, այդպիսի՞ն էր նա խառնվածքով։

Հովիկ Չարխչյան — Ստեղծագործությունն ինքնին դիրքորոշում է: Ակտիվ դիրքորոշում ներկայացնելու համար բոլորովին պարտադիր չէ, որ հնչեն հրապարակային ելույթներ և կամ համացանցը հեղեղեն ամենօրյա գրառումներով: Դիրքորոշումը նախ և առաջ գործողություն է, անձնական էության դրսևորում: Եվ Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը: Վկան՝ իր հանդեպ եղած սերն ու իր գրականության նկատմամբ աճող հետաքրքրությունը:

Panorama.am— Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ

10 Հնվ

1961 թվականի հայ գրողների մի խումբ մեկնում է Ուզբեկստան: Նրանց թվում էր նաև Պարույր Սևակը: Այս ուղևորության և այնտեղ կայացած հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններից բացի շատ քիչ բան է հայտնի:

Ներկայացնեմ մի բացառիկ լուսանկար: Պարույր Սևակը Ուզբեկստանի Անդիջանի մարզի Խրուշչովի անվան կոլտնտեսությունում է, որտեղ հյուրերին դիմավորում են տեղի բնակիչներն ու աշակերտները: Պիոներներից մեկը կարմիր վզկապով է պատվում Սևակին:

Պարույր Սևակ. «Ի՞նչ կանեի ես, եթե իսկապես Ձմեռ Պապիկ լինեի»

1 Հնվ

Նոր տարին սևակյան է  լինելու. լրանում է Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը: Եվ այս իմաստով խորհրդանշական պիտի դիտվի, եթե 2024 թվականը սկսենք մեծ բանաստեղծի խոսքով: Շարադրանքը, որ ներկայացնում ենք ստորև, գրվել է 58 տարի առաջ: 1965 թվականից Պարույր Սևակը նորաբաց «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի կոլեգայի անդամ էր: Տարեվերջին նրան խնդրում են Սփյուռքի և Հայաստանի մեր հայրենակիցներին ուղղված շնորհավորանքի խոսք գրել: Ըթերցողներին քիչ հայտնի այդ ամանորյա ուղերձն այսօր էլ արդիական իր բովանդակային շեշտադրումներով և համազգային մտահոգություններով:

Հովիկ Չարխչյան

«Նոր Տարի է: Սփյուռքի մեր մանուկ- մանչուկները այլևս անհամբեր սպասում են Ձմեռ Պապիկին, որի գոյությանը հավատում են, ինչպես նրանց ծնողներն են հավատում իրենց ազգային իղձերի իրականացմանը:

Ու հանկարծ մեջս արթնացավ մի զուտ մանկական ցանկություն՝ լինել Ձմեռ Պապիկ՝ բարի, նվիրաբաշխ, ամենակարող:

Եվ ի՞նչ կանեի ես, եթե իսկապես Ձմեռ Պապիկ լինեի: Ամենից առաջ, բնականաբար, ես գիրկս կառնեի բոլոր մանչուկ- աղջնակներին, որ իմ եղբորորդիներն են և քեռորդիները:

Այնուհետև ես նվերներ կբաժանեի ոչ միայն փոքրերին, այլև  մեծերին: Բոլորին անխտիր կպարգևեի պարգևներից մեծագույնը՝ Հայրենիք, որ ինչքան իմն է, առավել՝ նրանցը, ովքեր ունենալով չունեն: Եվ բոլորին անխտիր կընծայեի նշանաբանը՝ «Հայ մնալ»: Եվ իսկույն էլ կբացատրեի- կհասկացնեի- կներշնչեի, թե ամեն ժողովուրդ ունի իր ճակատագիրը, որ գրված է շրջված տառերով, այս պատճառով էլ թվում է անընթեռնելի: Պատմականության հայելու մեջ այդ տառերը վերաշրջվում են և ստանում իրենց շիտակ տեսքը: Լվացվելուց հետո հայելու օգնությանը դիմելիս նայեցեք ձեր ճակատին և չեք կարող պարզորոշ չկարդալ ձեր իսկ ճակատի գիրը. «Հայ մնալ»:

Իմ բոլոր նվերները, ընծաները, պարգևները փաթաթված կլինեն մի թղթով, որ պիտի պսպղա Արարատյան և Մշո դաշտերի, Սևանա և Վանա ծովակների, Մասյաց և Սասնո լեռների երանգներով, մի թուղթ, որի վրա պիտի դրոշմված լիներ մի քանի տող.

Եվ Հարենիքը ոչ մուրացկան է, ոչ էլ հարկահան,

Մեր սերն էլ տուրք չէ, ոչ էլ գրություն,

Սերը սուրբ ավյուն ու սուրբ արյուն է,

Որ պիտի ծիլ տա

Թե՛ մոր, թե՛ մանկան անկողիններում,

Որտեղ սավանը ճմրթորվում է ոչ սավանի պես,

Այլ իբրև պատանք,

Որ պատառոտվի հենց այդ պատանքը,

Եվ համբարձվելով հառնի նոր ոգին:

Նոր ոգին, նո՛րը….

Իսկ դրա համար հարկավոր է նախ և առաջ չխճճվել անձնական և նեղ խմբակային շահագրգռությունների մեջ, ինչպես արջառը իր ոտնակապով: Ես շատ կուզեի, որ Տարեմուտի սեղանների շուրջ ամեն հայ ընտանիքում գեթ մեկ անգամ հնչեր մշեցու սարսռազդիկ «Օրորոցայինը» իր արթնացուցիչ կրկներգով. « ԶԱՐՆԹԻ՛Ր, ԼԱՈ, ՄԵՌՆԻՄ ՔԶԻ…»:

Եվ ինչո՞ւ նույն սեղանների շուրջ մեկ անգամ էլ չհնչի այն ճշմարտությունը, որ երանի թե ժխտված լիներ. «ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ, ՈՐ ՄՐՐԿԱՒ ԷԻՆՔ ԶԱՏՎԱԾ…»: Բայց ոչ միայն ԷԻՆՔ, այլև ԵՆՔ: Եվ քանի դեռ կա այդ ԵՆՔ-ը, երեխաները կարող են հավատալ Ձմեռ Պապիկի գոյությանը, բայց նրանց ծնողները հազիվ թե նույն անմեղությամբ հավատան իրականացմանը իրենց ազգային իղձերի:

Ես կուզեի նաև «բարձունքներից» իջնել «ստորոտը»՝ հիշեցնելու մի մանրուք, որի մեջ է անդրադարձումը մեծի: Իմ ստացած բազմաթիվ նամակների մեջ ահա ևս մի նամակ, ավելի ճիշտ՝ հրավիրատոմս. «Տիկին Էլմաստ Աւագեան և տիկին Մարգրիտ Սագիսեան կը հրավիրեն Ձեզ… երեկոյեան ժամը եօթին ներկա գտնուելու իրեն զաւակներուն՝ Տիրանի  եւ Վերժինի սբ. պսակի խորհրդին»: Եվ գիտե՞ք որտեղ …. Հալեպի սբ Քառասնից մանկանց եկեղեցում:

Եկեք բոլորս մեկտող, միմյանց Նոր տարին շնորհավորելուց առաջ շնորհավորենք Տիրանի և Վերժինի սուրբ պսակը՝ մաղթելով նրանց միածին բախտավորություն ու երկվորյակ զավակ: Բայց եկեք նաև ամենքս միմյանց ցանկանանք մոտալուտություն այն վիճակի, երբ այսօրինակ հրավիրատոմսերը պիտի ոչ միայ թացություն տան մեր աչքերին, այլև փութացնեն մեզ ընդունելու հաճելի և հնարավոր հրավերքը…

Թող գալիք տարին ևս մեկ քայլով մեզ մոտեցնի՝ մեզ տալով երջանիկ հնարավորությունը մասնակցելու մեր հայրենաբաղձ տիրանների ու վերժինների պսակին, նրանց մանչուկների և աղջնակների կնունքին, Նրանց Կաղանդ-Ամանոր- Տարեմուտը իրենց իսկ տանը շնորհավորելու հասարակ բախտին…

Եկող տարին թո՛ղ պակասեցնի մեր սրտնեղությունՆ ու տրտմությունը և ի հաշիվ լայնախոհություն ու շրջահայեցություն տա մեզ, նաև համբերություն, ինչից կուշտ ենք:

Թող Նոր Տարին մեզ մեկ տարով էլ մոտեցնի մեր երազանքներից մեծագույնին …

Նախ՝ ձեր և միշտ՝

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ»:

ՍԵՎԱԿԻ ԵՐԿՏՈՂԸ ՔՐԴԵՐԻՆ

3 Սպտ

Պարույր Սևակի ձեռքով գրված այս երկտողի ճշտգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Ենթադրաբար այն գրվել է 1960-ականների կեսին: Բայց կան մանրամասներ՝ կապված գրության շարժառիթի հետ: Ժամանակին Հայաստանում լույս տեսնող քրդալեզու «Ռյա թազա» թերթի բաժնի վարիչներից մեկը՝ Ագիթե Խուդոն հանդիպում է Սևակին՝ նրա հետ հարցազրույց վարելու նպատակով: Վերջում թղթակիցը խնդրում է բանաստեղծին մեկ-երկու տող գրել՝ հասցեագրված թերթի ընթերցողներին: Սևակն էլ գրում է այս տողերը:

ՄԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՑ

18 Հնս

1966 թվականի փետրվարի 10-ին «Ավանգարդ» թերթում մի ընդարձակ հոդված տպագրվեց այն մասին, որ Եղեգնաձորում կայացել է ուսանողական հավաք: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 150 եղեգնաձորցի երիտասարդներ հանդիպել էին հանրապետության արվեստի, մշակույթի, գիտության նշանավոր դեմքերի հետ, որոնց նախապես հրավեր էին ուղարկել: Հոդվածից տեղեկանում ենք, որ հատուկ հրավեր էր ստացել նաև Պարույր Սևակը: Սակայն բանաստեղծը հավաքին մասնակցել չէր կարողացել: Փոխարենը նրանց էր հասցեագրել իր գրավոր խոսքը, որն էլ ընթերցվել էր հանդիպման ժամանակ:

Իսկ ի՞նչ պատահեց այդ ձեռագրի հետ, հավաքի մասնակիցներից ո՞վ կռահեց, որ դա թանկագին մասունք է և այն պիտի պահպանվի, այլ ոչ թե գնահատվի իբրև մի շարքային գրագրություն և, ի վերջո, ոչնչացվի, ինչպես որ մեկընդմիշտ կորստյան են մատնվել նշանավոր մարդկանց բազում ինքնագրեր ու անձնական իրեր:

Ահա նման որոնումների ու մտորումների շրջան էր, երբ գեղեցիկ մի օր նամակ ստացա Մասիս քաղաքից՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Թամարա Բաբայանից: Վերջինս տեղեկացնում էր, որ իրենց ընտանեկան արխիվում պահվում են Սևակին վերաբերող արժեքավոր նյութեր և դրանք իրեն է ժառանգել հայրը՝ Նորիկ Բաբայանը: Եղեգնաձորի ուսանողական հավաքին Սևակի հասցեագրած գրավոր խոսքը նույնպես դրանց թվում էր:

Այն տարիներին Նորիկ Կարապետի Բաբայանը պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Եղեգնաձորի շրջկոմում: Բայց դրանից զատ, Սևակի հետ նրան կապում էին ընկերական ջերմ հարաբերությունները, որոնց վկայությունն են ընտանեկան արխիվում պահպանվող լուսանկարներն ու նամակները, ինչպես նաև դստեր հիշողությունները, որոնք գրի են առնված:

Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն հայտնելով տիկին Բաբայանին, նաև Սևակի հիշատակի օրվա առիթով ստորև ներկայացնում ենք Պարույր Սևակի բաց նամակը և լուսանկարներ, որոնք հրապարակվում են առաջին անգամ:

Հովիկ Չարխչյան

***

«Եղեգնաձորի ուսանողության ավանդական 2-րդ հավաքի մասնակիցներին.

Իմ սիրելի՛ հայրենակիցներ.

Սրտանց ցավում եմ, որ անկարող եմ մասնակցել ձեր հավաքի արդյունավետ ասուլիսին, բայց կրկնակի ուրախ եմ, որ այդ հավաքը տեղի է ունենում երկրորդ անգամ և դրանով իսկ դառնում է ավանդական:

Երիտասարդությունն առհասարակ, ուսանողությունը՝ մասնավորապես եղել է և լինելու է ամեն երկրի և ամեն ժողովրդի ապագան,- այս գիտակցությամբ էլ պիտի գործի յուրաքանչյուր հայ երիտասարդ, մանավանդ՝ ուսանող:

Ձեր և իմ ծննդավայր Եղեգնաձորը մեր հայրենիքի գեղեցկագույն անկյուններից մեկը չէ միայն, այլև մեր ժողովրդի մշակութային վաղեմի կենտրոններից մեկը:

Եկեք ամեն մեկս ապրենք ու գործենք այնպես, որ արժանի դառնանք եղեգնաձորցի կոչվելու, ինչը նախ և առաջ պարտավորություն և պարտականություն է ենթադրում…

Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, իմ սիրելի հայրենակիցներ:

Միշտ ձեր՝ Պարույր Սևակ:

20.01.66

Երևան»:

ԸՆԾԱՅԱԳԻՐԸ

17 Հնս

Պարույր Սևակի ընծայագիրը Վազգեն Ա կաթողիկոսին նվիրած գրքի վրա:

Սա հատված է Սաղմոս ԻԴ-ից: Ասվում է.

«Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից:

Տե՛ս իմ խոնարհությունն ու վաստակը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին»:

Պարույր Սևակ. «Մերոնք հակված են հրաժարվելու մեր զուտ ազգայինից՝ հանուն օտարի»

2 Մյս

Պարույր Սևակի հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակը չէր սահմանափակվում միայն գրականությամբ: Գրողը բազմիցս հրապարակավ հանդես է եկել նաև լեզվի խնդիրներին, պատմությանը, կրոնին, թատրոնին, կինոարվեստին, երաժշտությանը, ճարտարապետությանը, գիտության առանձին ճյուղերին առնչվող ելույթներով ու դիտարկումներով՝ յուրաքանչյուր անգամ դրսևորելով ինչպես արծարծվող նյութի իմացություն, այնպես էլ ինքնատիպ մտածողություն ու մոտեցում:

Մեր հերթական հրապարակումն այս անգամ առնչվում է ազգային պարարվեստի հանդեպ Սևակի վերաբերմունքին ու տեսակետներին: 1968 թվականին կազմակերպվում է մի խումբ արվեստագետների զրույց-քննարկում պարարվեստի խնդիրների շուրջ: Այդ քննարկմանը իր կարծիքն է արտահայտել նաև Սևակը: Դիտարկելով պարն իբրև ազգային և մշակութային նկարագրի կարևոր բաղկացուցիչ՝ հաշվի առնելով ժամանակների առանձին տիրույթներում դրա վերափոխման ու կենսունակության պահպանման գործոնները, նա գուցե երբեմն սուր, անհաշտ, սակայն մշտապես իր սրտացավ ու սկզբունքային մոտեցումներով ձեռքը պահում է օրվա զարկերակի վրա՝ կարևորելով պարարվեստը ոչ միայն իբրև առանձին ոլորտ, այլև շատ ավելի տարողունակ և ընդարձակ համապատկերի անքակտելի մաս:

Ստորև ներկայացնում ենք Սևակի խոսքի սղագրությունը` ընթերցողներին հանձնելով բանաստեղծի ժառանգության անծանոթ էջրերից ևս մեկը:

Հովիկ Չարխչյան

***

«Մեր ազգային պարարվեստը հիմա այնպիսի նեղ օրի է, որ ամենքս էլ, նույնիսկ պարի մասնագետներից ներողություն չխնդրելով, պարտավոր ենք խառնվել այդ գործին, մեր խոսքն ասել և օգնության ձեռք մեկնել: Իսկապես շատ ենք ուշացել (մեր դժգոհությունը արտահայտելու մեջ): Ուստի և պետք է շտապել: Ու եթե բոլորս սրտանց որոնենք, գուցե հաջողվի իմանալ, թե որտեղ է թաքնված «նապաստակը»:

Մեզ, իհարկե, չի կարող մխիթարել այն, որ այսօր նույն դժվար վիճակում են Միության մյուս անսամբլները, որ նրանք բոլորը նման են իրար, և որ դժգոհ են ոչ միայն մեր հանդիսականները:

Ես ցավով եմ նայում, օրինակ, վրացական պարի անսամբլը: Տխրում եմ՝ տեսնելով, որ վրացուհիները կրծքով «պատ են քանդում»: Դժվար է իրարից տարբերել մեր և ադրբեջանական անսամբլները. դրանք ոչ թե պարզապես նման են, այլ ուղղակի երկվորյակներ են: Որովհետև ճշմարտապես ազգային չեն:

Մինչդեռ «ազգային անսամբլ» ասվածը իրոք պետք է ազգային լինի: Ուզբեկական անսաբլի պարը  դիտելիս ինձ ամենից շատ դուր եկավ հարեմական պարը: Դա ծրագրի ամենահաջող ու ամենագեղեցիկ համարն էր: Որովհետև ուզբեկական էր, անաղարտորեն ազգային:

Մեր Նազիկն էլ, երևի, պորտապար է պարել, բայց չմոռանանք հեթանոսական ժամանակներում, «հարեմական» պայմաններում:

Այս մասին խոսում եմ՝ կրկնելու համար, որ ազգային պարարվեստի վիճակը աննախանձելի է միութենական մակարդակով: Նախկին մահմեդական մեր հարևանները բեմ են հանում այնպիսի պարեր, որոնք չէին կարող լինել և չեն էլ եղել «շարյաթի» և հարեմի պայմաններում:

Կարդացել եմ մեր պարարվեստի արդի վիճակին նվիրված հոդվածները: Բոլորն էլ մի մեխի են խփում և մեծ մասամբ ճիշտ են: Բայց իրոք ի՞նչ են ուզում, ինչի՞ մասին են խոսում, դեռ չգիտենք: Հոդվածագիրներից մեկը, իբրև ծանր մեղադրանք, իր ընդդիմախոսներին ասում է, թե դուք ուզում եք, որ մենք «գրաբար խոսենք»: Այստեղ ես ոչ մի հանցանք չեմ տեսնում: Այո, ժողովրդական պարը հենց «գրաբար» է: Եվ ինչպես մեր լեզվի ինստիտուտում կա գրաբարի բաժին, որի աշխատակիցները պարտավոր են գրաբար իմանալ (իսկ եթե նաև խոսել իմանային՝ ավելի լավ), այնպես էլ մեր պարային մշակույթի մեջ պետք է «գրաբար խոսող» մի բաժին լինի՝ ժողովրդական պարի անսամբլը:

Գրաբարը մերժելով՝ փորձում են կլասիկան բարձրացնել իբրև դրոշ. ասում են՝ «ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով»: Իրականում բնավ էլ այդպես չէ բանը: Ահա, օրինակ, հունգարները, որ ճրագով ման են գալիս հնության, նույնիսկ, Դաղստանում են փնտրում իրենց հին պարարվեստի մասունքները (դրա հիմքն այն է, թե իրենք ավարցիների հետ ծագումնաբանական մերձավորություն ունեն):

Իսկ հունգարները, կարծեմ, Եվրոպայի կենտրոնում են և առավել իրավունք ունեն ճչալու «կլասիկայի» մասին: Մինչ Լիստի և Բարտոկի ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել անցյալից, մերոնք ահա հակված են հրաժարվելու մեր զուտ ազգայինից՝ հանուն օտար և համընդհանուր «կլասիկայի»: Հենց այդ միտումից էլ ծնվում է այն ահավոր միօրինակությունը, ինչից տառապում են Միության արևելյան պարախմբերը:

Ինչպես գիտենք, կա «ծրագրային երաժշտություն»: Բայց նաև «ծրագրային պա՞ր»: Եթե անգամ այո, այդ դեպքում մի՞թե կարելի է երեսուն տարի շարունակ զարկ տալ այդ «ծրագրային պարին» և 30 տարի պարել նույն «ծրագրով»:

Ինչ-որ արտառոց բան կա նաև «պարերի բեմականացում» ասվածի մեջ. ախր նախ՝ պարը պարում են, լավագույն դեպքում՝ կատարելով կատարելագործում կամ կատարելագործելով կատարում: Էլ ի՞նչ բեմադրում: Հենց այդ «բեմադրությամբ» են մոգոնվում «ձկնորսների», «բանվորների», «վարորդների» (կարելի է անվերջ շարունակել) պարերը:

Թաթուլ Ալթունյանը, իհարկե, շատ գործ է արել, իրոք ժողովրդական գործ: Ժողովրդական արտիստի նրա տիտղոսը իրոք ժողովրդականից ժողովրդական է: Բայց նրա արածը հիմա իր հակառակ երեսով է երևում և, պետք է խոստովանել, այլևս աչք չի շոյում:

Օգտվելով առիթից, ես ուզում եմ մեր գրողների անունից ջերմորեն շնորհավորել այս ասուլիսին ներկայացած Սրբուհի Լիսիցյանին՝ իր ծննդյան 75-ամյակի առթիվ և ասել, որ նրա արածը ոչ ոք չէր կարող անել, որ նա իր գործով կանգնում է Կոմիտասի ու Աբեղյանի կողքին: Նա է, որ կորստից փրկել ու փրկում է մեր պարի վիթխարի հարստությունը:

Ասում են՝ կինոյի օգնությանը դիմենք, նկարահանենք մեր ժողովրդական պարերը: Բայց ի՞նչ կարող է նկարահանել կինոապարատը այսօր: Թերևս միայն էրզաց և սուռոգատ, որովհետև ուրիշ բան չի մնացել, որովհետև այսօր ամենուրեք պարում են մեր անսամբլներից սովորած սուտ ու փուտ «ազգային» պարերը:

Ժամանակն է, որ մենք չվախենանք էթնոգրաֆիա-ազգագրություն բառից, ինչպես որ չենք վախենում «գրաբարից»: Էթնոգրաֆիան մեր ազգային հարստությունն է, ժողովրդի ստեղծագործությունը, հոգևոր սննդի դարերով կուտակված անսպառ աղբյուրը: Պետք է կարդալ, վերծանել, օգտագործել այդ կուտակումը: Եվ նախ այդ մասին պետք է խոսել ու գրել:

Իհարկե, անհնար է, և պետք էլ չէ այդ ստեղծագործությունը արհեստականորեն միակցել այսօրվա ծնունդ պարերին կամ դասականին: Ազգայինի բանն ուրիշ է:

Թույլ տվեք մի կոպիտ թվացող համեմատությամբ պարզեմ պահանջս ու ասելիքս: Կան ընդհանրապես ճաշարաններ: Ժողովրդական պարի անսամբլները «ազգային սննդի» վայրեր են կամ, ավելի ճիշտ, պիտի լինեն: Մենք գնում ենք ուտելու «թանապուր», «Էջմիածնի բոզբաշ» կամ մեկ այլ՝ զուտ ազգային կերակուր: Իսկ այստեղ մեզ հրամցնում են «սուպ» կամ «սացիվի»՝ վրան մի քիչ պղպեղ ցանած: Լավագույն դեպքում՝ ընդհանուր արևելյան «խարչո»: Եվ ահա գտնվում են խոհարարներ, որոնք ուզում են, որ «ազգային կերակուրների» ճաշարանը մատակարարի մեծ մասամբ ժամանակակից ճաշեր («ծրագրային» պարեր) կամ եվրոպական ուտելիք («կլասիկա»): Մեր պարարվեստի արդի անմխիթար վիճակը, ըստ իս, բխում է հենց այս մտայնությունից, այսինքն իր ինչն ու ինչոցը չիմանալուց:

Մենք պետք է ըստ ամենայնի հղկենք մեր պարը, և այդ ժամանակ ոչ ոք չի կարող ձեռքը նրա վրա դնել կամ յուրացնել: Հայտնի է, օրինակ, որ երաժշտության մեջ օրը ցերեկով կողոպտում են մեզ, բայց Կոմիտասից չեն էլ փորձում վերցնել, որովհետև անհնար է, որովհետև նրա ամեն հնչյունը այնքան է ազգային, այնքան է զուտ հայկական, որ վերցնողի գող լինելը իսկույն կպարզվի:

Իսկ նույնը կարո՞ղ ենք ասել ոչ թե կոմիտասյան, այլ այսպես ասած «սայաթ-նովական» հորինվածքների մասին: Ես Սայաթ-Նովայի մասին չեմ խոսում, ձեզ հայտնի է իմ պաշտամունքը առ նա: Ես խոսում եմ այն սուտ ու կեղծ, ոչ այն է՝ հայկական, ոչ այն է՝ ընդհանուր արևելյան ինչ-որ «մոտավոր»- «համարյա թե»-ական երգերի մասին, որոնք նման են ընկեցիկ երեխայի. ամեն ոք կարող է իր անունը նրանց համար հայրանուն դարձնել: Եվ ամոթ է, որ այս մասին, հենց ձեր «Արվեստի» միջոցով, մեզ քաղաքավարի լրջությամբ և շփոթահար տագնապով զգուշացնում է մեր բարեկամ Հակոբ Ասատուրյանը հեռավոր Ամերիկայից:

Երաժշտության մասին խոսեցի լոկ այն պատճառով, որ տվյալ առումով նույն վիճակն է նաև մեր պարարվեստի մեջ: Զուտ ազգայինի փոխարեն՝ ընդհանուր արևելյան, զուտ ժողովրդականի փոխարեն՝ կեղծ ժամանակակից («ծրագրային»-«բեմականացած») և զուտ եվրոպական («կլասիկա»): Եվ ահա պար ես նայում ու չես հասկանում՝ տեսածդ պա՞ր է, բալե՞տ, գեղարվեստական մարմնամարզությո՞ւն, թե՞ կրկեսային «համար»:

Փորձում են մեղքը հանդիսականի, ժողովրդի վրա գցել. «Նա ընդունում է…»: Իհարկե, կա հանդիսականների մի խավ, որի համար նորը ամեն ինչ է, նոր լինի՝ ինչ ուզում է՝ լինի: Իրենցը, սեփականը իրենց համար «հետաքրքրական չէ»: Եվ նման հանդիսականների ճաշակով էլ հենց առաջնորդվում են մեր պետական անսամբլները: Թող լինեն նոր պարեր, ոչ ոք դրանց դեմ չէ, բայց մեր անսամբլները հայկական ժողովրդական պարը կատարելու և կատարելագործելու համար են և ոչ թե «նոր պարեր» ստեղծելու:

Մենք պետք է նաև մեզ շարունակ ստուգենք օտարների միջոցով: Ես, օրինակ, համոզված եմ, որ եթե Գորկին հիմա գար Հայաստան, դիտեր մեր այսօրվա պարերը, չէր գրի մեզ բոլորիս ծանոթ սքանչելի տողերը Սասնա պարերի մասին:

… Ինձ թվում է՝ մենք մեր օպերան և բալետը պետք է հասցնենք ժամանակակից մակարդակի և ոչ թե ժողովրդական պարը, որի «հին մակարդակին» էլ հասնենք՝ մեծ բան է: Հազարավոր պարեր չենք ուզում, թեկուզ մի 65 ժողովրդական պար էլ որ բեմ հանվի (չբեմադրվի…), խորապես շնորհակալ կլինենք մեր մասնագետներից:

Ի միջի այլոց, մեր անսամբլային պարերի միօրինակությունը մասամբ էլ տարազի միօրինակության հետևանք է: Եթե մենք պահպանենք, հավատարիմ մնանք ամեն շրջանի ու վայրի տարազներին, անպայման բազմազանություն կլինի և կարիք չի զգացվի արհեստականորեն «բազմազան» դարձնել տարազը:

Արժանին տալով պարի վետերաններին, հին ու նոր սերնդի մարդկանց, այսօր մենք մեկեն ու որոշ պիտի ասենք, որ հայկական պարարվեստի ներկա ճանապարհը ճիշտ չէ, և որ այդ ճանապարհով անկարելի է մի քայլ իսկ անել դեպի ժողովրդական, ճշմարտապես ազգային պարարվեստը»:

Պարույր Սևակ

Պարույր Սևակ. «Մեր ողջ կյանքը անծայրածիր թատրոն է»

8 Սպտ

1971 թվականի ապրիլի սկզբին «Սովետական արվեստ» ամսագիրը մի հարցաթերթիկ ուղարկեց բանաստեղծ Պարույր Սևակին: Հարցաշարը հիմնականում նվիրված էր թատրոնի խնդիրներին, և այն կազմողներն  ակնկալում էին Սևակի անկեղծ պատասխանները թատերական ոլորտի խնդիրների, ժամանակի դրամատուրիգիայի վիճակի և թատերական քննադատության մասին: Մի քանի օր անց Սևակն ամսագրին փոխանցեց հարցաշարին իր պատասխանները: Սակայն թռուցիկ հայացքն էլ բավական էր հասկանալու, որ Սևակի գնահատականները խորհրդային ամսագրում տպագրելն անհնար էր:

Երկու ամիս անց Սևակը վախճանվեց՝ հավանաբար այդպես էլ չիմանալով (կամ թերևս կռահելով), թե ինչու այդ հարցազրույցը չտպագրվեց: Իսկ նրա ձեռագիրը մնաց ամսագրի աշխատակիցներից Գրացիա Բաղդասարյանի անձնական թղթերի մեջ:

Ստորև ներկայացնում ենք հարցաշարն ու Սևակի պատասխանները որ պահպանվել են բանաստեղծի, ըստ էության, վերջին ձեռագրերից մեկում:

Հովիկ Չարխչյան

***

«Հարգելի ընկ. Պարույր Սևակ

«Սովետական արվեստի» խմբագրությունը որոշել է հանդեսի էջերում լայնորեն անդրադառնալ մեր թատերական արվեստի ներկա վիճակին՝ հարց ու պատասխանի ձևով:

Խնդրում ենք հարցաթերթի պատասխաններն ուղարկել մինչև ապրիլի 15-ը:

1. -Որո՞նք են, Ձեր կարծիքով, մեր դրամատուրգիայի ներկա անկատար

վիճակի պատճառները:

Պարույր Սևակ -Ս. իշխանության և կոմկուսակցության, այսպես կոչված, գրական քաղաքականությունը:

2. -Ի՞նչ կարծիքի եք մեր թատրոնների խաղացանկի մասին: Որքանո՞վ է վերջինս նպաստում թատրոնների ստեղծագործական նկարագրի բացահայտմանը:

Պարույր Սևակ -Մեր ողջ կյանքը անծայրածիր թատրոն է, ուստի չի կարող լինել ոչ թատրոն, ոչ խաղացանկ՝ այս բառերի թատերական իմաստով:

3. -Ինչպե՞ս եք գնահատում մեր թատրոնների այսօրվա ստեղծագործական հնարավորությունները (դերասան, ռեժիսոր, նկարիչ):

Պարույր Սևակ -Այս խեղճուկրակ մարդիկ զուրկ են ամեն տեսակ հնարավորությունից, բացի  «վերևների» առաջ խաղալուց:

4. -Գոհացնո՞ւմ է Ձեզ արդյոք մեր թատերական քննադատությունը և ինչպե՞ս եք պատկերացնում նրա դերն ու անելիքները:

Պարույր Սևակ -Եթե չկա թատրոն, չի կարող լինել նաև քննադատություն:

5. -Ձեր մեջ ցանկություն առաջացե՞լ է երբևիցե՝ երկրորդ, երրորդ անգամ դիտելու այս կամ այն թատրոնի որևէ ներկայացում և եթե այո, ի՞նչ ներկայացում և ինչո՞ւ:

Պարույր Սևակ -Որովհետև չկա թատրոն, ուստի և թատրոն չեմ գնում, ուրեմն նաև Ձեր հարցին այս պատասխանն է տրվում:

9.04.71 Երևան»

ՀՈՐ ՈՐԴԻՆ

6 Սպտ

Մի տեղ կարդացել էի այս դրվագը, վերապատմեմ:

Չեխոսլովակիայից հյուրեր են գալիս Հայաստան: Ցանկանում են հանդիպել Պարույր Սևակին: Գնում են Չանախչի: Բանաստեղծն ընդունում է նրանց, հյուրասիրում, նստած զրուցում են, և հանկարծ այդ պահին ներս է մտնում Սևակի հայրը ու սկսում է գոռգոռալ.

— Շան որդի, ոնց ես հորթը կապել ծառին, ամբողջ բոստանը տակնուվրա արեց…

Բոլորը շփոթված իրար են նայում, անհարմար լռություն է իջնում: Եվ միայն Սևակն է բարի ժպիտով նայում հորը, հետո վեր է կենում, ներողություն է խնդրում ներկաներից ու գնում է հորթին կապելու:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

25 Օգս

Ձյունհալ է: Հալչում են ձյուները,

Ջրերը խոսում են ճարտար,

Անթարգման լեզվով թռչունները

Երգում են օրհներգեր արդար:

Դեռ չկան, դեռ չկան ընձյուղները,

Դեռ մերկ են ծառերը, անթով,

Բայց զգում եմ նրանց ընձյուղելը,

Զգում եմ երակով, սրտով:

Ձյունհալ է: Հալչում են ձյուները,

Ջրերը հոսում են նորից

Ես այսօր իմ տնից ողջունել եմ

Ծանոթանծանոթ՝ բոլորին:

Ես այսօր հոժար ընդունել եմ

Քո բոլոր ակնարկները թովիչ,

Քո չասված խոսքերի խոստումները,

Լռությունը քո զուսպ շրթների:

Ձյունհալ է: Հալչում են ձյուները,

Խոսում են սրտերը անբառ

Զգում եմ սիրո ընձյուղելը

Իմ սրտում, քո լռության տակ

23.1. 1947

Մի սիրո պատմություն. Պարույր Սևակ

6 Հկտ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

18 Հնս

Ընթերցողին անծանոթ է Պարույր Սևակի այս հոդվածը: Բանաստեղծն այն գրել է 1962 թվականին: Նյութն առավելապես հասցեագրված է դպրոցականներին, սակայն ուսանելի է ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար: «Իսկ գիտե՞ք որ…» վերտառությամբ այս շարադրանքը ևս մի հնարավորություն է խորհելու մեր լեզվի բացառիկության և նրա պահպանման կենսական կարևորության մասին:
Հովիկ Չարխչյան

ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ…

Դուք արդեն գիտեք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայկական գրերը: Բայց գիտե՞ք, որ նա է գրել մեր մանուկների առաջին դասագիրքը` առաջին «Այբբենարանը»:
Դուք գիտեք իհարկե, թե ինչ բան է «Այբբենարանը»: Բայց գիտե՞ք, թե ինչու է կոչվում «Այբբենարան»: Դուք հիմա գրերն արտասանում եք այնպես, ինչպես նրանք հնչում են: Բայց դարեր շարունակ հայ երեխաները ձեզ ծանոթ տառերը ուրիշ ձևով էին սովսրում: Նրանք «ա»-ին ասում էին ոչ թե «ա», այլ «այբ», «բ»-ին`«բեն», «գ»-ին` «գիմ»: Այսպես անուն ունի մեր լեզվի ամեն մի տառը: Եվ որովհետև մեր առաջին տառը «ա»-«այբ»- ն է, իսկ երկրորդ տառը` «բ»-«բեն»-ը, այս պատճառով էլ հայոց լեզվի առաջին դասարանի գիրքը կոչվում է «Այբբենարան», ինչպես որ տառերի շարքն էլ կոչվում է «Այբուբեն», այսինքն` «ԱուԲ»:
Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ գրերի ստեղծողն է, այլև առաջին հայ գրողը: Թե ովքեր են գրողները, դուք գիտեք: Բայց դուք, հավանաբար, ձեր տատիկներից լսած ու գրքերում էլ կարդացած կլինեք մի խոսք, որ անեծքի նշանակություն ունի: Այդ խոսքն է. «Գրողը տանի»:
Դուք գիտեք, որ այս անեծքի մեջ հիշվածը այն գրողը չէ, որ ձեզ համար գեղեցիկ ոտանավորներ ու պատմվածքներ է ստեղծում: Անեծքի մեջ հիշված «գրողը» ունի «սատանայի», «դևի», «չարքի» իմաստ:
Իսկ գիտե՞ք, թե ինչից և ինչպես է ստացվել այս նմանությունը:
Մեր պապերի պապերը դարեր առաջ ունեին մի կրոն, որն ուներ ոչ թե մեկ , այլ շատ աստվածներ: Նրանցից մեկն էլ Տիրն էր, որ մահվան աստվածն էր: Նա իբրև թե իր առջև դրված ուներ մի մեծ տետր, թանաք ու գրիչ: Մեր հեռավոր պապերը հավատում էին, որ մեռնում է այն մարդը, ում անունը Տիրը գրում է իր տետրակի մեջ: Ահա, թե որտեղից է գալիս «գրողը քեզ տանի» («գրողի տարած») անեծքը:
Եթե Մեսրոպ Մաշտոցն է առաջին հայ գրողը, ուրեմն նա է նաև մեր գրականության հիմնադիրը:
«Գրականություն» բառը համեմատաբար նոր բառ է:
Դուք շատ լավ գիտեք, թե ինչ է «դպրոց»: Իսկ գիտե՞ք, որ «դպրոց»-ը կրճատված բառ է: Նրա լրիվ ձևն է «դպրանոց», այսինքն` դպիրների սովորելու տեղը: Դպիր էին կոչվում գրել- կարդալ իմացող մարդիկ, գրագետները, քարտուղարները, նաև գրողները: Եվ քանի որ «դպիր» նշանակում է նաև գրող, ապա գրականությունն էլ դարեր շարունակ կոչվում էր «դպրություն»: Վերջին դարերում դպիր էին կոչվում արդեն եկեղեցու ցածր պաշտոնյաները, եկեղեցական երգիչները: Եվ որովհետև »դպիրն» այլևս չուներ «գրողի» իմաստ, հարմար չէր գրականությանը «դպրություն» ասել:
Գրականությունը կոչվել է նաև «քերթություն», ինչպես որ գրողին ու բանաստեղծին էլ դարեր շարունակ կոչել են «քերթող», իսկ նրանց գրածները` «քերթվածք»: Այս բառերի իմաստը հասկանալուց առաջ եկեք միասին կրկնենք, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն մեր գրերի ստեղծողն է, մեր առաջին «Այբբենարանի» հեղինակը, մեր առաջին գրողը, այլև մեր առաջին քերականն է, այսինքն քերականության առաջին դասագրքի հեղինակը:
Թե ինչ բան է «քերականություն», դուք լավ գիտեք: Բայց ինչու՞ է նա կոչվում «քերականություն» և դա կապ ունի՞ «քերել» բայի հետ: Դու կզարմանաք, եթե իմանաք, որ «քերականությունը» ոչ միայն կապ ունի, այլ հենց առաջացել է «քերել» բայից:
Իսկ դուք գիտե՞ք, որ հին դարերում թուղթ գոյություն չուներ: Մեր հեռավոր պապերը գրում էին ոչ թե թղթի, այլ մագաղաթի վրա: Մագաղաթը հատուկ մշակությամբ պատրաստում էին գառան, ոչխարի հորթի կաշվից` վրան գրելու համար: Բայց մագաղաթն էլ միշտ չի եղել: Մագաղաթից առաջ մարդիկ միշտ գրել են հում կամ թրծած աղյուսների վրա, քարերի վրա: Իսկ աղյուսի կամ քարի վրա ոչ թե գրել է պետք, այլ «փորագրել», և գրելու համար պետք է ոչ թե մատիտ, կամ գրիչ, այլ մի այնպիսի սուր բան, որով հնարավոր կլինի փորագրել աղյուսի կամ քարի վրա:
Իմացեք նաև, որ հին ժամանակներում գրատախտակի դեր էր կատարում հարթեցրած մեղրամոմը, ուրեմն ոչ թե կավճով էին գրում, այլ ինչ-որ սուր մի գործիքով:
Այս բոլորն իմանալուց հետո վերադառնանք «քերել» բային և հիշենք, որ քերել նշանակում է որևէ սուր բանով փոսացնել, մեկ ուրիշ բան քերծել, խազել, փորագրել: Ուրեմն, հին ժամանակներում «քերել» ասելով հասկացվում էր մոտավորապես այն, ինչ մենք հասկանում ենք գրել ասելով:
Հիմա հասկացանք, թե ինչու ճիշտ գրելու (և խոսելու) գիտությունը կոչվում «քերականություն», իսկ քերականություն լավ իմացողը` «քերական» կամ «քերականագետ»:
Բայց «քերել» բայը ունի մեկ ուրիշ ձև էլ, որ քերականության մեջ կոչվում է սաստկական ձև, այսինքն` ուժեղացված ձև:
«Քերել»-ու ուժեղացված ձևն է «քերթել»-ը: Մենք արդեն գիտենք, որ հին ժամանակներում «քերել» նշանակում էր` «գրել», ուրեմն նույնն էր նշանակում նաև «քերթել»-ը: Ահա թե ինչու դարեր շարունակ բանաստեղծությունը, գրական ստեղծագործությունը կոչվել է քերթվածք, բանաստեղծները, գրողները (ինչպես նաև պատմագիրներն ու քերականագետները) կոչվել են քերթող, իսկ գրականությունն ընդհանրապես` քերթություն:
Իսկ դուք գիտե՞ք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել ոչ միայն մեր գրերը, այլև մեր կետադրական նշանները: Դուք չեք կարող չիմանալ, որ կետադրական այդ նշանների մի մասը կա նաև ուրիշ լեզուների մեջ (օրինակ` ստորակետը, միջակետը, վերջակետը, փակագիծը, չակերտը և այլն):
Բայց դուք գիտե՞ք, որ մեր կետադրական նշանների մի մասը ունի միայն մեր լեզուն: Օրինակ, ուրիշ ոչ մի լեզվի մեջ հարցական և բացականչական նշանները չունեն այն ձևը և չեն դրվում այնպես, ինչպես մենք ենք անում: «Բութ» կոչված նշանը նույնպես զուտ հայկական է:
Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք մեր կետադրական նշանների անունների վրա: Եթե մի փոքր մտածեք, իսկույն կհասկանաք իհարկե, թե ինչու է «միջակետը» կոչվում «միջակետ» (որովհետև դրվում է տողի մեջտեղում), իսկ «ստորակետը»`«ստորակետ» (որովհետև դրվում է տողից ներքև, տողի ստորին մասում): Բայց ինչու է «բութը» կոչվում «բութ»: Այդ հասկանալու համար դուք պիտի համեմատեք «շեշտը» «բութի» հետ: «Շեշտը», ինչպես գիտեք, սկսվում է ուժեղ սեղմումով և գնալով բարակում- սրանում- շեշտվում է (այս պատճառով էլ կոչվում է շեշտ): Իսկ «բութը» սկսում է ուժեղ սեղմումով և ուժեղ սեղմումով էլ վերջանում է` ստեղծելով կարծես թե երկու ծայրերից էլ կտրված մի գծիկ, որը սուր «շեշտի» համեմատությամբ իսկապես որ բութ է:
Այս ձևով մի փոքր մտածելուց հետո դուք կարող եք հասկանալ մեր կետադարական բոլար նշանների անունները, բացի թերևս «չակերտից»: Իսկապես, ի՞նչ է նշանակում «չակերտ»:
«Այբբենարան» բառի բացատրությունից դուք արդեն գիտեք, որ մեր տառերն ունեն իրենց անունները` «ա»-ն` «այբ», «բ»-ն` «բեն» և այլն: Մեր «չ» տառի անունն է` «չա»: Իսկ կերտել նշանալկում է` «շինել, սարքել, ստեղծել», ինչպես որ «կերտ» նշանակում է «շինված, սարքված , ստեղծված»: Այսպիսով, «չակերտ» նշանակում է «չա»-ի ձևով , այսինքն` «չ» տառի ձևով սարքված- ստեղծված:
Եվ իսկապես էլ, եթե ուշադրությամբ նայեք «չակերտ» նշանին, ապա կտեսնեք, որ նա այլ բան չէ, քան մեր «չ» տառը` փոքր-ինչ ձևափոխված վիճակում:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿparuyr_sevak_by_dangxuan-db5vxju

Պարույր Սևակի վերջին նկարներից

8 Մրտ

Մի ֆոտոյի պատմություն. Պարույր Սևակի վերջին նկարներից:

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

4 Հլս

* * *
Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:

Հիմա այլևս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:

Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք, հույզի վարարում:

Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
Գարնան մի զնգուն առավոտ կարծես
Կարմիր նժույգով սլացա վռազ:

Կյանքում բոլորս, բոլո՜րըս ենք անցվոր,
Պղինձ սաղարթն է թխկուց վար ընկնում…
Թող օրհնյալ լինի այն ամենը, որ
Գալիս է, ծաղկում ու մեռնում գնում:
Թարգմանիչ՝ Պարույր Սևակbrodude.ru_5.10.2015_fIz1FrrRTHL1U

Սևակի անծանոթ բանաստեղծությունը

19 Հնս

Հունիսի 17-ը բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան օրն է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ընթերցողներին է ներկայացնում նրա անծանոթ բանաստեղծությունը, որը տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում, խոսելով այս ստեղծագործության մասին, նախ նշեց, որ ըստ ժամանակակիցների վկայությունների` Սեւակը միշտ խուսափել է գրել մանկական գործեր: Եվ երբ նրան հարցրել են, թե որն է դրա պատճառը, բանաստեղծը պատասխանել է, որ մանկական գրականությամբ զբաղվելը շատ լուրջ գործ է, եւ ինքը չի պատրաստվում «խաբել» երեխաներին` անելով մի բան, որն իրեն կոչումով տրված չէ: Եվ, այնուամենայնիվ, իր կյանքի վերջին տարիներին` 1969-70 թթ., Սեւակն, այսպես ասած, դեմ է գնում ինքն իրեն: Բանն այն է, որ այդ ժամանակ «Պիոներ» ամսագիրը սովորաբար դիմում էր նշանավոր գրողներին, խնդրում, որ մանկական ստեղծագործություններ հանձնեն խմբագրությանը: Ելնելով այն հանգամանքից, որ այդ տարիներին ամսագրի գրեթե բոլոր համարներում մեկը մյուսի ետեւից տպագրվել են Սեւակի մանկական բանաստեղծությունները, կարելի է ենթադրել, որ ամսագրին հաջողվել էր համոզել նաեւ բանաստեղծին: Դրանք հետագայում պետք է ամփոփվեին փոքրիկ գրքույկում` «Մեր ծանոթները» վերնագրով, որն, ի դեպ, լույս է տեսել Սեւակի մահվանից հաշված օրեր անց: Ու թեեւ գրողն ինքը գիրքը չտեսավ, դա չի նշանակում, որ նա դրա խմբագրման աշխատանքներին չէր մասնակցել: Ի վերջո, գիրքը կազմվում էր դեռեւս Սեւակի կենդանության օրոք: Եվ հետաքրքիր է, որ նրա անծանոթ այս բանաստեղծությունը տեղ չի գտել ժողովածուում ինչ-ինչ պատճառներով: Դրանք, ըստ գրականագետի, կարող են մի քանիսը լինել: Օրինակ` գրքույկը կարող էր ծավալային առումով սահմանափակ լինել, ու որոշ բանաստեղծություններ պարզապես դուրս մնային, կամ, հնարավոր է, այս գործը Սեւակին այնքան էլ դուր չի եկել, եւ նա այն համոզման է եղել, որ դա դեռ ենթակա է մշակման: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Սեւակը շատ քիչ մանկական ստեղծագործություններ ունի, այս բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորեւ, կարելի է բավական արժեքավոր համարել:

ՎԱՐԴՆ ՈՒ ՄԱՆՈՒՇԱԿԸ

Վարդն ու Մանուշակը քույր- եղբայր են եղել,
Միշտ իրար հետ կռվել, միշտ իրար են նեղել,
Վարդը եղունգներով ճանկռտել է նրան,
Նա էլ պոկոտել է շեկ մազերը սրա:

Մայրը շատ է նրանց խելք ու խրատ տվել,
Նրանք էլ` էլ չենք անի` ասել են ու երդվել,
Ասել են, բայց հետո էլի կռիվ ու լաց,
Էլի ճանկռտած ձեռքեր, էլի կռիվ ու լաց:

Երբ չի օգնել նույնիսկ պաչելն ու ծեծելը,
Մայրիկը բարկացել է, մի օր անիծել է,
Որ իրար հետ անվերջ կռվող եղբայր ու քույր
Մեկը մեկից միշտ էլ կարոտ մնան կյանքում:

Ինչպես ասաց մայրը, եղավ հենց այդպես էլ,
Այդ օրվանից նրանք իրար էլ չեն տեսել,
Որովհետև արդեն իրենց ամբողջ կյանքում
Տարբեր ժամանակ են միշտ էլ նրանք ծաղկում:

Աննա Բանաջանյան13473707_1075482425866156_1671751765_n-600x401

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ

18 Հնս

Ծաղկաձորում կա մի ճամբար
Անունով հին լեգենդի,
Ուր բխում է աղբյուր մի պաղ
Հավերժական կարոտի:

Դա աղբյուրն է բանաստեղծի,
Մանուկների ձեքի գործ,
Դու կկարդաս` «Լույս եղիցի»,
Քարի վրա ոսկեբոց….

Դա հենց աղբյուրն է ճամբարի
«Պարույր Սևակ» անունով,
Քեզ պոետն է ժպտում բարի
Իր երգերի անհունով:

Ժպտում է նա կակաչներից
Լեռնային պաղ գետակի,
Սարալանջի կակաչներից,
Գմբեթներից հին վանքի:

Դու լսում ես նրան կարծես
Կաղնիների խշշոցից,
Կարծես պատգամ է կարդում քեզ
Իր վերջին երգ- երգոցից:

-Մաքուր պահենք անտառը այս,
Այս գետակը զրնգուն,
Որ միշտ լինի լույս ու երազ
Ձեր աչքերում, ձեր հոգում:

ՎԱՀԱԳՆ ԿԱՐԵՆՑաղբյուր

ՁՄՌԱՆ ՄԻ ԳԻՇԵՐ

16 Հլս

Պատմեմ Վարդգես Պետրոսյանի մասին:
1992 թվականի հունվարն էր: Ծանր տարի, ծանր ձմեռ: Մի օր Արարատի գործկոմի նախագահը զանգեց խմբագրություն, խնդրեց անցնել իր մոտ: Գնացի: Նրա աշխատասենյակում՝ գրասեղանի մոտ նստած էր Վարդգես Պետրոսյանը: Նախագահն ասաց, որ գրողը եկել է՝ Զանգակատուն մեկնելու համար, որտեղ պիտի նշվեր Պարույր Սևակի ծննդյան օրը: Անհրաժեշտ էր նրան մի մեքենայով գյուղ հասցնել ու ետ բերել:
Անկեղծ ասած, մի փոքր շփոթվեցի: Այդ պահի համար գրեթե խելահեղության հավասարազոր բան էր մենակ Երևանից գալն ու Սովետաշեն գնալը՝ գրական երեկույթի մասնակցելու համար: Մյուս կողմից էլ՝ մտածում էի, թե Սևակի գյուղը, որ այդ օրերին նույնպես հրակոծությունների թիրախ էր, հազիվ թե պատրաստ լիներ տարելից նշելու կամ հյուրեր ընդունելու: Բայց դեպքն առարկելի չէր, համաձայնեցի:
Մեր ունեցած մեքենան կիսաքանդ մի «Ռաֆ» էր: Դրանով էլ ճամփա ընկանք: Դրսում ձյունն անդադար տեղում էր: Սրահում սաստիկ ցուրտ էր: Ճանապարհի մի հատվածը, որ անցնում էր անմիջապես սահմանի երկայնքով, թշնամու նշանառության տակ էր, և այդպես՝ տագնապով, դողով, խոսքուզրույցով գնում էինք:
Տեղ հասանք, երբ արդեն մութ էր: Գյուղի փողոցներն ամայի էին: Խավարի մեջ ոչ մի շունչ չկար: Գնացինք դեպի ակումբի շենքը: Ներս մտանք, բացեցինք դահլիճի դուռն ու անշարժացանք շեմքին: Ամբողջ գյուղը՝ մեծից փոքր, այնտեղ էր: Լույսերը վառվում էին, անկյունում դրված վառարանն ուրախ ճարճատում էր, բեմին Սևակի հսկա դիմանկարն էր ու մինչև առաստաղ լցված սպասում կար: Պետրոսյանին տեսնելուն պես հավաքվածները ոտքի կանգնեցին, ծափերով ողջունեցին նրան և անմիջապես բեմ առաջնորդեցին:
Ու խոսեց Վարդգես Պետրոսյանը: Երբեք չեմ կարողանա գոնե մոտավոր վերարտադրել նրա արտասանած մտքերը: Բայց դա փայլուն խոսք էր, անկեղծ ու լուսավոր պոռթկում: Վերարկուով փաթաթված նրա փոքրիկ մարմինի մեջ թպրտում էր երկրի անհանգիստ ջիղը, ձայնի հնչերանգը պոետիկ մարտակոչ էր, շարժումների մեջ զորություն կա, որ պատրաստ էր տալ ընկճվածներին, բայց և գիտակցումը կար, որ ուժը միայն բառերի մեջ լինել չի կարող…
Խոսում էր նա, իսկ մենք բոլորս մի հրաշալի խաբկանքի մեջ էինք հայտնվել: Չկար ոչ պատերազմ, ոչ ձմեռ, ոչ տագնապ, ոչ հուսալքություն: Կար մի փոքրիկ, վառարանի պես շիկացած աշխարհ՝ լի բանաստեղծությամբ, հույզերի գերագույն թռիչքներով, մեծ արվեստի առաջ խոնարհումով, և այդ աշխարհն անհնար էր նվաճել:
Այդպես էլ նա մնաց իմ հիշողության մեջ:

Հովիկ Չարխչյան

?????????????????????????????????????????????????????????