Պահոց | Ապրիլի, 2018

ՍԻՐՈ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

25 Ապր

Հին հույների մոտ սիրո տարբեր նշանակությունների համար գործածվում էին տարբեր բառեր: Այսպես, «էրոս»` նշանակում էր տարերային, հիացական սիրահարվածություն, սիրո օյեկտի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունք: «Ֆիլիա»` նշանակում էր սեր-բարեկամություն կամ սեր-կախվածություն` գիտակցված ընտրությամբ: «Ստորգեն» քնքուշ սերն էր, հատկապես ընտանեկան: «Լյուդուսը» սիրախաղն էր` անվստահության հակվածությամբ: «Ագապեն» զոհաբերվող սեր էր, «պրագման»` հաշվենկատ սերը, իսկ «մանիան»` սեր-մոլուցքը:

iubire-465x390

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՄԱՍԻՆ

25 Ապր

Անցած օրը Նիկոլը հայտարարեց. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու»: Դե, սա հասկանալի է, մենք վայրենի չենք, արյան վրեժով պետություն չեն կերտում: Բայց եթե ատելության մթնոլորտի էջը փակվում է, պիտի բացվի արդարության էջը, որն իր հերթին պիտի ենթադրի արդարադատության մթնոլորտի հաստատումը: Իսկ սա գոնե ինձ համար նշանակում է, որ բոլոր հանցագործները, թալանչիները, ժողովրդի հաշվին միլիոններ կուտակածները, հալածանքների ու հաշվեհարդարների հեղինակները պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Եթե դա չի իրագործվելու սոսկ «վենդետա չանելու» պատրվակի ներքո, եթե սա չի արվելու իբրև թե «ներքին համերաշխություն» ապահովելու նկատառումներով, ապա այս հեղափոխությունն ինձ համար որևէ արժեք չի ունենա:
Արդարության վենդետա պիտի լինի:

Vendetta-film

ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏԸ

25 Ապր

Կատարված երազանքի առաջ մարդը կանգնում է միայնակ, հիացած ու շփոթ: Այն, ինչ երեկ չկար, այսօր կա, և երկար սպասումների խիզախումից հետո առաջին պահին մարդը կորցնում է իր գտածը իր դիրքերից տեսնելու հորիզոնը: Սիրտը ցնծում է, բայց մարմինը դեռ նոր պիտի բացվի, գրկի մեջ առնի ու իր ներսում կրի այդ ցնծությունը: Շունչն ալեկոծ է, բայց հևքը նոր պիտի սովորի նավարկել այդ ալիքների վրա: Աչքը տեսնում է, բայց միտքը նոր պիտի համտեսի այդ տեսիլքի քաղցրությունը:
Եվ բացվող առավոտի լույսի հետ ի վերջո կգա երազի հետ մերձենալու երանելի պահը, և լսելի մի ձայն քեզ անպայման կասի.
— Դու արդեն ունես քո երազանքը: Հիմա երազանքը պիտի ունեա քեզ:

Հովիկ Չարխչյան

matahari

ՆԻՎԱ-Ի ԱՆՈՒՆԸ

16 Ապր

Գիտե՞ք, թե Նիվա ավտոմեքենան ինչու է այդպես կոչվում: Անունը հորինել են մեքենայի երկու նախագծողները` օգտագործելով իրենց զավակների անունների առաջին տառերը: Մեկը զույգ աղջիկ ուներ` Նատալյան և Իրինան, իսկ մյուսը` երկու որդի` Վադիմը և Անդրեյը:

510111144067061600x1060_0

 

ՈՉ ԱՅԴ ՄԱՍԻՆ

16 Ապր

Սթինգի հանրահայտ «Every Breath You Take» երգը բոլորը համարում են իբրև սիրո հիմն, նույնիսկ հարսանիքների ժամանակ են դա կատարում, մինչդեռ հեղինակն ասում է, որ նման ընկալումը արմատապես սխալ է: Նա ադ երգը գրել է կնոջ հետ բաժանման ժամանակ և երգի լիրիկական հերոսը ամենևին էլ ռոմանտիկ սիրահարը չէ, այլ կատաղի ու խանդոտ տղամարդը, որ ամեն քայլափոխի հսկում է իր կրքերի օբյեկտին:

sting-2018-01-604x272

ՈՒՇԱՑԱԾ ՆԱՄԱԿԸ

16 Ապր

Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Սթենլի Կուբրիկն իր աշխատանքում աչքի էր ընկնում չափազանցված մանրակրկիտությամբ և միշտ պահանջում էր որևէ տեսարանի համար բազմաթիվ դուբլեր նկարահանել: 1990-ականների վերջին նա մի հիացական նամակ ստացավ ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայից: Կուբրիկն ինքն էլ Կուրոսավայի երկրպագուն էր, այդ պատճառով էլ շատ երկար ժամանակ պատասխան նամակի տարբերակներ էր գրում, իսկ հետո պատռում էր դրանք: Ճիշտ բառեր ընտրելու վրա նա այնքան ժամանակ վատնեց, որ երբ նամակը վերջապես պատրաստ էր, Ակիրա Կուրոսավան արդեն մահացել էր:

maxresdefault

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՐԸ

16 Ապր

6-7-րդ դարերում ապրած արքեպիսկոպոս Իսիդոր Սևիլացին հեղինակն է 20 հատորանոց մի աշխատության, որի անունն է «Էթիմոլոգիա»: Դրանում դասակարգված են այդ դարերում գոյություն ունեցած բոլոր գիտելիքները: Հենց նրան են համարում առաջին էնցիկլոպեդիտը: Իսկ մեր օրերում բազմաթիվ կաթոլիկներ նրան պատվում են իբրև ինտերնետի հովանավոր: Հետաքրքրական է, որ Համացանցի միջազգային օրվա համար ընտրվել է Սևիլացու մահվան օրը` ապրիլի 4-ը: Իսկ համացանցում հայտնի 404 կոդը` սխալի կոդը, այլ բան չէ, քան այդ օրվա հիշատակումը` 4. 04:

404-page-error

ԱՌԱՆՑ ԳԵՏԻ

16 Ապր

Բրազիլիայի խոշորագույն քաղաքներից մեկը կոչվում է Ռիո դե Ժանեյրո: Իսպաներեն ու պորտուգալերեն «rio»` նշանակում է գետ: Լատինական Ամերիկայում գետերի ափին կառուցված գրեթե բոլոր բնակավայրերի անունները սկսվում են Ռիո-ով: Բայց արի ու տես, որ Ռիո դե Ժանեյրոյի դեպքում սխալվել են: Պորտուգալացի նավագնացները 1502 թվականի հունվարի 1-ին հայտնվեցին այն վայրում, որտեղ ապագայում պիտի հառներ քաղաքը: Նրանք ծովածոցը շփոթեցին գետաբերանի հետ և տեղանքն անվանեցին Rio de Janeiro` հունվարյան գետ: Հետագայում գետը չհայտնաբերվեց, բայց անունն արդեն կար ու այդպես էլ մնաց:

article-header-rio-de-janeiro-1440x530

ԱՌԱՋԻՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԿԴԱՌՆԱՆ

16 Ապր

Խաղաթղթերից տուզը (հայերն ասում են` մեկնոց) համարվում է գլխավոր հաղթաթուղթը: Սակայն անգլիացիներն էլ դրան անվանում են as, ինչը ևս նշանակում է մեկնոց, այսինքն դասակարգման իմաստով ամենացածր կարգավիճակ ունեցող խաղաքար: Եվ ժամանակին հենց այդպես էլ եղել է, սակայն հետզհետե այն ձեռք է բերել ավելի ու ավելի կարևոր նշանակություն: Ասում են, թե մեկնոցին տուզ է դարձրել ֆրանսիական հեղափոխությունը: Այն խորհրդանշում էր հասարակ մարդու առավելությունը թագավորների նկատմամբ: Այս նույն տրամաբանությամբ as բառը նոր իմաստ ձեռք բերեց: Հիմա աս են անվանում այն մարդկանց, որոնք որևէ ոլորտում բարձր վարպետություն են հանդես բերում:

big_1657_oboi_chetyre_tuza

ԲԵԹՀՈՎԵՆԻ ՉԱՓՈՎ

1 Ապր

Համաձայն Philips ընկերության պաշտոնական վարկածի, 1979 թվականին լույս աշխարհ եկած առաջին սեղմասկավառակի տարողությունը ճապոնացի մասնագետների կողմից մշակվել էր այնպես, որ նրա վրա ամբողջությամբ տեղավորվեր Բեթհովենի իններորդ սիմֆոնիան` 74 րոպե տևողությամբ, քանի որ դա Sony-ի ղեկավարի սիրելի ստեղծագործութունն էր:

63002859_1282400432_bethovencd

ԱԼՈ

1 Ապր

Ինչու՞ ենք մենք հեռախոսային զանգերին պատասխանելիս արտասանում «ալո» բառը: Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելն ի սկզբանե առաջարկել էր ողջույնի համար գործածել «Ahoy» բառը, որ գալիս էր գերմանացի նավաստիների բառապաշարից: Ավելի ուշ Թոմաս Էդիսոնը հորդորեց օգտվել առավել ավանդական` «Нullo» ձևից («Hello»-ի տարբերակներից), ինչն էլ իր հերթին ներթափանցելով ռուսերենի մեջ` փոխակերպվեց «Алло»-ի: Հենց այս «ալո»-ն էլ մենք ընդօրինակել ենք:

phone_landline-1024x682

3 ԴՐՎԱԳ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

1 Ապր

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915 թվականի ապրիլի 1-ին գերմանացիների դիրքերի վրա հայտնվեց ֆրանսիական ինքնաթիռը և նետեց հսկա մի ռումբ: Զինվորները ահաբեկված այսուայնկողմ փախան, բայց պայթյուն տեղի չունեցավ: Ռումբի փոխարեն գետին ընկավ մի մեծ գնդակ, որի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի 1»:

* * *
1974 թվականի ապրիլի 1-ին Ալյասկայի Սիտկա քաղաքի մոտ գտնվող Էջկոմ լեռան գագաթից սկսեց ծուխ բարձրանալ: Անհանգստացած բնակիչներն իրավիճակի լրջությունը գնահատելու համար ուղղաթիռ ուղարկեցին այնտեղ: Երբ օդաչուն մոտեցավ խառնարանին, նա այնտեղ տեսավ այրվող մեքենայի անիվներ, իսկ ձյուների մեջ հետևյալ գրությունն էր. «Շնորհավոր ապրիլի 1»:

* * *
2003 թ. մարտի 23-ին ամերիկացիները ներխուժեցին Իրաք: Մեկ շաբաթ անց` ապրիլի 1-ին Մոսկվայում Իրաքի դեսպան Աբբաս Խալաֆ Կունֆուդը մամլո ասուլիս հրավիրեց և ներկաների համար ընթերցեց իբրև թե հենց նոր Reuters գործակալության կողմից տարածած հաղորդագրությունը. «Ամերիկացիները սխալմամբ հրթիռակոծել են բրիտանական զորքերին: Կան բազմաթիվ զոհեր»: Մի քանի վայրկյան տևած մեռելային լռությունից հետո դեսպանն ասաց. «Շնորհավոր ապրիլի 1»:

cc51c128428fe68c358d08904b95ede2

%d bloggers like this: