Պահոց | 3:23 ա.

ԺԱԿ ՊՐԵՎԵՐ

26 Դկտ

ԾԱՂԿԻ ԽԱՆՈՒԹ
Մի մարդ մտավ խանութ
եւ ընտրեց ծաղիկ
ծաղկավաճառը ծրարեց ծաղիկները
ձեռքը գրպանը տարավ մարդը
որ փող հանի
փող որ ծաղկի համար վճարի
բայց նույն պահին
հանկարծ
ձեռքը տարավ սրտին ու ընկավ եւ նույն պահին
փողն ընկավ գետնին
ու ծաղիկներն ընկան
այդ նույն պահին
երբ ընկավ մարդը
փողը
ու ծաղկավաճառը մնացին տեղում
գլորվող փողի
թոշնող ծաղկի մեռնող մարդու հետ
անկասկած
տխուր է այս բոլորը
եւ պետք էր
որ ծաղկավաճառը մի բան աներ
բայց նա չգիտի թե ինչ անի
նա չգիտի
թե ինչից սկսի:

Որքան հոգսեր կան
այս մեռնող մարդու
այս թոշնող ծաղկի
եւ այս փողի
այս գլորվող փողի հետ
որ գլորվում է անվերջ:

***

Ես չեմ երգում
ես ծաղիկ եմ տեսնում
ես չեմ ծիծաղում
ես գինի եմ խմում
ես չեմ լալիս
սերն է ինձ լքում:

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
Ի՞նչ ես անում, փոքրի՛կ աղջիկ,
այդ թարմ փնջած ծաղիկերով.
ի՞նչ ես անում, ջահե՛լ աղջիկ,
այդ չորացած ծաղիկներով.
ի՞նչ եք անում, չքնա՛ղ տիկին,
ծաղիկներով այդ թառամած.
ի՞նչ եք անում, պառավա՛ծ կին,
ծաղիկնեով՝ մեռած, դեղին…
— Ես սպասում եմ հաղթողին:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

26 Դկտ

Մի անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությանը և, ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում։ Անարդարությունն սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի՝ ողջակիզում է նրա դին։ Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են… թանաք։ Այն օրից ի վեր,- եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,- Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ…
Առայժմ երկրագունդը դժվար թե գոռա. «Ոչ, նա ապրում աշխարհում»։ Ուրեմն և գիրք գրողներն էլ չպիտի մոոանան, որ Արդարության մոխրե թանաքով չակերտավոր, թե անչակերտ, մակդիրավոր, թե անմակդիր, սուտ գրելը առնվազն անբարոյականություն է…
«Գեղեցիկ սուտ»–ի սուտ տեսությունից բխում է մեկ ուրիշ հորդահեղուկ չարիք էլ՝ այսպես կոչված «պարզությունը»։
Ձգելով–ձգձգելով մենք «պարզ»–ը հոմանիշ դարձրինք «հասարակ»–ին, ինչպես որ, շա՜տ ափսոս, «հանրության» տեղն էլ գրանցվեց « հասարակություն»-ը։ Բայց պարզը հասարակ չէ։ Պարզ նշանակում է մաքուր (վկան՝ պարզաջրելը, պարզերեսը, պարզկան՝ իրենց ողջ շքախմբով); Իսկ «մաքուր»–ն ու «խոր»–ը, «հստակ»–ն ու «խորունկ»–ը ոչ թե ազգակից են, այլ մերձավոր արյունակից։
Գրողի գերագույն նպատակն է լինել պարզ, բայց ոչ հասարակ։ Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակաթյուն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Ուստի և գրողը կարող է ունենալ բազում ատելի բառեր, բայց ամենից աոաջ ու հետո պիտի ունենա մեկ անընդունելի բառ, որ է հասարակը։

%d bloggers like this: