Պահոց | Սեպտեմբերի, 2011

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

29 Սպտ

ՁՈՆ Հ ՏԱՌԻՆ

Օր չի լինում, որ հարյուրներով, հազարներով տառեր չհանդիպեն մեզ. մեծ, փոքր, հաստ, երկար, ինչ ձևի ուզես: Նայում ես` մեջները մարմին չկա, նյութ չկա, բայց ինչքան բան են ասում դիտողին: Եվ ահա մի տառ իմ մեջ այնպիսի հույզեր առաջ բերեց, որ ցանկացա պատմել նրա մասին, նրա գովքն անել հին գուսանների նման: Այս ցանկությունն ունեցա, երբ մի անգամ տեսա, թե ինչպես երկու երիտասարդ մի մեծ ու երկարաշունչ կոչ էին գրում կտավի վրա:
Աչքս սահեցնելով գրածի վրայով` կանգ առա «Հ» տառի վրա. տառը դուրս էր բերված շատ անհաջող, մի տեսակ թուլացած, անկայուն, կորցրած իր այնքան պարզ, հաստատուն ձևը:
Եղածը, իհարկե, մի մեծ բան չէ. երկու գիծ` անկյան տակ և ուրիշ ոչինչ, բայց այնքան տարբեր են դրանք ընթերցվում, երբ լինում են գտնված, համաչափությունը պահպանած, որից և ստանում են տարբեր ուժ, տարբեր արտահայտչականություն:
Տառը շատ զգայուն էակ է, անմիջապես ազդվում է, փոխում իր կերպարանքը չնչին միջամտությունից, ընթերցողին կողմնորոշում, զգաստացնում, սթափեցնում, հիասթափեցնում, ոգևորում…
Երևի դուք էլ նկատած կլինեք, որ կան թվեր ու տառեր, որ մարդկանց են հիշեցնում, ասենք, «Ե» տառը ինձ ներկայանում է որպես հաստափոր մարդ, իսկ ասենք 2-ը մի կռացած ծերուկի կերպարանք է հիշեցնում: Եվ ահա, այդ վտիտ «Հ» տառն էլ ինչ-որ հաշմանդամի նմանեցրի` անճարակ, օգնության կարիք զգցող, այդ պատճառով էլ չդիմացա և հանդիմանեցի տղաներին:
— Մի՞թե կարելի է «Հ» տառին այնպես անհոգի վերաբերվել, երբ նա մեր ամենասիրած տառն է, սկիզբն այնպիսի բառերի, առանց որոնց մեր լեզուն չէր ունենա իմաստ, հոգի, ուժ, կլիներ ողորմելի` անձրևային որդի նման:
Կարելի է «հաղթանակ» բառը պատկերել ձեր գրած հ-ով: Իսկ «հզոր» բա՞ռը, որով բնորոշվում են մեր երկրի ուժը, մեր լեռների զանգվածները: Հապա որքան հուզիչ է այն բառը, որով մեր նախնիները դիմել են ճակատագրական մարտերի: «Հառաջ» ասել է մեր Վարդան Մամիկոնյանը վերջին շնչում` իր կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի, ժողովրդի:
Մեր «Հ»-ն ինչքան որ պետք է հուժկու և համարձակ բառեր գլխավորելու համար, նույնքան հարակավոր է նուրբ ու քնքուշ բառերին: Ինչ կա ավելի գեղեցիկ ու մեղմ, քան «Հասմիկը», որը գարնան սիրո երգ է հիշեցնում: Եվ այստեղ «Հ»-ն պատկերանում է բարկ ու ճկուն, ասես ուզում է ծաղկի պսակի նման բոլորել այդ քնքուշ բառը: Եվ այդպես, շատ ու շատ բառեր է գլխավորում հ-ն, բառեր, որ անբաժանելի են մեր նիստուկացից, մեր առօրյայից ու ապագայից, բառեր, որ ձև են տալիս մեր մտքերին: Ինչպես կարելի է հ-ն չհագել և չտալ նրան հաստատուն ձև, երբ գործ ունես այնպիսի բառի հետ, ինչպիսին «հիմքն» է, գրավականը մեր ձեռնարկած ամեն մի գործի, եթե ուզում ենք, որ դա լինի կայուն և հիմնավոր: Եվ էլի շատ ու շատ բառեր կան մեր շքեղ լեզվում, որոնք սկսվում են այդ հրաշալի տառով` «հայր» ու «հայրենիք», հ-ն գլխավորում է անունը մեր ազգի և մեր երկրի, որոնցով հպարտանում ենք, որոնք սիրում ենք ամենամեծ սիրով:
Հայաստան բառի դրոշակակիրն է «Հ» տառը: Ահա թե ինչպիսի պատվի է արժանացել, ահա թե ինչու նա միշտ պետք է լինի զուգված, հանդիսավոր, պետք է գծագրվի գեղեցիկ, պետք է նկարվի հաստատուն մարմնով, զորեղ ու հպարտ, որ հպարտություն ներշնչի ամենքին…

Լավրովին ճիշտ չեն հասկացել

29 Սպտ

Եթե վերհիշելու լինենք վերջին մեկ տարվա իրադարձությունները (ընդ որում, սա նվազագույն ժամանակահատվածն է, որ կարելի է իբրև օրինակ ընտրել), ապա կտեսնենք, թե Հայաստանը քանի-քանի անգամ ցանկացել է Ռուսաստանից հավաստիացում կորզել այն բանի մասին, որ պատերազմի բռնկման դեպքում կստանա Մոսկվայի աջակցությունը: Սակայն յուրաքանչյուր անգամ ռուսները խուսանավել են կոնկրետ պատասխանից՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով թե մեզ, թե մեր հակառակորդներին: Ինչպես ասում են, այս խնդիրը բաց է մնում: Այդ իսկ պատճառով էլ չափազանց զարմանալի էր, երբ լրատվամիջոցները հաղորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի մասին: Ավելի ճիշտ՝ ելույթի այն հատվածի մասին, որն առնչվում էր Կովկասի իրավիճակին: Ըստ այդ հաղորդումների, նախարարն ասել էր հետևյալը. ««Ցանկացած երկրի կողմից հակաիրավական ուժ կիրառելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Սա, իհարկե, աննախադեպ պարտավորություն էր: Մի դեպքում Ռուսաստանն անուղղակի կերպով հասկացնում է, որ տարածաշրջանը գտնվում է իր հսկողության ներքո, մյուս կողմից զգուշացնում է, թե չի մնա պասսիվ դիտորդի դերում, եթե այնտեղ ինչ-որ բան կատարվի ոչ իր ցանկությամբ կամ արտոնությամբ: Այլ կերպ ասած՝ ստոատուս-քվոյի խախտմանը պիտի հաջորդի «խաղաղության պարտադրումը»:
Լավրովի ելույթից անմիջապես հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ մերձակա երկրներում շատերը այդ մտքերը վերագրեցին հայ-ադրբեջանական հակամարտությանը: Եվ դա բնական էր: Հաշվի առնելով Մոսկվայի ներգրավվածության աստիճանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, նրա ռազմական համագործակցության աստիճանը Հայաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցության լծակները, միանգամայն տրամաբանական պիտի դիտվեր տարածաշրջանային լարվածության գլխավոր օջախ համարել հատկապես Ղարաբաղը, իսկ ռուսական վերաբերմունքը՝ ասվածի հետևանք:
Ճիշտ այդպես էին մտածում նաև Ադրբեջանում: Եվ ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ Բաքվում լրագրողներն անմիջապես վազ տվեցին այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մոտ՝ լսելու վերջինիս մեկնաբանություններն ու արձագանքը, ինչր, ըստ ադրբեջանցիների, պետք է որ հնչեր հակազդեցության երանգներով: Սակայն Բրայզան հիասթափեցրեց բոլորին: Միացյալ Նահանգների դեսպանը նրանց ասաց, թե ինքը չի լսել Լավրովի այդ հայտարարությունը, դրա համար էլ չի կարող մեկնաբանել այն։
Փոքր-ինչ դժվար է հավատալ այս խոսքերի անկեղծությանը: Դժվար է հավատալ, թե ԱՄՆ դեսպանը կարող էր նման անտարբերություն հանդես բերել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այն հայտարարության նկատմամբ, որ վերաբերում էր Բրայզայի հետաքրքրության կիզակետում գտնվող տարածաշրջանին: Շատ ավելի իրատեսական պիտի լինի կարծել, որ դեսպանը դեռևս ձեռքի տակ չուներ սեփական երկրի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը, և պատասխանից խուսանավելու ամենահարմար տարբերակը անտեղյալ ձևանալն էր: Դրա փոխարեն ամերիկացին նկատեց, որ ներկայումս ոչ ոք չի խոսում ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման մասին, քանի որ խնդրի լուծման այդ տարբերակն անհնար է։ «Ներկայումս, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, ես որևէ հայտարարություն չեմ լսել ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման մասին, և տվյալ փաստը բանակցային գործընթացի դրական զարգացում է։ Գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն է»,- ասել էր նա:
Այս պարագայում Բրայզայի զգուշավորությունը միայն խրախուսանքի է արժանի, քանի որ հակառակ դեպքում նա պարզապես կհայտնվեր զավեշտալի իրավիճակում, ինչպես որ հայտնվեցին շատերը: Ցանկալին իրականության տեղ ընդունելու մղումը մարդկանց հեռացրել է ճշմարտությունից այն չափով, որ վերջիններս պատրաստ չեն Լավրովի խոսքերն ընկալել ամբողջական կոնտեքստում: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարի ելույթի այդ աղմկահարույց հատվածը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղին, այլ ռուս-վրացական խնդիրներին: Լավրովը բառացիորեն հետևյալն էր ասել. «Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ»: Եվ միայն սրանից հետո հաջորդում էին նրա մտքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեռնարկելիք քայլերի մասին: Ընդ որում, Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը կողջուներ նույնպիսի պարտականությունների ստանձնումը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: «Որպես երաշխավորներ` մենք պատրաստ կլինենք տարածաշրջանում բռնության վերսկսումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, իսկ որևէ մեկի կողմից ուժի հակաիրավական կիրառման դեպքում` հասնել իրադրության շուտափույթ կարգավորմանը միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա»,- ընդգծել էր նա: Ասվածը հաստատում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ գրված է, թե Լավրովը նշել էր, որ պետք է թույլ չտալ Կովկասում ուժային սցենարի կրկնությունը, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին՝ Թբիլիսիի կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով։
Երբ նրա ելույթը դիտարկում ենք այս տեսանկյունից, ամեն բան անմիջապես իր տեղն է ընկնում: Այլևս չկան ոչ անակնկալներ, ոչ սենսացիոն շրջադարձեր: Ու՞մ համար է գաղտնիք, որ հանուն Աբխազիայի ու Օսիայի Մոսկվան կգնա մինչև վերջ: Ասվածի ամենաթարմ ապացույցն էլ եղավ այն, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում ռուսական ռազմակայանների ստեղծման մասին այդ հանրապետությունների հետ կնքված համաձայնագրերը: Խոսքը նշված տարածքներում 49 տարվա ընթացքում ռուսաստանցի զինվորականների մշտական ներկայության մասին է՝ համաձայնագրերի հետագա հնարավոր երկարաձգմամբ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա ՄԱԿ-ի ամբիոնից Լավրովն այդ մասին նույնպես խոսեց: Նա կոչ արեց հակամարտության կողմերին` օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի միջնորդական գործունեության շնորհիվ: Նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ Ռուսաստանն առաջադրելու է հրադադարի ռեժիմի ամրապնդման ու վստահության հաստատման միջոցառումներ: «Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի ջանքերի ու միջնորդության արդյունքում: Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաջ մղել հակամարտության կարգավորումը»,- ընդգծեց Ս. Լավրովը: Իսկ սա արդեն լիովին համապատասխանում է գործընթացի տրամաբանական ընթացքին և ոչ մի խոսք այլևս անբնական չի հնչում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պուտինն ու մենք

28 Սպտ

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում օրերս հնչած այն հայտարարությունը, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 2012 թվականի նախագահական ընտրություններում, իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը կստանձնի վարչապետի պաշտոնը, աշխարհն արդեն ընկալում է ոչ թե իբրև սպասվելիք ընտրությունների արդյունքների հնարավոր տարբերակ, այլ կատարված փաստ: Եվ հենց այդ մտայնությունից էլ բխում են բոլոր կարգի ենթադրություններն ու կռահումները՝ կապված ռուսական քաղաքականության փոփոխությունների ու վերադասավորումների հետ: Ամեն պարագայում, պետք է նկատել, որ գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվել է, «ժողովրդավար» Մեդվեդևը պարտվել է «ավտորիտար» Պուտինին, և Ռուսաստանում վերադառնում է պուտինյան դարաշրջանը: Միայն թե որքանո՞վ է խելամիտ պնդել, թե անհատներն են, որ վճռորոշ դեր են խաղում քաղաքականությունության մեջ, և նրանց փոխատեղումները կարող են էական ազդեցություն թողնել ոչ միայն միջպետական հարաբերությունների այլև ամբողջական տարածաշրջանների գործընթացների վրա, դա խնդրի մյուս երեսն է: Բնականաբար, խոսքն առաջին հերթին մեր գոտու մասին է, և համոզմունքը, թե Պուտինի վերադարձով Ռուսաստանը կակտիվացնի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաև` Հայաստանի հետ հարաբերություններում, նախ և առաջ ծանրակշիռ հիմնավորում է պահանջում: Առայժմ վերլուծաբաններն իրենց վարկածները խարսխում են այն տպավորության վրա, թե Պուտինը ավելի պրագմատիկ մոտեցում ուներ մեր տարածաշրջանի խնդիրներին, քան Մեդվեդևը, այդ իսկ պատճառով էլ նրա նախագահության օրոք Ռուսաստանը կկոշտացնի իր դիրքորոշումը Անդրկովկասում:
Կովկասյան երկրներն ու մերձավոր հարևաններն էլ իրենց հերթին են շտապում գնահատել նոր իրողությունները՝ մի դեպքում հանդես բերելով ընդգծված զսպվածություն և չշտապելով առաջ ընկնել ժամանակից, մեկ այլ դեպքում խախտելով ամեն կարգի պայմանականություն և արտահայտելով մտքեր, որոնք որևէ ընդհանում բան չունեն ռեալ կացության հետ: Այս իմաստով դեռևս ամենասակավախոսը թուրքերն են, որոնք բավարարվեցին սոսկ այն ենթադրությամբ, թե իշխանության փոխանցման ռուսական տարբերակը կարելի է կիրառել նաև իրենց մոտ՝ նախագահ Աբդուլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում: Վրացիներն, ընդհակառակը, ցավով արձագանքեցին կատարվածին, թեև այդ հեռանկարը նրանց համար կանխատեսելի էր: Ամեն դեպքում, Թբիլիսին հարկ համարեց նշել, որ լավատեսության համար հիմքեր չի տեսնում ու համոզված է, որ հետայսու կպահպանվի բացասական անձնավորված վերաբերմունքը Սահակաշվիլու կառավարության նկատմամբ: Իսկ ահա Բաքվում անմիջապես հանգեցին այն տեսակետին, թե Պուտինի վերադարձով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է լիովին փոխվել: Ադրբեջանցիների կարծիքով, Ռուսաստանի ներկայիս նախագահը ավելի շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ, քան Պուտինը: Այսինքն` զգացվում է, որ Մեդվեդևը ավելի լավատես է այդ հարցում, իսկ Պուտինը՝ հոռետես ու ներկայիս ստատուս քվոյի պահպանման կողմնակից: Ամեն դեպքում սա հազիվ թե խանգարի Ադրբեջնին՝ շարունակել իր բալանսավորված քաղաքականությունը վարելու փորձերը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ՌԴ-ին էլ դիտել Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդ:
Գալով Հայաստանին, թերևս հիմքեր ունենք այն տեսակետը հայտնելու, որ Ռուսաստանում իշխանական համակարգի կամ լիդերների փոփոխության հետևանքով մեր երկրի հանդեպ վերաբերմունքի էական փոփոխություններ չեն դիտվի: Երևանում այժմ շատերն են գտնում, որ գոյություն ունեցող մտայնությունն այն մասին, թե ռուս առաջնորդներից մեկն ավելի արևմտամետ է, քան մյուսը, և որ դա ինչ-որ կերպ արտացոլվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, ոչ այլ ինչ է, քան հորինվածք: Բայց սա դեռ չի կարող նշանակել, թե ընդհանրապես պետք չէ որևէ փոփոխության սպասել: Սա նաև չի կարող նշանակել, թե Երևան-Մոսկվա հարաբերություններում չեն գծագրվելու նոր նրբերանգներ: Այլ խնդիր է, թե հատկապես որ դաշտում դրանք կդրսևորվեն:
Որքան էլ զարմանալի էր, բայց Հայաստանում առաջին հերթին սկսեցին խոսել այն մասն, թե Պուտինի թեկնածության առաջադրումը ոչ միայն կփոխի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա, այլև կավելացնի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը: Այդ թեզի կողմնակիցները այն տպավորությունն ունեին, որ Քոչարյանը ավանդաբար համարվել է պուտինյան ոճի գործիչ և, բացի դա, վերջին շրջանում Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը նրանց իրավունք էր տալիս այդպես ենթադրելու: Սակայն վարկածի հեղինակները շրջանցել էին մի կարևոր հանգամանք, ինչն էապես կփոխեր նրանց ենթադրությունների ուղեծիրը: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը չի վերադառնում քաղաքականություն, քանի որ իրականում նա չէր էլ հեռացել ու իր ազդեցությունը միշտ էլ պահպանել էր Ռուսաստանում: Իսկ ահա Քոչարյանի մասին նույն բանն ասել չի կարելի: Այս իմաստով որևէ կապ կամ ընդհանրություն Ռուսաստանի ու Հայաստանի նախընտրական գործընթացների մեջ չկա: Էլ չենք ասում, որ հնարավորությունը, թե Պուտինը կաջակցի Քոչարյանին, միֆական ժանրից է:
Իսկ եթե անհատների թեմայից անցում կատարենք ավելի ծավալուն և կարևոր հիմնախնդիրների, ապա հենց ռուսական քաղաքական շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ Պուտինի վերադարձը Կրեմլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի իրականությանը ավելի մոտ: Սա չի նշանակում, թե այն անմիջապես կլուծվի: Բայց ենթադրում է դրական տեղաշարժեր: Պատահական չէ, որ հատկապես հիմա վերլուծաբանները վերհիշեցին, թե ինչպես էր ժամանակին Պուտինը հայտարարում, որ պետք չէ Ղարաբաղի հարցը կապել Հայաստան-Թուրքիա հարաբերություների հետ: Վերհիշեցին նաև այն մասին, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում քիչ չեն ադրբեջանամետ խորհրդականները, ովքեր փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը Կրեմլում՝ նյութականացնելով այդ կողմնակալությունը: Ինչ վերաբերում է Պուտինի գործելաոճին և նրա կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերին, ապա կարծիք կա, որ նրա վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի, ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշումը կաճի` նոր պատերազմ չսանձազերծելու մտադրությամբ, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կփորձի սառեցնել գործընթացը:
Այս ենթադրությունները հաստատելու կամ մերժելու համար դեռ բավականին ժամանակ կա: Իսկ մինչ այդ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե այս տարվա նոյեմբերին հնարավոր է Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Հայաստան: Ասվում է, որ նրա այցը պայմանավորված կլինի հայ-ռուսական ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրմամբ, որը վերաբերում է Հայաստանի էներգահամակարգին: Մեզ մնում է միայն կռահել, որ երևանյան շփումներն ու զրույցները բացառապես տնտեսական խնդիրներին չեն առնչվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆԴՐԵՅ ԼՈՊԱՆ

27 Սպտ

ԾԱՂՐԱԾՈՒԻ ԱՂՈԹՔԸ

Որպեսզի կյանքս հոսի ինչպես ջուրն ավազի միջով
Եվ որպեսզի ձեզ զվարճացնեմ,
Ես կպատվիրեմ տիեզերական կրակներ վառել
Կյանքիս վարագույրն իջնելուց առաջ,
Երբ պիտի հանգչեմ:

Ամեն քրքիջի ու ծաղրի վրա
Թող երկինքը մութ ահեղ կայծակի,
Եվ հենց իմ խոսքով` իմ շուրթից թռած,
Նրա, որ վաղը կլռի-կանցնի:

Կուզեմ ես անհետ կորչել ամպերում,
Կեղծ մտքի բեռը նետել մթան մեջ,
Նա, որ միշտ երկչոտ իր տուրքն էր բերում
Իմ ծառայության դիմաց սնամեջ:

Նրա հետ մեկտեղ թող ինձ էլ այրի
Կայծակե շաչուն օձը երկնաճեմ,
Եվ թող անեծքը վերանա ինձնից
Գոնե այն պահին, երբ պիտի հանգչեմ:

Պաղեստինի անմշակ ռոմանտիկան

26 Սպտ

Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին փոխանցված պաշտոնական հայտը, որով առաջարկվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը և տրամադրել ՄԱԿ-ի լիիրավ անդամություն, դարձել է վերջին օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը: Բոլորն են հասկանում, որ այս ընթացակարգը չի սահմանափակվելու սոսկ նրանով, որ հարցը քննարկման դրվի 193 անդամ ունեցող Գլխավոր վեհաժողովում, իսկ ձայների 2/3-ը ստանալու դեպքում «Պաղեստին» մակագրությամբ բազկաթոռը բերվի ՄԱԿ-ի դահլիճ։ Ավելին, գերիշխողն այն մտայնությունն է, որ խաղաղությունը ձեռք չի բերվում ՄԱԿ-ի հայտարարությունների և բանաձևերի միջոցով, հակառակ դեպքում հաշտությունը վաղուց հաստատված, իսկ սահմանները գծված կլինեին: Եվ այս բանը հրաշալի գիտակցում են ինչպես Պաղեստինում, այնպես էլ Իսրայելում: Միայն թե դա չի խանգարում, որպեսզի հակամարտող կողմերը շարունակեն մնալ անզիջում և համառ:
Դեռ Աբբասի ՄԱԿ գնալուց առաթ Թել Ավիվը հայտարարել էր, որ եթե պաղեստինցիները դիմեն այդ քայլին, ապա հակազդեցությունը չի ուշանա: Հրեաները նույնիսկ մերժեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի փոխզիջումային առաջարկը, որը ենթադրում էր ճանաչել Պաղեստինի անկախությունը և նրան ՄԱԿ-ի կազմում ընդգրկել ոչ թե լիիրավ անդամի, այլ դիտորդի կարգավիճակով: Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկում էր որոշակի ժամկետներ սահմանել Իսրայելի ու Պաղեստինի միջև համաձայնության ձեռքբերման հարցում: Սակայն Թել Ավիվը դա համարեց անօգուտ: Եվ միայն այն բանից հետո, երբ հայտը փոխանցվեց գլխավոր քարտուղարին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ապահովման դեպքում առաջինը հենց Իսրայելը կճանաչի Պաղեստինը: «Իրականությունն այն է, որ Իսրայելը խաղաղություն է ցանկանում։ Իրականությունն այն է, որ ես խաղաղություն եմ ցանկանում։ Եվ հանուն խաղաղության ձեռքս մեկնում եմ Պաղեստինի ժողովրդին, Աբբասին… Առանց ժամանակ կորցնելու կարող ենք վերսկսել բանակցությունները։ Եկեք հանդիպենք հենց այսօր և այստեղ»,- Աբբասին դիմեց Նեթանյահուն։ Պարզված ձեռքը օդում չթողնելու համար Աբբասը չմերժեց հանդիպման անցկացումը, սակայն նշեց, թե դրանից Պաղեստին պետության ճանաչման հայցը չի վերանայվի:
Բայց արդյո՞ք պաղեստինյան ռևանշը կարող է պսակվել հաջողությամբ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ճիշտ է, մեծ թիվ են կազմում այն երկրները, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ հօգուտ ճանաչման, միայն թե այդ հանգամանքը բավարար չէ արդյունք ակնկալելու համար: Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել է, որ եթե հարցը դրվի քննարկման, ապա Վաշինգտոնը կօգտվի իր վետոյի իրավունքից: Սպասվելիք ծանր հետևանքները կանխելու կամ գոնե հետաձգելու ակնկալիքով մի վերջին քայլ կատարեց մերձավորարևելյան Քառյակը (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ու ՄԱԿ-ը)՝ կոչ անելով Իսրայելին ու Պաղեստինին եկող ամսվա ընթացքում համաձայնության գալ բանակցությունների շուրջ: Քառյակն այն կարծիքին է, թե կողմեը 3-ամսյա ժամկետում կարող են անվտանգության ու սահմանների հետ կապված առաջարկներ մշակել, իսկ կես տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց արձանագարել խաղաղ կարգավորման գործընթացում: «Քառյակի հիմնական նպատակն է հասնել խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը 2012թ վերջին»,- ասված էր նրանց համատեղ հայտարարության մեջ:
Սա, ինչ խոսք, չհիմնավորված և ոչնչի վրա չխարսխված լավատեսություն է: Ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ ժամանակ շահել: Եվ այժմ նրանք տեղեկացնում են, որ Մոսկվայում շուտով կանցկացվի միջազգային մի վեհաժողով՝ վերսկսելու համար խաղաղության գործընթացը։ Իսրայելը, որին այսպիսի շրջադարձը խիստ ձեռնտու է, դրական է արձագանքել նշված առաջարկին: Իսկ պաղեստինյան վարչակազմն ասել է, որ իրենց պատասխանը կլինի ավելի ուշ:
Ընթացակարգի համաձայն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Պաղեստինի ճանաչման ու անդամակցության հայտը քննարկել կսկսի այսօր: Հայտնի է, որ հայտի ուսումնասիրության գործընթացը կարող է շաբաթներ տևել: Իսկ մինչ այդ ինքնավարության արաբ բնակիչները Ռամալլահի կենրոնական հրապարակներում տոնում են պետության ճանաչման գործընթացի մեկնարկը ու հայրենիք վերադարձած Աբբասին դիմավորում իբրև ազգային հերոսի:
Սակայն պետք է նկատել, որ բուն Պաղեստինում քիչ չէ նրանց թիվը, ովքեր խորապես համոզված են, որ գործընթացին չարժե լրջորեն վերաբերվել: Նրանց համոզմամբ, տեսանելի ռոմանտիկ զեղումների թիկունքում հստակ հաշվարկն է, ինչին գիտակցաբար դիմել է վարչակազմը: Մահմուդ Աբասն այդ քայլին գնաց` արդյունքում գոնե որևէ միջանկյալ կարգավիճակ ստանալու համար: Իսկ այս դիվանգիտական քայլը պայմանավորված է այն իրողության ըմբռնմամբ, որ Պաղեստինն այսօր լիիրավ կրագավիճակ ստանալ պարզապես չի կարող:
Ինչ վերաբերում է երկրներին, ովքեր պիտի թեր կամ դեմ քվեարկեն հարցին, ապա նրանց վիճակը նույնպես նախանձելի չէ: Վերջիններս ստիպված են դիրքորոշում ձևավորել՝ ամենաքիչը մտածելով Պաղեստինի կամ Իսրայելի ապագայի մասին և բացառապես ղեկավարվելով թե սեփական և թե աշխարհաքաղաքական շահերով: Մի մասը հաշվի է առնում իր հարաբերություններն արաբների կամ թուրքերի հետ, մյուսները` ԱՄՆ-ի ու Եվրոպայի: Քիչ չեն նաև նրանք, ովքեր մինչև վերջին պահը դեռ չեն կարողացել որևէ հստակ եզրահանգման գալ:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Ադրբեջանը սատարելու է Պաղեստինին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Հայաստանի պարագայում խնդիրը փոքր-ինչ բարդ է: Նախ մինչ օրս դեռ չկա պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարություն, և բացի այդ հանրության ներսում կարծիքները բաժանվում են: Ոմանք գտնում են, թե Պաղեստինի անկախության ճանաչման հարցում Հայաստանը չպիտի տուրք տա մյուս պետությունների շահերին և պետք է կողմ քվեարկի ճանաչմանը: Մյուսները նույնիսկ գործարք են առաջարկում՝ հուշելով, թե Հայաստանը պիտի դիմի Իսրայելին և ասի, որ եթե վերջինս ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա իրենք էլ դեմ կքվեարկեն Պաղեստինի անկախությանը: Հակառակ պարագայում կկանգնեն կողմ քվեարկողների շարքում:
Սա, իհարկե, լուրջ մոտեցում համարվել չի կարող: Իսկ հնարավոր վերաբերմունքի մասին վերջին տեղեկությունների համաձայն, մեր երկիրը մտադիր է քվեարկել Պաղեստինի պետության ճանաչման հարցի դեմ: Այս մասին հայտնի է դարձել օտարերկրյա դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած անանուն աղբյուրից: Ինչպես նշել է աղբյուրը, ապագայում Հայաստանի դիրքորոշումը կարող է մոդուլյացիայի ենթարկվել, եթե Պաղեստինը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի առնչությամբ մաքսիմալիստական դիրքորոշումից` հօգուտ Ադրբեջանի: Երևում է՝ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, թե ամիսներ առաջ Մահմուդ Աբբասն ինչպիսի բառեր էր շռայլում Բաքվում՝ ադրբեջանցիների համակրանքին ու աջակցությանն արժանանալու համար: Իսկ եթե դա այդպես է, ապա Հայաստանն իսկապես կարող է կտրուկ կերպով դեմ արտահայտվել: Եվ նրան շատերը կհասկանան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

25 Սպտ

ՄԻ ԵՐԵԿՈ

«Եթե ուզում ես որոշ բաներ մոռանալ, պետք է անպայման մտածես ուրիշ բաների մասին»,- բարձրաձայն ասաց կինը և կանգ առավ սենյակի մեջտեղում՝ մեղմ ժպիտը դեմքին: Նրա գլխում ժամանակը սպանելու երեք ծրագիր էր պտտվում՝ զանգել Սիմոնին և միասին գնալ որևէ տեղ, երեք քնաբեր հաբ կուլ տալ և քնել մինչև առավոտ (այս վճիռը, սակայն, ժամանակի տհաճ կորուստ էր թվում), կամ էլ փորձել որևէ գիրք կարդալ: Սակայն գիրքը, որքան էլ հետաքրքիր լիներ, ձեռքից կսահեր ու կընկներ գետնին կամ, ավելի ճիշտ (և նա պարզորոշ կերպով իրեն պատկերացնում է այդ դիրքում), նա գիրքը կդներ սավանի վրա և, անկողնում նստած, կփակեր աչքերը, դեղնագույն լույսը կհոսեր կոպերի ու տագնապի այս զգացումի միջով, որը երբեք չէր լքում նրան և կամ լքում էր միայն որոշակի պահերի՝ հաղթանակի, ուրախության պահերին, երբ նա ինքն իրեն ասում էր, երբ նա ինքն իրեն «խոստովանում էր», որ երբեք չի սիրել Մարկին և որ Մարկի հեռանալը այնքան էլ էական չէր: Ոչ, գիրք կարդալու մտքից պետք էր հրաժարվել անմիջապես, նա ինքն իր աչքից ընկնում էր, երբ զբաղված էր ընթերցանությամբ և ինքն իրեն հանդուրժում էր լոկ այն ժամանակ, երբ ընկնում էր մոռացության գիրկը: Իհարկե, «ուրիշների» հետ միասին:
Զանգահարել Սիմոնին: Եվ զանգերը գնում էին հեռախոսալարի միջով, իսկ այդ ընթացքում լսափողը նրա կամքով այտի վրայից սահում- բարձրանում էր ականջին, սև ու թաց եբենոսի մեջ, որը նույնիսկ զզվելի էր ինչ- որ չափով, կորչում ու կրկին լսվում էին ականջ ծակող հնչյունները, երբ եբենոսը հեռանում կամ հպվում էր մաշկին: «Այս պահը ֆիլմում հուզիչ պահ կլիներ՝ իր սիրեցյալի հետ խոսելուց առաջ կինը հղկում- փափկեցնում է ձայնը…»: Սիմոնի ձայնը առույգ էր, Սիմոնի ձայնը՝ միշտ առույգ ու թարմ: Նա եզրակացրեց, որ զանգել էր ուշ ժամի:
— Ես եմ,- ասաց նա:
— Ինչպե՞ս ես,- ասաց Սիմոնը:- Ոչ, եթե դու զանգում ես այս ժամին, ուրեմն տրամադրությունդ տեղը չէ:
— Ես ինձ վատ չեմ զգում,- ասաց նա: Այդ մարդու քնքուշ ձայնից աչքերն արցունքոտվեցին:- Ես ինձ վատ չեմ զգում, սակայն կուզենայի դուրս գալ ու մի բաժակ բան խմել որևէ տեղ: Դու անկողնո՞ւմ էիր:
-Ոչ,- ասաց Սիմոնը,- և բացի այդ, ես նույնպես ծարավ եմ: Տասը րոպեից կլինեմ քեզ մոտ:
Երբ նա կախեց լսափողը և հայելու մեջ տեսավ իր աղավաղված դեմքը, իսկույն ևեթ ուժասպառ եղավ, դեռևս դուրս չեկած՝ հոգնեց դուրս գալու մտքից, ողջ էությունը լցվեց այս սենյակում մեն-մենակ մնալու ցանկությամբ, Մարկի բացակա ներկայությամբ, այն ամենով, ինչը հավանաբար պետք էր տառապանք անվանել: Ու սնել այդ տառապանքը ու նվիրվել այդ տառապանքին: Նրան հաջողվում էր ատելությամբ լցվել ինքնապահպանման այդ բնազդի հանդեպ, որն արդեն մեկ ամիս է, ինչ կամաց- կամաց այլանդակում, ասես խրտվիլակ էր դարձնում իրեն: Եվ ինչու՞ չփորձել գոնե մի քիչ տանջվել՝ խուսափելու, ամեն ինչից շարունակ խուսափելու փոխարեն: Պարզապես անիմաստ էր այդպես ապրելը, անիմաստ էր այդ դժբախտ վիճակում մնալը, ինչպես անիմաստ էր երջանիկ լինելու համար ջանքեր գործադրելը, անիմաստ էր մնացած ամեն ինչը՝ կյանքը, Սիմոնը, այս ծխախոտը, որ նա ճզմեց մոխրամանի մեջ՝ մեկ անգամ ևս այտերին կարմրաներկ քսելուց հետո:
Լսվեց դռան զանգի ձայնը: Սիմոնն էր: Երբ իջնում էին աստիճաններից՝ ուսի վրայով նա ժպտաց Սիմոնին, և սրա դեմքին մի շփոթված ժպիտ խաղաց: «Ճիշտ է,- մտածեց կինը,- Մարկից առաջ ես հանդիպում էի Սիմոնին, բայց հիմա ես մոռացել եմ, թե ինչն էր մեր բաժանման պատճառը»: Իսկապես, նա այդ շրջանից շատ բան չէր հիշում, որովհետև բոլոր հուշերը Մարկից այն կողմ չէին անցնում, փշուր-փշրվում էին՝ ասես դիպչելով Ժիրիկոյի ամրոցի պատերին: Օհ, բավ է մտածել Մարկի մասին: Նա այլևս Մարկին չէր սիրում, չէր ուզում, որ նա կրկին վերադառնա և հիմա, անկասկած, միմիայն իրեն էր խղճում, իրեն՝ ինչպիսին որ կա այս պահին՝ թմբլիկ, կոկիկ, ինքն իրենից գոհ, սավառնելով օտար ուղեծրում:
— Ես հոգնել եմ ինքս ինձնից,- մեքենայի մեջ ասաց նա:
— Դու միակ կինն ես,- ասաց Սիմոնը և նրա ձայնը փոխվեց ֆալցետի,- և մենք բոլորս էլ քեզ ենք սիրում:
— Գիտե՞ս ինչ,- ասաց կինը,- այդ ամենը շատ նման է Մաք-Օռլանի երգին:
Ես ուզում եմ, ես արդեն չգիտեմ,
Թե ինչ եմ ուզում,
Չլսել այսուհետ իմ ձայնը-
Ահա թե ինչ եմ ուզում…
— Իսկ իմ ձայնն ուզու՞մ ես լսել,- ասաց Սիմոնը:- Ես քեզ սիրում եմ, թանկագինս, ես քեզ սիրում եմ կրքոտ:
Նրանք երկուսով ծիծաղեցին: Իհարկե, ամեն ինչ ճիշտ էր ասված: Երբ կանգնեցին գիշերային գինետան առջև, Սիմոնը ձեռքը գցեց կնոջ ուսով, և նա մեքենաբար սեղմվեց Սիմոնին:
Նրանք պարեցին: Ջերմացնող, հրաշալի բան է երաժշտությունը: Կնոջ այտը հանգչում էր Սիմոնի ուսին, և նա լուռ էր: Նա տեսնում էր իր շուրջը պարող զույգերին, ծիծաղից այլափոխված կամ սպասումից լարված նրանց դեմքերը, նա տեսնում էր տղամարդկանց ձեռքերը, որոնք օղակել էին գրավիչ մարմինները՝ երաժշտության ռիթմին հանձնած կանանց իրանը: Ոչ մի բանի մասին նա չէր մտածում:
— Այս լռությունը…,- ասաց Սիմոնը,- Մարկի՞ն է վերաբերում:
Նա գլուխն օրորեց:
— Գիտե՞ս ինչ, Մարկի պատմությունը բոլորովին ուրիշ է: Ոչինչ պետք չէ չափազանցնել: Կյանքը անցնում է:
— Բարեբախտաբար,- ասաց Սիմոնը:- Կյանքն անցնում է, ես մնում եմ, դու մնում ես: Մենք պարում ենք:
— Մեր կյանքը պարելով էլ կանցնի-կգնա,- ասաց նա:- Մենք նման ենք այս մարդկանց, ովքեր միայն պարում են:
Լուսադեմին նրանք դուրս եկան մաքուր օդ շնչելու, դեմքները սառը ջրով թրջեցին, և Սիմոնի ավտոմեքենան նրանց տարավ Սիմոնի տուն: Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին, բայց հետո, երբ պառկեցին քնելու, նա համբուրեց Սիմոնի այտը, կուչ եկավ նրա ուսի մոտ, և Սիմոնը վառած մի ծխախոտ դրեց նրա շուրթերի արանքում:
Վարագույրներից այն կողմ մոտենում էր օրը, գետնին ընկած հագուստների վրա լույս էր շաղ տալիս, և նրա աչքերը առաջվա նման փակ էին:
— Գիտե՞ս,- անխռով ձայնով ասաց նա,- համենայն դեպս, կյանքը, այս ամենը ծիծաղելի են…
— Ի՞նչը,- ասաց Սիմոնը:
— Չգիտեմ:- Եվ նրա կողմը շուռ գալով՝ կինը քնեց կողքի վրա: Սիմոնը մի պահ մնաց անշարժ, հետո հանգցրեց իրենց երկուսի ծխախոտները և ինքն էլ քնեց:

Թարգմ. Սամվել Գասպարյան

ԷԴՎԱՐԴ ԴԵ ԲՈՆՈ

25 Սպտ

ԱՆԿԱՂԱՊԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կաղապարված մտածողությունը միշտ եղել է մտածողության միակ հարգված եղանակը: Տրամբանությունը, որպես նման մտածողության ծայրագույն ձև, փառաբանվել է իբրև ընդօրինակման արժանի նմուշ՝ հաշվի չառնելով, թե ինչքան լուրջ են նրա թերությունները: Կաղապարային մտածողության սահմանափակության լավագույն օրինակ կարող են ծառայել հաշվիչ մեքենաները: Ինժեներ-ծագրավորողը պարզորոշ սահմանում է խնդիրը և նշում, թե ինչ եղանակով այն պետք է լուծվի: Ապա հաշվիչ մեքենան սկսում է խստագույնս սահմանված տրամաբանական հիմքի վրա լուծել խնդիրը: Կաղապարային մտածողության սահուն անցումը մի հուսալի աստիճանից մյուսը արմատապես տարբերվում է անկաղապար մտածողությունից:
Վերցնենք, օրինակ, մանկական խորանարդիկները և սկսենք մեկը մյուսի վրա դնել այնպես, որ յուրաքանչյուր խորանարդիկ ներքևինի վրա տեղավորվի ամուր և հաստատուն: Կստանանք կաղապարային մտածողության գործելակերպի ակնառու պատկերը: Իսկ եթե ցիրուցան անենք խորանարդիկները, ապա կստանանք անկաղապար մտածողության օրինակ: Խորանարդիկները հնարավոր է միացնել՝ ինչ ձևով ցանկանաս, կամ էլ առհասարակ չմիացնել: Սակայն այս դեպքում գուցեև ստացվի մի նախշ, որը թերևս նույնքան օգտակար լինի, որքան ուղղահայաց կանգնեցրած կառույցը:
Կաղապարային և անկաղապար մտածողության տարբերությունն այն է, որ կաղապարի ժամանակ տրամաբանությունը կառավարում է խելքին, այնինչ անկաղապարի ժամանակ տրամաբանությունը սպասարկում է նրան:
Մի վաճառական շատ մեծ պարտք էր վերցրել մի ծեր ու այլանդակ վաշխառուից: Վերջինս սիրահարվել էր վաճառականի աղջկան և մի այսպիսի գործարք առաջարկել. ինքը պարտքը չեղյալ է համարում, եթե վաճառականը աղջկան իրեն տա: Վաշխառուն առաջարկում է այսպիսի մի վիճակահանություն. դատարկ պայուսակի մեջ դնում են երկու քար՝ սև և սպիտակ, իսկ աղջիկը պիտի հանի դրանցից մեկնումեկը: Եթե հանի սևը՝ կդառնա վաշխառուի կինը, եթե սպիտակը՝ կմնա հոր մոտ: Իսկ եթե աղջիկը հրաժարվի վիճակ հանելուց, ապա նրա հորը կալանատուն կնետեն:
Վաճառականը և նրա աղջիկը դժվարությամբ համաձայնում են: Խոսակցությունը տեղի է ունենում այգում, խճածածկ ճանապարհին: Երբ վաշխառուն կռանում է, որպեսզի քարեր գտնի վիճակահանության համար, վաճառականի աղջիկը նկատում է, որ վաշխառուն պայուսակի մեջ նետում է երկու սև քար: Նա աղջկան խնդրում է հանել դրանցից մեկը, որպեսզի դրանով էլ որոշվի աղջկա բախտն ու հոր ճակատագիրը:
Հիմա պատկերացրեք, թե դուք եք աղջկա փոխարեն: Ի՞նչ կանեիք կամ ի՞նչ խորհուրդ կտայիք նրան: Ի՞նչ տիպի մտածողություն կգործածեիք այդ խնդիրը լուծելու համար: Դուք իրավունք ունեք պնդելու, թե տրամաբանական մանրազննին վերլուծությունը պետք է որ աղջկան օգնի գտնելու լավագույն լուծումը, եթե միայն այդպիսին գոյություն ունի:
Կաղապարներով առաջնորդվող մարդիկ հազիվ թե տվյալ իրավիճակում կարողանան ինչ-որ բանով օգնել աղջկան, քանի որ տվյալ խնդիրը լուծելու նրանց եղանակը ունի երեք հնարավոր տարբերակ՝ ա) աղջիկը պետք է հրաժարվի վիճակ հանելուց, բ) աղջիկը պետք է հասկացնի, որ վաշխառուի խորամանկությունը հայտնի է իրեն և այդպիսով ցույց տա, որ նա խարդախ մարդ է, գ) աղջկան մնում է սև քարը հանել և հորը փրկել զոհաբերվելուց:
Առաջարկված երեք տարբերակներն էլ հավասարաչափ անճարակություն են: Կաղապարային մտածողությամբ մարդիկ այդ իրավիճակում իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն գլխավորապես աղջկա հանելիք քարի վրա: Մինչդեռ անկաղապար մտածող մարդիկ իրենց ուշադրությունը հավանաբար կուղղեն այն քարին, որը մնալու է պայուսակում:
Եվ այսպես, այս պատմության մեջ աղջիկը պայուսակից վերցնում է քարը և առանց նայելու, թե ինչ է հանել, թողնում է, որ այն ընկնի խճածածկ ճանապարհին, որտեղ հանածն ակնթարթորեն խառնվում է մյուս քարերին ու կորչում:
— Ոչինչ,- բացականչում է աղջիկը,- պայուսակում մնացած քարի գույնից կիմանանք, թե ինչ գույնի է եղել ինձ բաժին հասածը:
Եվ քանի որ պայուսակում մնացած քարը, ինչպես հայտնի է, սև էր, ուրեմն աղջիկը կարող էր հանած լինել միայն սպիտակ քարը:
Ահա թե ինչպես, օգտագործելով անկաղապար մտածողությունը, աղջիկը ոչ միայն դուրս եկավ անելանելի թվացող իրավիճակից, այլև հայտնվեց ավելի նպաստավոր վիճակում, քան նախկինում էր:
Անկաղապար մտածողությունը չի զբաղվում միայն պրոբլեմներ լուծելով, նրան վիճակվում է գործ ունենալ նաև նոր տեսակետների ու պատկերացումների, զանազան նոր մտքերի, գաղափարների, մտահղացումների հետ: Եվ ոմանք այնքան են հափշտակվում անկաղապար մտածողության գաղափարով, որ սկսում են կաղապարված մտածողության փոխարեն օգտագործել անկաղապարը: Իսկ մեծամասնությունն առհասարակ մերժում է անկաղապար մտածողությունը՝ ենթադրելով, որ իրենց արդեն միանգամայն բավարար է մեկը՝ կաղապարը, տրամաբանականը: Իրականում մտածողության երկու տիպերը լրացնում են մեկը մյուսին: Երբ պրոբլեմը կաղապարված մտածողությամբ լուծելու ոչ մի հնարավորություն չկա կամ էլ առաջ է գալիս նոր գաղափարի պահանջ, ապա հարկ է կիրառել անկաղապար մտածողություն: Նոր մտքերը կախված են անկաղապար մտածողությունից, քանի որ կաղապարայինի հենց բուն էությանը յուրահատուկ են այնպիսի սահմանափակումներ, որոնք նման նպատակների հասնելու համար այդ մտածողությունը դարձնում են ոչ արդյունավետ: Որքանով որ անկաղապար մտածողությունը նպատակաուղղված է դեպի նոր գաղափարներ ու մտահղացումներ, այն պետք է առնչել նաև ստեղծագործական մտածողության հետ: Ստեղծագործական մտածողությունը ավելի ծավալուն ոլորտներ ընդգրկող անկաղապար մտածողության մի յուրահատուկ տարատեսակ է: Որոշ դեպքերում անկաղապար մտածողության արդյունքները լինում են հանճարեղ արարումներ, այլ դեպքերում դրանք պարզապես նոր տեսակներ են: Անկաղապար մտածողությունը մատչելի է բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են նոր մտքեր ստանալ:
Որքան անկաղապար մտածողությունը շեղվում է կաղապարային մտածողության տրամաբանական օրենքներից, այնքան կարծես ավելի շատ է մոտենում խելագարության: Այն թերևս պարզապես ժամանակավոր և դիտավորյալ խելացնորության մի ձև է: Եթե անկաղապար մտածողությունը գերադասում է գործ ունենալ քաոսի հետ, ապա դա կառավարվող քաոս է, այլ ոչ թե կառավարման բացակայության հետևանք հանդիսացող քաոս:

ՉԺՈՒ ՈՒԱՆ ԲԻՆ

23 Սպտ

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆ

… Եթե մարդ գոռոզանում է, իրեն համարում անթերի, երևակայում է, թե ինքը բավարար չափով ամեն տեսակի արժեքավոր հատկություններ ունի, արտասովոր տաղանդավոր է, ապա նա դադարում է նորը տեսնելուց, չի նկատում իր սխալները: Այդպիսի մարդն իր առաջշարժման մեջ կանգ է առնում, նաև ականջները, աչքերը, գլուխը կորցնում են որևէ բանի արձագանքելու ընդունակությունը: Նա չի ցանկանում լսել ուրիշների քննադատությունը, չի ցանկանում շիտակ նայել իր պակասություններին և սխալներին, չի ձգտում հաղթահարել և ուղղել դրանք: Այդ պատճառով պակասություններն ու սխալները օրեցօր բազմանում են: Եթե նա չգիտակցի այդ, ապա վերջին հաշվով անխուսափելիորեն կգլորվի դեպի աղետ: Այդպիսի մեծամիտ ու ինքնագոհ մարդը նման է կանգնած ջրից առաջացած ճահճի, որտեղ ոչ մի կաթիլ թարմ ջուր չի թափվում: Այդպիսի ջուրն, անշուշտ, օրըստօրե ավելի գարշահոտ կդառնա:
Մեծամիտ ու ինքնագոհ մարդը կույր ու խուլ է. նրա գլուխը պտտվում է: Նա անսահմանորեն հրապուրված է ինքն իրենով, այդ պատճառով կորցնում է իր ընդունակությունը` որոշելու` ով է արդար, ով է մեղավոր. կորցնում է զգոնությունը: Այդ ժամանակ էլ նա ընկնում է անհարմար դրության մեջ. հասնում է այնտեղ, երբ գլորվում է կեղտոտ ճահիճը:
…Եթե մարդն իսկապես համեստ է, ինքնաքննադատաբար է գնահատում իր աշխատանքը, ապա նա ամեն մի գործում կանգ չի առնի ձեռք բերածի վրա, այլ կձգտի այն ավելի ու ավելի բարելավել: Նա անպայման շրջահայաց և ուշադիր կլինի: Այդպիսի մարդը չի սիրում կեղծ փառքը, չի հանդուրժում գովասանքը, հաջողություններից նրա գլուխը չի պտտվում:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ մեծամասնությունը և ինքնագոհությունը կարող են միայն հանգեցնել իրադրության սուբյեկտիվ սխալ գնահատության, որին անխուսափելիորեն հաջորդելու է սխալ գործողություն՝ ընդհուպ պետական գործին վնաս պատճառելը:
…Ուզածդ պոզիտիվ հասարակական շարժում առանց ժողովրդական զանգվածների պաշտպանության չի կարող հաջող ընթանալ: Ում կողմը լինեն ժողովրդական մասսաները, պարտադիր նրա կողմն էլ կլինի հաղթանակը: Այնտեղ, որտեղ ժողովրդական զանգվածները երես են դարձրել շարժումից, այնտեղ անխուսափելիորեն պարտություն կլինի:
Այստեղ կարևոր դերը պատկանում է ղեկավարներին: Եթե հեղափոխական շարժման ղեկավարները համեստ են, մշտապես կապված են ժողովրդի հետ, հոգում են նրա շահերի մասին, ունկնդրում են նրանց ձայնին, այդ ժամանակ ժողովրդական զանգվածները կգնան նրանց ետևից, այդ ժամանակ հեղափոխության գործը կարելի է հասցնել հաղթանակի: Եվ ընդհակառակը, եթե հեղափոխական շարժման ղեկավարները անչափ գոռոզացել են, փքվել են, եթե նրանց ականջները չեն լսում ժողովրդի ձայնը և սրտերը չեն անհանգստանում ժողովրդի շահերի համար, ապա այդպիսի մարդիկ կարող են վերջիվերջո ձանձրացնել ժողովրդական զանգվածներին և նույնիսկ ժողովրդի ատելությունն առաջ բերել: Այդ դեպքում նրանք որոշակիորեն թաղում են գործը, ինչպես թաղում են իրենք իրենց:

Մի ինքնաթիռ զենք

23 Սպտ

Սովորաբար նման պատմությունները երբեք մինչև վերջ չեն բացահայտվում: Միշտ էլ մնում է անհասկանալի մի դրվագ, քողարկված մի անկյուն, չփարատված մի կասկած: Իսկ խորհրդավոր պատմությունն այն մասին, թե ինչպես հայկական ինքնաթիռը թռավ-գնաց՝ 60 տոննա զենք տանելով բոլորի քթի տակից, լրագրողների թեթև ձեռքով ուղղակի ողողվեց թրիլլեր ժանրին հատուկ նրբերանգներով՝ էլ ավելի խճճելով առանց այդ էլ բավականին խճճված միջադեպը:
Մոտ մեկ շաբաթ առաջ թերթերը գրեցին այն մասին, որ Լիբիայից մի ինքնաթիռ է ժամանել Մոլդովա՝ այդ երկրի Ազգային բանակի զինանոցներից սպառազինության ձեռք բերելու նպատակով: Բենգազիից օդ բարձրացած և Քիշինևում վայրէջք կատարած ԻԼ-76-ը մեզ ամենևին չէր մտահոգի, եթե մոլդովացի գեներալները չպնդեին, որ այն պատկանում է հայկական ավիաընկերություններից մեկին և զենք ու զինամթերք է տեղափոխել լատվիական մի ընկերության պատվերով:
Միանգամից չորս երկրների անվան հիշատակումով գործարքն անմիջապես վերածվեց գլուխկոտրուկի: Հարցերն այն մասին, թե ո՞ր ուղղությամբ էր մեկնել ինքնաթիռը և ու՞մ համար էր նախատեսված զենքը, սկսեցին հուզել նույնիսկ նրանց, ովքեր առաջին հայացքից կարծես թե ոչ մի առնչություն չունեին այդ դեպքերի հետ: Իր հերթին Մոլդովայի ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Դոմինիկը հրաժարվեց բացատրություններ տալ՝ հղում անելով զենքի վաճառքի պայմանագրի պայմաններին, որոնք գաղտնիություն էին պահանջում: Դոմինիկն ասել էր միայն, որ ինքնաթիռում եղել է հին սպառազինություն, գործարքը միանգամայն մաքուր է , իսկ բեռի վերջնական սպառողը սպառազինության շուկայի ճանաչված խաղացող է և լավ հայտնի է Մոլդովայի գերագույն իշխանությանը:
Բայց, չգիտես ինչու, առևտրային գաղտնիքը չհրապարակելու պայմանի մասին մոռացավ Մոլդովայի փոխվարչապետ Վալերի Լազերը, և շատ չանցած հայտարարեց, թե Հայաստանը լատվիական միջնորդ կեղծ ընկերության միջոցով 60 տոննա սպառազինություն է ձեռք բերել, ինչը հիմնականում բաղկացած է եղել հրետանային ու հակատանկային համակարգերից: Դրանք Քիշինևի Մերկուլեշտ ռազմական օդանավակայանից հայկական ավիաընկերությանը պատկանող ԻԼ-76 ինքնաթիռով տեղափոխվել են Հայաստան: «Ինքնաթիռը պատկանում է Հայաստանին, սպառազինությունը գնել է լատվիական ընկերությունը, և վերջնական ստացողի վկայականի համաձայն, ապրանքը պետք է ուղարկվի Հայաստան»,- նշել էր փոխվարչապետը` հավելելով, որ ամեն ինչ արվել է օրինական հիմունքներով և միակ անհասկանալի բանն այն էր, որ հայկական ինքնաթիռը Քիշինև էր ժամանել Լիբիայից:
Ցավոք, անհասկանալին միայն դա չէր: Մոլդովայի ՊՆ-ում ավելի վաղ հայտարարում էին, որ օդանավը պատկանում է Լատվիային, իսկ դրանից ավելի վաղ էլ` Ադրբեջանին: Սակայն այն բանից հետո, երբ Լատվիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե լատվիական ոչ մի ընկերություն որևէ կերպ չի մասնակցել աղմկահարույց գործարքին, բոլորի հայացքներն ուղղվեցին Հայաստանի կողմը: Լրատվամիջոցներում նույնիսկ սկսեցին ենթադրություններ շրջանառվել այն մասին, թե իբր Հայաստանը սպառազինություն է մատակարարում Լիբիային: Իսկ սրանից արդեն կարող էր միջազգային ծավալների սկանդալի հոտ գալ, եթե հիշենք, որ երկիրը պարտավոր է պահպանել Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի բանաձևը:
Ի վերջո, ո՞վ էր այն համարձակ ավիաընկերությունը, որ հանդգնում էր շրջանցել ՄԱԿ-ի պայմանները: Ընտրությունն անմիջապես կանգ առավ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության վրա: Բայց մեկ օր անց «Արմավիան» վրդովված հայտարարեց, որ երբեք իր ավիապարկում ԻԼ-76 ինքնաթիռ չի ունեցել, զբաղվում է միայն ուղևորափոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով ու մտադիր է զրպարտության մեղադրանքով դատի տալ այն լրատվամիջոցին, ով համարձակվել է արատավորել իր բարի համբավը: Զենքի փոխադրման մասին տեղեկատվությունը հերքեց նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Ասենք, բացի «Արմավիայից», Հայաստանում գործում է ևս 32 ավիաընկերություն, և նրանցից յուրաքանչյուրին կարելի էր այդ հարցում կասկածել:
Սակայն վերադառնանք «գաղտնապահ» մոլդովացիներին, որոնք օր-օրի հանդես էին գալիս նորանոր բացահայտումներով: Այս անգամ հերթը Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոյինն էր, ով պատգամավորների բազմաթիվ հարցումներին բացատրություններ տալու նպատակով տեղեկացրեց, որ իսկապես Մոլդովան իր բանակի` գործածությունից հանված սպառազինությունը մատակարարել է Հայաստանին, և ասվածի ապացույցն է համաձայնագրի վրա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրությունը: Նույն պաշտոնյան՝ պատճառաբանելով, թե չի կարող ներկայացնել գործարքի այլ մանրամասներ, դրանից անմիջապես հետո ասել էր, որ իր երկիրն այդ գործարքից մի քանի տասնյակ միլիոն լեյի եկամուտ է ստացել (որոշ աղբյուրների պնդմամբ՝ ավելի քան 30 միլիոն դոլար): Այնուհետև մեջտեղ էր եկել ևս մի տեղեկացված անձ՝ Մոլդովայի ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ժոսանը, և հայտարարել, թե «Համաձայն կնքված պայմանագրի՝ Մոլդովայի ՊՆ-ն լատվիական ընկերությանը վաճառել է 60 մլն տոննա բեռ, որը տեղափոխվել է երկու չվերթով»։
Այս ամբողջ իրարանցման ընթացքում մեր հանրապետության իշխանությունները պահպանում էին խորը լռություն: Ոչ ոք ոչինչ չէր հերքում ու չէր հաստատում, և տպավորությունն այնպիսին էր, կարծես նրանք ուշի-ուշով հետևում էին, թե էլ ինչեր պիտի բացահայտեն իրենց առևտրային գործընկերները: Վերջապես երեկ հատուկ մեկնաբանությամբ հանդես եկավ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը: Ի՞նչ էր ասում վերջինս: Ահա նրա խոսքն ամբողջությամբ. «ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»:
Ի՞նչ է ստացվում: Փաստացի նախարարությունը չի հերքում սպառազինության ձեռքբերման փաստը: Խոսք է գնում միայն դրանց որակի մասին: Իսկ ի՞նչ եղավ Լիբիան: Ի՞նչ կապ ուներ այդ երկիրն այս պատմության հետ: Այս մասին իրավասու աղբյուրները դեռ ոչինչ չեն ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զորահանդեսի «մեսիջները»

22 Սպտ

Անկախության օրվա զորահանդեսի ավարտից անմիջապես հետո որոշ ռազմական մասնագետներ կոչ արեցին վերլուծաբաններին ու լրագրողներին՝ ձեռնպահ մնալ հայկական ու ադրբեջանական բանակների համեմատությունից, քանի որ մեր զորահանդեսի նպատակն ինչ-որ բաներ ապացուցելը չէր, և ոչ էլ այդ շքերթը հակառակորդի քայլերին համարժեք պատասխանելու միջոցառում էր: Սակայն որքան էլ փորձենք անսալ այս հորդորին, զուգահեռներ անցկացնելու պահանջը թելադրվում է ինքնաբերաբար: Սրա հետ մեկտեղ պետք է նաև նկատել, որ եթե տեսածի արտաքին ներգործությունը շատերի համար բավարար էր, ապա սպառազինության ու ռազմական տեխնիկայի որակական հատկանիշները գնահատելու կարողությամբ օժտված մարդկանց նեղ շրջանակում ամեն բան ներկայանում էր միանգամայն այլ չափանիշներով: Եվ հենց այդ կրիտերիաներով առաջնորդվելու և դրանցից բխող տարբերակումների մեջ էլ թաքնված էին այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք վաղ թե ուշ պիտի տրվեին:
Մի կողմ թողնելով գեղագիտական տպավորությունները, ինչը հանրությունը լիուլի ստացավ այս՝ թվով հինգերորդ զորահանդեսից, որին մասնակցում էին 4 000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա, նախ անհրաժեշտ է փաստել հետևյալը. զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց: Իսկ այդպիսի միջոցների առկայությունն ինքնին հուշում է զինուժի առջև դրված մարտավարական խնդիրների ուղղվածությունը՝ դրա հետ մեկտեղ ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը որդեգրել է սոսկ պաշտպանողական ռազմավարություն: Զորահանդեսի ժամանակ այնտեղ գտնվողներն անշուշտ նկատեցին, որ երբ հրապարակ մտան այնպիսի զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին, հրավիրված հյուրերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների օթյակում կտրուկ ավելացան տեսանկարահանում կատարող բջջային հեռախոսները: Իսկ տեսնելու և ֆիքսելու առիթներն իսկապես քիչ չէին:
Բարձրախոսերը մեկը մյուսի ետևից հաղորդում էին դրանց անունները՝ «Շումից» և 2ԿԱ-Ա-02 համակարգեր, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրության անօդաչու թռչող սարքեր, 122 ու 152 մմ տրամաչափի շարժական հրետանային կայանքներ, «Կոնկուրս» համալիրներ, ՏԵ-12 թնդանոթներ, համազարկային հրանոթներ, Դ-30, Դ-20 և 2Ա36 թնդանոթներ, ՄՄ-21 համալիրներ, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ, ՕՍԱ-ԱԿԱ համալիրներ, С-125 համալիրներ, «Կրուգ»» զենիթա-հրթիռային կայանքներ, և վերջապես հանրահայտ C-300 զենիթահրթիռային համալիրները: Սա ընդամենը մի մասն է այն ամբողջի, որ հաջորդաբար ցուցադրվեց երեկ: Բայց մենք այդ ընդարձակ ցանկից կառանձնացնենք երկու զինատեսակներ, որոնց կարելի է ընդգրկել մատուցված անակնկալների շարքում:
Նախ և առաջ խոսքը «9 K 72» կամ «Սքաթ» տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների մասին է: Հենց միայն դրանք արդեն իսկ ընդունակ են լուրջ ազդեցություն թողնել տարածաշրջանային անվտանգության և ուժային հարաբերակցության վրա: Բայց դա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նույնպես իր զինանոցում ունի այդ հրթիռներից: Միայն թե հակառակորդի մարտագլխիկներն ընդունակ են հաղթահարելու առավելագույնը 120 կիլոմետր տարածություն, մինչդեռ հայ մասնագետների շնորհիվ «Սքաթ»-ը արդիականացվել է մեր հանրապետությունում՝ էականորեն ավելացնելով իր մարտական հնարավորությունները: Բավական է միայն ասել, որ այժմ դրանք կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչև 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Սա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում: Բացառիկ նաև այն իմաստով, որ այդպիսի բարդ խնդիր կարողացել է իրականություն դարձնել Հայաստանի նման փոքր երկիրը:
Հաջորդ անակնկալները դարձան զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված «Տոչկա-ՈՒ» հրթիռները: Վերջիններս նույնպես ունեն բավական բարձր հնարավորություններ՝ խոցելու թշնամու նշանակետերը: Հրապարակ չբերվեցին, սակայն հայտարարվեց, որ մեր զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային այնպիսի համալիրներ, ինչպիսիք են «Սմերչն» ու «Ուրագանը»: Իսկ եթե ասվածը համադրենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանում արդյունավետ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, ապա սա արդեն լուրջ ազդակ է այն բանի, որ թշնամու հենակետերը նրա տարածքի խորքում խոցելը ձեռք է բերում մեծ հավանականություն:
Զորահանդեսի իրական ներգործության մասին դատելու համար լիովին բավարար է վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի պահվածն ու հակազդեցությունը: Դա ոչ թե լռություն է կամ զգույշ արձագանք, այլ ակնհայտ շփոթմունք, որից ձերբազատվելու համար միայն հոխորտանքներն այլևս բավարար չեն: Երկար ժամանակ մեր մարտատենչ հարևաննների գլխավոր փաստարկն այն էր, որ Հայաստանի դեմ իրենք վարելու են դիստանցիոն պատերազմ և ունեն այդ նպատակին ծառայեցվող սպառազինությունը: Իսկ այսօր միայն «Տոչկա» և «Սքաթ» համալիրները ընդունակ են ցրելու նրանց խաբուսիկ պատկերացումները և ստեղծել ուժերի հարաբերակցությունը վերանայելու անհրաժեշտություն: Թերևս սա էր երեկվա զորահանդեսի գլխավոր «մեսիջներից» մեկը:
Իբրև վերջին սփոփանք, ադրբեջանական լրատվամիջոցները՝ խեղաթյուրելով «Ռեգնիում» գործակալության նյութերը, սկսեցին կրկնել այն միտքը, որ իրենք գերազանցում են օդուժի հնարավորություններով, ինչին հայկական կողմն արձագանքեց, որ մենք դեռևս նրանց հետ այդ ոլորտում մրցակցելու խնդիր չենք դրել, բայց եթե նման խնդիր լինի, չի բացառվում, որ Հայաստանը ամենամոտ ապագայում ձեռք բերի մեծ թվով կործանիչներ:
Մի դրվագ ևս, որը շրջանցելն անհնար է: Խոսքը շքերթին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտիկների մասնակցության փաստի մասին է: Այս առթիվ բոլորից լավ արձագանքեց Segodnia.ru կայքէջը՝ իր վերլուծականում գրելով. «Ամեն ինչ դեռ նոր է սկսում, սակայն վստահաբար կարելի է սպասել Բաքվի ուժգին հիստերիային: Այդպես, Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ռուսական եռակի «ուռա»-ն արդեն իսկ մեծ հակազդեցություն է հարուցել փորձագետների, քաղաքագետների և ադրբեջանցի զանազան այլ սրտացավ քաղաքացիների շրջանում: Առայժմ՝ դեռ Հայաստանի ուղղությամբ: Սակայն բացառված չէ, որ…»:
Կախման կետերով ավարտված այս մտքի ավարտն այնքան էլ դժվար չէ կռահել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին պատերազմ կլինի՞

21 Սպտ

Եթե անհրաժեշտություն առաջանա ճշգրիտ ախտորոշում կատարել Թուրքիայի հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության առնչությամբ, ապա վստահաբար կարելի է ասել, որ այդ թեզը ոչ միայն հոգևարք է ապրում, այլև վաղուց ժամանակն է նրա մարմինը հանձնել հողին: Զրոյականը դարձել է հարյուրական, լարվածությունը տարածվել է բոլոր ուղղություններով, և այսօր համարյա անհնար է գտնել Թուրքիային հարևան որևէ երկիր, որն արդեն արժանացած չլինի Անկարայի սպառնալիքներին, փչացրած չլինի հարաբերությունները կամ կասկածանքով չվերաբերվի թուրքական քաղաքականությանը: Բայց արի ու տես, որ այս կուտակումների բեռը դեռ չթեթևացրած՝ թուրքերն իրենց նետում են նոր հոգսերի ու բարդացումների հորձանուտը: Այս անգամ նրանց անհանդուրժողականության թիրախում է հայտնվել Կիպրոսը: Ճիշտ է, կիպրական կնճիռն արդեն տասնամյակների պատմություն ունի, միայն թե ներկայիս լարվածությունը ոչ միայն անցյալի հանրագումարն է, այլև ընդհուպ մոտենում է այն կրիտիկական կետին, որից այն կողմ քայլերը դառնում են անկանխատեսելի ու որպես կանոն՝ աղետալի:
Պատճառները մի քանիսն են՝ մեկը մյուսով պայմանավորված ու փոխկապակցված, սակայն կողմերից որևէ մեկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը՝ փաստարկները լրացնելով նախապայմանների ու վերջնագրերի սահմանումով: Իսկ դրանք սկիզբ են առնում Միջերկրական ծովի գազի հանքավայրերից և վերջանում Եվրամիության դռների մոտ: Ու մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է, որ Թուրքիան ռազմանավեր կուղարկի միջերկրածովյան արևելյան տարածքներ, եթե Կիպրոսն ու Իսրայելն սկսեն իրականացնել օֆշորային գազի արդյունահանման համատեղ նախագիծը, Կիպրոսի կառավարությունն իր հերթին հայտարարում է, թե կշարունակի արգելափակել Եվրամիություն ընդգրկվելու Թուրքիայի ցանկացած փորձ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է Կիպրոսի գազային նախագծերի դեմ սպառնալիքները։ Սրան արձագանքելով Անկարան էլ կոչ է անում մինչև տարեվերջ ստորագրել Կիպրոսի հունական և թուրքական մասերի միավորման մասին պայմանագիր՝ հույս հայտնելով, որ կղզին կկարողանա հաջորդ տարի, որպես միասնական պետություն, ստանձնել Եվրամիության նախագահությունը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի վերամիավորման պայմանների շուրջը հաջորդ վեց ամսվա ընթացքում համաձայնության գալու դեպքում Կիպրոսում 2012 թվականի սկզբին հնարավոր կլինի անցկացնել քվեարկություն պայմանագրի վերաբերյալ՝ կղզու թուրքական և հունական հատվածների մասնակցությամբ։ Դավութօղլուի համաձայն, «նոր պետությունը» կօրինականացնի ԵՄ-ի Կիպրոսի նախագահությունը 2012 թվականի ընթացքում։
Սակայն Թուրքիան խորապես դավաճանած կլիներ իր էությանը, եթե այս ամենից հետո նաև Եվրոպայի դեմքին չշպրտեր իր վերջնագիրն առ այն, որ եթե Կիպրոսի հետ բանակցությունները անարդյունք մնան և ԵՄ նախագահությունը 2012թ Կիպրոսի Հանրապետությանը փոխանցվի, ապա Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները: Նման որոշում պաշտոնական Անկարան արդեն իսկ կայացրել է:
Նման հավակնոտությունը մեկ այլ իրավիճակում գուցեև արժեք ունենար, սակայն ոչ Եվրոպայի պարագայում, որն առանց այդ էլ բոլորովին չի խելագարվում այն մտքից, որ ժամ առաջ թուրքերին տեսնի իր ընդհանոր հարկի տակ: Իսկ ասվածի վերջին ապացույցը դարձավ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Գերմանիան դեմ է Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցությանը: Այս մասին Մերկելն ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա թուրքերի սադրանքները նրանց համար նոր երևույթ չեն, և պատասխանելով Անկարայի բացահայտ սպառնալիքներին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը ասաց. «Մենք Թուրքիային կոչ ենք անում ջանքերն ուղղել կիպրական հիմնախնդրի լուծմանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: Իր հաստատակամությունն էլ ավելի ընդգծելու համար Կիպրոսը նաև հայտարարել է, որ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվելու, և առաջիկա օրերին կսկսեն բնական գազի որոնման աշխատանքները, քանի որ այդ գործողությունն իրենց պետության սուվերեն իրավունքն է և համապատասխանում է միջազգային օրենսդրությանը:
Որքան էլ Թուրքիան շարունակի աղաղակել, թե կղզու բնական պաշարները պատկանում են երկու` հունական ու թուրքական հանրություններին, և հույներն իրավունք չունեն միակողմանիորեն որևէ քայլ ձեռնարկել, ըստ նախնական տեղեկատվության, հորատման աշխատանքները արդեն մեկնարկել են: Աշխատանքները տարվում են կղզու հարավային հատվածում: Արդեն փորվել է շուրջ 80 մետր հորատանցք: Աշխատանքներով զբաղվում է ամերիկյան հատուկ նավը: Ոչ ոք չի պատրաստվում այն խոչընդոտել, իսկ ամերիկացիները նույնիսկ իրենց աջակցությունն են հայտնել այդ առիթով: Խնդրին պատրաստ է միջամտել նաև ՄԱԿ-ը: Կիպրոսի նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսին ներկայացված փաստացի վերջնագրից։ Բան Կի Մունը նրան խոստացել է այդ հարցը քննարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ։ Ընդ որում՝ նշվում է, որ Բան Կի Մունը ոչինչ չի նշել Միջերկրական ծովում Կիպրոսի կողմից հետախուզական աշխատանքների դադարեցման մասին։
Հավանաբար հենց այս հանգամանքն էլ դարձել է Անկարայի ծայրահեղ անհանգստության և կատաղության վերջին կաթիլը: Իսկ երբ եղածին գումարվեց լուրն այն մասին, թե հոկտեմբերի 1-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը ծրագրում է սկսել բնական «Բլոկ-12» գազային հանքավայրի փորձնական հորատումը, որը մտնում է Իսրայելի ու Կիպրոսի համատեղ ժամանակակից էքսկլյուզիվ տնտեսական գոտու մեջ, Թուրքիան արդեն սպառնաց պատերազմով: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը բաց տեքստով կողմերին տեղեկացրեց, որ եթե «Բլոկ-12»-ի հորատումն սկսվի, ապա Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա: Նա մասնավորապես ասաց. «Դա այդ տարածաշրջանում մեր ռազմական նավերի գտնվելու ստույգ պատճառն է: Հենց դրա համար մենք ստեղծել ենք հզոր բանակ և դրա համար ենք պատրաստում մեր զինվորներին»:
Մինչև հոկտեմբերի 1-ը քիչ ժամանակ է մնացել: 10 օրից մեզ համար պարզ կդառնա, թե ինչի համար է ստեղծված թուրքական հզոր բանակը: Իսկ անկարան մի այլընտրանքային տարբերակ էլ է մտմտում, որի իմաստը կայանում է հետևյալում. կիպրական անհնազանդության պարագայում իրենք ևս սկսելու են Կիպրոսում բնական գազի արդյունահանման աշխատանքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վաղվա զորահանդեսի առիթով

20 Սպտ

Վաղը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կկայանա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Իսկ մինչ այդ զորահանդեսի գլխավոր փորձի դուրս եկած բանակայինները կուռ շարքերով անցնում էին Երևանի փողոցներով, երթևեկում էր ծանր զրահատեխնիկան, և մայթերին խմբված քաղաքացիները ծափահարում էին նրանց հիացմունքով ու հպարտությամբ: Իսկապես հաճելի և աչք շոյող տեսարան էր դա, անկեղծ վերաբերմունքի դրսևորում՝ առանց հավելյալ կողմնապահության: Բայց ցանկացած ռազմական շքերթ (իսկ սպասվելիքն՝ առավել ևս) միայն տոնական հանդիսություն չէ և ոչ էլ նույնիսկ զինված ուժերի հաշվետվությունը երկրի քաղաքացիներին, որտեղ կարելի է գնահատական տալ բանակի պատրաստվածությանը, նրա տեխնիկական ու հանդերձանքի հագեցվածությանը: Այն, որ այս շքերթը լուրջ քաղաքական ու մարտավարական նպատակներ է հետապնդում, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Երկար ու հետևողական նախապատրաստությունը դրա ակնհայտ վկայություններից մեկն էր: Ներկայացվող առիթը գործադրելով պատասխան քայլ կատարելու համար, Հայաստանը վաղը լուրջ քննություն է հանձնելու՝ իր հակառակորդներին հակադարձելով նույն ոճով, ինչպես նրանք էին ամիսներ առաջ բռունցք թափահարում մեր ուղղությամբ: Եվ այս տեսանկյունից զորահանդեսը մեծ հաշվով պիտի լինի առկա ուժի բացահայտ ցուցադրում, ինչը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ ինչպես զսպման մեխանիզմների գործադրման, այնպես էլ ուժային հարաբերակցության ճշտման առումով: Հրապարակում քայլերթ կատարող զորքն ու հռնդացող մեքենաները կդառնան այն հայելին, որի մեջ կարտացոլվի պետության լրջության աստիճանը, տնտեսական ներուժը, կարգապահությունը, գիտական մտքի պոտենցիալը և, ինչ խոսք, նաև հոգեբանական գործոնները:
Սակայն կա ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ ապացույցների անհրաժեշտությունը: Եվ վերջին շաբաթների ընթացքում հատկապես այս կետի վրա է բևեռված բոլորի ուշադրությունը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն զինատեսակներին, որոնք բանակի կարողությունների ծանրության կենտրոնը թեքում են նպաստավոր ուղղությամբ: Եվ այսօր հնչող ենթադրությունների, կռահումների ու ապացույցների ակտիվ առատությունը պայմանավորված է հենց դրանցով:
Ի՞նչ ունենք մեր զինանոցում: Ճիշտ է, դեռևս չի հրապարակվել, թե քանի միավոր զինտեխնիկա և մարտական հաշվարկներ են մասնակցելու շքերթին, բայց որոշ բաների մասին արդեն կարելի է խոսել: Մասնակիցները հրապարակում կտեսնեն հարձակողական ու պաշտպանողական բնույթի զինատեսակներ, կլինեն անակնկալներ հայրենական ռազմաարդյունաբերության արտադրանքից: Այս շարքում ուշադրության արժանի են առաջին անգամ ցուցադրվող հայկական անօդաչու թռչող սարքերը, որոնց տրվել է «Կռունկ» բարեհունչ անունը: Օդային հետախուզում իրականացնող այդ սարքերի նախագծման և արտադրության վրա տարիներ են ծախվել: «Կռունկը» պատկանում է միջին դասի անօդաչու ինքնաթիռների շարքին: Աշխարհում գոյություն ունեցող համանման սարքերի 60 տոկոսը հենց այդ դասից են: Այն փորձարկման է ենթարկվել դժվարին եղանակային պայմաններում և մասնագետների գնահատմամբ, սարքի էլեկտրոնային բաղադրիչներն աշխատում են անխափան: Իսկ հատկապես սահմանի վրա ադրբեջանական անօդաչու սարքի ջախջախումից հետո դրանց գոյությունն ու ցուցադրումը միանգամայն այլ իմաստ է ձեռք բերում:
Երևանցիներն արդեն փողոցներում տեսել են նաև ահռելի S-300 համակարգերը: Առավել տեղեկացվածներն ասում են, որ կլինեն հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի տարածքի ցանկացած նշանակետ: Իսկ ահա որոշ ռուսական լրատվամիջոցներ օրերս լուրեր հրապարակեցին այն մասին, թե սեպտեմբերի 21-ի հայկական շքերթի ժամանակ կցուցադրվեն ոչ միայն «Սքաթ» տեսակի միջին հեռահարության հրթիռներ, այլև S-400 նորագույն համակարգերը: Դժվար է ասել, թե սա որքանով է հավաստի, փոխարենը հայտնի է, որ քիչ չեն նաև այն զինատեսակները, որոնք չեն ցուցադրվելու: Նշենք նաև, որ օդուժի մասնակցությունը կառանձնան նրանով, որ մեր ինքնաթիռների բոլոր օդաչուները հայեր կլինեն՝ ի տարբերություն Ադրբեջանի զորահանդեսի, երբ նրանց ինքնաթիռները օդ բարձրացրին այլազգի վարձկաններ: Ինչ վերաբերում է թրթուրավոր տեխնիկային, ապա կազմակերպիչներն այս անգամ որոշել են դրանք հրապարակ բերվել անվավոր քարշակների վրա՝ քաղաքի կենտրոնական հատվածի սալահատակը չվնասելու նկատառումներով:
Հիշատակենք զորահանդեսի ևս մի քանի առանձնահատկություններ, որոնք ոչ միայն ուշադրության արժանի կլինեն, այլև արդեն իսկ առիթ են տվել զանազան հետևությունների ու տարակարծությունների: Հայտնի է, որ առաջիններից մեկը հրապարակ են մտնելու հոգևորականները, այսինքն՝ Զինված ուժերում ծառայող եկեղեցու սպասավորները: Թերևս այս «նորամուծությունը» նպատակ ունի ընդգծելու ուժի և ոգեղեն գործոնի միասնականության կարևորությունը: Սակայն փաստը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ: Ոմանք կարծում են, որ սքեմավորների ներկայությունը անհամատեղելի է ռազմական ներուժի հետ, և որևէ կերպ արդարացված չէ նրանց բացառիկ ընտրությունը, քանի որ նույն հաջողությամբ շքերթով կարող էին անցնել հասարակության այլ խավերի ու խմբերի ներկայացուցիչներ:
Մեծ անակնկալ դարձավ տեղեկությունն այն մասին, որ զորահանդեսի ժամանակ հայ զինվորականների հետ մեկտեղ Հանրապետության հրապարակով կքայլեն Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող ռուս սահմանապահները: Հասկանալի է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը առանձնակի վերաբերմունքի դաշտ են ձևավորել: Միայն թե նրանց միասնականության այս արտահատչաձևն ակամա մղում է երկիմաստ հետևությունների: Մի կողմից սա կարող է մեկնաբանվել որպես ապացույցն այն բանի, որ ռուսական կողմը կիսում է Հայաստանի պաշտպանության պատասխանատվությունը: Մյուս կողմից դա կարող է դիտվել իբրև արտաքին ռազմական ուժից երկրի կախյալ վիճակի վկայություն, ինչն առանձնապես հաճելի չէ: Չչարաշահելով այս թեման, հավելենք միայն, որ հայկական զորահանդեսը դիտելու համար վաղը հրապարակում կլինի նաև ամերիկյան Կանզասից Երևան ժամանած ամերիկացի գեներալ-ադյուտանտ Լի Տաֆանելին: Վերջինս անկասկած առանձնահատուկ հայացքով պիտի դիտի թե հայ-ռուսական միացյալ զորախմբերին, և թե հայկական այն ստորաբաժանումներին, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կազմում:
Այո, Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթն իսկապես ձեռք է բերել հատուկ նշանակություն: Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում ևս կարող են ուղիղ եթերում դիտել մեր զորահանդեսը: Բանն այն է, որ «Միր» միջպետական հեռուստաընկերությունը ստանձնել է շքերթի հեռարձակումը: Իսկ դա նշանակում է, որ ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրներում, այնպես էլ Ադրբեջանում հայ բանակայինների և ռազմական տեխնիկայի երթը դիտելու հնարավորությունը կունենա յուրաքանչյուր ոք: Նրանց արձագանքների բովանդակությունը կարելի է վաղօրոք կռահել: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա ոչ վաղը և ոչ էլ հաջորդ օրերին չպիտի լքի այն բանի գիտակցումը, որ բանակի ուժն ու մարտունակությունը ցուցադրում են ոչ թե զորահանդեսներում, այլ սահմանին ու մարտադաշտում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԹԵՖԱՆ ՎԻՆՍԵՆԹ ԲԵՆԵԹ

19 Սպտ

… Այնուհետև ես տեսա մահվան աստծուն: Նա նստած էր աթոռին, պատուհանի մոտ, այն սենյակում, որ դեռ չէի եղել: Սկզբում կարծեցի, թե նա տակավին կենդանի է, հետո թիկունքին նկատեցի ձեռքի չորացած մաշկը, որը նման էր անկենդան կաշվի: Սենյակի դուռը փակ էր, այնտեղ տաք էր ու չոր. կասկած չկար, որ այն պահպանվել էր այնպես, ինչպես եղել էր: Նա նստած էր ու պատուհանից նայում էր քաղաքին: Հագնված էր աստվածներին արժանի ձևով: Ոչ երիտասարդ էր և ոչ էլ ծեր. չեմ կարող ասել, թե քանի տարեկան էր: Բայց դեմքին իմաստության ու թախիծի խոր կնիք կար: Երևում էր, որ չէր ցանկացել փախչել քաղաքից: Նա նստել էր իր պատուհանի մոտ ու դիտել կործանվող քաղաքը և այդպես էլ մահացել էր:
Ավելի լավ է մարդ կորցնի կյանքը, քան թե հոգին: Նրա դեմքից երևում էր, որ կորցրել էր իր մարմինը, բայց ոչ հոգին: Գիտեի, որ եթե դիպչեի նրան, կընկներ ու կփոշիանար, չնայած դեմքն անսասան արտահայտություն ուներ:
Ահա իմ ամբողջ պատմությունը: Հիմա գիտեմ, որ նա սովորական մարդ էր. նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են եղել և ոչ թե աստվածներ կամ դևեր: Նրանք սովորական մարդիկ են եղել, բայց անցել են խավարի ճանապարհով…
Երբ նորից տեսա հորս, աղոթեցի ու սրբագործվեցի: Հայրս թեթևակիորեն դիպավ կրծքիս ու շուրթերիս և ասաց.
— Դու ուղևորությունդ սկսեցիր որպես տղա, վերադարձար որպես տղամարդ ու քուրմ:
Ես ասացի.
— Հայրիկ, նրանք սովորական մարդիկ են եղել: Ես եղա աստվածների կացարանում և տեսա այդ: Դուք կարող եք սպանել ինձ, եթե օրենքը դա է պահանջում, բայց հիմա գիտեմ, որ նրանք սովորական մարդիկ են եղել:
Նա քնքշորեն նայեց ինձ և ասաց.
— Օրենքը միշտ նույն ձևը չունի, դու արեցիր այն, ինչ կարողացար: Իմ ժամանակին ես չկարողացա անել այդ, բայց դու եկար ինձնից հետո ու արեցիր: Այժմ պատմիր:
Ես սկսեցի պատմել: Նա ուշադիր ինձ էր լսում: Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ տեսածիս մասին պատմել բոլորին, բայց հայրս թույլ չտվեց: Նա ասաց.
— Ճշմարտությունը նման է դժվար որսացվող եղջերուի: Եթե չափից շատ օգտագործես այն, կարող ես մեռնել: Իզուր չէ, որ մեր նախնիներն արգելել են Լքված բնակավայրերն այցելել:
Նա ճիշտ էր ասում: Ճշմարտությանը պետք է հասնել աստիճանաբար: Ես այդ իմացա, երբ քուրմ դարձա: Հավանաբար հին ժամանակ մարդիկ շատ արագ էին յուրացնում գիտությունը…

«Բաբելոնի գետերի հովտում» պատմվածքից

Հայկական վետոն և «Եվրանեսթի» սխալը

19 Սպտ

«Եվրանեսթ» անունը կրող եվրոպական միջխորհրդարանական նորելուկ կառույցի՝ Ստրասբուրգում անցկացրած առաջին լիագումար նիստն ավարտվեց ֆիասկոյով: Նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Սակայն այդ փաստաթղթին վիճակված էր կատարյալ ձախողում, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց այն մռայլ կանխատեսումների իսկությունը, որ հերթական ինտեգրացիոն մարմինը կվերածվի անպտուղ բանավեճերի հարթակի` շեղելով «Եվրանեսթին» իր հիմնական նպատակից:
Այս տարվա մայիսին Բրյուսելում հիմնադրված կառույցը կոչված է միավորելու Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները: Այս խորհրդարանական վեհաժողովը նպատակ ունի սերտացնել Եվրամիության և հետխորհրդային 6 երկրների շփումները: Ճիշտ է, վերջին պահին Բելառուսը հայտարարվեց «անցանկալի երկիր» և դուրս մնաց ընտրյալների խմբից, բայց և այնպես «Եվրանեսթի» նախաձեռնողները իրենց քայլերը պայմանավորում էին այն իրողությամբ, որ Արևելյան հարեւանության ծրագիրը դեռևս չի գործում և գործընթացին հավելյալ մի խթան է պետք, որտեղ կհստակեցվի, թե ինչ է պետք անել և որոնք ենք առկա խոչընդոտները: Բայց քանի որ «Եվրանեսթի» ընդունած որոշումները պարտադիր իրավական ուժ չեն ունենալու, այդ պատճառով էլ ի սկզբանե փորձագետները մտավախություն էին հայտնում, թե սա ևս կվերածվի քաղաքական բանավեճերի ակումբԻ: Մեծ հաշվով նրանք չսխալվեցին:
Առաջին նիստին հայկական պատվիրակությունը նախապատրաստվել էր՝ ինչպես կարող էր. շուրջ երկու տասնյակ առաջարկներ առկա քաղաքական խնդիրների մասին, պատրաստակամություն՝ ակտիվորեն ներգրավվելու կազմակերպության աշխատանքներին: Դրա հետ մեկտեղ կար այն բանի իրատեսական գիտակցումը, որ «Եվրանեսթը» բարդ հարթակ է լինելու՝ հաշվի առնելով, որ կառույցում ընդգրկված են նաև «ՎՈՒԱՄ» կազմակերպության անդամ պետությունները, իսկ Ադրբեջանն անպայման կփորձեր դա օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եվ այդ մտավախությունները շատ շուտով ներկայացան իրենց ողջ «հմայքով»:
Վարշավայի գագաթնաժողովին ներկայացվելիք ընդհանուր զեկույցը վերաբերում էր Արևելյան գործընկերության հեռանկարներին: Սակայն ստրասբուրգյան միջադեպի գայթակղության քարը դարձավ դրա 60-րդ դրույթը, որտեղ խոսվում էր հակամարտությունների և այն մասին, որ ԵՄ-ն պետք է կառուցողական դեր ունենա դրանց հանգուցալուծման հարցում: Հենց այդ դրույթում էլ մեր հարևան վրացիները ներառել էին միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, և այդ իսկ պատճառով էլ հայկական պատվիրակությունը պահանջեց, որպեսզի սահմանների անձեռնամխելիության հետ մեկտեղ ամրագրվեն ազգերի ինքնորոշման ու միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքները: Երբ խնդրի շուրջ ծագած վիճաբանությունը սկսեց մեծ ծավալներ ընդունել, եվրոպացի մի քանի պատգամավորներ առաջարկեցին վիճելի պարբերությունը ընդհանրապես դուրս հանել տեքստից: Միայն թե այդ առաջարկն արժանացավ ադրբեջանցիների ու վրացիների այն աստիճան բուռն դիմադրության, որ հայերը նույնիսկ փորձեցին գնալ զիջման՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի փոխարեն հիշատակելով ազատ կամարտահայտության իրավունքը: Սակայն նույնիսկ սա չբավարարեց հարևաններին: Եվ այդ ժամանակ հայաստանցիներին այլ ելք չէր մնում, քան հարցի հետագա քննարկումը տեղափոխել «Եվրանեսթի» Բյուրո, որտեղ էլ նրանք կոնսեսուս պահանջեցին, այսինքն կիրառեցին վետոյի իրենց իրավումքը։ Արդյունքը եղավ այն, որ ամբողջական զեկույցը չընդունվեց:
Վետոյի կիրառումն անհրաժեշտություն էր: Հայաստանի պատվիրակության մոտեցումները չէին ստացել մեծամասնության աջակցությունը: Դրա հետ մեկտեղ ստեղծվել էր քաոսային մի իրավիճակ, որտեղ գլխավորը դարձել էր մեղադրանքներ հնչեցնելը, այլ ոչ թե փոխհամաձայնության գալը: Այդ պայմաններում նույիսկ այնպիսի դրույթներ, որոնք իբրև միջազգային իրավունքի սկզբունք, վաղուց ի վեր ընդունված են ամբողջ աշխարհում, այդ սրահում մոռացության էին տրվել: Ներկաներից շատերի համար «անհասկանալի էր» ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Անհասկանալի էր, քանի որ դրանք խոչընդոտում էին այն նպատակներին, ինչի համար նրանք ժամանել էին Ստրասբուրգ: Այնտեղ Ադրբեջանի ու Վրաստանի հետ ներդաշնակ էր հնչում նաև Ուկրաինայի ձայնը, որը կարծես թե նույնպես կորուստներ կրելու լուրջ մտավախություններ ունի…
Ամեն դեպքում, կատարվածի մեղքը կամ սխալը հարկ է որոնել այլ հարթության վրա: Եվրոպացի քաղաքագետներն ու օրենսդիրները եթե առ այսօր չեն գիտակցել, որ չի կարելի յուրաքանչյուր կառույց վերածել չլուծված հակամարտությունների, տարածքային վեճերի կարգավորման վայրի, ապա ձախողման է դատապարտված լինելու ոչ միայն այս ՝«Եվրանեսթ» նախաձեռնությունը, այլև համանման բոլոր քայլերը: Եվ ըստ էության, միայն կովկասյան պատվիրակությունների մեղքով չէր, որ հանկարծ ետին պլան է մղվում հավաքի հիմնական նպատակն ու իմաստը՝ եվրոպական ինտեգրացիան՝ իր տեղը զիջելով ավելորդ էմոցիաներին, փոխադարձ վիրավորանքներին ու մեղադրանքները, ինչն էլ փաստորեն տեղի ունեցավ:
Այսօր ադրբեջանական մամուլում հնչում է այն տեսակետը, որ հայկական կողմը տապալեց «Եվրանեսթի» առաջին նիստը: Ճշմարտությունն այն է, որ բանաձևը հայկական կողմից չի արգելափակվել՝ «վերջին «ոչ»-ը ասել են ադրբեջանցիներն ու վրացիները: Բայց սա էլ այլևս էական չէ: Եթե նույնիսկ դա լիներ հայերի մեղքը, ապա այն միանգամայն արդարացված մեղք է: Որքան էլ մենք ասենք ու կրկնենք, թե խիստ կարևորում ենք եվրաինտեգրման անհրաժեշտությունը, սակայն դրա հետ մեկտեղ պիտի շեշտենք, որ հանուն ոչ մի ինտեգրացիայի պատրաստ չենք որևէ զիջման գնալ մեզ համար գերակա խնդիրներում: Իսկ եթե այս ամենից հետո այժմ հարցեր են հնչում, թե արդյո՞ք «Եվրանեսթը» կշարունակի իր գործունեությունը, ապա պետք է կարծել, որ կգտնվեն խելացի գլուխներ, ովքեր կտարված դեպքից հետևություններ կկատարեն ու ըստ այդմ կկշռադատեն առաջիկա գործողությունների քայլերը: Ասենք միայն, որ Արևելյան գործընկեր պետությունների առաջին արտագնա նիստը անցկացվելու է Երևանում եկող տարվա փետրվարին: Դա կլինի «Եվրանեսթի» մշակույթի, սոցիալական հարցերի ու քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստը: Իսկ «Եվրանեսթի» հաջորդ լիագումար նիստը ադրբեջանական կողմը առաջարկել է ապրիլ ամսին անցկացնել Բաքվում: Հայկական պատվիրակությունն իր հերթին հայտարարել է, որ եթե նախապես տրվեն անվտանգության երաշխիքներ, ապա իրենք չմասնակցելու պատճառներ չեն տեսնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎԱՆ ԳՈԳԻ ՆԱՄԱԿԸ ԵՂԲՈՐԸ

19 Սպտ

… Ախ, թանկագին իմ եղբայր, երբեմն ես այնպես հստակորեն եմ գիտակցում, թե ինչ եմ ցանկանում: Եվ կյանքում, և նույնիսկ արվեստում ես կարող եմ յոլա գնալ առանց տեր աստծո, սակայն որպես տառապող ես չեմ կարող յոլա գնալ առանց այն բանի, որն ուժեղ է ինձնից, որն իմ ողջ կյանքն է՝ ստեղծագործելու հնարավորության… Ես կուզենայի նկարներով արտահայտել սփոփիչ մի բան, երաժշտության նման: Կուզենայի նկարել տղամարդկանց ու կանանց , որոնց վրա հավերժության ինչ-որ կնիք լիներ, որը նախկինում խորհրդանշում էր լուսապսակը, իսկ մենք փորձում ենք դա հաղորդել լույսի խաղով ու թրթիռով…, դիմանկար, դիմանակար, որում մոդելի միտքը, հոգին կա՝ ահա թե ինչին, իմ կարծիքով, պետք է ձգտել: Արտահայտել երկու սիրահարների քնքշությունը երկու լրացուցիչ գույների զուգորդմամբ, դրանց միախառնումով ու հակադրությամբ, մերձավոր տոների խորհրդավոր երփներանգումով: Արտահայտել ճակատի ուռուցիկության տակ թաքնված միտքը լուսավոր տոնով, մութ ֆոնի վրա: Աստղով արտահայտել հույսը: Հոգու հուրը՝ մայր մտնող արևի ճաճանչումով: Իմ հոգում ապրում է, չեմ վախենում այդ բառից, հավատի այրող մի պահանջ: Եվ ահա գիշերը նես դուրս եմ ելնում՝ նկարելու աստղերը… Ես կցանկանայի մարդկանց հանգստացնող ինչ-որ բան ներշնչել, այնպիսի մի բան, որով մենք՝ մարդիկս, կարողանայինք մխիթարվել և դադարեինք մեզ մեղավոր կամ դժբախտ զգալ…

Խողովակային պատերազմի հաղթողներն ու պարտվողները

17 Սպտ

Արդեն հաղորդվել է այն մասին, որ այսօր Սոչիում «Հարավային հոսք» գազատարի նախագծի բաժնետերերը կտորագրեն այնքան սպասված համաձայնագիրը: Ռուսական «Գազպրոմը» իտալական ENI, ֆրանսիական EDF և գերմանական Wintershall ընկերությունների հետ կվավերացնի մի պայմանագիր, որում կնշվեն կողմերի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Իսկ դա արդեն պիտի նշանակի մեծ նախագծի իրականացման երաշխիք: Փաստաթուղթը կստորագրվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Հատկապես նրա «հոգեզավակն» են համարում «Հարավային հոսքը», որի նախնական արժեքը գնահատվում է 15.5 մլրդ եվրո:
Հազիվ թե այս իրադարձությանն այդչափ մեծ կարևորություն տրվեր, եթե չլիներ այն էական հանգամանքը, որ ի սկզբանե նախագիծն ուներ բազմաթիվ հակառակորդներ: Սակայն այժմ ռուսները վստահեցնում են, որ վերջիններիս ջանքերն ապարդյուն են անցել։ Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղը Նովոռոսիյսկից Սև ծովի հատակով անցնելու է բուլղարական Վառնա նավահանգիստ, այնտեղից էլ դեպի Իտալիա, Ավստրիա ու Գերմանիա: Նրա երկու ճուղավորումները ձգվելու են Հարավային ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Եվ իր այս ընդարձակ ու համարձակ ձգտումներով էլ ռուսական բնական գազը դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնող նախագիծը չէր կարող մնալ առանց չարացած մրցակիցների: Խոսքն այս դեպքում նախ և առաջ Nabucco-ի մասին է:
Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից օժանդակվող Nabucco-ն վաղուց ի վեր դադարել է սոսկ տնտեսական նշանակություն ունենալ և վերածվել է քաղաքական զսպաշապիկի: Համենայն դեպս, մինչ օրս այդպես էին մտածում Միացյալ Նահանգներում, որտեղ շահագրգռված են Nabucco-ի ապագայով հատկապես նրա համար, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը: Եվրոպայում նույնպես քիչ չեն այն քաղաքական խմբերը, ովքեր կարծում են, որ շատ մեծ է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և դա պատք է առավելագույնս պակասեցնել: Սակայն այլ բան է ցանկությունը և մեկ այլ բան դրա իրագործումը: Ու եթե այսօր Ռուսաստանի վարչապետ Վ. Պուտինը՝ խոսելով գազամուղերի այլընտրանքային երթուղիների մասին, հեգնաբար հարց է տալիս, թե՝ « Որտե՞ղ են այդ բոլոր այլընտրանքային նախագծերը», ապա դրա պատասխանը շտապում է առաջինը հենց ինքն էլ հնչեցնել. «Դրանք բոլորը թղթի վրա են»:
Թերևս հաղթողներին իրավունք վերապահվում է ծիծաղել իրենց ձախողված մրցակիցների վրա: Nabucco-ի շուրջ բարձրացված աղմուկն արդեն մի քանի տարի շարունակ փորձում էր խլացնել բոլոր կարգի այլ ծրագրերի հնարավորությունների մասին խոսակցությունները, սակայն որքան բարձր են ձայները, այնքան ցածր է տեղաշարժի արդյունավետությունը: Հենց սկզբնապես նպատակ ունենալով թուլացնել եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից, Nabucco ծրագիրը սկսեցին մշակվել 2002 թվականին: Դրա կառուցումը նախատեսվում էր սկսել այս տարի ու ավարտել 2014-ին: Սակայն շատ շուտով հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է մինչև 2017-ը: Բանն այն է, որ այն նախատեսում էր իրանական գազի մատակարարումը Եվրոպա, միայն թե Արևմուտքի հետ հակասությունների և միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետևանքով մտադրությունները փոփոխման ենթարկվեցին՝ ի վերջո նախապատվությունը տալով այն հեռանկարին, որ կարելի է նույն գազամուղով մատակարարել գազը Ադրբեջանից և Թուրքմենստանից: Բայց հիմա էլ բազմաթիվ փորձագետներ հանգել են այն կարծիքին, որ Nabucco-ի հնարավորությունները բավարար չեն Եվրոպայի համար ու վերջինիս իրագործումը դառնում է անշահեկան ու աննպատակ:
Օրերս կատարվածի առթիվ իր զայրույթն այլևս չկարողացավ զսպել Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերը և բացեիբաց ասաց այն ամենն, ինչ մտածում էր: Նա հատկապես շեշտեց, թե «Հարավային հոսք» ռուսական ծրագիրը փորձ է այլընտրանք ստեղծել Nabucco գազամուղին, որի շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն ակտիվորեն պաշտպանվում է Եվրոպայի կողմից, միայն թե, ըստ էներգոնախարարի, «Հարավային հոսք»-ը չի ստիպի ԵՄ-ին հրաժարվել Nabucco-ից, որի նպատակը եվրոպական շուկա գազի մատակարարումների դիվերսիֆիկացումն է: Էտինգերի վատ քողարկված սպառնալիքների առկայությունն առաջին իսկ վկայություններից է այն բանի, որ մեծ ցանկությունները հօդս են ցնդում և այլ բան չի մնում անել, քան հաշվի նստել առկա իրողությունների հետ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ ռուսները նույնքան մեծ հաջողությամբ կյանքի կոչեցին նաև «Հյուսիսային հոսքը», իսկ այս նույն ժամանակ լույս աշխարհ է գալիս ևս մի մրցակից՝ հանձին Իրան-Իրաք-Սիրիա գազախողովակաշարի շինարարության, որ նախատեսված է իրանական հանքավայրից գազը Եվրոպա հասցնելու համար, ապա «խողովակային» պատերազմից տուժածներն ի հայտ պիտի գան ամենամոտ ժամանակներս:
Ի դեպ, նման մի «զոհ» արդեն իսկ գծագրվում է ասպարեզում: Հենց բոլորովին վերջերս Մոսկվան որոշում կայացրեց սառեցնել Սամսուն–Ջեյհան նախագծը՝ տհաճ անակնկալ մատուցելով Թուրքիային: Ռուսներն ասացին, որ դա տնտեսապես ձեռնտու նախագիծ չէ: Սակայն Անկարայում թերևս գլխի ընկան, որ դա կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիան հանդես եկավ իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հայտարարությամբ, ինչի առնչությամբ Ռուսաստանը հայտնեց իր մտահոգությունը։
Այսօր վավերացվող «Հարավային հոսքը» դեռ շատ խաղաքարտեր է խառնելու: Այդ գազատարն ունենալու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակություն, իսկ տարեկան 15.75 մլրդ. խմ հզորությամբ առաջին ճյուղը պետք է շահագործման հանձնվի 2015 թվականից ոչ ուշ: Իր սովորության համաձայն, Եվրոպան մի-փոքր կմռայլվի, կդժգոհի, ծանրութեթև կանի, բայց ի վերջո կհամակերպվի այդ փաստի հետ, քանի որ անհաշտությամբ Եվրոպան չես ջերմացնի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԴՈՆ-ԱՄԻՆԱԴՈ

15 Սպտ

… Ինչու՞ բարձրաձայն ապաշխարել, եթե կարելի է ցածրաձայն մեղանչել: Եթե ընդունված լիներ, որ պետք է սկզբում զղջալ, իսկ հետո միայն մեղք գործել, ապա կյանքն էլ կազմված չէր լինի փչացված հաճույքներից: Եթե յուրաքանչյուր լուսավոր անհատի հետևեր ականատեսը, այդ դեպքում աշխարհում կլիներ բյուր ականատես և ոչ մի լուսավոր անհատ: Յուրաքանչյուր մարդու մասին կարելի է վեպ գրել, բայց ամեն մարդ չէ, որ արժանի է մահախոսականի: Ու եթե մարդու մասին ասում են, որ նա չի կարող երկնքից աստղեր ցած բերել, դա դեռ չի նշանակում, թե նա չի կարող նաև գրպանից թաշկինակը դուրս քաշել: Ջրից չոր դուրս գալ ով ասես կարող է, բացի ջրահեղձից…
Կյանքը փչացնելու երկու միջոց կա՝ շրջապատել քեզ խելոքներով և շրջապատել քեզ հիմարներով: Մարդը, ով հստակ տեսնում է, որ ինքը սխալվել է, կոչվում է պայծառատես: Երիտասարդության սխաները անցնում են տարիների հետ, հատկապես մահվան հետ: Երբ անցյալը լեգենդ է դառնում, ներկան դառնում է անհեթեթություն: Այդ պատճառով էլ մի ընդհատեք հին անեկդոտներ պատմողներին: Թող նրանք էլ լուսավոր պահեր ապրեն: Միայն ուրիշի կյանքը կարելի է պատմել սեփական բառերով:

Հարված մեծամտության սրտին

15 Սպտ

Երեկվա առատ լրահոսում կար մի լուր, որը շրջանցելն ուղղակի անհնար էր: Եվ խոսքն այս անգամ ոչ միայն տեղեկատվության հետաքրքիր լինելու մասին էր, այլ հատկապես նրա, որ այդպիսի բան մենք ընթերցում էինք առաջին անգամ: Հաղորդագրության մեջ ասված էր, որ Լեռնային Ղարապաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում խփվել է ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք:
Հակառակորդի կողմից առաջին արձագանքը եղավ այն, որ նրանք կտրականապես հերքեցին ինքնաթիռի կործանման փաստը: Բայց նույն պահին էլ համացանցը հեղեղվեց խփված սարքի բեկորները պատկերող լուսանկարներով, իսկ այնուհետև հայտնվեց նաև տեսագրությունը: Այժմ արդեն առարկելն անիմաստ էր: Հիմա ադրբեջանցի լրագրողներն էին հայտնվել հիմար կացության մեջ: Նրանք գրում էին, որ փորձում են մեկնաբանություն ստանալ իրենց երկրի պաշտպանության նախարարությունից, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում, իսկ պաշտոնական արձագանք չկա ու չկա:
Արձագանքող այդպես էլ չգտնվեց: Եվ իսկապես, ի՞նչ ասել: Տարիներ շարունակ սահմանից այն կողմ իրենց ժողովրդին լիուլի կերակրել են այն միֆով, թե ադրբեջանական բանակը աշխարհում ուժեղագույններից մեկն է, թե իրենց ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հաշված ժամերի ընթացքում լուծել Ղարաբաղի հարցերը, և հանկարծ օրը ցերեկով այդ հեքիաթը անօդաչու ինքնաթիռի պես վայր է ընկնում ու փշուր-փշուր լինում: Եվ դա անում են այն «անջատողական» հայերը, որոնք, ըստ Բաքվի քարոզչության, իբրև թե ապրում են քարե դարում, կռվում են նետ ու աղեղով և անզոր են դիմակայել ադրբեջանական անպարտելի զինուժի հարվածներին: Բայց հիմա արդեն նախկինի պես հեշտ չի լինելու: Ինչպես ասում են, մեկ անգամ տեսածը հազար անգամ լսածից ավելին արժե:
Սակայն երեկվա դեպքը սոսկ մեկանգամյա միջադեպ չէր, այլ վերջին օրերի լարվածության և թշնամու կողմից բազմաթիվ այլ ոտնձգությունների արդյունքն էր: Արդեն հայտնի է դարձել, որ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին զուգահեռ, վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ էր գործել նաև հակառակորդի օդուժը: Նրանք բավականին մեծ հաճախականությամբ իրականացրել էին ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ սահմանային գոտու ողջ երկարությամբ՝ որոշ դեպքերում պարզապես խախտելով Արցախի օդային սահմանները: Այդ չհիմնավորված ինքնավտահությունը, թե յուրաքանչյուր գործողություն արգելքի չի հանդիպի, հակառակորդին դրդել էր նույնիսկ որոշակի խորանալ Ղարաբաղի տարածքում: Մի քանի անգամներ հայկական կողմին հաջողվել էր խափանել նրանց թռիչքները՝ նախազգուշական միջոցների կիրառմամբ հարկադրել, որպեսզի լքեն այդ շրջանները: Բայց, ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմաններն ունի:
Առաջին հայացքից գուցե թե տպավորություն ստեղծվի, որ չափից ավելի մեծ նշանակություն ենք վերագրում անօդաչու սարքի կործանման փաստին: Սակայն խնդիրն այս դեպքում ոչ թե թշնամու կորուստն է, այլ մեր պաշտպանունակության մակարդակը: Հանրությունը կարիք ունի այն բանի ռեալ ապացույցների, որ բանակն ընդունակ է դիմակայել ռազմական ագրեսիային, բավարար կերպով զինված ու մարտունակ է և կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հենց այդ հարցերից մի քանիսի պատասխանն էլ մենք ստացանք երեկ՝ ադրբեջանցիների ձախողված ճախրանքի արդյունքում:
Նախ ասենք, որ իրականում անօդաչու թռչող սարքեր խոցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նույնիսկ դրանք հայտնաբերելն է բավականին բարդ խնդիր, քանի որ ինքնաթիռները պատրաստված են հատուկ կոմպոզիցիոն նյութերից, ինչպես նաև պետք է հաշվի առնել դրանց բավականին փոքր չափերն ու ռադիոլոկացիոն թույլ նկատելիությունը: Բայց հայ զինվորականներին դա հաջողվեց փայլուն կերպով՝ կիրառելով ինչպես հատուկ սարքեր, այնպես էլ պատրաստվածության բարձր մակարդակ: Մյուս կողմից ավելորդ չէ տեղեկացնել, որ խոցված ինքնաթիռը համարվում է Ադրբեջանի օդուժի ամենահզոր անօդաչու թռչող սարքը`առկա երեք տեսակների մեջ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն իսրայելական արտադրության «Օրբիթեր»-ն ու «Աերոսթար»-ը և նոր ձեռք բերած, ավելի հզոր «Հերմես 450»-ը: Հենց վերջինն էլ տապալվեց ղարաբաղյան հողում: Խփված ինքնաթիռի բեկորներն այժմ գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:
Հայկական զինուժի հակաօդային պաշտպանությունը հրամայաբար պարտավոր է լինել գերազանց վիճակում, քանի որ ռազմական օդանավերի քանակով մենք էապես զիջում ենք մեր հակառակորդներին: Հենց այդ բացը կոմպեսացնելու միակ արդյունավետ ճանապարհն այս պահին ցամաքից երկինքը հսկելու ունակությունն է: Իսկ այն, որ մեր մասնագետները դա կարողանում են պատվով կատարել, այս օրերին ունեցավ ևս մի ակնհայտ ապացույց: Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» զորավարժության ժամանակ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:
Ադրբեջանական մեծամտության դեմքին երրորդ հարվածը կհասցվի ամենամոտ ժամանակներս: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն ռազմական տեխնիկայի որոշ միավորներ, որոնք չունի հակառակորդը, և այնպիսի ձեռքբերումներ, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան: Դրանց շարքում հրապարակով կանցնեն նաև մեր անօդաչու ինքնաթիռները, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի, արտադրվել և ստեղծվել են հենց Հայաստանում, հայ մասնագետների կողմից, այլ ոչ թե գնվել են Իսրայելից կամ մեկ այլ երկրից:
Ի դեպ, արձանագրենք մի կարևոր փաստ ևս: Հիմա արդեն ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը ոչ միայն հասարակ զինատեսակների կամ դիպուկահարներին գործադրմամբ, այլև կիրառում է իր օդուժը: Իսկ սա հրադադարի խախտման որակապես նոր տարբերակ է, ինչը պետք է որ արժանանա միջազգային հանրության ու հատկապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՊԿ-ի կոսմետիկ փոխակերպումը

14 Սպտ

Երեկ, այն բանից հետո, երբ Ազգային ժողովում վավերացման ներկայացվեց անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված «ՀԱՊԿ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին» և «ՀԱՊՀ անվտանգության հավաքական ուժերի ու միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին» համաձայնագրերը, սա առիթ տվեց, որպեսզի ՀԱՊԿ-ի անհրաժեշտության, գործառույթների և անդամակցության խնդիրները վերստին դառնան ակտիվ քննարկման նյութ: Ներկայացված երկու փաստաթղթերի էությունը կայանում էր նրանում, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը հավակնում է մասնակից պետությունների ուժերի ու միջոցների հաշվին պայքար ծավալել զինված հարձակման, ագրեսայի և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, ինչպիսիք կարող են համարվել նաև միջազգային ահաբեկչությունը, հանցագործությունները, արտակարգ իրավիճակները և այլն: Սակայն այս բարի ցանկությունների ու մտադրությունների թվարկումը դեռևս փաստարկը չէր, որ կարող էր համոզիչ լինել թերահավատների համար: Քիչ չէ նրանց թիվը, ովքեր այսօր համոզված են, թե ՀԱՊԿ-ն օր-օրի հաստատում է իր «ռազմաքաղաքական անկարողությունը»։ Իսկ այդպես պնդելու համար օրինակների պակաս չի զգացվում: Հայաստանի համար դա նախ և առաջ նշանակում է ստանալ հստակ և աներկմիտ հավաստիացումներ, որ մեր երկիրը կարող է անհրաժեշտության դեպքում հույսը դնել վերջինիս օժանդակության վրա: Իսկ երեկ նախկին պահանջներին գումարվեց ևս մեկը: Բանը հասավ նրան, որ պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ եթե ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական միությունը դատարկ ձևականություն չէ, ապա ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հայտարարեն Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակման մասին: Նման պահանջը բխում էր այն դատողությունից, որ եթե կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է արտաքին ագրեսիայի և այլ մարտահրավերների դեմ համատեղ դիմակայության դրսևորում, ապա պետության արտաքին շրջափակումը նույնպես կարող է որակվել որպես ագրեսիա:
Սակայն ՀԱՊԿ արձագանքն ու օգնությունը վերջին շրջանում ստանում են նոր նրբերանգներ, ինչն իր հերթին կարող է այդ կառույցի անմիջական ներկայությունը դիտարկել ոչ այնքան ցանկալի: Եվ նրանք, ովքեր այսօր պահանջում են ռազմական դաշինքի արագ արձագանքը, հենց իրենք կարող են հայտնվել նույն արձագանքի հարվածի տակ: Խոսքն այն նոր մտայնության մասին է, համաձայն որի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը անդամ երկրներում կարող են օգտագործվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Գաղափարն առաջինը շրջանառու դարձրեց Բելառուսի նախագահը, նրան մերժեցին, բայց կարծես թե այն հրապուրիչ թվաց, և այժմ դիտարկվում է նույնը շատ ավելի մեղմ, ոչ այնքան թափանցիկ շղարշի ներքո ներկայացնելու հարցը: Ճիշտ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շտապեց հրապարակավ հայտարարել, թե «ՀԱՊԿ-ն իր վրա չի վերցնի ժանդարմի գործառույթներ» և որ կտրականապես դեմ են դրան, միայն թե նույն պահին էլ հավելեց, որ, այո, ակնկալվում են որոշ վերաձևումներ, սակայն դրանք «կրելու են ոչ թե խորքային, այլ կոսմետիկ բնույթ, իսկ անդամ որևէ երկրի ներսում անկարգությունների պարագայում ընդունող երկրի համաձայնությամբ կուղարկվեն ոչ թե արագ արձագանքման, այլ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր` դիմակայությունը թուլացնելու ու կայունություն հաստատելու նպատակով»:
Հասկանալի է, որ սա խնդրի էությունը չի փոխում և միևնույն խաղն է՝ այլ դերակատարներով ու դեկորացիայով: Իբրև ասվածի լրացում օրերս շրջանառվեց ևս մի տեղեկություն, համաձայն որի այսուհետ ՀԱՊԿ-ն վերահսկելու է սոցիալական ցանցերը` արաբական հեղափոխությունների սցենարով իր ներսում անկարգությունների կրկնությունը կանխելու համար: Ըստ որոշ աղբյուրների, այդ նպատակով կկիրառվեն բջջային կապը, սոցիալական ցանցերը, հնարավոր է նաև` ոչ կառավարական կազմակերպությունները: Եվ դեռ այսքանից հետո էլ հնչում են հավաստիացումներն այն մասին, թե խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ:
Մի խոսքով, կառույցը հետզհետե ձեռք է բերում բոլորովին նոր գործառույթներ՝ այդպես էլ անհայտության մեջ թողնելով իր նախկին պարտավորությունների կատարման հաստատակամությունը: Իսկ եթե անկեղծ ասենք, ապա ՀԱՊԿ-ում շատ բաներ կան, որոնք տարակուսանք ու մտահոգություն են ծնում: Օրինակ, վերհիշենք կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածը, ուր ասվում է, որ մասնակից երկրները պարտավորվում են չմասնակցել «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»: Սակայն արի ու տես, որ նույն ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին վաճառվում է մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` հարձակողական բնույթի (ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրետանային և հրթիռային համակարգեր): Վաճառողները հրաշալի հասկանում են, որ դա ուղղակի ռազմական սպառնալիք է Հայաստանի նկատմամբ և հակասում է նրանց իսկ պարտավորություններին: Բայց այդ բանի գիտակցումը որևէ կերպ չի կաշկանդում «առևտրականներին»:
Եվ ի՞նչ է ստացվում: Մի կողմից մենք դժգոհ ենք, մյուս կողմից ստիպված ենք ղարաբաղյան հակամարտության առկայության, Թուրքիայի վարած քաղաքականության պայմաններում ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջոցով հավասարակշռություն պահպանել: Ասվածին կարելի է հավելել նաև այն փաստը, որ Հայաստանն այսօր դեռ չի տեսնում մեկ այլ համակարգ, որը այլընտրանքային դիտվեր ու համեմատության մեջ դրվեր եղածի հետ: Նույնիսկ ըմբռնելով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որպես պետություն, այդ թվում` Հայաստանի կողմից, հետևաբար, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում չէ, մենք վերստին շարունակում ենք հույսեր փայփայել, թե անհրաժեշտության պարագայում մեզ մենակ չեն թողնի, քանի որ Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտությունը հեշտությամբ կարող է դառնալ հայ-ադրբեջանական, իսկ սա դաշնակիցներին կհիշեցնի իրենց պարտավորությունների մասին:
Դեկտեմբերին կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում կառաջարկվի լիազորությունների ընդլայնման հաշվին հզորացնել կազմակերպությունը: Հայաստանը հաստատապես դեռ կշարունակի իր անդամակցությունն այդ շրջանակներում, քանի որ, ամեն բանից անկախ, ՀԱՊԿ-ն առայժմ հույսեր է ներշնչում, թե ինքը կայացող ու խոստումնալից ռազմաքաղաքական միավոր է: Բացի դա էլ կառույցում ընդգրկված են երկրներ, որոնք թեև հակասական շահեր ունեն, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան միավորել է, եթե նրանք հայտնվել են այդ տանիքի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Наверно завтра или послезавтра…»

13 Սպտ

Հայաստանում Սարկոզի անունով մարզ չկա, ինչպես Ժակ Շիրակի դեպքում էր, բայց այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի Ֆրանսիայի նախագահին մեր երկրում ընդունեն նույնքան գրկաբաց, որքան նրա նախորդին: Մնում է միայն համոզվել, թե արդյո՞ք նա պատրաստվում է ժամանել Հայաստան և երբ: Բանն այն է, որ հավատարիմ մնալով տարօրինակ ու անհասկանալի օրինաչափությանը, մենք կրկին այս մասին իմանում ենք վերջինը, այն էլ՝ օտար աղբյուրներից: Մինչ արտգործնախարարությունը՝ բերանը ջուր առած, չհիմնավորված լռություն է պահպանում, այդ ընթացքում լրատվամիջոցներում մեկը մյուսին են հաջորդում տեղեկություններն այն մասին, թե հոկտեմբերի 7-9-ը Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս ամսաթիվն, ինչ խոսք, խիստ պայմանական է, քանի որ որևէ ծանրակշիռ ապացույց չունի: Իսկ եթե նաև հիշենք, որ Սարկոզիի այցելությունը մեր երկիր արդեն մի քանի անգամ հետաձգվել է, ապա յուրաքանչյուր շրջադարձ միանգամայն հնարավոր է դառնում: Ամեն դեպքում ստիպված ենք ականջ դնել նաև վրացական աղբյուրներին, որոնք գրեցին, թե բարձրաստիճան հյուրը այցելելու է Վրաստան, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու նաև Ադրբեջանում: Դրա մասին հայտնեց Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան։ Վրացի դեսպանի խոսքերով, Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կլինի «շատ կարևոր», սակայն վրացական տարբերակում նույնպես ասվում էր, որ հստակեցված չեն այցի ժամկետները։ Պակաս անորոշ չէր նաև Բաքվի տեղեկությունը: Ադրբեջանցիները գրեցին, որ Սարկոզին իրենց մոտ կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակին, ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում և հայտնի կդառնան ավելի ուշ։ Նույնիսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որին վկայակոչել էր «Nouvelles d’Armenie» հանդեսը, նոր լույս չսփռեց այս խորհրդավոր ուղևորության մանրամասների վրա: Իսկ այն ամենը, ինչ մնաց ենթադրությունների դաշտում, դարձավ շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ: Օրինակ, Թբիլիսին պատրաստվում է բանակցությունների ժամանակ պնդել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման Մեդվեդև-Սարկոզի ձախողված պլանի կատարման խնդիրներին վերադառնալու անհրաժեշտությունը: Գալով Հայաստանին ու Ադրբեջանին, այստեղ կռահելն առանձնապես դժվար չէ: Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած միջնորդական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, կարելի է միանշանակ ասել, որ ի թիվս այլ հարցերի՝ Ֆրանսիայի նախագահը հիմնավորապես քննարկելու է այս թեման: Նման համոզվածության են մղում նաև վերջին շրջանում լայն տարածում գտած այն տեղեկությունները, թե իբր պաշտոնական Փարիզը պատրաստվում է վերանայել իր մասնակցության որակն ու կարգավիճակը: Նմանատիպ լուրերի շարքում առանձնակի արձագանքի արժանացավ անանուն դիվանագիտական աղբյուրից քաղված այն «արտահոսքը», թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված «ռոտացիայի» շրջանակը, այսուհետ առաջատար միջնորդի գործառույթները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից կարող են անցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին։ Այս տեղեկությանը գումարված էր նաև լրացուցիչ ենթադրություն առ այն, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ։ Դրանց թվում նշվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է միջազգային խաղաղապահների տեղակայումը։
Կարծես եղածը քիչ էր, հաջորդ քայլը դարձավ այն, որ լուրեր տարածվեցին, թե կարող է փոփոխության ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սակայն վերջին «նորամուծությունը» շատ արագ հերքվեց, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, ուր նշված էր, որ «համանախագահող երկրների կառավարությունները կշարունակեն բարձր մակարդակով իրենց ներգրավածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ կավելացվեն ջանքերը` հրադադարը պահպանելու և Հիմնարար սկզբունքների շրջանակում համապարփակ խաղաղության հասնելու համար»։ Այնսինքն՝ կազմն առաջվանն է, ծրագրերն՝ անփոփոխ:
Ինչ վերաբերում է Սարկոզիի դերակատարությանը, ապա դժվար է նրան համարել ԼՂՀ-ի ճակատագրով մտահոգված կամ ամենաակտիվ միջնորդներից մեկը: Մինչ այժմ նա հետևողականորեն իր ստորագրությունն է թողել բոլոր համատեղ հայտարարությունների ներքո և ընդամենը այդքանը: Բացառություն կազմեց այս տարվա հունիսին նրա ուղերձը՝ հասցեագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դա Կազանի եռակողմ հադիպումի նախօրեին էր: Այն ժամանակ Սարկոզին գրում էր, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Եվ ահա Սարկոզին կարծում էր, թե վրա է հասել հենց այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- հուզախառ հնչերանգներով իր ուղերձն էր եզրափակել Ֆրանսիայի նախագահը: Թե ինչ եղավ այնուհետև, արդեն հայտնի է: Եվ այժմ նա թերևս պատրաստվում է տեղում հստակեցնել պատմական պահի հնարավորությունները:
Այն, որ Սարկոզին կժամանի տարածաշրջան, կասկածից վեր է: Այդ մասին են վկայում նաև վերջերս Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների կայացած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ է եղել Ղարաբաղի խնդրին: Միևնույն ժամանակ օրերս Սերժ Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանիին: Հանդիպմանը զրուցակիցները ընդգծեցին, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար: Սովորաբար նման ժլատ խոսքերի թիկունքում է քողարկվում այն ողջ ծանրությունը, որն անբաժան է բարդ հարցերի շուրջ ուժեղների ու թույլերի երկխոսությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ