Պահոց | Ապրիլի, 2015

ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ

30 Ապր

1930-ականներին շատ հուշարձանների թվում որոշվեց քանդել նաև Երևանի Պողոս-Պետրոս հնագույն եկեղեցին: Եկեղեցու հետ մեկտեղ վտանգվեցին այդ սրբավայրի բացառիկ որմնանկարները: Սկզբնական շրջանում մասնագետներին հաջողվեց դրանք շերտ առ շերտ առանձնացնել ու տեղադրել փայտե ծածկերի մեջ: Իսկ հետո այդ արկղատիպ պատսպարանը երկար ժամանակ մնում էր բակում և խանգարում էր շինարարներին: Ահա այդ օրերին էլ գրվեց հետևյալ բովանդակությամբ նամակը.

«Ժողկոմխորհի նախագահ ընկեր Ա. Փիրուզյանին
«Մոսկվա» կինոթատրոնի շինարարությունն ավարտելու համար տրամադրվել է 140,0 հազ. ռուբլի: Այս գումարի մեջ մտնում են Ալավերդյան փողոցի երկայնքով ցանկապատումն ու բակի բարեկարգումը, ասֆալտապատումը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, բայց բարեհաջող ավարտին խանգարում են Պողոս-Պետրոս եկեղեցու քանդված մնացորդները, երկու տախտակապատ սյուները: Այդ սյուների երեսկողմին նկարված են որմնանկարներ, իբր դրանք շատ հին են, բայց դրանք եկեղեցին քանդելիս բրիչով կոտրատվել են:
Այնքանով, որքանով դրանց պատմական արժեքը խիստ կասկածելի է և դրանք թույլ չեն տալիս համապատասխանաբար ձևավորել բակը, խնդրում ենք ձեր թույլտվությունը դրանք քանդելու համար:
Հայկինոյի կառավարիչ՝ Մարկոսյան
Ինժեներ՝ Շահնազարյան»:

Որմնանկարները փրկելու համար Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Գարեգին Լևոնյանը, այլ մշակութային գործիչներ փորձեցին էլի ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն նրանց քիչ բան հաջողվեց: Այսօր Պատմության թանգարանում այդ որմնանկարներից ընդամենը փոքրիկ բեկորներ են պահպանվում:27489

ՆԱԹԱՆ ԷՅԴԵԼՄԱՆ

30 Ապր

Արևելյան իմաստությունը վկայում է, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում հանդիպում է նրանց, որոնց պիտի հանդիպեր: Բնավորությունների ու տեսակների բազմազանությունը երկրի վրա այնքան մեծ է, որ կա հնարավորություն հանդիպելու ցանկացածին, բայց ընտրելու ըստ ճաշակի՝ գողը՝ գողին, աշխատավորը՝ աշխատավորին… Իսկ եթե ինչ-որ մեկը դժգոհի, որ կյանքն իրեն չի պարգևել բարեհաջող հանդիպումներ, մի հավատացեք, մի հավատացեք: Ավելի շուտ ինքն է վատը, այդ պատճառով էլ չի պարգևատրել…174

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

29 Ապր

Հայելու առջև նստած ինքս ինձի կդիտեմ։
Շատ եմ հինցեր։ Մազերս ճերմակ, այտոսկրերս ցցված, դաշտը թողնված ծեր անտէր ձիու կնմանեմ, որի կաշին անգամ ոչ ոքի պէտք չէ։ Աստվա՜ծ իմ, երեկ ես մանուկ էի տակավին, ինչպէ՞ս մէկէն կտրեցի այս տարածությունն․․․ Եվ դեռ կըսվի, թէ ավտոն այսպէս արագ կվազէ, աերոպլանն այսպէս կսուրա օդում և այլն։
Արագությանց մասին խօսելով, ցարդ ոչ ոքի գլխէն չի անցներ ըսելու, թէ ամենաարագաթռիչը աշխարհիս մէջ ատիկա կյանքն է, որ կթռի․․․
Եվ առանց հետք մը թողնելու։ Ի՞նչ հետք։kamsar

ՖՐԱՆՑ ԼԵՅԲԵՐ

29 Ապր

Աշխարհում գոյություն ունեն երկու տեսակ մարդիկ՝ հավասարակշռվածներ և թափառաշրջիկներ: Հավասարակշռվածները հստակ գիտեն, թե ուր են գնում իրենք և ողջ աշխարհը: Թափառաշրջիկները տեսնում են միայն խավարը: Նրանց հայտնի է կյանքի գաղտնիքը, որը մշտապես խլում է նրանցից երջանիկ լինելու և հանգստության հույսը:03-fritz-leiber-jr-at-a-change-of-hobbit-26-feb-1977-01-detail

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Ապր

Շիրազը եկել էր Վեդի: Մշակույթի տան հսկայական դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Բեմի վրա նստել էր, դեմքին բավարարվածության ու իր մեծության գիտակցումի զգացումներն էին միախառնված, կամ գոնե ինձ այդպես էր թվում: Դպրոցական էի ու կարծում էի, որ մեծ գրողը միշտ պիտի բարձրում լինի, իսկ մենք նրան պիտի նայենք ու լսենք ներքևից:
Բայց երբ հանդիպումն ավարտվեց, մի անբացատրելի հանդգնությամբ ինձ նետեցի նրա մոտ՝ իր վեհության հարթակն ու խնդրեցի մակագրել գիրքը:
— Անունդ ի՞նչ է,- հարցրեց:
— Հովիկ:
— Հովի՞կ: Տղամարդ ես, Հովիկս ո՞րն է: Ասա՝ Հովհաննես:
Հետո գիրքն առավ, դրեց սեղանին, դանդաղ գրեց ու վերադարձրեց.
— Հովհաննես…
Հրաժեշտ տվեց հանգիստ, վեհ, հաստատ քայլերով: Գնաց: Ինքը մնաց վերևում, ես՝ ներքում: Ինքը Հովհաննեսն էր, ես՝ Հովիկը:

Հովիկ Չարխչյան11156231_858899874180829_5700464004223103245_n

ԺԻԼ ԼԱԳԱՐԴԻՆԵ

26 Ապր

Մարդկանց ճշմարիտ էությունը ճանաչվում է դժբախտության պահին: Հատկապես անդունդի հատակից լավ տեսանելի է, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում: Եվ արդյունքում ձեր կողքին մնում են երկու տեսակի անհատներ` նրան, ովքեր ձեզ օգնում են և նրանք, ովքեր օգտվում են ձեր աղետալի վիճակից:gilles-legardinier-546386

ԴԵՎԻԴ ԷԴԴԻՆԳՍ

26 Ապր

Աստղերը շատ ավելի հեռվում են գտնվում, քան մարդիկ կարող են պատկերացնել, և նրանց լույսը դեպի մեզ է թռչում շատ երկար: Հավանաբար աստղերի մոտ կեսը, որոնք դու տեսնում ես գիշերը, արդեն գոյություն չունեն: Այլ խոսքով ասած, աստղագուշակները փորձում են մեր ապագան գուշակել՝ դիտելով մեռած աստղերի ուրվականները:42-15688576

ԲԵԹԹԻ ԷԴՎԱՐԴՍ

25 Ապր

Անհրաժեշտ է հաղթահարել կեղծ դատողությունը, որը հաճախ հիմնվում է մեր այն պատկերացումների վրա, թե ինչը պիտի լինի մեր առջևում: Մենք մտածում ենք, որ հենց այդպես էլ պետք է լինի` երբեմն հարկ չհամարելով ուշադիր դիտել, թե իրականում ինչ է գտնվում աչքի առաջ:
Իմ ուսանողներից մեկն ասաց. «Չեմ կարծում, թե երբևէ իրապես զննել եմ ինչ-որ մեկի դեմքը, քանի դեռ չսկսեցի նկարել: Ամենատարօրինակն այն է, որ հիմա ցանկացած մարդ ինձ գեղեցիկ է թվում»:uax9vaqg0ibt

ԱՐՆՀԻԼԴ ԼԱՈՒՎԵՆԳ

25 Ապր

Ոմանց համար դժվարությունների դեմ պայքարը նշանակում է մարդկային աճ, իսկ ոմանք դրանից կոտրվում են: Ոմանք խոչընդոտներն օգտագործում են այն բանի համար, որ դրսևորեն իրենց լավագույն հատկանիշները` այն դեպքում, երբ ուրիշները դրանցից դառնում են չարացած ու մանրախնդիր: Մարդը միշտ չէ, որ դասեր է քաղում իր տառապանքներից, երբեմն տառապանքը նրան միայն խեղում է:8224

ԱՐՁԱԿԱԳՐԻ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՕՐԱԳՐԻՑ

25 Ապր

Խորհրդային տարիներին մոռացումի, ժխտողականության մթնոլորտ էր: Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար լռում էր Հայոց ցեղասպանության մասին: Եվ ահա 1965թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 50-ամյակի օրերին, ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը: Իշխանությունների կողմից արգելված ցույցերի արդյունքում Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի եւ հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի: Արդեն 1967-ին Երեւանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Պաշտոնական լռության պատնեշը քանդվեց, ու հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը: «Ժողովուրդ»-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընթերցողներին ներկայացնում է նշանավոր արձակագիր Մկրտիչ Արմենի անձնական օրագրից չհրապարակված, բացառիկ հատվածներ` 1965-ի ապրիլքսանչորսյան դեպքերի վերաբերյալ, որոնք տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

 ***

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, արժանի է հատորներով նկարագրության: Այս օրը, ինչ խոսք, անմոռանալի եւ շրջադարձային էր ինչպես հայ ժողովրդի կյանքում, այնպես էլ անձնապես ամեն մի հայի: Արդեն իսկ երեկ եւ մինչեւ անգամ երեկ չէ մյուս օրը հայտնի էր, որ մեր երիտասարդությունը պատրաստվում է դուրս գալ մասսայաբար նշելու Հայ եղեռնի հիսունամյակը: Թռուցիկներ եւ նկարներ էին տարածել դպրոցներում, ինստիտուտներում, հիմնարկներում եւ այլուր, փակցրել էին պատերի վրա: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, վեր էր ամեն մի սպասածից…

***

Ես շտապեցի հրապարակ, գիտենալով, որ այնտեղ է հավաքվելու երիտասարդությունը: Եվ, իրոք, Լենինի արձանի մոտ հավաքված էին մի քանի հազար մարդ: Տրիբունայի վրա ոչ ոք չկար, թույլ չէին տվել, եւ երիտասարդ հռետորները բարձրացվում էին հավաքվածների թեւերի վրա եւ այդպես խոսում: Շատերի կրծքերին կային սեւ կտորներ «50» թվանշանով եւ ձիթենու ճյուղով, կամ սեւ թղթիկներ նահատակված մտավորականների նկարներով, մեջտեղում Կոմիտասի նկարը:

***

Մտա փոստ եւ զանգ տվեցի Գրողների միություն: Պարզվեց, որ աշխատակցուհին գալու է ժամը մեկին: Ես կանգնեցի այդտեղ մինչեւ ժամը մեկը: Բոլորը բղավում էին «հողերը, հողերը, հողերը»…Ապա սկսեցին բղավել«Շիրազ, Շիրազ»…Որոշեցին գնալ նրա տունը եւ քայլեցին մինչեւ «Արմենիա» հյուրանոցը, բայց ղեկավարները որոշեցին ետ դառնալ եւ ետ դարձան: Արտասահմանից եկած հայ տուրիստները, հյուրանոցի առջեւ ավտոբուսում նստած, լաց էին լինում հուզմունքից:

***

Տերյան փողոցի ձախ թեւի վրայի սեւ շենքի երկար պատշգամբում կանգնած էին պիոներները փողկապներով: Երիտասարդները ձեռքով արեցին նրանց, իջեք վար: Սկսեցին բղավել. «մենք ձեզ համար ենք մտածում, երեխաներ»… Եվ այդտեղ ես ականատես եղա մի գարշելի տեսարանի: Տարիքով մի կին, միջին տարիքի, կամ դպրոցի վարիչը կամ այդպիսի մի այլ պնակալեզ, սարսափած սկսեց ներս տանել պատանիներին: Անասուն, քաղքենի, զուրկ հայկական արյունից, ստրկական հոգի…Բայց ավելի գարշելին դեռ առջեւումն էր: Հասնելով Պոլիտեխնիկ ինստիտուտին, ցուցարարները հրավիրեցին դրա ուսանողներին միանալ իրենց: Սակայն շենքի դուռը խուլ փակ էր, իսկ ուսանող-ուսանողուհիները նստել եւ խմբվել էին բոլոր հարկերի լուսամուտների մոտ, նայում էին դուրս: Նրանց փակել էին եւ դուրս չէին թողնում…Մի ուսանող, երրորդ հարկից, մինչեւ իսկ հասկացրեց ձեռքով-ոտքով. «ի՞նչ անենք, ուզում ենք գալ-միանալ, բայց չեն թողնում»:

***

Ցուցարարների գլխավոր մասն արդեն դուրս էր եկել Աբովյան, եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի մուտքի մոտ հավաքված մի քանի հարյուրը շտապեցին հասնել նրանց: Հետագայում իմացանք, որ համալսարանի հանրակացարանում փակել էին դռները ու ուսանողներին որպես ստրուկների պահել այնտեղ, բայց նրանք կեցցեն, ծեծել էին բանտապետներին, ջարդել դռները եւ նետվել դուրս: *** Կոմիտասի գերեզմանի մոտ ելույթներ ունեցան շատերը, այդ թվում Սիլվան, Պարույրը, Վարագը (Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սեւակը, Վարագ Առաքելյանը` հեղ.): Մոտենում էր Օպերայի թատրոն գնալու ժամանակը, հարկավոր էր գնալ տուն, մի փոքր հանգստանալ եւ կարգի բերել ինձ: Միտինգն ավարտվել էր, երբ ես նստեցի տրանսպորտ եւ եկա տուն: Վեցն անց կես շտապեցի դեպի Օպերա: Առաջին բանը, որ տեսա Լենինի պողոտայում, դա տասնյակ հազարավոր երիտասարդության ցույցն էր, որն անցնում էր եւ բղավում «հողերը, հողերը»…

***

Դեռ իմ հրապարակում եղած ժամանակ, նախքան ցուցարարների շարժվելը, եկան եւ ամբիոն բարձրացան Քոչինյանը (Անտոն Քոչինյանը` հեղ. ), Վիկտոր Համբարձումյանը, Էդվարդ Թոփչյանը, էլի մի քանի մարդ, որոնց թվում նաեւ մի դեգեներատ, որը, ինչպես հետո իմացա, կոչվում էր Բադալ Մուրադյան: Նա բաց արեց միտինգանման բանը, խոսք տվեց Քոչինյանին, Համբարձումյանին, ապա բաց թողեց մի ապուշագույն կոչ, որը ռեկորդային էր իմ բոլոր լսածներից. «Իսկ այժմ, ընկերներ, ովքեր գործ չունեն այստեղ, թողեք հրապարակը, թողեք հրապարակը, թողեք հրապարակը»: Ի դեպ, կոչն ավելորդ չէր, այլ խիստ իրավացի: Հենց ինքն ու իր կոլեգաները «թողեցին հրապարակը», իսկ ցուցարարները մնացին:

***

Դեռ հրապարակում ցուցարարներից մեկը բարձրացավ ամբիոն եւ Քոչինյանին տվեց մի դաստա թղթեր, ցուցարարների պահանջները, խնդիրները, բանաձեւերը: Քոչինյանը բարձրացրեց թղթերը բռնած ձեռքը, այսինքն թե ինձ մոտ են, ապահով կացեք: Եվ ահա երեկոյան, ցուցարարները պահանջել էին, որ ներս թողնեն իրենցից մի քանի հոգու իմանալու համար այդ թղթերի պատասխանը: Նրանց ներս էին թողել եւ… այնքան ծեծել, որ շտապ օգնություն էին կանչել տանելու համար: Սա ես գրում եմ իմ լսածը…

***

Այն, ինչ որ պիտի անեին կառավարության խայտառակաբար փախած անդամները, արեց կաթողիկոսը (Վազգեն Ա-ն` հեղ.): Օթյակում նստած, եւ, չգիտես ինչու ոչ նախագահության սեղանի մոտ հրավիրված, նա վեր կացավ, բացեց իր գլուխը եւ լի սքանչելի խոսքով , արժանի ամեն մի իսկական կոմունիստի եւ հայի, խիստ հեռատես ու տակտով, խիստ անկեղծ, խիստ քաղաքական հասունությամբ եւ մարդկային իմաստությամբ, դիմեց երիտասարդներին: Ճիշտ է, նրա լռելուց հետո վերջիններս աղմկում էին, բայց դա ոչ թե խանգարելու համար, այլ որ ամեն մեկն ուզում էր ասել իր ասելիքը: Ընդհակառակը, նրանք մեծ հարգանքով էին վերաբերվում կաթողիկոսին, միակ մարդուն կառավարությունից եւ կուսակցությունից, որն ազնվություն ունեցավ խոսել ժողովրդի հետ:

***

Ես սարսափելի հոգնած էի, բայց ոչ այնքան մի քանի ժամ տեւող երթից, որքան որ ներքին ապրումներից ու զայրույթից: Եկա տուն, իսկ ցուցարարները դեռ մինչեւ ուշ գիշեր շրջում էին: Այդ մասին այլեւս, ես իրազեկ չեմ որպես ականատես:

1965թ. ապրիլի 24

Աննա Բաբաջանյան

http://armlur.am/50-600x412

ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆ

25 Ապր

«Մենք վառեցինք կրակը, որպէսզի հայրենի գեղերն ու քաղաքները անոր նայեն, որպէսզի տանջուողները, իրենց բռունցքները սեղմելով՝ դէպի հոն բարձրանան: Մենք վառեցինք կրակը, որպէսզի ազատութեան ճամբան լուսաւորենք»:big_13982817113662

ՍԹԻՎԵՆ ԿԻՆԳ

25 Ապր

Գիտե՞ս, ժամանակը նույնպես իր տարածությունն ունի, ինչպես այն, որ ընկած է կղզու և մայրցամաքի միջև: Պարզապես միակ նավը, որով կարելի է հատել այդ տարածությունը, հիշողությունն է, իսկ նա ուրվական-նավի նման է. եթե դու ցանկանաս, որ նա անհետանա, ապա ժամանակի հետ հենց այդպես էլ կլինի:00

ՏԵՍԵՔ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ք, ՇՈՒՆ ՇԱՆՈՐԴԻՆԵՐ

24 Ապր

Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մադկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված, երգերը լռած և որի աղոթքները անպատասխան են մնացած:
Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեք տներից անապատ, մի մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացեք, տեսեք՝ կկարողանա՞ք, շուն շանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ11057905_839104526124881_7582755473982281624_n

ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ

23 Ապր

Այն, ինչ եղել է ինձնից առաջ ու լինելու է ինձնից հետո, ներկայանում են իբրև երկու անթափանց սև վարագույրներ` իջեցված մարդկային գոյության սահմանագծին, որից այն կողմ տրված չէ անցնել ոչ մի մահկանացուի: Հարյուր հազարավոր սերունդներ` ջահերը ձեռքերին կանգնած են այդ վարագույրների դիմաց ու գուշակում, գուշակում են, թե ինչ կարող է թաքնված լինել դրանց ետևում:
Նրանցից շատերի համար գալիքի վայրագույրից այն կողմ իրենց սեփական ստվերն է շարժվում, նրանց կրքերի հսկայական ստվերը, և մարդը սարսափով ետ է քաշվում իր իսկ արտացոլանքից:
Իհարկե, եղան նաև չհավատացողներ, որոնք պնդում էին, թե այդ վարագույրը սոսկ խաբկանք է մարդկանց համար և դրանից այն կողմ ոչինչ հնարավոր չէ տեսնել, որովհետև ոչինչ չկա: Սակայն նրա համար, որ համոզվեն, նրանց առանց հապաղելու ուղարկեցին այնտեղ…

«Ոգետեսը» վեպիցmedia.media.1c842199-bbdc-4473-9c21-af2cd076299f.normalized

ԷՐԻԿ ՎԱՆ ԼԱՍՏԲԱԴԵՐ

23 Ապր

Կյանքն այսպիսին է. այսօր մենք ծաղկունքի մեջ ենք, իսկ վաղը քամին մեր նուրբ ծաղկաբույլը կպոկոտի: Հո չե՞նք կարող բուրել մի ամբողջ դար: Յուրաքանչյուր օրն ու յուրաքանչյուր ժամը իրենց հետ փոփոխություններ են բերում, որոնք վախեցնում են մարդկանց մեծամասնությանը: Սակայն հենց փոփոխության մեջ է ցանկացած մարտավարության էությունը: Պետք է սովորել օգտվել աշխարհում ամեն բանից: Չէ՞ որ նույնիսկ քայլ անելուց հրաժարվելը կարող է գրոհ համարվել:maxresdefault

100 ՏԱՐԻ, 100 ԱՆԳԱՄ

21 Ապր

Վազում էի: Ընկա ու ոտքս խփեցի գետնին: Ցավն անտանելի էր: Լաց եղա, բայց ոչ միայն ցավից: Իմ անզորության ու թուլության համար էլ լաց եղա: Նաև ամոթից: Նաև այն բանի համար, որ ճարպիկ չէի, ինչպես մյուսները: Նրա համար, որ վազքս ընդհատվել էր, ընթացքս ծնկածալ կսկիծ էր դարձել:
Շուրջս նայեցի: Չլինի՞ մեկը տեսավ խեղճությունս ու կարծեց, թե գետնատարած մարմնի մեջ նվաղում են մղումները:
Վեր կենամ, աչքս սրբեմ, վերքս ծածկեմ ու առաջ գնամ: Ես ուրիշների հետ մրցել չեմ ուզում: Ինձ իմ երազին հասնել է պետք:

Հովիկ Չարխչյանvoshod01_b

ԼԱՈ ՇԵ

21 Ապր

Այս մռայլ հանրության մեջ մարդիկ գազազում են` դեռ նոր լույս աշխարհ եկած: Նրանք չափչփում են ամենուր մի կտոր համեղ պատառի, չնչին շահի համար, և միշտ պատրաստ են գործի դնել ժանիքներն ու ճանկերը:
Մեզ մոտ հաճախ են ասում, որ երկիրը թաղվել է խավարի մեջ: Իսկ ո՞վ պետք է լուսավորի նրան, եթե ոչ խելացի մարդիկ: Եթե նրանք չհիշեն իրենց պատասխանատվության մասին, եթե իրենց չզգան իբրև աստղեր` մութ գիշերում, մենք այլևս ոչ մեկի վրա չենք կարող հույս դնել:W020061009379969831175

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 Ապր

Կարևոր չէ որտեղ ես աշխարհ եկել` Լոնդոնում, թե՞ խուլ գյուղում: Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում` կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ:MinasAvetisyan-Self-Portrait-1960

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

20 Ապր

Հայը պիտի ապրի, հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին: Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օդին և արևին մեջ երգելով: hqdefault

ԳԵՈՐԳ ԷԲԵՐՍ

20 Ապր

Ամեն մարդ կարծես մի երաժշտական գործիք լինի, որ պատրաստել են անտեսանելի արհեստանոցում լավ կամ վատ փայտից, հմուտ կամ անհմուտ ձեռքով, մինչև նրա ծնունդը: Ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը (կարևոր չէ, թե մենք դա ինչպես կանվանենք) նվագում է յուրաքանչյուր գործիքով, և կախված նրանից, թե ինչպես է այն պատրաստված, դուրս է բերում այդ գործիքից մաքուր կամ կեղծ հնչյուններ:ebers georg

%d bloggers like this: