Պահոց | 6:28 ե.

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

9 Դկտ

Կապույտ լեռներում
Ավստրալիա հասնելու հաջորդ օրը իմ խմբագիրն ինձ տարավ Սիդնեյից ոչ հեռու գտնվող ազգային զբոսայգի: Այնտեղ` աչքից հեռու, անտառի մեջ, որպես հուշարձան վեր են խոյանում Կապույտ լեռներ անվամբ երեք ժայռեր:
-Սրանք երեք քույրեր են եղել,- ասաց խմբագիրը և պատմեց այսպիսի մի լեգենդ. «Մի անգամ կախարդուհին զբոսնում է երեք քույրերի հետ: Նրանց է մոտենում այն ժամանակների ամենահայտնի զինվորներից մեկն ու ասում.
-Ուզում եմ ամուսնանալ այս գեղեցկուհիներից մեկնումեկի հետ:
-Եթե նրանցից մեկը քեզ հետ ամուսնանա, մնացած երկուսը կմտածեն, որ իրենք գեղեցիկ չեն: Ես փնտրում եմ այնպիսի ցեղ, որի զինվորները կարող են ունենալ երեք կին,- ասում է կախարդուհին ու շարունակում ճանապարհը:
Տարիներ շարունակ նա ճամփորդում է ավստրիալիական մայրցամաքով, բայց այդպես էլ չի կարողանում գտնել իր փնտրածը:
-Ամեն դեպքում, մեզանից մեկը կարող էր երջանիկ լինել,- նկատում է քույրերից մեկը, երբ արդեն ծերացել էին և ուժից ընկել անվերջանալի ճանապարհներից:
-Ես սխալ թույլ արեցի,- համաձայնեց կախարդուհին,- բայց արդեն ուշ է այդ մասին խոսելը:
Եվ նա երեք քույրերին դարձրեց քարե ժայռեր, որպեսզի ով էլ որ անցնի մոտակայքով, հիշի` մեկի երջանկությունը ամենևին էլ չի վկայում մյուսների դժբախտության մասին»:

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

9 Դկտ

Անսահման խորունկ ուրախություն է
Սառը ուսերդ գրկել քամու տակ,
Քեզ համար, գիտեմ, նուրբ քնքշություն է,
Ինձ համար, սակայն, հիացում է դա:

Գիշերն առկայծող մոմերի նման
Տաք են աչքերը, և լսում եմ ես,-
Ինչպես է շարժվում հեքիաթը դաժան,
Բաժանման գիծը շնչում աստղի պես:

Օ, այդ առկայծող գիշերում խաղաղ
Նույնչափ գեղեցիկ կլինես նորից
Եվ հավատարիմ դրախտին խավար
Պայծառ աստղի պես կփայլես վերից:

Ես գիտեմ` սառն է քամին էլ հիմա,
Եվ այս աշունն էլ անկիրք է հավետ.
Մութ թիկնոցի մեջ չեն էլ իմանա,
Որ խրախճանք ես արել դու ինձ հետ:

Եվ գնում ենք մենք հեռուներն աշնան,
Լսում ենք հեռվում շեփորի ձայներ,
Եվ չափում ենք մենք գիշերվա ճամփան,
Եվ ելնում իմ ցուրտ բարձունքներն ի վեր:

Անցել է արդեն ժամը բերկրանքի,
Սակայն շուրթերս` արբեցած կրքով,
Տագնապների մեջ իմ հոգեվարքի
Դեռ համբուրում են շրթունքները քո:

Մեր և նրանց կռվախնձորները

9 Դկտ

Երկու օր առաջ ռուսական օդանավերը փաստացի ձախողեցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ու Ճապոնիայի զորամիավորումների համատեղ լայնամասշտաբ վարժանքները: Ռուսական երկու «ԻԼ-38» օդանավ, որոնք նախատեսված են սուզանավեր հայտնաբերելու համար, տարբեր ուղղություններից հայտնվեցին զորավարժությունների անցկացման տարածքում (Հոնսյու կղզու վրա) ու մի քանի ժամ շարունակ սավառնում էին օդում: Ի պատասխան դրա, վեր բարձրացան ամերիկյան և ճապոնական F-15 ինքնաթիռները, իսկ վարժանքները դադարեցվեցին գաղտնիությունն ապահովելու նկատառումներով:
Մեկ այլ, ոչ պակաս էական միջադեպ էլ արձանագրվեց մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյձի Մաեհարան իրականացրեց Հարավային Կուրիլների շուրջ վաղօրոք խոստացած իր թռիչքը։ Թեև ասվում էր, որ Մաեհարան ուսումնասիրել է կղզիները Ճապոնիայի օդային տարածքից, սակայն որոշ աղբյուրների վկայությամբ, նախարարի ուղղաթիռը պտույտներ է գործել անմիջապես կղզիների վրա, որից հետո Մաեհարան ճապոնական Հոկայդո կղզուց դրանք զննել է հեռադիտակով։
Մոսկվայում անմիջապես հասկացան, որ կատարվածը Տոկիոյի ռևանշն էր` պատասխանն այն բանի, որ նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևն այցելել էր Կուրիլներ: Այն ժամանակ դա վերածվեց դիվանագիտական սկանդալի, կողմերը կոշտ հայտարարություններ փոխանակեցին ու ետ կանչեցին դեսպաններին: Հետո կարծես թե կրքերը մի փոքր հանդարտվեցին: Բայց սա ընդամենը ժամանակավոր դադար էր հաջորդ քայլերը ձեռնարկելուց առաջ:
Ճապոնիան ու Ռուսաստանը Կուրիլյան կղզիների համար վիճում են դեռևս 1855 թվականից: Ժամանակ առ ժամանակ դրանք ձեռքից ձեռք էին անցնում, մինչև որ Երկրորդ աշխարհամարտի ավարտը վճռեց ելքը: Միայն թե Ճապոնիան, առաջվա պես շարունակում է Կուրիլները համարել իր տարածքը և հայտարարում է, որ ռուսները օկուպացրել են դրանք: «Մեր դիրքորոշումը հյուսիսային տարածքների վերաբերյալ մնացել է անփոփոխ: Ճապոնիան երբեք չի ճանաչել այդ կղզիների պատկանելիությունը Ռուսաստանին, և այս խնդիրը խոչընդոտում է, որ երկու պետությունները պաշտոնապես հայտարարեն պատերազմի ավարտի մասին»,- ահա սա է պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումը, որը ոչ մի նահանջ չի հանդուրժում: 2005-ին նախագահ Պուտինը ջանում էր հարցը լուծել 1956 թ. սովետա-ճապոնական հռչակագրի շրջանակներում, սակայն դա չհաջողվեց: 2009-ի ամռանը ճանոպանական Կոկկայի` պառլամենտի վերին պալատը միաձայն ընդունել Կուրիլները Ճապոնիայի անբաժան մաս ճանաչող օրենքը` կոչ անելով քայլեր ձեռնարկել դրանց վերադարձի համար: Աս օրենքն ավելի վաղ ընդունել էր նաև խորհրդարանի ստորին պալատը: Նույն թվի աշնանը Ճապոնիայի կառավարությունը դարձյալ տարածքային պահանջ ներկայացրեց Ռուսաստանին` հայտարարելով, որ ռուսներն ապօրինաբար բռնազավթել են իրենց պատմական հայրենիքը:
Ինչ խոսք, ծանոթ պատկեր է: Միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում կողմերի մտքով չի էլ անցնում հիշատակել միջազգային ընդունված սկզբունքները կամ նման բաներ: Գոնե ռուսների համար խնդիրը մեկ հիմնավորում ունի. եղել է պատերազմ, եղել է այդ պատերազմի արդյունքը և հաղթող կողմն իրեն է պահել այն, ինչ նվաճել է արյամբ: Ճիշտ նույն կերպ բոլորովին վերջերս արտահայտվեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը Վրաստանի առնչությամբ` ուղղակի ասելով, որ խոսք անգամ լինել չի կարող տարածքային ամբողջականության մասին: Իսկ ահա Կուրիլների դեպքում, երբ ճապոնացիները փորձում են մատնանշել այն նախադեպը, որով Ռուսաստանը Չինաստանին փոխանցեց Ամուր գետի մի քանի կղզիներ, Մոսկվան նրանց պատասխանում է, որ զուգահեռները տեղին չեն, քանի որ այդ փոխանցումն իրականացվել է սահմանային վեճի կարգավորման շրջանակում: Իսկ վեճի պատճառը պետական սահմանի սխալ դելիմիտացիան էր: Մի խոսքով, ամեն հարց իր բացատրությունն ունի: Իսկ կռվով նվաճված տարածքների համար նման հիմնավորումն առավել քան ուղղակի է:
Մեծ հաշվով անծայրածիր Ռուսաստանի համար մի քանի աննշան կղզիների լինել-չլինելու խնդիրը գուցե թե բնավ էլ էական չլիներ, առավել ևս Կուրիլյան այդ 4 կղզիները, որոնք որևէ բանով աչքի չեն ընկնում: Սակայն ռուսական պետության համար շատ ավելի կարևոր է ազգային արժանապատվության գործոնը, և պահպանելով տարածքը` նա պահպանում է հենց այդ արժանիքը:
ԱՄՆ-ը (և այլ երկրներ` նույնպես) կոչ են անում Ռուսաստանին ու Ճապոնիային կարգավորել տարածքային վեճերը, կնքել խաղաղության համաձայնագիր: Այս պատկերը ևս մեզ համար խորթ չէ: Սակայն ոչ ոք երբեք Ղարաբաղի դեպքում չի ցանկացել հիշել նրա մասին, որ թե բուն երկրամաստ, թե հարակից տարածքները ձեռք ենք բերել պատերազմի գնով, ճիշտ այնպես, ինչպես ռուսները: Եվ ինչու՞ միայն նրանք: Անգլիան Ֆոլկլենդյան կղզիները զավթեց Արգենտինայից պատերազմով, և մի՞թե որևէ մեկը փորձեց համոզել Լոնդոնին` գնալ փոխզիջման, տարածքներ հանձնել: Իհարկե, ոչ: Նույն խաղաղասեր Ամերիկայի մտքով երբեք չի անցնի մի օր բարի կամք դրսևորել ու Ռուսաստանին վերադարձնել Ալյասկան: Իսպանիան բասկերի երկիրը չի նվիրաբերի բնիկներին, Ֆրանսիան չի հրաժարվի Կորսիկայից, Թուրքիան չի լքի Կիպրոսը: Այդ տարածքների վրա չի տարածվում այն միջազգային իրավունքը, որ եկել, ծանրորեն չոքել է Ղարաբաղի սահմանի վրա և մեզնից քաղաքակիրթ մոտեցում է պահանջում: Իսկ մենք մոռացել ենք ամենակարևորը` հաղթողների իրավունքը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

9 Դկտ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի,
Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:
Քմայապաշտ ծաղի՜կ մ’արդյոք ցընորքի,
Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.
Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի:
Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու
Եթերային անրջանքին է հանգույն.
ՈՒ քու կարմի’րըդ Պենկալյան վարդերու
Երազամած կարմըրության պես տժգույն.
Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:
Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:
Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը’մպես.
Շունչըդ գինով է հովերու պես գարնան,
Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես…
Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:
Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,
ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո’ր,
Ավելի քաղցր է Քանանու գինիեն…
Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,
Թե լո’ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:
Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.
Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,
ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,
Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ…
Հրաշագո’… ո՜հ, քու իրանդ բյուրեղե:
Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր
Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,
Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,
Մինչև առտու պիտի հալեր արցունքով…
Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:
Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն
Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.
ՈՒ անութիդ որոշ ծալքերը նորեն
Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս…
Քու մե’ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:
Տժգույն աղջի’կ, հյուսիսայգի աչքերով,
Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ
Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով…
Ո’չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,
Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

ԹՈՄԱՍ ՀՈԲՍ

9 Դկտ

ՎԱՍՆ ՄԱՐԴՈՒ

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Բնական իրավունքը, որը գրողների կողմից սովորաբար անվանվում է jus naturale, ցանկացած մարդու` սեփական բնության (իմա` սեփական կյանքի) պահպանման համար սեփական ուժերն իր հայեցողությամբ օգտագործելու ազատությունն է, եւ, հետեւաբար, այն ամենն անելու ազատությունը, ինչն իր դատողությամբ` դրա համար ամենահարմարն է:

ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Ազատություն ասելով, ըստ բառի բուն իմաստի, ենթադրվում է արտաքին խոչընդոտների բացակայությունը, որոնք ոչ հազվադեպ կարող են մարդուն զրկել ուզածն անելու իր իշխանության մի մասից, բայց չեն կարող խանգարել իրեն թողնված իշխանության մնացյալ մասն օգտագործելու իր բանականության ու խոկման թելադրանքին համապատասխան:

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Բնական օրենքը (lex naturalis) կարգադրագիր է կամ բանականությամբ (reason) գտնված ընդհանուր կարգ է, համաձայն որի` մարդուն արգելվում է անել այն, ինչը կործանարար է իր կյանքի համար, ինչը զրկում է այն պահպանելու միջոցներից, ինչը զանցառում է կյանքի պահպանման` իր կողմից ամենալավը համարված միջոցը:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Հարկ է տարբերել իրավունքն ու օրենքը (jus եւ lex), թեեւ նա, ով գրում է այդ թեմայով, սովորաբար խառնում է այդ հասկացությունները, զի իրավունքն անելու կամ չանելու ազատության մեջ է, մինչդեռ օրենքը սահմանում եւ պարտավորեցնում է այդ այլընտրանքի այս կամ այն անդամը. հետեւաբար, օրենքը եւ իրավունքը միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես պարտավորությունն ու ազատությունը, որոնք միեւնույն բանի նկատմամբ անհամատեղելի են:

ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ: Քանի որ մարդու վիճակը բոլորը բոլորի դեմ պատերազմական վիճակ է, երբ յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական բանականությամբ, եւ չկա ոչինչ, որ նա չկարողանա օգտագործել որպես թշնամիներից փրկվելու միջոց, ապա սրանից հետեւում է, որ այդպիսի վիճակում յուրաքանչյուր մարդ ամեն ինչի իրավունք ունի, նույնիսկ ցանկացած ուրիշ մարդու կյանքի վրա: Ուստի քանի դեռ պահպանվում է բոլորի` ամեն ինչի իրավունքը, ոչ մի մարդ (որքան էլ նա ուժեղ կամ իմաստուն լինի) չի կարող վստահ լինել, որ կկարողանա ապրել այն ամբողջ ժամանակը, որը բնությունը սովորաբար հատկացնում է մարդկային կյանքին: Հետեւաբար, բանականության կարգադրագիրը կամ ընդհանուր կարգն ասում է, որ ցանկացած մարդ, եթե ունի խաղաղության հասնելու հույս, պետք է ձգտի դրան. իսկ եթե չի կարող հասնել դրան, ապա նա կարող է օգտագործել պատերազմում առավելություն տվող ցանկացած միջոց:

ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Այս հիմնական բնական օրենքից, ըստ որի մարդիկ պետք է ձգտեն խաղաղության, բխում է մյուս օրենքը` այլոց հետ այդ համաձայնությունն ունենալու դեպքում մարդը պետք է համաձայնի հրաժարվել ամեն ինչի նկատմամբ իրավունքից այն չափով, որչափ այն անհրաժեշտ է խաղաղության եւ ինքնապաշտպանության շահերից ելնելով, եւ բավարարվել մյուս մարդկանց նկատմամբ ազատության այն աստիճանով, որն ինքը կթույլատրեր ուրիշներին իր նկատմամբ: Զի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր մարդ կառչած է իր ցանկությամբ ամեն ինչ անելու իրավունքից, բոլոր մարդիկ կգտնվեն պատերազմական վիճակում: Սակայն եթե ուրիշները չեն ցանկանում հետեւել իր օրինակին եւ հրաժարվել այդ իրավունքից, ապա ոչ մի հիմք չկա որեւէ մեկի համար (ով էլ լինի) զրկվել դրանից, զի դա ավելի շուտ կնշանակեր ինքն իրեն հանձնել ավարառման (որը որեւէ մեկը պարտավոր չէ ցանկանալ), քան ցուցադրել խաղաղության իր պատրաստակամությունը: Հենց այդպիսին է Ավետարանի օրենքը` Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կկամենայիր, որ ուրիշները քեզ հետ վարվեին: Եվ դա բոլոր մարդկանց օրենքն է` quod tibi fieri non vis, alteri ne feceris:

ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է: Միշտ համաձայնության առարկան կամ էությունը խորհելու ինչ-որ օբյեկտ է (զի համաձայնությունը կամքի գործողություն է, այսինքն` խորհելու գործողություն, եւ` վերջին գործողություն), եւ այդու` մշտապես ընկալվում է որպես մի բան, որ ապագայում է լինելու, եւ որը հնարավոր կատարելի է ճանաչվում նրա կողմից, ով կնքում է համաձայնությունը:
Ուստի ակնհայտորեն անհնարինի խոստումը համաձայնություն չէ: Սակայն, եթե միայն արդյունքում է հայտնաբերվել անհնարինությունն այն բանի, որ նախկինում հնարավոր է համարվել, համաձայնությունը գործող է եւ պարտավորեցնում է, թեեւ ոչ անմիջական պարտավորության կատարման, բայց գոնե դրա դրամական համարժեքի փոխհատուցման կամ, եթե դա անհնար է, ապա ձգտելու բարեխիղճ կատարման այնքանով, որքանով հնարավոր է, զի ավելիին անհնար է մարդուն պարտավորեցնել:

ՈՉ ՈՔ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ ՈՐԵՎԷ ՄԵՂՔ:Համաձայնությունը, որը պարտավորեցնում է իր վրա մեղք վերցնել, առանց ներում գտնելու վստահությունն ունենալու, զուրկ է պարտադիր լինելու ուժից: Զի բնական վիճակում, երբ յուրաքանչյուր մարդ դատավոր է, մեղադրանքի համար տեղ չկա, իսկ քաղաքացիականության վիճակում, երբ մեղադրանքին հետեւում է բռնություն հանդիսացող պատիժը, պարտավոր չէ չպաշտպանվել:
Նույնն է նաեւ մերձավորների մեղադրման պարագայում, որոնց դատապարտումը դժբախտություն է մարդու համար, ինչպես, օրինակ, հորը, կնոջը եւ բարերարին մեղադրելը: Զի այն դեպքում, երբ մարդու ցուցմունքները հոժարակամ չեն տրվում, բնականաբար, համարվում են զգացմունքային, ուստի եւ` չեն կարող ուշադրության առնվել. իսկ այնտեղ, ուր իր ցուցմունքները հավատ չեն ներշնչում, մարդը պարտավոր չէ տալու: Ճիշտ նույն կերպ` պետք է վճռորոշ չհամարվեն այն ցուցմունքները, որոնք խոշտանգումների արդյունքում են տրվել, զի խոշտանգումը պետք է որ կիրառված լինի որպես բացահայտման, քննության հետագա ընթացքի լուսաբանման ու ճշմարտության բացահայտման միջոց, բայց քանի որ նա, ում խոշտանգում են, այդ դեպքում խոստովանությունն անում է իր տանջանքները թեթեւացնելու համար, այլ ոչ թե նրանց տեղեկություններ տալու համար, ովքեր իրեն խոշտանգում են, հետեւաբար այդ ցուցմունքները վստահություն չեն ներշնչում` չդառնալով վկայի արժանահավատ ցուցմունքներ. մարդը ճիշտ կամ կեղծ ցուցմունքներով իրեն ապահովագրում է խոշտանգումներից` դա անելով սեփական կյանքը պաշտպանելու իրավունքով:

ԵՐԴՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ: Քանի որ բառերը, ինչպես ես արդեն իսկ նշել եմ, բավականին անզոր են, որ ստիպեն մարդկանց կատարելու իրենց համաձայնությունները, ուստի նրանց վրա հարկադիր ուժի տարածման համար` մարդկային բնույթը լոկ երկու միջոց ունի: Այդ միջոցներն են` կա՛մ սեփական խոսքը դրժելու հետեւանքներից վախը, կա՛մ փառքի տենչն ու հպարտության զգացումը, որոնք մարդուն հրահրում են ցույց տալ, թե ինքը սեփական խոսքը չդրժելու ունակ է: Այս վերջինը շատ հազվադեպ հանդիպող ազնվաբարոյություն է, որպեսզի հնարավոր լինի հենվել դրա վրա. հատկապես նրանց մոտ, ովքեր հարստության, իշխանության կամ զգայական հաճույքների նպատակ են հետապնդում, իսկ մարդկության մեծամասնությունը հենց այդ մասին է պատկանում: Այն կիրքը, որի վրա կարելի է հենվել, վախն է. ընդ որում` այդ վախը երկու քիչ թե շատ ընդհանուր օբյեկտ ունի: Առաջին օբյեկտն անտեսանելի ոգիներն են, երկրորդը` այն մարդկանց ուժն է, ում վնաս կպատճառի խոստման դրժումը: Ու թեեւ առաջինների ուժն ավելին է, քան երկրորդներինը, այնուհանդերձ վերջինների ուժի հանդեպ վախը սովորաբար ավելի զորավոր է, քան առաջինների: Առաջինների հանդեպ վախն ամեն մարդու մեջ սեփական կրոնն է, որը մարդու բնության մեջ տեղ ուներ քաղաքացիական հասարակության ծագումից առաջ: Մյուս վախը մարդուն ներհատուկ չէր մինչեւ քաղաքացիական հասարակության ծնունդը, կամ առնվազն ոչ այն աստիճանի էր հատուկ, որ մարդուն ստիպեր իր խոստումը կատարել, զի բնական վիճակում ուժերի անհավասարությունը որոշվում էր միայն մարտի արդյունքում: Այսու` մինչ քաղաքացիական հասարակության ծագումը կամ երբ քաղաքացիական հասարակության գոյությունն ընդհատվել է պատերազմով, ոչինչ չի կարող ամրապնդել խաղաղության պայմանագրի ուժը շահամոլության, փառամոլության, հեշտասիրության եւ այլ զորեղ կրքերի գայթակղության հանդիման, բացի այն անտեսանելի ուժի հանդեպ վախից, որին ամեն մարդ Աստված է համարում ու վախենում նրանից` որպես հավատուրացության վրիժառուից: Ուստի այն ամենը, ինչ կարող են անել քաղաքացիական հասարակության չպատկանող երկու անհատ, դա այն է, որ ստիպեն միմյանց` երդվել այն Աստծո անունով, որից երկուսն էլ վախենում են:

ԵՐԴՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵԼ: Ձեւով կամ ծեսով ամրապնդված խոստումը տարբերվում է նրանցից, որոնք սովորաբար կիրառվում են երդումների ժամանակ եւ դատարկ հնչյուն են ու չեն կարող երդում համարվել. ինչպես նաեւ` չի կարելի երդվել այնպիսի առարկայի անունով, որին երդվողն Աստված չի համարում: Ու թեեւ մարդիկ երբեմն սովորություն ունեին վախից կամ քծնանքից երդվել իրենց արքաների անունով, սակայն դա նշանակում էր, որ ուզում էին ցույց տալ, թե նրանց աստվածային պատիվներ են մատուցում: Պարզ է նաեւ, որ Աստծո անունով անհարկի երդվելը` Նրա անվան սոսկ սրբապղծում է նշանակում, իսկ ինչ-որ այլ բանով երդվելը, ինչպես մարդիկ վարվում են առօրյա խոսակցություններում, երդում չէ, այլ սոսկ անազնիվ սովորություն` պայմանավորված խոսակցության չափազանց մեծ զգացմունքայնությամբ:

ԵՐԴՈՒՄԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՎԵԼՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ: Պարզ է նաեւ, որ երդումը ոչինչ չի ավելացնում պարտավորությանը: Զի օրինական համաձայնությունն առանց երդման էլ պարտավորեցնում է Աստծո առջեւ. ապօրինի համաձայնությունը ոչնչի չի պարտավորեցնում, նույնիսկ եթե ամրագրված է երդմամբ:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

9 Դկտ

Ծերունին կամրջի մոտ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:
— Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:
— Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:
— Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:
— Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.
— Ի՞նչ կենդանիներ էին:
— Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:
Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը, ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
— Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:
— Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:
— Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:
— Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:
— Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
— Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
— Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:
— Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
— Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
— Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:
— Դեպի Բարսելոն,- ասացի նրան:
— Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները…. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին:
— Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:
— Այդպե՞ս ես կարծում:
— Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
— Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
— Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:
— Այո՛:
— Ուրեմն նրանք կթռչեն:
-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:
— Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:
— Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:
Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Թարգմանեց Յուրա Գանջալյանը