Պահոց | 10:12 ե.

ԱԼՖՐԵԴ ԿԱՊՅՈՒՍ

25 Մրտ

ԱՄԵՆԱՄԱԶԱԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքիս մեջ երբեք այնպիսի մազալու պատմություն չեմ լսել, որպիսին պատմեցին ինձ ընկերական մի շրջանակում` նախաճաշի ժամանակ: Ծիծաղում էի գժի պես և մյուս բոլոր լսողներն էլ փորները բռնել էին: Մյուս օրը հիշեցի այդ պատմությունը և դարձյալ ծիծաղից թուլանում էի: Ցավոք, այդ օրից արդեն շատ ժամանակ է անցել, և ես չեմ կարողանում այդ պատմությունը մտաբերել: Ամենևին չեմ կասկածում, որ այդ պատմությունը ամենամազալուն էլ լսածս բոլոր պատմությունների մեջ և որ ես երբեք այնքան չէի ծիծաղել, որքան այդ անգամ: Ես շատ ցավում եմ, որ մոռացել եմ, ապա թե ոչ, հավատացած եմ, ձեզ էլ դուր կգար:

ՄԻԵՎՆՈՒՅՆ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ` ՏԱՐԲԵՐ ՁԵՎՈՎ

25 Մրտ

(չինական առակ)

Ժամանակով մի մարդ է լինում, որ կապիկներ շատ էր սիրում: Փոքրիկ կապիկները վազվզում էին նրա տան բոլոր անկյուններում: Կապիկներին կերակրելու համար մարդը պետք է աշխատեր, բայց նա այնքան էր սիրում նրանց, որ չէր կարողանում նույնիսկ մի ժամով հեռանալ նրանց մոտից: Ուստի և զարմանալի չէ, որ գալիս է այն օրը, երբ մարդը կարիքի մեջ է ընկնում:
Այդ ժամանակ նա կապիկներին ասում է.
— Ես չեմ կարող ձեզ կերակրել այնպես, ինչպես առաջ: Այսուհետ առավոտները դուք կստանաք ընդամենը չորս բանան, իսկ երեկոյան` միայն երեք…
Լսելով այդ, կապիկները զայրանում են, ծամածռվում և չարությամբ ճղճղում ողջ գյուղով մեկ:
— Քիչ է, քիչ է, քիչ է,- գոռում են նրանք:
— Լավ,- ասում է խորամանկ տերը,- ես փոխում եմ իմ որոշումը: Այդպես էլ պետք է: Առավոտյան դուք չորս բանանից պակաս չեք ստանա, իսկ երեկոյան կտանաք լրիվ երեք բանան:
— Այ դա ուրիշ բան է,- ուրախանում են կապիկները և հանգստանում:

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

25 Մրտ

Որտեղի՞ց նման քնքշություն,
Նոր չեմ գանգուրներ շոյում ես,
Եվ հետո, շուրթերից քո թուխ
Ավելի թուխերն եմ տեսել:

Ծագել են աստղերն ու մարել,
Որտեղի՞ց նման քնքշություն:
Ծագել են ու մարել աչքեր
Հենց իմ աչքերի առջև:

Այսպիսի՞ երգեր եմ ես
Լսել մութ գիշերներն ի վար,
Որտեղի՞ց նման քնքշություն
Հենց իր` երգչի կրծքի տակ:

Որտեղի՞ց նման քնքշություն,
Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ,
Պատանի, երգիչ դու անցորդ,
Թարթիչներդ հատու նետեր:

 

Թարգմ. Ա. Պարսամյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

25 Մրտ

Ծառուղիում գիրք կարդացող աղջկա որոնումները շարունակվում են

Աննա Մուրադյան

Օրերս Տավուշ գնացող մտավորականների մի խումբ ուղևորվել էր շարունակելու «ծառուղիում գիրք կարդացող աղջկա» որոնումները:

Հրանտ Մաթևոսյանի այս միտքն իր շուրջն էր խմբել  Տավուշի մարզկենտրոն Իջևանում «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնի նախաձեռնող խմբի անդամների, մտավորականների և այդ գրքահավաքի հեղինակներին:

Փետրվարի 13-18-ը ինտերնետում «մոլեգնում» էր  «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը, որը նախաձեռնել է գրող Հովիկ Չարխչյանը: Իսկ գրքահավաքի «մեղավորները»  Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներն են, որոնք Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած սեմինարի արդյունքում առաջարկել են մարզի սահմանամերձ գյուղերի համար գրքահավաք կազմակերպել:

Ջինիշյան հիմնադրամը  Հայաստանի յոթ քաղաքների բուհերում մասնաճյուղեր ունի և իրականացնում է տարբեր ծրագրեր: «Մեզ մոտ կազմակերպում ենք  սեմինարներ, որոնց արդյունքում էլ ծնվում են գաղափարներ,- ասում է  Իջևանի համալսարանի Ջինիշյան հիմնադրամի աշխատակից Արման Եգանյանը,- «Համայնքի զարգացման գործընթացը քաղաքացիական հասարակության մեջ» սեմինարի ընթացքում էլ ծնվել է  այն միտքը, որ գրադարանները գրքի կարիք ունեն»:

«Այս նախաձեռնության նպատակը, թերևս, Մաթևոսյանի մտքում պտտվող աղջկան գտնելու որոնումներն են,- ասաց լեզվաբան Լևոն Գալստյանը,- ընթերցանության և մշակույթի ընդհանուր ճգնաժամ կա,  մշակույթների փոխակերպում է տեղի ունենում»:

Լեզվաբանը հանդիպմանը եկած իջևանցի ուսանողներին ասաց, որ այդ որոնումները կատարվում են նոր միջավայրում, որոնք ենթադրում են նոր գործիքներ. «Դրանք շատ կարևոր գործիքներ են, որոնք ձևակերպում են նոր իրականություն»:

Իջևանցի գրող Անդրանիկ Իսախանյանի հարցին, թե ինչպես եզրեր գտնեն ընդհանուր մշակույթում, եթե իրենք երիտասարդ ստեղծագործողներ են, Գալստյանը խորհուրդ տվեց գրանցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:  «Ժամանակն առաջ է գնում, գրականության վերջին խոսքը հնարավոր է գտնել ինտերնետում,- ասաց նա,-  այնտեղ կարելի է հանդիպել ստեղծագործողների հետ, դնել ձեր գործերը քննարկման ու կարծիքներ լսել»:

Մարաթոնի մյուս բանախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, սակայն, փաստեց, որ ժամանակակից օնլայն իրականությունը մարդուն ծուլացնում է: «DVD, հեռուստատեսություն, ինտերնետ. մարդիկ ժամանակ չունեն այլևս գիրք կարդալու,- ասաց նա,- սակայն դեռ Մարկեսն է ասել, որ մարդկությունը  ոչ թե ուղիղ է առաջ գնում, այլ պարույրաձև: Վիրտուալ աշխարհը լավ բան է, բայց գրքի թովչանքին բան չի հասնի»:

Լևոն Գալստյանը, փաստելով գրքի տեղեկատվական և հոգևոր արժեքները, ասաց, որ ամբողջությամբ անտեսվել է գրքից հոգևոր ազդակ ստանալու ակնկալիքը. «Ըստ էության, մարդն օտարվել է դրանից, և ամեն ինչին մենք նայում են օգտապաշտական մղումով»:

Մարաթոնի ընթացքում հավաքվել էր 6000 կտոր գրականություն, որից միայն 2000-ն էր բերվել Իջևան: «Մարաթոնն աննախադեպ ծավալ ընդգրկեց, և մենք որոշեցինք գրքերով ապահովել, օրինակ, այն զորամասերի գրադարանները, որոնք վերազինված չեն»,- ասաց Չարխչյանը:

Արման Եգանյանն ասաց, որ իրենք ակնկալում էին ստանալ 500 գիրք, սակայն, քանի որ բերել են 2000-ը, դրանք կտրվեն Այգեհովիտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր և Ենոքավան գյուղերի գրադարաններին, ինչպես նաև  Իջևանի համալսարանին ու Տավուշի մարզային գրադարանին, որը գտնվում է Իջևանում:


Տավուշի մարզային գրադարանը

Տավուշի մարզային գրադարանը  հիմնադրվել է 1956 թ.: Տուֆակերտ շենքը, որ արտաքուստ բարվոք  տեսք ունի, ներսից քայքայված է: Գրադարանը ջեռուցվում է փայտի վառարաններով: Նախկինում այն եղել է պիոներ տուն, իսկ գրադարանը մինչև այստեղ հանգրվանելը դեգերել է տարբեր շենքերում, բավական երկար ժամանակ էլ եղել է մի շենքում, որն այժմ  Իջևանի սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին է: Այս ոդիսականն «Անկախը» կներկայացնի հաջորդ համարում:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն «Անկախին» ասաց, որ գրադարանի նորոգման համար կառավարության որոշմամբ հատկացված է 58 մլն դրամ, և աշխատանքները պետք է իրականացնի քաղաքաշինության նախարարությունը:  «Որոշումը 2011 թ. համար է,- ասաց նա,- բայց այդ գումարով պետք է հիմնանորոգվի, թե նորոգվի, չգիտեմ»:

Գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ գրադարանի ֆոնդերում կա 45 829 կտոր գիրք: Նախարարությունն ամեն տարի փոխանցում է 300-350 հազար դրամ, որով այս տարի գնվել է 187  գիրք: Անցած տարի գրադարանին 300 հազար դրամ է տրամադրել նաև «Սիվիլիթաս» հիմնադրամը, որով գնվել է 144 գիրք: Գրադարանը դասական և բուհական մասնագիտական գրականության կարիք ունի: Աշխատակից Արփինե Մխիթարյանն ասաց, որ  2010 թ. տվյալներով` գրադարանն ունեցել է 4955 ընթերցող, որոնց մեծ մասը համալսարանի ուսանողներ են: Գրադարանի տնօրենի հավաստմամբ՝ ընթերցողի պակաս չեն զգում. «Ընթերցողի հետաքրքրությունը գրքի նկատմամբ չի նվազել»:

Միակողմանի սիրո պտուղները

25 Մրտ

Մեկ անգամ չէ, որ դիտարկելով հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, սոցիոլոգների ուշադրության կենտրոնում է եղել հայերիս վերաբերմունքն այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ: Սա իր պատճառներն ունի այն իմաստով, որ թե արտաքին, թե ներքին կյանքում ծավալվող բազմաթիվ իրադարձություններ մենք մեծապես պայմանավորում ենք աշխարհի հետ մեր առնչություններով, ազդեցիկ ուժերի վերաբերմունքով, համակրանքների ու հակակրանքների այն դաշտով, որի վրա կառուցում ենք ընթացիկ կյանքի մեծ ու փոքր ծրագրերը: Ու թերևս առաջին հերթին նշված իրողությունը հաշվի առնելով` հանրահայտ Gallup հետազոտությունների կենտրոնը իր վերջին ուսումնասիրությունների առանցն էր դարձրել այդ կարևորագույն գործոնը: Իսկ ընդհանրապես ամերիկացի սոցիոլոգները դիտարկել և հրապարակել էին աշխարհի մոտ 100 պետություններում անցկացված հարցումների արդյունքները` ստանալով մոտավոր պատկերն այն բանի, որից կարելի էր իմանալ, թե տարբեր երկրներում ինչպես են վերաբերում համաշխարհային քաղաքականության մեջ իրենց հարևանների, դաշնակիցների կամ հակառակորդների ակտիվ ներկայությանը:
Այս տեսանկյունից ամենևին էլ պատահական չէր, որ հայերի պարագայում շեշտը դրվել էր ռուսների հանդեպ նրանց վերաբերմունքի վրա: Խոսքը ոչ միայն երկու ժողովուրդների և երկրների ավանդական կապերի մասին է, այլև մեր տարածաշրջանում այսօր առկա կարևորագույն խնդիրների նկատմամբ Ռուսաստանի ունեցած դերակատարության և ազդեցության:
Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները բացահայտել էին հետևյալ պատկերը: Պարզվել էր, որ հայաստանցիների 75 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը` այն բնութագրելով որպես արդյունավետ: Վերջիններս խրախուսանքի խոսքեր էին շռայլել ինչպես ՌԴ նախագահ Մեդվեդևի, այնպես էլ վարչապետ Պուտինի հասցեին: Այս տեսակետի հետ չհամաձայնող մեր հայրենակիցների թիվը կազմել էր ընդամենը 7 տոկոս: Համեմատության համար ասենք, որ, օրինակ, հարևան Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքականությունը դրական գնահատողների թիվը եղել է մոտ 54 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ առանց հետազոտության էլ դժվար չէր լինի կռահել, որ ճիշտ հակառակ արդյունքն էր արձանագրվելու. վրացիների 76 տոկոսը խստորեն դատապարտել էր Մոսկվայի քաղաքականությունը` ջերմ վերաբերմունքի համար կարողանալով ժողովել ընդամենը 6 տոկոս (ի դեպ, հակառուսական տրամադրությունների նման բարձր ցուցանիշով վրացիներին նմանվել էր դարձյալ մի երկիր` նորանկախ Կոսովոն, որտեղ ևս ռուսներով հիանալու որևէ պատճառ չունեն): Մեզ հարևան մյուս երկրում` Թուրքիայում Ռուսաստանի նկատմամբ դրական է տրամադրված քաղաքացիների 21 տոկոսը: Եվ ստացվում է, որ սոցիոլոգների ընտրած հարյուրյակում Հայաստանը տեղ է զբաղեցնում այն հինգ երկրների ցանկում, որոնց մասին կարելի է բացահայտորեն ասել, որ առկա է ակնհայտ ռուսամետություն: Այդ հնգյակում են Միջին Ասիայի երեք երկրները (Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան) և, չգիտես, թե ինչու` Աֆրիկայում գտնվող Մալի պետությանը: Մեր նվիրվածության ու համակրանքի պաշարն այս իմաստով Ռուսաստանից բացի բավականացրել էր ևս մի երկրի` Ֆրանսիային, որի քաղաքականությունն արժանանում էր Հայաստանի բնակիչների աջակցությանը:
Gallup-ի նշված հետազոտությունը ոչ միակն է, ոչ էլ վերջինը, որ բացահայտում է հայերիս մոտ առկա ռուսասիրության հակումը: Մեկ այլ կառույց` այս անգամ արդեն Կովկասյան հետազոտական ռեսուրսային կենտրոնը (CRRС) վերջերս հետաքրքրական մի հարցում էր անցկացրել Հարավային Կավկասում՝ պարզելու, թե մեր տարածաշրջանում ապրող ազգություններից յուրաքանչյուրը ու՞մ հետ է նախընտրում ընկերություն հաստատել կամ շփումներ ունենալ սոցիալական ցանցերի միջոցով: Եվ այստեղ էր պատկերն անփոփոխ էր: Հայերն ամենից շատ նախապատվությունը տվել էին ռուսներին: Դրան հակառակ հայերի 66 տոկոսը չէր ցանկացել սոցիալական ցանցերում շփվել թուրքերի, իսկ 70 տոկոսը՝ ադրբեջանցիների հետ:
Պետք է ասել, որ այս ընդգծված համակրանքը ոչ բոլորի համար է հաճելի: Արևմուտքում քիչ չէ նրանց թիվը, ովքեր չար աչքով են նայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը և դրա մեջ լուրջ սպառնալիքներ են տեսնում: Ջեյմսթաունի հիմնադրամի ամերիկացի հետազոտող Վլադիմիր Սոկորը ուղղակի ՆԱՏՕ-ին կոչ է անում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնող քայլեր ձեռնարկել։ «Ռուսաստանն իր վրա երբեք քաղաքական պատասխանատվություն չի վերցրել այն համաձայնագրերի համար, որոնցում մասնակցում է»,- ասում է նա և կարծում, թե կարելի է հենց այդպես` մի հարվածով խզել այն, ինչ ձևավորվել ու ամրապնդվել է երկար տարիների ընթացքում:
Ի դեպ, որքան էլ ամեն կարգի սոցոլոգիական հարցումներն ու հետազոտությունները պատկերը ներկայացնեն վարդագույն երանգներով, գաղտնիք չէ նաև, որ ռուսների ու հայերի հարաբերություններում քիչ չեն ստվերոտ կողմերը: Հայաստանում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների համաձայն` նման մռայլ տրամադրություններով են համակված հատկապես մեր այն հայրենակիցները, որոնք Ռուսաստանից Հայաստան են վերադառնում: Հիմնական պատճառը, որ նրանց հարկադրում է լքել այդ երկիրը, շարունակում է մնալ ինչպես օտար հասարակության բարքերի անընդունելիությունը, այնպես էլ տեղի ազգաբնակչության անհանդուրժողականության աճը այսպես կոչված «սևերի» կամ «կովկասցիների» հանդեպ: Ասվածի հետ մեկտեղ հարցումները ցույց են տվել¸ որ միգրանտներից շատերի համար անընդունելի են եղել ռուս ժողովրդի մշակույթի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են անկաշկանդությունը, անհատների անկախությունն ընտանիքի և համայնքի կարծիքից, վաղ սեռական հարաբերությունները և այն: Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ առանձին երևույթներն ու մասնավոր դեպքերը, դարձյալ չենք կարող չնշել, որ եթե հայերն իսկապես ռուսամետ քաղաքականության կողմնակիցն են, իսկ նրանց բարի զգացումները առավել քան անկեղծ են, ապա, ինչպես շատ դիպուկ նկատել է մի քաղաքական գործիչ, նրանց հավատարմությունն առայժմ նման է միակողմանի երթևեկության:

Հովիկ Չարխչյան

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ-2

25 Մրտ


Այնտեղ, ուր գերիշխում են բնության օրենքները, հարկ չկա հիասթափվելու նրանից, որ դրանք գերիշխում են: Մարդն ապրում է, որովհետև ապրում է: Մնացյալը գալիս է հետո` հանուն… վասն… ի նոցա… հաղագս… Այսպես մարդիկ փորձում են արդարացնել իրենց գոյությունը: Եվ քանի որ արդարացումը մեղքի իրավահաջորդն է, ստացվում է, որ ցանկացած գոյություն մեղք է:
Ամբոխին ևս իր գոյությունն արդարացնել է պետք: Հենց դրա համար էլ ծնունդ են առնում գաղափարները` մեկը մյուսից հրապուրիչ, ազնիվ, խելացի: Սակայն մինչ օրս դրանից աշխարհն ավելի լավը չի դարձել, որովհետև գաղափարն ապաշխարանք է, որով ազատվում են հին մեղքերից` նոր մեղքեր գործելու համար:

* * *
Բարոյախոսությու՞ն եք փնտրում: Ինչի՞ համար: Աշխարհը հազար անգամ ավելի նյութական է, քան ինքներս կցանկանայինք այն ընկալել իբրև այդպիսին: Խելահեղության պահերը միշտ էլ մնալու են ժուժկալ հոգիների շռայլությունը: Եվ կատարելությունն էլ լինելու է եղածներից լավագույնը, բայց ոչ կատարյալը: Կատարյալն ավելի մոտ է զզվելիին: Էության ու փաստի այս տարանջատում-մեկուսացումը երբ դուրս է սահում հիշողության դաշտից, երբ կիսվել-երկատվելը այլևս ցավ չի պատճառում, մեզ համար մնում է միայն բառը, որ հետզհետե գոյությունը վերածի արձանագրված փաստի, բայց ոչ խորհրդի, ուր իմաստը խնդիր չէ, քանի որ գաղտնիքն է իմացվել:

* * *
Մի ժամանակ լեռներում գայլը հարձակվում էր հոտի վրա, ճանկում ոչխարներից մեկ-երկուսին ու անհետանում: Ու մի օր էլ հովիվները զենքերն առան, ելան սարերը ու սպանեցին գայլին: Օրեր անցան, և հանկարծ ահավոր համաճարակ բռնկվեց հոտում` կոտորելով հարյուրների: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ հետապնդող գայլը ճանկում էր հոտից հետ ընկած թույլ ու տկար կենդանիներին` այդպիսով ախտահանելով ողջ հոտը: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ գայլը հոտի առողջությունն էր: Գայլը:

* * *
Եթե որևէ հիմարություն կրկնում են շատերը, դա կոչվում է հասարակական կարծիք: Եթե այդ հիմարությունը հաստատվում է մեկ այլ հիմարությամբ, այն անվանում են ճշմարտություն: Մարդկանց մեծամասնությունը ճշմարտությունը գերադասում է հիմարությունից ճիշտ այնպես, ինչպես, ասենք, մահանալը` զոհվելուց, կամ դեգերելը` թրևելուց: Նրանք սիրում են ճշմարտությունը որոնել այնտեղ, որտեղ այն երբեք չի լինում: Որոնել անվերջ, անդադրում, համակիրների խրախուսող հայացքի ներքո, նրանց աջակցությամբ ու մասնակցությամբ: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ այն, ինչ նրանք անում են, կոչվում է բարոյական պարտք…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)