Պահոց | 4:46 ե.

Եվս մի զեկույց` վասն ոչնչի

29 Մրտ

Շուրջ հինգ ամիս պահանջվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հրապարակելու համար անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում իրենց դաշտային առաքելության արդյունքներն ամփոփող զեկույցը: Գնահատման առաքելության հաշվետվությունը ներկայացվեց անցած շաբաթ Վիեննայում և, նրանց իսկ ձևակերպմամբ, բացահայտում էր «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում» տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական ու այլ հարցերով: Հիշեցնենք, որ սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն էր, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում: Եթե զեկույցի ողջ ասելիքը ներկայացնենք մեկ նախադասությամբ, ապա դիտորդների վերաբերմունքն այս էր. «Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է»:
Հենց սկզբից փաստաթուղթն իր անորոշ, երկիմաստ ձևակերպումներով հարուցեց ինչպես հայաստանցիների, այնպես էլ ադրբեջանցիների դժգոհությունը: Բաքվի սպասելիքները շատ ավելին էին, քանի որ առաքելություն կազմակերպելու նախաձեռնությունը նրանցն էր: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ նկատում էին տողատակերում քողարկված այն միտումները, որոնք խնդիրը հրում էին միանգամայն այլ հարթություն: Վերլուծաբանների և առանձին քաղաքական ուժերի տեսակետները հանգում էին հետևյալ հետևությանը. առաքելության առաջադրանքն ի սկզբանե սխալ է եղել՝ ուսումնասիրություններ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղի ներսում ու անվտանգության գոտու տարածքում, մինչդեռ զուգահեռ առաջադրանք չի դրվել ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողույթյան տակ գտնվող տարածքները, ինչը կբացառեր ամեն կարգի միակողմանի մոտեցումները և հավասար վերաբերմունք կցուցաբերեր երկու կողմերի հանդեպ։ Ասվածից բխում էր այն համոզմունքը, որ համանախագահները նպատակ ունեն ստեղծել մի իրավիճակ, ինչը թույլ կտա ստիպել հայկական կողմին տարածքներ զիջել: Ներկայացնելով ամբողջական պատկերը, դիտորդները բավականին խտացրել էին գույները, և սա նույնպես նպատակային էր, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանան ճնշում գործադրել հայկական կողմի վրա այն իմաստով, որ եթե այդ տարածքները չեն օգտագործվում, չեն բնակեցվում ու մշակվում, բնականաբար ձեզ դրանք պետք չեն: Իսկ թե ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը`դրա մասին ոչինչ չէր ասվում: Եվ հենց այստեղ էլ զեկույցի հեղինակները վրիպել էին, քանի որ նրանց անդեմ ու անհասցե հայտարարությունները չեն կարող որևէ կերպ ճեղքում ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում:
Գալով ղարաբաղյան կողմի արձագանքին, նկատենք, որ վերջիններս թեև նշում են, որ համանախագահները հիմնականում օբյեկտիվ են եղել, սակայն անմիջապես էլ հավելում են, թե զեկույցի բոլոր ձեւակերպումները չէ, որ դուր են գալիս իրենց։ «Դա մանավանդ վերաբերում է ստատուս-քվոյի պահպանումը թույլ չտալուն։ Դրանով ակնարկ է արվում, որ գոյություն ունեցող իրողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի քաղաքական կայունությանը։ Մենք այդպես չենք կարծում»,- ասում են Ստեփանակերտում: Ամեն դեպքում, երեք կետերի շուրջ որոշակի համաձայնության եզր այստեղ տեսնում են: Նախ դրական է որակվում այն, որ համաախագահներն առաջարկում են Ստեփանակերտը ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ։ Խրախուսելի է համարվում այն հանգամանքը, որ համանախագահները կրկին պնդում են խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը։ Եվ վերջապես կարևոր ու դրական տեղաշարժ է, որ միջնորդները չեն հավատացել ադրբեջանական քարոզչությանը, թե իբր ԼՂՀ հարակից տարածքներում իշխանությունները խրախուսում են թմրանյութերի աճեցմանը, միջուկային թափոններ են կուտակվում և նմանատիպ այլ հորինվածներ:
Կարճատև սպասումից հետո համարյա միաժամանակ իրենց պաշտոնական դիրքորոշումներն արտահայտեցին Երևանի ու Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Հայաստանի ԱԳՆ-ն գրավոր մեկնաբանություն տարածեց` ընդհանուր առմամբ չհակադրվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի սկզբունքային կետերին: Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ ասվում էր. «Ակնկալում ենք նաև, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արևելյան մաս, ինչպես նաև Շահումյանի շրջան ու համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»: Այս պահանջ-առաջարկը լավագույն ապացույցն էր այն բանի, որ Երևանում այնուամենայնիվ բավարարված չէին միջնորդների միակողմանի մոտեցումից և կփորձեն վերականգնել հավասարակշռությունը:
Ադրբեջանն իր հերթին զեկույցը ընթերցեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Այդ երկրի ԱԳՆ-ի կողմից տարածած պաշտոնական հայտարարությունում աջակցության ջերմ խոսքեր էին հասցեագրված Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ վերջիններս, ըստ Բաքվի, կոչ էին արել «հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը կարող է ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաեւ մշակութային բնույթի փոփոխությունների հանգեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»:
Եթե որևէ փաստաթուղթ տարընթերցումների առիթ է տալիս, դա արդեն լավ փաստաթուղթ որակվել չի կարող: Եվ բացի այդ, այնքան էլ հասկանալի չէ, թե ի վերջո այս և համանման բոլոր զեկույցներն ինչո՞վ են նպաստելու Ղարաբաղյան հարցի հանգուցալուծմանը: Անցած 20 տարիների ընթացքում ահռելի քանակությամբ էջեր են գրվել, կարծիքներ ու դիտարկումներ են թղթին հանձնվել, սակայն դրանք նույնիսկ աննշան չափով հարցը տեղից չեն շարժել ու որևէ կերպ չեն նպաստել կողմերի հաշտեցմանը:
Իսկ այս ընթացքում արդեն մեկ այլ կառույց` Միջազգային ճգնաժամային խմբը (ՄՃԽ) շտապեց տեղեկացնել, թե իրենք պատրաստվում են մի քանի զեկույց պատրաստել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանցից մեկի թեման լինելու է շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը, երկրորդ զեկույցում ՄՃԽ-ն նախատեսում է ուղիներ առաջարկել լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի առաջընթացի համար, երրորդ զեկույցը նվիրված է լինելու Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, նրանց քաղաքական, տնտեսական ու սոցիալական պայմաններին: Եվ ուրեմն առաջիկայում բանավիճելու, անիմաստ ջուր ծեծելու բազում առիթներ են սպասվում բոլորիս:

Հովիկ Չարխչյան

ՀԵՌԱԽՈՍԸ

29 Մրտ

(դրամա ցանկացած թվով գործողությամբ)

Ա.- Ալո, բարև ձեզ:
Բ.- Բարև ձեզ:
Ա.- Սահակը տա՞նն է:
Բ.- Այստեղ Սահակ չկա:
Ա.- Ինչպե՞ս թե չկա, երբ ինձ նրա համարն են ասել:
Բ.- Ուրեմն սխալվել են:
Ա.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Բ.- Չգիտեմ, դա ձեր գործն է:
Ա.- Ինչպե՞ս թե` իմ գործն է: Հիմա ես ինչպե՞ս գտնեմ Սահակին:
Բ.- Գտեք` ինչպես կուզեք:
Ա.-Դե իհարկե, եթե բոլորն էլ ձեզ պես մտածեն…
Բ.- Իսկ ի՞նչ կհրամայեք անել:
Ա.- Ես ոչինչ չեմ հրամայում: Ես Սահակին եմ ուզում:
Բ.- Ուրեմն փնտրեք ճիշտ համարը:
Ա.- Ինչու՞ փնտրեմ, եթե ինձ արդեն ասել են:
Բ.- Քաղաքացի, դուք ի՞նչ է, չլինի՞ ծաղրում եք:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես պարզապես շատ կարևոր գործ ունեմ:
Բ.- Ուրեմն զբաղվեք ձեր գործով:
Ա.- Առանց Սահակի չեմ կարող:
Բ.- Խնդրեք մեկ ուրիշին, թող օգնի:
Ա.- Ու՞մ դիմեմ: Դուք, օրինակ, կօգնեի՞ք:
Բ.- Դե եթե անհրաժեշտ լիներ… Իսկ ի՞նչ է պետք անել:
Ա.- Ուզում եմ Սահակին գտնել:
Բ.- Բայց ախր ես ոչ մի Սահակ չեմ ճանաչում:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ են ձեր համարն ինձ տվել:
Բ.- Ես ի՞նչ գիտեմ: Սխալմունք է, պատահականություն:
Ա.- Առաջներում երբեք նման բան չի եղել:
Բ.- Ոչինչ, ամեն բան առաջին անգամից է սկսում:
Ա.- Միայն չփորձեք ինձ մխիթարել:
Բ.- Իսկ ես չեմ էլ փորձում:
Ա.- Իզուր: Կարելի էր ավելի մեծահոգի լինել:
Բ.- Եվ դուք դեռ բողոքու՞մ եք ինձնից, որ ձեզ հենց սկզբից գրողի ծոցը չուղարկեցի…
Ա.- Մի կոպտեք:
Բ.- Իսկ դուք մի չարաշահեք համբերությունս:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես մարդ եմ փնտրում:
Բ.- Նա այստեղ չէ:
Ա.- Իսկ ու՞ր է:
Բ.- Չեմ ասի:
Ա.- Ինչպես թե` չեք ասի:
Բ.- Հենց այդպես: Գաղտնիք է:
Ա.- Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս գիտեք նրա տեղը:
Բ.- Դե իհարկե: Ես միակն եմ, որին նա տեղեկացնում է այդ մասին:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ հենց սկզբից չասացիք:
Բ.- Իսկ ես պարտավոր չեմ ամեն պատահական զանգահարողի տեղեկություններ հաղորդել:
Ա.- Ես պատահական մեկը չեմ:
Բ.- Դա դեռ հարց է:
Ա.- Ի՞նչ է, ինձ չե՞ք հավատում:
Բ.- Իհարկե ոչ:
Ա.- Ինչու՞:
Բ.- Պատճառներ ունեմ:
Ա.- Ի՞նչ պատճառներ:
Բ.- Հիմնավոր:
Ա.- Բայց ես չվստահելու առիթ չեմ տվել:
Բ.- Տվել եք:
Ա.- Ե՞րբ:
Բ.- Քիչ առաջ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իզուր: Բայց ոչինչ, վաղը Սահակն ինքը կհիշեցնի:
Ա.- Չեմ հասկանում, դուք ի՞նչ եք ուզում ինձնից:
Բ.- Ախ, դուք չեք հասկանում… Ոչինչ, դրա ժամանակն էլ կգա:
Ա.- Սատանան տանի, ես այս ու՞ր եմ զանգահարել:
Բ.- Ինչպես թե` ուր: Սահակենց բնակարանը:
Ա.- Ի՞նչ Սահակ:
Բ.- Նա, որին փնտրում եք:
Ա.- Ես ոչ մի Սահակ էլ չեմ փնտրում:
Բ.- Այդ դեպքում ինչու՞ եք զանգահարել այստեղ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իսկ ո՞վ պետք է հիշի:
Ա.- Չգիտեմ: Դուք, օրինակ, հիշու՞մ եք:
Բ.- Հիշում եմ: Ձեզ Սահակն էր պետք:
Ա.- Իսկ հիմա պետք չի:
Բ.- Ինչպե՞ս թե: Չէ՞ որ կարևոր գործ ունեիք:
Ա.- Դա իմ պրոբլեմն է: Քիչ առաջ ունեի, հիմա չունեմ:
Բ.- Ուրեմն Սահակին էլ չե՞ք ուզում:
Ա.- Մի՞թե հասկանալի չէ: Ոչ:
Բ.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Ա.- Ի՞նչ պիտի անեք: Ցած դրեք խոսափողը: Առանց այդ էլ կես ժամ է զբաղեցնում եք ինձ:
Բ.- Ե՞ս եմ զբաղեցնում…
Ա.- Իհարկե: Եվ այլևս չփորձեք պարապ հարցերով ինձ անհանգստացնել…
(Ցած է դնում խոսփողը)

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: