Պահոց | 3:54 ե.

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

31 Մրտ

ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ

— Պատկերացնում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ եք սպասում տեսնելու խեղճին,- ասաց զոքանչը` աճապարանքով ուղեկցելով տղամարդուն այն սենյակը, ուր պառկած էր նրա մահացած կինը:
— Ահա տեսեք, թե ինչ է արել նրան մահը,- ասաց նա և ուզեց հանգուցյալի դեմքից ետ գցել սպիտակ ծածկոցը:
Բայց փեսան անսպասելիորեն կանգնեցրեց նրան.
— Սպասեք մի րոպե: Ես կուզենայի նայել նրան առանց կողմնակի անձանց: Չի՞ կարելի արդյոք ինձ նրա հետ մենակ թողնել:
Նրա խոսքերը փոքր-ինչ տարօրինակ տպավորություն գործեցին սենյակում հավաքված ազգականների վրա: Բոլորը լուռ դուրս եկան` իրենց ետևից փակելով սյոձիները:
Նա ետ քաշեց սպիտակ ծածկոցը:
Տառապանքը սառել էր մահացած կնոջ դեմքին: Ցամաքած այտերը փոս էին ընկել, և կիսաբաց բերանից դուրս էին ցցվել դեղնած ատամները: Վերին կոպերը ծխախոտաթղթի պես բարակ ու թափանցիկ, թվում էին կպած ակնախնձորներին: Ճակատի ուռած երակները վկայում էին նրա կրած տանջանքների մասին:
Վախենալով շարժվել` ամուսինը երկար ժամանակ նստած նայում էր մահացած կնոջ տգեղ ու տանջահար դեմքին: Հետո նա վեր կացավ, մոտեցավ հանգուցյալին ու դողացող ձեռքերով փորձեց միացնել ծնոտները: Բայց հենց որ նա ձեռքերը հեռացրեց, հանգուցյալի ատամները նորից բացվեցին: Տղամարդը նորից սեղմեց կնոջ բերանը, բայց նրա շրթունքները կրկին դանդաղ բացվեցին` մերկացնելով դուրս ցցված այլանդակ ատամները: Նա այդպես արեց մի քանի անգամ, բայց ապարդյուն: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ հանգուցյալի բերնի շուրջը գոյացած խոշոր ու վշտալի ծալքերը դարձան ավելի մեղմ ու նուրբ:
Նա զգաց, որ իր մատները թեժացան, ասես նրա մարմնի ամբողջ ջերմությունը կուտակել էին իրենց մեջ, և սկսեց եռանդուն կերպով տրորել կնոջ ճակատի խոր կնճիռներն ու ուռած երակները: Նա այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ ափերն սկսեցին այրվել: Հետո նորից նստեց հանգուցյալի կողքին ու նայեց նրա դեմքին, որը նրա ձեռքերի ջերմությունից կարծես մի տեսակ թարմացավ` դարձավ ավելի հանգիստ, խաղաղ ու բարի:
Այդ ընթացքում սենյակ մտան հանգուցյալի մայրն ու կրտսեր քույրը:
— Դուք հավանաբար ճանապարհից հոգնած կլինեք: Ձեզ հարկավոր է ճաշել ու հանգստանալ:
Բայց հանկարծ զոքանչն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել և կերկերուն ձայնով ասաց.
— Աստված իմ, ինչպիսի ուժ կա մարդու հոգում: Խեղճ աղջիկն այնպես չէր ուզում մեռնել, սպասում էր Ձեր վերադարձին: Ձեր մեկ հայացքն էլ բավական էր, որ նրա դեմքը դառնար հանգիստ ու քնքուշ: Դե լավ… թողեք խեղճը խաղաղ ննջի:
Հանգուցյալի կրտսեր քույրը իր անասելի հիասքանչ, լուսաշող աչքերով նայեց փեսայի փոքր-ինչ խելագար աչքերի մեջ և, բարձրաձայն հեկեկալով, ծնկի եկավ:

Թարգմ.` Ե. Հայրապետյանի

ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ԿՏԱԿԸ

31 Մրտ

«Բոլորին
Այն բանի համար, որ մեռնում եմ, չմեղադրեք ոչ ոքի և խնդրում եմ, մի բամբասեք: Հանգուցյալն այդ բանը սոսկալի չէր սիրում:
Մայրիկ, քույրեր և ընկերներ, ներեցեք- սա ձև չէ (ուրիշներին խորհուրդ չեմ տալիս), բայց ելք չունեմ: Լիլիա- սիրիր ինձ:
Ընկեր կառավարություն, իմ ընտանիքը` Լիլիա Բրիկ, մայրս, քույրերս և Վերոնիկա Վիտոլդովնա Պոլոնսկայան: Եթե դու տանելի կյանք ապահովես նրանց համար- շնորհակալություն:
Սկսած բանաստեղծությունները հանձնեք Բրիկներին, նրանք կհասկանան:
Ինչպես ասում են, «ինցիդենտը սպառված է»,
Սիրո նավակը
բախվեց կենցղին:
Կյանքի հետ հաշիվս մաքրել եմ,
էլ չթվարկեմ
Փոխադարձ ցավեր,
փորձանք դառնաղի:
Լավ մնացեք:
Վլադիմիր Մայակովսկի
12.4. 30 թ.

Ընկեր Վապպականներ, ինձ փոքրոգի չհամարեք: Լուրջ- ոչինչ չես անի:
Ողջույն:
Երմիլովին ասացեք, որ ցավում եմ- հանեց լոզունգը, պետք էր դեռ կռվել:
Գրասեղանիս մեջ 2000 ռուբլի կա- հարկը վճարեք: Մնացածը վերցրեք Պետհրատից:
ՎՄ»:

Թշնամին չկրակել չի կարող

31 Մրտ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ստիպված էր խոստովանել, որ իր լավատեսությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրում որոշակի առաջընթացի հասնելու իմաստով, արժանացավ նույն ֆիասկոյին, ինչը բաժին էր ընկել նրա նախորդներին: Նույնիսկ առաջին հայացքից ոչ մի բարդություն չներկայացնող հարցում նա ի վերջո հաստատեց, որ ինքը երկկողմանի մերժումի է արժանացել: Խոսքն այն մասին է, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը հրաժարվեցին դիպուկահարների հետքաշման առաջարկից: Ու թեև մինչև վերջ էլ Աժուբալիսը շարունակում էր համառել, որ «նմանօրինակ առաջարկները վստահության փոքրիկ քայլեր են», սակայն ԵԱՀԿ գործող նախագահը վատ գիտի այդ վտահության ձեռքբերման գինը:
Վերջինս դեռ Բաքվում մարտի 14-ին հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմի ամրապնդման ու փոխվստահության բարձրացման ուղղությամբ` նշելով, թե շփման գծում արձանագրված միջադեպերը հաստատում են իր այն համոզմունքը, որ «կողմերը պետք է դուրս բերեն դիպուկահարներին շփման գծից»: «Կողմերից և ոչ մեկը շահող դուրս չի գա ստեղծված իրավիճակում`ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով»,-հայտարարել էր ԵԱՀԿ գործող նախագահը:
Այս դեպքում Աժուբալիսն ուղղակի պարավոր էր իմանալ, որ կես տարի առաջ Ադրբեջանը բառացիորեն հայտարարել էր այն մասին, որ դիպուկահարների հետքաշումը իր խորին համոզմամբ չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Նման ձևակերպումը ոչ մի դեպքում չի կարող երկիմաստ դիտվել և պիտի նշանակի հետևյալը` մեզ հրադադար պետք չէ, մեզ սահմանային անվտանգություն պետք չէ և խաղաղությունը չի բխում մեր շահերից: Հենց այսպիսի պատասխանի էլ անցյալ տարվա սեպտեմբերին արժանացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մեծ հույսեր էր կապում բարի կամքի հետ:
Իսկ ի՞նչ արեց Աժուբալիսը: Նախորդներից դասեր քաղելու փոխարեն նա որոշեց, որ կարելի է շրջանցել համառին և ողջ ջանքերը կենտրոնացնել անհամեմատ ավելի բարյացկամ կողմի զգացմունքների վրա: Եվ մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա Հայաստանին առաջարկեց միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից: «Եկեք դիպուկահարներին հեռացնենք շփման գծից, եկեք ստեղծենք 24 ժամ գործող թեժ գիծ: Կարծում եմ, որ եթե այս միջոցառումներն իրականացվեն, կօգնեն կրճատել լարվածությունը»,- իր դերի մեր էր գործող նախագահը: Սակայն Երևանում այնքան էլ հակված չէին տուրք տալու պոռթկումներին: Հրադադարը լավ բան է, սակայն ինչու՞ միակողմանի և ինչու՞ այդ միակ կողմը պիտի դառնա հենց Հայաստանը, որը կարծես թե սահմանային գոտում իրեն շատ ավելի զուսպ է դրսևորում, քան հակառակորդը:
Եվ եթե ԱԳ նախարար Նալբանդյանի պատասխանը առավելագույնս կոռեկտ էր ու դիվանագիտական ( «Ես կցանկանայի հիշեցնել, որ վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը պաշտպանել են»), ապա շիտակ ուղղախոսությունը բաժին ընկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ով Աժուբալիսին պատասխանեց այս կերպ. «Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանը արդեն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և նման իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեր առաջարկությունը ընդունել»:
Մերժվածների շարքերը համալրեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր մարտի կեսերին եկան տարածաշրջան, փորձեցին կրկին բարձրացնել դիպուկահարների խնդիրը, սակայն վերադարձան ձեռնունայն ու իրենց խորը ափսոսանքն արտահայտեցին համատեղ հայտարարության տեքստում:
Այդ ընթացքում քաղաքական շրջանակներում բուռն քննարկումներ էին ծավալվել միջնորդների պահվածքի և նրանց տրված պատասխանի նպատակահարմարության շուրջ: Մի հարցում բոլոր կողմերը միակարծիք էին` առաջարկությունը պետք էր ուղղել հակամարտող երկու թևերին, այլ ոչ թե միայն մեկին, որն այդ դեպքում հայտնվում էր ակամա մեղավորի դերում: Շատերը նկատեցին այն փաստը, որ, չգիտես ինչու, լռությամբ շրջանցվեց ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ կապված միջադեպը, երբ վերջինս հերթական դիտարկումն էր անցկացնում սահմանին, և այդ ժամանակ ադրբեջանցի դիպուկահարները կրակ բացեցին նրա ուղղությամբ: Այդ կրակոցները մեծ հաշվով ուղղված էին ոչ թե ներկայացուցչի, այլ հենց Աուդրոնյուս Աժուբալիսի դեմ ու տալիս էին նրան հուզող հարցերի ամենալիարժեք պատասխանը:
Հայկական կողմը բազմաթիվ առիթներով է առաջարկել հայ-ադրբեջանական շփման գծից հեռացնել դիպուկահարներին: Հայաստանն առաջինն էր, որ խոսում էր գործուն մեխանիզմների մշակման մասին, իսկ երբ ծնվեց սահմանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հետաքննություն անցկացնելու գաղափարը, դարձյալ հայերը հայտարարեցին, թե այդ հետաքննության ամենաշոշափելի արդյունքը կլինի այն, եթե Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո շփման գծից դուրս բերի իր դիպուկահարներին:
Այդ ամենը չեղավ: Սակայն եղավ ու կատարվում է մեկ այլ բան: Դեռևս այս տարվա հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն իր զինված ուժերի համար դիպուկահարներ պատրաստելու նպատակով ձեռք է բերել ռուսական մարզագույք ու զինամթերք, և սկսել է լայնածավալ դասընթացներն այդ ուղղությամբ: Մի երկիր, ով սահմանային սպանությունների համակարգ է մշակում, նրա հետ անիմաստ է խոսել բարի կամքի մասին: Զուգահեռաբար տեղին պիտի դիտվի տարակուսանքն այն փաստի առթիվ, որ այդ նպատակի համար անհրաժեշտ պարագաները նա ձեռք է բերում մեկ այլ երկրից, որը միջնորդ կողմ է ու պնդում է, թե հակված է սահմանին հաստատել խաղաղություն ու բացառել անմեղ մարդկանց մահվան դեպքերը:
Ըստ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ամփոփագրերի, անցած տարվա համեմատ այս տարի ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն ավելացել է 30-40 տոկոսով: Ադրբեջանական կողմը այս տարվա առաջին երկու ամիսներին դիպուկահար կրակ է բացել 192 անգամ, հայկական կողմը՝ 21 անգամ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

31 Մրտ

Մի գիշեր, բավականին վատ եղանակով, կարծեմ Բարեկենդանի չքնաղ օրերից մեկն էր, բեռնավորված հրացաններով` գնում էինք հեռու թաղերից մեկը, հասարակ տեղափոխություն էր: Պատահական կերպով անցա ամերիկյան որբանոցի առաջից , և հանկարծ, լսեցի եվրոպական մի երգի ձայն, որ երգում էր մի խումբ, հավանորեն կանայք, դաշնամուրի ներդաշնակությամբ: Հատկապես տեղս մեխվեցի և մի քանի վայրկյան ականջ էի դնում երգի ելևէջին: Մեջս ծնեցին տխուր-տխուր մտքեր: Մտածում էի, որ այս եվրոպացիները հանուն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ եկել են մեր երկիրը և մեր թշվառության վրա մի բուրժուական երջանկություն հիմնել և դրանով իրենց մարդկայնական պարտականությունը կատարած են համարում, իսկ որբանոցից մի քանի քայլ անդին, հազար գյուղեր ու քաղաքի թաղեր, մերկ ու անոթի, հեկեկում են. նրանք էլ թշվառության երգն են մրմնջում… Բայց ինչո՞ւ մեր թշվառության վրա եվրոպացիների` իրենց համար հիմնած երջանկությունը մենք մարդասիրություն ենք համարում… Մտքերի ասոցիացիան հեռու-հեռու տարավ ինձ: Վերջը խորին համոզմունքով բացականչեցին. «Երանի թե այս ծով դժբախտության վայրում այս մի հատիկ օվասիսն էլ չլիներ»: Օվասիս, որ խաբուսիկ ու օդային է: Կարծես եվրոպական երգի մեղեդիները դիսոնանս էին համատարած երգի ալիքների մեջ…
Ախ, երանի այն օրերին, երբ որբանոցները և նման բուրժուական հիմնարկությունները կդադարեն օվասիս լինելուց, և այս դժբախտ երկրի ժողովուրդները կկարողանան իրեն կուլտուրական հանճարով և տնտեսական արդար վաստակով ստեղծել ամբողջ երկրի համար, բոլոր հասարակությունների և ժողովուրդների համար մի ավելի ալտրուիստ ու ռադիկալ ձգտումներով օվասիս…

ՆԻԿՈԼԱՅ ՌԵՐԻԽ

31 Մրտ

Այժմ միայն քչերը չեն գիտակցում, որ երկրի ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական ողջ բարեկեցությունը կախված է երեխաների գիտակցության մեջ դրվող հիմքերից, բայց և այնպես այդ ուղղությամբ ոչինչ չի արվում:
Խայտառակություն է, երբ որևէ երկրի ուսուցիչները գտնվում են կարիքի և ծայրահեղ չքավորության մեջ: Ամոթ նրանց, ովքեր գիտեն, որ իրենց երեխաներին ուսուցանում է չքավոր մարդ: Ապագա սերնդի ուսուցիչների մասին հոգ չտանելը ոչ միայն խայտառակություն է, այլև ժողովրդի տգիտության նշան: Կարելի՞ է արդյոք երեխային վստահել ընկճված մարդուն` չիմանալով, որ ճնշված հոգին խանդավառություն չի առաջացնի: Կարելի՞ է արդյոք ուսուցչությունը համարել չնչին զբաղմունք: Կարելի՞ է արդյոք հուսալ երեխաների հոգու լուսավորության, եթե դպրոցը պետք է լինի նվաստացման և վիրավորանքների տեղ: Կարելի՞ է արդյոք սրտի կրակներ ակնկալել, երբ հոգին լռում է: Ասում եմ, կրկնում եմ, որ ժողովուրդը, մոռանալով ուսուցչին, մոռացել է իր ապագան:
Բաց չթողենք ժամը, որպեսզի միտքը մղենք դեպի ապագայի բերկրանքը: Բայց հոգանք, որ ուսուցիչը լինի երկրի ամենաարժեքավոր դեմքը: Գալիս է ժամանակը, երբ հոգին պետք է կրթվի և ուրախանա ճշմարիտ իմացությամբ: Կրակը շեմին է…

ԽՓՎՈՒՄ ԵՔ, ՏՂԵՐՔ…

31 Մրտ

Գիշերն է դառնում ջաղացքարի պես,
Աղում քաղաքի տաղտուկն անհոգի,
Խաբեբան ուրախ իր դուռն է կողպել,
Վաշխառուն քնել բարձերին փողի…
Պանդոկներ կան, որ բաց են մինչև լույս
Մեղավոր սիրո ու հացի դեմ զեխ-
Սրանից հեռու, սրանից հեռու
Խփվում եք, տղերք:

Երեկ էլ, ավաղ, մեռնողը մեռնում,
Ապրողն ապրում էր,- օրենք է անարգ,-
Խավարին ընդդեմ միշտ լույսն է ելնում,
Մարդկանց աշխարհում չկա այլ հնարք:
Սակայն երեկ էլ, և վաղն էլ հացը
Հաց է կոչվելու, մղեղը` մղեղ…
Դուք եք լցնում մեր երազի քաղցը
Ու զոհվում, տղերք:

Պտտվում է մեր անիվը համառ`
Արնոտ ճռինչով խավարում կարծր,
Հրվելով հրում դեպի հաջորդ դար
Մեր արմենոիդ վարքը փայփայած:
Դուք եք տանողը: Մնացածներս
Ճառ ենք, տեսիլք ենք, նինջ ենք ու տարերք,
Դուք մեզ էլ հաղթած, մեր թշնամուն էլ`
Խփվում եք, տղերք:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

%d bloggers like this: