Պահոց | 1:23 ե.

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

9 Մրտ

Մի գյուղացի ուզում է իր կովը մորթել, բայց դե ձեռքը չի գնում: Ստիպված վեր է կենում, կանգնում է փողոցում, որ հարմար մեկին գտնի, կանչի, իր մորթն անի: Կանգնում է: Մեկ էլ տեսնում է` վռազ-վռազ մեկը գալիս է: Մոտենում է, թե` ախպեր ջան, կով ունեմ, ուզում եմ մորթել, բայց սիրտս չի տանում, չե՞ս օգնի: Էս անցորդն էլ թե` այ բարեկամ, բա ափսոս չի՞ խեղճ կենդանին, որ մորթում ես: Վաղը-մյուս օրը կաթ կտա, կաթից մածուն կքամես, պանիր ու կարագ կառնես, իսկ մորթելը միշտ էլ կա: Արի մտքիցդ հանի…
Ասում է ու գնում:
Գյուղացին մի քիչ էլ է կանգնում: Մեկ ուրիշն է գալիս: Մոտ է գնում, թե` ախպերս, չե՞ս օգնի կովս մորթենք: Սա էլ նախորդի պես վրա է տալիս, թե ո՞նց կարելի է էդ անմեղ անասունի լույսը խավարեցնել, աշխարհը` լեն ու բոլ մի դաշտ, մի տեղ կապիր, թող խոտն արածի, իր բարիքը տա, համ դու կլիանաս, համ էլ ինքը կապրի:
Ասում ու շարունակում է ճամփան:
Խեղճ գյուղացին էլի մի քանիսին է խնդրում ու նույն երգն է լսում: Վերջը, իրիկվան մոտիկ, տեսնում է` դիմացից մեկը գալիս է: Հույսը կտրած մոտենում է, թե ախպեր ջան…
Էս անցորդը հենց մորթելու անուն է լսում, դանակն առնում, ներս է մտնում, որ կովին գետնովը տա, հանկարծ գյուղացին վրա է ընկնում, թե` այ անաստված, էս ի՞նչ ես անում, բա իմ կարագը, կաթն ու պանիրը…
Շվարած մարդը նայում է սրան, նայում է կովին ու տարակուսած թողնում-գնում է:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կենդանիներն էլ իրենց ճակատագրի շրջադարձերն ունեն:

Հովիկ Չարխչյան

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

9 Մրտ

Դուրսը՝ թախծի հեղեղ,
ներսս՝ անհուն թախիծ.-
մեկը մի բան երգեր
աստվածային Բախից:
Գոնե մի բան լիներ,
լույսի մի ճառագայթ,
որ այդ թախծի ծովում
դառնար ինձ առագաստ:
Թե ոչ՝ ուզում եմ ես
անվերադարձ, անհետք,
տխուր կոհակվելով
հանդերի մեջ ցրվել.-
երևի թե մայրս
աչք է եղել նրբին,
որ ես այսքան մաքուր
արտասուք եմ ծնվել:

Հայաստանի լատվիական օրագիրը

9 Մրտ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Սարգսյանը հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի ու վարչապետի հետ: Դրանցից բացի, Հայաստանի ղեկավարը Ռիգայում կմասնակցի հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս սեղմ արարողակարգը, որը համարյա անփոփոխ է նմանատիպ բոլոր ուղևորությունների դեպքում, ոչինչ չի կարող մեզ հուշել այն մասին, թե հայկական պատվիրակությունն ի՞նչ ակնկալիքներով է մեկնում մերձբալթյան մի երկիր, որի առնչությունները մեր հանրապետության հետ խիստ ընդհանուր են, եթե չասենք` համեստ: Վերջին մի քանի տարիների ընթացքում կողմերը որոշակի ջանքեր գործադրեցին կապերը սերտացնելու ուղղությամբ, սակայն ձեռքբերումները առանձին փոխայցելություններից ու խոստումներից այն կողմ չանցան: Միակ քիչ թե շատ շոշափելի և տեսանելի քայլը պետք է համարել Լատվիայի կառուցողական ու նպաստավոր պահվածը Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում աջակցություն ցուցաբերել ուղղությամբ: Լատիշները ասում են նաև, թե պատրաստ են մեզ հետ կիսելու ԵՄ-ում իրենց մեկ տասնամյակից ավելի կենսագրություն ունեցող փորձը, սակայն սա փոքր-ինչ վիճահարույց և խոցելի փորձ է: Չմոռանանք, որ առ այսօր Լատվիան համարվում է Եվրամիության ամենաաղքատ երկիրը, և ԵՄ անդամ երկրներում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենացածր մակարդակը գրանցվել է հենց այնտեղ:
Փոխարենը, օգտվելով ձայնի հավասար իրավունքից, Ռիգան հնարավորություն ունի որոշակի դրական մթնոլորտ ձևավորել մեզ համար: Հատկապես նրանք էին, որ ոչ հեռու անցյալում պնդում էին, թե ժամանակն է, որպեսզի ԵՄ-ը փոխի իր դիրքորոշումն արևելյան երկրների նկատմամբ ու զարգացնի հարաբերությունները Հարավային Կովկասի հետ: Այս տեսակետը լսելի դարձավ` հանձին «Արևելյան գործընկերություն» ծրագրի, ինչը, ըստ լատվիացի քաղաքագետների, կխորացնի քաղաքական երկխոսությունը ԵՄ անդամ երկրների ու «Գործընկերության» մասնակիցների միջև: Նույն Լատվիան էր, որ մեզ խորհուրդ էր տալիս ուժից վեր բեռ չառնել ուսերին ու չափազանց շատ խնդիրներ չստանձնել, այլ, որպես նախագծի մասնակից երկիր, առայժմ երկու նպատակ հետապնդել` ԵՄ երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցում ու ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքում:
Քաղաքական դաշտի առավել խրթին հատվածներում այս պատկերը համարյա փոփոխության չի ենթարկվում: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցերում Լատվիայի վերաբերմունքը եղել է եթե ոչ խիստ բարեկամական, ապա նվազագույնը չեզոք ու հավասարակշռված: Մասնավորապես այդ երկիրն առաջիններից մեկն էր, որ ժամանակին ողջունեց հայ-թուրքական մերձեցումը` կարծիք հայտնելով, որ նման շփումները իրենցից ներկայացնում են ոչ միայն տարածաշրջանային, այլ գլոբալ կարևորություն: Նույն կերպ Հայաստանը միշտ էլ բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի խնդրում Լատվիայի կառուցողական մոտեցումը: Ռիգայում բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով ու միջազգային համընդհանուր ճանաչում գտած սկզբունքների պահպանմամբ:
Ցավոք, տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ նախադրյալներ չկան գոնե այդ նվազագույն լավատեսական պատկերը ձևավորելու համար: Շատ անգամներ են փորձեր արվել երկու երկրների իրական հնարավորությունների բացահայտման և գործարարների միջև կապերի աշխուժացման համատեքստում հասնել որոշակի արդյունքների: Գեղեցիկ, հուսադրող և տպավորիչ նախագծեր են կազմվել շինարարության, զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման ուղղությունների վերաբերյալ: Սակայն մինչ այժմ այդ ցանկությունների առյուծի բաժինը մնում է սոսկ թղթերի վրա: 2009-ի դեկտեմբերին Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստան-Լատվիա գործարար համաժողովը, որին մասնակցելու էին եկել շուրջ երեք տասնյակ ազդեցիկ լատիշ ձեռնարկատերեր: Այժմ մեկ այլ հայ-լատվիական գործարար համաժողով պատրաստվում է իր աշխատանքները սկսել Ռիգայում: Միայն թե փոքր է հավանականությունը, որ այս կարգի հանդիպումներով կարելի է էապես խթանել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Թերևս անհրաժեշություն կա պատճառները որոնել ոչ թե հանդիպումների հաճախականության մեջ, այլ բոլորովին ուրիշ դաշտում, և առաջին հերթին մտածել այն մասին, թե ինչպես կարելի է երկիրը և շուկան հրապուրիչ դարձնել օտարերկրացի ներդրողների ու գործարարների համար:
Լատվիայի հայ համայնքի հետ ծրագրված հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը դարձյալ ստիպված կլինի առնչվել ոչ այնքան հաճելի իրականության հետ: Ճիշտ է, հայերի թիվն այստեղ մեծ չէ, ընդամենը մի քանի հազար մարդ, սակայն կա ընդգծված ակտիվություն, որը օգնության կարիք է զգում: Չմոռանանք, որ բոլորովին վերջերս երկու հայեր էին առաջադրվել տեղի խորհրդարանական ընտրություններում, իսկ գործող հայկական միությունները մտադիր են ակտիվացնել իրենց համագործակցությունը Սեյմում Հայաստանի աջակցության խմբի հետ, որպեսզի Լատվիայի խորհրդարանը ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Բայց ահա նույն այդ համայնքն արդեն հինգերորդ տարին է, որ զրկվել է հայկական կիրակնօրյա դպրոցից: Չեն գործում նաև հայերենի ուսուցման արագացված դասընթացները մեծահասակների համար: Մինչդեռ դրանց վերաբացումը Ռիգայի Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն կից առանձնապես ահռելի միջոցներ ու ջանքեր չի պահանջի, համենայն դեպս կլինի ավելի քիչ, քան Սփյուռքի նախարարի արտասահմանյան ուղևորությունների վրա վատնվող միջոցները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: