Պահոց | 10:24 ե.

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

8 Մրտ

«ՉԱՐԵՆՑԻ ԿՐԱԿՈՑԸ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

8 Մրտ

Սերը միակ կիրքն է, որ չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա: Այն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները: Մենք մարդ ենք համարում միայն նրան, ում հոգին սիրո մեջ հոգեկան հաճույքի մասին երազում է նույնքան, որքան և մարմնական բավականության մասին: Սիրո մեջ բազմազանության որոնումը անզորության նշան է: Սերը զարմանալի դրամանենգ է, որը ոչ միայն մշտապես ոսկի է դարձնում պղնձադրամը, այլև հաճախ ոսկին է վերածում պղնձադրամի:
Սերն այնքան վատ է տանում առտնին ճղճիմությունները, որ հաստատուն երջանկության համար հարկավոր է միմյանց մոտ գտնել բացառիկ հատկություններ: Ամուսնական կյանքը բաղկացած է ոչ միայն բավականություններից, որոնք ընտանեկան կյանքում նույնքան անցողիկ են, որքան և կյանքում ընդհանրապես,- այն ենթադրում է ընդհանուր հակումներ, փոխադարձ կրքոտ տենչ, բնավորությունների նմանություն` ահա թե ինչն է հասարակությանն անհրաժեշտ այդ կարգը վերածում մշտնջենական պրոբլեմի:
Տարեց հասակում սերը վերածվում է արատի: Գեղեցիկ սեռի նկատմամբ անտարբերությունը ծեր հասակում պատիժ է այն բանի համար, որ երիտասարդ ժամանակ չափից դուրս կարողացել է դուր գալ:

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

8 Մրտ

ԱՇՆԱՆ ՕՐ

Տեր, ժամանակն է արդեն: Ամառը շատ երկարեց:
Ստվերներով քո ծածկիր ժամացույցներն արևի
Եվ քամիներ արձակիր դաշտերի մեջ տապահեղձ:
Հրամայիր, որ վեջին պտուղները ուռճանան
Եվ, Տեր, բաշխիր դու նրանց երկու տաք օր հարավի
Եվ, Տեր, քամիր մինչև վերջ թանձրության մեջ տաք գինու
Նրանց հասուն միջուկի հուսկ կաթիլը քաղցրության:

Նա, ով չունի տուն հիմա, էլ ուրիշը չի շինի,
Նա, ով մենակ է հիմա, այդպես մենակ կմնա.
Կզարթնի ու կկարդա և նամակներ կգրի
Եվ ծառուղով անհանգիստ ետ ու առաջ կքայլի,
Երբ տերևները դանդաղ նրա շուրջը մահանան:

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ՍՈՒԳԸ

8 Մրտ

Մի տուն մի օր մի սուտ բանից փուլ եկավ: Տանտերը նստեց, որ սուգ անի, մեկ էլ մի մարդ եկավ, թե` մի ողբա, մի ճար կանենք: Ու գնաց: Տանտիրոջ սիրտը տեղն ընկավ, մի աչք դառավ, ճամփեն պահեց: Մի տարի անցավ` ոչ մի լուր չառավ: Նստեց, որ մի կարգին սուգ անի, մեկ էլ տեսավ` էն նույն մարդը հրեն մեկին էլ առած գալիս է: Եկան, հասան, բարև տվին, հետո էլ թփթփացրին տանտիրոջ ուսին, թե` անհոգ մնա, մի բան որ ասել ենք, ուրեմն մի բան կանենք, ձեռքներս հո քարի տա՞կ չի: Մի-մի բաժակ էլ բան խմեցին ու գնացին: Սրանք գնացին, տանտերն էլի մենակ մնաց: Սպասեց-սպասեց, ոչ մի լուր չառավ, սուգ անելը եկավ: Այն է` ուզում էր նստել, ողբը կապել, մեկ էլ տեսավ մի անծանոթ մարդ է գալիս: Սա եկավ, շուրջը նայեց, թե.
— Էս ի՞նչ է, տունդ փու՞լ է եկել:
— Հա:
— Դե որ հա, արի մի ճար անենք, ոտքի հանենք:
Ասաց, գնաց: Գանաց` չեկավ: Սա որ չեկավ, տանտերն էլի իր տեղն արեց, նստեց, որ… Մեկ էլ տեսավ հեռվից… Սա էլ գնաց: Գնաց չեկավ… Այսպիսի բաներ:
Իսկ այս պատմությունը եկավ ասելու, որ սուգը էսօր-էգուց չեն գցի:

Հովիկ Չարխչյան