Պահոց | 3:12 ե.

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

27 Մրտ

ԻՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Սալվադոր Դալիս, հռոմեական ու առաքելական կաթոլիկս և հոգով միապետականս համեստությամբ ու ցնծությամբ հավաստում եմ, որ ժամանակակից ստեղծագործող երիտասարդության ողջ եռանդը խտանում է միակ առաքինության` բուրժուական մշակույթին հակադրվելու շուրջը:
Ամենագեղեցիկ և ամենախոր մշակութային հեղափոխությունները տեղի են ունեցել առանց բարիկադների: Ընդվզող մոլեգնությունը շիկացնում է միտքը, որ տարածության ու ժամանակի միակ տերն է: Պեղումները այն իսկական հակաբարիկադներն են, որոնք անցյալին հնարավորություն են ընձեռում ապագայի մեջ շրջագայելու. անտիկ շրջանի քանդակագործության վերագտնումով 16-րդ դարում իրականացվեց արդարացիորեն Վերածնունդ կոչված մշակութային հեղափոխությունը: Համանման ամեն մշակութային հեղափոխություն պիտի հանգի նոր ոճի հարաբերակցության: Վերածննդի գագաթնակետը դարձած Լյուդովիկոս 14-րդի ոճը փլուզվեց մի հեղափոխությամբ, որը բուրժուազիային պիտի տար նվաստացուցիչ իշխանություն: Բանվորների համար նախատեսված Լըդուլի գնդաձև ճարտարապետությունը քնարական, ցնորական ու խաղացկուն քաղաքի տեսիլքի մեջ պիտի լքվեր թերահավատ, բանական ու գործնական բուրժուաների կողմից:
Այս նոր հեղափոխության ես ընծայաբերում եմ այն ամենը, ինչ ունեմ, այսինքն իմ խելացնորական-քննադատական մեթոդը, որն ինձ թվում է, բացառապես հարմարեցված է առկա իրադարձությունների բարեբախտաբար իռացիոնալ բնույթին: Այդ մեթոդի լույսի ներքո ինձ թույլ եմ տալիս անել հետևյալ դիտողությունները:

ԳՈՒՅՆԸ
Արդի մշակութային հեղափոխությունների գույնը ոչ թե կարմիրն է, այլ օդ, երկինք, հասունություն հիշեցնող մեղեսագույնը: Դա աշխարհի դարաշրջիկ փոփոխությանը համապատասխանող գույնն է: Ջրհոսի դարաշրջանը, որ ավարտվելու է առաջիկա հազարամյակում, կտեսնի արյունոտ բռնությունների վերացումը: Ներկայումս մենք արդեն սպանել ենք Ձուկը («Աստված մեռել է»), և նրա արյունը գունավորում է կապույտ ծովը` ալիքներին հաղորդելով մեղեսիկի գույն:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Բուրժուական մշակույթը կարող է փոփվել լոկ ուղղահայացորեն: Մշակույթը կարելի է ապաբուրժուականացնել միայն այդ հասարակությունը ապապրոլետարականացնելով, մտածողությունը կողմնորոշելով դեպի բարձրը, ուղղելով դեպի իր օրինական, կատարյալ, աստվածային նախասկիզբը: Հարկ է, որ ի հայտ գա մտքի արիստոկրատիա: Մարդ-թագավորը կարող է իր պալատում հանդուրժել միայն մտքի իշխաններին:
Գործնականում կարելի է հաշվառել բուրժուական մշակույթի հուշարձանները: Ոչ թե քանդել, այլ նոր իմաստ ներդնել դրանց մեջ, փոփոխել նրանց նշանակությունը: Օրինակ, Ավգուստ Կոնտի հուշարձանի տակ ավելացնել մասնատուփ նրա սուրբ Կլոթիլդի, ըստ պոզիտիվիստական զառանցանքի, մարդկության տիրուհու համար: Այդ մասնատուփը կարող է լինել հելիումով լի մեղեսիկե մի օրորոց, որի մեջ հերթով կօրորվեն ամենագեղեցիկ ու մերկ աղջիկները ձմեռային քնի վիճակում` ի մռայլ հաճույք ուսանող-դիտորդների և ի հանգիստ նրանց խստորեն ու գիտականորեն վերահսկվող պատրանքածին փորձերի:
Նույն ձևով առաջարկում եմ որոշ քաղաքների հուշարձանները զարդարել զենք ու զրահ կրող դերասաններով, որոնք Պակո Ռաբանի նման ընդունակ են տոնել Ջրհոսի հազարամյակի գալուստը:

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիբիդոյի որոշ քանակություն ներարկել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաճույքային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածել հասարակական բթության նախարարության` չզրկվելու համար այն ամենից, ինչն արդեն ստեղծվել է: Դրա մեջ ներառնել ֆոլկլորային գովելի պոռնկությունը, բայց դրան ավելացնել լիբիդային և հոգևոր ուժեղ էներգիա: Այսպիսով այդ գերձանձրույթի օջախը ձևափոխել իսկական տարփածին գոտու` ծախու սիրո առաջին օրենսգետ սուրբ Լուիի հովանավորությամբ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտությունների կիբեռնետիկական հանձնաժողովների ակտիվացում` մատերիալիզմին զոհ գնացած մեծ մտքերի վերածննդի ու փառաբանման համար: Օրինակ, Ռեմոն Լուլլի համակցված անիվները, Ռայմունդո Սեբոնդի բնական Աստվածաբանությունը, Պարացելսի աշխատությունը, Գաուդիի միջերկրական գոթականությամբ ներշնչված ճարտարապետությունը, Ֆրանչեսկո Պյուժոլի հիպարքսիոլոգիան, Ռեմոն Ռուսելի հակաժյուլվեռնյան բանաստեղծականությունը, ավանդական միստիկ մտածողության տեսաբաններին, բոլոր ճշմարիտ ներշնչվածներին: Չպղծել նրանց անարդար գերեզմանները: Հանել գերեզմանից և վերստին թաղել, բայց Նիկոլա Լըդուի պատկերացրած ֆուտուրիստների ամենաշքեղ դամբարաններից մեկում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, ուր տեղի է ունենում մշակութային հեղափոխությունը, պիտի ծաղկի երևակայությունը:
Փարիզ, շաբաթ, 18 մայիսի, 1968 թ.
Սալվադոր Դալի:

ՓՈՒՆԵ ՆԵԴԱՅԻ

27 Մրտ

ՄԻԱՅՆ ՄԱՅՐՍ

Չգիտեմ ի՞նչ օր է այսօր:
Մայրս ասում է` շաբաթ,
Բայց չեմ հավատում.
Հարց եմ տալիս անցորդներին,
— Կիրակի,- պատասխանում են,
Դարձյալ չեմ հավատում.
Հանդիպում եմ սիրեկանիս,
Նրան եմ հարցնում,
— Կիրակի,-պատասխանում է,
Հավատում եմ ես նրան:
Ուրեմն, ես կորցրել եմ մի ամբողջ օր,
Ասես քնով եմ անցել:
Միայն մայրս,
Մայրս չուզեց խելագարվեմ…

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

ՀՈՂՄԵՐՆ ՈՒ ՈՂՈՐՄԵԼԻՆ

27 Մրտ
Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ իրավիճակային ցնցումների, հանգամանքների «բարենպաստ» ընթացքի կամ անհատական արկածախնդրության շնորհիվ տեսանելի բարձունքներում են հայտնվել մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ունեցել են խիստ համեստ ընդունակություններ ու կասկածելի հեղինակություն: Եվ միայն ամենազոր ժամանակն է, որ դեռ ի զորու է եղել սրբագրել պատեհապաշտության սայթաքումները, տարանջատել արժեքն անարժեքից, վերջին դարձնել երեկվա առաջինը։ Այդ երևույթն իր առավել ցցուն արտահայտությունն է գտնում հատկապես քաղաքական կյանքում և գրական միջավայրում: Իսկ դրսևորման վայրի նմանօրինակ ընտրությունը բացատրվում է սոսկ այն հանգամանքով, որ այս ոլորտներում են առավելագույնս բացահայտվում մարդու անհատական ես-ի ճշմարիտ նկարագիրը, նրա հավակնությունների ու մտասևեռումների իրական սահմանը։
Հայ գրականության մեջ ասվածի ամենատիպիկ ու ամենավառ ներկայացուցիչներից է եղել Հակոբ Հակոբյանը (1866-1935 թթ): Չարենցի դիպուկ բնորոշմամբ` բանաստեղծ դարձած այդ «մեծ հաշվապահը» մի օր հանկարծ հռչակվեց պրոլետարական գրականության հիմանդիր ու նահապետ, նրա գործերին դասագրքային արժեք վերագրվեց, մեծարումների ու փառաբանումների ալիքն այնպիսի ծայրահեղ արտահայտումներ ունեցավ, որ այն խառնակ օրերին քիչ չէին նրանք, ովքեր Ազատ Վշունու ոգով Հակոբյանի մասին կարող էին ասել.
«Մի Դանթե՞ կամ թե Պուշկի՞ն ես դու,-
Չէ, իմ ընկեր
Ավելի ուժգին ես դու…»:
Սակայն դա մոլորության ընդամենը մի երեսն էր: Հաջորդը պիտի լիներ այն, որ նորահայտ «ուժգինը» ինքն էլ հավատաց և խորապես ներշնչվեց այն համոզմամբ, թե իրոք, սեփական գրիչը համաշխարհային դասականներին գերազանցող արվեստ էր արարում, իսկ այդ արարչագործությունը պիտի փոխհատուցվեր ըստ արժանվույն: Նման անձնահաճության ներքո էլ Հակոբյանն ապրեց իր կյանքի մնացյալ տարիները` դրանց ուղեկից հետևանքներով։
Հայաստանի ազգային արխիվում պահպանվել է Հ. Հակոբյանի ոչ այնքան գրագետ մի նամակը` հասցեագրված այն տարիներին ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին: Բացի այն, որ այս վավերագիրն իր բովանդակությամբ և ոճով չափազանց հատկանշական է տվյալ ժամանակաշրջանի ու գրական միջավայրի ոգուն, սրա հետ մեկտեղ այն մի իսկական հայելի է Հակոբյանի մարդկային էությունն իր ողջ զավեշտականությամբ ու մոլորություններով արտացոլված տեսնելու համար։ Նամականը միևնույն ժամանակ վկայությունն է այն բանի, թե մարտնչող միջակությունն իր նպատակին հասնելու ինչպիսի զարտուղիներ, այլոց վաստակի նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի քամահրանք կարող է որդեգրել։
«Մեր Վերհարենը,- նայիր, հրեն- Քաշում է փառքը իր պարանով»,- հերթական անգամ Հակոբյանին պիտի հեգներ Չարենցը: Իսկ թե ինչպես էր իր փառքը քաշում Հակոբյանը` համոզվեք ինքներդ` ընթերցելով ստորև ներկայացվող նամակը, որ մեջբերվում է ամբողջությամբ:

«15. 10. 25
Թիֆլիս 1
Թանկագին ընկեր Ասքանազ Մռավյան,
Անհամբեր սպասում եմ, թե ե՞րբ պիտի գրես, որ գամ Երևան լիակատար ժողովածուիս հրատարակման մասին բանակցելու:
Ես վախենում եմ, թե իմ «Ստեփան Շահումյանը որպես գրական քննադատ» հոդվածիս պատճառով, ուր, ինչպես քեզ հայտնի է, շոշափվում է Բախշի Իշխանյանի2 չունեցած «պատիվը»- նրա հոգևոր լակոտները խանգարեցին ժողովածուի լույս տեսնելը:
Եվ սակայն ինչպես քանիցս գրել եմ, ոչ միայն հերթական պահանջ ու անհրաժեշտություն է այդ, այլև Զակկրայկոմին3 կից հոբելյանական հանձնաժողովի որորշումն` վավերացրած կուսակցական բարձրագույն օրգանի (ЗККОМ-ի) կողմից:
Ոչ ոք ինձ այնպես չի վիրավորած, որքան Խ. Հայաստանի մի քանի նախկին սպեցիֆիկ պատասխանատու աշխատավորները, որոնց ձեռքումն է այժմ գտնվում և մուրճը, և զնդանը, և փողը, և իրավունքը այդ փողի գործադրման, սկսած հանգուցյալ Մյասնիկյանից4, վերջացած նրա աջ թև համարյալ Աշոտ Հովհաննիսյանից5:
Այդ նորակոչ, իրենց «հին» համարող ընկերները հրատարակեցին Վահան Տերյան զտարյուն սպեցիֆիկի լիակատար ժողովածուն` ծախսելով 10 հազարներ, հոնորարներ տալով հանգուցյալի կնոջ և նրա հրատարակող- խմբագիր Պ. Մակինցյանին6, բայց որոշումն իմ ժողովածուի մասին հայտարարած` զլացան ի կատար ածել կամ գոնե հերթական համարել:
Ո՞ւմ էր պետք չորս մեծ հատորները «այդ աշնան թախծի», «աշնան տերևաթափի» և «մեռնող հոգու» հեծեծանքները… Արթնացո՞ղ, դասակարգային կռվի ելած բանվորությա՞ն, թե՞ սոցիալիստական կարգերը հիմնադրող այսօրվա շինարար բանվորագյուղացիության: Ի՞նչ կարող են տալ այսօր և վաղը մեր աշխատանքի հերոսներին, հեղափոխության կամ սոցիալիստական շենքի կառուցողներին Վահան Տերյանի ողբերը, հեծեծանքները, վշտերը և նման ապրումները…
— Ոգևորությո՞ւն, հրահրո՞ւմն, խթանու՞մն մեր միջին և ստորին աշխատավորական մասսաներին մասնակցել ընդհանուր կռվին բոլոր ֆրոնտներո՞ւմ:
Կամ` Հովհ. Թումանյանի լիակատար ժողովածուն, որի համար հատկացված է մոտ չորս տասնյակ հազար ռուբլի նույն Պողոս Մակինցյանի հորդորներով և անմիջական մասնակցության…
Ինձ թվում է, որ մեր արթնացող գյուղը կամ մեր սովետական գյուղացիությունը և բանվորությունը այսօր կարոտ ու ծարավի չի Հովհ. Թումանյանի գործերին: Եվ սակայն նա հրատարակվում է 2-րդ հերթին:
Ոչ պակաս խնամք ու նյութական աջակցություն են ցուցադրում հիշյալ մեկենաս- սպեցիֆիկները իրենց ինտելիգենտական տենչերի պոետ լեֆիստ- ֆուտուրիստ, եթե կուզես` անգամ երես առած ֆաշիստ Եղ. Չարենցին` հրատարակման օժանդակություն տալով նրա «Ռոմանս անսեր»-ներին, «Ասպետական» ու «Երկիր-նաիրյան»-ներին «կոնքի», «մեզի» և «նստուկների» պոետին` պրոլետարական անունը շռայլելով:
Ես ուղղակի մնացել եմ զարմացած, թե որքան նահանջներ ենք թույլատրում մեզ գրականության մեջ, փոխարեն աճում- նվաճումների…
Եթե այն, ինչ կատարվում է այսօր, տեղի ունենար փառավոր անցյալում, բոլշևիզմի փառավոր տրադիցիաների օրոք, ամեն մեկը իրավունք կունենար դավաճան անվանելու մեզ, ինչպես մենք էինք և ենք անվանում մենշևիկներին:
Դու կարող ես համաձայն չլինել իմ կարծիքներիս մի քանի կետերի հետ, բայց հոգուդ խորքում, որպես հին կուսակցական, որպես բոլշևիզմի տրադիցիաների պաշտպան և նրա դրոշի տակ գործողներից մինը` չես կարող հերքել, չհամակրել:
Վերջ տանք այս բոլոր խոսակցություններին և միանգամից մոտենանք հարցին:
Ես պահանջում եմ և իրավունք ունեմ պահանջելու Խորհրդ. Հայաստանի ղեկավարությունից, որ նրանք հրատարակեն իրենց ավագագույն պրոլետ պոետ Հակոբ Հակոբյանին` դրա համար չխնայելով նյութական անհրաժեշտ միջոցներ, ինչպես չխնայեցին այնպիսի վերը հիշածս հեղինակների համար, որոնց կարելի էր հետաձգել:
Բայց չհետաձգեցին, որովհետև պաշտպաններ և խնամիներ ունեցան, մեջի մարդիկ- մեկենասներ…
Ես քեզ խոստանում եմ այս հարցը վերջնականապես դնել այն կոմիսսիայում, ուր որոշման է սպասում իմ լիակատար ժողովածուիս հրապարակումը:
Ես այլևս սպասել չեմ կարող. գարնանը խոստանալ աշնան համար, աշնանը` գարունքի ձգել… Իսկ ով գիտի, գուցե մինչև գարունքը սիրտս պայթի հիվանդությունից, և ես իմ սրտի մուրազը հետս տանեմ գերեզման:
Ես շատ եմ խնդրում այս նամակաբերով վերջապես ինձ հայտնես` տպվելու՞ է ժողովածուս այդտեղ, այս տարի, թե՞ նա ինչ-ինչ հաշիվներից դրդված հետաձգվելու է նորից:
Եթե Խ. Հայաստանը չի կամենում հին բոլշևիկ կոմմունիստ պոետի գործերը երևան հանելու` ի՞նչ է մտածում այդ ավագ բոլշևիկ պոետի подполь- ընկեր Ա. Մռավյանը7…
Բոլշևիկ պոետը շատ լավ գիտի, որ բոլշևիկ ընկեր Մռավյանը մեծ տակտիկայի և համբերության մարդ է. տասը չափող` մին կտրող: Բայց բոլշևիկ պոետը այլևս, 1923 թվից- ուղիղ երկու տարի- չի կարող սպասել, թե երբ կբարեհաջի հոգու ներսում ատող Աշոտ Հովհաննիսյանը հին բոլշևիկի գործերին ուշադրություն դարձնել:
Ես այլևս չեմ կամենում ծաղրանքի առարկա դառնալ… Ես խնդրում եմ պարզ խոսել. ճշմարիտն երեսիս ասել և ինձ հույս ու խոստումներով չկերակրել… Կամենու՞մ եք խոստումներդ կատարել, մանավանդ Աշոտը, որ ձեռքը կրծքին տանելով` մի քանի շաբաթ սրանից առաջ խոստացավ իր ձայնը տալ հօգուտ լիակատար ժողովածուիս:
Ծաղրանք եմ համարում այդ լռությունը նրա համար, որ որոշակի ձեր ծանրակշիռ խոսքին կարոտ մնացի, մեկ` ու երկրորդ էլ` անկարող ինքս իմ գլխի ճարն անել այն միջոցներով, քանի շունչս բերանումս է:
Ոչ դուք եք մի հույսատեղի առիթ դառնում և ոչ ինձ եք ազատում, որ կարողանամ դիմել մի ուրիշ աղբյուրի, որի հաջողությանը չեմ կասկածում, որովհետև չէ՞ որ Վրաստանը ինձ պակաս չի սիրում Հայաստանի ժողովրդական մասսաներից:
Մյուս տարի մայիսի 29-ին լրանում է իմ ծննդյան 60 տարին և թող պատմությունը մի անգամ էլ թքի հայ սպեցիֆիկների երեսին, ասելով` Ամոթ ! Հ. Հակոբյանին հրատարակեցին վրացիները, կամ ռուսները, իսկ հայերը` ոչ: Նրանք կարողացան գնահատել «կոնքի ու մեզի» պոետին, «երազներ թքող», «Նոսկեների նստուկները»8 նկարող հիվանդներին, սիֆիլիտիկ կանանց երգող- սիրողին, բայց պրոլետ պոեզիայի հիմնադրին Հայաստանում` Հակոբ Հակոբյանին` ոչ:
Կամ Վահան Տերյաններին ու նմաններին:
Բոլորովին էլ չեմ վշտանա, եթե մարդ [ անընթեռն.] վեր կենաք ինձ գրեք, թե թող հույս չունենամ լիակատար ժողովոծուիս երես տեսնել Հայաստանում, հայաստանցիների կողմից, Հայաստանի տպարանում տպված…
Թող այդպես լինի, միայն թե լսեմ որոշում, լսեմ կենդանի խոսք, թեկուզ նա մեռելաթաղի նոտաներով լինի հնչելիս…
Տպվում է, թե ոչ! Ե՞րբ ու էլի երբ: Մտադիր եմ, եթե հրավիրի տեղական ասոցիացիան (պրոլետ-գրողների) անցնեմ Հայաստան9 և հավատացած եղիր, ընկեր Ասքանազ, որ եթե պատահենք էլ` թոբա թե մի խոսք հարուցանեմ ժողովածուիս տպել- չտպվելու մասին, միայն թե մինչև այդտեղ գալս նեղություն քաշես նամակաբերովս մի վճռական պատասխան տալ ինձ, որ ես էլ իմ անելիքն անեմ: Լռությունը համարում եմ շատ անքաղաքավարի ձևով մերժումի տեղ: Մերժում եք, մերժեք նամակով:
Կոմողջույններով` Հակոբ Հակոբյան»:

Պետք է ասել, որ ի պատիվ Հայաստանի այն օրերի պատասխանատուների, Հակոբյանի բացահայտ շանտաժը որևէ ազդեցություն չունեցավ: Լիակատար ժողովածուն չտպագրվեց ոչ այդ, ոչ էլ հաջորդ տարի: Նա ստիպված էր կրկին Թիֆլիսում լույս ընծայել բանաստեղծությունների իր գրքույկը: Փոխարենը Երևանում մեկը մյուսի ետևից հրատարակվեցին Տերյանի, Թումանյանի, Շիրվանզադեի, Դեմիրճյանի, Պարոնյանի, Նար-Դոսի հատորները: Իսկ Հ. Հակոբյանի քառահատոր երկերի ժողովածուն Երևանում սկսեցին տպագրել միայն… 30 տարի անց, երբ ուրիշ էր ժամանակը և ուրիշ էին մարդիկ։
Առաջներում և հետո շատերն են իրենց սրամիտ էպիգրամներով ու ասույթներով ձաղկել Հակոբյանին, սակայն դրանցից ամենահիշարժանը դարձյալ մնում է Չարենցի «Գրական նահապետին» վերնագրով երկտողը, որն իր սեղմ բովանդակության մեջ ամփոփում էր հարաբերությունների ամբողջ ողբերգությունն ու զավեշտը.
«Սանձել է ուզում հողմերին
Այս… ողորմելին»:

1. Նամակի առաջին էջի գլխամասում հեղինակի ձեռքով գրված է. «Վերջին նամակս ժողովածուիս առթիվ: Հ. Հ.»:
2. Զակկրայկոմ- Անդրկովկասի երկրամասային կոմիտե
3. Բախշի Իշխանյան- Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության հիմնադիրներից, դրա այսպես կոչված «սպեցիֆիկ» անջատողական թևի ներկայացուցիչ:
4. Ալեքսանդր Մյասնիկյան- (1886- 1925), հայ պետական գործիչ, Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին նախագահը, զոհվել է ինքնաթիռային աղետից 1925 թ. մարտի 22-ին։
5. Աշոտ Հովհաննիսյան (1887-1972), պատմաբան, պետական և կուսակցական գործիչ:
6. Պողոս Մակինցյան- (1884- 1938), հայ գրականագետ, հրապարակախոս, պետական գործիչ, 1920-ականներին դիվանագիտական աշխատանքով գործուղված էր Եվրոպա։
7. Подполь- ընդհատակ (ռուս.)
8. Նոսկե- Գուստավ Նոսկե (1868- 1946), Գերմանիայի ռազմական մինիստր, աջ սոցիալիստ: Ակնարկում է Չարենցի «Տիրապետողների կամքը» ստեղծագործությունը, որտեղ հիշատակված է այս անունը:
9. 1925 թ. նոյեմբերի 4-ին Հ. Հակոբյանը մասնակցել է Հայաստանի պրոլետ գրողների ասոցիացիայի առաջին համագումարին, հանդես է եկել բացման և եզրափակիչ ելույթներով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: