Պահոց | 3:34 ե.

ՌԱԼՖ ԷՄԵՐՍՈՆ

4 Մրտ

Քաղաքակրթության իսկական ցուցանիշը ոչ թե հարստությունն ու կրթության մակարդակն են, ոչ թե քաղաքների մեծությունը կամ բերքի առատությունը, այլ երկրի կողմից դաստիարակվող մարդու կերպարը: Կամքի տեր մարդիկ այն հասարակության խիղճն են, որին նրանք պատկանում են: Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա նրա մեջ: Ոգու ուրախությունը նրա ուժի նշանն է: Ոչ մի մեծ գործ երբեք ձեռք չի բերվում առանց խանդավառության: Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է սխրանքների այնպիսի մոլեգնություն, ինչին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ: Բարի գործի համար պարգևը հենց այն կատարելու մեջ է: Սակայն մարդիկ երբեմն կարծում են, թե իրենց արատներն ու առաքինությունները դրսևորվում են միայն իրենց արարքներում` չնկատելով, որ թե արատը, թե առաքինությունը ամեն պահ իրենց մասին զգալ են տալիս իրենց շնչով:
Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը իմաստության անդավաճան հատկանիշն է: Ոչ մի բան աչքի չի ընկնում այնպիսի պարզությամբ, ինչպես մեծությունը: Լինել պարզ` հենց նշանակում է լինել մեծ: Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են իր վրա: Նա նրանցից ավելի շահագրգռված է բացահայտելու իր թերությունները: Իսկական իմաստունին միշտ կարող եք ճանաչել այն բանով, որ բոլոր բթամիտները նրա երևալուն պես դավադրություն են սարքում նրա դեմ:

ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

4 Մրտ

ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՊԱՏՄՎԱԾՔԸ

Սկսեմ կինոյից, որքան էլ տարօրինակ է:
Հանուն գեղագիտական հաճույքի արվեստագետի կողմից ստեղծված յուրաքանչյուր պատկերում կա գույների, գծերի, լույսերի, շարժման ներդաշնակություն: Գլխավորը` շարժման: Մեռած արվեստ չի լինում: Իսկ շարժումը չի լինում կողը ծուռ, թեք, քանզի դա արդեն ոչ թե շարժում է, այլ փլուզում ընթացքի մեջ:
Կինո: Պատկերը մի փոքր կոպիտ է, քանի որ այնտեղ առկա է հոգեկան խանգարմունքը մասսայական ընկալման մեջ: Բնավ միևնույն բանը չէ, երբ դահլիճում նստած են տասը մարդ կամ հինգ հարյուրը: Սակայն ոչ մեկին դա չի ահաբեկում: Մարդը կինո է գնում և հաճույքով տրվում է այդ տիրական արվեստի հափշտակիչ ուժին, և իրեն մասնակիցն է զգում ինչ-որ մասսայական «ծիկրակումի», և նրան ամենևին չի խանգարում հարևանը, որը կողքին արտասվում է կամ ծիծաղում: Նրանք նույնիսկ հարազատանում են նրանից, որ մեկտեղ են ապրում միևնույն բանը:
Բայց ահա` անխախտելի օրենք: Հենց որ ֆիլմում սկսվում է դուրս նետվել նրա ինչ-որ մի բաղկացուցիչ մասը, հենց որ հայտնաբերվում է, որ տեսարանը շարժում է ծախսել, մի կողմ է ծռվել կամ դոփել է տեղում, կինոն միանգամից կորցնում է իր մոգական ուժն ու սկսում է զայրացնել: Զայրացնում է կեղծ նշանակությունը, հերոսների բնավորության բացակայությունը, նրանց տխուր անզորությունը դահլիճում նստածների առաջ, սուտը, հնարովի հոգեբանությունը իրավիճակների առանձնասենյակներում,- ամեն բան, ինչը կյանք չէ իր սրընթաց, անշրջելի շարժմամբ: Այնպիսի զգացողություն է առաջանում, ասես քո ներկայությամբ ծեծում են ինչ-որ թույլի, իսկ դու կապկպված ես գոտիներով: Եվ դառն է, և ցավալի, և ամոթալի:
Արվեստի ստեղծագործություններում ամեն բան իր տեղում է, ամեն բան չափավոր և կարծես նույնիսկ մի փոքր քիչ: Ամեն անգամ, երբ ես սկսում եմ դիտել «Չապաևը», ես կարծես թե սկսում եմ վազել (ուղղակի մինչև զգայախաբություն): Եվ զարմանալիորեն հաճույք եմ զգում այդ արբեցուցիչ զգացմունքից: Եվ ամեն անգամ, երբ ֆիլմը մոտենում է ավարտին, ես տխրությամբ պարզում եմ, որ վազել եմ չափազանց արագ, երջանկությունը ավարտվել է, իմ շարժումն ընդհատվել է:
Իսկ հիմա պատմվածքի մասին:
Բոլորովին տարբեր երևույթներ են կինոն ու պատմվածքը: Իսկ օրենքները, որոնցով առաջնորդվում են լավ ֆիլմերն ու պատմվածքը, նույնն են: Լավ պատմվածքում ինձ դուր է գալիս գործնականությունը, մտազգաստությունը: Քանզի ի՞նչ բան է, ըստ իս, պատմվածքը: Քայլում էր մարդը փողոցով, տեսավ իր ծանոթին ու պատմեց, օրինակ, այն մասին, թե ինչպես հենց նոր անկյունում սալահատակի վրա մի պառավ թրմփաց, իսկ ինչ-որ մի լողլող բեռնասայլորդ հռհռաց: Իսկ հետո նույն պահին էլ ամաչեց իր հիմար ծիծաղի համար, մոտեցավ, բարձրացրեց պառավին: Դեռ մի հայացք էլ նետեց փողոցին,- հո ոչ ոք չի՞ տեսել, թե ինչպես ինքը ծիծաղեց: Ահա և ամբողջը: «Գնում էի հենց նոր փողոցով,- սկսում է պատմել մարդը,- տեսնեմ` գալիս է մի պառավ: Սահեց` թրըմփ: Իսկ ինչ-որ լողլող… հռհռում է»: Այսպես երևի նա պիտի պատմի: Իսկ եթե նա սկսի այսպես. «Ես արթնացա այսօր մի տեսակ ճնշված վիճակում: Գիշերն ինչ-որ մղձավանջներ էի տենում երազում, ինչ-որ գազաններ…»- «Խմե՞լ ես երեկ»,- հետաքրքրվում է պատմողի ծանոթը: Ի՞նչ պիտի նա պատասխանի: «Ես նրան պառավի մասին եմ ասում, իսկ նա ինձ խմելու: Ի՞նչ գործ ունեմ այստեղ ես: Պառավը անկյունում ընկավ»: Դե ի՞նչ, այսպե՞ս: Թե՞ ոնց: Ամենավատն այն է, երբ ահա այսպիսի հարց է ծագում. դու ինչի՞ մասին ես ասում: Չգիտես ինչու, երբ ոմն գրող-ասացող նստում է գրելու «պառավի» մասին, նա, անշուշտ, կպատմի, թե ով է նա եղել մինչև տասնյոթ թիվը: Իսկ ընթերցողին առանց դրա էլ պարզ է` աղջնակ կամ երիտասարդ կին: Կամ նա երկու էջով կպատմի, թե ինչպես այն օրը, երբ ընկավ պառավը, եղել է գեղեցիկ առավոտ: Իսկ եթե նա ասի. «Առավոտը գեղեցիկ էր, տաք: Աշուն էր», ընթերցողը հավանաբար կհիշի իր կյանքում այդպիսի առավոտ` տաք, աշնանային: Չէ՞որ թերևս չի կարելի գրել, եթե նկատի չունենաս, որ ընթերցողն ինքը էլ շատ բան «կհորինի» մինչև վերջ:
Տվյալ դեպքում ես խոսում եմ ոչ թե երկարաբանության մասին, որը կարող է չլինել երկարաբանություն, այլ նորից այն նույն շարժման օրենքի մասին: Պատմվածը նույնպես պետք է հրապուրի ընթերցողին, նրա հոգում ծնի երջանիկ զգացումը կյանքի սլացքին հետամուտ լինելու կամ կյանքին համընթաց քայլելու հանդեպ, ինչպես կուզեք: Իսկ մեր կյանքի ռիթմը (20-րդ դար) բավականին աշխույժ է: Այստեղ քեզ հենց այդպես էլ կհարցնեն. «Դու ինչի՞ մասին ես ասում»: Ես չգիտեմ` ինչ բան է «հեռագրային ոճը», փոխարենը գիտեմ, թե ինչ բան է ձանձրալի պատմվածքը: Իսկ պիտի լինի հետաքրքիր, ահա և ամբողջը:
Եթե հանդիսասրահում նստած են հինգ հարյուր մարդ, նրանք իսկույն կնկատեն, որ ձանձրալի է: Պատմվածքի դեպքում դժվար է: Միշտ կգտնվի մեկը մի ակնթարթ տարակուսելու համար. «Գուցե ես չհասկացա՞»: Երբեմն իրոք չի հասկանում: Բայց, ըստ իս, հաճախ չի հասկացվում, որ գրողը (ասացողը) սովորական մարդ է, հենց նա, ով հանդիպեց փողոցում ծանոթին և ցանկացավ պատմել կյանքից այս կամ այն դեպքը: (Դա այլ բան է, թե ինչպիսի դեպք է նրան ապշեցրել): Ամեն բան պարզ է: Բայց հենց որ բանը հասնում է գրասեղանին կամ գրամեքենային, ամբողջը ընկնում է այն փոսը, որն անվանվում է «ստեղծագործական տառապանք»: Փնտրվում է սկիզբ, ավարտներ, հանգույցներ, հանգուցալուծումներ, կապեր… Կարելի է այսպես անել, իսկ կարելի է բոլորովին այլ կերպ: Բայց ինչպե՞ս կարելի է այդպես: Չէ՞ որ եթե պառավն ընկավ սալահատակին, չի նշանակում, որ նա կարող է պատմվածքում մի փոքր վերև թռչել: Ոչ լուսանկարչություն, ոչ նատուրալիզմ, ոչ կենցաղագրություն, ոչ գռեհկացում, բայց առօրյա կյանքի ճշմարտացի երևույթ. պառավն ընկնում է ներքև, այլ ոչ թե վերև: Վերևը յուրօրինակ է, այդպիսին դեռ չի եղել, բայց հորինված է: Սեղանի մոտ: «Ստեղծագործական տառապանքներում»: Իսկ հորինել պատմվածք դժվար է: Եվ գլխավորը` պետք չէ: Դե իսկ հեղինակային եզրահանգու՞մը: Իսկ վերաբերմու՞նքը: Իսկ հեղինակի ո՞ճը: Բայց ոչ ոք ոտնձգության փորձ չի էլ կատարում ոչ եզրահանգման, ոչ իմաստի, ոչ ոճի դեմ: Փորձեք առանց որևէ վերաբերմունքի պատմել ցանկացած պատմություն: Չի ստացվի: Իսկ եթե կստացվի առանց վերաբերմունքի, ապա դա նույնպես կլինի վերաբերմունք և դա նույնպես կգտնի մի ինչ-որ ձևակերպում, մի ինչ-որ «անտարբեր ռեալիզմ», քանիզի հայտնի է, որ նույնիսկ երկու լուսանկարիչ չեն կարող դրոշմել միևնույն առարկան միանման, էլ չենք խոսում գրողի մասին, որի տնօրինության տակ են կենդանի կյանքի բոլոր միջոցները: Այլ բան է, որ չկա գրող առանց բարու, չարի, գեղեցկության մասին անկեղծորեն տառապող խոհերով մարդու: Դա այդպես է: Այդ պատճառով էլ թերևս չի կարելի, որ գրող-ասացողը շեղվի իր կյանքի փորձից դեպի «մաքուր» կողմը: «Մաքուր» վարպետության կողմում հեշտ է խճճել հետքերը, թաքցնել, որ դու, ըստ էության, պատմելու ոչինչ չունես: Ու նորից պառավը կարող է վերև թռչել:
Վարպետությունը վարպետություն է, և այդ բանը ձեռքբերովի է: Ու եթե հանկարծ գրող-ասացողը ոչ միանգամից դարձրեց (ջանաց դարձնել) դա գլխավորն իր աշխատանքում, և եթե գլխավորը մնաց իր կյանքը, այն, ինչ նա տեսել ու մտապահել է, լավն ու վատը, իսկ վապետությունը հետո կմիջադրի դրան, կստացվի անկրկնելի մի գրող` իր նմանը չունեցող:
Ես երբեմն պատմվածք կարդալուց հետո հասկանում եմ, որ դա նրա համար է գրվել, որպեսզի պատմվածք գրվի: Եվ ուրախացել է մարդը, և տագնապել, և «բառ է փնտրել», և խնդրել է, որ բնակարանում լռություն լինի, իսկ ինչու՞: Պառավն ընկել է, իսկ նրա համար` թքած, նա արդեն մոռացել է, որ պառավն ընկել է, այստեղ արդեն գնացին` ղողանջող կաթոց, արևը միրաժի մեջ, ցրվող մշուշ: Եվ այս բոլորն` ինքն իր համար: Մինչդեռ ամբողջը պիտի ծառայեր պառավին, նրա «գործին», և դրա համար բնավ էլ շատ բան պետք չէր: Նա հո վայր ընկավ, խեղճը, իսկ զամբյուղով միգուցե ձվեր էր տանում և ջարդեց, իսկ տանը որդին ձվածեղին է սպասում, աշխատանքի է շտապում, սկանդալ կլինի…
Մարդկային գործը պիտի լինի պատմվածքի ուշադրության կենտրոնում: Սա վեպ չէ, տեղը քիչ է, ժամանակը քիչ է, ընթերցում են ոտքի վրա: Բացի դա, մարդկային գործը սեղանի առաջ չես հորինի: Իսկ երբ դրանք վերջապես արդեն ընկած են սեղանիդ որպես նյութ, այս դեպքում թերևս պետք է թրծվել արիությամբ և քշել ամեն բան, ինչը կարող է շեղել ընթերցողի ուշադրությունը այնտեղ եղած էակներից: Մարդկային գործերն էլ, եթե դրանք հնարովի չեն, հավերժ շարժման մեջ են, անընկալելի հավերժ վերակենդանացման մեջ: Եվ ստացվում է, որ լավն է այն պատմվածքը, որը հրաշքով պահպանել է այդ շարժումը, չի մեռցրել կյանքերը, այլ կարծես թե չվնասելով «վերապատվաստել է» այն մեր մարդկային գիտակցությանը:

ԿՐԱԿԸ

4 Մրտ

Սարի գլխից օր ու գիշեր բոց էր ելնում: Մարդիկ նայում ու գլուխ չէին հանում, թե ինչ հրաշք է: Ու մի օր էլ մեկն ասում է.
— Պիտի գնամ` տեսնեմ, թե այդ ի՞նչ գաղտնիք է:
Ելնում է ու գնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ոչ ոք նրան չի տեսնում:
Մարդկանց նորից համակում է անորոշությունը: Նայում են սարի կատարից ելնող կրակին ու ոչինչ չեն հասկանում: Վերջապես մեկը առաջ է գալիս, թե` հերիք է, ես եմ գնալու կրակի ակունքը գտնեմ: Էն գնալն է, որ գնում է: Այդ օրվանից ոչ ոք նրան չի տեսնում:
Անորոշությանը գումարվում է տագնապը: Կրակե լեզուները հեռվից այրում են հորիզոնը, և ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համբերությունը հատած մեկն էլ է ելնում, թե` բավական է, ինչքան հանդուրժեցինք, այս անգամ նրա վերջը կգա: Ասում ու ճամփա է ընկնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ետ չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կրակի հետ խաղ չեն անի:

Հովիկ Չարխչյան

Բանակցություն հանուն բանակցության

4 Մրտ

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մինչ այս պահը ըստ էության ոչ ոք հստակ չգիտե, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են ընթանալու նոր բանակցությունները: Հայտնի է միայն այն, որ հունվարին երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ օրակարգում եղած մի քանի հարցեր մնացել էին բաց, և այդ ժամանակ որոշում էր կայացվել դրանց քննարկումը շարունակել Սոչիում:
Նախաձեռնող կողմն այս ընթացքում հարկ է համարել տեղեկացնել, որ սպասվող հանդիպումը կորոշի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Պետք է նկատել, որ ճիշտ նույն ձևակերպումն էր գործածվում նախորդ տարի տեղի ունեցած բոլոր եռակողմ ձևաչափով հանդիպումների համար` և հունվարի 25-ին` Սոչիում, և հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում, և հոկտեմբերի 27-ին` Աստրախանում: Ու ինչպես այն ժամանակ էին ռուսները կարծում, որ այդ շփումները թույլ տվեցին մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ու նպաստեցին վստահության միջոցների ամրապնդմանը, այդպես էլ այժմ նրանք գտնում են, որ մարտի 5-ին կայանալիք հանդիպմանը նախագահները հնարավորություն կունենան վերլուծելու, թե ինչպես է ընթացել աշխատանքը գագաթաժողովների միջև ընկած ժամանակահատվածում և որոշելու ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծման տարբերակները:
Իսկ այս ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զանազան ենթադրություններ են հնչում հնարավոր արդյունքների և կամ դրանց բացառման մասին: Իբրև առավել նախընտրելի ձեռբերում, առաջին հերթին ասվում է, որ Սոչիում փորձ կլինի նվազեցնելու շփման գոտում սրվող լարվածությունը: Ոչ առանց հումորի, նկատում են նաև, թե նախորդ հանդիպումներից միակ տարբերությունը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը այս անգամ չի փախչի այնպես, ինչպես վարվել է մի քանի անգամ:
Հայաստանի իշխանությունները կարծում են, որ մարտի 5-ին կողմերը փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել և դրական տեղաշարժ է լինելու ԼՂ բանակցություններում: Դրա հետ մեկտեղ հարկ են համարում հիշեցնել, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ, այն է`պատրաստակամությունը բանակցելու 3 սկզբունքների շուրջ` ուժի չկիրառում, ժողովրդի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Մնալով այն կարծիքին, որ Սոչիում հազիվ թե որևէ հռչակագիր ստորագրվի, փոխարենը նրանք հակված են մտածելու, որ գոնե կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի շփման գծում հանդարտություն պահպանելու շուրջ, ինչը ևս նշանակալի առաջխաղացում կհամարվի:
Այս տեսակետները կիսում են նաև Ղարաբաղի իշխանությունները, սակայն որոշակի լրացումներով: Վերջիններս ընթացիկ տարում ստատուս քվոյի փոփոխության որևէ հիմք չեն տեսնում` ելնելով այն ակնհայտ իրողությունից, որ ներկա պահին չկա մի այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի հիմնարար փաստաթուղթ ստորագրել: Իսկ դա, ըստ Ստեփանակերտի, կարող է լինել միայն այն դեպքում, երբ բանակցային գործընթացին կմասնակցի ղարաբաղյան կողմը: Սրան պետք է հավելել նաև այն գլխավոր փաստարկը, ըստ որի կողմերի դիրքորոշումներում էական մերձեցում չի նկատվում: Եվ պատահական չէր, որ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այդ առթիվ իր դիտարկումները ներկայացնելիս առանձնակի շետադրությամբ ընդգծեց, թե ԼՂ հարցի միակ լուծումը կարող է լինել հակամարտող կողմերի կայացրած քաղաքական որոշումը:
Սոչիի հանդիպումն առավել ընդարձակ համատեքստում դիտարկելու կողմնակիցների համար վերստին բանավեճի նյութ է դառնում ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների խնդիրը: Այդ իսկ պատճառով էլ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եթե ներկա պարագայում Ռուսաստանի համար Ղարաբաղի հարցը իր աշխարհաքաղաքական շահերի հետ կապված խնդիրների լուծում է նախանշում` ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում, ապա Միացյալ Նահանգների համար այդ խնդիրն ունի ավելի գլոբալ նշանակություն: Սակայն այս տեսակետի պաշտպանները նաև չեն բացառում, որ որոշ փուլերում հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունների ներդաշնակեցում:
Գալով Ադրբեջանի պատրաստակամության աստիճանին, հարկ է նկատել, որ ինչպես շատ անգամներ, այս դեպքում նույնպես Ալիևը պատրաստվում է ուղևորվել Սոչի դատարկ թղթապանակով: Նրա որդեգրած մարտավարությունը վաղուց է հայտնի` խուսափել ամեն կարգի պատասխանատվությունից և բոլոր դեպքերում մատնացույց անել հարևանին: Այս կարգի «չեզոք» պահվածքի հակիրճ ձևակերպումն օրերս հրապարակեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման արդյունքները «կախված են Երևանից»: Փոխարենը շատ ավելի լավատես գտնվեցին Միլի մեջլիսի պատգամավորները, որոնց կարծիքով բացառված չԷ, որ կողմերը ընդհանուր հայտարարի կգան հակամարտության լուծման հարցում:
Առայժմ հստակ է հետևյալը. ինչ էլ կատարվի Սոչիում, և եթե նույնիսկ այնտեղ հրաշքով մի փաստաթուղթ ստորագրի, որով կողմերը կբացառեն ուժի կիրառումը, դարձյալ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր ռազաշունչ հայտարարությունների ոգուն: Եվ այդ դեպքում մեզ այլ բան չի մնում, քան ներկա պահին բավարարվել նվազագույնով ու կրկնել, որ գոնե բանակցությունների իմիտացիան նախընտրելի է դրանց բացակայությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Pacta sunt servanda

4 Մրտ

ԱԺ քառօրյայի ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները նախագահի կողմից սառեցված են և ԱԺ-ն նման լիազորություն չունի, որպեսզի այդ հարցը քննարկի: Այնուհետև Աբրահամյանը հավելեց.
-Կարելի է ասել, որ օրակարգում այդպիսի հարց չունենք:
Խորհրդարանում հարցը չկա: Իսկ խորհրդարանից դու՞րս: Պարզվում է` այստեղ պատկերը միանգամայն այլ է: Այն շարունակվում է նախկինի պես պարբերաբար արծարծվել, և հենց միայն այդ փաստը լավագույն վկայությունն է այն բանի, որ վիճաբանող կողմերը (որքան էլ կոշտ լինեն նրանց արձագանքները) չեն պատրաստվում վերջնականապես փակ պահել իրենց դռները գալիք հնարավորությունների առաջ: Այս իմաստով շատ դժվար պիտի լինի պարզ զուգադիպություն համարել այն փաստը, որ հիշյալ խնդրի շուրջ միաժամանակ տեսակետներ արտահայտեցին թե Հայաստանի և թե Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրա համար օգտագործեց ավստրիական Der Standard օրաթերթի ընձեռած հնարավորությունը: Այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները վերստին օրակարգ բերելու համար ինչպիսի՞ ճանապարհներ են առկա, արտգործնախարարը պատասխանեց. «Գոյություն ունի միայն մեկ ուղի, և ոչ թե մի քանիսը: Մենք ստորագրել ենք արձանագրությունները և մենք պետք է դրանք վավերացնենք ու իրականացնենք առանց որևէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի»,- ասաց նա: Նալբանդյանի հիշատակած լատիներեն ասույթը հայերեն թարգմանությամբ թերևս հնչի այսպես. «Պայմանավորվածությունները պետք է հարգվեն»: Սա, ինչ խոսք, ճշմարիտ սկզբունք է: Բայց մինչ դրա մասին խոսելը դարձյալ անհրաժեշտ կլինի դեմքով դառնալ դեպի հարևանը ու տեսնել, թե նա ինչպե՞ս է պատկերացնում արդեն եղածն ու սպասվելիքը: Այս մասին նույն օրերին խոսեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Նալբանդյանի օրինակով հարցազրույց տալով գերմանական Hannoversche Allgemeine պարբերականին: Զրույցի այն հատվածում, որը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Ցեղասպանությանը, Էրդողանը ներդրեց լավատեսության իր ամբողջ պաշարը. «Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը կարևորություն է տալիս։ Դրա համար էլ սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները այդ ճանապարհին ամենամեծ հաջողություններն են։ Այնտեղ համաձայնեցված տեսակետներն ամբողջ Հարավային Կովկասի վրա ևս դրական ազդեցություն կունենան։ Դրանով հանդերձ կարգավորման գործընթացը թե հայերի, թե թուրքերի տեսանկյունից դժվար և զգայուն գործընթաց է»։ Ինչպես տեսնում են, վերստին ոչ մի խոսք այն մասին, թե հարցը փակված է: Ավելին, բայի ապառնի ժամանակի գործածումը («կունենան») հիմք է տալիս կարծելու, թե Անկարայից տեսանելի է այդ լուսավոր գալիքը:
Իսկ ե՞րբ է այն պատրաստվում վերադարձվել նույն կետին, որտեղ կասեցվեց ընթացքը: Թուրքերն այժմ հաճախ են կրկնում, թե այդ բանը տեղի կունենա ամռանը կայանալիք իրենց խորհրդարանական ընտրություններից հետո: Հայերի համար այս փաստարկը ընդունելի չէ: Եվ Էդվարդ Նալբանդյանի պատասխան խոսքում թերահավատ հեգնանքի տարրեր կան. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել… Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:
Ամեն դեպքում, Երևանում չեն ժխտում նաև այն իրողությունը, որ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից դարձել է ավելի ըմբռնող իր անցյալի նկատմամբ: Բայց ներկայիս ակտիվացման միտուների մեջ անհնար է չնակատել ևս մի հետին միտք: Բան այն է, որ մոտենում է ապրիլի 24-ը, և դրա նախաշեմին Թուրքիան անկասկած նոր շահարկումների կդիմի, կփորձի միջազգային հանրությանն ավելի վառ գույներով մատուցել կացությունը, թեև Անկարայի դիրքորոշումը չի փոփոխվել։ Ինչ վերաբերում է հետընտրական հնարավոր զարգացումներին, ապա այստեղ հազիվ թե կարիք լինի սպասել որևէ արմատական տեղաշարժի: Շատ ավելի հավանական է, որ որոշակի քայլեր այս ուղղությամբ արվեն, օրինակ ինչ-ինչ ուղերձներ ու նամակներ փոխանակվեն, հանդիպումներ կայանան, բայց դրանից ոչ ավելի։
Գալով այսպես կոչված արտաքին ճնշումների ու խթանումների խնդրին, չենք կարող շրջանցել վերջերս տեսանելի նախանձախնդրությունը Միացյալ Նահանգների կողմից: Եվ որքան էլ Վաշինգտոնն այսօր փորձում է հանդես գալ իրատեսության սահմաններում ու պնդում է, թե չի կարող «ցանկանալ ավելին, քան այդ իրավիճակներում հայտնված երկրները», սակայն սրա հետ մեկտեղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարում է. «Դրանով է պայմանավորված նաև այն, որ մենք գործընթացն առաջ տանելու համար ճնշում չենք գործադրում։ Մենք տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա մեջ գործընթացը կանգ է առել»:
Այսինքն ճնշումների տարբերակը լիովին չի բացառվում: Իսկ այն, որ վերջերս փոխպետքարտուղար Սթեյնբերգի այցը Հայաստան նաև նման նպատակ էր հետապնդում, ամերիկացիները չեն էլ թաքցնում:
Հետաքրքրական է, որ այս օրերին շրջանառության դրվեց մի վարկած, համաձայն որի Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որոշել են դերերով փոխվել: Սա ենթադրում է, որ Ռուսաստանն այսուհետ սկսելու է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու համար, իսկ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունն է իր ձեռքը վերցնելու: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում անհավանական թվացող այս սցենարը և նման լուրերի տարածումը, միայն կռահել կարելի է:
Մի բան կարելի է հստակ ասել. հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման համար ուղի բացեցին ոչ այնքան արտաքին ճնշումները, որքան աշխարհքաղաքական ընթացիկ զարգացումները և երկու երկրների հասարակությունների ներսում տեղի ունեցող փոփոխությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: