Պահոց | 12:42 ե.

Ստատուս-քվոն տարբերակ չէ

17 Մրտ

Երբ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելելու են տարածաշրջան, ղարաբաղցիները սկսեցին կռահումներ անել այն մասին, թե արդյո՞ք այս անգամ նրանք կժամանեն Ստեփանակերտ: Արցախում վաղուց են այն համոզմանը, որ Մինսկի խումբն իրականում ասելու ոչինչ չունի իրենց ու միևնույն ժամանակ չի ցանկանում լսել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Այդ պատճառով էլ, հենց բանը հասնում է դեմ առ դեմ քննարկումներին, միջնորդները, վկայակոչելով եղանակային վատ պայմանները, անմիջապես հրաժարվում են գնալ ԼՂՀ:
Սակայն երեկ պարզվեց, որ եղանակն ու համանախագահների տրամադրությունը ներդաշնակ էին, և Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունեց Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին ու Բեռնար Ֆասիեին: Հազիվ թե այս հանդիպմանը հնարավոր լիներ քննության առնել հակամարտության կարգավորմանն առնչվող սկզբունքային ու հիմնարար հարցերը: Նախ, Ղարաբաղը դեռևս տեղ չունի բանակցությունների սեղանի մոտ, և հետո ներկա պահին նրանց համար շատ ավելի կենսական են այսրոպեական հարցերը, քան հեռանկարային մշուշոտ ծրագրերը: Այս իմաստով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրաստակամությունը իսկը նրանց սրտով էր: Ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության և խաղաղության պահպանման գործում, Ղարաբաղի իշխանությունները համանախագահների ուշադրությունը հրավիրեցին հատկապես վերջին շրջանում մահվան ելքով սահմանային բախումների հաճախակիության վրա: Իսկ սա բացառելու համար Մինսկի խումբը կարող է օգտագործել իր իրավասության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները` Բաքվի ապակառուցողական դիքորոշումը փոխելու նպատակով: Նախագահ Բակո Սահակյանի համոզմունքն այս հարցում անփոփոխ է. եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որևէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:
Ասել, թե Ստեփանակերտում այս և մյուս հարցերում ընդգծված լավատեսություն կա, սխալ կլինի: Նույնիսկ այն միտքը, որ հենց խոսք գնա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին ու սկսվի անմիջական բանակցային գործընթացը, Ղարաբաղը պարտադիր կներգրավվի այդ գործընթացում, այստեղ այնքան էլ իրատեսական չեն համարում: Փոխարենը լրջորեն զայրանում են, երբ խնդրի հետ որևէ առնչություն չունեցող երկրներ հանկարծ որոշում են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ և միջամտել առանց այդ էլ հազիվ-հազիվ տեղաշարժվող պրոցեսներին: Ղարաբաղցիների համար նման տհաճ անակնկալ էր Լիտվայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը, նրանց կարծիքով, միայն բացասաբար կազդի, քանի որ երրորդ երկրների սուբյեկտիվ կարծիքը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Իսկ մինչ այդ Մինսկի խումբը շարունակում է Բաքվում և Երևանում հանդիպումներ ունենալ այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ` քննարկվելով Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները: Դրա հետ մեկտեղ համանախագահները կողմերին ներկայացրեցին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացրած դիտարկման եզրակացությունը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի առաջարկով ԵԱՀԿ-ի դիտարկման խումբը 2010 թվականի հոկտեմբերին ուսումնասիրություն էր անցկացրել Ղարաբաղին հարող շրջաններում: Եվ այժմ եկել է դրանց ամփոփման ժամանակը: Ճիշտ է, հիշյալ փաստաթղթի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում, ինչը, ըստ հեղինակների, ունի իր բացատրությունը: «Մենք որոշել ենք չհրապարակել զեկույցը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել փաստաթղթի բովանդակությանը, որից հետո համանախագահները և կողմերը զեկույցի բովանդակությունը կքննարկեն հաջորդ հանդիպմանը»,- իրենց գաղտնապահությունն արդարացնող պարզաբանումներ տվեցին միջնորդները:
Իսկ քանի դեռ մի փաստաթուղթը փակի տակ է, կարելի է ողջ ուշադրությունը բևեռել մյուսի վրա` առաջնային դարձնելով ԵԱՀԿ-ի դիտարկման խմբի զեկույցը, ինչպես նաև լուրջ քննարկում ծավալել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների հեռացման կարևորության շուրջ։ Երևանում ու Բաքվում փոխադարձ մեղադրանքների պակաս չկա: Մինսկի խմբի անդամները այժմ համբերատար լսում են նրանց և այնուհետև նկատում. «Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պայմանագիրը։ Արդեն ավելի քան երկու տարի կողմերին խնդրում ենք հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Եթե մեզ լսեին, այսպիսի միջադեպեր չէին լինի»:
Այժմ որևէ երաշխիք չկա, թե սահմանի երկու կողմերում անմիջապես կլսեն նրանց հորդորը: Իսկ Մինսկի խումբը դեռ կշարունակի պնդել իր կարծիքը:
Եվ կարծես այն բանի համար, որպեսզի համանախագահները տարածաշրջանում իրենց ավելի վստահ զգան, համարյա միաժամանակ հայտարարություններով հանդես եկան Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն ու Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: «Եվրոպական միությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ ստատուս-քվոն տարբերակ չէ»,- իր ղեկավարած կառույցի տեսակետը ներկայացրեց Բարոզուն: Իր հերթին Եժի Բուզեկին ասաց. «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»:
Այս բարի մտադրությունները կյանքի կոչելու թանկ գինը վճարելու են ոչ թե եվրոպացիները, այլ մենք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքերը մտան Մոսկվա

17 Մրտ

Եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակություն բառն այս դեպքում շատ նեղ հասկացություն կարելի է դիտվել, քանի որ Էրդողանի հետ Մոսկվա են ժամանել ահռելի թվով թուրք պաշտոնյաներ, կառավարության անդամներ, ինչպես նաև մի քանի հարյուր գործարարներ: Զարմանալի չէ, որ այդ բազմամարդ ուղևորությունն առաջին բանն էր, ինչը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ թուրքական թերթերը նույնիսկ գրեցին, թե այցը պատմական են համարում, քանի որ «ողջ կառավարությունը ժամանակավորապես տեղափոխվում է Ռուսաստան»: Սակայն այս հանգամանքը բոլորովին չի մտահոգել ռուսներին: Ինչպես ասում են, մեծ նպատակները մեծ զոհաբերումներ են պահանջում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշեց Էրդողանի հետ աշխատանքային ճաշը դարձնել Թուրքիայի վարչապետի այցի օրակարգի առաջին միջոցառումը: Մի սեղանի շուրջ երկու երկրների առաջնորդները քննարկեցին տնտեսական համագործակցությանը, այդ թվում էներգավառելիքային ոլորտին առնչվող հարցեր: Ժամանակը լիովին բավարար էր նաև անդրադառնալու տարածաշրջանային խնդիրներին, կարծիքներ փոխանակելու ինչպես Իրաքի, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Այսօր Մեդվեդևի ու Էրդողանի բանակցությունները կշարունակվեն բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Այդ նպատակի համար մոտ 200 թուրք գործարարների հետ Մոսկվա է եկել նաև Թուրքիայի արտաքին առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով այժմ «Ուկրաինա» հյուրանոցում իրեն զգում է տանտիրոջ պես և այն համոզմանն է, որ երկու երկրների միջև հիշյալ խորհրդի ստեղծումը վկայում է նրանց տնտեսական բարձր կապերի մասին: Սպասելիքներն առավել քան մեծ են: Կողմերն այժմ նպատակադրվել են, որպեսզի ավելացնեն իրենց ներդրումների ծավալը` հասցնելով այն 7-ական միլիարդ դոլարի: Բայց սա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Թուրքիան շինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ողջ աշխարհում, որի 18 տոկոսը միայն բաժին է ընկնում Ռուսաստանին: Վերջին 20 տարիներին Թուրքիան Ռուսաստանում իրականացրել է 33.7 միլիարդ դոլարի շինարարություն: Եվ ուրեմն ինչու՞ չպահպանել ու չբազմապատկել դրա տեմպերը:
Ռուսների գրկաբաց ընդունելությունը նույնպես իր շարժառիթներն ունի: Այստեղ ամենևին չեն թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից իրենք պարզապես չեն կարող հրաժարվել: Արդեն թվարկվածներից զատ Մոսկվայում նրանք պատրաստվում են քննարկել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցեր: Ամենայն հավանականությամբ խոսք է լինելու նաև պաշտպանական ոլորտում փոխգործակցության մասին: Կարևորագույն խնդիրների շարքում հարկ է նշել այն փաստը, որ Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին Էրդողանն արդեն հայտարարել է: «Մենք ցանկանում ենք լիովին հանել սահմանափակումները մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, թեև որոշ ուղղություններով ու որոշ խմբերի համար նման ռեժիմն արդեն գործում է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Մոսկվայում բանակցող կողմերը չեն շրջանցի նաև իրադարձությունների թելադրանքով առաջին պլան մղված մտահոգությունները: Իսկ նման անհանգստության պատճառ կարող է դիտվել Ճապոնիայի աղետաբեր երկրաշարժը, ինչը Թուրքիայում անարձագանք չի մնացել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի աջակցությամբ այդ երկրում կառուցվում է առաջին ատոմակայանը: Եվ այժմ Անկարան պատրաստվում է դիմել Ռուսաստանին` խնդրելով վերանայել ատոմակայանի անվտանգության համակարգին ներկայացվող պահանջները:
Ահա այս խիստ գործնական ու լարված շփումների ֆոնի վրա էլ ի հայտ է գալիս մի կնճիռ, որի սկզբնաղբյուրը Հայաստանում է: Բանն այն է, որ այսօր 1921 թվականի Մոսկվայի` ռուս-թուրքական պայմանագրի 90-րդ տարելիցն է: Այդ չարաբաստիկ պայմանագիրը, որի արդյունքում մեր երկիրը տրոհվեց, մինչ օրս շարունակում է մնալ հայ-թուրքական ու ռուս-հայկական հարաբերությունների մռայլ էջերում: Եվ այժմ Հայաստանում կարծում են, որ Էրդողանի այցի ամսաթվային համընկնումը բոլորովին էլ պատահականություն չէ և դա հատուկ է կազմակերպվել` հիշեցնելու Մոսկվայի ամոթալի պայմանագրի ստորագրումը։ Ավելին ասենք: Նույնիսկ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ղարաբաղի հարցով Սոչիի բանակցություններից հետո Մոսկվայում ռուս-թուրքական զույգը համաձայնության կգա այն խնդրի շուրջ, թե ինչ է ստանալու Ադրբեջանը իր դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Մի խոսքով, մի մեծ դավադրություն, որի արդյունքում ինչպես նախորդ, այնպես էլ այս դարասկզբին Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների թակարդում:
Թե որքանով է նման բացատրությունը հիմնավոր և ինչ է դրանից հետևում, դժվար է ասել: Բայց այս կարգի մտքերը հարուցեցին Մոսկվայի տարակուսանքը: Արձագանքելով հայերի մտահոգությանը, ռուսները շտապեցին պարզաբանել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա չի կարելի պայմանավորել պատմական ենթատեքստով: «Հնարավոր է, թուրքական կողմը պատմական ինչ-որ շեշտադրումներ մտածել է, սակայն նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին»,- հայտարարեց ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, Ռուսաստանը որևէ կերպ ցանկություն չունի վիրավորել հայ ժողովրդի զգացմունքները: Իսկ ահա հայերը, պարզվում է, արդեն վիրավորվել են:
Ի դեպ, այսօրվա հետ համընկնող ևս մի տարելիցի մասին կարելի է խոսել: Լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարության 8-րդ տարին: Սակայն այս զուգադիպության առնչությամբ հայկական կողմը դեռևս որևէ առարկություն չի հնչեցրել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

17 Մրտ

«Գիրք-2011» ինտերնետային մարաթոն. հավաքվել է 6000-ից ավելի գիրք

[ 2011/03/16 | 14:07 ]
Մերի Միքայելյան

Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերի եւ էլեկտրոնային փոստի օգնությամբ, մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն հանգանակեցին հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների եւ գրադարանների համար:
Մարաթոնի օրը պատահական չէր ընտրվել. մարտի 13-ը` Չարենցի ծննդյան օրը, նախաձեռնողների խումբը փորձեց համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:
Նվիրատվության առաջին փուլը տեղի է ունենալու մարտի 19-ին Տավուշի մարզում: Ինչպես խոստացել են կազմակերպիչները, բոլոր գրքերի վրա գրվելու են նվիրողի անուն-ազգանունը:
Մարաթոնի ընթացքում հավաքվել է ամեն տեսակի գիրք` մասնագիտական, գեղարվեստական, ինչպես նաեւ ամսագրեր, քարտեզներ, նոտաներ, տեղեկատուներ, ալմանախներ, տարբեր տեսակի տպագիր հրատարակություններ, այն ամենն, ինչ մարդկանց կարող է պետք գալ: Կազմակերպիչները վստահ են, որ ընթերցողները իսկապես դրանց կարիքն ունեն:
Իր տեսակի մեջ եզակի այս ինտերնետային մարաթոնի առիթով զրուցեցինք կազմակերպիչներից արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ:
Արդարացվեցի՞ն մարաթոնի մասնակցության ակտիվության ձեր ակնկալիքները:
Մեզ չէինք նախապատրաստել այս ծավալներին ու այս հաջողությանը, որովհետեւ, դե, մտածում էինք` կասենք, կարձագանքեն մարդիկ, դե գրքեր կհավաքենք… Բայց որ հազարավոր գրքեր քաղաքի ու հարակից մարզերի տարածքներից ու այդքանը տեղափոխելու, կուտակելու, դասակարգելու, գրառումները կատարելու խնդիր… Ինձ իսկապես ուրախացրեց երիտասարդության ակտիվ մասնակցությունը:
Մեր նվիրատուների 70-80 տոկոսը 18-24 տարեկան երիտասարդներ են, իսկ դա արդեն շատ լավ նշան է: Սովորաբար Հայաստանում ոնց է ընդունված. բոլոր կարգի նվիրատվությունների, մարաթոների ժամանակ ովքեր են ակտիվ մասը` միջին տարիքը, ավագ սերունդը: Ու երբեք չես մտածի, որ մեր երիտասարդությունը, այն էլ գրքի հետ կապված, այդ կարգի ոգեւորություն հանդես կբերի:
Եւս մի բան էինք ուզում մարդկանց պատկերացումների մեջ փոխել: Սովորաբար օգնություն, նվիրատվություն, բարեգործություն, այդ բառերի հետեւում անընդհատ ինչ-որ սննդային վիճակներ են պատկերացնում, ապրանքային, ինչ-որ կենցաղային իրեր լինեն, լավագույն դեպքում «մի տեղ սայլուտ կրակենք, ժողովուրդը ուրախանաե տարբերակով:
Բայց կա նաեւ հոգեւորի պահանջը, չէ՞: Իսկ ո՞վ ասաց, որ այն հեռավոր գյուղերում ապրող մարդը նույնքան դրա կարիքը չունի, ինչքան իր ստամոքսի խնդիրները հագեցնելու կարիք: Ո՞վ որոշեց: Ես ճիշտ հակառակում եմ համոզված: Ես գիտեմ, որ այսօր այդ գիրքը որ տանում ենք, արկղերով տեղափոխում ենք, իրենց համար նույնքան կարեւոր է, որքան առաջնային կենցաղային հոգսերն են:
Այն արձագանքը, որ մենք ստացանք, ինձ ստիպեց նաեւ մտածել, որ մարդիկ հասկացան մեր նպատակը, աջակցեցին: Ընդ որում շատ հետաքրքիր մի շերտ էլ կար. մարդիկ էին, ովքեր դժվարությամբ էին բաժանվում իրենց գրքերից: Դե գրքասերներ են, չեն ուզում իրենց գիրքը նվեր տալ, բայց դրա հետ մեկտեղ ուզում են ինչ-որ կերպ օգտակար լինեն մեզ ու ասում են, գանք ամեն կերպ ձեզ օգնենք, գնանք, գիրք հավաքենք, ուրիշներին հորդորենք: Ես նույնքան կարեւորում են նրանց ներկայությունը ու մասնակցությունը, ինչքան նրանց, ովքեր գրքեր նվիրեցին:
Ինտերնետի ընտրված մեթոդը փաստորեն արդարացրեց իրեն:
Ոչ միայն արդարացրեց, այլեւ գերազանցեց մեր սպասելիքները: Ու ընդ որում, պարզվեց, որ իսկապես ընտրությունը ճիշտ էինք կատարել: Նախ շատ մարդ է ներգրավված, հետո կապը շատ արագ է ու անմիջական: Եթե ուրիշ կերպ մի քիչ տեխնիկական դժվարություններ կարող է լինեն, այստեղ անմիջապես հղումն արեցիր, մարդը արձագանքեց, արագ տվյալները վերցրեցիր, արձանագրեցիր քո մոտ ու հետո առաջիկա երեք օրերի ընթացքում, ինչպես որ պայմանավորվել էինք, այցելում ենք մարդկանց կամ իրենք են բերում հավաքման կետեր, հանձնում են, ու ամեն ինչ շատ արագ ու հեշտ կատարվում է:
Տեսեք, մենք մի նախաձեռնություն արեցինք առանց մի կոպեկ ծախսելու` չունենալով ոչ մի հովանավոր, չունենալով ոչ մի կառույց, որ մեզ, այսպես ասած, տանիք էր, չհամագործակցելով որեւէ մեկի հետ: Ուզեցինք նաեւ նշել, որ գիտեք ինչ, եթե ինչ-որ բան եք անում, պետք չէ հսկայական գումարների հետ խաղալ ու ձեւ անել, թե իբր թե սարեր եք շուռ տվել: Ավելին ասեմ, սփյուռքից մեզ գրեցին, որ իրենք պատրաստ են գումար փոխանցել:
Մենք իրենց ասեցինք, որ ֆինանսների, գումարների հետ մենք ընդհանրապես չենք առնչվելու, եթե դուք իսկապես մեծ ցանկություն ունեք, ուղարկեք ձեր բարեկամներից որեւէ մեկին, թող մտնի առաջին պատահած գրախանութը, գրքեր առնի, ու բերի հանձնի մեզ, որովհետեւ փողի հետ գործ ունենալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Քանի՞ գիրք հավաքվեց մարաթոնի արդյունքում:
Այս պահի դրությամբ ունենք արդեն 6 հազարից ավելի կտոր գրականություն, սակայն դեռ խոստումներ կան, որոնք չենք հասցրել վերցնել: Իսկ մենք նույնիսկ 1000-ի հույսը չունեինք, ասում էինք, որ 1000-2000` լավագույն դեպքում կարողանանք հավաքել: Ու հիմա մտածում ենք, որ արդեն մի ուղղությամբ չենք բավարարվի, այսինքն` գրքերի մի մասը կտանենք Տավուշ, հետո կփորձենք Հայաստանի մարզերում մի թեթեւ դիտարկում անցկացնել, թե որտեղ ավելի շատ դրա կարիք կա ու կմշակենք նաեւ երկրորդ երթուղին:
Ի դեպ, ասեմ, որ Տավուշում գրքերի հանձնելու համար աջակցություն կա տեղի իշխանություններից ու այնտեղ գործող հասարակական կազմակերպություններից: Ամսի 19-ին իրենց մոտ գրքի տոն են անցկացնելու: Նախապատրաստվող արարողության շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն գիրք տանող լինել, այսինքն` բեռ տեղափոխող չենք, մեզ հետ միասին գալու է մտավորականներ մի մեծ խումբ, այսինքն` մենք նաեւ կողմնակից ենք անմիջական շփմանը:
Գրողը պիտի գնա իր ընթերցողին տեսնի, աչքերի մեջ նայի, զրուցի հետը, լսի նրա խոսքը: Միայն գրելով չէ: Ուզում ենք նաեւ այդ կապը ամրապնդել, որովհետեւ շատ կարեւոր առանձնահատկություն կա. բոլորին թվում է, որ նրանք մեր կարիքը ունեն, իրականում` չէ: Գրողները նրանց` ընթերցողների կարիքն ունեն: Միշտ հակառակ կապն են անընդհատ շեշտում:
Հավաքված գրքերը հետո ո՞ւր են ուղղվելու:
Գրքերը դասակարգելու ենք, կբաժանենք` մասնագիտական, գեղարվեստական: Գնալուց առաջ հարցում կանենք` դպրոցներին առանձին, գյուղական գրադարաններին առանձին, զորամասերին առանձին: Պարզ է` զորամաս մանկական գրականություն չես տանի, բայց նաեւ չեմ տանի հայրենասիրական գրականություն: Ես զինվոր եղել եմ, ես հավատացնում եմ` զինվորին ամենաքիչը հայրենասիրական գրականություն է պետք:
Նրան պետք է ինչ-որ սիրային գործեր տանել, հուզիչ պատմություններ, այդ մարդը դրա կարիքն ունի: Դա էլ մոտեցման խնդիր է: Հատկապես այդ հեռավոր շրջաններում մի շատ ողբերգական վիճակ է ձեւավորվել: Վերջին 20-25 տարվա մեջ բացարձակապես գոնե մեկ գրքով գրադարանները չեն համալրվել, այսինքն նոր գրականություն, ինչ-որ տպվել է, նրանք ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Էլ չեմ ասում, որ վատ պահպանություն է եղել, եղածներն էլ խունացել են, փչանում են արդեն, մի մասն էլ մութ ու ցուրտ տարիներին այրել են:
Գրադարաններ կան, որոնք տարիներով պարզապես կողպեքով փակ են: Նոր գրքերի ներկայությունը թերեւս ինչ-որ ազդակ, խթան հանդիսանա, որ մարդիկ այցելեն: Նաեւ այնտեղ ուսանողներ են ապրում, դպրոցականներ, ովքեր թեկուզ այն առաջին անհրաժեշտության գրքերի կարիքը պիտի որ ունենան:
Անհատական նախաձեռնության միջոցով հնարավո՞ր է նման լուրջ խնդրին լուծում տալ:
Բացարձակ: Մենք ընդամենը մարդկանց ուշադրություն ենք ուզում հրավիրել: Եթե որեւէ մեկին թվում է, թե ես ու մի 7-8 երիտասարդներ սարեր ենք շուռ տալու… Իսկապես չենք շուռ տալու: Դա շատ ավելի լուրջ ուշադրության, լուրջ վերաբերմունքի խնդիր է: Ես չեմ ուզում անպայման շեշտել պետական հոգածություն, բան… Բայց ամեն դեպքում չի կարելի աչքաթող անել:
Տարեկան մեր երկրում պետպատվերով հարյուրավոր գրքեր են տպվում, հետո այդ գրքերը հավաքում, տանում, լցնում են որեւէ պահեստում ու դարերով այդպես փոշոտվում են. ոչ ընթերցողն է դրա երեսը տեսնում, ոչ էլ, մեր մեջ ասած, դրա որակն է մի բան, որ ընթերցողը դրանց երեսը տեսնի: Չէ: Իսկ էլ ինչի՞ համար են այդ միջոցները: խորհրդային իշխանությանը անուն ենք դնում. այն ժամանակ յուրաքանչյուր գրադարան պետության կողմից որոշակի քանակությամբ ամեն ամիս համալրվում էր: Տպվեց նոր գիրք, մի շաբաթ հետո դա արդեն հայտնվում էր գրադարանում:
Մայրաքաղաքը 12 թվին պատրաստվում է դառնալ համաշխարհային գրքի մայրաքաղաք, ընդամենը 4 գրախանութ ունի, էլ ինչի՞մասին ենք խոսում: Ամենաակնհայտ փաստն եմ ասում: Մյուս կողմից էլ` քիչ թե շատ կաղացող մշակութային կյանքն ամբողջությամբ կենտրոնացված է մայրաքաղաքում. կարծես Հայաստանն այս քաղաքի սահմաններով վերջանում է, իսկ այնտեղ մի հատ օտար, թշնամական երկիր է, որին ոչ ուշադրություն են դարձնում, ոչ ուզում են որեւէ բանով աջակցել:
Այդ վերաբերմունքի փոփոխության խնդիր կար, մեր նախաձեռնությունն ուզում էր նաեւ դրան նպաստել: Այսինքն` մարդկանց ստիպես Երեւանի պատերից մի քիչ էլ այն կողմ նայել, հիշել, որ դրսում էլ Հայաստան կա, որ այնտեղ էլ լավ մարդիկ են ապրում: Ու թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե հոգեւոր կյանքի արմատները հենց Երեւանում են, թող հիշեն` մեր լավագույն գրողները, մեր լավագույն գիտնականները հատկապես որտեղից են դուրս գալիս: Ու հենց որ հիշեն, կհասկանան, թե այսօր գյուղը, գավառը, հեռավոր մարզերը ինչքան կարեւոր են այս երկրի համար: Ո՞վ որոշեց, որ խնդիրները առաջինը Երեւանում պիտի լուծվեն, հետո նոր` մյուս տեղերում: Իսկ գուցե առաջինը հենց այնտե՞ղ պիտի լուծվեն:

%d bloggers like this: