Պահոց | 7:26 ե.

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐ

7 Մրտ

ԿԵՆԴԱՆԻ ԴԵՄՔ

Ես նայեցի իմ դիմաց
Ամբոխի մեջ քեզ տեսա
Արտերի մեջ քեզ տեսա
Եվ ծառի տակ տեսա քեզ
Ճամփաներիս ավարտին
Տվայտանքիս խորքերում
Ջրից հրից դուրս գալով
Ամառ ձմեռ քեզ տեսա
Իմ հարկի տակ քեզ տեսա
Թևերիս մեջ քեզ տեսա
Երազումս տեսա քեզ

Քեզ այլևս չեմ լքի:

Թարգմ. Ն. Վարդանյան

ԺՅՈՒԼ ՌԵՆԱՐ

7 Մրտ

ԿԱՆԱՑԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ

Երեք հոգի էինք: Նստած էինք օթյակում` սպասելով, որ վարագույրը բարձրանա, երբ հանկարծ բարեկամիս կինը ոտքը դնում է ոտքիս:
Այս անսպասելի բարեհաճությունը ավելի զարմացնում, քան ուրախացնում է ինձ: Բացի այն, որ ինձ շատ էլ դուր չի գալիս կանանց ոտնամանների փայփայանքը, այլև ես առհասարակ ոչ մի հույս չունեմ բարեկամիս կնոջից: Ուզում եմ քաղաքավարի կերպով մերժել նրա այդ բարեհաճությունը, բայց նա մյուս ոտքն է դնում ոտքիս:
Բարձրացնում եմ աչքերս: Երևում է, որ նա ամենևին էլ չի վառվում այնպիսի մի կրքով, որ պատրաստ լինի վերջապես դուրս ժայթքել: Նստած է միանգամայն հանգիստ, ներկայացման ծրագիրը բռնել է աչքերի առաջ և հրաշալի կերպով տիրապետում է իրեն: Ոտքս սկսում է թմրել: Ասում եմ. «Մի քիչ էլ մնա, գլխիցս ռադ կանեմ»: Այդ ժամանակ օթյակ է մտնում սպասուհին և տիկնոջը աթոռակ է առաջարկում, որ ոտքերը դնի:
— Շնորհակալ եմ,- ասում է բարեկամիս կինը,- արդեն ունեմ:

Տեղաշարժ և ոչինչ ավելի

7 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր այժմ փորձում են որևէ բան ասել Սոչիում ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացված հերթական եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, առաջին հերթին ստիպված են արձանագրել այն, որ փոքրիկ առաջընթաց լինելով հանդերձ, դրանք այնուամենայնիվ այլ բան չէին, քան կես տարվա վաղեմություն ունեցող պայմանավորվածությունների վերահաստատում: Նախորդ տարվա հոկտեմբերին Աստրախանում ստանձնած պարտավորություններն այժմ համարյա անփոփոխ կերպով տեղ գրավեցին հայտարարության նոր տեքստում, որով Ադրբեջանն ու Հայաստանը դարձյալ խոստանում էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով: Շփման գծում կրակի դադարեցման, այնտեղ արձանագրված միջադեպերի շուրջ համատեղ ուժերով հետաքննություն անցկացնելու և այդ գործին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մասնակից դարձնելու հավաստիացումները առավել քան անիրգործելի և անպտուղ միջոցառումներ են, այդ իսկ պատճառով էլ հայտարարության այս կետը նվազ ուշադրության և վստահության պիտի արժանանա: Եվ ստացվում է, որ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ձեռքբերումը առայժմ մնում է հակամարտող կողմերի` բանակցային գործընթացը շարունակական դարձնելու ոչ այնքան ընդգծված, սակայն նախապատվելի հակումը:
Այդ ամենի փոխարեն Սոչիում հնարավորինս անկաշկանդ ու անմիջական մթնորորտի պահպանումը ռուսական կողմի կարևորագույն խնդիրներից մեկն էր: Ճիշտ է, բուն բանակցություններն ընթացան փակ դռների ռեժիմով, և կարևորագույն մանրամասների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, բայց այնուհետև լրագրողներին տեղեկացվեց, որ երեք նախագահների զրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ժամանակ: Օրվա երկրորդ կեսն էլ ավելի հետաքրքիր և ինքնատիպ էր: Նախագահներն այցելեցին «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայր: Այնտեղ նրանք հանեցին իրենց փողկապները, հագան մարզական համազգեստ, միասին սրճեցին, Դմիտրի Մեդվեդևը մի քանի անգամ լուսանկարեց Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին, որից հետո նախագահական եռյակը ճոպանուղիով բարձրացավ Պսեխակո լեռը: Երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նոր միայն հրաժեշտ տվեցին Սոչիին: Իսկ հաջորդ օրը համանախագահների հետ տեսակցեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները: Հատկանշական է, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այդպես էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենից: Առաջին հերթին այն, որ Ռուսաստանն ըստ ամենայնի փորձում է հավատարիմ մնալ ինքն իրեն: Մեդվեդևի միջնորդական նախաձեռնությունը վերջինիս համար ապահովում է երկու նպատակի կենսականությունը: Մի դեպքում նա շեշտում է, որ տարածաշրջանը շարունակում է մնալ իր վերահսկողության ներքո, մյուս կողմից էլ անուղղակիորեն ցուցադրում է, որ ղարաբաղյան հարցի լուծման բանալին պահում է իր ձեռքում:
Գալով այն խնդրին, թե Սոչիի բանակցությունները որքանո՞վ կնպաստեն սահմանային գոտում լարվածության լիցքաթափմանը, և արդյո՞ք իրատեսական է կարծել, թե սրանից հետո Ադրբեջանը շփման գծում այլևս չի դիմի սադրիչ գործողությունների, այս հարցին հազիվ թե հնարավոր լինի դրական պատասխան տալ: Հենց միայն այն փաստը, որ բանակցությունների նախօրեին ադրբեջանցիների դիպուկահարի կողմից հայ զինծառայող սպանվեց, իսկ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել էր շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել էր ավելի քան 1200 կրակոց, լավագույն վկայությունն էին ապագայի մասին Բաքվի ոչ այնքան մխիթարական պատկերացումների: Ի վերջո, եթե ներկա պահը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա պիտի նկատենք, որ բանակցությունները այդպես էլ Ալիևին ոչինչ չխոստացան: Հետևաբար մնում է ենթադրել, որ այսպես կոչված դիվանագիտական ձեռքբերումների բացակայությունը նա պիտի փոխհատուցի նմանօրինակ սադրիչ գործողություններով և այդ ամենը իր երկրի քաղաքացիներին իբրև ռազմական գերազանցության ապացույց ներկայացնելով:
Ինչ վերաբերում է գործընթացի ընդհանուր պատկերին և դրա հեռանկարներին, ապա թերահավատության ոչ պակաս մեծ չափաբաժին է կուտակված նաև Հայաստանում: Մեզ մոտ առաջին հերթին գերիշխող է դառնում այն մտայնությունը, որ շոշափելի հաջողությունները շարունակելու են մնալ յոթ սարից այն կողմ: Իսկ որպեսզի տեղաշարժ լինի, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայտարարել, թե հայկական կողմն այսուհետ առանց Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի հետ որևէ հարց չի պատրաստվում քննարկել: Հակառակ պարագայում թե միջնորդները, թե բանակցողները դատապարտված են անվերջ խոսելու հարցերի մի շրջանակի մասին, որոնց մեջ լուծման եզրեր չեն երևում:
Աննկատ անցնել չի կարող նաև միջնորդների կրավորական պահվածքը: Մեկ անգամ չէ, երբ հնարավոր բոլոր հնչերանգներով ասվել է այն մասին, թե քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն ու հայտարարությունները չեն կրում կոնկրետ հասցեական բնույթ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ արձագանք չի տվել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, շարունակություն է ունենալու ինչպես Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, այնպես էլ շփման գծում դիպուկահարների, դիվերսանտների օգտագործման մարտավարությունը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ այժմ նույնիսկ Երևանում են հնչում կասկածներ, թե բանակցությունների այս ձևաչափերն այնքան էլ արդյունավետ չեն ու կամա թե ակամա մղում են դեպի փակուղի:

Հովիկ Չարխչյան

ԵՐԳԸ

7 Մրտ

Իսկ լսե՞լ եք այսպիսի պատմություն: Մի օր հանճարեղ երաժիշտը մի հանճարեղ երգ գրեց: Մարդիկ լսեցին ու չհավանեցին: Հանճարեղ երաժիշտը երկրորդ երգը հորինեց: Բոլորը կրկին դժգոհ մնացին: Երաժիշտը հորինեց երրորդը, չորրորդը, էլ ավելի լավն ու հանճարեղը: Դարձյալ դժգոհ էին մարդիկ: Եվ հուսահատված երաժիշտն իր վհատության ժամին թղթին հանձնեց մի երգ, որն ամենևին էլ լավը չէր, իսկ եթե անկեղծ լինենք, պարզապես խոտան էր: Ամբոխը ցնծությամբ ընդունեց նոր երգը, և օրեր շարունակ ամենքի շուրթերին այդ մեղեդին էր: Եվ հասկացավ հանճարեղ երաժիշտը, որ հանճարեղ լինել բոլորն էլ կարող են: Շատ ավելի դժվարը հանճարեղ չլինելն է:

Հովիկ Չարխչյան

ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

7 Մրտ

Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Հիրավի արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խելագարի, բայց ոչ հիմարի պես: Սիրո դեմ կան զանազան դեղեր, բայց ոչ մեկը հուսալի չէ: Սերը մեկն է, բայց դրա նմանակությունները` հազարավոր: Սիրային արկածներում ինչ ասես կա, բացի սիրուց: Իսկ ոչ մի կեղծիք երկար չի կարող թաքցնել սերը` երբ այն կա, կամ դրսևորել, երբ այն չկա: Սերը կրակի նման հանգիստ չունի: Նա դադարում է ապրելուց, հենց որ դադարում է հուսալ կամ վախենալ:
Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին: Սիրո մեջ մենք հաճախ ավելի շատ երջանիկ ենք լինում նրանով, ինչը չգիտենք, քան նրանով, ինչը գիտենք: Բնավորության հաստատակամությունը մարդկանց ստիպում է դիմադրել սիրուն, բայց միաժամանակ նա այդ զգացմունքին հաղորդում է հրայրք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակն, հեշտությամբ տեղի են տալիս կրքերին, բայց երբեք ինչպես հարկն է լի չեն դրանցով: Հավատարմությունը սիրո մեջ` դա հավերժական անհավատարմություն է, որը մեզ դրդում է հերթով հրապուրվել սիրելի մարդու բոլոր հատկություններով` գերադասություն տալով դրանցից մերթ մեկին, մերթ մյուսին: Այսպիսով հավատարմությունը դառնում է անհավատարմություն, բայց սահմանափակ, այսինքն` կենտրոնացված մի առարկայի վրա:
Նա, ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել: