Ո՞Վ ԷՐ ՃԱՎՃԱՎԱՁԵՆ ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՍՊԱՆԵՑԻՆ ՆՐԱՆ

16 Մրտ

Այսօր շատ դժվար է որևէ մեկին զարմացնել հատկապես վերջին հարյուրամյակի պատմության աղավաղումներով, որոնց իսկության նորօրյա բացահայտումները միայն հիասթափություն ու դառն ափսոսանք պիտի ծնեն: Ու թեև ոչ մի ժամանակաշրջան երաշխավորված չէ կեղծ կուռքեր և հորինված պատմություններ կերտողների ներկայությունից, այնուհանդերձ ամենքի համար էլ գալու է ճշմարտությունն ասելու ժամանակը:
Ընթերցողին օտար չէ գրող Իլյա Ճավճավաձեն: Վրացական գրականության այս դասականի անունը իր հայրենիքում նույն հնչեղությունն ունի, ինչ հայերի համար, ասենք, Հովհաննես Թումանյանը: Նրա ստեղծագործությունների հարյուրավոր էջեր անգիր գիտի ամեն վրացի: Ճավճավաձեն վաղուց է ձեռք բերել ամենայն վրաց բանաստեղծի տիտղոսը: Նրան կողում են «Ազգի հայր» (Pater Patriae): Իսկ այդ բոլոր շնորհներին մի առանձնահատուկ հմայք են հաղորդում ազգային գործիչ, մեծ ինտերնացիոնալիստ, ցարական ինքնակալության ոխերիմ թշնամի, ճորտատիրական կարգերի հակառակորդ և այլ ազդեցիկ բնորոշումները, որոնք առատորեն շռայլվել են ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ հետմահու շրջանում: Սակայն վերջին վրձնահարվածը դնելու, նվիրյալի պատկերն ամբողջացնելու, ազգային հպարտության իդեալը մարմնավորելու համար մի անսպասելի դիպված էր Ճավճավաձեի վախճանը. «1907 թ, օգոստոսի 30-ին, Թիֆլիսից Սագուրամո գնալու ճանապարհին, Մցխեթի շրջանի Ծիծամորի գյուղի մոտ ցարական պահնորդական վարձկանների ձեռքով սպանվեց Իլյա Ճավճավաձեն»,- բոթն այսպես հաղորդեցին թերթերը:
Այսօր ամենուր հանդիպելով բանաստեղծի այս բնութագրին և կենսագրական տեղեկություններին` մենք կրկին համարձակվում ենք հարց տալ` իսկ ո՞վ էր իրականում Ճավճավաձեն և ինչո՞ւ նրան սպանեցին: Բոլորովին նպատակ չունենալով վիճարկել նրա` մեծ բանաստեղծ լինելու փաստը, որ վաղուց քննություն է բռնել ժամանակի և պատմության առաջ` կանդրադառնանք նրա զուտ մարդկային բնույթին, որն ուղղակի թե անուղղակի իր կնիքն է դրել Ճավճավաձեի ազգային- հասարակական գործունեության վրա, ինչպես նաև կշարադրենք որոշ փաստեր, որոնք առայսօր մեզ ներկայացվել են այլ գույներով:
Բանաստեղծի մահից անմիջապես հետո վրացական մամուլում ծայր առավ չափազանց սուր ու անհաշտ բանակռիվ, որ ծավալվելով Ճավճավաձեի մահվան հանգամանքների շուրջ` հետզհետե դարձավ ոչ միայն առավել ընդգրկուն ու բացահայտ, այլև ի հայտ բերեց այնպիսի մանրամասներ, որոնք հանգուցյալը թերևս կցանկանար ամեն գնով քողարկել:
Հենց առաջին հայացքից արդեն անհավաստի էին հնչում սպանության մեջ ցարական որևէ գործակալի մասնակցության տարբերակը, և ակնհայտ էր, որ այդ առասպելը վարպետորեն հորինվել էր ու հետագայում չափազանց կենսունակ գտնվեց մի քանի տասնամյակ շարունակ: Իսկ այն օրերին մեղավոր փնտրողների հսկայական բանակը հատկապես հաճախակի էր հիշատակում վրաց գրական գործիչ, սոցիալիստ Ֆիլիպ Մախարաձեի անունը (1968- 1941 թթ): Բանն այն է, որ Մախարաձեն համարձակություն էր ունեցել դեռևս Ի. Ճավճավաձեի կենդանության օրոք «Մոգզաուրի» թերթի էջերում հանդես գալ բանաստեղծի գործունեությունը մերկացնող մի շարք հրապարակումներով, որոնք բավական տխուր գույներով են ներկայացնում իշխան, խոշոր կալվածատեր, Ազնվական բանկի ցմահ տնօրեն, Պետական խորհրդի անդամ, հաշտարար դատավոր և բազում այլ պետական բարձր պաշտոններ վարող բանաստեղծի իրական դեմքը: Մախարաձեն, որ իր «Մագզաուրի» թերթով միտում ուներ ներկայանալ աշխատավորության շահերը պաշտպանող և դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, փորձում էր փաստերով ապացուցել, որ Ճավճավաձեն բոլորովին էլ սուրբ չի եղել, այլ ընդհակառակն, դաժանորեն հարստահարում ու շահագործում էր այն գյուղացիներին, որոնց իրավունքների պաշտպան էր փորձում ներկայանալ:
Բնական է, որ Մախարաձեի ու համակիրների նման հայտարարություններն անպատասխան չէին մնում, և վերջիններս ստիպված էին ճաշակել ազգայնական- շովինիստական մամուլի թունոտ որակումներն ու ակնարկները: Ճավճավաձեի մահից հետո դրանք դարձան ավելի սանձարձակ և ուղղակի: Հատկապես թշնամաբար էին տրամադրված Քութայիսում հրատարակվող «Գանթիադի» և «Սիմաթլի Խմա» լրագրերը, որոնք ոչ միայն իրենք էին Մախարաձեին մեղադրում սպանություն կատարելու ծանր հանցանքի մեջ, այլև իրենց էջերը ողողում էին համակիրների հարյուրավոր ստորագրություններ կրող սպառնալից նամակներով: «Մագզաուրի»-ի պաշտպանությանը միացան Թիֆլիսում լույս տեսնող «Սախալխո գազեթին», «Բաթումիա գազեթին», մի շարք մեծ ու փոքր պարբերականներ:
Շուտով մեղադրանքները սկսեցին այլ երանգներ ընդունել: Մախարաձե- քավության նոխազը սկսեց մեղադրվել պարզապես այն բանի համար, որ իբր նրա ելույթներից ծնված թշնամանքը ոմանց դրդեց դիմել ոճրագործության: Մյուս, շատ ավելի կասկածելի վարկածն այն էր, որ Ճավճավաձեն սպանվել է որևէ կուսակցության հանձնարարությամբ: Թե հատկապես որ կուսակցության, հեղինակներն այս դեպքում նպատակահարմար էին գտնում շրջանցել հարցադրումները: Ի վերջո, ողջ աղմկոտ բանակռվի ընթացքում վրա հասավ այն պահը, երբ ամենքն էլ գոնե մեկ հարցում կարողացան քիչ թե շատ ընդհանուր հայտարարի գալ:
Բանն այն է, որ սպանության համգամանքների առնչությամբ կար մի երկրորդ վարկած ևս: Դրանով մեղադրվում էին Ճավճավաձեի կալվածքում ապրող գյուղացիները, որոնք էլ, շատեր կարծիքով, կազմակերպել և իրագործել էին դավադրությունը: Պետք է ասել, որ այս տարբերակի շուրջ խոսակցությունները ծնվել էին գրողի մահից անմիջապես հետո և մյուս վարկածների համեմատ ունեն առավել հիմնավոր և հավաստի դրդապատճառներ: Մի՞թե պատահական կարելի է համարել թեկուզ այն փաստը, որ հայկական «Խաթաբալա» ամսագիրը արդեն 1907 թ, սեպտեմբերի 15-ի համարում (այսինքն Ճավճավաձեի մահից 16 օր անց) բանաստեղծի սպանության առնչությամբ այսպիսի տողեր է գրում. «Վրաց մեծ հրապարակախոսը ապրեց 70 տարի, ընկավ մի քանի գյուղացիների ձեռքից իր սեփական կառքի մեջ…»: Մի քանի տող անց` կրկին. «Վրաց մեծ հրապարակախոսը ընկավ մի քանի վրացիներից…»: Անվիճելի է, որ սրանք հենց այնպես արված ենթադրություններ չէին, այլ հավաստի աղբյուրներից քաղված լրագրային տեղեկություններ:
Այն, որ Ճավճավաձեն սպանվել է իր գյուղացիների ձեռքով, ժամանակին չեն ժխտել նաև գրողի մերձավորներն ու գործընկերները: Այս առումով կարելի է հատկապես առանձնացնել բանաստեղծի գործերի նախկին կառավարիչ Դ. Ջաշիի վկայությունը, որը գրողի մահից 6 տարի անց Չոխատարուիում «Իլյա Ճավճավաձեի սպանության մասին» թեմայով մի դասախոսություն է կարդում` մատնանշելով ոչ միայն դավադիրներին, այլև ոճրագործությանը առիթ տված դրդապատճառները: Նույն տարվա «Բաթումիս գազեթի»-ի օգոստոսի 29-ի համարում տպագրվում է դասախոսության հակիրճ բովանդակությունը, ուր բերվում են բանախոսի ելույթից կտորներ: Ահա այդ ելույթում Դ. Ջաշին մասնավորապես հետևյալն է ասում. «Ի. Ճավճավաձեի ողբերգական մահվան պատճառով մեզանում երկու մեծ խմբեր ընդհարվեցին միմյանց, բայց նրանցից ոչ մեկը այս մասին իսկապես ոչինչ չգիտե: Սուտ են այն մեղադրանքները, որ իբր թե Իլյան սպանվել է որևէ կուսակցության որոշմամբ… 1905 թ, Մախարաձեն ճշմարտանման հոդվածներով անվանարկեց Ճավճավաձեին: Նրա դեմ պակաս կռիվ չի մղել նաև Էվտոշվիլին, և եթե Մախարաձեին նստեցնելու լինեն մեղադրական աթոռին, ինչո՞ւ չպետք է նրա կողքին նստեցնել Էվտոշվիլիին ևս: Ես ասում եմ` Ճավճավաձեին սպանեցին անձնական հողի վրա, և դրանում այլ անձանց գրածները ոչ մի ազդեցություն չեն ունեցել»:
Այնուհետև դասախոսը անդրադարձել է սպանության դրդապատճառներին. «Այդ ժամանակներում Իլյայի ծառայողները կերակրի վատության պատճառով գործադուլ արին և լավացնելու պահանջ դրեցին: Երբ այդ լուրը հասավ Իլյային, նա որոշեց բոլորին ծառայությունից հեռացնել, բայց զանազան ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ նրանք մնացին իրենց տեղում: Հենց այդ դառնացած ժամանակ Իլյան գործով գնաց Թիֆլիս, և երբ ժամանակին չվերադարձավ, իմ մեջ կասկած ընկավ, ընդառաջ ուղարկեցի մի ուրիադնիկ, աղետն արդեն տեղի էր ունեցել…»:
Հատկանշական է Դ. Ջաշիի եզրափակիչ խոսքը, որում նա սրտի ցավով նշել է. «Սագուրամոյի գյուղացիները չէին էլ գիտակցել, թե Ի. Ճավճավաձեն մեծ բանաստեղծ ու հասարակական գործիչ է եղել: Եթե այդպես լիներ, նա չէր սպանվի եղերական մահով: Նրան գյուղացիները ճանաչում էին մեծ կալվածատիրոջ, մեծ «չինովնիկի» և կարծում էին, որ իրենց բախտը գտնվում է նրա ձեռքում: Սրա համար էլ, որովհետև Իլյան ոմանց խնդիրը կատարեց, իսկ ոմանցը` ոչ, սկսեցին ոխ պահել և սպանեցին անձնական հողի վրա»:
Այսպիսին է եղել Իլյա Ճավճավաձեի «ինքնակալական- ճորտատիրական կարգերի հակառակորդի» (Հայկական սովետական հանրագիտարանի բնորոշումն է) ճակատագրական վախճանը: Ոչ մի խոսք չկա և չի կարող լինել աներևույթ ցարական վարձու մարդասպանների մասին, որոնք ամենևին էլ մտադրություն չունեին սպանել մի մարդու, որն ինքնակալության այդ հատվածում ցարիզմի շահերի պաշտպանն էր և իշխանության ներկայացուցիչը:
Իսկ ինչ վերաբերում է «ինտերնացիոնալիստ» Ճավճավաձեին, ապա սա արդեն միանգամայն առանձին խոսակցության նյութ է: Թե որքանով էր ժողովուրդների բարեկամության զգացումը հարազատ այդ մարդու էությանը, հեշտ է կռահել` թերթելով գրողի հրապարակախոսական ստվար ժառանգության էջերը և կամ հայացք նետել այն օրերի մամուլին: Այդ խնդրի շուրջ դեռ այն ժամանակներում, վերստին խոսելով նրա սպանության հանգամանքների մասին, հայկական օրթերթերից մեկը` «Կովկասի լրաբերը», իրավացիորեն նկատել է. «… Մի՞թե մեծ բանաստեղծ լինելը բավական է, որպեսզի առաջ չբերվեն բացասական կողմերը: Մենք` հայերս, ամենայն հրճվանքով ու երախտագիտությամբ կարդում ենք Ճավճավաձեի բանաստեղծական երկերը, սակայն չենք կարող չդատապարտել նրա բռնած դիրքը հայ-վրացական հարաբերությունների խնդրում, երբ տխրահռչակ Վելեչկոյի հետ ազգայի գժտությունների որոմն էր ցանում: Մեծ բանաստեղծ լինելը դեռևս թույլ չէր տալիս անպատիժ կերպով կամայականությունների և շահագործման ենթարկել իր տեղացիներին: Իբրև բանաստեղծ, իբրև գրող Իլյա Ճավճավաձեն մեծ է եղել վրացիների և Կովկասի մյուս ժողովուրդների համար, սակայն որպես հասարակական գործիչ` վնասակար: Կովկասի դեմոկրատիան, առանց ազգային խտրության, հարգում է բանաստեղծ, գեղարվեստագետ Ճավճավաձեին, սակայն հասարակական գործիչ, հրապարակախոս Ճավճավաձեին նա չի կարող հարգել»:
Սրանք միանգամայն արդարացի մեղադրանքներ էին: Բավական է միայն վերհիշել 1902թ. նրա հրատարակած «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածը կամ այն փաստը, որ իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում մեծագույն հաճույքով վերատպում էր սևհարյուրակայինների պարագլուխ, ռուս նացիոնալիստ Վասիլի Վելիչկոյի հայատյաց ակնարկները: Ճավճավաձեն նաև սիրում էր յուրաքանչյուր առիթով հայերի հասցեին կրկնել հետևյալ ասույթը. «Ավելի լավ է առյուծի հանդիպել ճանապարհին, քան թշնամի ունենալ տանը»: Իսկ թե ինչ ու ինչպես էր նա մտածում այդ «թշնամու» մասին, մեջբերենք Ճավճավաձեի դատողություններից մեկը և սրանով էլ եզրափակենք վրաց մեծ գրողի հակասական կերպարի մեր հակիրճ ակնարկը.
«… Բանն այն է, որ հայերը խոսքով ու գրչով երդվում են համայն աշխարհին, թե իբր հնուց ի վեր Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում, մինչև Տիգրիսի ու Եփրատի ակունքները, համարյա Սև ու Կասպից ծովերից, եղել է այսպես կոչված Հայաստան… Չբավարարվելով նրանով, որ խայտառակում են մեր անունը, զրկում մեզ ազգային արժանապատվությունից՝ նրանք, որպեսզի վերջնականապես ջնջեն մեզ աշխարհից, վերացնում են և՛ մեր ողջ պատմությունը, և՛ տարեգրությունները, և՛ պատմական մնացուկներն ու հուշարձանները, արյունով ներկված մեր ողջ վաստակը քրիստոնեության առջև և մեզ պատկանող մեր պատմական ունեցվածքը զանազան խարդախություններով վերագրում են իրենց: Ճիշտ է`«ստի ոտքը կարճ է», և խլելով կամ պակասեցնելով ուրիշի արժանիքները` քոնը չես ավելացնի, բայց «սեփական ցանկություններին գերու ականջը խուլ կլինի, լեզուն` սուր», ասում է վրացական ասացվածքը:
Հանուն ինչի՞ է բարձրացված փոշու այս ամպը, հանուն ինչի՞ են ճայթում թվացյալ կայծակներն ու որոտում ամպրոպները: Հանուն նրա, որ ապացուցեն, որ Այսրկովկասում գոյություն ունի միայն մի` հայկական ազգը, գոյություն ունի հնուց անտի, և ապագան, ավելի շուտ, պատկանում է նրան, քանի որ իբր նա պատմականորեն ապացուցել է իր բարոյական ու ֆիզիկական հզորությունը և անսասանությունը, և իր մտքի վեհությունը»:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

2 Responses to “Ո՞Վ ԷՐ ՃԱՎՃԱՎԱՁԵՆ ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՍՊԱՆԵՑԻՆ ՆՐԱՆ”

  1. Tatevik 18 Մարտի, 2011 at 10:43 ա. #

    շատ հետաքրքիր պատմություն էր․ որոշակի չափով համաձայն եմ Ճավճավաձեի հետ՝ հայերի բնավորության գծերի մասին․այն որ հայերը լավ մեծամիտ են ու երդվում են համայն աշխարհին ունեցած-չունեցածի մասին Ընդհանրապես ես ինչքան նկատել եմ, համարյա տարածաշրջանի ժողովուրդների մտավորականները ՝մեծամասամբ գրողները ,անպայման ինչ որ բան ասել են հայերի ու իրենց բնավորության մասին ու բավականին «կծու» կերպով․ Օրինակ Պուշկինը իր հայտնի տողերով․«Դու ստրուկ ես, դու վախկոտ ես, դու հայ ես», կամ Ճավճաձեն իր վերոհիշյալ նամակում եւ շատ շատերը, որոնք հիմա չեմ հիշում մեջբերելու համար․ Տեսնես ինչից՞ է․ նախանձից որ չեն կարողացել լինել մեր հայ գրողների պես(որոշ) խելացի ամեն բնագավառում ՞, թե հայերի շատ ցայտուն ,շեշտված դիմագծերի պատճառով․

  2. Sos Movsisyan 22 Ապրիլի, 2016 at 12:46 ա. #

    . Մեծագույն հետաքրքրույամբ կարդացի Հովիկ Չարախչյանի “Ո՞Վ ԷՐ ՃԱՎՃԱՎԱՁԵՆ ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՍՊԱՆԵՑԻՆ ՆՐԱՆ” հոդվածը: Ընդհանրապես պետք է նշեմ, որ Հովիկը լուրջ, խելացի ու լավատեղյակ գրականագետ է, նրա գրեթե բոլոր գրառումներն ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ: Այս հոդվածը ևս գրված է ժամանակի իրադարձություններին լավատեղյակ, անկողմնակալ գրականագետի գրչով: Իսկ Տաթեվիկի մեկնաբանությունները չափազանց մակերեսային են և պրիմիտիվ: Ինչ է նշանակում «հայերը լավ մեծամիտ են ու երդվում են համայն աշխարհին ունեցած-չունեցածի մասին»: Երևի միայն ինքը կարող է բացատրել, թե ինչ է ուզեցել ասել: Ո՞վքեր են «տարածաշրջանի ժողովուրդների մտավորականները…, գրողները», որոնք բավականին «կծու» բաներ են ասել հայերի մասին: Միայն տգետը և պատմությունն ու գրականությաունը խոհանոցային մակարդակով իմացող մարդը կարող է օրինակ բերել Պուշկինի հանրահայտ ստեղծագործության բացասական հերոսի բառերը, որպես Պուշկինի «կծու» վերաբերմունք հայերի նկատմամբ:

Leave a reply to Tatevik Չեղարկել պատասխանը