ԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ

24 Մյս

Հայ գրականության սև կարդինալը` գրող Նաիրի Զարյանը (1900- 1967), որի անմիջական մասնակցությամբ 1930-ականների ծանր տարիներին մեկը մյուսի ետևից կառափնարան ու աքսոր էին ուղարկվում մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչները, ի վերջո հասավ իր վաղեմի երազանքին` ամայացած գրական դաշտում մնաց առանց մրցակիցների ու իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Սեփական անձի ու դերի գերագնահատումը նրան այլևս ետ չէր պահում ոչ միայն գրչակիցների ու նրանց ստեղծագործությունների բախտը միանձնյա տնօրինելուց, այլև ժամանակ առ ժամանակ հանդգնում էր թույլ տալ արարքներ, որոնց հետևանքներն ու արձագանքը անցնում էին բոլոր հանդուրժելի սահմանները: Դրանցից մեկի մասին պատմող գրավոր վկայություն կա արխիվային ժողովածուներում:
Խոսքը վերաբերում է 1941-ի տարեսկզբին, երբ ցանկանալով իր 40-ամյակը վերածել համապետական նշանակության իրադարձության, Զարյանը զանազան միջոցառումներից զատ նախաձեռնեց նաև մի շքեղ կերուխում «Ինտուրիստ» ռեստորանում: Եվ հենց այդ օրն էլ կատարվեց այն, ինչին բոլորովին չէին սպասում հրավիրված սեղանակիցները: Պահպանվել է Հայաստանի գրողների միության վարչության արձանագրությունը` կազմված 1941 թ փետրվարի 19-ին, որտեղ հիշյալ միջադեպի մասին հետևյալն է ասվում.
«…. Փետրվարի 19-ին Հայաստանի սովետական գրողների միության վարչությունը քննեց պոետ Նաիրի Զարյանի հակահասարակական արարքի հարցը:
Նաիրի Զարյանը փետրվարի 10-ին «Ինտուրիստ» ճաշարանում՝ հոբելյանական բանկետի ժամանակ թույլ է տվել հակահասարակական վարմունք, բանկետի միջոցին կազմակերպելով դեբոշ և կոպիտ ու անթույլատրելի կերպով վիրավորելով բանկետի մասնակիցներին և նվագախմբի կատարողներին:
Միության վարչության նիստում ելույթ ունեցան գրողներ ընկ. ընկ. Դեմիրճյանը, Արազին, Սիրասը, Գ. Սարյանը, Հր. Գրիգորյանը, Վ. Գրիգորյանը և այլն, որոնք խստագույն կերպով դատապարտեցին Նաիրի Զարյանի արարքը: Խոսող ընկերները նշեցին, որ սովետական երկրում մեծ հարգ ու պատիվ ունի գրողը, այդ հանգամանքը պարտադրում է գրողին լինել ամենաօրինակելի քաղաքացի և իր վարմունքով օժանդակել կյանքում իրագործելու կառավարական որոշումները: Մինչդեռ Նաիրի Զարյանը իր հակահասարակական քայլով վարկաբեկում է գրողի կոչումը: Անհանդուրժելի վերաբերմունքը դեպի մարդիկ, որ ցուցաբերել է Նաիրի Զարյանը, միանգամայն անթույլատրելի է սովետական քաղաքացու համար:
Վարչությունը քննված հարցի առթիվ ընդունված որոշման մեջ նշելով և խստագույն կերպով դատապարտելով Նաիրի Զարյանի հակահասարակական արարքը և նրա կատարած քայլը անհամատեղելի համարելով Գրողների միության և նրա ղեկավար օրգանի անդամի կոչման հետ, որոշեց նրան անել խիստ նկատողություն և հեռացնել Հայաստանի սովետական գրողների միության նախագահության և վարչության կազմից»:

Պետք է ասել, որ մի քանի ամիս անց բռնկված Հայրենական մեծ պատերազմն ուղղակի փրկեց Նաիրի Զարյանին` դառնալով ռեաբիլիտացման հրաշալի պատրվակ: Շատ շուտով նա կրկին ձեռք բերեց նախկին ինքնավստահությունը, ամրապնդեց իր սասանված դիրքերն ու հետագա տարիներին բազմաթիվ այլ առիթներ ունեցավ ներկայանալու իր ճշմարիտ էությամբ…
Հավանաբար Զարյանին խորթ չէր նաև այն մտայնությունը, թե արտոնյալ կարգավիճակն այնպիսի մի բան էր, որը ժառանգաբար հորից որդուն է փոխանցում: Ամեն դեպքում նրա տղան` Հանրին (1928-1974), որը ծնողների օրինակով նույնպես որոշել էր իր բախտը փորձել գրողական ասպարեզում, որոշեց իր վարվելաձևով ետ չմնալ նշանավոր հորից: Վերջինիս մասին հետաքրքրական վավերագրեր են պահպանվում Հայաստանի ազգային արխիվի` Մոսկվայում Հայաստանի մշակույթի տան գրագրությունն ամփոփող ֆոնդում (ֆ. 629, ց. 1, գործ 32): Փաստաթղթերից առաջինը տեղեկացնում է այն մասին, որ Մոսկվայի հայկական մշակույթի տան հանրակացարանում 1948 թ. հունիսի 7-ից սենյակ է հատկացվել Հանրի Նաիրիի Զարյանին: Իսկ ահա երկրորդ` ռուսերեն փաստաթուղթը պատմում է, թե հայտնի գրողի որդին ինչպես է պատասխանել այդ հյուրընկալությանը.
«Հրաման թիվ 63
Հայկական ՍՍՀ մշակույթի տան
հունիսի 16,1948 թ.
Ժամանակավորապես հանրակացարանում բնակություն հաստատած Հանրի Զարյանի անպարկեշտ վարքի համար, ինչն արտահայտվել է ս.թ. հունիսի 16-ի ցերեկը իր կնոջ հանդեպ սկանդալային պահվածքով, որն էլ խաթարել է հանգիստը հանրակացարանում և հարուցել հանրակացարանի կենվորների վրդովմունքը, Հանրի Զարյանին հայտարարել խիստ նկատողություն և նրան նախազգուշացնել, որ հանրակացարանում հասարակական կարգի խախտման կրկնության դեպքում անմիջապես և անվերապահորեն կվռնդվի հանրակացարանից:
Հրամանի պատճենը, ինչպես նաև նրա հրահրած սկանդալի մանրակրկիտ բացատրագիրը ուղարկել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին կից արվեստի գործերի վարչության պետ ընկ. Գ. Ս. Դոմբաևին:
Հայկ. ՍՍՀ մշակույթի տան տնօրեն` Սարուխանով»:

Միայն 1953 թվից` Ստալինի մահից հետո Նաիրի Զարյանն ու նրա արբանյակները դառնությամբ և ափսոսանքով գիտակցեցին, որ վրա էր հասել իրենց աստեղային ժամի մայրամուտը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

One Response to “ԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ”

  1. հասմիկ աջամյան 12 Հունիսի, 2011 at 11:44 ա. #

    չգիտեմ, նրանք են ճիշտ ժամանակին,թե ժամանակներն են նրանց օգտին….
    նրանք կան ու կլինեն էլի….

Թողնել մեկնաբանություն