Պահոց | 1:41 ե.

Օտարի տունը քո տունը չէ

30 Մյս

Սոչի քաղաքի Լազարյան թաղամասի Վալկոնկա գյուղում հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ ու հրամանատար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցնելու մասին լուրը պիտի որ ընդունվեր ուրախությամբ և առանց որևէ լրացուցիչ զարմանքի: Կատարվածի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Աշխարհի ամենատարբեր անկյուններում են հայերը կանգնեցնում իրենց հերոսների հուշարձանները, խաչքարեր են տեղադրում, եկեղեցիներ են կառուցում, և դա դարձել է իրերի բնական ընթացքի պես մի բան: Այժմ էլ Անդրանիկի կիսանդրու տեղադրման գաղափարը պատկանում էր տեղաբնակ հայերին, որոնցից շատերը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Միջոցները կուտակվել էին հասարակական նվիրատվությունների հաշվին, քանդակագործ Մարատ Մինասյանի աշխատանքը երկար ժամանակ սպասում էր այդ օրվան, իսկ մայիսի 28-ը ամենահարմար առիթն էր արարողությունն ի կատար ածելու համար, ինչի կապակցությամբ շուրջ 5-6 հազար հայեր Կրասնոդարի երկրամասի տարբեր բնակավայրերից, Աբխազիայից և այլ քաղաքներից պատրաստվում էին ժամանել Սոչի:
Սակայն հետո կատարվեց ամենացավալին և ամոթալին: Հանկարծ հայտնի դարձավ, որ տոնի նախօրեին, գիշերը հրահանգ է եղել անմիջապես ապամոնտաժել հուշարձանը և արգելել ամեն կարգի միջոցառումների անցկացումը: Անդրանիկի կիսանդրին հանեցին տեղադրված վայրից: Նման դեպք, այն էլ Ռուսաստանի տարածքում, դեռևս չէր եղել: Ի՞նչ էր կարարվում, ովքե՞ր էին մեղավորները:
Բոլորին էր հայտնի, որ երբ եղան առաջին հրապարակումները այս վայրում Անդրանիկ Զորավարի արձանը կանգնեցնելու մտադրության մասին, դա իսկույն հարուցեց թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների կտրուկ հակազդեցությունը: Բայց հայ համայնքի նախաձեռնությունը պաշտպանեցին տարբեր կազմակերպություններ ու կառույցներ, այդ թվում` ոչ հայկական, և չկար մի բան, որ կարող էր նախանշել նման անփառունակ վերջաբանը:
Առաջինը թիրախի տակ հայտնվեց Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ): Ասվում էր, որ ապամոնտաժումը տեղի էր ունեցել ՌՀՄ-ի և հատկապես նրա ղեկավար Հրաչ Մակեյանի նախաձեռնությամբ, իսկ վերջինս էլ իր հերթին հրահանգ ստացել էր ավելի վերից, այսինքն անձամբ ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանից: Ավելի ուշ տեղեկացվեց, թե Ա. Աբրահամյանը, լսելով այդ լուրը, ասել է. «Առաջին անգամ եմ լսում այդ ամոթալի արարքի մասին և խիստ վրդովված եմ: Հենց վերադառնամ` անձամբ կփորձեմ հասկանել ինչ է կատարվել, և եթե տեղեկությունները համապատասխանեն իրականությանը, ապա ամենաարմատական որոշումները կընդունվեն»: Եվ մինչ կպարզվեր, թե ՌՀՄ-ն մեղքի ինչ չափաբաժին ուներ, զուգահեռաբար շրջանառվեցին ևս մի քանի հնարավոր վարկածներ, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի նման շրջադարձի: Նշվում էր Սոչի քաղաքի իշխանությունների ճնշումը, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին նախապես խոստացել էին թույլ չտալ հուշարձանի տեղադրումը: Ավելին, վերջիններս իբր հայտարարել էին, որ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա Թուրքիան կարող է հրաժարվել Սոչիում օլիմպիական շինարարությանը մասնակցելուց: Ինչ վերաբերում էր հայկական կողմի պահվածքին, ապա հայտնի էր դարձել, որ Սոչիի հայ հասարակական գործիչների հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ում Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը տեղեկացրել էր, թե ի վիճակի չէ ինչ-որ բան ձեռնարկել և խորհուրդ էր տվել կատարել իշխանությունների պահանջը: Մի խոսքով, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ Անդրանիկի հուշարձանի տեղադրման արգելքը գալիս էր հենց Կրեմլից:
Սակայն հապճեպ հետևություններ անելուց ձեռնպահ մնալու համար մի փոքր ետ գնանք և վերհիշենք, թե չարչրկված արձանը մինչև իր այս հանգրվանը ինչ ճանապարհ էր ստիպված եղել անցնել: Դեռևս
նախորդ տարվա նոյեմբերին էր, երբ Սոչիի ադրբեջանցիների համայնքի ղեկավար Ջամիլ Ալիևը հպարտորեն հայտարարում էր, որ իրեն հաջողվել է տեղի չինովնիկներին հասկացնել տալ, թե հուշարձանի տեղադրումը ինչպիսի բացասական հետևանքներ կունենա ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, ինչի արդյունքում Սոչիի քաղաքային իշխանության պաշտոնական ներկայացուցիչները վստահեցրել էին, որ կճշտեն այդ պատմության հետ կապված բոլոր հանգամանքները և թույլ չեն տա Անդրանիկի արձանի բացումը:
Այնուհետև եկավ այս տարվա փետրվարը, երբ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովն ադրբեջանական լրագրողների հետ զրույցում գեներալ Անդրանիկի հուշարձանը տեղադրելու նախաձեռնության մասին բառացիորեն հետևյալն ասաց. «Նման բան չի եղել և երբեք չի լինի»: «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հուշարձան տեղադրել, խնդրեմ, թող դա անեն իրենց հայրենիքում: Մենք հյուրընկալ ենք, մենք սիրում ենք բոլորին: Նրանք բոլորը մեր եղբայրներն են: Բայց այդ հարցը քաղաքական է, և նման հարցերը պետք է լուծել իրենց հայրենիքում»,- պարզաբանել էր նա:
Երիցս ճիշտ է այս Պախոմով կոչվածը: Ամեն բան անել էր պետք սեփական հայրենիքում: Եվ հերիք է այս ստորաքարշությունը, որի անունը մերթ ռազմավարական գործընկերություն են դնում, մերթ դարավոր բարեկամություն են կոչում, մերթ միասին հաղթահարած ճանապարհ անվանում: Պախոմովն ու նրա նմանները խորապես թքած ունեն, թե հայերն ինչեր են արել իր քաղաքի ու հայրենիքի համար, և թքած ունեն, որ Անդրանիկ Օզանյանը թուրքերի դեմ մարտնչում էր ռուսական բանակի հետ ուս-ուսի տված: Ու ինչու՞ այդպիսիններին չասել, թե Հայաստանում տասնյակ հուշարձաններ կան, որոնք նույն հաջողությամբ ռուսները կարող էին կանգնեցնել իրենց հայրենիքում, սակայն դեռ ոչ մի հայ չի համարձակվել արտաբերել այդ պահանջը, քանի որ վարակված չէ այն հիվանդագին քսենոֆոբիայով, որով այսօր տառապում են հազարավոր հյուսիսի բարեկամներ, իսկ Սոչիի իշխանավորների թվում դրանց թիվն աղետալիորեն շատ է: Բավական է միայն հիշել այն փաստը, որ հատկապես Սոչին դարձավ Ռուսաստանի եզակի վայրը, որտեղ այս տարվա ապրիլի 24-ին արգելվեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:
Ամոթալի դեպքը չի կարող իր հետևանքները չունենալ: Ներկայումս լուրեր են ստացվում այն մասին, որ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքում աճում է դժգոհությունը: Կատարվածը դատապարտել են նաև տեղի կոզակներն ու մի քանի այլ հասարակական կազմակերպություններ: Իսկ երեկ այնտեղի հայկական հասարակության պատվիրակությունը ուղևորվել էր Դոնի Ռոստով, ուր նախօրեին ժամանել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Սոչիի հայերը պահանջել էին նրանից բարձրացնել այդ հարցը, իրենց ձայնը հասցնել բոլոր հնարավոր ատյաններին:
Ոչ մի կասկած չկա. Հայաստանը կլռի: Լուռ կմնա արտգործնախարարությունը, բերանը ջուր կառնի սփյուռքի նախարարը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը չի հանդգնի խաթարել մեր անամպ հարաբերությունները մեծ եղբոր հետ: Ի՞նչ կարիք կա մեծ աղմուկ բարձրացնել Անդրանիկ Զորավարի համար, ով մեկ դար առաջ պատրաստ էր իր կյանքը զոհաբերել հանուն նրա, որ գալիք սերունդը գոնե մի գրամ արժանապատվություն ու հպարտություն ունենա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: