Պահոց | 11:50 ա.

ԿԱՐԼՈՍ ՖՈՒԵՆՏԵՍ

23 Մյս

Առեղծվածը կմեռնի, բայց ոչ թե ինչ-որ մեկի մեղքով, այլ հոգեցունց հիացմունքից… Այսպիսի բարձունքում, այսպիսի բարձունքում դու երբեք չես եղել: Այսպիսի անծայրածիր հեռաստաններ դու երբեք չես տեսել: Գետի քո տեսած հատվածը ընդամենը մի չնչին մասն է այն վիթխարի լայնքի, որի գոյությունը դու չէիր էլ ենթադրում… Եվ քեզ փոքր չես զգա, անխռով անորոշության մեջ մտահայելով ու մտահայելով` ամպերի հեռավոր կիտվածքները, ալիքավոր հարթությունը և երկնքի ուղղահայաց թռիչքը… Դու քեզ լավ կզգաս, հանգիստ… ամեն ինչից հեռու: Դու չես իմանալու, որ գտնվելու ես ծովից նոր ազատված հողերի վրա, որոնք ելել են վիթխարի լեռնազանգվածների հետ բախվելու և թույլ տալու երրորդային ժամանակաշրջանին, որպեսզի ճմրթի քեզ մագաղաթի նման… Եվ այս լեռան վրա, մինչև հորիզոն ձգվող հարթավայրերի վերևում, քեզ շատ բարձր կթվաս: Եվ դու քեզ կզգաս գիշերվա մեջ, անկյունում, արևից մոռացված ու ժամանակի մեջ… Այնտեղ վերևում արդյոք այդքան մոտի՞կ են իրար համաստեղությունները, ինչպես թվում են չզինված աչքերով նայելիս, թե՞ բաժանված են իրարից անհաշվելի ժամանակով… Մեկ այլ մոլորակ է պտտվելու քո գլխավերևում, և այդ մոլորակի ու քո ժամանակները միանման են լինելու` հեռավոր ու խավարտչին պտույտն, հավանաբար, հիմա սպառում է իր ժամանակի ինչ-որ հատվածը, ըստ մերկուրիական հաշվարկի միակ տարվա մեկ օրը, որը երբեք չի համընկնելու քո օրերի և տարիների հետ… Եվ այդ այսօրն էլ քոնը չէ, ինչպես նաև քոնը չէ իրականությունն այն աստղերի, որոնց կսկսեն նորից նայել` գուշակելով, թե արդեն հավանաբար կործանված ինչպիսի անցյալի է պատկանում այդ լույսը: Լույսը, որ տեսնում են աչքերդ, լոկ արտացոլանքն է այն լույսի, որը ճամփա է ընկել դարեր առաջ, քո ժամանակի դարերով չափված: Ապրու՞մ է դեռ այդ աստղը… Նա կապրի, քանի դեռ աչքերդ տեսնում են նրան: Եվ կիմանաս, որ նա մեռած է միայն այն գալիք գիշեր, երբ այլևս աչքերդ չի թափանցի լույսը, եթե նա դեռ ապրում է, լույսը, որին ուղարկում էր այն աստղը, երբ դեռ ապրում էր և որին դու տեսել ես միայն որպես արտացոլանքն հեռավոր անցյալի և օրհներգել ես քո հայացքով… Երկար ժամանակ կենդանի կհամարես այն, ինչ մեռել է արդեն: Իր մեռած սկզբնաղբյուրից լույսը գալու է ու հասնելու է այն հեռավոր ժամանակներում, գիշերով, փոքրիկ տղայի աչքերին… Հեռավոր անցյալում ժամանակը, որն հետո լցվելու է կյանքով, գործողություններով, խոհերով, բայց որը երբեք չի կարողանա ամուր կապել իրար անցյալի առաջին կետը գալիքի վերջին կետի հետ… Ժամանակը, որն ապրում է հիշողության միայն առանձին ցայտերի մեջ, ցանկության առանձին թռիչքների մեջ, բայց որը վերանում է այս տարօրինակ էակի մեջ մարմնավորված կյանքի սպառվելու հետ, էակ, ինչպիսին դու ես` երեխա կամ էլ մեռնող ծերունի, որը ինչ-որ կախարդանքով իր գիտակցության մեջ էր միավորել այն գիշեր լեռնալանջով սողացող փոքրիկ միջատներին վիթխարի լուսատուների հետ, որոնք տիեզերքի անծայր լանջերով սուրում էին լռությամբ պարուրված… Այդ խաղաղ պահին ոչինչ չի կատարվի երկրի վրա` լոկ դու ես ու երկնակամարը… Բոլորը կապրեն, կշարժվեն, կբաժանվեն փոփոխությունների հոսանքի մեջ և միաժամանակ կքայքայվեն, կծերանան և կկործանվեն առանց օգնության կանչ ու աղաղակ արձակելու…

(հատված «Արտեմիո Կրուսի մահը» վեպից)

Թարգմ. Հ. Գրիգորյան

%d bloggers like this: