Պահոց | 10:25 ե.

Ահմադինեժադը «վա բանկ» է գնում

10 Մյս

Իրանում ներքաղաքական ճգնաժամ է: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ Ալի Խոմենեիի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են: Լինելով իր տեսակի մեջ եզակի պետություն, որտեղ գործող քաղաքական իշխանության յուրահատուկ համակարգը նրա բոլոր թևերի վրա տարածում է հոգևոր առաջնորդի անսահմանափակ լիազորությունները, Իրանը այս նոր մարտահրավերը հազիվ թե կարողանա անհետևանք շրջանցել:
Ինչ վերաբերում է գժտության իրական պատճառներին ու շարժառիթներին, ապա դրանց մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել: Իսկ մինչ այդ տարածվում են ամեն կարգի հնարավոր ու անհնար վարկածներ: Դրանցից յուրաքանչյուրը կարող է խնդրահարույց դիտվել և հիմք հանդիսանալ երկու կողմերի լուրջ առճակատման համար: Սակայն համապարփակ պատկերացումների համար շատ ավելի նպատակահարմար պիտի լինի հայտնի փաստերը դիտարկել մեկ ամբողջության մեջ` չկառչելով խնդիրն անձնավորելու մտայնությունից:
Ի սկզբանե ասվում էր այն մասին, թե աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև հակամարտությունը ծագել էր իմամ Մահդիի անխուսափելի հարությանը նվիրված վավերագրական ֆիլմի պատճառով։ Խոսվում էր դրա առնչությամբ Ահմադինեժադի վեաբերմունքի մասին, ով Մահդիին հաճախ է հիշատակել իր ելույթներում, իսկ 2009 թվականին մի առիթով նույնիսկ հայտարարեց, թե Մահդիի հարությանը խոչընդոտում է ԱՄՆ-ը։
Սակայն առավել լայն հանրության ուշադրությունը բևեռվեց Թեհրանին այն ժամանակ, երբ որոշ արևմտյան թերթեր գրեցին, թե այաթոլլա Խոմենեին պահանջել է Ահմադինեժադից հրաժարական տալ: Այնուհետև հաղորդվեց, որ նախագահի մի քանի մտերիմ անձինք գտնվում են փակի տակ, նրանց հսկում են զինված մարդիկ, իսկ Ահմադինեժադը առաջիկա օրերին կհայտարարի իր հրաժարականի մասին: Դրան անմիջապես հետևեց տեղեկությունը լարվածության ֆորմալ պատճառի մասին: Հայտնի դարձավ, որ Ահմադինեժադը ցանկացել էր պաշտոնանկ անել Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին, սակայն Խամենեին վերջինիս վերականգնել էր իր պաշտոնում: Նման քայլից հետո նախագահը հրաժարվել էր հրապարակավ ճանաչել հեռացված նախարարի վերականգնումը։
Ինչ խոսք, միջադեպն ըստ էության «արժանի էր» անախորժ վերջաբանի: Սակայն մի շարք վերլուծաբանների կարծիքով, բոլոր խնդիրների պատճառը պետք է որոնել այլ տեղում, մասնավորապես երկրի փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի շուրջ, ում շատերը համարում են Իրանի փաստացի նախագահը: Խոսակցությունների համաձայն, Մաշային, ով Ահմադինեժադի հետ է շուրջ 25 տարի և կարող է լինել երկրի հաջորդ նախագահը, մշտապես գտնվում է պահպանողական ուժերի թիրախի ներքո: Վերջիններս քննադատում են Մաշայիին ազգայնական հայացքների, մշակութային ու սոցիալական հարցերում ազատական մոտեցումների համար:
Թվարկված բոլոր դեպքերը ներքին կնճիռներ էին, որոնք կարելի էր նաև հարթել, եթե չլիներ այն ծայրահեղ քայլը, ինչին անսպասելիորեն գնաց Ահմադինեժադը` բացահայտորեն բոյկոտելով իր պաշտոնն ու աշխատանքը: Հանկարծ հայտնի դարձավ, որ նա ոչ միայն բաց է թողել կառավարության երկու նիստ ու չեղյալ է հայտարարել Կում քաղաք նախատեսված այցելությունը, այլև օրեր շարունակ չի ներկայանում իր նստավայր: Սա աննախադեպ որոշում էր ոչ միայն Իրանի քաղաքական կյանքում: Կատարվածից ապշած խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջեցին անհապաղ փակ նիստ գումարել՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկրի նախագահը դադարել է կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Հաղորդվեց, որ շուրջ 300 խորհրդարանականներ հանդիպել էին նրա հետ և փորձել համոզել` իր լոյալությունը ցուցաբերել հոգևոր առաջնորդի նկատմամբ: Միևնույն ժամանակ պատգամավորների մեկ այլ խումբ էլ քննարկումներ էր նախաձեռնել` նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսելու համար:
Այս անգամ վերլուծաբանները դժվարությամբ էին բացատրություններ ու հիմնավորումներ գտնում միջադեպի առթիվ: Ոմանք ասում էին, թե քանի որ Ահմադինեժադը չի կարող բացահայտ դեմ դուրս գալ այաթոլլային, ապա նա ստիպված է իր դժգոհությունն արտահայտել այս կերպ: Բարդությունը կայանում էր նրանում, որ ի տարբերություն նախորդ անգամների, այժմ առկա տարաձայնությունները ժողովրդից թաքցնել չէր հաջողվել։
Ահմադինեժադն, իհարկե, վերադարձավ: Բացակայության 8-րդ օրը նա մասնակցեց կառավարության նիստին: Սակայն դա դեռ ոչինչ չէր նշանակում: Նրան սպասվում էր մի նոր հարված` նախորդներից ոչ թեթև, սակայն խիստ յուրահատուկ: Բանն այն էր, որ կրկին ձերբակալվեցին նախագահի մի քանի կողմակիցներ, միայն թե այժմ… կախարդության ու մոգության օգնությամբ պետական կառավարման մեղադրանքով։ Կալանքի տակ վերցվեցին նախագահի աշխատակազմի ղեկավարին մոտ կանգնած շուրջ 25 մարդ։ Ահմադինեժադը կառավարության նիստում հերքեց ամեն կարգի միստիկ բնույթի զբաղմունքների գոյությունը: «Եթե կախարդները ինչ-որ բան կարող են իրապես կախարդել, ինչո՞ւ չեն անում իրենց համար»,- հռետորական հարց հնչեցրեց նա: Բայց դրա հետ մեկտեղ նախագահը նաև հերքեց իր հակասությունները հոգևոր առաջնորդի հետ:
Այժմ թե Իրանում և թե նրա սահմաններից դուրս բոլորն անհամբերությամբ սպասում են այս դեպքերի նոր զարգացումներին: Քչերն են կասկածում, որ դրանք շարունակություն կունենան: Այսպիսի համոզվածության է մղում նաև այն տեսակետը, համաձայն որի Իրանի ղեկավարության ներսում ներկա տարաձայնություններն այլ բան չեն, քան սպասվող ընտրությունների նախապատրաստություն: Իրանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ. մարտի 2-ին: Իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է այդ երկրում հետզհետե հասունացող երկու մոտեցումների բախման մասին, որտեղ արմատական ուղղվածության առաջնորդը Խոմենեին է, իսկ քիչ թե շատ լիբերալ, պոպուլիստական թևը հարում է Ահմադինեժադին:
Բայց կա ևա մի` ոչ պակաս էական դրդապատճառ: Իրանում առկա ներքաղաքական լարվածությունն ու ներքին տարաձայնությունները մեծապես պայմանավորված են արտաքին աշխարհից եկող դժվարություններով ու ճնշումներով: Իսկ նման իրավիճակներում հաճախ է պատահում, երբ զոհաբերում են մեկին` մյուսներին փրկելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՖԻՐԴՈՒՍԻ

10 Մյս

ՇԱՀՆԱՄԵ

(ՌՈՍՏԱՄԻ ԵՎ ՍՈՀՐԱԲԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ)

Հայր ու որդի բաց արեցին մրցության մեծ ասպարեզ,
Կարճ տեգերով իրար վրա հարձակվեցին վագրի պես։
Երբ տեգերի կապանքները կտրտվեցին՝ երկուստեք
Կռվի ելան նժույգներով, առանց նիզակ, առանց տեգ։
Հնդկական կոտ թրերն առան ու զարկեցին մեկմեկու,
Երկաթակուռ թրերից բոց ու կայծեր էր բեկբեկում։
Փշուր-փշուր եղան նույնպես և թրերը ոսկեզօծ,
Կարծես ոչ թե մենամարտ էր, այլ հարություն մեռելոց։
Ապա ծանր սյունի նման բարձրացրին վերտ ու լախտ,
Հարձակվեցին իրար վրա մեկը մեկից ժիր, անհադթ։
Հուժկու զարկից ծռմռվեցին պիրկ լախտերը երկաթե,
Քիչ էր մնում նրանց հսկա նժույգները սայթաքեն։
Նժույգներից վար թափվեցին զրահները ծանրատար,
Պատառ-պատառ եղան նրանց հագուստները ամրակար։
Թե՛ ձիերը, թե՛ քաջերը կանգ առան մի ակնթարթ,
Նրանց զարկին չեր դիմանում ոչ մի կոպալ ու երկաթ։
Մարմինները քրտինքի մեջ, իսկ դեմքերը՜ փոշեպատ,
Հոգնությունից ու ծարավից հևում էին անընդհատ։
Հայր ու որդի իրար դիմաց կանգնել էին քիչ հեռու,
Հայրը մռայլ, սակայն որդու սիրտը քենով էր եռում…
Դաժան աշխարհ, զարմանում եմ, թե ի՞նչ գաղտնիք կա քո մեջ
Մերթ ամեն տեղ նորն ես կերտում, մերթ ավերում ամեն ինչ։

Կարծես երկու հսկաների սրտում չկար գութ ու սեր,
Իրոք, կարծես խելք չունեին, կամ ապրելու լավ հույսեր։
Անասունը իր ձագուքին ճանաչում է ցամաքում,
Ձուկը՝ գետի ու ծովի մեջ, սակայն իրար չեն լքում։
Լցված մոլի ագահությամբ մարդը չա՜ր է, չա՛ր այնքան,
Որ չգիտե որդին հորը, իսկ զավակը՝ հորն անգամ։
Ռոստամ-Զալը մտքում ասաց. «Ես չեմ տեսել մի վիշապ,
Որ այս ձևով իմ դեմ կռվի, ուժ ունենա սրաի չափ։
Շատ կարճ տևեց իմ կռիվը այն սպիտակ դևի դեմ,
Հիմա անհույս իմ ապագան ի՞նչ կլինի՝ չգիտեմ։
Մի մարդ, որ դեռ պատանի է, ո՛չ փորձ ունի, ո՛չ հռչակ,
Ո՛չ անվանի փահլևան է, ո՛չ գահ ունի և ո՛չ թագ.
Այսքան երկար ժամանակ ես մարտնչեցի սրա հետ,
Եվ բանակը երկու կողմի նայում էր մեզ ակնդետ…»:
Ու երկուսի ձիերը երբ հանգստացան, այնուհետ
Քաջերն առան գուրզ ու նիզակ, երկարակոտ վերտ ու նետ։
Ռոստամ-Զալը և Սոհրաբը ելան ուղիղ դեմ ու դեմ,
Ու քաշեցին աղեղները և նետերը սրաճեմ։
Իրար վրա արձակեցին նետերի մի հորդ անձրև,
Ամեն մեկը իր զենքն ուներ ու կռվելու շարժ ու ձև։
Բայց վագրենին ու երկաթը նրանց մարմինն էր ծածկում,
Այդ պատճառով ոչ մի սուր նետ նրանց կուրծքը չեր ծակում։
Հսկաները խիստ զայրացած մենամարտից այդ դժվար,
Առաջ ելան ու վագրի պես փաթաթվեցին պինդ իրար։
Ռոստամ-Զալը ուր էլ լիներ, երբ մղում էր թեժ պայքար,
Մեծ ժայռեր էր պոկում տեղից, նետում ինչպես պարսաքար։
Իր ամեհի ուժով սար էր շարժում, ինչպես ահեղ հողմ,
Հսկա քարը նրա ձեռքում կարծես լիներ փափուկ մոմ։
Ձեռքը մեկնեց ու նա բռնեց ամուր գոտուց Սոհրաբի
Ու ձիգ տվեց, որ վար գցի, բայց նա կպել էր թամբին։
Ռոստամ-Զալը դեռ տեղյակ չէր, որ նա ուներ մեջք ամուր,
Ռւստի ձեռքը դատարկ մնաց, սիրտը՝ ձեռքին անձնատուր։
Այնուհետև նա Սոհրաբի գոտուց ձեռքը քաշեց ետ
Ու զարմացած նայեց մի պահ, թե ո՞նց կռվի նրա հետ։
Այսպես, երկու ժանիքաբաց առյուծները կատաղի,
Կռվից հոգնած ցանկացան, որ մենամարտը քիչ պաղի,
Բայց Սոհրաբը թամբից պոկեց հսկա գուրզը, կատաղած
Խփեց Ռոստամ-Զսղի ուսին, որ նա ձիուց ընկնի ցած։
Ռոստան-Զաա երբ ցավ զգաց, սեգ Սոհրաբը ծիծաղեց,
Ասաց. «Զարկիս չե՞ս դիմանում, ո՜վ ծերունի հողմածեծ։


Քո տակինը ոչ թե ձի է, այլ մի թամբալ ավանակ,
Իսկ հեծվորը փահլևան չէ, այլ զինվոր է անճարակ։
Կարեկցում եմ, ո՛վ իրանցի, խնայում եմ ու խղճում,
Արյուն կաթեց քո ուսն ի վար, բայց քեզ ո՞վ է ճանաչում։
Թեկուզ ունես բարձր հասակ, ինչպես հպարտ մի նոճի,
Սակայն ծեր ես, քո դեմ ոչ ոք գուրզ ու նիզակ չի ճոճի»։
Ռոստամ-Զալը ոչինչ չասաց, լուռ կանգնել էր, քարացել,
Բայց զարմացավ, որ թշնամին ունի ճկուն շարժ ու ձև։
Նայում էին նրանք իրար մենամարտից հոգնած, կուշտ,
Անգամ դաշտը ձանձրացել էր պատերազմից արյունռուշտ։
Այնուհետև հսկաները թիկունք դարձրին մեկմեկու,
Մտածմունքի ծովը սուզվեց ամեն մեկը իր հոգում։
Բայց Ռոստամը նորից եկավ, որ թուրքերին հարվածի,
Նա նման էր որս որոնող ամենազոր առյուծի։
Իսկ Սոհրաբը թափահարեց սանձափոկը նժույգի
Ու հարձակվեց իրանական բանակի դեմ, որ ջարդի։
Նա զորքի մեջ ընկավ, ինչպես փարախ մտած սոված գայլ,
Սարսափահար իրանցիք նահանջեցին քայլ առ քայլ։
Թուրքերի մոտ, երբ որ գնաց Ռոստամ-Զալը մեծափառք,
Փոշմանեց ու հոգու խորքից քաշեց ծանր հառաչանք։
Նա տխրամած մտախորհեց, որ պատանին անկասկած
Կհարձակվի շահի վրա, որ խուճապի տա հանկարծ,
Քանզի ունի այդ գոռ թուրքը զենք ու զրահ երկաթե,
Ամուր ձեռքեր, հսկա նժույգ ու շեշտակի սուր նետեր։
Անմիջապես նա ետ եկավ իր զորքի մոտ արիցեղ,
Տեսավ զորքի մեջ է մտել սեգ Սոհրաբը կռվասեր։
Եվ այդ թուրքը իր բանակին ջարդոտում էր ձախ ու աջ,
Հողը ներկել էր արյունով, ինչպես գարնան ալ կակաչ։
Սեգ Սոհրաբը արյան մեջ էր թաթախել զենք ու զրահ,
Դաշտ ու դուրան դարձնելով կոտորածի լայն սրահ։
Ռոստամ-Զալը երբ այդ տեսավ՝ խենթի նման հոգեցունց
Աղաղակեց ամբողջ ձայնով, ինչպես հարբած մի առյուծ։
«Արյունախում, ո՜վ անգութ թուրք, — ասաց քաջը վշտակեզ,
Այս նահատակ զինվորներից ո՞վ է կռվի կանչել քեզ։
Ինչո՞ւ ինձ հետ չկռվեցիր, երբ կոչեցիր քեզ քաջայր,
Գաղտնի մտար փարախի մեջ, ինչպես ագահ սոված գայլ»։
Պատասխանեց Սոհրաբն այսպես. «Կտրիճները իմ արդար
Անտեղյակ են այս նախճիրին, ով փահլևան, հավատա։
Պատերազմի առիթ տվիր, ինքդ եղար լոկ պատճառ,
Քանզի ոխը լափլիզում էր քո քինառու սիրտը չար»։
Իսկ Ռոստամը պատասխանեց. «Մութը պատել է արդեն,
Լուսաբացին եկ ասպարեզ՝ պատերազմենք իրար դեմ։
Մենք երկուստեք կորոնենք մենամարտի հարմար տեղ,
Սպանվողի զորքը թող որ արցունք թափի հանց հեղեղ։
Մենամարտը ցույց կտա մեզ՝ ո՞ւմ գերեզման, կամ ո՞ւմ գահ,
Քանզի հաստատ բան չի մնում այս աշխարհում մինչև մահ։
Այս սրահում ով որ ձեռքին ունի նիզակ, վերտ ու նետ,
Նա չի մեռնի, քանզի բախտը պտտվում է նրա հետ»։
Ալ քաջերը բաժանվեցին… Մութը իջավ հետզհետ,
Երկինքն անգամ սևացել էր պատերազմից չարաղետ։
Պատերազմի համար էր նա կարծես եկել լույս աշխարհ,
Նա մղել էր քաջերի դեմ բազում կռիվ ու պայքար։
Թվում էր թե նա թամբել էր արագաճեպ քենի ձին,
Անընկճելի ոգի ուներ, հսկա մարմին ՝ պղնձի։

Յո՞ երթաս, Յովանովիչ…

10 Մյս

Վերջին շաբաթվա ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Պարզվեց, որ նա պատրաստվում է ավարտել իր եռամյա առաքելությունը մեր երկրում: Յովանովիչը հունիսի սկզբներին կլքի Երևանը և կվերադառնա Վաշինգտոն` ստանձնելու իր նոր պաշտոնը` Հյուսիային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի աթոռը:
Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ այս լուրը շատ անսպասելի էր, ապա դեսպանի մեկնումի փաստի մեջ իրականում տարօրինակ ոչինչ չկա: Տիկնոջ դիվանագիտական կենսագրությանը հետևելու դեպքում կարելի է նկատել, որ ոչ մի այլ աշխատանքում նա երեք տարուց ավել չի մնացել: Եվ այնուամենայնիվ զանազան կարգի ենթադրություններից լիովին ձերբազատվել չի հաջողվում: Ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում, և շատերն են մնում այն համոզման, որ Յովանովիչի հրաժեշտը հատկապես այս օրերին բոլորովին էլ պատահական չէ: Իսկ այդպես կարծելու համար նրանք ունեն մի քանի շարժառիթներ: Առաջին հերթին անհրաժեշտություն ծագեց մեկ անգամ ևս վերհիշելու, թե ինչպես և ինչ պայմաններում նա ժամանեց մեր երկիր: Դա դժվարին շրջան էր`2008-ի աշնանը, երբ Հայաստանում նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած դրամատիկ իրադարձություններից այնքան էլ շատ ժամանակ չէր անցել: Իսկ եթե ներքաղաքական լարված կացությանը գումարենք նաև այն փաստը, որ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հեռանալուց հետո Վաշինգտոնը մեր երկրում մոտ երկու տարի դեսպան չուներ, ինչն էլ իր հերթին բացասաբար էր անդրադարձել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի պատասխանատվության բեռով ու բարդ առաքելությամբ էր դիվանագետ տիկինը գալիս Հայաստան:
Այժմ` աչքի առաջ ունենալով երեք տարիների հանրագումարը, թերև կարող ենք ասել, որ Յովանովիչին հաջողվեց լինել հնարավորինս ակտիվ դեսպան, պահպանել հավասարաչափ շփումներ ինչպես իշխանությունների, այնպես էլ հայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակների հետ: Այդ ընթացքում ամերիկացի դեսպանը հայ-ամերիկյան հարաբերությունները հետզհետե վերադարձրեց իր նախնական վիճակին` զերծ մնալով ծայրահեղ քայլերից և անցանկալի մեթոդների գործադրումից: Չի կարելի ժխտել, որ նրա հաջողություններում նշանակալի դեր խաղաց նաև մարդկային նկարագիրը: Այսօր արդեն շատերն են հավաստում այն մասին, որ Յովանովիչը արագ ինտեգրվեց հայկական միջավայրին, ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ, սերտ կապեր է պահպանում հատկապես մշակույթի գործիչների ու արվեստագետների հետ:
Եվ հանկարծ Յովանովիչը հեռանում է Հայաստանից այնպիսի մի պահի, որը դժվար է այլ կերպ որակել, քան ներքաղաքական զարգացումների համար վճռորոշ ու հանգուցային շրջան: Շատ ավելի տրամաբանական պիտի լիներ, եթե փոփոխությունը հետաձգվեր կամ կատարվեր ավելի վաղ: Այդ իսկ պատճառով էլ թե այս փաստը և թե այն, որ իր գործունեության վերջին ամիսների ընթացքում դեսպանը հանդես եկավ մի շարք արմատական քայլերով, իրավունք տվեցին մտածել նրա պաշտոնաթողության այլ շարժառիթների գոյության մասին:
Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսք գնում: Առաջին հերթին այն, որ այս տարեսկզբից դեսպանը սկսեց ավելի հաճախ խոսել իշխանություն-ընդդիմություն առճակատման մասին: Նույնիսկ բանը հասավ նրան, որ քաղաքական դաշտում ոմանք իրենց դժգոհություններն արտահայտեցին առ այն, թե Յովանովիչի սերտ համագործակցությունը իշխանությունների հետ գերազանցում է թույլատրելի սահմանները: Դրան հաջորդեց ճիշտ հակառակ պատկերը: Այն պահին, երբ դեսպանը հրապարակավ խոսեց իշխանությունն իր ձեռքը վերցնելու հասարակության իրավունքի մասին, վերնախավն անմիջապես անհանգստության նշաններ ցուցաբերեց: Սակայն էլ ավելի զարմանալի էր դրա հանգուցալուծումը, երբ վերջին երկու ամիսներին իշխանություն-ընդդիմություն ենթադրյալ երկխոսության մեջ բանակցություններ սկսվելու հեղինակային իրավունքը վերագրվեց հենց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Խոսում են, որ այդ շրջադարձը կայացավ նրա պահանջով ու միջնորդությամբ:
Թե ինչն է այս ամենի մեջ ճշմարտանման, իսկ ինչը` հորինվածք, դժվար է ասել: Բայց և դժվար է հերքել, որ Յովանովիչի պաշտոնավարման շրջանը բարենպաստ ներգործություն ունեցավ և իշխանությունների, և նրանց ընդդիմախոսների համար:
Հաջորդ անհասկանալի քայլը, որ կատարեց ԱՄՆ դեսպանը, այն էր, որ նա այդպես էլ չմեկնեց Թբիլիսի, որտեղ կայանում էր Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչների հավաքը: Ի վերջո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրեց փոխդեսպան Բրյուս Դայնահաուն:
Եվ վերջապես չի կարելի մոռանալ նրա` ապրիլին արտասանած հանրահայտ ելույթը, երբ Յովանովիչը հայտնեց, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրություններում տեղ գտած խախտումների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
Իրենից հետո թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր, Յովանովիչը կմեկնի մոտ մեկ ամսից: Իսկ այդ ընթացքում արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելու պարագայում Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը կարող է լինել Ջոն Հեֆըրնը, որի գործունեության հիմնական ոլորտը երկար տարիներ եղել է Արևելյան Ասիան։ Վերջինս պաշտոնավարել է Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում ու Ինդոնեզիայում։ Այժմ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալն է։
Դժվար է ասել` արդյո՞ք վերստին չի կրկնվի հին պատմությունը` մի առ ժամանակ թափուր թողնելով Երևանում դեսպանի աթոռը: Լավատեսները հակված են կարծելու, որ ներկայիս հանգուցային փուլում Վաշինգտոնն այդ բանը չի անի, իսկ հաջորդ դեսպանն իր հերթին նոր քաղաքականություն չի սկսի և կշարունակի այն, ինչի կրողն էր Մարի Յովանովիչը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: