Պահոց | 1:33 ե.

ԻՆՉՊԵՍ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

27 Մյս

«Ես լսում էի Էրենբուրգին, և, չնայած նրա թվացյալ հանգստությանը, իմ առջև բացվում էր մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի խռովահույզ ու կրքոտ հոգին: Եվ որքան սրվում էր այդ հակասությունը, այնքան արտահայտիչ էին դառնում նրա աչքերը: Այդ աչքերը պետք է խոսեին կտավի վրա և ինձ ասեին այն, ինչ ես էի ասում նրանց, գուցե և ավելին…»,-իր հուշերում գրում է Մարտիրոս Սարյանը` Իլյա Էրենբուրգի հետ հանդիպման ու զրույցի տպավորությամբ: 1959թ. ստեղծած «Իլյա Էրենբուրգի դիմանկար»-ում գույնի վարպետը հենց գրողի աչքերի վրա էր ամենաշատն աշխատել` փորձելով ցույց տալ Հայաստանի հանդեպ ունեցած նրա ջերմ վերաբերմունքն ու սերը: Սակայն տասնամյակներ անց կողոպուտի զոհ դարձած այդ կտավում ճակատագրի հեգնանքով մեծապես տուժեցին հատկապես Էրենբուրգի աչքերը և վերականգնող մասնագետներից մեծ վարպետություն ու ջանք պահանջվեց գեղանկարչի աշխատանքին իր նախկին հմայքը վերադարձնելու համար…
Դա 1990թ.-ի դեկտեմբերի 9-ին էր: Երկու զինված երիտասարդներ ներխուժեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և պատահական ընտրությամբ 4 կտավ գողացան: Թանգարանի աշխատակցուհի Վարդուհի Ադամյանը մինչև այսօր էլ հիշում է, թե ինչպես սպիտակ «ժիգուլին» սլացավ Սարյան փողոցով` թափքում տանելով անխնամ փաթաթված թանկարժեք գողոնը: Այդ պահին գողերին կանգնեցնել չհաջողվեց, սակայն շուտով նրանք ստիպված եղան պատասխան տալ օրենքի առջև: Նույն տարվա մարտին Մոսկվայի օդանավակայանի պահոցներում գտնվեցին նկարներից երեքը` «Արարատը և Հռիփսիմեի վանքը» (1945), «Ծաղկող ծիրանենիների տակ» (1929) և «Աշտարակը» (1934): Շուրջ մեկ ամիս անց էլ նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող աղբանոցում հայտնաբերվեց չորրորդը` «Իլյա Էրենբուրգի դիմանկարը» (1959): 1990թ. տեղի ունեցածը գողության միակ դեպքը չէր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեռ դրանից երկու տասնամյակ առաջ` 1970-ականներին, հսկիչի անուշադրության պատճառով անհետացել էր Սարյանի վաղ շրջանի աշխատանքներից մեկը, որն այդպես էլ չգտնվեց: Հետագայում Սարյանի արվեստանոցից նաև Այվազովսկու կտավներից մեկը գողացան: Պատմում են, որ այդ «հերոսության» հեղինակ երիտասարդը նկարն իր սիրած աղջկա համար էր գողացել:
Կար ժամանակ, երբ մեզ մոտ մարդիկ մտածում էին, թե մշակութային արժեքների կողոպուտը միայն Արևմուտքին հատուկ երևույթ է: Այդ մասին պնդում էր մամուլը, դրա վերաբերյալ ֆիլմեր էին նկարահանվում: Եվ այդ մտայնությունը դեռ երկար կարող էր գերիշխող մնալ, քանի դեռ հայտնի չէին դարձել հայաստանի պատկերասրահներից առաջին կտավների անհետացման մասին:
Այժմ, համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ամեն տարի մշակութային արժեք ներկայացնող իրերի գողության 2-ից 3 դեպք է արձանագրվում: Սակայն խոսքը միայն հաշվառված իրերին է վերաբերում: Բանն այն է, որ անհատական հավաքածուներում գտնվող բազմաթիվ մշակութային արժեքների անհետացման դեպքում գրանցված չլինելու պատճառով դրանց սեփականատերերը ձեռնպահ են մնում հետախուզում հայտարարելու «գլխացավանքից»: Թեև ոչ հաճախ, սակայն Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի փնտրտուքները հաջող ավարտ ունենում են: Օրինակ` 1996 թվականին Մոսկվայի աճուրդում հայտնաբերվեց ազգային պատկերասրահից գողացված Այվազովսկու «Ծովը լուսնկա գիշերին» կտավը, որը վերադարձվեց Հայաստանին: Միջազգային հետախուզության միջոցով հայտնաբերվել և վերադարձվել է նաև Ապարանի մատուռներից մեկից գողացված 1690 թվականի «Մեռելհարոց» ձեռագիր Ավետարանը: 21 տարի անհայտության մեջ դեգերելուց հետո այժմ Երևան է վերադառնում Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» (1875 թ., կտավ յուղաներկ, 73×102 սմ) գողացված նկարը, որը փետրվարին պատրաստվում էին ներկայացվել Մոսկվայի հնարժեք իրերի աճուրդի «Հելոս» տանը: Նկարը 1990-ին անհայտ պայմաններում գողացվել էր Հայկական մշակութային կապերի ընկերության (ԱՕԿՍ) դահլիճից: Այն Երևան էր եկել 1957թ.-ին ֆրանսահայ հայտնի նկարահավաք Աբրահամ Ջինջյանի նվիրաբերած Այվազովսկու այլ նկարների հետ միասին, և ուղարկվել էր Ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) կողմից` իբրև նվեր ԱՕԿՍ-ին: Ի դեպ, Մոսկվայում կայացած աճուրդի ժամանակ նկարի մեկնարկային գինը 600 հազար դոլլար է եղել, սակայն, մասնագետների համոզմամբ, այն կարող էր հասնել անգամ մեկ միլիոնի: Նկատենք, որ միջազգային հեղինակավոր աճուրդներում և անգամ սև շուկայում հայկական մշակութային արժեքների պահանջարկն այնքան էլ մեծ չէ: Օրինակ, 2005թ. դեկտեմբերի 1-ին Լոնդոնում վաճառքի հաված Այվազովսկու նկարներից մեկի մեկնարկային գինը 480 հազար սթերլինգ է եղել, մինչևդեռ օրինակ Պիկասոյի նկարները վաճառվում են միլիոնավոր դոլլարներով:
Իր հարցազրույցներից մեկում արվեստաբան Շահեն Խաչատրյանը պատմում է, թե ինչպես է 1995 թվականին անձամբ հայտնաբերել, որ իր գլխավորած պատկերասրահից անհետացել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» կտավը: Որոշ ժամանակ անց այդ կտավի լուսանկարը հայտնվել է ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Մուսա» ամսագրում: Իրական տիրոջը հայտնաբերել և համոզել, որ կտավը Հայաստան վերադարձվի, պարոն Խաչատրյանին կարծես թե հաջողվեց, սակայն վերջնական արդյունքում դա այդպես էլ չստացվեց, քանի որ «նկարը գողացված էր մի՛ ժամանակ, գողությունը հայտնաբերված էր մի ա՛յլ ժամանակ, հետախուզումը հայտարարված էր շա՛տ ավելի ուշ»:
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից: Այն մշակութային արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանը մեկամսյա ժամկետում չի օգտվում գնման իրավունքից: Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանման են ենթակա մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, այդ թվում` մշակութային արժեքները, մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաները: Արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության, որն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:
Մշակութային արժեքների ապoրինի արտահանումը, ներմուծումն ու դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապoրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպեu նաև ապoրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց uեփականատերերին վերադարձնելու նպատակով արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահuկող լիազորված պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատաuխան մարմինների, ծառայությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ` ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Սակայն նկարիչներից շատերը համոզված են, որ գողացված նկարների մեծ մասը երկից դուրս չի գալիս: Նրանց կարծիքով` այդ նկարները Հայաստանից դուրս հանել հնարավոր չէ, ներսում վաճառել` նույնպես: Այստեղ արդեն երկու հավանական տարբերակ է առաջ գալիս. կամ դրանք մի տեղ պահվում են` հարմար պահին իրացվելու նպատակով, կամ էլ արդեն հայտնվել են մասնավոր հավաքածուների տերերի մոտ:
2009թ. հունվարի Նկարիչների միության նկարադարանից 7 նկարների գողության դրդապատճառները միության նախագահ Կարեն Աղամյանին բավական անհասկանալի էին, քանի որ անհետացել էին այնպիսի նկարիչների աշխատանքները, որոնց անունները ոչ մեկին ծանոթ չեն ու ոչինչ չեն ասում, մինչդեռ դրանց կողքին կային շատ ավելի արժեքավոր նկարներ: 2009թ. մարտի 31-ին էլ 18 կտավի գողություն էր արձանագրվել Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում: Հրազդանի պատկերասրահի տնօրեն Մանվել Վարդանյանի խոսքով` անհայտ անձինք կոտրել էին թանգարանի առաջին հարկի կողամասի ապակին, մտել թանգարան, բարձրացել 2-րդ հարկ և 18 աշխատանքները ցած իջեցրել: Պատուհանից հեշտ դուրս բերելու նպատակով աշխատանքներից 6-ի շրջանակները հանել էին: Գողացված կտավները, որոնց թվում են Փանոս Թերլեմեզյանի 3-4 կտավ, Մարտիրոս Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկարը», Մարիամ Ասլամազյանի` «Բանաններ վաճառող կինը» և «Լճափին», Բաշինջաղյանի 1 կտավ, Սուրեն Սաֆարյանի «Մայրը», Հմայակ Հակոբյանի` «Բանջարեղեններով նատյուրմորտ», «Լվացք անող կինը», Խաչատուր Եսայանի «Մայրամուտ» և «Ուշ աշուն» նկարները, բնօրինակներ են, բացի Այվազովսկու «Նավաբեկություն» կտավից: Դեպքից հետո Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այն կարծիքը հայտնեց, որ կատարվածը եղել է պատվերով գողություն:
Կողոպուտի ևս մի դեպ գրանցվել է ամռանը. հունիսի 10-ի ժամը 17.00-ից մինչև հունիսի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում: Տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով, չարագործները ներս են մտել և գողացել նկարիչ Ավետիք Չտչյանի վրձնին պատկանող կտավը՝ պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս:
Համանման դեպքերը եղել են ու դեռ էլի կլինեն: Մեր մշակութային օջախների, պատկերասրահների և թանգարանների պահպանության պարզունակ հնարավորությունները հրաշալի խայծ են նրանց համար, ովքեր հրապուրվում են արվեստի գլուխգործոցներով, սակայն ոչ արվեստասերի հակումներից դրդված: Իսկ մինչ այդ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ստեղծվում է «Մշակութային արժեքների պահպանական ցուցակ», որը պետական պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող և ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր է: Այնտեղ իրենց անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքները կարող են գրանցել ՀՀ բոլոր քաղաքացիները: Այդ ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ սեփականատիրոջ ներկայացրած հայտի համաձայն: 2007 թ. աշխատանքներ են տարվել ստեղծելու նաև այն իրավական հիմքերը, որոնց համաձայն պետության կողմից` պետական պատվերի շրջանակում, պետք է իրականացվի մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող արժեքների փորձաքննությունը, անհրաժեշտության դեպքում` նաև ամրակայումն ու վերականգնումը: Մշակութային արժեքների պահպանման գործակալությունը 2007 թ. ընթացքում հայտնաբերել և համակարգչային շտեմարան է հաշվառել 18 պետությունների թանգարանների, պատկերասրահների, կոլեկցիոներների և այլ հավաքածուներում առկա մեր մշակութային ժառանգությանը վերաբերող 3664 պատմական, հնագիտական, գեղարվեստական, ազգագրական, գրական և այլ արժեքներ: Իսկ 2007թ. սկսվել է արտասահմանյան երկրներում գտնվող հայկական մշակութային արժեքների հաշվառումը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մշակութաբան, լրագրող
«Մեգապոլիս» ամսագիր

G8-ը, Ղարաբաղը և հույսը

27 Մյս

Ֆրանսիայի առողջարանային Դովիլ քաղաքում գումարված աշխարհի ութ խոշորագույն երկրների ղեկավարների` «Մեծ ութնյակի» կամ, ինչպես ընդունված է ասել, G8-ի երկօրյա գագաթաժողովը քիչ բանով էր տարբերվում նախորդ հանդիպումներից, որոնք առավել հաճախ աչքի են ընկնել մեծ հավակնություններով, այլ ոչ թե գործնականում դրանք կիրառելու հետևողականությամբ: Նույն պատկերն էր նաև այս անգամ: Քննարկաման գլխավոր թեմաներն էին Մերձավոր Արեելքում առկա իրավիճակը, Հյուսիսային Աֆրիկայի հեղափոխությունները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և նույնիսկ ինտերնետի ապագային առնչվող հարցեր։ Սակայն, այս ամենով հանդերձ, երեկ մինչև ուշ երեկո Հայաստանում և հարևան երկրներում բոլորը Դովիլից սպասում էին այլ լուրերի: Գագաթաժողովի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին հանդես են գալու ԼՂ հակամարտության մասին համատեղ հայտարարությամբ:
Երեքի համատեղ հայտարարությունները լսելու առիթներ եղել էին նաև նախկինում: Այն, որը հրապարակվեց երեկ, Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջիններիս ընդունած երրորդ հայտարարությունն էր։ Նախորդները ընդունվել էին 2009 թվականի հուլիսի 10-ին` Ակվիլիայում և 2010 թվականի հունիսի 26-ին` Մուսկոկայում: Հիշեցնենք, որ կանադական Մուսկոկա քաղաքում հրապարակված տեքստում հակամարտության կողմերին կոչ էր արվել Խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելու համար արագացնել կարգավորման Հիմնարար սկբունքների համաձայնեցման գործընթացը: Բայց, ինչպես տեսնում ենք, անցած մեկ տարին որևէ նոր բան իր հետ չբերեց և չստեղծեց իրական հիմքեր տեղաշարժերի համար: Այնպես որ, երեկվա հայտարարության սպասելիքները որքան էլ մեծ լինեին, այնուհանդերձ կար արդարացված թերահավատությունը: Եվ այս իմաստով չափազանց հատկանշական էր այն, որ երեկ հրապարակված շարադրանքը իր շատ հատվածներում համարյա բառացի կրկնում էր այն, ինչն արդեն եղել էր:
Դովիլյան հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ էր անում քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը։ «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության»,- ասված էր Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի համատեղ հորդորում։ Գերտերությունների առաջնորդները նաև պարտավորություն էին ստանձնում. «Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:
Անմիջապես ասենք, որ արդեն ծանոթ ու հայտնի ձևակերպումների հետ մեկտեղ այս նոր հայտարարությունն առանձնանում է մի շարք էական տարբերություններով, որոնք առաջին հերթին պիտի հայտնվեն ուշադրության կենտրոնում: Դրանց շարքում հատկապես կարելի է կարևորել այն փաստը, որ երեք նախագահները իբրև հակամարտության կարգավորման հիմք դիտարկում են հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել էր այս տարվա մարտի 5-ին՝ Սոչիում: Ավելորդ չէ վերհիշել, թե հիշյալ փաստաթուղթն ինչպես սրերով ընդունվեց Ադրբեջանի կողմից և ինչպիսի ցավալի իրադարձություններ դրան հաջորդեցին սահմանային գոտում: Այժմ, երբ համանախագահող երկրները վերադառնում են այդ նույն պայմաններին, սա կարող է խիստ նախազգուշացում համարվել Բաքվի համար, և այս պարագայում ադրբեջանցիներն իսկապես մտահոգվելու պատճառներ կունենան:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր արձագանքը ոչ մի վայրկյան իրեն սպասեցնել չտվեց: Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո լրատվամիջոցները տարածեցին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի խոսքը: «Այսօր Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում և կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար», — ասված էր արտգործնախարարության պաշտոնական տեսակետում: Միևնույն ժամանակ Երևանը վերահաստատում էր իր հավատարմությունը Սոչիի պայմանավորվածությունների նկատմամբ և հավելում, որ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Հայաստանում այն կարծիքին են, որ իրենց համար չափազանց ակնհայտ է, թե ում էր հասցեագրված հայտարարության մեջ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը:
Արտգործնախարարի խոսքին հաջորդեց երկրի իշխող կուսակցության` Հանրապետականի դիրքորոշումը: Այստեղ նույնպես ասվում էր, որ Դովիլի պայմանները համահունչ են հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների հետ և բացահայտ նախազգուշացումներ են պարունակում` ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը:
Այս բոլորից հետո դժվար չէ կռահել, որ առաջիկա երկու-երեք շաբաթները կարող են լինել չափազանց թեժ ինչպես քաղաքական հարթության վրա, այնպես էլ շփման գոտում: Հունիսին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից առաջ կողմերից յուրաքանչյուրը կձգտի ամեն գնով ամրապնդել իր դիրքերը, իսկ նրանց պահվածքը վկայությունը կդառնա այն բանի, թե ինչ ուղեբեռով է յուրաքանչյուրը պատրաստվում մեկնել բանակցությունների: Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի երեկվա հայտարարությունն ընդամենը սրեց զգայարանները` սառը դատողության ու շրջահայաց լինելու համար կարճ ժամանակ հատկացնելով Հայաստանին ու Ադրբեջանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

27 Մյս

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
թուրքական արշավանքի դեմ համազգային ճակատ
ստեղծելու անհրաժեշտության մասին

25 մայիսի, 1918թ.
Հայեր,
Ծանր փորձություններ է ապրում մեր ժողովուրդը: Տաճկական բազմադարյան ստրկությունից հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ այդպես շարունակել այլևս չի կարող և վճռեց` կամ զենքը ձեռքին նվաճել իր ազատությունն ու ստեղծել իրան համար երջանիկ ապագա և կամ պատվով մեռնել…
Տաճիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտության բանակցություններն ու կնքված զինադադարը. նրանք, օգտվելով զինադադարից, առանց նախազգուշացնելու, անսպասելի կերպով հարձակվեցին ու գրավեցին Ալեքսանդրապոլը: Այս բանը վերջնականապես քայքայեց մեր զորքը, և զինվորները, ձգելով իրենց շարքերը, անկանոն կերպով փախան իրենց տները` թողնելով բախտի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը: Թվում էր, թե ամեն ինչ կորած է, և նենգ թշնամուն մնում է միայն շարունակել իր հաղթական ընթացքը դեպի երկրի ներսը` ստիպելով դրանով հայ ազգաբնակչությանը գաղթել իրեն բնակավայրերից և կորցնել իր ամբողջ ունեցվածքը:
Եթե դուք ցանկանում եք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցվածքը, եթե չեք ցանկանում ապրել ավելի վատթար ստրկության մեջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարության լծի տակ, եթե չեք ուզում, որ ամբողջ հայությունը կորչի, եկեք բոլորդ, ով զենք կրելու ընդունակ է, եկեք ձեր զենքով ու փամփուշտներով, վերցրեք ձեզ հետ հինգ օրվա ուտելիքեղենի պաշար, մինչև որ կարելի լինի զորքի կանոնավոր պարենավորումը կազմակերպել:
…. Լավ գիտեցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ, և այն ժամանակ վայ մեզ ու մեր հետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միայն անեծքով կհիշեն մեզ: Մենք հույսը պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա և եթե այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զորքին, չլրացնենք մեր շարքերը զինվորներով ու չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներով, մենք կորած ենք: Լավ իմացեք, որ եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ և ոչ մեր սերունդներին:

Հայկական կորպուսի հրամանատար
գեներալ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

%d bloggers like this: