Պահոց | 9:40 ա.

ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼ

18 Մյս

Մտածելը հանդգնություն է: Միայն Աստծուն է պատկանում այդ իրավունքը, այդ արտոնությունը: Մտորումները պետք է հանդարտ ծավալվեն զով անդորրի մեջ: Իսկ մեր թշվառ սրտերը շատ ուժեղ են բաբախում, և մեր ուղեղը չափազանց տաք է դրա համար… Անիծյալ քամի: Առաջ նա երևի փչել է բանտի միջանցքներում և դատապարտյալների մենախցերում, փչել է հիվանդասենյակներում, իսկ հիմա եկել հասել է այստեղ և շարունակում է փչել անմեղ գառան տեսքով: Հեռու… Եթե ես քամի լինեի, երբեք չէի փչի ու անցնի այս արատավոր, ստոր աշխարհով: Եթե քամի լինեի, կթաքնվեի որևէ մութ քարանձավում: Բայց չէ՞ որ քամին վեհ է ու խիզախ: Ո՞վ կարող է, ե՞րբ կարող է հաղթահարել քամուն: Քամու դեմ բոլոր ճակատամարտերում վերջին խոսքը մնում է նրան, վերջին հարվածը պատկանում է նրան: Իսկ եթե բռունցքներդ սեղմած նետվես վրան, քեզ կհաջողվի միայն անցնել նրա միջով: Հա-հա… Վախկոտ քամի, դու հարձակվում ես անպաշտպան մարդու վրա, պարտության մատնում նրան, բայց ինքդ սարսափում ես թեկուզ մի պատասխան հարված ընդունելուց… Այնուհանդերձ, ես դարձյալ կրկնում եմ և պատրաստ եմ երդվելու, որ քամին նույնպես ինչ-որ շատ վեհ է ու ազնվական բան ունի: Հենց թեկուզ, օրինակ, տաք պասատները, որ փչում են մաքուր երկնակամարի տակ իրենց հաստատուն և շոյող հզորությամբ: Եվ երբեք չեն շեղվում իրենց նպատակից, որքան էլ խուսանավեն ու գալարվեն ծովային ստոր հոսանքները… Եվ, երդվում եմ հավերժական բևեռներով, հենց այդ պասատներն էլ առաջ են մղում իմ նավը, հենց այդ պասատները կամ դրանց նման հուսալի և հավատարիմ ինչ-որ ուժեր առաջ են մղում իմ հոգին…

(Հատված «Մոբի Դիկ» վեպից)
Թարգմ. Կ. Սիմոնյան

%d bloggers like this: