Պահոց | 1:34 ե.

ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿ

16 Մյս

ՈՒՄ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Մի հետաքրքրասեր աշակերտ ուսուցչին հարցնում է.
— Ասացեք, խնդրեմ, ու՞մ են մարդիկ ավելի շատ գնահատում` նրա՞նց, ովքեր շատ են խոսում, թե՞ նրանց, ովքեր քիչ են խոսում:
Ուսուցիչը պատասխանում է.
— Առավոտից առավոտ ճահճում կռկռում են գորտերը, բայց ոչ ոք նրանց վրա ուշադրություն չի դարձնում: Աքաղաղը կանչում է միայն լուսաբացին, և մարդիկ լսում են նրան, վեր են կենում ու անցնում գործի:

Դուռդ բաց պահիր արյունակցիդ առաջ

16 Մյս

Այն պայմաններում, երբ անվերջ խոսվում է Հայաստանից մեկնել ցանկացողների ու արտագաղթի աղետալի ծավալների մասին, և հաճելի, և մի փոքր էլ զարմանալի է, որ հնարավոր է ականատեսը լինել նաև հակառակ պրոցեսին: Սակայն եղածը փաստ է. Ղրղզստանում բնակվող համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Արցախում: ԼՂՀ-ում վերաբնակվելու ծրագիր մշակելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել Ղրղզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը: Նա պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ և տեղի իշխանությունների հետ քննարկել մոտ 200 ընտանիքի տեղափոխման հետ կապված հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել այն վայրերը, որոնք նորաբնակների համար կլինեն առավել նպաստավոր: «Մեր տեղն այստեղ է` Հայաստանում։ Ճակատագրի բերումով 250 տարի տեղից տեղ ենք գաղթել՝ Աջարիա, Միջին Ասիա… Վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է Կարաբաջակովը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համշենահայերը զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, տեղափոխվողները ցանկություն են հայտնել բնակության նոր վայրում շարունակել նույն զբաղմունքը, իսկ ընդունող կողմը կփորձի առավելագույնն անել` նրանց կենցաղին և զբաղմունքներին համապատասխան միջավայրի ձևավորման համար: Իբրև սկզբնական տարբերակ ասվում է, որ համշենահայերը բնակություն կհաստատեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Իսկ եթե նույնիսկ տեղը վերանայվի, դարձյալ նրանց հող և տնտեսություն վարելու միջոցներ կհատկացվեն: Ծրագիրը կֆինանսավորվի այնքան ժամանակ, քանի դեռ հայրենադարձվածները լիովին չեն ինտեգրվել ու ոտքի չեն կանգնեն։ Նշենք նաև, որ պետական աջակցությունից բացի այս նախագծով հետաքրքրված են Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները, ովքեր հնարավորության սահմաններում կօգնեն նրանց։
Ի դեպ, տեղին է վերհիշել, որ սա վերաբնակեցման առաջին փորձը չէ: Նման ցանկություն և անհրաժեշություն կար նաև 1980-ականների կեսին, երբ քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից ու Աբխազիայից, իսկ մահմեդականներին՝ Միջին Ասիայից Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու ծրագիր էր մշակվել։ Սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել այլևս չհաջողվեց։ Ու եթե նույնիսկ այժմ ասվում է այն մասին, որ ներկայիս նախաձեռնությանն ըստ էության նպաստում են Ղրղըզստանում առկա լարվածությունն ու մերթընդմերթ բռնկվող միջէթնիկական բախումները, դարձյալ ներգաղթը միայն այդ հանգամանքով պայմանավորելը սխալ պիտի դիտվի:
Ինչպես և պետք էր սպասել, Բաքուն իրեն հատուկ աղմկարարությամբ արձագանքեց հայկական կողմի որոշմանը: Նրանց առարկությունների էությունն արտացոլվեց Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հղված նամակում, որտեղ կուսակցությունն իր բողոքը հայտնելով «օկուպացված տարածքներում այլ երկրներից հայկական ընտանիքների վերաբնակեցման» առնչությամբ, նշվում էր նաև, որ համաձայն ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության հաշվետվության, որը կազմվել էր 2010 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը սահմանամերձ շրջանններ կատարած այցելության արդյունքում, «Հայաստանը ապօրինի կերպով վերաբնակեցնում է ադրբեջանական տարածքները և վերջին ժամանակներում այդ տարածքներ տեղափոխվել են 15 000 հայեր այլ երկրներից»:
Ինչ խոսք, եթե ծարագիրը կյանքի կոչվի, ոչ ոք ականջ չի կախի ադրբեջանական զազրախոսությանը: Հայկական կողմն այս խնդրում առավել քան շահագրգռված պիտի լինի, քանի որ հայրենակիցների վերադարձը մեծ հաշվով պետք է դիտարկել իբրև մեր անվտանգության բաղադրիչներից մեկը: Միայն թե բարի ցանկություններից այն կողմ դեռ գոյություն ունեն բազում խոչընդոտներ, որոնց հաղթահարման մասին մտահոգվելու ժամանակը թեև վաղուց էր եկել, սակայն, ինչպես ասում են, երբեք ուշ չէ: «Սա մի գործընթաց է, որին պետք է շատ լրջորեն մոտենալ: Նախ այդ գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել: Ցավոք, մենք այս առումով դառը փորձ ունենք: Ժամանակին մենք մարդկանց որոշ խմբերի խրախուսել ենք վերաբնակվել Արցախում, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում մարդկանց մոտ հիասթափություն է առաջացել»,- անկեղծորեն հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Հիասթափությունը նման պարագայում պիտի որ բազմաշերտ լինի: Տարիներ շարունակ մեր իշխանությունները հավաստիացնում էին, թե իրենք անհրաժեշտ ուշադրություն են հատկացնում հիշյալ խնդրին, ունեն ծրագրեր և միջոցներ են տրամադրում այդ նպատակի համար: Իսկ այժմ, երբ եկել է հարցին ուղղակիորեն առնչվելու ժամանակը, հանկարծ պարզվել է, որ փաստացի ոչինչ էլ արված չէ և մեծ հաշվով ամեն բան պիտի սկսվի զրոյից:
Ոմանք էլ համշենահայերի վերաբնակեցմանը հայացք նետեցին այլ դիտանկյունից: Ողջունելով նրանց տեղափոխման փաստը, դրա հետ մեկտեղ տեսակետ հնչեց այն մասին, որ վերջիններիս առջև կրոնափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու պայմանն առաջինը պետք է դրվի։ Միանգամից ասենք, որ սա փոքր-ինչ չափազանցված ու ծայրահեղացված մոտեցում է: Չմոռանանք, որ մեծամասնությունը կրոնափոխության դիմել է հարկադրաբար, և այդ երևույթը դատապարտելուց առաջ թերևս արժե մի պահ պատկերացնել այն հանգամանքներն ու պայմանները, որոնց միջով անցել են այդ մարդիկ: Մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ հանրությունը համշենահայերի հարցի մասին պետք է դրսևորի մեկ ընդհանուր կեցվածք ու վերաբերմունք, ինչն ավելի դյուրին կդարձնի վերաինտեգրման գործընթացը: Այսինքն հարկ է աջակցել, այլ ոչ թե դատողություններ անել ու գնահատականներ տալ:
Պաշտոնական տվյալները վստահեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից տարածքներում վերջին տարիներին վերաբնակեցված անձանց թվի նկատելի տեղաշարժ է արձանագրվել, իսկ մի քանի ամիս առաջ ևս 200 ընտանիք տեղափոխվել են Քաշաթաղի շրջան: Դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքի այն երկրներում, ուր հոծ հայկական համայնքներ կան և որտեղ այժմ բուռն ներքաղաքական իրադարձություններ են ծավալվում, ցանկացած պահի կացությունը կարող է դառնալ պայթյունավտանգ, ինչն իր հերթին ենթադրում է հայերի որոշ խմբերի վերադարձ Հայրենիք: Այս պարագայում մեր պատրաստվածության աստիճանը պարզապես պարտավոր է լինել փոքր-ինչ ավելին, քան առկա է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

16 Մյս

Ոչինչ չկա հավերժական, և հարատևն էլ շատ չէ: Դյուրին չէ ճանապարհը երկրից դեպի աստղերը: Մեր միտքը ճեղքում- անցնում է երկնային ամրությունները` չբավականանալով նրանով, ինչը անմիջականորեն մատչելի է իրեն: Եթե մենք բավարարվենք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չենք գտնի: Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ միայն` փորձելով դրանք կիրառել գործի մեջ: Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ նրա համար, որ դժվար է: Այն դժվար է հատկապես նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել: Եվ ավելի հաճախ օգտվեք ականջներից, քան լեզվից: Նախքան ուրիշներին ինչ-որ բան ասելը ասեք դա ինքներդ ձեզ: Նախքան խոստանալը մտածեք, բայց եթե արդեն խոստացել եք` կատարեք:
Երբ գիտես, թե ինչի ես սպասում` ավելի հեշտ է կրելը: Տառապանքներ չզգալը բնորոշ չէ մարդուն, իսկ դրանք կրել չկարողանալը վայել չէ տղամարդուն: Ով ոչնչից չի հուսադրվում, նա հուսահատվելու էլ ոչինչ չունի: Ով վախվխելով է խնդրում, նա մերժում է հայցում: Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից: Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ լինելուց, իսկ անմաքուրին վախեցնում է նույնիսկ միայնությունը: Իսկ երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: Համերաշխին բախտը տանում է, անհաշտին` ուժով քարշ է տալիս: Եթե հետագա աճ չկա, նշանակում է մոտ է մայրամուտը:

ԼՈՒԻՋԻ ՊԻՐԱՆԴԵԼԼՈ

16 Մյս

«… Ահա և բոլորը… Մի բան է միայն տխուր, թանկագիններս. տխուր է, որ դուք հասկացել եք խաղի իմաստը: Ես ասում եմ խաղի մասին ծաղրասեր սատանայաճտի, որը կա մեզնից յուրաքանչյուրի ներսում և որը զվարճանում է նրանով, որ մեզ արտաքին իրականություն է ներկայացնում այն ամենը, ինչը քիչ անց հենց ինքն էլ բացահայտում է որպես պատրանք: Եվ այդ ժամանակ նա սկսում է ծաղրել այն պատրանքները, ինչ մենք դրա պատճառով ապրել ենք, և ծաղրել մեզ, ինչպես ինձ հետ է անում այն պատճառով, որ մենք չենք կարողանում անձնատուր լինել պատրանքին, որովհետև նրա թիկունքում ոչ մի ուրիշ իրականություն չկա: Ուրեմն` մի գանգատվեք: Անձնատուր եղեք ձեր կրքերին, տառապեք` չմտորելով այն մասին, որ դա ոչ մի բանի չի հանգեցնում: Եվ քանի որ չի հանգեցնում, ապա ուրեմն չպիտի հանգեցնի, և հետևաբար զուր է որևէ ելքի ձգտումը: Հարկավոր է ապրել, այսինքն խաբվել` հնարավորություն տալով ծաղրասեր սատանայի ճտին խաղալ մեր ներսում, մինչև որ հոգնի, և հիշել, որ այս ամենը կանցնի… կանցնի…»:

(«Ծերերն ու երիտասարդները» վեպից)

%d bloggers like this: