Պահոց | 10:41 ա.

ՀԱՊԿ-ն մեզ կօգնի, եթե….

20 Մյս

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերով «Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարներ» միջազգային երկօրյա խորհրդաժողովը Երևան էր բերել ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, այնպես էլ դաշնակից պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարների ու փորձագետների: Ու թեև քննարկման թեման առավել քան տարողունակ և բազմաճյուղ էր, այն գերազանցապես առնչվեց Ղարաբաղի հիմնահարցին: Դրան հակված էին ինչպես տանտերերը, այնպես էլ հյուրերը: Հայկական կողմն ամեն գնով ցանկանում էր լսել հավաստիացումներ, որ պատերազմի վերսկսման դեպքում իրեն մենակ չեն թողնի, ՀԱՊԿ-ն ( կամ ավելի ճիշտ կլինի ասել` Ռուսաստանը) աշխատում էր հեռու մնալ ուղղակի պատասխաններից:
Սակայն պետք է ասել, որ այնուամենայնիվ որոշ բաներ հնչեցին: Հայաստանի դիրքորոշումը հնչեցրեց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի համապատասխան արձագանքի վրա։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք հույս դնել ՀԱՊԿ–ի մեր դաշնակիցների համապատասխան արձագանքի ու աջակցության վրա, որոնք առաջին հերթին պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ, երկրորդ՝ հստակ հնարավորություններ ագրեսիային օպերատիվ արձագանքելու համար»,- ասաց նա: Փոքր-ինչ անհասկանալի է, թե Օհանյանն ի՞նչ իրավունքների մասին էր ակնարկում: Պարզ է, իհարկե, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա: Սակայն ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, և այդ հանգամանքը միշտ էլ կարող է արդարացնող փաստարկի դեր խաղալ մյուս երկրների ձեռքին, ովքեր պարտավորություն են ստանձնել օգնել Երևանին, բայց ոչ Ստեփանակերտին:
Առայժմ հստակ է միայն այն, որ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում դաշնակիցներն անտարբեր չեն մնա: Իսկ թե ինչպե՞ս ու ի՞նչ ձևերով կդրսևորվի վերջիններիս միջամտությունը, այս հարցի պատասխանը դեռևս խիստ մշուշոտ է: Բորդյուժան ինքն էլ խուսափեց բացատրությունից և ասաց, թե որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու համար: Ընդ որում` հատուկ ընդգծվեց, որ ՀԱՊԿ-ն դեմ է հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու ցանկացած փորձի, ինչպես նաև անթույլատրելի է համարում պետության մեկուսացումը, քանի որ այդ դեպքում խախտվում է հավասար անվտանգության սկզբունքը:
Ռուսներն այս ընթացքում երկու մտահոգիչ միտում են արձանագրել: Առաջինը նրանց համար ճգնաժամերն ուժային տարբերակով լուծելու միտումն է և նման մոտեցումներն այլոց վզին փաթաթելու փորձերը, իսկ երկրորդը` այլ պետությունների գործերում ոչ ուժային միջամտության աճը քաղաքական ու տեղեկատվական ազդեցության միջոցով: Պետք է նկատել, որ հիշյալ դիտողությունը կարող էր հավասարապես հասցեագրված լինել նաև Հայաստանին: Սակայն սրանով հանդերձ Մոսկվան չի պատրաստվում անտեսել իր դերը որպես կայունության և անվտանգության ապահովման գործոնի:
Ի տարբերություն պաշտոնական անձանց, խորհրդաժողովի մյուս մասնակիցները շատ ավելի անմիջական և բացահայտ էին իրենց կարծիքներում: Մեծամասնությունը տոգորված էր այն լավատեսությամբ, թե հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը դրան անտարբեր չի վերաբերվի և անհապաղ միջոցառումներ կձեռնարկի: Հակառակ դեպքում կխափանվի Ռուսաստանի միջնորդ դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Պետք է ենթադրել, որ ամեն դեպքում Հայաստանի մտահոգություններն այստեղ որոշ չափով արժանացան ըմբռնումի: Մասնավորապես հիշեցումն այն մասին, որ աշխարհագրական դիրքի թելադրանքով Հայաստանը ՀԱՊԿ–ի դաշնակիցների հետ սահմաններ չունի, հյուրերի համար միանգամայն բնական էր դարձնում մեր ձգտումը` իրավիճակը շուտափույթ կերպով հաղթահարել: Բայց միևնույն ժամանակ կռահելի էր, որ ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողութունների վերսկսման դեպքում հանրապետությունը ստիպված կլինի ամբողջովին ներգրավվել ռազմական գործընթացի մեջ, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
Առանձնակի հնչեղություն ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքը, որը հնչեց կոչի պես. «Ռևանշիստներին զիջել չի կարելի, պետք է հասնել նրանց գաղափարական պարտությանը»: Իսկ հետո նա նշեց, որ բոլորի ուշադրությունը հակամարտության լուծման միայն երեք սկզբունքների վրա է կենտրոնացած, սակայն կա նաև չորրորդ սկզբունքը` «հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Երևանյան հավաքին ուշի ուշով հետևող Բաքուն այս ամբողջ «հակաադրբեջանական» կամպանիան անտեսել չէր կարող: Մեկնաբանելով խորհրդաժողովի ժամանակ հնչած ելույթները, Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը դրանք «նոնսենս» որակեց: «Ադրբեջանը չի հավակնում ոչ մի պետության տարածքին և չի սպառնում որևէ պետության անվտանգությանը: Սակայն Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր մեխանիզմները իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասված էր նրան տարածած հայտարարության մեջ: Իր հերթին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Նիկոլայ Բորդյուժայի այն միտքը, թե «ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տիրող իրավիճակը հղի է սրմամբ՝ պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ավելացած ռազմական հռետորաբանությամբ», հարց էր տալիս. «Բորդյուժան պատկերացում ու՞նի արդյոք, թե ով է հանդիսանում օկուպանտ կողմը։ Չենք ուզում հավատալ, որ նա այդքան միամիտ է։ Նա շատ լավ տեղեկացված է։ Սակայն նրա ելույթի ենթատեքստից Ադրբեջանն ըմբռնում է, թե նա ինչ է ուզում ասել»:
Անկասկած, Բորդյուժան միամիտ չէ: Եվ լավ է, որ Բաքվում հասկացել էին, թե նա ի՞նչ էր ասում: Մնում է հուսալ, որ յուրաքանչյուր արտասանված խոսքի թիկունքում կա նաև գործը ու դրա պտուղները կտեսնենք նաև մենք: Ամեն դեպքում, ՀԱՊԿ ղեկավարությունը հավաստիացնում է, որ 2011 թվականը դառնալու է ՀԱՊԿ համախմբման ու արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման տարի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճգնաժամային արձագանքման, արագ արձագանքման համատեղ ուժերի և խաղաղարար ուժերի կիրառման մեխանիզմների մշակմանը: Իսկ իբրև լրացում նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ԿՏԱԿԸ

20 Մյս

«Այո՛, ալ հիմա հավատացի թե կը ծյուրիմ եղեր, գիտեմ թե ալ շատ չապրիմ պիտի: Ահ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Չգիտեմ ինչ գրեմ. կզգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարում մ’եմ. քայքայում մ’եմ գիտեմ այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինեն. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:
Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցաշ ըլլամ աշխարհեն:
…Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:
…Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.
Երգել, աղոթել ու սիրել… Ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք…
Եղբայր, ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ:
Եղբայր, ահա ես կիջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին (անշուշտ թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ):
Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտի…Ուշս տարտղնած է եղբայր իմ:
…Գիտեմ, քիչ ատեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
…Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…
Մնաք բարյավ»:

%d bloggers like this: