Պահոց | 8:44 ե.

Վերքը և դրա սպեղանին

17 Մյս

Տեղեկատվական սադրանքը, որի նպատակը Հայաստան-Իրան հարաբերություններում լարվածություն հարուցելն էր, որոշ իմաստներով հասավ իր նպատակին: Հայտնի իրավիճակի նմանությամբ, երբ մի հիմար քար է գլորում ձորը, իսկ հազար խելոք փորձում են այն դուրս հանել, երկու հարևան երկրները ձեռնամուխ եղան հապճեպ կերպով ճեղքվածքը փակելու գործին: Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ իմամ-ջումա այաթոլլահ Սեեդ Հասան Ամելիի հայտարարությունը, թե Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն աջակցել է ադրբեջանական կողմին, հեշտորեն մոռացության տրվող վիրավորանքներից չէր:
Խոցված հայերին հանգստացնելու համար Թեհրանն անմիջապես Երևան գործուղեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին` նման դեպքերի համար մեծ փորձառություն ունեցող ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Վերջինս հանդիպեց նախագահ Սարգսյանի և ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Միանգամայն ակնհայտ դարձավ, որ իրականում հյուրը մեր երկիր էր ժամանել ոչ թե այն նպատակների համար, որոնք թվարկված էին պաշտոնական հաղորդագրությունների ոչինչ չասող շարադրանքում, այլ հատկապես հիշյալ միջադեպն ամեն գնով հարթելու առաքելությամբ: Նրա ժամանումից մեկ օր անց Հայաստանում Իրանի դեսպանատունը հատուկ հաղորդագրություն տարածեց, ուր ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որևէ ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Հայկական կողմի ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ հարցի կարգավորումը իրանցիները դիտարկում են ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության վրա, ընդ որում` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը նրանք ընդհանրապես չէին հիշատակում: Սա առաջին հաճելի զիջումն էր: Հաջորդը հայտարարության այն հատվածն էր, որտեղ ասվում էր, թե «ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի և ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում»: Պարզ էր, որ ակնարկը վերաբերում էր Ամելիի պնդումներին, թեև ավելորդ չէ նկատել նաև այն, որ Ամելին տվյալ պարագայում ոչ թե տեսակետ էր շարադրել, այլ խոսել էր կոնկրետ փաստերի մասին, և ուրեմն ճիշտ կլիներ, եթե հերքվեին այդ փաստերը, այլ ոչ թե դրանց վերագրվեին տեսակետ կոչվելու անկարևորությունը:
Կար նաև երրորդ զգուշացում-նախապայմանը: «Քանի որ Իրանը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման և այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը ու թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»,- ասվում էր դեսպանատան պաշտոնական գրության մեջ: Այս հասցեագրումն իր կոնկրետ հասցեատերն ուներ: Ադրբեջանը նպատակադրվել է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը, որն էլ ՆԱՏՕ-ին առիթ կընձեռի հայտնվել տարածաշրջանում: Այդ պատճառով Իրանը նախապես տեղեկացնում է, որ թույլ չի տա իր սահմանի մոտ Արևմուտքի ուժերի ներկայությունը: Մյուս կողմից էլ սա հորդոր է Հայաստանին` լինել հնարավորինս ճկուն, որպեսզի երրորդ ուժը և նրա միջամտության պատրվակը բացառվեն:
Դեսպանատան հայտարարությունից հետո հերթը Իրանի ԱԳ նախարարությանն էր: Արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփառասթը հարկ համարեց եղածին հավելել այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, Իրանը կողմնակից է համակարտության խաղաղ լուծմանը` միջազգայինհ օրենսդրության շրջանակում և բանակցությունների շարունակման միջոցով: Դրա հետ մեկտեղ Մեհմանփառասթը հավելեց, որ Իրանի ԱԳ նախարարությունը քննելու է ԼՂ-ի մասին Հայաստանում Իրանի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության պատճառները: Այս կարգի կտրուկ անցումի շարժառիթը հասկանալի են դառնում, երբ լսում ենք, որ խնդրին միջամտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը` տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ ՀՀ-ում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ չի հիշատակվել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը այն դեպքում, երբ պաշտոնական Թեհրանը բոլոր միջազգային փաստաթղթերում ճանաչել է դրանք:
Հիմա Իրանը պիտի խաղա երկու դաշտի վրա: Առանց այդ էլ Բաքուն չափից ավելի է դժգոհ հարավի հարևանից: Օրերս այդ երկրի խորհրդարանում կրկին քննության նյութ դարձավ Իրանի պահվածը, և այնտեղ ուղղակի ասացին. «Ուժեղ, աշխարհիկ, և իր խնդիրները լուծած Ադրբեջանը դարձել է Իրանի աչքի փուշը: Իրանն այնքան էլ շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քանի որ վերջինիս մտահոգում է տարածաշրջանում խաղաղարար ուժերի դրոշի ներքո ոչ տարաշրջանային երկրների ռազմական միավորումների առկայության հեռանկարը»:
Իսկ եթե վերջին իրադարձությունները դիտարկելու լինենք փոքր-ինչ ընդհանրական հայացքով, ապա ակնհայտ է դառնում, որ այն, ինչ կատարվեց, ուղղված էր թե Ադրբեջանին և թե Հայաստանին: Մի կողմից Իրանն իր դրացիներին հերթական անգամ հիշեցնում էր, որ շարունակում է այս տարածաշրջանում մնալ որպես կարևոր և ազդեցիկ ուժ է: Մյուս կողմից պետք էր սառը ջուր լցնել Ադրբեջանի հակաիրանական քարոզչության վրա, սակայն այս անգամ դա ոչ թե հակազդելու ճանապարհով էր իրագործվելու, այլ հիշեցմամբ այն բանի, որ անցած ժամանակի մեջ եղել են նաև նմանօրինակ աջակցության փաստեր և կարիք չկա դրանք ուրանալ: Այդ իմաստով Հայաստանն էլ վերհիշելու բավականին բան կունենա…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽԹ

17 Մյս

Մեծ արվեստագետը ծառայում է մեծ նպատակների: Առանց մեծ նպատակների դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Արվեստագետը չի կարող տարերային հաջողությունը դիտել իբրև ճշմարիտ չափանիշ իր ստեղծագործության արժեքի: Գեղեցիկ բառեր համադրելը արվեստ չէ: Կոկելն ու գունազարդելը ոչ միայն գեղեցիկի, այլև քաղաքական իմաստնության ամենասարսափելի թշնամիներն են: Բավական չէ բժիշկ լինել, պետք է նաև կարողանալ բուժել: Արվեստը պետք է շտապի այնտեղ, որտեղ թաքնված է ինչ-որ արատ: Արվեստի ընկալումը միայն այն ժամանակ կարող է իսկական հաճույք պատճառել, երբ գոյություն ունի ընկալման արվեստ: Իսկ արվեստների բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին` երկրի վրա ապրելու արվեստին: Ամենագլխավորը` սովորեցնել մարդկանց ճիշտ մտածել: Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Մենք` դա ավելի շատ է, քան ես և դու: Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Երբ ոչնչացնում են մարդուն, արվեստ այլևս չկա:

ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՆԱՄԱԿԸ ՖԻՑՋԵՐԱԼԴԻՆ

17 Մյս

«Ճգնաժամի սարսափելի այդ վիճակը, երբ համոզված չես` քեզ մոտ լավ է ստացվում կամ վատ, հայտնի է «Արվեստագետի պարգև» անունով: Բոլորի մոտ էլ ծաղկման շրջանն անցնում է. չէ որ մենք դեղձենիներ չենք, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե դու սկսում ես փտել…. Պարզապես երբ գործերը վատ են և քեզ բոլորովին էլ անօգնական ես զգում, հարկավոր է ոչ թե ընդհատել, այլ շարունակել. միայն այդպես կարելի է վեպ գրել` միշտ առաջ ու առաջ…
…Այդ արձակը ոչ մեկի կողմից և երբեք չի գրվել: Բայց հնարավոր է այն գրել, և առանց որևէ աճպարարության, առանց որևէ շառլատանության: Առանց այն ամենի, ինչը փչանում է ժամանակի ընթացքում: Դրա համար չափից ավելի գործոնների առկայություն է պահանջվում: Նախ և առաջ հարկավոր է տաղանդ, մեծ տաղանդ: Այնպիսին, ինչպիսին Քիփլինգն էր: Հետո ինքնակարգապահություն: Հետո հարկավոր է պարզ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ կստացվի այդ ամենից. և հարկավոր է ունենալ խիղճ, այնպես բացարձակ անփոփոխ, ինչպես մետր- էտալոնը Փարիզում, որպեսզի հեռու մնաս կեղծիքից: Հետո` գրողից պահանջվում է խելք և անշահախնդրություն և ամենագլխավորը` երկարակեցություն: Փորձեցեք այդ ամենը միավորել մի մարդու մեջ և այդ մարդուն ստիպեք հաղթահարել բոլոր այն ազդեցությունները, որոնք ծանրանում են գրողի վրա: Նրա համար ամենադժվարը (չէ՞ որ ժամանակն առաջ է թռչում) երկար ապրելն ու աշխատանքը ավարտին հասցնելն է: Բայց ես կուզենայի, որ մենք կարողանայինք կարդալ նրա գրքերը:
… Եթե ամբողջ կյանքում հետևողականորեն խուսափել ես մահից, բայց մյուս կողմից, նրան թույլ չես տվել ծիծաղել քեզ վրա և զննել ես նրան, ինչպես զննում են գեղեցիկ պչրուհուն, ապա կարելի է ասել, որ դու զննել ես նրան, բայց դա չի նշանակում, որ դու փնտրել ես նրան…»:

%d bloggers like this: