Պահոց | 8:46 ե.

Բարեկամության ծանր բեռը

12 Մյս

Ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքական պահանջները թելադրում են Իրանի մասին արտահայտվելիս առաջնորդվել բացառապես հայտնի ձևակերպումներով, որոնք բոլորն էլ հանգեցնում են միևնույն մտքին` այդ երկրի մասին կամ լավ, կամ ոչինչ: Հիշյալ դասը հրաշալի է սերտել նաև Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որն ինչպես նախկինում, այնպես էլ բոլորովին վերջերս, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` նշեց, որ անցյալ 20 տարիների ընթացքում Իրանը հավատարիմ և ազնիվ է եղել Հայաստանի նկատմամբ և այդ մասին բազմաթիվ փաստաթղթեր են վկայում: Թե ինչ ասել է փաստաթղթային ազնվություն, դրա բացատրության իրավունքը թողնենք դեսպանին, ով նաև այն խորին համոզմունքն ունի, որ Իրանի դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության հանդեպ կրավորական չի եղել, այլ հակառակը՝ Իրանը միջնորդի դերում է հանդես եկել, և պատերազմի տարիներին նրա միջնորդությունը շատ արդյունավետ է եղել։
Այս հերթական պնդումները գուցե ևս արժանանային նախկին ելույթների ճակատագրին, եթե անամպ, բարեկամական ու փոխըմռնման մթնոլորտը չմռայլվեր մի սենսացիոն հայտարարությամբ, որն անմիջապես տարածվեց բոլոր լրատվամիջոցներով ու մի քանի օր շարունակ քննարկումների առարկա էր: Տհաճ անակնկալի հեղինակը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմենեիի ներկայացուցիչ, իմամ-ջումա, այաթոլլա Սեյիդ Հասան Ամերին էր: Ընդամենը մի քանի հատվածներ մեջբերենք նրա խոստովանությունից,և պարզ կդառնա, թե որքան ծանր կարող էր լինել այդ հարվածը: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, իմամն ասել էր. «Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Իրանը Ադրբեջանին զենք և զինամթերք էր մատակարարում, կազմակերպչական օգնություն էր ցուցաբերում Աֆղանստանից գրոհայիներին առաջին գիծ տեղափոխելու համար: Շուշիի մարտերի ժամանակ Իրանը ավտոշարասյուններով էր զենք առաքում, ստեղծվել էր իրանա-ադրբեջանական պաշտպանության միասնական շտաբ, որի շրջանակներում Թավրիզի ու Արդեբիլի գեներալներն օգնում էին ադրբեջանցի եղբայրներին` օր ու գիշեր փորձելով կանխել հայկական ագրեսիան… Մեր զինվորական պատրաստության ճամբարները տեղակայված էին ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքում… Իրանցի քաղաքական գործիչները մինչ օրս չէին խոսել իրենց օգնության մասին թերևս որոշակի դիվանագիտական նկատառումներից ելնելով, և հետագայում նույնպես չեն խոսի: Սակայն ոչ ես: Ես իմամ եմ, և ելույթ ունենալով` պարտավոր եմ պատասխանել ու ցրել մեր մուսուլման եղբայրների կասկածները»:
Այսպիսի խոսքերից հետո եթե նույնիսկ մուսուլման եղբայրների անվստահությունը չփարատվեր, ապա քրիստոնյա հարևանների տարակուսանքն ու զարմանքը հաստատ պիտի բազմապատկվեին` սպասելով դրա կամ հերքմանը, կամ պարզաբանմանը: Սակայն չհաջորդեց ոչ մեկը, ոչ մյուսը: Ընդամենը գրվեց այն մասին, որ Հայաստանում Իրանի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան Ամերիի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ասել է, թե Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ այնքան սերտ են և ընթանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունն անգամ մեկնաբանության կարիք չի զգում:
Սա կարելի՞ է հերքում համարել: Անկասկած ոչ, քանի որ ամենահպանցիկ հերքումն անգամ պահանջում է գոնե ինչ-որ փաստի հիմնավորում, մինչդեռ եղածն ավելի շուտ պատասխանից խուսանավելու մի ակնհայտ հնարք էր, որը ոչ մեխին է խփում, ոչ նալին: Ընդ որում, սա հենց այն դեպքն է, երբ, մեր դեսպանի օրինակով ասած, փաստաթղթային անկեղծություն է պահանջվելու, այլ ոչ թե անանուն և որոշակիությունից զուրկ դատողություն:
Այժմ կատարվածի առնչությամբ կարծիքներ են հնչում նաև այն մասին, որ նման տեղեկատվության հայտնվելը վերջերս ստեղծված Salamnews կայքէջում ընդամենը լավ մտածված սադրանք է` հայ-իրանական հարաբերությունների վրա ստվեր նետելու մտադրությամբ: Հնչեցին նաև ենթադրություններ, թե ԻԻՀ նախագահ Ահմադինեժադի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմենեիի լարված փոխհարաբերությունների ֆոնի վրա միանգամայն հավանական է, որ ի հայտ գան այս բնույթի դրսևորումներ: Ասվում է, թե Ահմադինեժադը կողմնակից է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Իսկ հոգևոր առաջնորդը պահանջում է նրա հրաժարականը` ցանկացած գնով: Եվ ուրեմն ինչու՞ բացառել, որ հակառակորդների ներքին պայքարում Հայաստանի թեման նույնպես չի կարող վերածվել խաղաքարտի ու գործադրվել այդ նպատակի համար: Իսկ այն, որ բացահայտումների հեղինակը դարձավ հենց հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը, արդեն իսկ խոսում է հօգուտ այս վարկածի:
Իրանի իշխանությունները լռում են: Լռում են նաև Հայաստանի պատասխանատուները: Իսկ պարսիկ իմամն իր ադրբեջանցի եղբայրների առաջ սիրտը բացելու համար ընտրել էր հատկապես Շուշիի ազատագրման օրը` նոր հուզական ու բովանդակային երանգներ հաղորդելով իր արարքին:
Առայժմ միայն մեկ արձագանք է հայտնի հայկական կողմից, որը անուղղակիորեն եկավ հաստատելու իրանցի հոգևորականի խոսքերը: Այդ արձագանքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն էր, ով հաստատեց աֆղան վարձկանների ներկայությունը Ղարաբաղի պատերազմի օրերին և նաև նշեց, որ այն ժամանակ, երկու երկրների կառավարությունների փոխհամաձայնությամբ, Իրանի տարածքով եկած վարձկանները լքեցին ռազմաճակատը` մինչ այդ հայկական պաշտպանական ուժերից կրելով մեծ կորուստներ: Ո՞վ գիտե, գուցե ժամանակի ընթացքում հետզհետե իրենց հաստատումը գտնեն նաև պատմության մյուս դրվագները: Բայց ինչպիսին էլ որ լինի ելքը, այնուամենայնիվ այս անգամ դժվար է լինելու ձերբազատվել առանց բացատրության: Տհաճ իրողությունները, եթե նույնիսկ դրանք հորինվածք են, ծանր նստվածք են թողնում: Իրանի պարագայում նման նստվածքի հետևանքները կարող են բազում անցանկալի երևույթների առիթ դառնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: