Պահոց | 8:13 ե.

Բեն Լադենն ու Ադրբերջանը

6 Մյս

Թիվ 1 ահաբեկիչ, «Ալ Ղաիդայի» պարագլուխ Ուսամա Բեն Լադենի սպանության լուրը ոչ միայն վերջին օրերի ամենալայն քննարկման նյութն է դարձել, այլև կատարվածի հանդեպ վերաբերմունքի առանձին դրսևորումները թույլ են տալիս բացահայտելու համակրանքների ու հակակրանքների այն դաշտերը, որն աշխարհի համար առանձին բևեռների տարանջատման տարածք պիտի դիտվի: Այս իմաստով հակաահաբեկչական ճամբարի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև մեր հարևան երկիրը, և այդ հայտնությունն այնքան էլ պատահական չէր: Ամենավերջին ահազանգերից մեկը եղավ Իրանի arannews.ir կայքի հրապարակումը, որտեղ նշում էր, որ «Ալ Ղաիդայի» առաջնորդի սպանությունն աշխարհի տարբեր մասերում տարբեր արձագանք է առաջացրել: «Եթե դա ուրախություն է պատճառել առանձին հասարակական շրջանակներին, ապա մյուսները մտահոգություն են հայտնել այդ առնչությամբ»,-ասվում էր նրանց լրատվության մեջ և անմիջապես էլ հավելվում, որ ըստ տեղեկությունների, Բաքվի շրջակա այգիներից մեկում Ուսամա Բեն Լադենի մահվան 7-րդ օրը Ադրբեջանի վահաբականները պատրաստվում են նշել սգո և հոգեհացի արարողություններով ու Բեն Լադենի մեծարմանը նվիրված միջոցառում են անցկացնելու:
Այն, որ վահաբականությունն Ադրբեջանում նոր երևույթ չէ և կարելի է ասել, որ նրանց գործունեությունն այդ երկրում առանձնակի հակազդեցության չի հանդիպում, հանրահայտ փաստ է: Նաև դա էր պատճառներից մեկը, որ Բեն Լադենի մահից անմիջապես հետո կարծիքներ շրջանառվեցին, որ վերջինիս սպանությունը կարող է ուղղակիորեն անդրադառնալ Ադրբեջանի ներքին վիճակի վրա: Սա նշանակում էր, որ նկատելիորեն ակտիվացած ծայրահեղականները կարող են վրեժխնդրության գործողություններ ձեռնարկել, ինչն ամենևին էլ անհիմն տագնապ չէ:
Հիշենք թեկուզ այն փաստը, որ Բեն Լադենի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն անմիջապես խստագույն միջոցառումներ ձեռնարկեց իր անվտանգությունն ուժեղացնելու համար: Եվ եթե նույնիսկ դեսպանը հանդես եկավ լարվածությունը լիցքաթափող հայտարարությամբ, ըստ որի նման քայլեր իրենք ձեռնարկում են բոլոր երկրներում, սակայն ակնհայտ էր, որ դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքի շուրջ հազիվ թե հնարավոր լինի տեսնել հետևակայինների հոծ բազմություն և կամ փշալարերի բազմաշերտ շղթաներ:
Իսկ շատ չանցած ամերիկացիների անհանգստությունը հարկադրված էին կիսել նաև Ադրբեջանի ազգային անվտանգության մարմինները, որոնք փաստացի խոստովանեցին, որ իսկապես, առկա է «ահաբեկչության թիրախ դառնալու սպառնալիք»: Թե ումի՞ց էր պետք սպասել նման վտանգը, այնքան էլ դժվար չէր կռահել: Այս անգամ հաստատ խոսքը հայ «տեռորիստների» մասին չէր, որոնց ուրվականով ադրբեջանցիները սովոր են ահուսարսափի մեջ պահել իրենց բնակչությանը: Այժմ բացահայտորեն նրանք ակնարկում էին, որ զգուշանալ է պետք իսլամական արմատական կազմակերպություններից:
Դեռ տարիներ առաջ մի շարք աղբյուրներ համոզված գրեցին այն մասին, որ Ադրբեջանը նշվում է այն երկրների շարքում, որտեղ տեղաբաշխված է «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության բազաներից մեկը: Այդ առթիվ նույնիսկ ընդարձակ հրապարակմամբ հանդես եկավ իտալական L`Unitа թերթը` պնդելով, որ «Ալ Ղաիդա»-ն Ադրբեջանում իր շտաբ-բնակարանն ունի, և ավելին` ահաբեկչական ցանցի անդամները կռվել են հայերի դեմ դեռ Արցախյան պատերազմում:
Այս վերջին փաստը լրացուցիչ ապացուցման կարիք այլևս չի զգում: Խոսքն, իհարկե, միայն այն մասին չէ, որ ասվածի փաստարկված վավերագրերը կարելի է գտնել ինչպես հայաստանյան, այնպես էլ ԼՂՀ Պաշտպանության բանակի արխիվներում: Շատ անգամեր է ասվել ու գրվել այն մասին, որ դեռևս 1993թ. օգոստոսին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովը հանդիպեց Աֆղանստանի վարչապետ և «Հեզբե էսլամի» («Իսլամական կուսակցության») առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթիյարին` պայմանավորվածություն ձեռք բերելով մոջահիդներին Ադրբեջան ուղարկելու մասին: 1994թ. Washington Post հեղինակավոր պարբերականի հրապարակումներից մեկում նշված էր, որ ադրբեջանական բանակում ներգրավված են վարձկաններ Աֆղանստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից ու Թուրքիայից, իսկ մասնավորապես Թուրքիան և Իրանը Բաքվին տրամադրել են ռազմական հրահանգիչներ։ Միաժամանակ նույն աղբյուրը, հղում անելով Արևմուտքի դիվանագետների գրագրությանն ու զրույցներին, նշում էր, որ 1993թ. Ադրբեջանը հավաքագրել է 1000 աֆղան մոջահիդի։ Հետագա տարիներին այս կապերը ոչ միայն չկտրվեցին, այլ դարձան ավելի ամուր և ձեռք բերեցին նոր մարտավարություն: Ու եթե այսօր ադրբեջանցիները խորապես վշտացած են և սգում են դաշնակից Բեն Լադենի մահվան առթիվ, ապա նրանց տխրության անկեղծությանը կարելի է լիովին հավատալ:
Առայժմ անհասկանալի է մնում միայն այն, որ եթե աշխարհն իսկապես լայնածավալ պատերազմ է մղում միջազգային ահաբեկչության դեմ և Բեն Լադենի սպանությունն ընկալում է իր մեծագույն հաղթանակներից մեկը, ապա ինչպե՞ս է, որ հակաահաբեկչական պայքարի քարտեզի վրա այնուհանդերձ առանձին կղզյակներ շարունակում են մնալ անձեռնմխելի, իսկ պետությունը, որն արդեն 15 տարի շարունակ ահաբեկչական կառույցների հովանավորն է, շարունակում է նույն վստահությամբ ու անարգել այդ վտանգը տարածել տարածաշրջանի երկրների վրա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: