Պահոց | 8:27 ա.

ՇՈՒՇԻ, 1992 թ. ՄԱՅԻՍԻ 9

9 Մյս

«ՄԵՐ ՈԳԻՆ ԱՅՍՕՐ ՀԱՂԹՈՒՄ Է»

Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է: Հեռվից հեշտ է դատել, հրահանգներ տալ: Տեղում բոլորովին այլ է: Օգնությունը` օգնություն, բայց Կրկժանի, Մալիբեյլիի նման անառիկ տարածքները ժամանակին վերցնելն ուղղակի հրաշք էր, անձնազոհություն: Արցախը պաշտպանում է իրեն, բայց կար անավարտության զգացում: Իսկ քանի Շուշին կար, Արցախում ապրելն անհնար էր: Ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ էին սպանվում: Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին: Կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան: Նույնը Ջանհասանը և Նաբիլարը: Այս փոքրիկ գյուղերում վիթխարի քանակով զենք էր կուտակված: Գիտեինք` Արցախում ադրբեջանցիներն անսահմանափակ զենք ունեն: Այդ զենքն այսօր ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Վերջին ամսում Շուշիում ևս մեծաքանակ զենք էր կենտրոնացվել: Ծրագրված էր և վերջին օրերին իրականացվում էր Ստեփանակերտը գրավելու գործողությունը: Մյուս կողմից Աղդամն էր միանալու: Այս ընթացքում Արցախը բազմաթիվ զոհեր տվեց: Հակահարվածը անհրաժեշտություն էր, և նախորդ գիշեր այն սկսվեց: Շուշիի մերձակա կրակակետերը վերացվեցին, ավելի կատաղի սկսեցին գործել քաղաքի շուկայի և բանտի հենակետերը: Միայն բանտի մոտ «Գրադի» երեք կայանք կար: Բանտը, որի վրա գրոհող տղերքի զգալի մասին այդ նույն բանտում տանջել են, վերածվել էր շատ ամուր բերդի: Վերջին տվյալներով այն գրավված է, կրակակետերը ոչնչացված են: Շուշիի վերին մասում` դեպի Լաչին, թշնամու ռազմական ուժերի խմբավորումը շարունակում է դիմադրել և գնդակոծում է Ստեփանակերտը: Թշնամին օգտագործում է նաև մարտական ուղղաթիռներ և մեզ հայտնի ՍՈՒ-25 ռմբակոծիչը, որը երեկ 19.40-ին երեք ռումբ է գցել Ստեփանակերտի և մեր դիրքերի վրա: ԼՂՀ մայրաքաղաքում մեծ ավերածություններ կան: Մեր ժողովրդի մի հատվածն այնտեղ` Արցախում կենաց ու մահու կռիվ է տալիս, և մենք այստեղ անտարբեր մնալու բարոյական իրավունք չունենք: Արցախին մեր ամեն կարգի օգնությունը ապահովվելու է…
Փառք ու պատիվ ընկածներին, փառք ու պատիվ մարտնչողներին: Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
1992 թ., 9 մայիսի, «Երկիր»

ԵՐԵՎԱՆ, 1945 Թ. ՄԱՅԻՍԻ 9

9 Մյս

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ

Մայիսի լույս 9-ի գիշեր: Անկրկնելի, ըղձալի, անմոռանալի: Հայրենական մեծ պատերազմի պատմագիրը խորին ակնածանքով ու իր քաջարի նախնիների նկատմամբ անհուն երախտագիտությամբ կշարադրի այդ գիշերվա նկարագրությունը: Օրացույցների մեջ ոսկե տառերով կգրվի մայիսի 9-ը որպես հաղթանակի օր, համաժողովրդական ցնծության օր:
Հաղթանակորեն ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը:
Ռադիոյով հաղորդված այդ ցնծագին լուրը մայիսյան գիշերվա խաղաղ անդորրության մեջ տարածվեց կայծակի արագությամբ: Ընդարձակածավալ սովետական աշխարհը թնդաց հաղթանակի բերկրալի որոտից:
Երևան: Վերածնված հայ ժողովրդի չքնաղ ոստանը: Այգաբացի անդորրը ճեղքում են հազարավոր բարձրախոսներ, որոնք քաղաքի հրապարակներից, դարպասներից ու տներից ավետում են հաղթանակ, հաղթանակ…
Եվ այժմ սովետական ժողովուրդը քաղաքում ու գյուղում ցնծությամբ է դիմավորում իր հաղթանակը, որպես իր չորս տարվա անձնազոհ պայքարի, անխոնջ աշխատանքի, թափված արյան ու քրտինքի ծնունդ, որպես իր մեծագործության անմահ հուշարձան:
Երևանը ոտքի վրա է:
Այգաբացի աղջամուղջի մեջ մարդիկ լցվում են փողոցները, հրապարակներն ու պուրակները: Տարերային անկապտելի մի ուժ նրանց դուրս է բերել տնից, հրդեհել նրանց սրտերը խելահեղ ցնծության կրակով: Կիսախավարի մեջ բոցկլտում են նրանց աչքերը: Մարդիկ ցնծության արբեցումով մղված ողջագուրվում են միմյանց, գրկախառնվում, ցնծագին աղաղակում, ուրախությունից լալիս: Պատանիներն ու ծերերը դռնեդուռ են վազում որպես մունետիկներ, ծեծում են լուսամուտներն ու դռները:
— Հայրենական պատերազմը պսակվեց հաղթանակով, հաղթանակ, հաղթանակ,- հևասպառ ձայն են տալիս նրանք և մայիսյան այգաբացի պաղ-բուրումնալից օդի մեջ նրանց ձայնը հնչում է որպես ամենադուրեկան, ամենաքաղցր երգի ղողանջ: Ոմանք իրենց դուրս են նետում կիսահագնված` մոռանալով վայելչության տարրական կանոննները:
Դեռատի աղջիկները` մայիսյան վարդի պես փթթուն ու հյութեղ շուրթերով, երանության ժպիտը սևորակ աչքերում, փաթաթվում են միմյանց, բոթբոթում, քաշքշում` չիմանալով ինչպես արտահայտել իրենց հոգու ծով բերկրանքը: Նրանց բորբոքուն երևակայության առաջ հավանաբար այդ պահին պատկերանում են ռազմաճակատից հաղթանակորեն վերադարձող սիրած տղաների հարազատ դեմքերը, նրանք մտովի պատկերացնում են այն երջանիկ ժամը, երբ հանդիպելու են երազած սիրեցյալներին, գրկախառնվելու են նրանց, և քաղցր այդ հեռապատկերը նրանց աչքերը լցնում է ուրախության արցունքով:
Հապա մայրերը… Դժվար է արտահայտել բերկրանքի, վշտախառն ցնծության այն խորին ապրումները, որ լուսավորում են նրանց խոհուն հայացքները: Այո, սովետական մայրերը իրենց հոգու վեհությամբ ու անսասան ամրությամբ ողջ ժողովրդի հետ միասին կոփեցին այս մեծ հաղթանակը և պարծանքի ու հպարտության իրավունք նվաճեցին:
Մի պառավ կին հևիհև վազում է` բարձրաձայն կրկնելով.
— Արևիդ մատաղ, ազիզ, պատերազմը հաղթանակով վերջացավ:
14-15- ամյա մի պատանի կտրում է նրա առաջ ու գրեթե փաթաթվելով նրան ճչում. «Մայրիկ, շնորհավոր, պատերազմը վերջացավ…»: Պառավը գրկում է պատանուն, սեղմում կրծքին ու լացակումած ասում.
— Հա, ազիզ ջան, վերջացավ, գնում եմ մեր հարևանին իմաց տամ, ուրախանա, չէ՞ որ տղան շուտով վերադառնալու է… Իմը չեկավ… Խաբար բան էլ չունեմ,- պառավի ձայնը փոխվեց հեկեկոցի,- գոնե նրանը կենդանի է, կգա, կուրախանանք:
Ու բռնելով պատանու ձեռքից` միասին վազում են փողոցն ի վեր:
Չայկովսկու փողոցում ես ականատես եղա այսպիսի մի տեսարանի: Փոքրիկ դարպասներից մեկը բացվեց ու այնտեղից դուրս նետեց իրեն մի միջահասակ կին, կտրելով առաջին պատահած երիտասարդի դեմը` գրկեց ու համբուրեց:
— Գուրգենիս կարոտն եմ առնում, որդի ջան, չնեղանաս: Նրան էլ հիմա մի ուրիշ մայր է համբուրում: Չեմ կարող սպասել, մինչև որ նա գա:
Երիտասարդը, որ մի պահ շփոթվել էր, մեղմորեն ժպտաց և ապա ինքն էլ իր հերթին համբուրեց կնոջ ձեռքը:
— Հենց իմացիր, թե քո Գուրգենն եմ, մայրիկ,- ասաց նա հուզված:
Ապա կինը առաջ վազեց և կտրելով իր հասակակիցների առաջը` բացականչեց.
— Խաղաղություն է, կնանիք, կնանիք, աչքներդ լույս, բարով գան ձեր տղաներն ու հարազատները, ու ամենավերջին էլ իմ Գուրգենը, արժանանանք նրանց թագին ու պսակին:
Կանանց խումբը ուրախ աղմկում է, փաթաթվում նորեկ կնոջը, համբուրվում, շնորհավորում:
— Շնորհավոր հաղթանակ:
— Շնորհավոր կյանք, նոր, երջանիկ, խաղաղ կյանք…

Զ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
10 մայիսի, 1945 թ., «Գրական թերթ»

%d bloggers like this: