Պահոց | 10:47 ե.

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

14 Մյս

ԲԱԿՈՒՆՑԻ ՈՒ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ ՎԵՃԸ

14 Մյս

«… Պողոս Մակինցյանը մի տարի եղավ մեր ռուսերենի ուսուցիչը: Նա ամեն բան էր, բայց ոչ ուսուցիչ: Արդեն նա այդ տարիներին իսկ ճանաչված գրականագետ էր, մի բան, որ նրան դարձրել էր շատ հավակնոտ և շուրջիններին` ուսուցիչ կամ ուսանող, նայում էր բարձրից: Իր կյանքից հիշում եմ հետևյալ դրվագը:
Ճեմարանը իր փոքրիկ հիվանդանոցն ուներ, ուր պառկում էին հիվանդ աշակերտները: Մի քանի օրով ես այնտեղ պառկած ժամանակ, այնտեղ էին նաև Ակսել Բակունցը և մի երրորդ լսարանական ուսանող: Պատահաբար Մակինցյանը այցելության էր եկել այդ երրորդ ուսանողին: Երկար նստեց և խոսակցության բռնվեց նրանց հետ: Ես լուռ հետևում էի նրանց խոսակցությանը: Խոսակցության նյութը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, որ այդ օրերում բռնկվել էր: Ինձ շատ տպավորել է Մակինցյանի և Ա. Բակունցի միջև եղած այս մտքերի փոխանակությունը: Մակինցյանն այն միտքն արտահայտեց, թե` եթե միջազգային հեղափոխությունը պահանջի, որ հայ ժողովուրդը բնաջինջ լինի, չպետք է ցավել դրա համար, պետք է բնաջնջվի: Բակունցը իրենից դուրս եկած պատասխանեց` եթե հայ ժողովրդի ազատագրությունը պահանջի, որ միջազգային հեղափոխությունը կործանվի, չպետք է ցավել, թող կործանվի:
Մակինցյանը չկարողացավ հանդուրժել մի աշակերտի այս հախուռն արտահայտության, ջղայինացած հեռացավ հիվանդանոցից…»:

ԱՇՈՏ ՊԱՏՄԱԳՐՅԱՆ

Վիճաբանության տիեզերական ծավալները

14 Մյս

Ադրբեջանի լայն ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս իրագործել այնպիսի նախագծեր, որոնք դեպքում մեզ համար արդեն դժվար կլինի հակադարձել, թե իբր այդ մրցակցության մեջ էլ հաղթող դուրս կգանք ոգու ուժով կամ միասնականությամբ: Բոլորովին վերջերս Ադրբեջանի կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց այն մասին, որ 2012 թվականի օգոստոսին տիեզերքում կլինի «Azerspace» (Ադրբեջանտիեզերք) անունով հեռահաղորդակցության արբանյակը: «Azerspace» արբանյակի վաճառողը ամերիկյան Վիրջինիա նահանգի Դալլես քաղաքի Orbital ընկերությունն է: Դեռևս 2010 թվականի մայիսին Բաքվում ադրբեջանական կողմը պայմանագիր էր կնքել այս մատակարար ընկերության հետ` ակնկալելով նրանից ստանալ մի թռչող օբիյեկտ, որն ի վիճակի պիտի լինի 650 կիլոմետր բարձրությամբ ուղեծրից հետևելու 60 սանտիմետրից մեծ գծային չափսեր ունեցող օբյեկտների շարժմանը: Սրա հետ մեկտեղ Բաքուն հավաստիացնում է, թե իր առաջին արբանյակի ընդգրկման գոտին ներառելու է Եվրոպայի և Ասիայի մի մասը։ Դրա կարողությունների միայն 20-25 տոկոսը կօգտագործվի Ադրբեջանի կողմից, իսկ մնացածը կվաճառվի։ Ներկայումս բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։ Տեղեկություններ կան, որ Մալազիան արդեն ցանկություն է հայտնել ձեռք բերելու «Azerspace»-ի ռեսուրսների 40 տոկոսը:
Տիեզերական հավակնություններին բավարարում տալու ադրբեջանական ձգտումները իրականում թանկ հաճույք են և արժեն շուրջ 120 միլիոն դոլար: Սակայն ադրբեջանցիները դրա միայն 15 տոկոսն են պատրաստվում վճարել իրենց պետական բյուջեից, իսկ մնացածը կլրացնեն վարկի տեսքով: Եվ ահա նրանց հաջողվեց նաև գտնել վարկատուին: ԱՄՆ Առաքման-ներմուծման բանկը հավանություն տվեց արբանյակի ձեռբքերման համար ֆինանսավորում հատկացնելու առաջարկին: Ավելի վաղ ասում էր, թե հիշյալ բանկի տրամադրելիք գումարը գերազանցելու է 100 միլիոն դոլարի սահմանագիծը, ինչի համար այն պետք է նախապես արժանանար Կոնգրեսի հավանությանը: Նշվում էր նաև, որ Ադրբեջանն արդեն իսկ ստացել է 25 միլիոն դոլարը, և մնացել է լուծել 96 միլիոն դոլարի խնդիրը:
Գործարքը կայացել էր, բարդություններ կարծես թե չկային, մնում էր սպասել արդյունքներին: Բայց ահա առաջին ահազանգը հնչեցրին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամները` մտավախություն հայտնելով այն առթիվ, որ Ադրբեջանը արբանյակը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով: Ի դեպ, պետք է ասել, որ սա միանգամայն իրագործելի տարբերակ է, և ամերիկահայերին գույները չափից ավելի խտացնելու հարցում մեղադրելը տեղին չի լինի: Դրա հետ մեկտեղ անհանգստություն էր պատճառում Միացյալ Նահանգների պահվածքը, որը հրաշալի իմանալով տարածաշրջանում առկա կացությունը, աջակցում է հակամարտող կողմերից մեկին` հնարավորություն տալով առավելություն ձեռք բերել մյուսի նկատմամբ:
ԱՄՆ-ում հայկական լոբբին սկսեց «հակաարբանյակային» ակտիվ գործունեություն ծավալել: Իրենց հրապարակած հայտարարության մեջ նրանք գրում էին. «Օբամայի վարչակազմի սովորական գործարար մոտեցումը պատերազմի պատրաստվող նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ խաթարում է ԱՄՆ շահերը: Մենք չպետք է օգտագործենք ամերիկյան ռեսուրսները բռնապետի ռազմատենչ հռետորաբանությանը խրախուսելու համար»: Կոնգրեսի մի շարք անդամներ ևս կիսում էին այս կարծիքը` բարձրաձայնելով, որ լուրջ վերապահումներ ունեն կատարվածի և Միացյալ Նահանգների այնպիսի գործողությունների առնչությամբ, որոնք կմեծացնեն Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Բայց հարվածի հիմնական ծանրությունն առաջին հերթին ուղղված էր գործարքը կնքած բանկի դեմ: Թե հայկական համայնքը և թե կոնգրեսականները բանկից բացատրություններ և օրինականության երաշխիքներ էին պահանջում: «Մենք անհանգստացած ենք, որ բանկը նման հակասական որոշում է կայացրել»,- գրում էին նրանք այդ հաստատության ղեկավարությանը հասցեագրած իրենց դիմումում:
Ի պատասխան այս մեղադրանքներին, բանկը նամակ հղեց սենատոր Ջեկ Ռիդին` վստահեցնելով, որ չպետք է անհանգստանալ ադրբեջանական «Azerspace» արբանյակի կապակցությամբ, և որ իրենք անպայման հավելյալ միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի արբանյակը չգործածվի ռազմական նպատակներով: Ըստ այդմ, վարկի մասին համաձայնագիրը հատուկ դրույթ է պարունակելու, որով արգելվելու է արբանյակի օգտագործումը Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի զինված ուժերի կողմից: Բանկը նաև իրավունք է ունենալու ծրագրի հետ կապված տեսչական ստուգումներ անցկացնել և Ադրբեջանից տարեկան զեկույց պահանջել իր ֆինանսավորմամբ կատարվող ծրագրի մասին:
Նման երաշխիքներն, ինչ խոսք, կարող են տպավորություն գործել և փափուկ բարձ դառնալ դյուրահավատ գլուխների համար: Սակայն որքան էլ բանկի նախագահ Ֆրեդ Հոչբերգը համոզի, թե իբր «արբանյակը չունի ռազմական հնարավորություններ», կամ թե իրենք «պատշաճ միջոցներ» են ձեռնարկվել այն ռազմական միավորներից հեռու պահելու համար, այդ հավաստիացումներից և ոչ մեկը դեռևս չունի թափանցիկության այն աստիճանը, որ նման դեպքերի համար ուղղակի պարտադիր է: Այս իմաստով շատ տեղին է ընդդիմախոսների այն պահանջը, որ բանկը պարտավոր է որպես առաջին քայլ ամբողջությամբ հրապարակել պայմանագրի տեքստը:
Բայց առայժմ այս կետի վրա գալիս է բազմիմաստ լռությունը: Ամեն դեպքում հազիվ թե հաջողվի իմանալ ավելին, քան հայտնի է: Իսկ որ հայտարարություններով ու թղթի վրա գրված պայմանավորվածություններով անվտանգություն չի երաշխավորվում, դրա մասին ավելորդ է խոսելը:
Ցավալի է, սակայն փաստ, որ կատարվածի դեմ պայքարելու միջոց, որպես այդպիսին, ներկա իրավիճակում լինել չի կարող: Միակը կարող էր լինել համանման արբանյակ ունենալը: Սակայն այս հարցում մեզ նույնիսկ տիեզերական ծավալների տեր վարչապետը չի կարող օգնել` իր անսահման երևակայությամբ և աղքատիկ միջոցներով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: