«37 ԹԻՎՆ ՍԿՍՎԵԼ Է 37 ԹՎԻՑ ԴԵՌ ՇԱՏ ԱՌԱՋ…»։

23 Հկտ

1920-ական թվակաների գրական կյանքի բուռն իրադարձությունների մասին բազում հրապարակումների և ուսումնասիրությունների առկայությունը խոսուն վկայությունն է այն բանի, որ ժամանակահատվածն ինքը հայ գրականության նոր փուլի ինքնադրսևորման ու կայացման առումով չափազանց կարևոր և բեկումնային էր։ Գրական նոր հոսանքների, ուղղությունների, կողմնորոշումների աննախընթաց հոսքն իր դրոշմն էր թողնում գեղագիտական ըմբռնումների ու հարաբերությունների վրա՝ բացահայտելով ոչ միայն շարժման միտումները, այլև ստեղծագործական անհատականություններին, նրանց մարդկային նկարագրերը։
Երբ հրապարակ իջան գրական այնպիսի ազդեցիկ խմբավորումներ, ինչպիսիք էին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան, «Նոյեմբեր» միությունը, Աշխատավորական գրողների (կամ, այսպես կոչված «ուղեկիցների») միությունը, հակոտնյա թևերի դիմադարձումներն ըստ էության դարձան անխուսափելի երևույթ։ Ակնկալվում էր, թե նման բազմազանությունը պիտի խթան հանդիսանար առողջ մրցակցության ու նոր խոսքի որոնումների համար։ Սակայն իրականության մեջ պայքարը բանավեճերից ու տարաբևեռ կարծիքների արտահայտումից վերաճեց բացահայտ բախման՝ իր պարսավելի ու ծանր դրսևորումներով։ Եվ անհանդուրժողականությունը հետզհետե դարձավ այդ պայքարի շարժիչ ուժը։
Հենց այս անողոք ներհակության դաշտում էր, որ առանձնապես գծագրվեց Նաիրի Զարյան- Եղիշե Չարենց անձնային հակադրությունը, ինչն իրավամբ հավակնում է դիտվել նոր ժամանակների հայ գրականության ամենադրամատիկ էջերից մեկը։ Դրամատիկ ոչ միայն իր անհաշտ էությամբ, այլև հանգուցալուծումներով և հետևանքներով։ Իսկ հետագա իրադարձությունները միայն նպաստեցին դրա խորացմանն ու սաստկացմանը։
Ինչպես հայտնի է, 1926 թ. սեպտեմբերի 5-ին Ե. Չարենցը կրակեց օր. Մ. Այվազյանի վրա և արդյունքում հայտնվեց Երևանի ուղղիչ տանը։ Այս ցավալի պատահարը մի հրաշալի առիթ դարձավ նրա հակառակորդների և առանձնապես Ն. Զարյանի համար՝ ի շահ իրենց օգտագործելու բարենպաստ պահը և ի ցույց դնելու կուտակված ողջ մաղձն ու չարախնդությունը։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ՀՊԳԱ-ի և «Նոյեմբերի» միացյալ կոնֆերանսում ստեղծվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը: Սակայն դա հարկադիր և ձևական միավորում էր։ Փաստացիորեն գրապայքարը թևակոխում էր որակապես նոր փուլ, մի շրջան, երբ կիրառելի էին բոլոր զենքերը, իսկ անազնիվ միջոցներն արդարացված էին կասկածելի նպատակներով։ Օգտվելով Չարենցի բացակայությունից և «Նոյեմբերի» դիրքերի թուլացումից, Ասոցիացյան անցավ բացահայտ վարկաբեկման գործելաոճի՝ փորձելով ոչ թե ստեղծագործական, այլ ջարդարարական մեթոդների գործադրմամբ շահել առաջնության իրավունքը։
Ասվածը հավաստող վկայությունների ընդարձակ շարքին ավելացնենք ևս մի քանի հավելյալ ապացույցներ, ներկայացնենք այդ օրերին վերաբերող նորահայտ փաստեր ու վավերագրեր։
Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվում (Музей института литературы имени А М Горкого АН РФ, фонд 40 опись 1) պահպանվել են 1926 թ. նոյեմբերին կայացած Պրոլետգրողների համամիութենական ասոցիացյիայի (ՎԱՊՊ-ի) կոնֆ‎երանսում հնչած ելույթների սղագրությունները։ Այդ էջերից քաղված մի քանի հատվածներ չափազանց բնորոշիչ են թե ընդհանրապես ժամանակի տամադրությունների և թե մասնավորապես Ն. Զարյանի գործելաոճն իր ողջ փայլով ընկալելու համար։
Այսպես, նոյեմբերի 27-ի նիստում կոնֆերանսի պատվիրակ, «На литературном посту» ամսագրի խմբագիր, ՎԱՊՊ-ի հիմնադիրներից Լեոպալդ Ավերբախն իր ելույթում ասում է.
« ԱՎԵՐԲԱԽ — Այժմ հետևյալ հարցը. դա ազգային հարցն է։ Այստեղ ես դժբախտաբար պետք է ինձ թույլ տամ մի փոքր վիճաբանել հայ ընկերոջ հետ։ Ես ազգային հարցի մասնագետ չեմ։ Ես նրա հետ ծանոթ եմ միայն նամակներից և մենք զեկուցում ենք լսել ՎԱՊՊ-ի քարտուղարությունում։ Բայց երբ այստեղ խոսում են Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի մասին, ապա ասում են, որ Լեբեդինսկին գլորվում է դեպի վորոնսկիականությունը, քանի որ նա լավ է արտահայտվել այդ երկի՝ «Երկիր Նաիրիի» մասին։ Դա այդպես թողնել չի կարելի։ Ընկերներ, Չարենցի կերպարը մեզ հայտնի է։ Նրա վեպը փառահեղ է։ Ընկեր Լեբեդինսկին և ընկեր Կիրշոնը Կովկաս մեկնելու ճանապարհին կարդացել են «Երկիր Նաիրին» և տեղ հասնելուն պես նրա մասին հոդվածներ են զետեղել լրագրերում…
ԶԱՐՅԱՆ (տեղից)- Կենտկոմը Չարենցին բանտ է նետել։
ԱՎԵՐԲԱԽ — Դա ի՞նչ գռեհիկ օբիվատելշինա է: Ախր դա զայրացուցիչ է, դա հրեատյացությունից էլ վատ է։ Չարենցը խուլիգանություն է արել, և նրան նստացրել են երկու ամսով։ Բայց դա ոչ մի կապ չունի նրա գրական գործունեության հետ… Ընկեր Զարյան, դուք ձախ սխալներ եք թույլ տվել Հայաստանում։ Չարենցն ամենատաղանդավոր տղան է ձեզ մոտ՝ Հայաստանում, և ձեր ձախությունը մեծ չափով նրանից է, որ ձեզ մոտ քիչ կան Չարենցի պես տաղանդավոր մարդիկ…»։

Սակայն միջադեպն այսքանով չի սպառվում։ Հաջորդ օրվա երեկոյան նիստի ժամանակ Զարյանը ձայն է խնդրում ու բեմ է բարձրանում։ Դահլիճի ներողամտությունը հայցելով, որ վատ է տիրապետում ռուսերենին, նա սկսում է իր ելույթը մի փոքր հեռվից և հետզհետե մոտենալով բուն ասելիքին, ի վերջո պարպում է ներսում կուտակված ամբողջ զայրույթը.
« ԶԱՐՅԱՆ — Ի՞նչն է Հասաստանում պրոլետարական գրականության պայքարի էությունը։ Չէ՞ որ հայաստանյան գրականությունը՝ դա նույն չարենցիզմն է, որի մասին ասում է ընկեր Կիրշոնը։ Եվ ճիշտ է նաև, որ պրոլետգրականությունը զանգվածների վրա մեծ ազդեցություն չունի։ Իսկ ինչու՞ չունի մեծ ազդեցություն զանգվածների վրա։ Որովհետև այն երկար ժամանակ գտնվել է Չարենցի ազդեցության տակ։ Եվ որպեսզի պրոլետարական գրականությունը Հայաստանում զարգանա, անհրաժեշտ է առաջին հերթին պայքարել Չարենցի ազդեցության դեմ։ Հայաստանյան իրականության մեջ Չարենցը նույն Մայակովսկին է՝ գումարած Եսենինը։
(Հայտնի դրամատուրգ Վլադիմիր Կիրշոնը տեղից ձայն է տալիս).
ԿԻՐՇՈՆ — Ահա թե ինչպես։
ԶԱՐՅԱՆ — Այո, ընկեր Կիրշոն… Մենք պայքարում ենք խուլիգանության, անհատապաշտության դեմ, իսկ Չարենցը մեծ անհատապաշտ է։ Եվ հենց ձեզ, ընկեր Կիրշոն, Օրջոնիկիձեն Գավկոմում ասաց. «Չարենցը մեծ անհատապաշտ է»։
ԿԻՐՇՈՆ — Օրջոնիկիձեն մեզ ասաց. «Աջակցեք Չարենցին…»։

Այսպես կոչված «չարենցիզմի» դեմ Զարյանի և նրա համակիրների պայքարի էությունն ու նպատակները արտահայտող մեկ այլ վավերագիր էլ պահպանվել է Հայաստանի ազգային արխիվի պահոցներում։ Դա մի ընդարձակ նամակ է, որը Նաիրի Զարյանը 1927 թ. ամռանը հասցեագրել է ռուս գրականագետ, ՌԱՊՊ քարտուղարության ներկայացուցիչ Անդրեյ Սելիվանովսկուն (1900-1938 թթ.)։ Առաջին հերթին նամակն ունի պատմական, ճանաչողական նշանակություն։ Իրավիճակային նկարագրությունները, ուժերի հարաբերակցության, առկա տրամադրությունների ընդհանուր ուրվագծերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել այդ ժամանակահատվածի հայաստանյան գրական միջավայրի մասին։ Եվ այս ամենով հանդերձ, վերստին նախապատվելի դիրքեր են մղվում այն անթաքույց մտադրությունները, ինչի համար գրվել է նամակը։
Ուշագրավ է, որ շատ տարիներ անց, բոլորովին պատահաբար ծանոթանալով այս նամակի բովանդակությանը, նախկին աքսորական գրող Մկրտիչ Արմենը շտապել է այդ մասին տեղեկացնել մյուս աքսորական գրողին՝ Գուրգեն Մահարուն. «…Անսպասելի կերպով լույս աշխարհ եկան մի քանի հետաքրքիր անտիպ փաստաթղթեր, այդ թվում Նաիրու մի դանոսը մեր մասին դեռևս 1927 թվին։ Եթե չլիներ տարեթիվը, ոճից կարելի էր եզրակացնել, որ դա գրված է 37 թվին։ Ահա, սիրելի Գուրգեն, մի նոր ապացույց, որ 37 թիվն սկսվել է 37 թվից դեռ շատ առաջ…»։
Թե որքանով էր իրավացի Արմենը, դատեք ինքներդ։ Ստորև ներկայացնում ենք այդ նամակն ամբողջությամբ:

«Հարգելի ընկեր Սելիվանովսկի,
Ստացա ձեր թիվ 1543 նամակը՝ հասցեագրված իմ անունով։ Ձեզ հետաքրքրող հարցերի մասին պաշտոնական տեղեկանք տալ անհնար է, քանի որ չկան ֆ‎ինանսական միջոցներ մեր արձանագրությունները ռուսերեն թարգմանելու համար։ Բացի այդ, ազատ ռուսերենին տիրապետող ընկերները գտնվում են արձակուրդում տարբեր վայրերում։ Կրկին անձամբ եմ գրում։
Ձեր առաջին հարցին՝ ինչու է արգելակվել մեր ամսագրի լույսընծայումը, պատասխանում եմ հետևյալը։ Մինչև Հայաստանի երկու գրական խմբերի՝ Ասոցիացիայի ու «Նոյեմբերի» միավորման կոն‎ֆերանսը, Հայաստանի Կենտկոմը մեզ հնարավորություն չտվեց հրատարակել ամսագիրը՝ առաջ քաշելով այն փաստարկը, թե երկու խմբերի պայքարի պայմաններում աննպատակահարմար է և այլն։ Իսկ այժմ սկզբունքորեն լուծված է ամսագրի հարցը, սակայն դեռևս հաստատված չէ նախահաշիվը։ Մենք ամսագրի մասին ձեզ գրել ենք անցած օրը և սպասում ենք պատասխանի։
Երկրորդ հարցի մասին։ Հանրապետական մասշտաբով մեր աշխատանքը թույլ է, քանի որ այդ բանի համար չկան նյութական հնարավորություններ։ Չկան միջոցներ ասոցիացիայի տեղական կազմակերպություններին նամակներ ու շրջաբերականներ առաքելու համար։ Աշխատանքն ընթանում է միայն Էրիվանում, որտեղ ձմռանը մենք մի շարք ելույթներ ունեցանք։ Այսպես, ընկ. Վանանդեցին երեք դասախոսություն կարդաց «Հայաստանյան գրականության մեջ ազգային շարժումների մասին» հարցի շուրջ, երկու դասախոսություն՝ Ակսել Բակունցի (հայ կոմունիստ, ուղեկցող-գրող) և Նաիրի Զարյանի ստեղծագործությունների մասին։ Ընկ. Գյուլիքեխվյանը կարդաց մի դասախոսություն արվեստի մի քանի հիմնական հարցերի մասին (ընկերը ՀԿԿ անդամ է և Հայպետհամալսարանի պրոռեկտորը)։ Ընկ. Ն. Դաբաղյանը բանավեճի ժամանակ մի դասախոսություն կարդաց ուղեկցող-գրող Ս. Զորյանի մի պատմվածքի մասին, և այլն։
Մենք կամակերպել ենք մի շարք գրական երեկոներ բանվորական ակումբներում։ Գեղարվեստական ստեղծագործություններ ունեն ընկ. ընկ. Ալազանը, Արաքսը, Գ. Սարյանը, Ն. Զարյանը և այլոք։
Երրորդ հարցին։ Ազգային փոքրամասնությունների գրողներ Հայաստանում համարյա գոյություն չունեն, բացի երկու մուսուլման ընկերներից, որոնցից մեկը գրում է հայերենով։ Մեր կողմից կազմակերպվեց պատանի գրողների թուրքական խումբը, որը լուծարվեց, քանի որ մենք չկարողացանք ցուցաբերել անհրաժեշտ կառավարում։ Հույս կա, որ աշնանը հնարավոր կլինի վերակազմավորել թուրքական խումբը անհրաժեշտ նյութական և տեխնիկական միջոցների խնայման դեպքում։
Չորրորդ հարցին։ Քանի որ վերագրանցման աշխատանքները դեռ չեն ավարտվել, հնարավոր չէ ձեզ պատասխան տալ Ասոցիացիայի ներկա կազմի մասին։ Մոտավորապես այսպես է. անդամների ընդհանուր թիվը,- հաշվելով նաև գավառները,- 85 է, որից մոտ 25 տոկոսը բանվորներ, 50 տոկոսը՝ գյուղացիներ և 25 տոկոսը՝ ծառայողներ։
Ասոցիացիան «Նոյեմբեր» խմբի հետ միավորելուց հետո մենք մտածում էինք, որ համերաշխ կաշխատենք։ Նոր վարչությունը ընտրվեց կուսակցական սկզբունքով, սակայն «Նոյեմբերի» մի քանի անդամներ շարունակեցին իրենց անկումային տրամադրությունները գրականության մեջ և իրենց պարտվողական աշխատանքը միությունում։ Դա մեզ խանգարեց արդյունավետ աշխատել։ Այսպես, Մկրտիչ Արմենը գրեց մի շարք պոռնոգրաֆ‎իական ստեղծագործություններ, նույնիսկ մեծ պոեմ՝ ոչ անհայտ Բարկովի պոեմի նմանությամբ։ Գուրգեն Մահարին գրեց մի ամբողջ շարք անկումային բանաստեղծություններ, որոնց մի մասը,- կազմակերպության կարգապահությանը հակառակ,- տպագրեց, իսկ մնացած մասի ձեռագրերը անլեգալ ճանապարհով տարածում է երիտասարդության շրջանում։ Այդ բանաստեղծություններից մեկը՝ Մարքսին ու Լենինին անվարկող և սոցիալիզմի կառուցման հանդեպ թունալի պեսիմիզմ արտահայտող, տպագրվել է արտասահմանյան Դաշնակցական (հակահեղափոխական) «Դրոշակ» թերթում՝ Մահարի ստորագրությամբ։ Հեղինակը որևէ կերպ չընդվզեց դրա դեմ։ Այդ նույն Մահարին սրանից մեկ շաբաթ առաջ անլեգալ կերպով գրել է մեկ այլ բանաստեղծություն՝ «Մայրամուտ» վերնագրով, որը հրապարակվեց մեր վարչության ‎ ֆրակցիայում, որին մասնակցում էին Կենտկոմի անդամ ընկ. Գյուլիքեխլվյանը և մամուլի բաժնի վարիչ ընկ. Լ. Արիսյանը։ Ֆրակցիայի նիստը միաձայն որոշեց, որ Մահարին արդեն հասել է մինչև բացահայտ հակահեղափոխական գաղափարախոսության և նրան վռնդեց պրոլետարական գրողների կազմակերպությունից։ Գուրգեն Մահարու եղբայրը՝ ընկ. Խորեն Ռադիոն, որը նույնպես մեր միության անդամ է, ոչ միայն թաքցրել էր իր եղբոր հակահեղափոխական տրամադրությունները, այլ նույնիսկ Էրիվանի կազմակերպության ընդհանուր ժողովում ուղղակի պաշտպանեց նրան։ Օրերս ընկ. ընկ. Խորեն Ռադիոն և Մկրտիչ Արմենը միանալով Գուրգեն Մահարու հետ՝ «Մարտակոչ» թերթում տպագրեցին հայտարարություն այն մասին, որ իրենք դուրս են գալիս Պրոլետգրողների ասոցիացիայից։ Չնայած այն բանին, որ ՀԿԿ մամուլի բաժինը մեզ խոստացավ թույլ չտալ այդ դեկլարացիայի հրապարակումը, այնուամենայնիվ, դեկլարացիան լույս տեսավ։ Այդ նույն ընկերները մի շարք բանավեճերում (հրապարակային) հանդես եկան ընդդեմ մեր միության գլխավոր գծի՝ միության ղեկավար ընկերներ ընկ. Վանանդեցուն, Ալազանին և մյուսներին վարկաբեկելու մտադրությամբ, և այդպիսով խանգարել են մեր աշխատանքներին։
Չնայած այս բոլոր դժվարություններին, մենք կարող էինք արդյունավետ աշխատել, եթե լինեին ֆինանսական միջոցներ։ Մեր միությունը չունի ոչ մի հաստիքային աշխատող, գրասենյակի ոչ մի տեղ, փոստային առաքումների համար ոչ մի փող և այլն։ Հենց սրանով է պետք բացատրել այն, որ մենք «խիստ կրճատել ենք մեր աշխատանքի մասին տեղեկատվությունը ՎԱՊՊ-ի քարտուղարությանը»։
Պարբերական արդյունավետ աշխատանքի համար՝ կազմակերպչական, քարոզչական, տեղեկատվական և այլն, մեզ անհրաժեշտ է ամեն ամիս նվազագույնը 150 ռուբլի, իսկ ամսագրի կոկիկ հրատարակման համար՝ 500 ռուբ.։ Այդ գումարները չեն բավականացնի, սակայն անհնար է պահանջել ավելին Խորհ. Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում։ Մեր հույսը ձեր աջակցությունն է։ Ի դեպ, պետք է ասել, որ ՎԱՊՊ-ի քարտուղարությունը հաճախ մոռանում է մեր կազմակերպությանը ‎ֆինանսական օժանդակության իմաստով։ Այն դեպքում, երբ Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիան, որի գաղափարական գիծը ենթակա է մեծ հարցական նշանի այն պատճառով, որ այն իրականացնում է հայկական ուլտրավորոնական Սուրխաթը, ամսագրի հրատարակման համար ստանում է 1000 ռուբ., մեր Ասոցիացիան ոչինչ չի ստանում։ Այն դեպքում, երբ Վրաստանի ասոցիացիան ունի երկու ամսագիր՝ հաստիքային խմբագիրներով, հաստիքային պատասխանատու քարտուղարով, նրբագեղ սեփական տուն, ընթացիկ գործերի համար ամսական ստանում են 500 ռուբ., նույնը և Ադրբեջանական ասոցիացիան, մենք ոչինչ չունենք և ոչինչ չենք ստանում՝ չնայած նրան, որ մեր Ասոցիացիան ամենահինն է Անդրկովկասում։
Պատրաստ են մեր ամսագրի առաջին համարի նյութերը։ Ամսագրի խնդիրն է գրականության մեջ պայքարը՝ ընդդեմ դաշնակ- ազգայնականության, ընդդեմ տրոցկիզմի, Վորոնշինականության ու Վարդինիզմի, ընդդեմ Եսենինշինայի, որի արտահայտիչները Հայաստանում հանդիսանում են Չարենցը, Մահարին, Արմենը, Ռադիոն և ուրիշներ։ Մյուս կողմից՝ խաղաղ համագործակցությունը հեղափոխական ուղեկիցների հետ՝ չհրաժարվելով մարքսիստական օբյեկտիվ քննադատությունից, գրական սկսնակ երիտասարդության գաղափարական և գեղարվեստական դաստիարակությունը, ԽՍՀՄ առավել ականավոր պրոլետարական գրողների ժողովրդականացումը։ Եվ ընդհանրապես, պրոլետարական գրականության պրոպագանդան ու ագիտացիան և այլն։ Ահա մեր ամսագրի ծրագիրն՝ ընդհանուր գծերով։ Ամսագիրը լինելու է մասսայական բնույթի և լույս է տեսնելու յուրաքանչյուր ամիս։ Էներգիա և արտադրանք շատ կա։ Սակայն չկան օբյեկտիվ, առաջին հերթին՝ ‎ֆինանսական միջոցներ։ Մենք ՎԱՊՊ-ի քարտուղարությունից գաղափարական ղեկավարման հետ մեկտեղ խնդրում ենք ֆինանսական աջակցություն։
Ձեր ուղարկած փողերը չենք ստացել։ Խնդրում ենք շտապել։
Ընկերական ողջույններով՝ Հայկ. ՊԳԱ վարչության քարտուղար Նաիրի Զարյան։
5.07.1927 թ., Էրիվան։
Խնդրում եմ ներել սխալների համար (շարահյուսական)։ Ես մտածում եմ հայերեն և գրում եմ ռուսերեն, չգիտեմ՝ հասկանալի՞ է ձեզ իմ կես- հայկական, կես- ռուսական նամակը։
Չնայած նրան, որ «Նոյեմբերի» երեք նախկին անդամներ՝ Մահարին, Արմենը և Ռադիոն բաժանվել են մեզնից և տեսականորեն, և գործնականորեն, սակայն դրա մնացած հիմնական մասը հանձինս ընկ. ընկ. Անուշավան Վարդանյանի, Վ. Նորենցի, Ս. Տարոնցու և ուրիշների, ձուլվել են մեզ ու աշխատում են մեզ հետ ընկերական հարաբերություններով և միաժամանակ պայքարում են մեզ հետ միասին ընդդեմ այդ եռյակի։ Նրանցից Սարյանը Ասոցիացիայի ամենամեծ կազմակերպության՝ Էրիվանյան կազմակերպության քարտուղարն է։ «Նոյեմբերի» նախկին պարագլուխը՝ Չարենցը քրեական հանցագործության համար հեռացվել է կուսակցությունից և արտաքսվել է Սով. Հայաստանի սահմաններից դուրս։ Նա գտնվում է Թիֆլիսում, հայկական Վորոնսկու՝ Սուրխաթի աջակցությամբ, հենվելով վերը հիշատակված եռյակի վրա, ցանկանում է կրկին գրական խմբակ կազմակերպել «Պերեվալի» նմանությամբ։
Ն. Զարյան»։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն