Պահոց | 11:39 ե.

ԻՎ ՔԼԱՅՆ

18 Հկտ

Երբ ես դեռ պատանի էի, 1946 թ. ես ցանկանում էի ստորագրել երկնքի հակառակ կողմի վրա, մի ֆանտաստիկ ճանապարհորդության ժամանակ, այդ օրը, Նիցայի ծովեզրին պառկած, ես ատելությամբ համակվեցի թռչունների հանդեպ, որոնք այս ու այն կողմ էին ճախրում իմ գեղեցիկ կապույտ երկնքում, մաքուր ու անամպ, որովհետև նրանք փորձում էին անցքեր բացել իմ նկարներից ամենասքանչելիի ու ամենամեծի վրա: Հարկավոր է ոչնչացնել բոլոր թռչուններին մինչև վերջին ճնճղուկը:
Այսպիսով, միայն մենք` մարդիկ, իրավունքը կունենանք լիարժեք ազատության` կատարելագործելով ինքներս մեզ, ազատ որևէ ֆիզիկական և հոգևոր կապանքից:
Ոչ հրացանները, ոչ հրթիռները, ոչ արբանյակները չեն դարձնի մարդուն , այդ ամենը հայտնվում են միայն գիտնականների ֆանտասմագորիաներում, որը ծնունդն է ռոմանտիկ ու սենտիմենտալ ոգու, դա 19-րդ դարի ոգին է, թե իբր մարդը կարող է հասնել տարածության տնօրինությանը սարսափելի ուժերի միջոցով, չնայած ցանկությունը ու սառնասրտությունը միևնույն է` չեն հաղթահարել տարածությունը: Մարդկության ամենաթանկագին երազանքը կարող է իրականանալ միայն, երբ տարածությունը կներծծվի սեփական զգացմունքներով: Մարդու զգացողությունն ամենից հզորն է, այսօրվա քաղաքակրթությունը ի վիճակի է այդ զգացողությունը կարդալ նույնիսկ բնության հիշողության մեջ, այն վերաբերում է անցյալին, ներկային ու ապագային, դա մեր առավել ճշմարիտ ընդունակությունն է, որը դրդում է ծայրահեղ գործողությունների:

Թարգմ. Արման Գրիգորյան

ՄԱՐԿ ՇԱԳԱԼ

18 Հկտ

Ի հեճուկս մեր աշխարհի բոլոր դժվարությունների, իմ մեջ պահպանվել է այն ոգեշունչ սիրո մի մասը, որով ես դաստիարակվել եմ, պահպանվել է հավատը Սերը ճաշակած մարդու նկատմամբ: Մեր կյանքում, ինչպես և նկարչի ներկապնակում, միայն մի գույն կա, որն ընդունակ է իմաստ տալ կյանքին և Արվեստին. Սիրո գույնը:
Այդ գույնի մեջ ես տարբերում եմ այն բոլոր հատկանիշները, որոնք ուժ են տալիս մեզ ցանկացած ասպարեզում ինչ-որ բան անելու:
Հաճախ հարցնում եմ ինքս ինձ, թե որտեղից է նման վեհասքանչ բնության մի մասնիկի`մարդու մեջ, այսքան դաժանություն: Հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող է դա լինել, երբ կան Մոցարտը, Բեթհովենը, Շեքսպիրը, Ջոտտոն, Ռեմբրանդտը և այնքան ուրիշներ` սկսած համեստ ու ազնիվ մշակներից, որ տաճարներ, հոյակերտ շինություններ են կառուցել, արվեստի բազում գործեր ստեղծել և վերջացրած նրանցով, ովքեր հորինել են այն ամենը, ինչ հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը: Հնարավոր է, որ մարդը, տիրելով երկրի վրա իշխանություն պարգևող բոլոր նոր միջոցներին, անզոր լինի իշխելու ինքն իրեն: Դա անհասանելի է իմ հասկացողությանը: Ի՞նչ կարիք կա փնտրել բնությունից դուրս: Ներդաշնակության և գեղեցիկի բանալիները պետք է որոնել իր մեջ: Այդ բանալիները մեր ձեռքերում են: Այն ամենը, ինչ ես տքնել եմ անել, դաժանությանը մարտահրավեր նետելու մի թույլ ճիգ է: Արվեստը, որով զբաղվել եմ մանկուց, ինձ սովորեցրել է, թե սերը կարող է նրան փրկել: Սիրո գույնն ինձ համար ճշմարտության գույնն է, Արվեստի ճշմարիտ նյութը. այնքան բնական, որքան ծառը կամ քարը…

Թարգմ. Զ. Սուրենյան

ԺԱԿ ՊՐԵՎԵՐ

18 Հկտ

ԱՎԵԼԻ ՎԱՏ
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս …
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս
որ թափահարում է ցեխը վրայից…
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն …
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է…
նրանք ովքեր ասում են պայմանով միայն
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

Եթե վաղը պատերազմ է

18 Հկտ

Իսկապես, հեշտ չէ այն երկրի համար, որտեղ 15 տարի շարունակ մարդիկ անընդմեջ լսում են պատերազմի վերսկսման համանականության մասին: Հեշտ չէ կրել այն իրողության գիտակցումը, որ Ղարաբաղի խնդիրը քաղաքական լուծում չունի, իսկ անցած ժամանակի մեջ որևէ կերպ չի հաջողվել գոնե փոքր-ինչ մեղմել այդ տագնապը: Ընդհանուր տրամադրություններին գումարվում է շփման գոտում պահպանվող լարվածությունը: Սահմանային ամփոփագրերը միայն վերջին մի քանի օրերի ընթացքում բացառապես արձանագրում են հարյուրավոր կրակոցների, տասնյակ միջադեպերի ու այլ սադրիչ գործողությունների մասին: Գործի են դրվում զինատեսակներ, որ նախկինում հազվադեպ էին կիրառվել: ,- պատկերն ամբողջացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Այսինքն` այլևս խոսք լինել չի կարող հրադադարի ռեժիմի պահպանման մասին` անկախ այն բանից` կա՞ն միջազգային դիտորդներ, մոնիտորինգներ, ամեն կարգի առաքելություններ, թե ոչ: Տարեսկզբից մինչև այսօր, ըստ պաշտոնական ամփոփագրերի, երկու կողմից 18 զինծառայող է զոհվել, որոնցից 8-ը` միայն անցած ամսվա ընթացքում: Դիվերսիոն խմբերից ոչ պակաս ակտիվացել են նաև թշնամու դիպուկահարները: Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե այսուհետ ռազմադիվանագիտական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ է ձեռնարկվելու` հայ-ադրբեջանական շփման գծում դրանց գործունեությունը չեզոքացնելու համար, սակայն նախատեսված քայլերի արդյունավետության մասին դեռ վաղ է դատելը, իսկ հետևանքների մասին կռահելն` անհանգստացնող:
Այս կացության պայմաններում, մինչ հայկական կողմը շարունակում է խոսել մեր ազգային բանակի մարտունակության ու ոգու ամրության մասին, Ադրբեջանի կառավարությունն այդ ընթացքում հայտարարում է, որ 2011 թվականի բյուջեում ընթացիկ տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը։ Սա նշանակում է, որ բանակի համար հատկացումները կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար): Հասկանալի է, որ նման շռայլումները հենց այնպես չեն արվում: Պիտի հասկանալի լինի նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ոչ միայն կամքի և ուժի, այլ նաև ռեսուրսների և հնարավորությունների մրցություն է: Ու հարկ չկա խուճապայնություն որակել այն մտահոգությունը, որ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմում է 46,1 մլրդ դոլար, իսկ Հայաստանինը` ընդամենը 11,9 մլրդ: Կամ մի՞թե սթափ դատողությունը բացակայում է այն անհանգստության մեջ, որ մեր երկիրն իր գրեթե բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի, ինչը ճգնաժամային իրավիճակներում միայն ծանր, բացասական անդրադաձ կունենա: Ասվածին գումարենք ևս մի ակնհայտ ճշմարտություն. բանակը գծում է սահմանները, իսկ դիվանագիտությունն այն պարտավոր է ամրագրել, մի բան, ինչը դեռևս չենք տեսել: Այս ամենից հետո պատահակա՞ն է, որ օրերս Foreign Policy պարբերականի լրագրողը միանգամայն տեղին հարց է հնչեցնում. :
Այս հարցն առաջին հերթին մեզ է հասցեագրված: Իսկ ի՞նչ ենք պատասխանում դրան: Մենք դարձյալ շարունակում ենք մեր մեծ վեճի մեջ կառչած մնալ խնդրի բարոյական ու իրավական կողմին: Ահա ասվածի ամենաթարմ օրինակը: Սյունիքում նախագահ Ս. Սարգսյանը ելույթ է ունենում և բառացի ասում է հետևյալը. <… Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց կեցվածքով պայմաններ թե¬լադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել… Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագա չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ աշխարհը բոլորովին այլ տեսակետ ունի>:
Տա աստված, որ դա առասպել լինի: Տա աստված, որ ոչինչ էլ տեղի չունենա առաջիկա տարիներին: Բայց եթե, այնուամենայնիվ, սկսվի այդ չարաբաստիկ պատերազմը, այնժամ հազիվ թե կարիք լինի վերհիշելու, թե աշխարհն ինչպիսի տեսակետ ուներ դրանից առաջ: Եվ որպեսզի վրա չհասնեն հիասթափության ու հուսալքումի ժամերը, մենք ևս պիտի սկսենք մեր կարողությունները գնահատել ոչ թե անցյալի հաջողություններով ու ներկայի տրամադրություններով, այլ առաջին հերթին ցուցանիշներով և թվերի լեզվով: Եթե այսօր ԼՂՀ զինվորական ղեկավարությունը հայտարարում է, որ ղարաբաղյան բանակի թիվն ու սպառազինության քանակը 4 անգամ գերազանցում են 1994 թվականի ցուցանիշները, ապա սա այն պատասխանը լինել չի կարող, որը վստահություն կներշնչի: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ասվեր` իսկ դա բավարա՞ր է դիմագրավելու և հաղթելու համար:
Հասարակության ներքին տագնապների լիցքաթափումը չի կարող երկրորդական խնդիր համարվել այս պայմաններում, երբ մարդկանց ականչի տակ ամեն օր կրկնում են, թե պատրերազմը մեզ համար դեռևս անավարտ է: Սակայն այդ կրկնությունը դադարել է հիշեցում լինել ու վերածվում է պարապ հռետորաբանության բաղկացուցչի, հենց որ անհրաժեշտություն է առաջանում արդարացնել ինչ-որ բանի պակասը: Բառերը կարող են կորցնել իրենց նախկին ներգործությունը: Իսկ բանականությու՞նն ուր կորավ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

18 Հկտ

… Տարօրինակ են պոետների դեմքերը: Տեսականորեն հեղինակի արտաքինը ոչ մի կարևորություն չպիտի ունենա ընթերցողի համար. ընթերցանությունը նարգիզների համար չէ, ինչպես և գրելը, սակայն, այն պահից սկսած, երբ մեզ դուր է եկել պոետի բանաստեղծությունների բավարար քանակ, մենք սկսում ենք հետաքրքրվել գրողի արտաքինով: Դա, թերևս, կապված է այն կասկածի հետ, որ` սիրել արվեստի ստեղծագործությունը նշանակում է ճանաչել ճշմարտությունը կամ դրա այն մասը, որ արտահայտում է արվեստը: Ի բնե անվստահ լինելով` մենք ցանկանում ենք տեսնել արվեստագետին, ում մենք նույնացնում ենք նրա ստեղծագործության հետ, որպեսզի հետագայում կարողանանք իմանալ` ինչ տեսք ունի ճշմարտությունն իրականության մեջ: Միայն անտիկ հեղինակներն էին խուսափում այդ զննումից, որի համար էլ մասամբ նրանք համարվում են դասականներ, և գրադարանների որմնախորշերը ծածկող նրանց ընդհանրացված մարմարե դիմագծերն ուղիղ կապի մեջ են նրանց ստեղծագործությունների բացարձակ արքետիպային նշանակության հետ: Բայց երբ դուք կարդում եք.
…Այցելել
Ընկերոջ գերեզմանը, անհեթեթ տեսարան սարքել,
Հաշվել սերերը, որոնցից աճել ես,-
Լավ բան քիչ կա, բայց ծլվլալ անարցունք
թռչունի պես,
Կարծես ոչ ոք որոշակիորեն չի մահանում
Եվ բամբասանքը երբեք ճիշտ դուրս չի եկել,
անմիտ է…-
դուք զգում եք, որ այս տողերի հետևում կանգնած է ոչ թե շիկահեր, սևահեր, գունատ, թխադեմ, կնճռոտ կամ հարթ դեմքով որոշակի հեղինակ, այլ ինքնին կյանքը, և նրա հետ դուք կցանկանայիք ծանոթանալ, նրա հետ կցանկանայիք լինել մարդկային մերձավորության մեջ: Այս ցանկության հետևում ոչ թե փառասիրություն է կանգնած, այլ որոշակի մարդկային բնություն, որ փոքր մասնիկին ձգում է դեպի մեծ մագնիսը, նույնիսկ եթե դուք ավարտեք նրանով, որ Օդենի հետևից կրկնեք. «Ես ճանաչել եմ երեք մեծ պոետների, և երեքն էլ առաջնակարգ սրիկաներ էին»: Ես. «Ովքե՞ր»: Նա. «Յեյթս, Ֆրոստ, Բերտոլդ Բրեխտ»: (Բայց ահա Բրեխտի դեպքում նա սխալվում էր. Բրեխտը մեծ պոետ չէր)…

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

18 Հկտ

ԱՂՈԹՔ
Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլոր մարդու աղերսը:Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և հույս ու հանգրվանս: Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ: Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, և նրանց հոգուց,- որոնք աղոթել չգիտեն, աղոթքի են պապակ:Տե՛ր, հզոր ես և կարող…Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի: Տե՛ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, և շեները ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են: Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը:Հեռացրո՛ւ, հեռացրու, հեռացրու…Խաղաղություն տո՛ւր երկրին, թող ծաղիկները բույր տան, թող առաջվա պես առուները կարկաչեն, և աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթեն Քեզ:Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ: Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ,- Երկրի գրկում՝ պառկելու:Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, և արցունքից մեր աչքերը կուրացան: Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները և հոգիները ամայի ավերակ դարձրեց:Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, և կարոտը հոգուս մեջ- հեռացա նրանից: Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից… Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի:Տե՛ր, չէ՞ որ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր…Աղերսանքս ընդունի՛ր:Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր:Այնքան շատ են Հերդաները:Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար:Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող: Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան: Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ:Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ… Թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չ՜է, Տեր:Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

18 Հկտ

Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում,
Երբ սեղանիս վրա` շրջանակից իր հին
Քո չքնաղ դեմքն էր ինձ մեղմորեն շոյում:

Սակայն ժամը հասավ, դու հեռացար տանից
Ու նետեցի մութին ես մատանին մեր թանկ,
Դու ուրիշին տվիր քո բախտն ու սերն անբիծ,
Ու մոռացա ես քո դեմքը կախարդական:

Օրերն էին թռչում անիծյալ պարս դառած,
Կիրքն ու գինին էին ինձ ծվատում անքուն,
Ու հիշեցի ես քեզ գրակալի առաջ,
Ու կանչեցի ես քեզ որպես պատանություն:

Ու կանչեցի ես քեզ, բայց հեռացար դու լուռ,
Արտասվեցի, լացի, չլսեցիր սակայն,
Կապույտ թիկնոցիդ մեջ փաթաթվեցիր տխուր
Ու գիշերով խոնավ դու հեռացար անձայն:

Ես չգիտեմ, որտե՞ղ հպարտությունն հոգուդ
Ապաստանն իր գտավ, իմ սիրելի, իմ լավ,
Երազիս են գալիս քո թիկնոցը կապույտ
Եվ հեռացող քայլդ գիշերվա մեջ խոնավ:

Չեմ երազում փառքի ու քնքշության մասին,
Պատանությունն անցավ ու երազներն անցան,
Ես քո դեմքը չքնաղ շրջանակով այն հին
Իմ սեղանից առա ու պահեցի անձայն:

Թարգմ.` Վ. Դավթյանի

ԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԻ՞

18 Հկտ

Գրողական միջավայր կոչվող երևույթի զանազան բնորոշումների շարքում դրական որակումներ հազվադեպ կարելի է գտնել: Փոխարենը անսահման քանակությամբ են այն մռայլ հորջորջումները, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են այդ շրջապատի անցուդարձին, կազմել ստեղծագործական աշխարհի անբաժանելի բաղկացուցիչը: Իսկ այս համատեքստում ոչ պակաս կարևոր են եղել անձնական հարաբերությունները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունենալով գրականության հետ, վերջին հաշվով կանխորոշում են գրական համակրանքների ու հակակրանքների ուղղությունը: Ցավոք, քիչ տարբերություն կգտնեք այսօրվա և տասնամյակներ առաջ տիրող գաղջ մթնոլորտի միջև: Հավանաբար միակ «նորաձևությունն» այն կլինի, որ եթե մեր օրերում մի գրողը մյուսին կարող է մեղադրել, ասենք, իր ավտոմեքենայի անվադողերի պտուտակները թուլացնելու համար, ապա 1920-ականներին ամբաստանության շարժառիթների ընտրության հարցում գրչի մշակներն առավել համեստ էին:
Բազում նմանատիպ վկայություններից ներկայացնենք մի անհայտ վավերագիր, որը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում (ֆ. 972, ց.1. գործ 125, էջ 30-31): Դրանում շարադրված պատմությունն այս անգամ վերաբերում է մի տհաճ միջադեպի, որի գործող անձինք հայտնի անուններ են` արձակագիր Մկրտիչ Արմենը, բանաստեղծ Խորեն Ռադիոն, գրող Աշոտ Շայբոնը, բանաստեղծ Սողոմոն Տարոնցին և այլք:
«Խ. Հայաստանի Պրոլետարական գրողների վարչությանը
դիմում Ս. Տարոնցուց
Ամսույս 21-ին, միության անդամներ ընկ. ընկ. Արմենը և Խորեն Ռադիոն, ոմներ Շաի-Բոնն ու Արամայիս Սվասյանը «այցելել» են իմ բնակարանը մի մտադրությամբ` իմանալու «կորած» գրքերը չեն՞ գտնվում Սող. Տարոնցու յաշչիկներում: Ես տանը չեմ եղել, դպրոցից վերադառնում եմ, նկատում եմ ընկերներին, ուրախանում եմ… Բայց մի քիչ հետո պարզվում է, որ հիշյալ ընկերների մտադրությունը այլ է, հայտնաբերել «12 կտոր կինոյի վերաբերյալ կորած գրքերը»:
Գնալու ժամանակ ընկ. Խ. Ռադիոն թևից բռնած դուրս է տանում ինձ և ծիծաղելով հարցնում.«Լսիր, խոմ կատակով Արմենի գրքերը չես՞ վերցրել»… Պատասխանս չի համոզում: …Քիչ հետո Խ. Ռադիոն և Շաի-Բոնը վերադառնում են սենյակս և Արմենի հրամանով (նախապատրաստված) խնդրում են յաշչիկները բաց անել, որ րոպեապես բաց եմ անում և ամբողջ գործերը թափում խուզարկու պոետների առաջ…
Նրանք այնտեղ ոչինչ չեն գտնում:
Արմենը գլուխը «ամոթից» կախած է, ահա դուրս է գնում փնթփնթալով՝ հավատացած, թե «կորած» գրքերը էլի ինձ մոտ են…
Կարող եմ հրապարակորեն ասել, որ այդ «կորած» գրքերից լուր չունեմ, լոկ մի քանի անգամ շաբաթվա մեջ եղել եմ Արմենի տանը իրա՝ Արմենի, Վահանների հետ, և 20-ին մենակ, որտեղ ընթերցում էի Լենինի «Պետություն և հեղափոխություն» գիրքը և դուրս ելել տանից Մահարու, իրա և Շաի-Բոնի հետ ձեռքիս ունենալով մի գիրք` վերոհիշյալ գիրքը: Գրքերը կորել են, և գուցե շատ հավանական է, գոլորշիացել իր ավելի մոտ ընկերների ձեռքով, եթե միայն կորել են. կամ ծայրահեղ դեպքում իր իսկ ձեռքով վերադարձրել են գրավաճառի մոտ ևս օրը մթնացնելու համար: Ով՞ է իմանում, Արմենը Արմեն է և շառլատանություններ հնարելու մեջ միակը:
Մի՞թե նույն Արմենը չէր, որ անխնա վատնում էր իր մոտ եղած, շառլատանության օրերից ժառանգած «Նոյեմբեր» միության գրքերը` գների իջեցման քաղաքականությունը 100 տոկոսով կիրառելով: Նույն Արմենը չէ՞ր, որ իր ամենաարժեքավոր գրքերը ծախում էր հանուն ցամաքած որկորի, և միթե վերջապես Արմենը չէ՞ր, որ գողացել է իր հետ ապրողների մի շարք գրքերը և տարել մորաքրոջ տուն, հռչակավոր գողունի «գրապալատը»: Գողը գիտե՝ բոլորն էլ գող են: Այդպես է:
Այդ նույն սենյակում ապրածս ժամանակ, իմ սեփական իրեղենից 2 շապիկ, 1 սավան կորսվեց… Սենյակում ապրողների մեծ մասը կասկածում էր նույն այդ Արմենի վրա` հիմք ունենալով նրա այն ժամանակվա «սև օրերը»… Նրա անսահման ստախոսությունը, ուրիշի սեփականությունը յուրացնելու մեջ վիրտուոզ լինելը, նրա` ընկերոջ հանդեպ ունեցած անազնիվ միտումները, և վերջապես նրա պապենական «շապիկը օղով թրջելու» արվեստը և խուլիգանությունը:
Մի՞թե նույն Արմենը չէր, որ յուրացրեց Լենինականի շրջանի Դյուզքյանդ գյուղի գրադարանից բազմաթիվ գրքերը և անընդհատ «խուզումներ» էր կատարում գրադարաններում և բանակումբներում…
Կեցցե. պրոլետգրող Արմենը, կեցցե հին կոմերիտականը…
Իզուր է նա շառ գցում ինձ վրա՝ հրավիրելով սրտակիցներ Խ. Ռադիոյին, Շաի-Բոնին և խուլիգանության Արքա Արամայիս Սվասյանին` առանց ամաչելու քրքրելու յաշչիկներս իմ ուսանող ընկերների և մի քանի անծանոթների առաջ:
Համարելով այս քայլը հատկապես Մկրտիչ Արմենի կողմից տգեղ ու հանձինս ինձ` վիրավորական, սույն դիմումով խնդրում եմ վարչությանդ. քննել և ըստ հարկին կազմել ընկերական մի դատ, այն ժամանակ կտեսնենք` ե՞ս կամաչեմ, թե՞ աբլայի փողերը գողացող Մկրտիչ Արմենը:
21. 5. 1927 թ., Երևան:
Սողոմոն Տարոնցի»:

Հայաստանի ազգային արխիվ (ֆ. 972, ց.1. գործ 125, էջ 30-31):
Դեպքերի հետագա ընթացքի մասին այլ հիշատակություններ չկան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ