Պահոց | 11:53 ե.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

27 Հկտ

… Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:
Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ:
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ…
Այս «քանի որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
…Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: Գուցե: Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է:
Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից:
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…

ՌԸՆԵ ՇԱՐ

27 Հկտ

ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Քաղաքի փողոցներում իմ սերն է: Ինչ փույթ, թե ուր է գնում երկատված ժամանակի մեջ: Իմ սերը չէ այլևս. ամեն ոք կարող է նրա հետ խոսել:
Նա չի էլ հիշում` ո՞վ սիրեց իրեն ճշմարիտ սիրով:
Հայացքների մարմաջների մեջ որոնում է նա իր նմանակին: Իմ հավատարմությունն է անցած տարածքն իր: Նա հույսն է գծում և թեթևորեն վտարում է այն: Անմասն մնալով` ինքը նախապատվությունն է:
Ապրում եմ նրա հոգու խորքերում երջանիկ բեկորի նման: Իր մտքից անկախ իմ մենությունը գանձարանն է իր: Մեծ միջօրեականում, որտեղ նշվում է նրա խոյանքը, ազատությունն իմ փորփորում է այն:
Քաղաքի փողոցներում իմ սերն է: Իմչ փույթ, թե ուր է գնում երկատված ժամանակի մեջ: Իմ սերը չէ այլևս. ամեն ոք կարող է նրա հետ խոսել: Նա չի էլ հիշում` ո՞վ սիրեց իրեն ճշմարիտ սիրով և ո՞վ է հեռվից լույս տալիս նրան, որ վայր չընկնի:

ԻՆՉՈՒ՞ ՀԱՆՁՆՎԵԼ
Օ, պատահական իմ ծանոթուհի, մեր բաց թևերը մոտ են մեկմեկու,
Հավատարիմ է լազուրը նրանց:
Սակայն այդ ի՞նչ է փայլում մեզնից վեր, բարձր, շատ բարձր:
Մեր հանդգնության մեռնող ցոլքերը:
Երբ որ մենք նրան ի վերջո հասնենք,
Երկրին այլևս վիշտ չենք պատճառի,
Կնայենք իրար:

* * *
Չորացող սպիտակեղեն` մերկահագի, անկողնու` լվացքասեղմակների վրա պարանով կախված: Անհոգ տանտերը թողել է այն այնտեղ ողջ գիշեր: Քարերի եւ խոտերի վրա ճերմակին էր տալիս թավշյա ցողը: Օրը խոստանում էր տաք լինել, բայց գյուղը չէր արթնանում: Ամայի հատվածներում ողջ գեղեցկությամբ տիրում էր առավոտը, սեփականատերերը, դեռեւս, ծանր բանալիներով վիթխարի կողպեքների տակից դուրս չեն բերել ոչ դույլ, ոչ գործիք: Թռչնարանը հանրահավաքի էր ելել, ճամփից դուրս ընկած, օդում հառնել էր ամուսնական զույգը, Ջակոմետտիի աշխատանքը: Ասես մերկացած, կամ էլ` ոչ: Նրբին, լուսաթափանց, ինչպես այրված տաճարի վիտրաժները, անկերպարան, ինչպես ինքն իր անբարետեսությունից եւ նիհարությունից ամաչող: Եվ այդուհանդերձ, հպարտ իրենց անվեհերությամբ` նրանց տեսակից, որ կգնա մինչեւ վերջ, չի երերա թավուտի եւ արհավիրքի անողոք լույսի ներքո: Սիրահարները դափնեվարդի, նրանք քարացել են ագարակատերերի տնկիների առջեւ եւ երկար շնչում են նրանց բույրը: Պարանի սպիտակեղենը սարսռում է: Տխմարավուն շունը, նույնիսկ առանց հաչելու, կողմ է նետվում: Տղամարդը շոյեց կնոջ փորը, եւ նա հայացքով քնքշորեն շնորհակալ եղավ: Սակայն նրանց փաղաքշանքից բերկրեց միայն գրանիտե ծածկի տակի խոր ջրհորը` միայն նա որսաց դրա թաքուն իմաստը: Հեռավոր սենյակում, ընկերների գյուղական տանը, քնած էր մեծ Ջակոմետտին:

Թարգմ. Նվարդ Վարդանյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

27 Հկտ

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ
1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր:
— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:
— Բարով, տեր հայր,- աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:
— Որտեղի՞ց կուգաս:
— Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ…
— Ա.-ի տեր Սարգի՞սը…
— Այո, Հայրիկ:
— Է՞…
— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես…
— Է հիմի…
— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպես, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
— Ամենքը միասին քսան, Հայրիկ:
— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:
— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:
— Հայրիկինը…
— Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:
Ասավ ու գլուխը խոնարհեց:
Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…
Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը…

ԺՅՈՒԼ ՍՅՈՒՊԵՐՎԻԵԼ

27 Հկտ

ՆԱՎԱՀԵՏՔԸ
Տեսանելի էր նավահետքը և ոչ մակույկը,
Քանզի երջանկությունը անցել էր այդ տեղից:
Նրանք նայել էին խորքը իրենց աչքերի,-
Տեսնելով միայն իրենց սպասված բացաստանը,
Որտեղ վազում էին եղնիկները իրենց ամբողջ համարձակությամբ,
Եվ որսորդները առանց արցունքի էին մտնում այդ երկիրը:
Մի ցուրտ գիշերվա հաջորդ օրը
Հայտնի դարձավ, որ այնտեղ կան սիրով խեղդվածներ:
Բայց ինչ որ զգացինք նրանց տառապանքից,
Մեզ համոզեց այլևս չհավատալ սիրո:
Մի փոքրիկ ծվեն նրանց առագաստից երևում է օդի մեջ,
Միանգամայն մենակ, քամու քմահաճույքի բերանն ընկած,-
Հեռու մակույկից և հորձանքից` քշված թիակներից:

Թարգմ. Գ. Խանենց

ՑԻՑԵՐՈՆ

27 Հկտ

… Եթե դուք մտածում եք, որ մարդկանց կոտորելով դուք կստիպեք նրանց չկշտամբել ձեզ սխալ ապրելու համար, ապա դուք մոլորվում եք: Այդպիսի ինքնապաշտպանության ձևն այնքան էլ հուսալի չէ, իսկ, ահա, ձեզ բավականին լավ և հեշտ միջոց. մի փակեք ուրիշների բերանը, այլ ինքներդ աշխատեք որքան հնարավոր է ավելի լավը լինել: Չէ՞ որ ես միայն այդ էլ անում եմ, որ գնում ու համոզում եմ ձեզնից ամեն մեկին` և ջահելին, և ծերին, հոգալ նախ և առաջ ոչ մարմնի և ոչ էլ փողի մասին, այլ հոգու, որ նա լինի` որքան կարելի է ավելի լավը, ես ասում եմ, որ փողից չի ծնվում առաքինությունը, այլ առաքինությունից է մարդկանց մոտ լինում և փող, և այլ բարիքներ, ինչպես անհատական կյանքում, այնպես էլ հանրային:
Ուրիշ կերպ ես չեմ վարվի, եթե դրա դիմաց ինձ շատ մահեր էլ սպասվեն…

Ճանաչում և գուշակություն

27 Հկտ

Որևէ կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունները ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ պատրաստվում են նշանակալի քայլ կատարել: Այդ մասին բացահայտ որևէ բան չի ասվում, սակայն առկա նախանշանները միայն դա են հուշում: Այստեղ հատկանշականն այն է, որ այդ կարևոր քայլը կարող է իրականացվել Աստրախանում այսօր մեկնարկող ՌԴ- Հայաստան- Ադրբեջան եռակողմ բանակցություններից անմիջապես հետո: Այլ խոսքով ասած` հանդիպման արդյունքը ազդանշանի դեր կխաղա և այդ հրահանգն առաջին հերթին լսելի կլինի Ազգային Ժողովում, ուր օրակարգում է կուսակցության՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը: Գուցե իրականում սա զուտ պատահականություն է, որ միևնույն օրը թե Ադրբեջանի հետ ընդհատված բանակցություններ են սկսվում և թե խորհրդարանն է պատրաստվում քվեարկության դնել օրենքի նախագիծը: Սակայն բավական է վերհիշել այդ նախագծի անցած երկար ու խոտոր ճանապարհը, և պարզ կդառնա, որ հենց այնպես ոչինչ չի արվում: Ի դեպ, նման կարծիքի հիմնավորում կարող է դիտվել նաև Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի արտասանված հետևյալ խոսքերը. : Ստացվում է, որ միանգամայն անտեղի էին օրեր շարունակ ընթացող դեբատները, տարբեր քաղաքական ուժերի թեր և դեմ կարծիքները, նույնիսկ այն փաստը, որ իշխող կոալիցիան սկզբունքորեն դեմ է արտահայտվում հարցի քննարկմանը: Բավական է նախագահն ասի, և նրանք անմիջապես կվերանայեն իրենց տեսակետը:
Համանման մի վերանայում արդեն իսկ կատարվել է: Դաշնակցությունը, որ մինչ այս հայտարարում էր, թե իրենք դեմ են ու չեն մասնակցելու քվեարկությանը, այժմ փոխեցին դիրքորոշումը` տեղեկացնելով, որ եթե օրինագիծը դրվի քվեարկության` կողմ հանդես կգան: Նրանց և ընդհանրապես, կոալիցիայի անդամ ուժերի պատճառաբանությունը շատ ինքնատիպ է: Պարզվում է, որ եթե դեմ քվեարկեն, ապա դրսում մեզ չեն հասկանա: ,- բացատրում են նրանք: Ստացվում է, որ այս դեպքում էլ էականը ոչ թե ճանաչել-չճանաչելու հարցում կուռ համոզվածութունն է, այլ իմիջի ու հեղինակության խնդիր կա, ինչը պետք է ավելի բարձր դասել, քան Ղարաբաղի ճակատագիրը:
Ներկա պահի բնորոշ գծերից մեկը պիտի համարել հենց այս կարգի անկայուն, մեկը մյուսին հակասող, սակայն ոչ մի դեպքում չհիմնավորվող դիրքորոշումների առատությունը: Նույն Աստրախանի հանդիպման առնչությամբ դեռ երկու օր առաջ ամենքը միաբերան կրկնում էին, թե որևէ լուրջ սպասելիք չունեն: Իսկ ահա երեկ երաժշտությունը փոխվեց, դարձավ շատ ավելի հանդիսավոր ու լարված, և այժմ կարծիքներ են հնչում դրա խիստ կարևորության մասին: Նույնիսկ հեռուներից Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը միացավ այդ ` ասելու, թե այս բանակցությունները կարևոր փուլ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար:
Այդպես էլ վերջնականապես գլխի չընկնելով` արդյո՞ք հարմար պահն է ԼՂՀ-ի ճանաչման համար, թե ոչ, այդ դիլեմայի ողջ ծանրությունն իրենց ուսերին առած գործիչները ջանում են կամ խուսափել պատասխանատու լինելուց, կամ դատարկությունը լցնում են ամեն կարգի անպտուղ ենթադրություններով, որոնց շարքում հաճախակի հնչողները հետևյալներն են`Հայաստանը ինչ-որ պահի պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն այդ պահն այսօր չէ: Հայաստանը պետք է այն ճանաչի այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի ԼՂՀ-ի դեմ: Հայաստանն այդ քալը պիտի անի, երբ այնքան կհզորանա, որ ուժեղի դիրքից իր կամքը կթելադրեի Ադրբեջանին: Հայաստանը պիտի ճանաչի Աբխազիան ու Հարավային Օսեթիան` փոխարենը ռուսներից պահանջելով պատասխան ժեստ, և այլն, և այլն…
Հետին ամսաթվով լավագույն, սակայն ձեռքից բաց թողնված հնարավորությունների փնտրտուքով տարված քաղաքական ուժերը մեկ ուրիշ խաղ էլ են հորինել. փորձում են գուշակել, թե ե՞րբ էր պետք վճռական քայլը կատարել: Մի դեպքում նշում են, որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու լավագույն պահը եղել է 1991 թվականը, երբ Արցախը հռչակեց իր անկախությունն ու դիմեց աշխարհի երկրներին, այդ թվում` Հայաստանին՝ ճանաչել իրեն։ Մեկ այլ կարծիք հիշեցնում է այն մասին, որ Հայաստանը ռազմավարական սխալ է արել, երբ 1994 թվականին` հրադադարի ստորագրումից հետո, չի ճանաչել Ղարաբաղը, իսկ ներկայումս նման քայլի դիմելն ադեկվատ չի լինի: Երրորդ խումբն ընդհանրապես պնդում է, թե երբեք էլ ռեալ հնարավորություն չի ստեղծվել, իսկ եթե արդեն եղել է, ապա կնշանակի, որ մենք ուշացել ենք:
Ուշացե՞լ ենք: Ինչի՞ց:
Արցախի հարցը համարելով որոշված ու եզրահանգված, խորհրդարանում հիմա էլ շրջանառում են մեկ այլ տեսակետ, ըստ որի միջնորդները ներկայումս համոզելու փուլից փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլ: Գուշակությունների ժանրից քաղված այս վարկածը խիստ համահունչ է նրանց տրամադրությանը, ովքեր խուսանավելով բարդ լուծումներից, մեջտեղ են բերում այնպիսի փաստարկներ, որոնք պիտի արդարացնեն իրենց կրավորությունը: Այդ իսկ պատճառով էլ չի բացառվում, որ վերջին պահին փոխզիջման գնա ու փաստաթուղթը քվեարկության չդնի, եթե կոալիցիան ինչ-որ միջանկյալ որոշում առաջարկի, ասենք այն, որ օրինագիծը բոլոր խորհրդարանական ուժերի ստորագրությամբ մտնի մեծ օրակարգ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՉԱՐԵՆՑԻ ՉՏՊԱԳՐՎԱԾ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

27 Հկտ

1920-ական թվականներին զանազան նորամուծությունների շարքում առանձնանում էր էսպերանտո լեզվի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Իսկ յուրաքանչյուր վերափոխման մեջ հեղափոխականություն տեսնել ցանկացող վարչակարգն ամեն կերպ նպաստում էր Լ. Ջամենհոֆի ստեղծած միջազգային լեզվի մասսայականացմանը: Ստեղծվեցին էսպերանտական միություններ, լույս տեսան պարբերականներ, մարդկային պարզ հետաքրքրասիրությունը վերածվեց լայնածավալ շարժման: Այդ շարժումը գլխավորում էր 1921 թ. Թիֆլիսից Երևան տեղափոխված Գուրգեն Սևակը:
Մեր պատմության այդ կարճատև դրվագի մասին եղած ժլատ ուսումնասիրություններում այսօր կարելի է կարդալ, որ Գ. Սևակին հաջողվեց առաջին անգամ էսպերանտո լեզվով թարգմանել ու հրատարակել հայ գրողների ստեղծագործությունները: Իբրև այդպիսիք սովորաբար հիշատակվում են Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» ու Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»:
Բայց արդյո՞ք այդ հեղինակներն են եղել առաջինները:
Փաստերն այլ բան են պնդում: 1935 թ. ապրիլի 4-ին «Ավանգարդ» թերթն իր էջերում զետեղում է մի տեղեկավություն, որտեղ ասված էր. «Հեղափոխական գրող, էսպերանտիստների ասոցիացիայի անդամ ընկ. Գ. Սևակը տպագրության համար պատրաստել է Ե. Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն՝ էսպերանտո լեզվով: Գիրքն այս տարի լույս կտեսնի Պետհրատի հրատարակությամբ: Սա կլինի Հայաստանում լույս տեսնող առաջին գեղարվեստական գրականությունն էսպերանտո լեզվով: Ընկ. Սևակը տպագրության համար պատրաստել է և այս տարի էսպերանտո լեզվով նույնպես լույս է տեսնելու Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», «Թմկաբերդի առումը» և մի շարք բանաստեղծություններ, ինչպես նաև Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարին»:
Ինչպես տեսնում ենք, առաջին հերթին նախապատվությունը ոչ միայն տրվել է Չարենցին, այլև նույնիսկ եղել է հրատարակչությանը հանձնած պատրաստի ժողովածուն:
Բայց գիրքն, այնուամենայնիվ, լույս աշխարհ չեկավ:
Դժվար չէ կռահել, որ ինքնատիպ ժողովածուի հրապարակումը կասեցվել է Չարենցի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի կտրուկ փոփոխման արդյունքում: Եվ այդ իրավիճակում նախապատվությունը զիջվել է առավել «անվնաս» հեղինակների գործերին: Բոլոր դեպքերում, Չարենցի կյանքին առնչվող այդ փոքրիկ դրվագը, որ մոռացության էր տրված, արժանի է հիշատակման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

27 Հկտ

ՍՈՆԵՏ 94
Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն և անառիկ է,
Նա է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր,
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության,
Նա է իր դեմքի և իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:
Ամռան ծաղիկը անուշ բուրմունք է ամառվա համար,
Թեև իր համար` նա գիտի ապրել ու մեռնել անտես,
Սակայն երբ թոշնում և դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ:
Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

Թարգմ. Ս. Մկրտչյան

ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ

27 Հկտ

ԶԲԱՂՎԱԾ ՓԻԼԻՍՈՓԱՆ
Ի՞նչ է մնում անելու փիլիսոփային, երբ հասարակությունը պատերազմի է պատրաստվում:

Երբ Փիլիպոսը սպառնում էր Կորնթոսի մայրաքաղաքի պաշարմամբ, եւ նրա բոլոր բնակիչները ներքաշվել էին պաշտպանության մեջ՝ ով զենքը կոկելով, ով քար հավաքելով եւ ով էլ պատերը վերանորոգելով, Դիոգենեսը, տեսնելով այդ փութկոտ նախապատրաստությունները, փաթաթվեց իր թիկնոցով եւ սկսեց փողոցով մեկ այս ու այն կողմ գլորել իր տակառը: Երբ նրան հարցրին, թե ինչու է նա այդ անում, նա պատասխանեց, որ ուզում է ամենքի նման զբաղված լինել եւ գլորում է իր տակառը, որպեսզի միակ անբանը չլինի այդչափ աշխատասեր հերոսների մեջ:

ԵՐՋԱՆԻԿ ՀՐԴԵՀԱՎԱՅՐ
Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր փորձում են կանխել իրենց դարը

Պատահեց, որ հրդեհը բռնեց թատրոնի ետնամասը: Ծաղրածուն ելավ հանդիսատեսներին զգուշացնելու: Նրանք որոշեցին, որ դա ընդամենը կատակ է, եւ ծափահարեցին: Նա կրկնեց իր նախազգուշացումը, նրանք ավելի բարձր ծափահարեցին: Այդպես, ես կարծում եմ, աշխարհը կործանվում է խելոքներից բխող աղմկոտ ծափահարությունների ներքո, ովքեր հուսով են, թե դա կատակ է:

ԹԶՈՒԿԻ ՅՈԹՄՂՈՆԱՆՈՑ ԿՈՇԻԿՆԵՐԸ
Ինչո՞ւ է երջանկությունն այդչափ անորսալի

Մարդկանց մեծամասնությունը հաճույքներ է փնտրում այնպիսի շնչակտուր հապճեպությամբ, որ աճապարանքի մեջ կորցնում է այն: Նրանց հետ տեղի է ունենում այն, ինչը պատահեց թզուկին, ով ամրոցում հսկում էր գերեվարված արքայադստերը: Մի անգամ նրան համակեց միջօրյա նինջը: Երբ նա մի ժամից զարթնեց, արքայադուստրը փախել էր: Նա ակնթարթորեն վրա քաշեց իր յոթ մղոնանոց կոշիկները` մեկ քայլ անելով նա հայտնվեց արքայադստրից շատ ու շատ առաջ:

ՍԼՈԲՈԴԱՆ ՇՆԱՅԴԵՐ

27 Հկտ

…Եթե մարդիկ չլինեին, ապա մրջյունները ճիշտ նույնպես կվարեին իրենց երեսնամյա կամ հարյուրամյա փառավոր պատերազմները, ստրուկներ կպահեին, ճանապարհներ ու կամուրջներ կկառուցեին, անասուններ կբուծեին, այնպես որ, ինչպես տեսնում ենք, առանց մարդու էլ հնարավոր է ոչ միայն քաղաքների, այլեւ պետությունների գոյությունը: Եթե այդ, ամեն ինչում այդչափ մանրախնդիր ֆենոմենոլոգիան դույզն-ինչ կասկածամտություն ներմուծեր այդպիսի սրբազան բաների վերլուծության մեջ, ինչպես, օրինակ, պետությունը, նրա խնդիրը, հնարավոր է, ի կատար ածվեր:
Այն փաստը, որ միշտ հավասարակշռված Արիստոտելը բավական վշտացավ՝ իմանալով, որ մրջյուններն աշխատում են նաեւ լուսնի լույսի ներքո, տվյալ դեպքում մենք հիշատակում ենք՝ որպես հանրահայտ մի բան: Ստագիրի բնակիչն այնպես էր ապշել այդ գիշեր, երբ տեսավ դա, որ երեք օրով հետաձգեց իր «Հոգու մասին» աշխատության ավարտը, չնայած այն լիովին եւ վերջնականապես ավարտելու իր պատրաստականությանը: Պլատոնը հետազոտում էր դասային բաժանումը, որն իր արտացոլանքը գտավ իր «Պետությունը» տրակտատում, սկզբում՝ մրջյունների օրինակով, սակայն իր տեսությունը Սիցիլիայի վրա պրակտիկայի վերածել ջանալուց ինքն իսկ գերության մեջ ընկավ: Դժվար է ասել, թե գիտե՞ր նա արդյոք, որ սեռական պատկանելության տեսանկյունից բոլոր աշխատավոր-մրջյունները հետամնաց արուներ էին։ Կարելի է ենթադրել, որ մեծ մեղքն այդպիսի փաստը կընկալեր որպես գոտկատեղից ցած էրոտիկ հարված:
Պլինիոսն այնինչ գովասանքով էր խոսում մրջյունների հանրապետական արժանիքների մասին, նշելով, որ նրանք բոլորը հավասար են, ճիշտ է, միշտ այս կամ այն դասի շրջանակներում, պատկանելությունը որին նախատեսված է բնությամբ: Ինչ վերաբերում է Կիկերոնին, ապա նա երկու անգամ գովասանքով է արտահայտվել մրջյունների խելքի մասին:
Նույնիսկ ֆենոմենոլոգիային չիրազեկ զննողի աչքից չի վրիպի Նյու Յորքի եւ մրջնանոցի նմանությունը:

ՄԱՐԻԱ ԳԱԴԱՍ

27 Հկտ

… Գոյություն ունեն շատ ժամանակներ: Միաժամանակ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը: Ժամանակը հորիզոնական երկայնաձգություն է, իսկ հավերժությունն ուղղահայաց կառուցվածք ունի: Այն սերում է Սուրբ Հոգուց: Երբ նա հատում է Ժամանակը` դա մեր ակնթարթն է: Դրանք էլ կարող են շատ լինել` հավերժությունը հատում, հատում, եւ հատում է ժամանակային երկայնաձգությունը: Կա ժամանակ, որը հավերժականին զուգընթաց է: Դա «անժամանակ ժամանակն է»: Սակայն 21-րդ հարյուրամյակից ինչ-որ բան փոխվեց: Մենք բոլորս դա զգում ենք: Փոխվել է արագությունը, ժամանակը: 19-րդ դարի բանաստեղծներից մեկը դժվար պահին տետրում գրել է. «Երկինքը փակվել է: Իմ աղոթքները երկնքին չեն հասնի»: Այսօր ես չեմ հավատում, ես գիտեմ, որ երկինքը բաց է: Ճշմարտությունը սփռված է մթնոլորտում, եւ այն թույլատրում է մարդուն միավորվել տիեզերքին: Ես կարծում եմ, որ այս նոր արագությունը` վերամիավորման պրոցեսի մասն է:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

27 Հկտ

Արիութի՛ւն:
Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները:
Կեղծ է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին:
Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:
Արիութի՛ւն — միակ ճշմարիտ բարոյականը:
Կորցնելով իրենց արիութիւնը — իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները — ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը` իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ:
Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հեռու է պահում արիապաշտութիւնը:
Աիրութի՛ւն, ժողովուրդներին բարոյապէս նեխելու վտանգից փրկող հոգեւոր աղն է դա:
Երբ կայ դա` չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում:
Բարոյական արեւ է դա, որ կ’առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա` կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն: Պակասո՞ւմ է դա` այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է` հոգեւոր սնանկութիւն:
Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարստութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան: Ինքնապաշտապանություն. ահա մեր նոր կրոնը:
Երիցս խղճալի է այն ժողովուրդը, եթե նրա ռազմիկները խոր համոզմամբ չեն կրկնում, թե “ամենաանառիկ բերդերն իսկ կառուցվաց են գրավելու համար”:Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսությունը և հերոսականը:
Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն, սրանք են հեշտացնում թշնամու գործը:
Մի բանակ, որն հաղթել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող:

ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ

27 Հկտ

… Քիչ բան կա՞, քնքուշ տիկնայք, որ կարելի է մեխերով գամել: Ասենք, դրոշը` կայմին: Սակայն ոչ այնքան երկար (թեպետ և բազում դրոշներով գունազարդված) կյանքից հետո ես մնացի բնավ առանց թեզիսների: Ինքը կյանքը ինչո՞վ խաչելություն չէ:
Երբ հոգուն վրա է հասնում, երբ քեզ առաջ քշող օդը գրեթե սպառվելու վրա է, խոստովանության ճիշտ ժամն է, թող որ դա լինի կտակ, մերձիմահ (ոչ այդքան ազատ) կամք` «Վերջին շունչ» բալագանը: Ահա «Այստեղ ես կանգնած կամ նստած եմ»-ի բացատրությունը, բնապատկերին գամված ինքնամերկացումներով եւ կարմիր ամրոցի բանալիները գրպանումս` ահա այդ կարճատև դադարի բացատրությունը վերջնական կապիտուլյացիայից առաջ:
Հետևաբար հարկ է երգել երգը վերջին այն ամենի մասին, որ գոյություն ուներ և չէր կարող այլևս գոյություն ունենալ, այն մասին, ինչը լավ էր, և ինչը` վատ: Հրաժեշտի հոգոց արձակել առ կատարյալ աշխարհը, նրա ետքից արցունք թափել, ինչպես և գոչել հրաժեշտի «ուռա»-ն, ըմբոշխնել վերջին թունալի-սկանդալային խոսքուզրույցը (վիդեոյի բացակայության պատճառով հարկ կլինի բավարարվել բառերով), մի քանի անբարեհունչ հոգեհանգստյան մեղեդիներ նվագել: Լսեք մավրի պատմությունը, աղմկով և ցասումով լի: Ցանկանո՞ւմ եք: Եթե նույնիսկ չեք էլ ցանկանում: Իսկ մինչ այդ, այստեղ տվեք պղպեղը:

%d bloggers like this: