Պահոց | 8:09 ե.

Ո՞Վ Է ԳՏԵԼ ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

19 Հկտ

«…Եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին, այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերեվարեցին… Քաղաքի շինություններից փայտաշենները կրակի տվեցին, այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը. քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողեցին, քաղաքը բնակիչներից թափուր, անմարդի, ավերակ դարձրին»,- այսպես է նկարգրում Փավստոս Բուզանդը 369 թ. երբեմնի հզոր ու խոշորագույն հայոց մայրաքաղաքի կործանումը պարսիկների կողմից:
Քրիստոսի ծննդից 200 տարի առաջ հիմնված Արտաշատը հնագույն քաղաքակրթության մեծագույն կոթողներից էր, «Նոր Կարթագեն», ինչպես նրան անվանում էին օտար պատմիչները: Հուստինիանոս 1-ին կայսրից մինչև Դիոն Կասսիոս, Յամբլիքոս ու Պլուտարքոս հիշատակում են Հայոց արքայանիստն իբրև առևտրական, տնտեսական ու մշակութային կենտրոն, այնտեղ էին խաչվում պատմական ժամանակների շրջադարձային ուղիները:
Սակայն անցան Արտաշատի աստեղային ժամերը: Հետո պիտի գային տասնյակ դարեր՝ մոռացության փոշին դնելով նրա ավերակների վրա, պիտի սերունդներ գային՝ պահելով քաղաքի անունը հիշողության մեջ և անարդյունք որոնելով նախնյաց փառքի հետքերը: Բայց և մնալու էր այն հույսը, թե ինչ-որ մի օր անհայտությունից կրկին դուրս էր բերվելու Հին Արտաշատը՝ արդեն իբրև պատմություն, իբրև քարե վկայագիր, իբրև նախասկիզբ ու բնօրրան մի ողջ ժողովրդի համար:
Դեռ անցյալ դարասկզբին ծայր առան Արտաշատի որոնման աշխատանքները: Հնագետները համոզված էին, որ քաղաքի հետքերը գտնելը հազիվ թե մեծ բարդություն ներկայացներ, քանի որ պահպանվել էին Արտաշատի տեղի ու դիրքի մասին արժեքավոր վկայություններ հին պատմիչների ու ժամանակագիրների ձեռագրերում: Հատկապես արժեքավոր էր համարվում Մովսես Խորենացու վկայակոչումները, որտեղ մասնավորապես ասված էր. «…Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»:
Բայց այս անգամ հնագետներին անակնկալ էր սպասվում: Որքան մեծ եղավ նրանց հիասթափությունը, երբ կանխատեսված տարածքներում իրականացված պեղումները այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրեցին: Մայրաքաղաքը չկար ու չկար: Մի՞թե սխալվում էին պատմագիրները, մի՞թե կարող էր պարզորոշ մատնանշված վայրում գոյություն ունեցած բնակատեղիից որևէ հետք չմնալ: Տարակուսանքն ու շփոթմունքն աննկարագրելի էին: «Ի վերջո, որտե՞ղ է Արտաշատը»,- հարցնում էին նրանք մեկմեկու, բայց պատասխանը անորոշ ենթադրումներից այն կողմ չէր անցնում:
Պիտի անցնեին երկար տասնամյակներ և միայն հետո հնագետների համար պիտի պարզ լիներ, որ հնագույն ձեռագրերն իրականում չէին կեղծում: Միայն թե այս անգամ բնությունն էր որոշել չար կատակ անել՝ վերցնելով ու փոխելով գետերի հունը: Եվ ստացվել էր այնպես, որ մայրաքաղաքը հայտնվել էր Մեծամորի ու Արաքսի խառնարանից այն կողմ…
Դա պիտի լիներ հետո: Իսկ մինչ այդ կատարվեց մեկ այլ չնախատեսված, չենթադրված իրադարձություն: Ճակատագրի կամոք Արտաշատի երկրորդ հայտնությունը վիճակվեց իրականացնել ոչ թե հմուտ հնագետի, այլ մի սովորական հողագործի, որը նույնիսկ գաղափար էլ չուներ այն մասին, թե բազում գիտնականներ գլուխ են կոտրում պատմության հանելուկը բացահայտելու համար:
Այդ երջանիկ մարդը Փոքր Վեդի (այժմ՝ Խորվիրապ) գյուղի բնակիչ Ալբերտ Մանուկյանն էր:
1957 թ. գարնանն էր: Ա. Մանուկյանն ու իր ընկերները հողագործական աշխատանքներ էին կատարում Խոր Վիրապի բլուրներից մեկի լանջին, երբ հողում խրված բահը ամենքի համար անսպասելի մի մեծ անցք բացեց: Առաջին հայացքից նրանք հասկացան, որ դա սովորական խորշ չէր: Ուղղաձիգ պատի մնացորդներն ու խեցեղենի կտորները այլ բան էին հուշում: Աշխատանքն իսկույն դադարեցրին, զգուշորեն փակեցին անցքն ու վերադարձան գյուղ: Հենց նույն օրը Ալբերտ Մանուկյանը նստեց ու նամակ գրեց Հայաստանի Գիտությունների ակադեմիային: Մի քանի օր անց նրա ծրարը պիտի հանձնեին ԳԱ կուլտուրայի հուշարձանների պահպանության գիտամեթոդական խորհրդին: Նամակում Մանուկյանը պարզապես մանրամասն նկարագրում էր իրենց գտածոն և նշում էր վայրը: Պատասխանը չուշացավ: Գրությունը, որը թվագրված է 1957 թ. մայիսի 7-ի ամսաթվով, և փաստորեն այս պատմությունը հավաստող վավերագիրն է, մեջբերենք ամբողջությամբ.
«Փոքր Վեդիի բնակիչ Ալբերտ Մանուկյանին
Խնդրում եմ Խոր Վիրապի սարում բացված անցքը պահպանել անաղարտ վիճակում, մինչև որ Դվինի հնագիտական արշավախումբը հնարավորություն ունենա գալ տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:
Շնորհակալություն ձեր գիտակից ու ուշադիր վերաբերմունքի համար դեպի մեր պատմական հուշարձանները:
Նախագահ՝ պատմական գիտությունների դոկտոր Կ. Ղաֆադարյան»:
Արշավախումբը եկավ… 13 տարի անց: 16 դար ու ևս 13 տարի պահանջվեց Հայոց հնագույն Արտաշատ մայրաքաղաքը հայտնաբերելու համար: Իսկ այն, ինչ եղավ հետո, այսօր հայտնի է ամենքին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

19 Հկտ

«Երբ սկսում ես հասկանալ դասական գրողներին…»

Արհեստական ատամներով զինվելուց հետո ես կամաց- կամաց սկսեցի հասկանալ Շիրվանզադեին: Չկարծեք, թե ուզում եմ մրցել մեր հմուտ քննադատ Թամրազյանի հետ, ոչ: Իմ հիշողություններում մի անգամ պատմել եմ, որ ես նրա հետ մի ամիս ապրել եմ հյուրանոցի մի համարում: Այդպիսի բախտ վիճակվեց ինձ:
Արհեստական ատամներով զինվելուց հետո միայն ես հասկացա, թե ինչու ծերունազարդ գրողը քնում է ինձնից ուշ և վեր կենում ինձնից շուտ:
Ես հիմա հասկանում եմ, թե ինչու անկողին մտնելուց հետո չէր խոսում ինձ հետ և իմ բոլոր հարցերը թողնում էր անպատասխան: Պարզապես նա արհեստական ատամնաշարը գիշերը հանում էր և վաղ առավոտյան դնում, որ ես նրան չտեսնեմ անատամ:
Եվ չէր խոսում, որովհետև սարսափելի գեղեցիկ չէ, երբ խոսում է անատամ մարդը, անգամ Շիրվանզադեն:Եվ հիմա հասկանում եմ, թե ինչու ռեստորանում ընթրելիս նա միշտ դեմ էր խորոված կամ բիֆշտեքս ուտողներին և անփոփոխ պատվիրում էր.
— Խորոված թառափ:
Հասկանում եմ և այն, թե ինչու ուտելիս հաճախ նրա ատամները կափկափում էին…
Չէ, կամաց- կամաց ես սկսում եմ հասկանալ մեր կլասիկներին…

Խաղ առանց կանոնների

19 Հկտ

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, սակայն կա այնպիսի մի տպավորություն, թե աշխարհն իր բանուգործը թողած` առավոտից երեկո զբաղված է միայն մեր խնդիրներով: Զանգավածային լրատվամիջոցները հնարավորինս խտացնում են այս թվացյալ բևեռածվածության գույները, իսկ քաղաքագետներն ու վերլուծաբաններն իրենց հերթին նոր տարածություններ են բացում մեր երևակայության համար: Բավական է աչքի անցկացնել ընդամենը մեկ օրվա լրատվությունը, և ասվածն առավել ակնհայտ կդառնա: Ընտրենք, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների թեման: Խնդրեմ, կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերն այլ հարցերի շարքում անդրադարձել են նաև Հարավային Կովկասում իրավիճակի հանգուցալուծմանը: Այնուհետև Վաշինգտոնում մեկնարկել է ամերիկա-թուրքական խորհրդի թվով 29-րդ խորհրդաժողովը, որի օրակարգում են ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայում՝ ներառյալ Կովկասն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դրանից հետո գալիս է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլի ելույթը, որն ասել է, թե ԱՄՆ-ը նախկինի պես ամենաբարձր մակարդակով հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մենք հավատում ենք, որ կարգավորման գործընթացը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ու ողջ հարավկովկասյան տարածաշրջանի շահերից»,- նշել է Քրոուլն ու հավելել, թե իր երկիրը շարունակում է ջանքեր գործադրել՝ կողմերին համոզելու, որ համաձայնության և կարգավորման հանգեն:
Տեղեկատվական առատության մեջ առանձնակի տեղ է հատկացված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հարցազրույցին, ով գերմանական «Süddeutsche Zeitung» թերթի թղթակցի այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման թեման չի՞ արժանանում ազգայնական ուժերի կտրուկ հակազդեցությանը, պատասխանել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի կայանության ապահովման համար, այդ իսկ պատճառով էլ իրենք վճռականորեն են շարունակում գործընթացը: Գյուլի վճռականությունից առանձնապես ազդված են «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, թե ստեղծել են հայ-թուրքական բարեկամության խումբ: 500 հայ և թուրք երիտասարդներից կազմած այդ խմբի նպատակը պետք է լինի գործել հանուն երկու երկրների հարաբերությունների կարգավորման:
Նախանձելի պատկեր է, այնպես չէ՞: Բոլորը հետևողական են, բոլորը գոհ են, բոլորը լի են հույսերով: Այդ դեպքում որտե՞ղ է արդյունքը, ինչու՞ չի նշմարվում: Մի՞թե մեղավորը Հայաստանն է, որ արգելակում է կամեցողության այս քայլարշավը, չի սեղմում իրեն մեկնված բարեկամական ձեռքը: Օտար աչքի համար թերևս հենց այդպիսին էլ ներկայանա նախնական պատկերը: Այսինքն, կարող է լինել այն, ինչին իրականում ձգտում է Թուրքիան` ձևավորել երևութական մի շղարշ սեփական պատրաստակամության ու բարեհաճության մասին, ցույց տալ Արևմուտքին, որ ինքը քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու նախընտրելի թեկնածու է, համոզել Վաշինգտոնին ու Բրյուսելին, թե առաջնահերթություն է դիտում հարևանների հետ բոլոր կնճիռների լուծումը: Ստացվում է, որ բուն խնդիրները երկրորդ պլան են մղվում և կարևորագույնը դառնում է այն հարցի գայթաղկությունը, թե դրսում ու՞մ կհավատան` մե՞զ, թե՞ թուրքերին:
Այսօր էլ Անկարան ակտիվորեն աշխատում է մեկ այլ մտացածին քայլի շուրջ: Թուրքական մի շարք լրատվամիջոցների և ադրբեջանական քարոզչության համատեղ ջանքերով շրջանառության մեջ են դրված հայ-թուրքական հարաբերություններում սպասվող աննախադեպ առաջընթացի մասին լուրերը: Թերթերը գրում են ոչ միայն այն մասին, որ իբրև թե ընթանում են գաղտնի բանակցություններ, այլև` հղում անելով անանուն ու կասկածելի աղբյուրների` պնդում են, որ մոտակա ժամանակներս սպասվում է հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպում: Առավել «համեստ» պարբերականները սահմանափակվում են դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներով` նշելով, որ հանդիպման վայրը կարող է լինել հենց այնտեղ: Ի դեպ, այս հնարավորությունը լիովին բացառել չի կարելի: Սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ի՞նչ ձևաչափով դա կարող է ներկայացվել` զուտ ֆորմալ- ձևական ձեռքսեղմումնե՞ր, թե՞ լուրջ, հետևողական երկխոսություն:
Մինչ այս պահը պաշտոնական Երևանն անհաղորդ է մնում լրատվական-քարոզչական ճնշումներին (եթե հաշվի չառնենք նույնանման ու անբովանդակ հերքումները, որոնք հաջորդում են մեկը մյուսին` առանց էական ազդեցության): Բայց այդ պասիվ մարտավարությունը չի կարող հաջողություն ունենալ հենց թեկուզ պարզ ընկալման իմաստով: Սա ավելի շատ նման է սեփական խաղաոճի բացակայության, քան ներկա հարաբերությունների համար որդեգրված քաղաքականության: Ամեն առումով շահում է նա, ով նախահարձակ է լինում: Եվ հենց դա է պատճառը, որ վաղ թե ուշ Հայաստանը ստիպված է լինելու գնալ փոփոխության, երբ կզգա կորցրած ժամանակի ու չօգտագործված հնարավորությունների բեռը, որից օր առաջ թոթափվելու համար անհրաժեշտ է ընդամենը հրապարակել այն հանգամանքների գերակայությունը, որոնց պայմաններում նա ևս կվերականգնի իր շփումները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ԲԸՐՆՍ

19 Հկտ

ՆՈՒՐԲ ԱԿՆԱՐԿ
— Երբ գիշերը ցուրտ է լինում,
Եվ աչքերս են շաղվում մութից,
Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն
Ու ներս մտնեմ լուսամուտից:
Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս
Ցրտից, քամուց այս դժնդակ,
Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս
Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:

-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Իսկ դու դողում ես ուղղակի
Եվ տաքություն ես որորնում
Պատերի տակ իմ սենյակի,
Խորհուրդ կտամ, թե ուզես գալ
Ու իմ ծոցը մտնել շուտով,
Եկեղեցու դռնով արի
Եվ ոչ մեր տան լուսամուտով:

ՀՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

19 Հկտ

* * *
Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով`
գարշանքով բարձրացնելով փեշերն իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով
նրանք անցնում են իրենց սանդալներով`
խոնավ` ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում`
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլում են` տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին` դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմյանց հետ`
դրոշակների պատառների համար:

Թարգմ. Ն. Համբարձումյան

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

19 Հկտ

ԽԻՂՃԸ
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել:Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:«Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց:Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

19 Հկտ

ՁԻԵՐԸ
Տափաստան։ Դաշտ։ Տոթակեզ օր։ Ձիեր… Շատ ձիեր…
Մեկը խոտ է փրցնում, մյուսը հոգնել է ծամելուց և սահուն կողից կող է թավալվում… Երրորդը ալարկոտ հետեւում է նրան։
Անդորր, լռություն…
Ձին մռութը ցցեց և լարված սևեռեց ինչ-որ մի կողմի վրա։ Նրա ետևից մյուսը, երրորդը…Ձին տեղից վեր թռավ…
Ռունգեր։ Լայնացած ռունգեր։
Եվ դարձյալ միևնույն լռությունն է, միայն հեռվից լսվում է անիվների չխկչխկոցը։
Հանկարծ՝ սմբակների հատու հարված փայտին և հովատակի խրխնջոց։ Ձայնն արագ ահագնանում է և արձագանքի է վերածվում, բազմանում է…
Արձանների պես քարացած ձիերի կողքով, անիվներով համաչափ թխկթխկացնելով, անցնում է հովատակներին տանող գնացքը։
Գնացքը շրջադարձին անհետանում է, և այդժամ ձիերը տեղից պոկվում են ու նետվում են նրա ետևից։
Կառամատույցը… Ուղևորները կառամատույցում… Նրանց կողքով ծիկրակում են խրխնջող, մոլեգին հովատակներով վագոնները։
Կառամատույց են նետվում փրփրակալած ձիերը…
Մարդկանց չդիպչելով, նրանք անցնում են մարդկանց արանքներով։
Կառամատույցը կտրուկ հատվում է։
Դրա ծայրին ասես մեխված կանգնել են ձիերը։
Իսկ գնացքը խրխնջացող հովատակերով վագոնները տանում ու տանում էր հեռու։

ՉԱՐԵՆՑԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔԸ

19 Հկտ

1920-ական թվականներին ծայր առած գրապայքարի պայմաններում հակընդդեմ թևերի անհանդուրժողականությունն ավելի ու ավելի հաճախ էր ուղեկցվում «գոտկատեղից ներքև» հասցվող հարվածներով: Անվանարկումները, զրպարտությունները, սուր բախումները դարձել էին այդ շիկացած մթնոլորտի անբաժանելի բաղկացուցիչները: Եվ պատահական չէր, որ առավել հաճախ դրանց թիրախն էր դառնում հենց Եղիշե Չարենցը: Չմեղանչելով ճշմարտության առաջ, պետք է նկատենք, որ լինելով չափազանց բարդ ու հակասական կերպար՝ Չարենցը միևնույն ժամանակ աչքի էր ընկնում իր թուլություններով, մոլորություններով և սկանդալային պատմություններին մասնակից դառնալու հակումներով։ Այդ իսկ պատճառով էլ նրա կյանքում զանազան անբարենպաստ իրավիճակներն ու «շեղումները» եզակի չէին։ Դրանց շարքից ներկայացնենք ևս մի միջադեպ, որը մինչ օրս վրիպել է կենսագիրների ուշադրությունից:
Ինչպես հայտնի է, 1926 թ. սեպտեմբերի 5-ին Չարենցը կրակեց օրիորդ Մ. Այվազյանի վրա և արդյունքում շուրջ կես տարի անցկացրեց Երևանի Ուղղիչ տանը։ Նրան վաղաժամկետ ազատ արձակեցին, սակայն, ինչպես երևում էր, նույնիսկ ազատազրկմամբ անհնար էր բանաստեղծին ետ պահել իր գայթակղություններից։ Շատ շուտով Չարենցը կրկին հայտնվում է հերթական «քաջագործության» կիզակետում՝ այս անգամ գործողության վայր ընտրելով Թիֆլիսը։
Հայաստանի ազգային արխիվի պահոցներում պահպանվում է մի վավերագիր (ֆ. 972, ցուցակ 1, գործ 125, էջ 70)` գրված բանաստեղծ, Չարենցի մոլի հակառակորդ Ազատ Վշտունու ձեռքով, ինչը հնարավորություն է տալիս որոշ մանրամասներ իմանալ այս պատահարի մասին։
Մի նո֊րահայտ փաս֊տաթուղթ ար֊ձանագրում է, թե Չարենցը փոր֊ձել է բռնաբարել եր֊կու քույրերի: Հայաս֊տանի ազգային ար֊խիվի պահոցներում պահպանվող այդ վավերագիրը (ֆ. 972, ցու֊ցակ 1, գործ 125, էջ 70) գրել է Չարենցի մո֊լի հակառակորդ, բանաս֊տեղծ Ազատ Վշտու֊նին:
«ԽՀՊԳԱ կենտ֊վար֊չության կոմֆրակցիային
Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի և Հայաս֊տանի կոմկուսի
անդամ Ազատ Վշտու֊նուց
Դիմում
ԽՀՊԳ կենտ֊վար֊չության կոմֆրակցիան, ինչ֊պես նաև Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի ամեն մի անդամ, շատ լավ գիտի ասոցիացիայի անդամ Եղիշե Չարենցի նախանց֊յալ տար֊վա խուլիգանական ելույթի մասին, ո֊րի համար նա բանտարկվեց և ար֊տաքսվեց Հայաս֊տանի սահմաններից դուրս:
Հակառակ դրան` ՀՊԳ և կենտ֊վար֊չության մի քանի անդամներ այս տարի Թիֆլիսում հանդիսավոր ելույթով նո֊րից նրան ընդունեցին ԽՀՊԳ ասոցիացիայի շար֊քերում և անմիջապես դարձրին նրան կենտ֊րոնական վար֊չության անդամ: Դրանից հետո Եղիշե Չարենցը դարձյալ զբաղվում է հար֊բեցողությամբ և խուլիգանական ելույթներով:
Սույն թվի հոկտեմբեր ամսին մի քանի կուսակցական պատաս֊խանատու ընկեր֊ների հետ նա կատարում է նո֊րից մի խուլիգանական ակտ` գիշերը սաս֊տիկ հար֊բելով և հար֊ձակվելով մի տան վրա, որպես֊զի կոտրի եր֊կու աղջիկների սենյակի դուռը և բռնաբարի նրանց:
Այդ պատ֊ճառով դիմում եմ ձեզ հետևյալ առաջար֊կությամբ.
1. Անմիջապես պահանջել Եղիշե Չարենցից «Նո֊յեմբերե միության բո֊լոր դրամական հաշիվ֊ները և ար֊խիվը:
2. Ար֊տաք֊սել Եղիշե Չարենցին ՀՊԳՄ ասոցիացիայից այն պատ֊ճառով, որ նա իր խուլիգանական արար֊քով վար֊կաբեկում է ասոցիացիան և որպես կենտ֊վար֊չության անդամ ոչ մի աշխատանք չի կատարում միության մեջ:
Եթե կենտ֊վար֊չությունը մի շաբաթվա ընթաց֊քում չլուծի այդ խնդիր֊ները, ես ստիպ֊ված կլինեմ մեծ ցավով հրաժար֊վել ՀՊԳՄ անդամ լինելուց:
Ա. Վշտու֊նի:
Հ. Գ.- Խնդրում եմ այս հար֊ցը նույնպես փոխադրել Երևանի կազմակեր֊պության կոմֆրակցիա:
1928 թ., նո֊յեմբերի 19»:

Իբրև լրացում արձանագրենք, որ այս դիմումից հետո Չարենցին ոչ ոք չփորձեց վտարել Ասոցիացիայից։ Փոխարենը պատժամիջոցներ կիրառվեցին հենց Վշտունու նկատմամբ։ Պետք է կարծել, որ կամ Վշտունին որոշել էր զրպարտել Չարենցին (ինչպես վարվել էր շատ անգամներ), կամ հավանաբար Չարենցն իսկապես այն ժամանակ ազդեցիկ պաշտպաններ ու հովանավորներ ուներ։ Ամեն դեպքում, այդ տհաճ միջադեպին չի հաջորդել ոչ իրավապահների համապատասխան արձագանքը և ոչ էլ որևէ հրապարակային հաղորդում։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ

19 Հկտ


Բանաստեղծ և ավազակ Ֆրանսուա Վիյոնի երազը

1451 թվականի ծննդյան նախօրեի գիշերը, լուսադեմին մոտ, երբ հատկապես խոր քուն ես մտնում, Ֆրանսուա Վիյոնը, բանաստեղծն ու ավազակը, երազ տեսավ: Երազում տեսավ, որ գնում է նա լուսնյակ գիշերով մռայլ ամայի մի տեղանքով: Նա կանգ առավ, որպեսզի մի կտոր հաց ուտի, որը մախաղում էր: Նստելով քարին, նա հայացքը երկինք հառեց, եւ սիրտը նրա կարոտից ու վշտից մղկտաց: Հետո նա շարունակեց ճամփան եւ եկավ իջեւանատուն: Տանն այդ մութ էր, այնտեղից ծպտուն իսկ դուրս չէր գալիս` երեւի բոլորը քնած էին: Ֆրանսուա Վիյոնն ուժեղ դուռը թակեց, եւ այն բացեց տանտիրոջ կինը:
— Ի՞նչ ես դու այստեղ փնտրում, ճամփորդ, այս ուշ ժամին` հարցրեց նա, լուսավորելով Վիյոնի դեմքը:
-Ես փնտրում եմ եղբորս,- պատասխանեց Ֆրանսուա Վիյոնը,- վերջին անգամ նրան տեսել են այս կողմերում, ես ուզում եմ նրան գտնել:
Նա մտավ օջախի թույլ լուսավորված սենյակն ու նստեց սեղանի մոտ:
— Ոչխարի միս ու գինի բեր,- հրամայեց նա կնոջը, բայց նա մի ափսե խաշած կարտոֆիլ ու խնձորագինի բերեց:
— Այս է ամենը, ինչ մենք կարող ենք առաջարկել հաճախորդներին այս ուշ ժամին,- ասաց նա,- քանի որ գիշերով այստեղ թափառող պահնորդները մեր բոլոր պաշարները կերել են:
Վիյոնը սկսեց ուտել, բայց այդ պահին ներս մտավ բորոտությունից այլանդակված դեմքով մի ծերունի: Ծերունին հենվում էր ձեռնափայտին, Վիյոնը լուռ նայեց նրան: Բորոտը մոտեցավ օջախին, նստեց ու ասաց. ասում են, թե դու փնտրում ես քո եղբորը:
Վիյոնը ճանկեց դաշույնը, բայց բորոտը հանդարտեցնող շարժմունքով կանգնեցրեց նրան:
— Ես պահնորդ չեմ,- ասաց նա,- ես ինքս էլ ավազակ եմ ու կարող եմ քեզ տանել քո եղբոր մոտ:
Հենվելով ձեռնափայտին, նա ուղեւորվեց դեպի դուռը, եւ Վիյոնը հետեւեց նրան: Նրանք ելան պաղ ձմեռային գիշերվա մեջ: Գիշերը լուսավոր էր, երկրի վրա սփռված էր լույսը: Շուրջբոլորը փռված էր անկենդան հարթավայրը, սեւ անտառախիտ բլուրներով շրջանակված: Բորոտը արահետով քարշ եկավ բլուրների կողմը, իսկ Վիյոնը, ձեռքի մեջ, համենայն դեպս, սեղմելով դաշույնը, հետեւեց նրան:Երբ արահետը սկսեց վեր բարձրանալ, բորոտը կանգ առավ: Նա նստեց քարին, իր խուրջինից հանեց օկարինան ու մի տրտմալի մեղեդի ածեց: Ժամանակ առ ժամանակ նա ընդհատում էր նվագը, որպեսզի երգի սրիկայապատում բալլադից մի քառյակ, որտեղ պատմվում էր բռնավորների, ավազակների, գողերի եւ պահնորդների մասին: Վիյոնն ավելի ու ավելի ահագնացող անհանգստությամբ էր լսում, քանի որ բալլադը նրան լավ ծանոթ էր: Նա զգում էր, որ իրեն համակում է վախը, նրա ներսում ամեն ինչ կծկվում էր: Բայց ինչի՞ց էր վախենում: Վիյոնն ինքն էլ չգիտեր, քանի որ չէր վախենում ոչ պահնորդներից, ոչ խավարից, ոչ էլ բորոտից: Ավելի շուտ նա ոչ թե ահ էր զգում, այլ կարոտ եւ հոգեկան դառնություն:Այդժամ բորոտը ելավ եւ ուղղվեց անտառի կողմը: Վիյոնը հետեւեց նրան: Երբ նրանք հասան առաջին ծառին, Վիյոնը տեսավ, որ ոստի վրա օրորվում է կախվածը: Լուսինը մեռյալ լույսով լուսավորել էր դուրս ընկած լեզվով դիակը: Դա իր եղբոր դիակը չէր, եւ Վիյոնն առաջ անցավ: Կողքի ծառի վրա օրորվում էր եւս մի կախված, բայց նա էլ իր եղբայրը չէր: Վիյոնը շուրջբոլորը զննեց եւ տեսավ, որ անտառի բոլոր ծառերը մեռյալներով են պատված: Վիյոնը քայլում էր քամու տակ օրորվող դիակների միջեւ եւ առանց շտապելու զննում էր յուրաքանչյուրին, մինչեւ որ գտավ իր եղբորը: Նա դաշույնով կտրեց պարանը եւ դիակը վար բերեց խոտերի վրա: Այն մահից ու ցրտից փայտացել էր: Վիյոնը շուրթերով դիպավ մեռյալ ճակատին, եւ հենց այդ պահին եղբոր դիակը խոսեց.
— Այստեղ ամենուր թեւածում են ճերմակ թիթեռները, թանկագին եղբայր,- ասաց դիակը,- թիթեռ-ուրվականները: Նրանք սպասում են քեզ:
Վիյոնը շվարած շուրջբոլորը նայեց: Նրա ուղեկիցն անհետացել էր, եւ անտառի վրա լռին ու վշտալի, ասես թաղման երաժշտություն, հնչեց բալլադը, որ երգում էր բորոտը:

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

19 Հկտ

ՌՈԲԵՐ ԴԵՍՆՈՍ

19 Հկտ

ԷՊԻՏԱՖԻԱ
Ես ապրեցի իմ դարում և մեռած եմ ես արդեն
Հազար տարի է: Թեև հալածվեցի, բայց չընկա:
Արժանիքը մարդկային բանտել էին ու ջարդել.
Ստրուկների մեջ սակայն եղա ազատ ու անկախ:

Ես ապրեցի իմ դարում, բայց մնացի ես ազատ,
Նայեցի խոլ գետերին և հողին ու երկնքին,
Որ պտտվում էր իմ շուրջ չափակցությամբ իր հարուստ
Եվ մատուցում իր մեղրը և իր զվարթ հավքերին:

Ի՞նչ եք անում, ապրողներ, հարստությունն այն անգին,
Ափսոսու՞մ եք այն դարը, երբ ես ապրել եմ, կռվել,
Մշակե՞լ եք դուք հողը բերքի համար համայնքի
Եվ իմ ապրած քաղաքը ճոխացրե՞լ եք առավել:

Մի վախեցեք ինձանից, քանզի մեռած եմ վաղուց,
Եվ ոչինչ չի մնացել իմ մարմընից ու հոգուց:

Թարգմ. Հենրիկ Բախչինյան

%d bloggers like this: