Պահոց | 10:02 ե.

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

15 Հկտ

ՄԱՐԴ, ՈՐ ԽԻՂՃ ՈՒՆԻ
… Բարոյագետները ձգտում են ապացուցել մեզ, որ խիղճը մարդկային վարքի ամենահզոր գործոններից է: Այժմ, երբ բանականության ու խղճի դժոխային տանջանքները անիծյալ առասպել են համարվում, շատերը խղճի մեջ են տեսնում այն երաշխիքը, որ մարդկային ցեղին պիտի ստիպի ընթանալ ազնվության ճանապարհով: Շեքսպիրը մեզ ասել է, որ : Վիպասաններն ու դրամատուրգները մեզ նկարագրել են այն տառապանքները, որ բաժին են ընկնում չար հոգիներին. նրանք վառ գույներով պատկերել են հանցավոր հոգու ապրած անձկությունն ու անքուն գիշերները, ցույց են տվել, թե այն ինչպես է թունավորում ամեն հաճույք, մինչև կյանքն այն աստիճան անտանելի է դառնում, որ մերկացումն ու պատիժը վրա են հասնում իբրև երանելի թեթևացում: Ես հաճախ եմ մտածել, թե որքանով է դա ճշմարիտ: Բարոյախոսները պիտի դանակ սրեն, նրանց գործն այդ է, պիտի բարոյական չափանիշներ առաջ քաշեն: Նրանց թվում է, որ եթե նույն բանը բավական հաճախ կրկնեն, մարդիկ ի վերջո կհասկանան: Կարծում են, որ երբ որևէ բանի գոյությունը ցանկալի են համարում, ապա դա բավական է, որ այդպես լինի: Նրանք մեզ համոզում են, թե մեղքը, ոճիրը մահվամբ է հատուցվում. մենք շատ լավ գիտենք, որ միշտ այդպես չի լինում: Իսկ ինչ վերաբերում է գրական գործիչներին` դրամատուրգներին ու վիպասաններին, երբ սրանց ձեռքը ցնցող նյութ է ընկնում, օգտագործում են` առանց երկար-բարակ մտածելու` համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ: Այսպիսով,. Մարդու բնության վերաբերյալ որոշ ըմբռնումներ, փաստորեն, ընդհանուրի սեփականությունն են դառնում և սկսում ինքնին ակնհայտ համարվել: Հենց այդպես նկարիչներ դարեր շարունակ ստվերները սև էին անում, և մինչև որ իմպրեսիոնիստները չնայեցին անաչառ աչքով ու չնկարեցին ստվերն ինչպես որ կա, մենք չգիտեինք, որ այն իրականում գունավոր է: Երբեմն ինձ թվում է, թե խիղճը հավանաբար բարոյական բարձր զարգացման արդյունք է, այնպես որ տարածվում է միայն բարոյապես անթերի մարդկանց վրա, ովքեր անընդունակ են նման արարքի, որի համար ստիպված լինեին լրջորեն զղջալ…

This slideshow requires JavaScript.


Թարգմ. Ա. Կլչյան

ԱՐՄԵՆՈՒՀԻՆ` ՉԱՐԵՆՑԻ ՍԵՐԸ

15 Հկտ

Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Առաջին հանրապետության պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոն էր: Այդ օրը գրականագետ, օգոստոսին լուսավորության նախարար նշանակված Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերն առաջին անգամ էին լսում այդ տարօրինակ անունը, իսկ Աղբալյանը ոգևորված շարունակում էր իր խոսքը` հավաքվածներին համոզելով, որ հայտնվել է մի նոր, շնորհալի պոետ, որն արժանի է ամենայն գովասանքի և ուշադրության: Ելույթին հաջորդեց մտքերի փոխանակությունը, հնչեցին թեր և դեմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռավոր անկյունում կանգնած բանախոսին էր լսում գեղեցկադեմ մի տիկին` Արմենուհի Տիգրանյանը…
Արմենուհին դաշնակցական երևելիներից մեկի` դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը: Սակայն այս պատվական մարդկանց ընտանիքը ներկայացնելուց զատ նա նաև ճանաչված բանաստեղծուհի էր, նույնիսկ Երևանում գրական սալոն ուներ, որտեղ պարբերաբար հավաքվում էին քաղաքի մտավորականները, գեղարվեստի սիրահարները: Ծնվել էր 1888 թվին Ալեքսանդրապոլում, ավանդապահ ու բարեկիրթ մարդկանց ընտանիքում, սովորել էր տեղի գիմնազիայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի կանանց բարձրագույն կրթարանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Հայ օրիորդաց միության նախագահն էր: Դեռևս 1914 թվին Մենուհի գրական կեղծանունով նա Թիֆլիսում հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը, արժանացել Հովհաննես Թումանյանի ուշադրությանն ու խրախուսանքին: Հայտնի էր, որ Թումանյանը հատկապես նրան էր վերապահել հայ տիկնանց անունից Սայաթ-Նովայի մահարձանի բացման ժամանակ Սուրբ Սարգիս եկեղեցու գավթում ճառ արտասանելու պատիվը, մի արարք, որն այսօրվա բնորոշումերով պիտի համարվեր «ֆեմինիստական» համարձակ քայլ` ի հեճուկս իր ժամանակի սովորույթների ու նախապաշարումների:
Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ օրվա հերոսը` Եղիշե Չարենցը: Նույնիսկ կրթության նախարարը կռահել չէր կարող, որ իր գովերգած բանաստեղծը նաև իր աշխատակիցն է ու այդ օրերին ուսուցչություն էր անում Կարսի խուլ, մոռացված գյուղերից մեկում` Բաշքյադիկլարում` կիսաքաղց, թշվառ, իր վիճակի հետ հաշտված և առանց բանաստեղծության…
Օգնության հասավ պատեհությունը: Այդ օրը շատերի պես դահլիճում էր նաև Չարենցի հայրենակիցն ու մտերմուհին` Կարինե Քոթանջյանը: Նա Աղբալյանին ասաց, որ գիտի Չարենցին, և նախարարն անմիջապես նրան ու Արմենուհի Տիգրանյանին հանձնարարեց որոնել, գտնել մոլորյալին ու կանչել Երևան: Ինչու՞ նաև Արմենուհուն: Գուցե սա՞ էլ ճակատագրի մի անբացատրելի խաղ էր, որին շրջանցելն անհնար էր…
1919-ի դեկտեմբերին Չարենցը հասավ Երևան: Հետագայում Կ. Քոթանջյանն իր հուշերում պիտի պատմեր, որ ինքն է նրան ուղեկցել Արմենուհու մոտ և ծանոթացրել երկուսին: Տիգրանյանը հյուրին ընդունեց ամենայն ջերմությամբ, և բանաստեղծն այնտեղից դուրս եկավ առույգացած, տեսքի եկած, նոր զգեստներով: Սակայն այս անգամ միայն արտաքուստ չէ, որ նա վերափոխված էր: Այդ կարճատև, հպանցիկ հանդիպումը լիովին բավական էր, որ 22-ամյա երիտասարդի սրտում բորբոքվեր մի նոր, դեռևս անբացատրելի խռովք իրենից 9 տարով մեծ կնոջ հանդեպ: Գրավիչ, շքեղաշուք, բարձրաշխարիկ տիկինը գերել էր Չարենցին: Հանդիպումներն ու այցերը դարձան ավելի հաճախակի:
Ամենայն հավանականությամբ Արմենուհին ևս պիտի շատ արագ նկատեր այդ զգացմունքների անթաքույց շերտերը և այսուհետ ստիպված էր մի կողմից իրեն պահել առավելագույնս զուսպ, նույնիսկ սառը, մյուս կողմից լինել այնպիսին, որպեսզի չվիրավորեր հիվանդագին ինքնասիրությամբ ու հախուռն բնավորությամբ երիտասարդին: Բայց եթե միայն այդքանը պահանջվեր նրանից… Կանացի հասունությամբ, կենսափորձով ու նրբանկատությամբ օժտված տիկինը որքան էլ ջանում էր հոգատար քրոջ ու հովանավորի դերը ստանձնել, սակայն արդեն զգում էր, որ ինքն էլ անզոր էր լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Թերևս այս երկակի վերաբերմունք էր պատճառը, որ Չարենցը տարուբերվում էր հուսախաբության ու սպասումի անհաստատ թևերի վրա` միակ սփոփանքը գտնելով գրասեղանի առաջ` իր ապրումների ու խոհերի հետ ներանձնացած: Եվ հենց այդ հույզերից էլ ծնվեցին նրա փոքր-ինչ հեգնախառն, նույնիսկ որոշ իմաստով պլեյբեյական սիրախաղի նրբերանգներով համեմված մադրիգալները: Դրանք իր և Արմենուհու լուռ, թաքուն վեճերի ու գրգիռների ծածկագրերն էին, արձագանքն այն հարցերի, որոնք սպասում էին պատասխանի: «Գալանտ երգեր» և «Էմալե պրոֆիլը ձեր» բանաստեղծական շարքերն ամբողջությամբ նվիրվեցին Արմենուհի Տիգրանյանին: Նրանց զգացմունքների դրոշմն էին կրում նաև այդ շրջանում գրված «Տաղարանի», «Բրոնզե գրքի» մի շարք բանաստեղծություններ, հանրահայտ յոթ բալլադները:
Հետագա իրադարձությունները գլորվեցին խելակորույս արագությամբ: Այն, որ սառնության ու մերժումի պատնեշն ի վերջո փլուզվեց, դրա մասին է վկայում թղթին հանձնված տողերի տրամադրության փոփոխությունը և հատկապես 1920 թ մայիսին գրված մի բանաստեղծությունը, որտեղ Չարենցն ինքն իր մասին պիտի ասեր.
… Աղքատ ու խեղճ այցի եկար,
Դարձիդ արքա էիր հզոր…
Ով գիտե, ի՞նչն էր այդպես ոգևորել նրան. Արմենուհին իսկապե՞ս խոստովանել էր իր պատասխան սերը, թե՞ մի ջերմ ժպիտ, մի քնքուշ հայացք կամ բառ ցնորական հույսերով էին ողողել բանաստեղծի հոգին: Սակայն, թևավորված այդ խաբուսիկ հաջողությամբ, Չարենցն անզգուշություն ունեցավ իր նվիրական գաղտնիքն այլևս չթաքցնել վտանգավոր հայացքներից, գրական սալոններում բացահայտ ընթերցում էր Արմենուհուն նվիրված մի քանի գործեր, նրա ներկայությամբ իրեն պահում էր ավելի ազատ ու համարձակ: Իսկ այդ ամենը չէր կարող անպատիժ մնալ: Հետզհետե Չարենցի շուրջը սկսեց ձևավորվել թշնամական միջավայր: Ոմանք անվանարկում էին նրան, զանազան բամբասանքներ տարածում «հարբեցող» ու «ցնդած» պոետի մասին: Այդպիսիներին մեծապես ներշնչում ու խրախուսում էր Վարդգես Ահարոնյանը: Խանդոտ ամուսինը, որ չէր կարող չնկատել կնոջ տարօրինակ պահվածքը, չլսել զազրախոսների թունալի ակնրակները, այժմ խոցված ինքնասիրության ու ոտնահարված պատվի վրեժի ծարավ էր: Սակայն փաստեր չկային, և նա առայժմ բավարարվում էր վիրավորանքի հասնող արհամարհանքով և նաև այն մանր խայթոցներով, որոնք անպատվաբեր էին բարձր դիրքի իշխանավորի համար: Առիթը բաց չթողնելով` Վ. Ահարոնյանը հանդես էր գալիս Չարենցի գործերի գրավոր ու բանավոր քննադատությամբ, իսկ Մայիսյան խռովությունից հետո, երբ խռովարարների դատավարությունը նրան էր հանձնարարված, պահը չկորցրեց մրցակցի դեմ հալածանքներ հրահրելու համար` մեղադրելով Չարենցին բոլշևիկների հետ ունեցած կապերի մեջ:
Այդ օրերի մասին Չարենցի ընկերներից Վավանը գրում է իր հիշողություններում. «Այդ թշնամիների մեջ ամենից գազազածը Ահարոնյանի որդին էր, «գրականագետի» բաճկոն հագած Վարդգեսը, որն այդ ժամանակ ավելի հայտնի էր որպես ամուսին բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի…»: Չարենցին այլ բան չէր մնում, քանի միառժամանակ հեռու մնալ բացահայտ վտանգից ու մեկնել քաղաքից: Սակայն ոչ բաժանող տարածությունը, ոչ հոսող ժամանակն ի զորու չէին մեղմելու նրա սիրո և կրքերի հեղեղը: Գրիչն այժմ թաթախվում էր կարոտի մեջ, թղթի վրա ակոսներ էր բացում նրա տառապանքը.
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սերը հուր է,
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր…
Սիրային եռանկյունին այլևս գոյատևելու շանսեր չուներ: Հանգուցալուծում էր պահանջում: Նույն ցանկությամբ էր համակվել նաև Չարենցը: Եվ վերադառնալուն պես որոշում է մեկընդմիշտ իր համար
լուծել այդ խնդիրը: Որոշ թափանցիկ ակնրկներից կարելի է կռահել, որ այնուամենայնիվ աշնանամուտի օրերին կայացել է նման մի դժվարին խոսակցություն ու Չարենցը Արմենուհուց վերջնական ընտրություն կատարելու քայլ է ակնկալել: Կինը թերևս մերժել է նրան, քանի որ հետագա ամիսների բանաստեղծի առանձին նամակներում, բանաստեղծական տողերում ու զրույցներում կարելի է նշմարել նրա հոգեկան անկայուն վիճակը, ինչը երբեմն ծայրահեղ դրսևորումներ է ունենում, և նա սկսում է անհիմն մեղադրանքներ վերագրել Արմենուհուն, մտերիմների մոտ հայհոյել նրան, իսկ հետո դառնորեն զղջալ այդ բառերի համար:
Մինչ այդ երկիրը ցնցվում էր մեծ փոփոխությունների զարկերից: Դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը մտավ Երևան: Նույն ամսին Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Եվ դարձյալ նրա առաջին մտածումներից մեկը Արմենուհին էր, հեղափոխական տարուբերումներից նրան անվնաս դուրս բերելու հոգսը: Այդ պահին մեծ համարձակություն պիտի պահանջվեր դաշնակցական պարագլխի կնոջը խորհրդային պետական կառույցում աշխատանքի ընդունելու համար: Սակայն նույնիսկ այդ քայլը կատարելիս Չարենցը վայրկյան անգամ չտատանվեց:
Բարեբախտաբար, արխիվային նյութերում պահպանվել են հատուկենտ փաստաթղթեր, որոնք ասվածի պերճախոս ու անհերքելի վկայություններն են: Ահա դրանցից մեկը, որ հրապարակվում է առաջին անգամ: Սա ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողկոմիսարիատի կողմից 1920 թ. դեկտեմբերի 22-ին Լուավորության ժողովրդական կոմիսարին հղած կարճ գրություն է, ուր ասված է.«Ուղարկվում է Ձեր տրամադրության տակ համապատասխան պաշտոնի համար մեր Կոմիսարիատի նախկին Ինֆ. բաժնի վարիչի օգնական Տիկ. Արմենուհի Տիգրանյանը»: Ստորագրել է Բեկզադյանը: (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 17, էջ 4): Նույն օրերի մեկ այլ վավերագիր իրենից ներկայացնում է Լուսավորության ժողովրդական Կոմիսարիատի պաշտոնյաների 1920 թ. դեկտեմբեր ամսի ռոճկացուցակը: Այս ցուցակի 5-րդ համարի տակ գրված է. «Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց, 15.12 (կես ամսվա համար)»: Ռոճիկի չափը՝ 8250, ստացած ավանս՝ 5000, ստանալիք գումար՝ 3250»: Սա նշանակում է, որ Չարենցն աշխատանքի է ընդունվել դեկտեմբերի 15-ից: Իսկ մի քանի տող ներքևում Արմենուհի Տիգրանյանի անունն է, որ ժողկոմիսարիատ է ընդունել 5 օր հետո՝ դեկտեմբերի 20-ին: (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գործ 680, էջ 39-40): Արմենուհուն տրամադրում են հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը:
Մեկ այլ նորահայտ փաստաթուղթ մեզ այսօր հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե իշխանափոխությունից օրեր անց ինչպիսի կացության մեջ էր հայտնվել բարձրաշխարիկ տիկինը, ով դեռ երեկ ապրում էր բարեկեցիկ կյանքով, վայելում շրջապատի ընդգծված պատկառանքը:
«489
18.1.21 թ.
Երևանի Գավառական Հեղկոմի բռնագրավման բաժանմունքին
Հունվար
Ընկ. Արմենուհի Տիգրանյանը վարում է Լուսժողկոմի քարտուղարի պաշտոնը և բացի այդ, իբրև գրագետ, ունենալով երեկոյան պարապմունքներ, կարիք ունի առանձին սենյակի զբաղմունքի համար։ Ընկ. Տիգրանյանը ապրում է երկու սենյակում, և նրա հետ կենում է ևս չորս հոգի, որոնցից մեկը պաշտոնավարում է ֆինժողկոմում։ Սենյակներից մեկը շատ փոքր է և առանձին մուտք չունի։ Չնայած վերոհիշյալ հանգամանքներին, նրա բնակարանը բռնագրավման վտանգի է ենթարկված։ Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել, որ բնակարաններ հատկացնելու սեկցիայի և խտացման վերաբերյալ ժամանակովոր հրահանգը չխախտվի և ընկ. Տիգրանյանին հնարավորություն տրվի կատարելու այն բոլոր պարտականությունները, որ նա Լուսժողկոմի հանձնարարությամբ ստիպված է կատարել տանը երեկոները։
Լուսավորության ժողովրդական կոմիսար
Գործերի կառավարիչ»։ (ՀԱԱ, Լուժողկոմատի սոցդասգլխվարչության արխիվ, ֆ. 122, ց. 1, գ. 366)։ Կասկածից վեր է, որ այս եզակի հոգատար դրսևորումն առանց Չարենցի անմիջական միջամտության այն օրերին նույնիսկ անհնար կլիներ պատկերացնել:
Փետրվարին դաշնակցականները խռովություն բարձրացրեցին: Նրանք գրվեցին Երևանը: Չարենցը կարմիրների հետ նահանջեց դեպի Ղամարլու: Միայն ապրիլի սկզբին հաջողվեց կրկին վերցնել իշխանությունը և վերադառնալ մայրաքաղաք: Վարդգես Ահարոնյանը մյուս դաշնակ մեծամեծների հետ հեռացավ հայրենիքից ու մեկնեց արտասահման: Սակայն կատարվեց ամենաանսպասելին` Արմենուհին չընկերացավ նրան ու մնաց Երևանում: Այսօր դժվար է միանշանակ պատասխան տալ հարցին, թե ի՞նչն էր նմանօրինակ բախտորոշ ու վերջնական որոշման պատճառը` վտանգել ընտանիքի ապագան, վտանգել սեփական անձը, մնալ մի քաղաքում, որտեղ ամեն վայրկյան կարող էր ենթարկվել հալածանքների ու արտաքսման: Մի՞թե սերը…
Երևանի կայարանում դեռ նոր զրահագնացքից իջած Չարենցը շտապում է տեսակցել իր երազանքների կնոջ հետ, և նրան գտնում է անկողնում` ծանր հիվանդ վիճակում: Ի՞նչ կարող էր անել նա թշվառ, քաղցից, կռիվներից ու թալանից ամայացած այդ քաղաքում: Եվ դարձյալ միակ հույսն իր դիրքն էր ու կապերը: Հաշված օրեր անց աշխատավայրից առաքվում է հետևյալ գրությունը.
«193
19.4.21 թ.
Առողջապահության ժողովրդական կոմիսարին
Կոմիսարիատիս աշխատակից Արմենուհի Տիգրանյանը երկրորդ շաբաթն է հիվանդ և հնարավորություն չունի ներկայանալու Կոմիսարիատիդ կից կազմված Հանձնաժողովին քննության ենթարկվելու համար, ուստի ներկայացնելով բժ. Հովհաննիսյանի վկայականը խնդրում եմ անել համապատասխան կարգադրություն, որ տրվի նրան ուժեղացված սնունդ։
Լուսժողկոմի տեղակալ
Գործերի կառավարիչ»։ (ՀԱԱ, ֆ. 122, ց.1 գ.30, էջ 20)։
Ապաքինումը ընթանում էր դանդաղ, հիվանդը մերթ կազդուրման նշաններ էր ցույց տալիս, մերթ կրկին նրա վիճակը բարդանում էր` պահանջելով շուտափույթ օգնություն, դեղորայք, բժշկական այցեր… Մոտ մեկ ամիս անց կազմված մեկ այլ գրություն արդեն թույլ է տալիս գոնե նվազագույն պատկերացում կազմել հետևանքների մասին:
«N 195
12.5.21 թ.
Առողջապահության ժողովրդական կոմիսարին
Լուսժողկոմի Գործերի Կառավարությունը խնդրում է բժշկական քննության ենթարկել ընկ. Արմենուհի Տիգրանյանին որոշելու համար, անհրաժեշտ է նրան արդյոք արձակուրդ ստանալ քայքայված առողջությունը վերականգնելու համար։
Գործերի Կառավարիչ
Գործավար» (ՀԱԱ, ֆ. 122, ց.1, գ.30, էջ 37)։
Ոչ պակաս հատկանշական էր այն «արտոնությունների» չափաբաժինը, որին արժանանում էին կոմիսարիատի աշխատակիցները: Ահա, 1921թ. հունիսի 22-ին Միասնական սպառողական ընկերությանը առաքված Լուսժողկոմատի պաշտոնյաների ցուցակը, որով խնդրվում էր տալ հուլիս ամսվա հացի և ճաշի տոմսերը: 36 հոգանոց ցուցակում 6-րդը Եղիշե Չարենցն էր, 11-րդը՝ Արմենուհի Տիգրանյանը (ՀԱԱ, ֆ.122.ց.1.գ.33.էջ19-20): Նույն կերպ աշխատակիցները ստացել են աղ դրած ձուկ և «չամիչ չայ խմելու համար»:
Չարենցի հոգատար վերաբերմունքն ակնհայտ էր: Բայց ի՞նչ կատարվեց սիրո հետ: Արդյո՞ք այն ևս մարեց ու հանգավ ճակատագրական օրերի թոհուբոհում` ստեղծված լինելով միայն բարձրաշխարհիկ սալոնային կյանքի համար ու չդիմանալով հմայքներից ու լույսերից զուրկ ժամանակների փորձությանը: Այսօր դժվար է միանշանակ պատասխան գտնել մի հարցի համար, որի գաղտնիքը կարող էին իմանալ առավելագույնը երկու մարդ: Իսկ տեսանելի իրականությունն այն էր, ինչն ամենաանսպասելին էր այդքան ամիսների գայթակղություններից ու հետո սիրահետումներից հետո: Ամռանն Արմենուհին իմացավ, որ Եղիշե Չարենցն ամուսնանում է որբանոցի դաստիարակչուհի Արփենիկ Տեր- Աստվածատուրյանի հետ: Իմացավ նաև, որ նորապսակները պատրաստվում են մեկնել Մոսկվա` ուսումնառության: Հիմա արդեն այլևս ոչինչ չկար, որ նրան պիտի խարսխեր այդ քաղաքում: Տանուլ էր տրված զգացմունք, հավատարմություն, ակնկալիք, երազ… Եկել էր հեռանալու պահը: Եվ նա կապեց ճամպրուկները:
Արխիվային թղթապանակներում պահպանվել է մի փոքրիկ գրառում` կատարված 1921 թ. հուլիսի 9-ին կոմիսարիատի մատյանում. « Արմենուհի Տիգրանյանին պ. N 1351, նրանից գնված գրքերի արժողությունը: Կցված է Տիգրանյանի հաշիվը: Գումարը՝ 590.000 ռ»: Պետք է կարծել, որ հենց այդ օրերին էլ Արմենուհին պատրաստվում էր վերջանականապես լքել Երևանը, վաճառում էր իր այն իրերը, որոնք փոխադրել չէր կարող և գրադարանի մի մասն էլ վաճառել էր Լուսժողկոմատին: Սակայն այս փաստը մեզ հուշում է նաև, որ Արմենուհին հուլիսի 9-ին դեռ Երևանում էր, այնպես որ որևէ հիմնավորումից զուրկ է տարածված այն վարկածը, թե հուլիսի 8-ին Թիֆլիսում գտնվող և Լեյլիի ալբոմում «Հրաժեշտի բալլադը» գրող Չարենցը կարող էր հանդիպել նրան կամ առավել ևս «մնաս բարև»-ի իր չափածո խոսքը հանձնել անձամբ Տիգրանյանին:
Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր վիճակված ճաշակել: Վարդգես Ահարոնյանը այնուամենայնիվ անկարող եղավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց այդպես լքված, միայնակ, մոռացված: Նա ծանր հիվանդություն տարավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդպես էլ վախճանվեց 1962 թվականին: Տարիներ անց նրանից մնացած բազում անտիպ ձեռագրերի մեջ պիտի գտնեին նաև այս մեկը.
Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…
Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Դա Վարդգես Ահարոնյանն էր, սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևյալ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր: Դրանք Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԿԱՐԱԲԱԼԱ. ԱՍՔ ԾԱՂԿԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ

15 Հկտ

Ասում են` լեգենդներն աշխարհ են գալիս այն բանի համար, որպեսզի լրացնեն կյանքի թափուր մնացած անկյունները և իմաստ հաղորդեն նրան: Իսկ քաղաքում ծնված լեգենդն այդ իմաստը դարձնում է յուրաքանչյուրինը, ստիպում է անվերապահորեն հավատալ դրա բոլոր մանրամասներին, քանի որ ամեն գեղեցիկ բան լինելու իրավունք ունի: Երևանի բազում լեգենդների շարքում կա մեկը, որից ծաղկի բուրմունք է տարածվում: Կարաբալայի պատմությունն է: Հիմա նա արձանի վերածված` կանգնած է Աբովյան փողոցի մայթեզրի վրա` մի տեսակ լքված, անօգնական, մեղավորի հայացքով, ասես փորձում է արդարանել իր անհարմար ներկայությունն այդ հարահոս եռուզեռի մեջ: Մինչդեռ տասնամյակներ առաջ ճիշտ նույն տեղում, փոշոտ, հարթակտուր ու անծաղիկ քաղաքի գորշության մեջ նա էր վառ գույների միակ տիրակալը, նրա բուրավետ հեքիաթն էր, որ քնքշություն ու սեր էր տալիս անցորդներին:
Կարաբալա` թուրքերեն` «սև տղա»: Բայց տղան ոչ սև էր, ոչ էլ թուրք: Երևանցի հայտնի ծաղկավաճառն ու էքսցենտրիկը բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, որևէ բարեհամբույր կնոջ, որևէ ծանոթի, որն այդ պահին կշահեր Կարաբալայի համակրանքը: Ու նրա ծաղիկները մտնում էին հեռու ու մոտիկ տները, ժպտում էին սեղանին դրված ծաղկամաններից, սիրով ու բարությամբ էին լցնում ներամփոփ գյուղաքաղաքի սիրտը, որպեսզի կյանքը դառնար փոքր-ինչ երփներանգ, փոքր-ինչ լուսավոր: Որպեսզի հույս լիներ վաղվա համար…
Այսպես եղե՞լ է, թե՞ սա ընդամենը հորինվածք է, միֆ, գունազարդված առասպել նրանց համար, ովքեր ունեին ծաղիկներ նվիրաբերող բարի անծանոթի գոյության կարիքը` որպես հակոտնյա հաշվենկատ ու անհույզ իրականության: Ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում ժամանակը փորձեց արդարացի գտնվել թե մեկի և թե մյուսի նկատմամբ` միաձուլելով հնարավորն ու անհնարը, իրար խառնելով լեգենդն ու ճշմարտությունը: Եվ աշխարհ եկան Կարաբալայի մասին բազում պատումները, որոնցից մի քանիսը կշարադրենք ստորև:

ԼԵԳԵՆԴ ԱՌԱՋԻՆ

Որտեղի՞ց էր նա եկել, ո՞վ էր եղել նախկինում: Ոմանք պնդում էին, թե այլ քաղաքից է հասել Երևան ու հաստատվել այստեղ, մյուսները հակաճառում էին` բացատրելով, որ նա բնիկ երևանցի է, ապրում է Թուրքի թաղում կամ Կոնդում կամ մի այլ տեղում: Բայց մի՞թե դա էական էր, երբ առանց Կարաբալայի Երևանը Երևանի նման լինել չէր կարող: Ոչ ոք նրա մասին ըստ էության ոչինչ չգիտեր, սակայն չկար նաև ավելին իմանալու ցանկությունը: Կար Կարաբալան, նա իր տեղում էր` կնշանակի կյանքը շարունակվում էր: Օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան նա հայտնվում էր նախկին Կուլտուրայի տան մուտքից ոչ հեռու` հենց ոտքերի տակ քչքչոցով հոսող առվի եզրին, ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Հիմնականում վարդեր էր վաճառում, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում: Խոսում էին, թե պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է Կարաբալային, ծիծաղել է նրա վրա ու հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել` սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:
Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունը այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից: Կարաբալան նրա մասին նույնիսկ մի երգ էր հորինել` «Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ…»: : Իսկ երբ գինովցած էր լինում, բաժակակից ընկերների առաջ բացում էր սրտի գաղտնիքը. «Ինձ Կարաբալա մի ասեք, ինձ ասեք Դարդոտ Բալա…»: :
Ու մի օր պատահեց անուղղելին: Դա 1926 թվականին էր: Տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին` խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն զգուշացնողի վրա: Այդ ժամանակ ճարպիկ Կարաբալան ոչ միայն խույս է տալիս նրանից, այլև արդյունքում ինքն է դանակահարում հարձակվողին: Նրան ձերբակալեցին ու տարան Երևանի Ուղղիչ տունը: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ դարձավ նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի ետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Այդ ամիսների հիշատակ-վավերագիրը Չարենցի գիրքն է: «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…»,- ,- հետագայում պիտի գրեր Չարենցն իր նշանավոր «Երևանի Ուղղիչ տնից» հուշագրության մեջ: Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ` Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…

ԼԵԳԵՆԴ ԵՐԿՐՈՐԴ

Կան հնաբնակ երևանցիներ, ովքեր պնդում են, որ Կարաբալան ինքը չէր այն ծաղիկների տերն ու աճեցնողը, որոնք վաճառում էր: Այս պնդումները կարելի է հավաստի համարել: Դրանք երևանցի ունևոր Գոգոլ աղայի ծաղկանոցներից էին: Գոգոլ աղան արդեն տարիքն առած մարդ էր, նրա տունն ու այգին գտնվում էին հենց Աբովյան փողոցում: Դրանցից զատ նաև մեծ ծիրանանոց ուներ, իսկ Դալմայում` խաղողի այգիներ: Գործերը հաջող էին ընթանում, և այդ օրերին էլ նա գնեց բժիշկ Արամ Տեր-Ավետիքովի տունը (այն մինչ օրս էլ կանգուն է մնացել) ու առաջին հարկում ծաղկի խանութ բացեց: Գոգոլ աղան իր վարդերն աճեցնում էր այգու ջերմոցներում ու բերում էր այստեղ վաճառելու: Բայց շուտով եկան նոր ժամանակներ, ու խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվեց: Գոգոլ աղան մնաց առանց խանութի: Հենց այդ օրերին էլ նա գտավ Կարաբալային: Նոր մշակը նրա սրտով էր. առանձնահատուկ սեր ուներ ծաղիկների նկատմամբ և իր գործը բարեխղճորեն էր կատարում: Մկրատը ձեռքին անցնում էր ծաղկաթմբերի միջով, զգուշությամբ մեկ առ մեկ ընտրում ու զամբյուղի մեջ էր շարում թարմ վարդերը, իսկ երեկոյան Գոգոլ աղային էր տալիս իր վաստակը, որից էլ տերը նրան բաժին էր թողնում: Այդպես նա երկար ժամանակ աշխատում էր, մինչև որ վրա հասան դժվարին ժամանակները: Այսօր ոմանք գրում և պատմում են, թե իբր Կարաբալան 1934-36 թթ. երկրորդ անգամ է բանտարկվել: Համաձայն այդ աղբյուրների, նա դատապարտվել էր իշխանությունների հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնելու ամբաստանությամբ: Սակայն այս փաստը ճշտման կարիք ունի: Բանն այն է, որ նույն աղբյուրների համաձայն, Կարաբալան այդ տարիներին կրկին իր պատիժը կրել է Չարենցի հետ և նույնիսկ դուրս գալուց հետո օգնել է բանաստեղծի ձեռագրերը բանտից հանելու և դրանք թաքցնելու գործում: Նման պատմությունները չեն կարող ճշմարիտ լինել հենց միայն այն պարզ պատճառով, որ Չարենցին այդ տարիներին ոչ ոք չէր կալանել: Իրականում բանաստեղծին ձերբակալեցին 1937-ի հուլիսին, իսկ ծաղկավաճառի ձեռքով փրկված ձեռագրերի մասին որևէ ապացույց առայսօր գոյություն չունի:
1937-ին շատերի պես աքսորվեց նաև Գոգոլ աղան: Նրա տունն ու ծաղկանոցը բռնագրավվեց: Ու այսպես ավարտվեց հեքիաթը քաղաքի համար:

ԼԵԳԵՆԴ ԵՐՐՈՐԴ

Կարաբալայի մասին շրջանառվող պատմություններից մեկի համաձայն նա բոլորովին էլ ծաղկավաճառ չի եղել: Համենայն դեպս այն տարիքում, երբ դեռ երիտասարդ ու առույգ էր, նրան վիճակված էր զբաղվել միանգամայն այլ աշխատանքով: Նա հանձնարարություններ կատարող էր: Կանգնում էր այս կամ այն մարդաշատ վայրում, առավոտից մինչև ուշ գիշեր ու սպասում էր, մինչև որ ծանոթ մեկը աննշան վճարի դիմաց նրան որևէ գործ կտար: Սովորաբար Կարաբալայի ծառայություններից օգտվում էին խորտկարաններում ու գինետներում հավաքվածները: Իսկ ավելի հաճախ` Չարենցն ու իր ընկերները: Խնջույքի թեժ պահին Չարենցը նրան ձեռքով կաներ, կպարզեր անձեռոցիկի վրա արված որևէ գրություն ու կասեր.
— Կարաբալա, ուստա Մարգարին գիտե՞ս… Բաղնիքի մոտի` Ռաբիսի դուքանում կլինի: Տար, սա հանձնիր նրան:
Կարաբալան վազ էր տալիս ու քիչ անց վերադառնում էր Մարգարի ու նրա նվագածուների հետ:
— Մարգար ջան`«Ես պուճուր, յարս պուճուր»,- պատվիրում էր Չարենցն ու գրպանից հանած թղթադրամները խոթում Կարաբալայի բռան մեջ:
Իսկ քիչ անց Կարաբալան գնում էր գարեջրի ետևից, հետո ֆայտոն էր գտնում Զանգվի ձորը իջնելու համար և կամ պարզապես ընդունում էր նրանց հրավերը, մոտենում էր սեղանին ու բաժակն առած` միանում էր անվերջանալի կենացներին: Այո, Կարաբալան խմում էր: Հատկապես կյանքի վերջին տարիներին հազվադեպ էր պատահում, որ նա գինովցած չլիներ: Ու թերևս հենց այդ շրջանում էլ տարածվեցին ասեկոսեներն այն մասին, թե ծերունին դարձել է անուղղելի հարբեցող, հայհոյում ու վիրավորում է մարդկանց, կեղտոտ ու խղճուկ մուրացկանի տեսք ուներ, իսկ կանայք փողոցում նրան տեսնելիս վախվորած թեքում են իրենց ճանապարհը: Դա, իհարկե, այդպես չէր: Նրանք, ովքեր առիթ էին ունեցել ծաղկավաճառի հետ սեղան նստելու, պատմում են, որ խմելիս համարյա չէր հարբում և նույն բարի, անչար մարդն էր` ավելի շատ լուռ, քան խոսող: «Երևան» հյուրանոցի բակում մի ժամանակ գործող բացօթյա սրճարանում, որտեղ հիմնականում հավաքվում էին գրողներ, դերասաններ, արվեստի մարդիկ, հաճախ կարելի էր տեսնել նաև Կարաբալային: Նա միշտ էլ ցանկալի սեղանակից էր նրանց համար, ովքեր հիշելու, վերապրելու բան ունեին:

ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ…

Ճշմարտությունը գուցե թե այնքան գունեղ ու ուշագրավ լինել չի կարող, ինչպիսին լինում է առասպելը: Սակայն կա նաև իրական պատմությունը Կարաբալայի մասին: Նա ծնվել էր 20-րդ դարի սկզբին (երբեմն նշում են հենց 1900 թվականը, սակայն սա ստույգ համարել չի կարելի): Մանկությունն անցել էր Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում: Ոմանք ասում են, թե նրա անունը Կարապետ էր, սակայն սա ևս անճշտություն է: Նրա իսկական անուն-ազգանունը Ստեփան Հարությունյան էր: Ճանաչողները վկայում են, որ նրա ընտանիքի սեփականությունն են եղել Ֆլորայի այգիները` այն տարածքը, որտեղ այսօր մետրոյի «Երիտասարդական» կայարանն է գտնվում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հարությունյանները կորցրեցին իրենց ունեցվածքը: Շուտով երիտասարդ Ստեփանն ամուսնացավ Աշխեն անունով մի աղջկա հետ, որին հանդիպել էր Ղանթարի շուկայում: Աշխենը ծնունդով Ներքին Ախտայից էր (ներկայիս Հրազդան քաղաքից): 1926 թ, ծնվեց նրանց որդին: Նորածնին տվեցին Ժորժիկ անունը: Սակայն, ինչպես արդեն ասել էինք, այդ թվին Կարաբալան ձերբակալվեց ու բանտարկվեց: Մինչ նա կրում էր իր պատիժն ու երազում այն օրը, երբ կրկին կվերադառնա հարազատների մոտ, կինը որոշեց լքել անուսնուն և ամուսնանալ մեկ ուրիշի հետ: Աշխենն իր հետ տարավ նաև Ժորժիկին: Բանտից դուրս գալուց հետո Կարաբալան այլևս ոչինչ չուներ: Խոսում էին այն մասին, թե իբր Աշխենը իրավապահներին ինչ-որ լուսանկարներ էր ցույց տվել, որոնք ապացուցում էին իր ամուսնու անհավատարմությունը, և այդ գնով նրանից խլել էր ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլև արգելք էր դրել որդուն տեսնելու հոր իրավունքի վրա: Դժվար է ասել, թե թե որքանով էին այդ ամբաստանությունները հիմնավոր, բայց Կարաբալան իսկապես զրկվեց իր զավակի հետ հանդիպելու բախտավորությունից: Ասում են նաև, որ միայն շատ տարիներ անց, երբ արդեն Ժորժիկն էր հայր դարձել, Աշխենն, այնուամենայնիվ, որոշում է ամուսնուն ցույց տալ նորածին թոռանը: Մայր ու որդի գնում են Աբովյան փողոցի այն հատվածը, որտեղ սովորաբար կանգնում էր ծաղկավաճառը, և Կարաբալան դողդողացող ձեռքերով կրծքին է սեղմում փոքրիկ Լևոնին` իր կյանքի ամենաթանկ ու ամենագեղեցիկ ծաղիկը: Նա դեռ չգիտեր, որ երեխային տեսնում էր առաջին և վերջին անգամ: Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվ է նշվում 1965 թ.: Կա նաև այլ տարբերակ` 1970 թվականը, սակայն երկու դեպքում էլ դրանց հավաստի լինելը կասկած է հարուցում: Բանն այն է, որ պահպանվել է նրա մի լուսանկարը` արված 1972 թվին:
Ահա այսպես, մարդը, որ եկել էր անհայտությունից, ապրեց ու գնաց նույն այդ անհայտությունը: Բայց ոչ մոռացումը:

ՀԻՇԱՏԱԿԸ

Մնաց հիշատակը: Ավելի երջանիկ, քան Կարաբալան էր: Ավելի երկարակյաց, քան Կարաբալան էր: Ավելի պարզ ու առինքնող, քան Կարաբալան էր: Նա այսուհետ սիրո, զարթոնքի, գարնանամուտի և անշահախնդիր հոգու խորհրդանիշն էր մարդկանց համար: Երևանը ողողվեց ծաղկավաճառներով ու ծաղկի սրահներով, բայց ոչ մեկն այդպես էլ չդարձավ Կարաբալա: Մարդկանց տներն ու բակերը ծածկվեցին զանազան տնաբույծ ու տնակյաց ծաղիկներով, ջերմոցներով բույսերով ու իկեբանաներով,
սակայն ունեի՞ն դրանք այն մեկ հատիկ վարդի արժեքը, որ Կարաբալայի ձեռքն էր նվիրում…
Երկար տարիներ հրաշք ծաղկավաճառի մասին զրույցները անցնում էին բերնեբերան: Շիրազն ու Սահյանը նրա մասին բանաստեղծություն գրեցին: Երգիչ Պապին Պողոսյանը բեմերից հնչեցում էր նրան նվիրված երգը, «Հայֆիլմը» նկարեց «Մեր պապերի քայլերգը» կինոնկարը, որտեղ հայտնի դերասան Ազատ Շերենցը մարմնավորեց Կարաբալայի կերպարը: Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Երևանին վերադարձրեց արդեն արձանացած Կարաբալային` զամբյուղը թևին, ծաղիկը` մատների մեջ…
Պատմում են, որ տարիներ առաջ «Խորհրդային Հայաստան» թերթի աշխատակիցները որոշում են գարնան առաջին օրվա համարում զետեղել Կարաբալայի լուսանկարը: Սակայն մտահաղացմանը վիճակվել էր կարճ կյանք ունենալ: Գրաքննությունն անմիջապես պահանջում է շտկել սխալը` այդ անհայտ ու անշուք մարդու փոխարեն տեղադրել առաջավոր կուսակցականի դիմանկար:
Հիմա Կարաբալային այլևս ոչ ոք չի ջնջելու և չի խմբագրելու: Նա ապրում է մեր հիշողության մեջ, նա իր տեղն ունի մեր սրտերում: Հիմա ամեն երևանցի կամ օտար հյուր հաճույքով լուսանկարվում է նրա արձանի կողքին, իսկ հետո, եթե ցանկություն է լինում, մտնում է մի գավաթ սուրճ խմելու «Կարաբալա» սրճարանում, կամ սիրելիի համար ծաղիկներ է գնում «Կարաբալա» ծաղկի սրահից: Երևանցի բանաստեղծ Ռոբերտ Կարայանը նրա մասին տողեր է գրում.
Ով տեր Աստված, ո՞նց համբերես,
Ցուրտ է քաղաքն այս նաիրյան,
Մեկը հազար ծաղիկ բերեց,
Մեկը զրկանք, ձյուն ու բորան…
Ա¯խ, ի՞նչ անի Կարաբալան,
Ո՞նց չխմի ու ցնորվի-
Ոտքերի մոտ կին-մուրացկան
Ձեռք է պարզել խեղճ անցորդին…
Իսկ եթե դարձյալ հանդիպում են մարդիկ, որոնց նախանձն է շարժում համեստ ծաղկավաճառի հետմահու հիշատակը, որոնք դեռ կարող են այստեղ ու այնտեղ գրել-պատմել, թե իբր բոլորովին էլ այն չէր, ինչ նրա մասին ասում են, ապա կարծում ենք, որ իրականում անմաքուրը հենց այդ մարդկանց հոգին է, որոնց համար լուսավոր ոչինչ լինել չի կարող ու նույնիսկ Կարաբալայի մասին անքեն հուշը հանգիստ չի տալիս այսքան տարիներ հետո…

Հովիկ Չարխչյան

Cosa Nostra-ն կնախանձեր

15 Հկտ

Ամերիկյան իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իրենց հաջողվել է բացահայտել խոշորագույն հանցագործ խմբավորում, որի կազմում ընդգրկված են բացառապես հայազգի քաղաքացիներ, առաջին պահին հայաստանցիների մոտ նույնիսկ ազգային հպարտությունը շոյող թրթիռներ առաջացրեց:  Ցանկացած  կարգի բացառիկ, եզակի, աննախադեպ ու մեծ երևույթների հանդեպ մեր թուլությունն իրեն այս դեպքում էլ դրսևորեց լավագույնս: Միայն թե կատարելապես հպարտանալու առիթ կարծես թե չկար, մեկ ուրիշը գուցե նաև խորագույն սրտնեղություն ու ամոթ ապրեր իր հայերնակիցների համար, ովքեր օտար երկրում չէին գտել ինքնադրսևորման այլ եղանակ, քան ճարպկորեն այդ երկրի գրպանները թեթևացնելու մտադրությունն էր, ինչն էլ անփառունակ վախճան ունեցավ բոլորի համար:

Սակայն նկատենք նաև, որ <հերոսականացման> արշավի ջրաղացին ամերիկացի իրավապահները նույնպես իրենց հավելյալ ջուրը լցրեցին` սկզբում հայտարարելով, թե Միացյալ Նահանգներն իր գոյության ընթացքում նման խարդախություն դեռ չէր տեսել, իսկ Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան ուղղակի խմբավորումը համեմատեց դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ ու հավակնությունների մակարդակով իտալական մաֆիան կարող է նախանձել հայկական հանցախմբին:

Եվ ի՞նչ էին արել մեր քաջերը, որ այդքան հիացմունք էր պատճառել յանկիներին: Գործի էությունն այսպիսին էր. նրանք Medicare դաշնային համակարգի շրջանակներում ( որը ծերերին ցուցաբերվում է բժշկական օգնություն) յուրացրել էին ոչ ավել, ոչ պակաս` 163 մլն ԱՄՆ դոլար: Ամերիկյան 25 նահանգներում  բացելով 118 ձևական բժշկական կլինիկաներ, հանցախումբը կեղծ փաստաթղթերի, առողջապահական համակարգից բժիշկների ու հիվանդների ինքնությունը հաստատող գողացված տվյալների  և նրանց անունների օգտագործման ճանապարհով դաշնային համակարգից կորզել էր այդ կլորիկ փոխհատուցումը չկատարված ծառայությունների համար: Միայն Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում նրանք շուրջ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար: Իսկ Նյու Յորքում խմբավորման ղեկավարությունն իրականացվում էր փոքր ու համեստ գրասենյակից, որը գտնվում էր ավտոնորոգման արհեստանոցի վերևում։
Այժմ Մանհեթենի դաշնային դատախազությունում քրեական գործ է հարուցվել 44 անձի նկատմամբ: Հրապարակվել են բոլոր կասկածյալների ու ձերբակալվածների անունները, որոնց մեծ մասը ընդամենը տարիներ առաջ էին Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ: Իրավապահները տեղեկացրել են նաև այն մասին, որ հիշյալ <կազմակերպությունը> ղեկավարել են Դավիթ Միրզոյանը և Ռոբերտ Թերջանյանը: Սակայն իրական պարագլուխը հանդիսացել է <օրենքով գող> Արմեն Ղազարյանը, ով քրեական աշխարհում առավելապես հայտնի է «Պզո» մականունով: Լոս Անջելեսում ձերբակալվածներից առաջինը հենց նա է եղել, որին բացի <բժշկական> գործին առնչվող մեղադրանքներից ամբաստանում են նաև թմրանյութերի շրջանառման, զենքի առևտրի, մարդկանց առևանգման, դրամաշորթության և այլ ծանր հանցանքների համար:

Ի դեպ, երբ լրատվամիջոցները շեփորում են <հայկական մաֆիայի> պարտության մասին, նրանք ամեն դեպքում փոքր-ինչ չափազանցնում են: Բանն այն է, որ իրականում քրեական գործով անցնում է 73 մարդ: Դրանց մի մասը ազգությամբ ռուսներ են, ինչպես նաև Ուկրաինայի և Ղազաստանի քաղաքացիներ: Վերջիններս ձերբակալվել են Նյու Յորք, Նյու Մեքսիկո, Ջորջիա, Կալիֆոռնիա և Օհայո նահանգներում: Սակայն այս համերաշխ ինտերնացիոնալ կազմի առկայությունը որևէ կերպ չի մեղմում հայերի մասնակցության չափը ու չի թեթևացնում նրանց մեղքերը, որոնց համար այդ երկրում սահմանված են խիստ պատիժներ` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, ինչպես նաև դրամական խոշոր` հարյուր հազարավոր դոլարների հասնող տուգանքներ:

Հետաքննություների դաշնային բյուրոյի խոսնակի վկայությամբ, ավելի քան 400 գործակալներ են համագործակցել այս խարդախությունը բացահայտելու համար: Սակայն էլ ավելի հետաքրքրական են այն մանրամասները, որոնք ասուլիսի ժամանակ հրապարակեց Մանհեթենի դատախազը: Վերջինիս խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել իրենց հայրենիք և այնտեղ թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել ԱՄՆ-ում շորթած կեղտոտ դոլարներով: Դե իհարկե, ուրիշ ու՞ր պիտի գնային, եթե ոչ սիրասուն բնօրրանը, երկիր Հայաստան` փողերի լվացման մի իսկական լվացքատուն, որտեղ երբեք չեն հարցնելու ոչ այդ կասկածելի միջոցների աղբյուրների ու ոչ էլ ձեռքբերման եղանակների մասին:

Այժմ մեր երկրի իշխանությունները շփոթված ձեռքերն են տարածում ու ցավում են կատարվածի համար: Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ընդամենը հետևյալն ասաց. <Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար>: Սակայն հազիվ թե գործի ներկա փուլում ամերիկացիներին այլևս անհրաժեշտ լինի մեր օգնությունը: Համենայն դեպս հայտնի է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: Ու երևի չի էլ ստանա: Ամեն ինչ առանց դրա էլ պարզ է:

Հ. Չարխչյան