Պահոց | 11:39 ե.

Հզորների թուլությունը

29 Հկտ

Հայաստանում Թուրքիայի ու թուրքերի ցանկացած նախաձեռնությանը թերահավատությամբ և կասկածանքով են վերաբերվում: Ցավոք, հայերն ունեն այդպես արձագանքելու հիմքերն ու իրավունքը: Մեկ անգամ չէ, որ մեր հարավային հարևանը խորը հիասթափություն է պատճառել: Սակայն նույնիսկ այդ զգուշավորությունը չի խանգարում թուրքական կողմին հանդես գալու նորանոր և անսպասելի ակցիաներով: Դրանցից մեկի հիշողությունն առայժմ թարմ է և վերաբերում է բարձրագոռգոռ անունը կրող կուսակցությանը: Առաջին անգամ մեզ անհայտ այս շարժումը ճանաչվելու հայտ ներկայացրեց հոկտեմբերի 10-ին, երբ կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչն ու նրա համակիրները հայտարարեցին, թե իրենք ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, խախտել են պետական սահմանը և մտել Հայաստանի տարածք: Ճիշտ է, սահմանապահ ծառայությունն այնուհետև հերքեց այդ լուրը և նույնիսկ տեղեկացրեց, որ շրջանառվող լուսանկարներն արված են թուրքական ափին` Անիի մերձակայքում, սակայն PR ակցիան ընկալվեց իբրև խորհրդանշական քայլ` երկու երկրների մերձեցմանը նպաստող ձեռքմեկնում:
Այս կուսակցությունը, որ հիմնադրվել է ընդամենը 4 տարի առաջ, քիչ հայտնի է նույնիսկ իր հայրենիքում, խորհրդարանում ներկայացված չէ և ոչ էլ առանձնապես բավարար վարկանիշ ունի։ Սակայն փոքր հնարավորություններով, բայց մեծ հավակնություններով երիտասարդները կարծես թե այնքան էլ չեն սրտնեղում այդ հանգամանքից ու շարունակում են նպատակադրված առաջ շարժվել: Սահմանի խախտման պատմությունից անմիջապես հետո նրանք հայտարարեցին, որ հայ-թուրքական բարեկամության խումբ են ստեղծել, և 500 երիտասարդ հայերից ու թուրքերից բաղկացած խմբի նպատակն է նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Երկու անգամ իր ակտիվիստների հետ Երևան գալուց ու գնալուց հետո Թունա Բեքլևիչը հերթական աղմկահարույց որոշումը կայացրեց` տեղեկացնելով, որ սահմանի բացման համար Կարսում հանրաքվե կիրականացվի: Նա ժամանեց Կարս՝ հետը բերելով հանրաքվեի համար նախատեսված մեծ քվեատուփը։ Տեղում մամուլի ասուլիս հրավիրելով` նա անդրադարձավ իրենց ծրագրերին՝ նշելով, թե անհրաժեշտության դեպքում իրենք քվեատուփը կտեղադրեն Կարսի կենտրոնում ու թող կարսեցիները գան և իրենց -ն կամ -ը ասեն։
Իհարկե, քվեարկության կամ դրանց արդյունքների մասին հետագայում այլևս ոչ մի խոսք չհնչեց, սակայն -ին կարծես թե այդքանն էլ էր բավարարում, և այս անգամ կուսակցությունը նոր նպատակակետ ընտրեց` Հայաստանի մայրաքաղաքը: Բեքլևիչը որոշեց, որ եկել է ժամանակը հենց Երևանի կենտրոնում կոնֆերանս կազմակերպել, որը կրելու է խորագիրը: Որոշեց և արեց: Ավելի ճիշտ, դեռ ոչինչ էլ չի արված, բացի այն բանից, որ թուրքերն իսկապես ժամանել են Երևան, սակայն մեր քաղաքի հյուրանոցները մինչև երեկ մեկը մյուսի ետևից հրաժարվում էին նրանց դահլիճ տրամադրել: Այսօր առավոտյան նրանք հանդիպելու են լրագրողների հետ և այնուհետև պարզ կդառնա հավաքի ճակատագիրը, որին, ի դեպ, աջակցում է Հայաստանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Սակայն արդեն իսկ տպավորությունն այնպիսին է, որ Բեքլևիչին հնարավոր ձախողումն այնքան էլ չի մտահոգում:
Առաջին հայացքից այս մարդը հակասական անձնավորության տպավորություն է թողնում: Մի դեպքում կարելի է մտածել, որ երիտասարդը սովորական ավանտյուրիստ է, ով փորձում է քաղաքական հարցերի նուրբ լարերի վրա խաղալու հաշվին դիվիդենտներ վաստակել, մեկ այլ դեպքում ցանկություն է առաջանում հավատալ նրա մղումների անկեղծությանը: Բոլոր դեպքերում մի բան արդեն հստակ է. լիդերի համար էական չէ արդյունքը, այլ առավել կարևորը պրոցեսն է: Կարելի է հասնել սահմանին, չանցնել, բայց ասել, որ անցել է: Կարելի է քվեատուփ դնել, չքվեարկել, բայց ասել, թե հանրաքվե է, և այժմ էլ կարելի է գալ կոնֆերանս անցկացնելու ու չմտահոգվել` կլինի՞ այն, թե ոչ:
Դեռ Թուրքիայում, մեկնումից առաջ, Բեքլևիչը հայտարարել էր, թե տեղ հասնելուն պես պատրաստվում է հանդիպել մեր արտաքին գերատեսչության ղեկավարների հետ, իսկ երբ ետ վերադառնա` անպայման տեսակցություն կխնդրի Էրդողանից: Հավանաբար այս խոսքերը Հայաստանի ԱԳ նախարարին հանել էին համբերությունից, և վերջինս հանդես եկավ հատուկ մեկնաբանությամբ, ուր ասվում էր. :
Մի խոսքով, Բեքլևիչը Նալբանդյանին չի տեսնի: Բայց լիդերին այդ միտքն առանձնապես մեծ վիշտ չի պատճառել: Ուրիշներն էլ կան, որոնց հետ կարելի է հանդիպել: Օրինակ, Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը, ով ժամանակին այնպես պատվախնդրորեն ապացուցում էր, որ թուրքերը Ախուրյան գետը չեն հատել: Թուրք կուսակցապետն ասել է, որ հաճույքով նրա հետ մի բաժակ թեյ կխմեր: Իսկ ընդհանրապես, Բեքլևիչը երազանք ունի. ,- ասել է նա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ

29 Հկտ

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994»:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

29 Հկտ

Հուսալքումը, բարոյալքումը ժողովուրդներու կյանքի մեջ որքան որ ըլլան, կուգան ու կերթան սերունդի մը հետ: Մենք ուրախությամբ կուզենք հաստատիլ, որ այդ է ու պիտի ըլլա նաև մեր ապագան:
ըսողները ապացուցած են և կապացուցանեն իրենց : Երիտասարդությունը երբեք չի կրնրար ըսել : Հայ ապագայի համար ատաղձ կառուցանել, նյութական և մանավանդ մտավոր ու հոգևոր իմաստով, ահա մեր օրերուն մեծ խնդիրը: Կառուցանել ցեղին հոգիեն բխող զգացմունքներու թելադրանքին տակ: Կառուցանել` ազգին պատմութենեն ժայթքող ոգեկան հիմունքներու վրա: Կառուցանել` ժողովրդի ինքնուրույն մշակույթի գանձերեն ներշնչված ոգով:
Մենք կհավատանք հայ ցեղի հոգիի կենսունակության: Մենք կհավատանք մեր պատմութենեն մեզի եկող պատգամներուն: Մենք կհավատանք մանավանդ, որ բոլոր նոր հայերը պիտի հասնին միևնույն լուսավոր կետին, տեղ մը ապագային մեջ:
Չի կրնար ըլլալ, որ հայ պատմությունը մեռնի, ինչքան ատեն որ հայ Հայրենիք մը ու հայ ժողովուրդ կան: Ուշ կամ կանուխ` անցողակի ու ժամանակավոր ձևերը կմաշին, կփոխվին ու կմնա տևականը, հիմնականը, անհրաժեշտը: Հազարամյա պատմությունը վերստին կզարթնի ամենուն հոգիներուն մեջ ու հայ ժողովուրդը իր պատմության սանձերը իր ձեռքը առած, իր սեփական մեկ հայրենիքին մեջ կսլանա դեպի իր հայկական ապագան…

ԻՆՏՐԱ

29 Հկտ

ՆԵՐԱՇԽԱՐՀ
… Եվ աշխատիլ է պետք. վայ ինծի. աշխատիլ այն իմաստով, որով աշխարհք կհասկնա աշխատությունը. կուզի կամ լուսանի նենգավոր կամ խիզախ կենսաշահությունն ստվերին մեջ: Որովհետև խաբեությամբ կամ բռնությամբ շինված կռիվն է միայն ինչ-որ աշխատություն բառով կհասկնան և անոր սրբությամբն ու խաղաղությամբը սքողած կպարտադրեն: Ամենուրեք հակասություն, ստորություն: Մարդկություն բառին մեջ պահված քաղցր իմասներն անընդհատ կժխտվին, կուրացվին կենսապայքարին անհրաժեշտ նկատվող տգեղ պայմաններեն ու կենսապայքարեն իսկ, քանի որ այս անդուլ կռիվը փոխանակ բնության ու մարդուն միջև սահմանափակվելու, կզինի մարդկային անհատներու, խումբերու միջև, որք սակայն տեսապես ցուցունեն, ցուցադրեն իրարու սիրո գաղափարներու տիրացում մը տիեզերական Օրինաց ճանաչմամբ:
Թողլով, որ մարդկային Օրենքը անհետևելի մեծամասնությանց սովորույթները ներկայացնող, անհատներու բաղդատմամբ շատ դանդաղ կհառաջադիմե, և իմացական ու բարոյական անցյալի մը պատկերն է միայն, փոխանակ իմացական ու բարոյական իդեալ մը, մատչելի, ճակատագրական ապագա մը ներկայացնելու, ահա մարդասիրության, հավասարության, անկաշկանդության և դեռ չեմ գիտեր ինչ այսօրինակ գաղափարներու կհենու, առանց դիտել ուզելու, դիտել կարենալու, թե այս կերպ մտապատկերները կժխտեն զիրար հաճախ, այնքան որ ոչ միայն օրենքին հավանության և գոյության պայմաններուն միջև է հակառակությունը, այլ նաև իր տրամաբանությանց իսկ մեջտեղ: Անհատականության ամենամեծ գործանականացումն է մրցումը. և ասիկա չի՞ բավեր հավասարություն ըսվածը բոլորովին բառնալու, եթե երբեք այդ ցնորքը կարելի էր: Ժողովուրդները մրցման կաշկանդիչ սահմանափակումե մը զերծ պահելով և մրցման անկարողներու հարկավոր միջոցները չընծայելով, մարդկությունը չի՞ հանձեր զմարդիկ մեծագույն ճնշման մը, որ մարդոց բնական անհավասարությունն է: Եվ ինչպե՞ս կրնա մարդասիրություն պահվիլ տակավին մրցման ազատության մեջ, որ կենսապայքարին տխուր օրենքին հաստատումն է. միթե կենսապայքարին բռնության մեջ կրնա բողբոջիլ ու չոսնիլ մարդասիրության ու հավասարության, այսինքն եղբայրության խաղաղասեր զգաումը…

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

29 Հկտ

…Ի՞նչ է տաղանդը, ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է, երկրորդը մոլուցք… Դա այն զուսպ, անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի, բնության, տիեզերքի հանդեպ: Կյանքի հանդեպ: Եվ նաև բռնկվել գաղափարից: Բայց և կարողանալ կասկածել, կասկածել ամեն հերթական քայլից, ամեն արդյունքից: Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում` պաշտանմունքի հասնելու աստիճան: Անկախություն, Խորաթափանցություն: Գիտակցումը սեփական հնարավորությունների: Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն: Կարողանալ հրապուրվել: Ու չզգալ, չնկատել, թե ինչպես է անցնում գիշերը, երբ է լուսանում… Դա պիտի լինի տարերայնորեն…
Ունենալ պաշտանմունքը գեղեցկության, փնտրել գեղեցկության գրացիա ամեն ինչում…Կարողանալ տեսնել, զգալ գեղեցկությունը մի հայացքով, ակնթարթորեն… Ստեղծագործությունը տարերք է: Ստեղծագործողը` նույպես …
«Գիտությունը սկսվում է զարմանալուց…» սա Արիստոտելի խոսքն է: Կարևոր է, որ այդ հատկությունը` զարմանալու, որը թվում է թե հատուկ է միայն երեխային, մնա պահպանվի ամբողջ կյանքում… Հենց դա… զարմանալու հատկությունն է հարակյաց դարձնում հանճարի ստեղծագործական կյանքը…Հանճարը, ինչպես ջրվեժը, ինքն է բացում իր ճանապարհը: Տաղանդը կարող է ջարդվել, անգամ կործանվել արգելքներին հանդիպելիս, հանճարը այդպես չէ, նա սնուցվում է հենց այդ արգելքներց:

… Ռոդենը արարեց երկու մարմի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ, ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող…Տիեզերք… Փակ աչքեր… Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին… Տիեզերական խորհուրդը հանդիպման… Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը… Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն… և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

29 Հկտ

Աղոթքին ձևը
Գիշեր է։
Կուլա կույսը, կուլան անոնք, որ մինակ են, միսմինակ… Երկու ձեռքերու մեջ սեղմած իր գլուխը, աչքերը գոց, կը վազե ան հողմի մը պես դեպի երազներու քաոսը։
Մերկ է ան, ինչպես բոլոր գեղեցկությունները, և իր ցրքուն մազերուն տակեն կ՚երևին իր չքնաղ ուսերը, ինչպես լուսինկան՝ սաղարթներու բացատներեն, կամ ինչպես աղավնյակ մը՝ ցանցին մեջ։Չխոսիր, լուռ է շուշանը, որ կաճի, լուռ է հույսը, որ կը մարի։
Մի՛ լար, ո՜վ կույս, վե՜ր առ գլուխդ և մեկդի նետե՛ ճա կատիդ մեռելաբույր և դամբանական ստվերները, ոսկեզօծե զայն աստղերու խորհուրդով, վասնզի դուն իբրև ճառագայթ մը պիտի խառնվիս Արշալույսի հսկայական թափորին։
Ճշմարիտ ճառագայթ մը ըլլալ՝ երկու գիշերներու մեջ սավառնող աստվածություն մը կը նշանակե։
Չշարժիր ան, կ՚սպասե, որ Արշալույսը իր թևերուն վրա առնե և փայփայե իր տրտմությունը, որ երկինք մըն է։
Ծունկի եկած է, գլուխը սեղմած երկու ձեռքերուն մեջ, քիչ մը կորացած՝ լուռ կը հեծկլտա հեռավոր մշուշին մեջ։
Աղոթքը այս ձևը կառնե խավարին մեջ։
Կո՜ւյսը…

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ԲԻԼ ԳԵՅԹՍԻ

29 Հկտ

1. Կյանքն արդարացի չէ. համակերպվի’ր այդ փաստի հետ:
2. Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը քեզանից ինչ-որ նվաճումներ է սպասում նախքան քո սեփական արժանապատվության զգացմանն ուշադրություն դարձնելը:
3. Շատ քիչ հավանական է, որ դպրոցն ավարտելուց հետո քեզ միանգամից կսկսեն վճարել տարին 40 հազար: Դու չես դառնա ընկերության փոխնախագահ` լիմուզինով ու անձնական վարորդով, մինչ չարժանանաս դրան:
4. Եթե դու մտածում ես, որ քո ուսուցիչը խիստ է և պահանջկոտ, սպասի’ր պետիդ հետ ծանոթանալուն: Ի տարբերություն ուսուցչի, պետի կարիերան կախված է նրանից, թե ինչպես ես գլուխ հանելու քո հանձնարարություններից:
5. Մակդոնալդսում համբուրգեր սարքելը քո արժանապատվությունից ցածր չէ: Քո նախապապերը ցանկացած աշխատանքը, նույնիսկ այդպիսին, կանվանեին ՙլավ հնարավորություն՚:
6. Մի’ շտապիր քո յուրաքանչյուր անհաջողության համար մեղադրել քո ծնողներին: Մի’ փնթփնթա և մի’ շարժվիր ըստ քո անհաջողությունների. սովորի’ր դրանցից:
7. Մինչև քո ծնվելը քո ծնողներն այդքան մռայլ և անհետաքրքիր չեն եղել, ինչպիսին քեզ հիմա են թվում: Նրանք այդպիսին են դարձել` քո անհոգ մանկության համար փող աշխատելով, լվանալով քո շորերը և լսելով քո անվերջանալի դատարկ խոսակցություններն այն մասին, թե ինչքան լավն ես: Նախքան քո ծնողների ագահ սերնդի ավերածություններից Ամազոնյան անտառները փրկելու գնալը սկզբի համար կարգի’ բեր քո սենյակը:
8. Քո դպրոցը վերացրել է բաժանումը` հաղթողների և պարտվողների, կյանքը` ոչ: Որոշ դպրոցներում վատ գնահատական դնելը վերացրել են, թույլ են տվել թեսթը հանձնելու կամ հարցին պատասխանելու փորձ անել, ինչքան ուզում ես… Դա մի փոքր նմանություն անգամ չունի նրան, ինչ կատարվում է կյանքում:
9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուների է հետաքրքրում քո ՙեսը՚ գտնելուն օգնելը: Դա դու անձամբ պետք է անես:
10. Մի’ շփոթիր իրական կյանքը այն բանի հետ, ինչ ցույց են տալիս հեռուստացույցով: Կյանքում մարդիկ ավելի շատ ժամանակ ստիպված են անցկացնել ոչ թե սրճարանում, այլ աշխատանքի վայրում:
11. ՙԱկնոցավոր բուսաբանների՚ հետ լավ հարաբերություններ ունեցի’ր: Նրանցից մեկը երբևէ կդառնա քո պետը:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

29 Հկտ

Լսեք ուշադիր: Եթե մարդ փող ունի, միևնույնն է` կուտակելու թե վատնելու, համոզված եղեք, որ նա գողացել է այն այլ մարդկանից: Ու ոչ թե հարուստներից, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ աղքատներից, ովքեր չունեն այդ հնարավորությունը: Խլել է այդ մարդկանց կյանքի ու երազանքների հաշվին: Այս պարագայում ես բացառություն չեմ կազմում: Ես վաստակում եմ այն դրամը, որ վատնում եմ: Եվ ես գողանում եմ այն` բոլորի նման: Վնաս հասցնում մարդկանց` այն հայթհայթելու համար: Անգամ անգործության մատնված`ես դեռ դրամ եմ վաստակում: Դրամն ինքը վաստակում է ավելին: Եվ ես դեռ վնաս եմ հասցնում մարդկանց: Չգիտեմ` ովքեր են այդ մարդիկ կամ որտեղ են ապրում: Եթե գիտենայի, ինձ անհամեմատ ավելի վատ կզգայի, քան ինձ զգում եմ հիմա: Ես քրիստոնյայի խիղճ ունեմ. մի աշխարհում, որը խիղճ չունի ընդհանրապես: Աշխարհն աշխատում է մշակել հասարակական բարոյականության նման մի բան, բայց այս գործընթացը մահու չափ ծանր է ընթանում… Ես ունեմ փող: Եվ միշտ էլ կունենամ, քանի դեռ աշխարհը կմնա այնպիսին, ինչպիսին է այն այսօր: Ես չեմ աշխատում: Ես չեմ անում ոչինչ: Ես ուղղակի հարբեցողությամբ եմ զբաղվում: Ես քրտնաջան աշխատում էի երեխա ժամանակ: Իրոք քրտնաջան: Ենթադրվում է, թե մարդիկ պետք է վայելեն կյանքը: Իսկ ես հոգնել եմ: Ես որոշել եմ աշխարհի հետ հաշիվներս մաքրել: Այսպես ասեմ` մարդ չի կարող վայելել կյանքը, եթե աշխատում է: Եթե որևե բան է անում: Իսկ ես ոչինչ չեմ անում: Ու ես չեմ ցանկանում այլևս որևէ բան անել: Չի մնացել ինչ-որ բան, որով ես կզբաղվեի ու չէի խորշի դրանից: Որովհետև ես ընդունակ չեմ կատարելու պարզ, արդար աշխատանք: Ես դրա համար անհրաժեշտ համբերությունը չունեմ: Ու ես չափից դուրս խելացի եմ: Փողն աշխարհիս երեսին ամենահանցավոր բանն է: Այն գարշահոտ է:

ԿՈՄԻՏԱՍ

29 Հկտ

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց.- Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ

29 Հկտ

Նամակ Էմե Դ-ալտոնին

…Այդպիսին է գեղեցկագույն հրեշտակը, որին երազում եմ, որին սիրում եմ, որի մասին չեմ կարողանում մտածել երեկոյան, որ չդողամ ողջ էությամբ: Խնդրում եմ, ուրիշներին թողեք հուսախաբությունը. Օրինակ այլանդակներին: Աստված Ձեզ չի ստեղծել նրա համար, որ մարդիկ հուսախաբվեն ձեզնից` հակառակը, հրաժարվեք այդ մտքերից: Կրակը նետեք փիլիսոփայական մտորումները սիրո մասին և իմ մասին` առաջին հերթին… Կարդացեք այդ բոլորը Ձեր հայելում, Ձեր սիրեցյալի աչքերում, դրանք շատ ավելի լավ խորհրդատուներ են, քան. : Եթե Դուք սերը համարում եք խղճուկ մի բան, ուրեմն Դուք չեք սիրել:
Բավ է փնովեք Ձեզ, եկեք ինձ մոտ ու ասեք. , և կարևորը ավելացրեք, ինչպես Ձեր նամակում էր. : Ձեզ չի հաջողվի անել դա, քանի որ ես կընդհատեմ խոսքդ` մի ջերմ համբյուր դրոշմելով շուրթերիդ:
Եկեք ինձ մոտ, օրիորդ, Ձեզ չեն ստորացնի, չեն խաբի, կանեն ամեն ինչ, ինչ որ Դուք կամենաք , կլսեն, համոզված եղեք, կհավատան Ձեզ, կխոնարհվեն Ձեր առաջ, որքան բավարարեն ուժերը, կխնդրեն, որ թույլ տաք Ձեզ աստվածացնել:
Ձեր նամակում միայն մի բառ կա սիրո վերաբերյալ: Դուք գրում եք. : Դուք աղաչում եք, սիրելիս, որ ես վերջ տամ Ձեզ հետապնդելուն: Ոչ, սիրելիս, չեմ լսելու Ձեզ, սատանայի ծոցն եմ ուղարկել դիվանագիտությունը, պատվախնդրությունը, և այսօրվա ու վաղվա բոլոր իսպանական թագավորներին:
Ես մնում եմ, ուզում եմ լսել միայն Ձեր մասին, մտածում եմ միայն Ձեր մասին, հետապնդելու եմ միայն Ձեզ: Քաղաքականությունը առանց ինձ էլ յոլա կգնա, ինչ վերաբերում է իմ ապագային, ես նրանից միայն մի բան եմ հուսալու` որ Ձեր սրտի տրոփյունը լսեմ կրծքիս տակ…
Էմե, ինձ այդպիսի տողեր այլևս մի գրեք: Եթե չեք ուզում գալ, համբուրեք ճերմակ թղթի մի կտոր և ուղարկեք: Եթե սիում եք` եկեք…

ՄԻՇԵԼ ՄՈՆՏԵՆ

29 Հկտ

… Աշխարհում քիչ բաներ կան, որոնց մասին մենք ունակ ենք շիտակ դատողություն անել, քանզի նրանցից քչերն են, որ այս կամ այն կերպ շահախնդրություն չեն առաջացնում մեր մեջ: Առավել բարձ կամ առավել ցածր դիրքը, իշխանությունը կամ ենթակայությունը բնականորեն հակված են մրցակցության ու վեճի, հար ու անխուսափելիորեն առճակատված են իրար: Ես չեմ կարող հավատալ ոչ մեկին, ոչ մյուսին, երբ նրանք դատում են մրցակցի իրավունքների մասին. թող ուրեմն բանականությունը խոսի, քանզի այն անաչառ է, երբ վստահում են իրեն…
Նա, ով ենթակա չէ դիպվածների ու դժվարությունների, չի կարող նաև ի հատուցումն խիզախության պատվի ու երջանկության հավակնել… Խղճալի վիճակ է` ունենալ այնպիսի իշխանություն, որ բոլորը քո առջև խոնարհվեն: Բարձր դիրքը ձեզնից շատ է հեռացնում մարդկանց, խոչընդոտում է ձեզ հետ շփվելուն, և դուք հայտնվում եք մեկուսացած վիճակում: Ամեն ինչ առանց ճիգ ու ջանքի ձեզ ենթարկելու հնարավորությունը ներհակ է ամենայն հաճույքի. դա նշանակում է գայթել, ոչ թե քայլել, նիրհել, ոչ թե ապրել: Պատկերացրեք մի մարդու, որ ամենազոր է. դա կնվաստացներ նրան, չէ՞ որ նա հարկադրված կլինի որպես ողորմություն խնդրել ձեզ, որ դուք արգելքներ հարուցեք նրա առջև և դիմադրեք. նա աղքատ է էությամբ և անհաղորդ է կյանքի բարիքներին…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

29 Հկտ

… Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն, ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսային եւ էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ի՞նչը գայթակղեց՝ գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածու…
… Ես այնպիսին չեմ ինչպիսն բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք։ Ես ուզում եմ…

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Տերեւները թափվեցին ծառերից, խոտերն ու ծաղիկները չորացան: Ահա թե ինչ արիր դու ինձ հետ, երբ դադարեցիր ինձ նայել:
…Այլեւս աշխարհում ոչ ձյուն կգա, ոչ էլ անձրեւ: Եւ նույնիսկ արեւ չի լինի:
Ահա թե ինչ արիր, երբ դադարեցիր ինձ դիմավորել:
Ծովը ծածկվեց ջրոսպով, եւ գետը ծանծաղեց: Ահա թե ինչ արիր դու, երբ դադարեցիր ինձ սիրել:Իսկ մարդիկ իմ շուրջն այլ բան են տեսնում` աշնանային հաճելի ոսկեկանաչ աշխարհ:
Օ, այս աշխարհում միայն ես եմ թափառում այն ճամփաներում, որտեղ փոշիների մեջ մեռած արտույտներ են թափված:
Ահա թե ինչ արիր դու ինձ հետ: а

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

29 Հկտ

ՆԵՐՈՒՄ

Ես պետք է ներեմ. այդպես եք կարծում դուք, դյուրազգաց մարդիկ։ Այո, իհարկե, ես ուզում եմ ներել։ Եվ կներեմ էլ, թեպետ ոչ միշտ է հաջողվում։ Մարդիկ հաճախ այնքան ապերախտ, չարակամ ու նենգ են լինում։ Վիրավորված հոգիս երբեմն այնքան է չարանում, որ չգիտեմ էլ ինչպես վարվեմ նրա հետ։ Եվ, այնուամենայնիվ, ջանում եմ իսպառ վերացնել հոգուս խորքում անձնական վիրավորանքը, պահպանել հանգստությունն ու անկողմնակալությունը, այլևս չմտածել զզվելի վրեժխնդրության մասին, այլ ավելի շուտ, կշռադատել խնդիրը համամարդկային արժեքների տեսակետից, փորձել հասկանալ վիրավորողի հոգեբանությունն ու չարիքի փոխարեն բարին հատուցել։ Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ ինձ չի հաջողվում անձնական թշնամուս ստորություններին պատասխանել քրիստոնեական սիրով. ես սուրբ չեմ, ու նման «ներումն» ուժերիցս վեր է։ Բայց դա բավական չէ ձե՛զ, փափկասուն բարոյախոսներ։ Դուք ձգտում եք միշտ բռնի մեր գլուխը մտցնել սպառիչ «ամենաներումը» և պահանջում եք դա մեզնից. և եթե ուշադիր լսենք ձեզ, ապա տպավորություն է ստեղծվում, թե ձեր սրտում աշխարհի ամբողջ չարիքի համար կա միայն կարեկցանք ու համակրանք, միայն հանդուրժողականություն, և դուք ոչինչ չեք ցանկանում իմանալ բնական զզվանքի, արդարացի զայրույթի, ուրիշներին պաշտպանելու և ոճրագործություններ կատարողներին դաստիարակելու մասին։
Տարօրինա՜կ կարեկցություն։ Հակաբնակա՜ն համակրանք։ Չարաբաստի՜կ համբերատարություն։ Խոսքը հիմա ոչ թե անձնական վնասի, այլ սուբյեկտիվ վիրավորվածության մասին է։ Դե լավ, վերջ տվեցինք «անձնականին» և հանգցրինք վրեժխնդիր լինելու բոցը։ Էլ ի՞նչ կարող եմ «ներել»։ Որպեսզի «պարտավոր» լինեմ ներելու, նախ և առաջ ինձ պետք է դա անելու «համարձակություն»։ Այսինքն, գոյություն ունի ներելու լիազորություն, առանց որի ամեն մի «ներում» դառնում է անիմաստ դատարկախոսություն։ Եթե վիրավորված, հրի ու սրի է մատնված և բռնաբարված ուրիշը, ապա ես հարկադրված չեմ որևէ մեկին «ներելու»։ Կամ էլ ես կոչված եմ չարագործին «կարեկցելով» թաքցնելու յուրաքանչյուր ոճիր, դրանով հենց դառնալով հանցակից։ Կամ էլ, հավանաբար, ես, ղեկավարվելով քրիստոնեական սիրով, պետք է կորզեմ «համակրանք» ոչ թե տուժողի, այլ չարագործի նկատմամբ, որը մեղավոր է ուրիշի տառապանքների համար։ Սակայն քրիստոնեությունը պահանջում է կարեկցանք տառապանքի նկատմամբ, այլ ոչ թե նրա հանդեպ, ով ստիպում է տառապել. նման համակրանքը կլիներ պարզապես դավաճանություն տուժածի, ու, հետևաբար, համամարդկային արժեքների նկատմամբ։ Եթե այն, ինչը ես պետք է ներեմ, «մեղք» է, ապա մեղքերը ներելը Աստծու ձեռքում է. ես լիազորություն չունեմ դա անելու։ Իսկ եթե դուք քրիստոնյաներ եք, ապա ես հիշեցնում եմ ձեզ, որ Քրիստոսը ներում էր ոչ բոլորի մեղքերը և ամենևին ոչ բոլոր մեղավորներին ներում խոստացավ։ Իսկ եթե այն, ինչը ես պետք է ներեմ, օրենքի խախտում է կամ հանցագործություն, ապա այստեղ էլ նույնպես իրավասու չեմ։ Մենք, պետության հասարակ քաղաքացիներս, ունենք միայն սեփական «տրամադրություններ» ու «կարծիքներ»։ Դուք ցանկանում եք, այսպիսով, որ մեր «տրամադրություններով» ու «կարծիքներով» մենք քողարկենք այնպիսի չարագործություններ, ինչպիսիք են զրպարտությունը, բռնությունը, սպանությունը, մանկապղծությունը, հայրենիքի դավաճանությունը և այլն, որ մենք փափկացրած սրտով ներե՞նք դրանք, սենտիմենտալ ձևով «կարեկցե՞նք» դրանց, հանդես գանք որպես իրենց համակրող և օգնակա՞ն։ Իսկ ո՞վ եք դուք, որ հոգ եք տանում այդ մասին։ Եվ ո՞ւմ տեղն են մեզ դնում, կարծելով, թե մենք ընդունակ եք կատարելու դա։ Այդ ամենը մենք կարող էինք հասկանալ, եթե լիներ գոնե տեղին` ուշադրություն, արդարացիություն, մեղմություն, գթասրտություն, ներում, բայց ո՛չ կարեկցանքի կամ նույնիսկ արդարացման կեղծ սենտիմենտալություն և ոչ առողջ բանականության խեղաթյուրում, որը մարդուն դարձնում է ոճրագործության մեղսակից։ Այդպիսի՜ն է «համաներման» ձեր սենտիմենտալ վարդապետությունը։ Լեոնարդո դա Վինչին` հոգևոր խորության մեծ գիտակը, դիտելով դավաճանության ծավալումն իր ժամանակակիցների շրջապատում, մի օր նկատեց. «Ով չի պատժում չարիքը, նա խրախուսում է այն»։ Եվ նա իրավացի էր. ներումն առանց սահմանի հավասարազոր է դավաճանությանը մեծ գործում։

ԼԻՎԻՆԳՍՏՈՆ ԼԱՐՆԵԴ

29 Հկտ

ՀՈՐ ԶՂՋՈՒՄԸ
Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կաին: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ինչ ես ուզո՞ւմ»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

%d bloggers like this: