Պահոց | 7:13 ե.

ՍՈՒԼԹԱՆ ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴԻ ՕՐԱԳԻՐԸ

20 Հկտ

1913 թվականի փետրվարին Բեռլինում հրատարակվող ամսագրում լույս տեսան Սուլթան Համիդի օրագրային գրառումները: Այդ հրապարակումն այնքան անսպասելի ու աղմկահարույց էր, որ հանդեսի բեռլինյան թղթակիցն անմիջապես դա թարգմանեց և առաքեց հայրենիք: Նույնիսկ այն օրերին եվրոպական դիվանագիտական շրջանակներում հասկանում էին, որ խոսքն այդ դեպքում ոչ թե իշխանությունից զրկված մեկի հիշողությունների ու դիտարկումների, այլ Օսմանյան կայսրության ներկա ու ապագա քաղաքական չափորոշիչների մասին էր, ինչը (անկախ իշխանության եկած երիտթուրքական նոր ուժերի հավաստիացումների) գաղափարական կտակի դեր էր խաղալու վերջիններիս համար: Ժամանակն ապացուցեց այդ կռահումների ճշմարտացիությունը:
Աբդուլ Համիդը (1842-1918) Թուրքիայի սուլթանն էր 1876-1909 թթ.: Մեր պատմության մեջ նա առավելապես հայտնի է «Կարմիր սուլթան» մականունով, ինչը վաստակել է հայերի ու քրիստոնեա այլ ազգերի արյունալի ջարդերը կազմակերպելու համար: Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման արդյունքում, Թուրքիայի ծանր կացության պայմաններում: Սկզբնապես ներկայանալով իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից, Ա. Համիդը 1876-ին հռչակեց նոր սահմանադրություն, սակայն երկու տարի անց ցրեց պառլամենտը և երկրում հաստատեց միահեծան վարչակարգ` պետական քաղաքականության առաջնայնություն հռչակելով պանիսլամիզմն ու պանօսմանիզմը: Նրա օրոք էր, որ կյանքի կոչվեց եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Թուրքիա: Բայց և նրա օրոք էր, որ կայսրության անդամահատման վտանգն ու երկրի ներքին ծանր կացությունը ծնունդ տվեցին երիտթուքերի շարժանը: 1909-ի մարտի 31-ի հեղաշրջման փորձից հետո նա գահընկեց արվեց: Մինչև կյանքի վերջ ապրում էր տնային կալանքի տակ` սկզբում Սալոնիկում, իսկ 1912թ. հետո` Ստամբուլում:
Աբդուլ Համիդի գրառումները գլխավորապես վերաբերում են անցյալ դարասկզբի իրադարձություններին, սակայն անհնար է չնկատել, որ մեկ դար անց էլ դրանք չեն կորցրել իրենց թարմությունը ինչպես աշխարհքաղաքական հարաբերությունների գնահատման տեսանկյունից, այնպես էլ չխամրող հավակնությունների ընդգրկման սահմանների առումով: Թուրքերն իրենք էլ հպարտությամբ են խոստովանում, որ տասնամյակներ շարունակ Աբդուլ Համիդի մտքերն ու պատգամներն ուղենիշ են եղել թուրքական պետության կառավարողների համար և որպես թանկ ժառանգություն հասել են մինչև մեր օրերը:
Օրագրային հատվածների ստորև ներկայացվող թարգմանությունը կատարվել է ռուսերենից:

Հովիկ Չարխչյան

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ

… Իմ հին այգեպանն իրավունք ուներ, երբ Բալկաններում տեղի ունեցող քաղաքական խառնակությունների մասին իր կարծիքը հայտնում էր այսպես. խնձորենին, տանձենին, սալորենին, մայրի ծառը և պինիան1 բուսել էին իրար կողքի այնպես, որ նրանց ճյուղերը քսվում էին իրար: Մայրի ծառը սլացել էր մյուս ծառերից բարձր, բայց և այնպես այս վերջիններս հսկայի ստորին ճյուղերից խլում էին լույսն ու օդը, այնպես որ այդ ճյուղերը չորանում, պոկվում էին: Ու այնպես պատահեց, որ այդ ծառերը, պայքարելով արևի լույսի համար, կռվեցին: Վերջապես Ալլահը վերևից լսեց նրանց կռիվն ու հայհոյանքը: Եկավ ու ասաց. : Այդպես է բանը նաև Բալկաններում: Խնձորենին Ռումինիան է, սալորենին` Սերբիան, պինիան` Հունաստանը, իսկ տանձենին Բուլղարիան է: Մեր Թուրքիան այդ մայրի ծառն է, որից արդեն պոկվել էին մի քանի փտած ճյուղեր, ինչպես կարծում եմ ես, որ ի վնաս նրա արմատի, որովհետև այդ դատարկ և փտած ճյուղերը, որ մենք կորցրինք, վտանգավոր էին մեր ծառի առողջության համար:
Եգիպտոսի իմ փաշայի (Մուխթար փաշա, կայսերական կոմիսար) զեկուցումը գովաբանում է այն ամենը, ինչ արել են անգլիացիները Նեղոսի շրջանում: : Մուխթարը հիմար է, նա ինքն էլ վարակված է անգլիական թույնով: Ինչպե՞ս է կարողանում գովաբանել անգլիացիներին, որոնք գործում են միայն եսասիրությունից, որոնք միայն ծծում են Նեղոսի երկրի հյութերը և ուզում են անգլիական գավառ դարձնել այն: Այդ բանին հասնելու համար նրանք փչացնում են ժողովրդի բնավորությունը, աշխատում են խախտել մահմեդական առաքինությունները:

* * *
… Ի՞նչ օգուտ մեզ եվրոպական կուլտուրայի այդ բոլոր հաջողություններից: Նրանք կուրացնում են տգետներին և խաբում են ժողովրդին, որն առաջ այնքան խաղաղ ու բախտավոր էր ապրում: Ոչ, Արևմուտքի քաղաքակրթությունը մեզ համար մահաբեր թույն է, որ մեզ մատուցում են նենգամիտ ժպիտով: Մենք հյուրասիրում ենք օտարերկրացիներին, և շնորհակալության փոխարեն նրանք մեզ ոչնչացնում են, կորուստ են պատրաստում մեզ համար:

* * *
Խաչակրաց արշավանքը Թուրքիայի դեմ թերևս երբեք չի դադարի: Գլաստոնը2` այդ թոկից փախած չաչանակը, գնում է Պիոս 2-րդ պապի շավղով: Այնուամենայնիվ, քրիստոնյաներին այդքան թշնամի օսմանցիների կայսրությունը արդեն միջին դարերում, երբ Արևմուտքում կրոնական ամենակատաղի հալածանքներ էին տեղի ունենում, ապաստան էր տալիս ամենքին, որ հալածվում էր հավատի համար: Երբ Իսպանիայում տիրում էր սրբազան ինկվիզիցիան, որը այրում և արտաքսում էր հրեաներին, մենք օգնեցինք և տեղ տվեցինք նրանց: Կիսալուսինը բոլոր ժամանակներում հաստատուն ապաստան է տվել կրոնի և քաղաքական համոզմունքների համար հալածվածներին: Բայց Արևմուտքում ո՞վ գիտե մեր պատմությունը: Ո՞վ է այստեղ առհասարակ գլխացավանք պատճառում իրեն ծանոթանալու նրա հետ: Ի՞նչ է հասկանում, օրինակ, «Grand old man Gladston» -ը արևելյան գործերում: Եթե ճշտորեն բնորոշելու լինեմ նրա հայամետ տարակարծությունները, նրա հարձակումներն իմ կառավարության դեմ, «որը իբր թե հենվում է ոչ թե օրենքների, այլ բռնության վրա», ապա ես կանվանեմ այդ հարձակումները միայն կոպտություն: Մի՞թե հայերի նկատմամբ նույնը չեղավ, ինչ որ և «bulgarian horrors»3- ների վերաբերմանբ, մի՞թե վաղուց արդեն չի ապացուցված, թե ինչպիսի սուտ տեղեկություններ էին հրատարակում այն ժամանակ անգլիական թերթերը: Նրանք հաղորդում էին, թե քրիստոնյաների գյուղերը քարուքանդ են արվում, բնակիչները ջնջվում են, այնինչ բանից դուրս էր գալիս, որ այդ տեղերը ծաղկած դրության մեջ են, իսկ բնակչությունն ապրում է կատարելապես համերաշխ մահմեդական հարևանների հետ: Ես կարծում եմ, որ ամեն ոք, ով երկար ժամանակ ապրել է Արևելքում և հայացքների անաչառություն է պահպանել, կասի, որ մենք` մահմեդականներս, այնուամենայնիվ, ամենալավ մարդիկն ենք արևելյան քրիստոնյաների համեմատությամբ: Ինչպիսի սարսափներ են գործել հենց թեկուզ իսպանացիները, երբ ձեռնարկում էին իրենց գյուտերը, ինչքան անգութ էին ֆրանսիացիները Ալժիրի նվաճման ժամանակ, բելգիացիները Կոնգոյում, էլ չեմ խոսում Սիբիրի ռուսների անգթությունների մասին: Պե՞տք է արդյոք զարմանալ թուրքերի կատաղության վրա, որոնք մինչև վերջին ժամանակներս փայփայում էին հայերին և այդ բանի համար շնորհակալության փոխարեն ենթարկվում էին նրանց կատաղի հարձակումներին հենց իրենց տանը: Մի՞թե հայերը չէին, որ փոթորկվում էին սրով ու պայթուցիկով, իբրև իսկական անիշխանականներ: Պետությունները թույլ չէին տալիս, որ մենք մեր տերը լինենք մեր սեփական տան մեջ. նրանք անդադար գալիս էին իրենց առաջարկներով, կապիտուլյացիաներով և այլն: Այն ամենը, ինչ որ աշխարհիս մյուս պետությունների մեջ, հենց թեկուզ Մոնակոյում, արդար ու բնական է համարվում, մեզանում քրիստոնյա պետությունները չեն ընդունում: Խաչակրաց ծածուկ արշավանքը Թուրքիայի դեմ չի դադարում մինչև այժմ էլ:

ԲՈՒԼՂԱՐԻԱ (1903թ.)
Իմ կայսերական կոմիսար Նեջիբը (Սոֆիա) մի հետաքրքրական վավերագիր է ձեռք բերել: և այլն: Ճարպիկ Նեջիբը կարող էր և այդքան փող չծախսել այս նամակը ձեռք նետելու համար: Վիեննայի իմ դեսպանը վաղուց ինձ հաղորդել էր, որ Ֆերդինանդը Վիեննայում էլ ամեն գործ է դրել, որ օգնություն ստանա Բուլղարիան Թուրքիայից անջատելու համար: Չնայելով իր սիրալիր վարմունքին և մեզ քծնելուն` իշխան Ֆերդինանդին չի կարելի վստահել: Թող նա համարձակվի իրեն թագավոր հայտարարել: Այդ բանը մենք չենք կարող և չպետք է թույլ տանք, եթե չենք ուզում ձգել մեր, իբրև մեծ պետության վարկը: Այդ դեպքում Ադրիանապոլիսի զորքերը անհապաղ առաջ կշարժվեն դեպի Սոֆիա: Ռուսիան դեռ կմտածի` միջամտի՞, թե՞ ոչ: Ավստրիան մեծ սխալ կգործի, եթե աջակցի Բուլղարիային իր մեծապետության մոլուցքն առաջ քաշելու համար:

ԲՈՒԼՂԱՐԻԱ ԵՎ ՊԱՆՍԼԱՎԻԶՄ
Ռուսիան ուրիշ բան չի ուզում, եթե ոչ պանսլավիզմը տարածել մինչև Բոսֆոր: Բուլղարները միայն նախակարապետներն են ռուսական այդ գրոհի: Նրանք ցարի կույր գործիքն են եղել և կլինեն: Միայն հունական աշխարհը կարող է դիմադրել սլավոնականությանը Բալկաններում: Փառք Ալլահին, որ բուլղարներն ու հույները ատում են իրար և անհաշտ են: Ինչպես կրակն ու ջուրը, Բուլղարիան ոչ միայն Ռուսիայի, այլև Անգլիայի պաշտպանյալն է: Մի՞թե չի ապացուցված, որ բալկանյան կոմիտեն Լոնդոնում ահագին գումարներ է ծախսում` օգնելու համար բուլղարական հրոսակախմբերին, որոնք անցնում են մեր սահմանը և շատ տարիներ խանգարում են մեր սահմանամերձ գավառների խաղաղ կյանքը: Եթե Բուլղարիան ֆինանսական տեսակետից անդունդի ծայրին չլիներ, վաղուց արդեն պատերազմ հայտարարած կլիներ մեզ: Բուլղարիայի հետ պատերազմ պետք է լինի և կլինի: Դեռևս 7 տարի առաջ մենք պետք է վերջացնեինք այդ ստահակի բանը, բայց ամեն անգամ, երբ մենք պատրաստվում էինք գնալ բալկանյան այդ ավազակների դեմ, Ռուսիան և Անգլիան խանգարում էին մեզ: Անգլիան և Ռուսիան պրպտում էին մեր տանը երկու մկան պես: Ֆրանսիան մի ժամանակ մեր վսատահելի մկնորսն էր, որին կարող էինք հարկավոր րոպեին բաց թողնել այդ երկու անհաճո կրծողների դեմ: Բայց Ֆրանսիային ավելի ու ավելի քիչ կարելի է վստահել: Փառք Ալլահին, որ նրան փոխարինել է Գերմանիան: Ամենքին հետ մղելու համար մենք կարող ենք օգտվել մեր :

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Ֆրանսիցիները շատ են բարկանում, որ ես նախապատվությունը տալիս եմ գերմանացիներին: Դա, իհարկե, իր հիմքերն ունի: Ինքը` կայսերն է ջանում իմ համակրանքը շահել: Նա (Վիլհելմը) այնպիսի մի մարդ է, որին պիտի համակրել ու սիրել: Նա զարմանալի մարդ է ու ինչպիսի բարձրության է հասցրել իր երկիրը: Գերմանացին ինքնըսինքյան ավելի սիրելի ազգ է, քան ֆրանսիացին: Իր բնավորությամբ նա ավելի մոտ է օսմանցուն: Վերջինիս պես նա էլ մի քիչ դանդաղաշարժ է և ծանրակշիռ, բայց հավատարիմ և ազնիվ: Գերմանացին աշխատասեր է և գործում է հետևաբար: Ֆրանսիացին էլ շատ աշխատասեր է, բայց նա չի գործում գերմանացու եռանդով և չափազանց վատնում է իր ուժերը անօգուտ պոլիտիկոսության վրա: Գերմանական տոկունությանը ֆրանսիացիները կարող են հակադրել միայն իրենց ընդունակությունը դեպի խանդավառություն, որը, սակայն, չափազանց շուտ է չքանում այրվող ծղոտի բոցի նման: Բայց ամենից առաջ գերմանացին լավ գիտե իր ձեռնարկելիք գործը, մի բան, որ մեծ մասամբ պակասում է ֆրանսիացուն: Այն հանգամանքը, որ մեզ` օսմանցիներիս համար ֆրանսիացիները այնքան համակրելի չեն, որքան առաջ, բացատրվում է նրանով, որ նրանք խլեցին մեզնից Թունիսը և մեկ էլ նրանով, որ մենք չենք կարող կատարելապես հաշտվել կառավարության հասարակապետական ձևի հետ: Ուր չկա միապետի գայիսոն, չի կարող հաստատուն կարգ լինել:

ՌՈՒՍԻԱ
Ճապոնացիների հաջողությունները ռուսների դեմ պետք է մեծ ուրախություն պատճառեն մեզ: Ճապոնական հաղթությունները մեր հաղթանակներն են: Մեծ բախտ է մեզ համար, որ նա իր ավելորդ ուժերով դիմում է դեպի Հեռավոր Արևելք, որովհետև դրանով թուլանում է նրա գահը Սև ծովում: Հենց որ Ռուսիան մի քիչ հավաքի իր ուժերը, իհարկե, նորից մեր դեմ կդառնա: Քանի որ նա չի կարող Բալթիկը ռուսական ծով դարձնել, ուստի ձգտում է այդպիսի ծով դարձնել Սև ծովը: Այս հասկանալի է և բնական: Ռուսիայի գլխավոր ջրային ճանապարհները` Դնեստրը, Դնեպրը, Դոնը, իսկ ջրանցքների միջոցով նաև Վոլգան, թափվում է Սև ծովը: Ռուսական հզորությունը ձգտում է անցնել դրանից այն կողմ նեղուցների միջոցով դեպի Միջերկրական ծով: Ռուսիայի համար գուցե չափազանց կարևոր է փշրել Դարդանելի շղթաները, բայց մեզ համար էլ կենսական խնդիր է այդ նեղուցները մեր իշխանության տակ պահելը: Եթե մենք այս կետում անհաշտ հակառակորդներ չլինեինք, ապա մենք և Ռուսիան ամենալավ բարեկամները կլինեինք աշխարհիս երեսին: Պետական կազմի տեսակետով ցարի կայսրության և իմ կայսրության միջև չափազանց շատ է նմանն ու հարազատը: Քիչ նամանություն չկա երկու ազգությունների նույնիսկ բնավորության միջև: Այդ բոլորը նպաստում են այն բանին, որ երկու պետությունները ավելի շուտ դաշնակիցներ դառնան, քան ժառանգական թշնամի: Այդ բանին ավելանում է և այն փոխադարձ ներգործությունը, որ մենք Ռուսիայում ունենք շատ միլիոն մահմեդականներ, այնինչ Ռուսիան հանդիսանում է օրթոդոքս եկեղեցու հովանավորը իմ կայսրության մեջ:

* * *
… Մեր պետության հիմքը հանդիսանում է կրոնը: Դժբախտաբար, Անգլիայի դավաճան քաղաքականությանը հաջողվեց մեզանում հարուցանել ազգայնական ոգին: Եվ ահա Արաբիայում ապստամբություններ են լինում, Ալբանիայում` իսլամի այդ եվրոպական ամրոցում նույնպես խռովություններ են տեղի ունենում: Անկարգություններն անցել են և Սիրիա… Եթե իսլամի միության գաղափարը չքանա, կփլվի մեր կայսրությունը: Ցավալի է, որ մի շարք գավառներ, ուր մահմեդականներ են ապրում, անցել են արդեն քրիստոնյա պետություններին: Օսմանյան կայսրությանը թողնված է ընդամենը 20 միլիոն ուղղահավատ: Բայց և այնպես բոլոր մահմեդականների հայացքներն ուղղված են դեպի Ստամբուլ: Եվ անհրաժեշտ է տարեցտարի ամրապնդել ուղղափառներին միացնող կրոնական կապերը: Սա է մեր ապագան: Այն ժամանակ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսիան և Հոլանդիան մի՞թե իմ ձեռքը չեն ընկնի: Իմ մի խոսքը, խալիֆի մի խոսքն էլ բավական է, որ սրբազան պատերազմ հարուցանի: Վայ այն ժամանակ քրիստոնյա պետություններին: Րոպեն դեռ չի հասել, բայց կհասնի, երբ բոլոր ուղղափառները ոտքի կկանգնեն մի մարդու պես և կջախջախեն անհավատների կռած շղթաները: Անգլիական տիրապետությունների մեջ ապրող 85 միլիոն, հոլանդական գաղութներում ապրող 30 միլիոն և Ռուսիայում ապրող 10 միլիոն մուսուլմանները կմիանան: Հայտնի է, որ այսօր 250 միլիոն մուսուլմաններ ամեն օր աղոթում են Ալլահին` հայացքները բարձրացնելով դեպի խալիֆը, որ մարգարեի հաջորդն է հանդիսանում: Այս բանից հետո կարելի՞ է արդյոք պնդել, որ մենք միայն մի թույլ գործիք ունենք պետությունների համերգում:

* * *
… Եթե մենք ուզում ենք գտնել ինքներս մեզ, եթե մենք ուզում ենք հարություն տալ մեր վաղեմի ուժին, վերադարձնել մեր երբեմնի բարգավաճումը, պետք է նորից մոտենանք մեր հզորության ակունքին: Մենք կփրկվենք ոչ թե այն բանով, որ կապկություն անենք և փոխառնենք այսպես կոչված եվրոպական կուլտուրան, որ իր հետ բերում է ամենավտանգավոր վարակ, ոչ, մենք պետք է վերադառնանք մեր հին գանձին` իսլամին, ղուրանի սրբազան օրենքին:

* * *
Այն, ինչ անվանում ենք բարենորոգումներ, մեր քայքայումն է նշանակում: Ինչո՞ւ այդ պետությունները` մեր ժառանգական թշնամիները, ուզում են զոռով մեր վզին փաթաթել բարենորոգումները: Որովհետև նրանք գիտեն, որ բարենորոգումներն իրենց մեջ կրում են քայքայման այն բացիլները, որոնք պիտի կործանեն մեր կայսրությունը: Ամբողջ Եվրոպան ողբում և ասում է, որ մեր մշակույթը չափազանց ստոր աստիճանի վրա է: Եվրոպայի ազգերը մեզ քննադատում են և պահանջում, որ մենք գեթ որևէ բան անենք այս աստիճանից բարձրանալու համար: Բայց նրանք մոռանում են, որ իրենց մեջ ևս դեռ շատ բան մնում է կատարելագործելու: Ես, իհարկե, չեմ վիճելու, որ տեխնիկայի առաջադիմությունը Եվրոպայում և Ամերիկայում ապշեցնում է: Մենք հարյուր տարով հետ ենք մնացել Արևմուտքից, բայց անաչառ մարդիկ խոստովանում են, որ իմ թագավորության սկզբից զարգացումը կատարվել է կանոնավոր կերպով և թերևս նույնիսկ չափազանց արագ:

* * *
Մուհամեդը պահանջում է միայն հնազանդվել Աստծուն, բայց ոչ անհեթեթ ճակատագրապաշտության իմաստով: Մեծ է Ալլահի ողորմությունը, բայց նա չի կարող հոգալ յուրաքանչյուր մարդու պահանջներին գոհացում տալու մասին: Դրա մասին մարդիկ իրենք պիտի մտածեն և դրա համար աշխատեն: Ով չի ցանում, չի էլ հնձի, և միայն աշխատողն է արժանի հաց ուտելու: Դժբախտաբար, մեր ժողովուրդը չկարողացավ հասկանալ այս: Արաբները, սիրիացիները այդպես չեն. նրանք չեն ուզում անգործ մնալ: Չէ՞ որ քրիստոնյաների Ավետարանի մեջ էլ ասված է. «Մի՛ մտածեք վաղվա մասին»: Սակայն նրանք աշխատում են, առաջադիմում, իսկ մենք հետ ենք մնում:
Չարիքի արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Նա սովորել է տեր զգալ իրեն և բոլոր հոգսերը դնել ուրիշների վրա: Նա ինքը միայն ապրում է և զվարճանում: Շեյխ Ուլ Իսլամը իր հրամանով նորից հիշեցրեց, որ աշխատանքը հաճելի է Ալլահին, որ աշխատանքը ոչ ոքի անպատիվ չի անում: Մեր երիտասարդները կարծում են, որ իրենք կարող են լինել կամ պաշտոնյա, կամ սպա, կամ էլ գուցե` ուլեմ: Ինչո՞ւ թուրքը չի կարող դառնալ վաճառական, տեխնիկ, ընդունակ բանվոր: Ես ինքս աշխատում եմ նրանց լավ օրինակ տալ և զբաղվում եմ ստեղծագործական արհեստով: Այո, դժվար է փարատել այդպիսի նախապաշարումները, և որքան ցավալի է, որ նրանք արմատացել են: Պարապությունը համարվում է բարձր պատիվ, և ամեն ոք ձգտում է բաժին ունենալ այդ կարծեցյալ բարիքից: Ես ինքս պատանի հասակում հակում էի զգում պարապությանն անձնատուր լինելու: Բայց երբ տեսա, թե պարապությունը մինչև ուր է հասցնում, երբ տեսա, թե ինչի հասցրեց այն իմ եղբայր Մուրադին` կատարյալ վայրենության և խելագարության, ես թոթափեցի ինձնից այն լուծը, որ դնում է այդ ախտը: Այո, միայն այն ժամանակ, երբ կարողանանք հաղթահարել այդ անհոգությունը, որ հատուկ է մեր ժողովրդին, երբ վանենք մեզնից փափկակեցությունը, որ բխում է հարեմական կյանքի չափազանցություններից, այդ ժամանակ մենք կբուժենք մեր Օսմանյան կայսրությունը:

* * *
…Ի՞նչ են նշանակում այդ սուրբ միջազգային իրավունքի պատվերները: Բավական է միայն մի հայացք ձգենք մեր պատմության վրա, ասելու. «Այդ միայն ծաղր է»: Ազգերը ծիծաղում են իրավունքի պատվերների վրա: Նրանց համար գոյություն ունի միայն բնության մի երկաթյա օրենք` ավելի ուԺեղը թույլի թշնամին է: Մենք թուլացած ենք. Եվրոպան անդադար բռնություններ է գործադրում մեզ վրա: Քանի անգամ դաշնագրերով ստատուս քվոյի երաշխիքներ են տվել մեզ, և այնուամենայնիվ, մեր գավառները մեկը մյուսի հետևից խլել են, իսկ միջազգային իրավունքն այդ գործում ոտնատակ է տրվել:

1. Պինիա- ծառատեսակ:
2. Գլաստոն Վիլյամ- (1809- 1898), նշանավոր անգլիացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Դատապարտել է Թուրքիայի վայրագությունները քրիստոնյա ազգերի հանդեպ։
3. Bulgarian horrors- (անգլ.) բուլղարական սարսափներ:

ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆ

20 Հկտ

Մայրամուտ
Ես ուժեղ կանխազգացում ունեմ, որ մեր աշխարհը դեպի մայրամուտ է գնում: Մեր քաղաքական համակարգերը վարկաբեկված են, եւ դրանցից այլեւս անհնար է օգտվել: Մեր սոցիալական հարաբերությունները` թե ներքուստ, թե արտաքուստ, լիովին փլուզվել են: Ողբերգությունն այն է, որ մենք չենք կարող եւ չենք ուզում ուղղությունը փոխել: Միջատների աշխարհն արդեն մեր դռան շեմին է, եւ մի գեղեցիկ օր կներխուժի մեր խիստ անհատապաշտական կեցություն: Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, ես միանգամայն սովորական սոցիալ-դեմոկրատ եմ:

Աղյուսը
Ամեն մարդ իր կարդացածի, տեսածի ու ապրածի հանրագումարն է: Ես բնավ այն կարծիքին չեմ, որ արվեստագետներն իրենց գաղափարները օդից են վերցնում: Ինձ համարում եմ մեծ շինության մի աղյուսը, հետեւաբար կախված եմ այն ամենից, ինչ կողքիս է, գլխավերեւում եւ թիկունքում:

Դժոխքը
Իմ պատկերացումն Աստծու մասին տարիների ընթացքում լիովին փոխվել է, ջնջվել ու անհետացել: Բայց դժոխքն ինձ համար առաջվա պես մի հասկացություն է, որը զորեղ հոգեբանական ազդեցություն ունի: Ճիշտ է, ես միշտ նկատի եմ ունեցել լոկ այն, որ դժոխքն իրականում երկրի վրա է: Դժոխքը մարդիկ իրենք են ստեղծել, եւ երկրի վրա է: Այնուամենայնիվ, ես հավատում էի, երկար ժամանակ հավատում էի, թե ինչ-որ թունավոր չարիք կա, որն անգամ նվազագույն չափով կախված չէ միջավայրից կամ ժառանգական գործոններից: Դա կարելի է նախաստեղծ մեղք անվանել կամ նման մի բան. գործուն չարիք, որ հատուկ է միայն մարդուն եւ տարբերում է նրան կենդանիներից: Մարդու կառուցվածքն այնպիսին է, որ հոգում նա միշտ ավերիչ միտումներ ունի հենց իր եւ շրջակա աշխարհի հանդեպ, կարեւոր չէ` գիտակցաբար, թե ոչ: Որպես այդ թունավոր, մշտապես առկա, անըմբռնելի ու անբացատրելի չարիքի մարմնացում ես միջնադարյան մորալիտեի սատանայի հատկանիշներով օժտված ոմն արարած եմ ստեղծել: Ինձ դուր էր գալիս սատանայի այդ կերպարանքը ծածուկ մտցնել տարբեր համատեքստերի մեջ: Նրա չարությունը փոշեհատիկ էր ժամացույցի մեխանիզմում:

Երազատեսություն
Չկա ուրիշ արվեստ, ներառյալ գեղանկարչությունն ու պոեզիան, որը կարողանար կինոյի ճշգրտությամբ վերարտադրել երազի առանձնահատկությունները: Երբ դահլիճը մթնում է, եւ բացվում է այդ սպիտակ, լուսարձակող կետը, մեր հայացքը խաղաղվում է, դեսուդեն չի վազում, մենք պարզապես նստում ենք ու թույլ տալիս, որ կադրերը մոտենան մեզ: Մեր կամքն ավելի ու ավելի է թուլանում, վերլուծելու եւ ամեն ինչ դասդասելու կարողությունը դադարում է գործել, մենք հետզհետե ներքաշվում ենք այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին, եւ այստեղ կարծես թե երազի մասնակից ենք դառնում: Իսկ երազներ ստեղծելը տոն է: Երբեմն երազ տեսնելիս մտածում եմ, որ պետք է հիշել եւ հետո դրա մասին ֆիլմ նկարել: Սա արդեն զուտ մասնագիտական հիվանդություն է:

Միակ բանը
Երբ արդեն հաջողություն ես ձեռք բերել, փող ունես, հասել ես այն ամենին, ինչ ցանկացել ես, իսկ ես փաստորեն արդեն հասել եմ, երբ ստացել ես այն ամենը, ինչին ձգտել ես` իշխանություն ու նման բաներ, հանկարծ գիտակցում ես, կներեք այս արտահայտության համար, թե ինչ չնչին է այդ ամենը: Միակ բանը, որ դեռ նշանակություն ունի, հնարավորություններիդ սահմաններն են, որոնք պետք է փորձես հաղթահարել, եւ հարաբերություններդ շրջապատի հետ, հետո` իհարկե, քո էթիկական վերաբերմունքը արածիդ կամ այն բանի հանդեպ, ինչ չես ուզում անել, այն, ինչին «այո» կամ «ոչ» ես ասում ստեղծագործությանդ մեջ եւ քեզ գայթակղող հանգամանքներում` ստեղծագործությունից անկախ: Մնացածը բացարձակապես հետաքրքիր չէ:

ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

20 Հկտ

ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ

Կանգ է առնում: Բարձրացնում է ծանր գլուխը: Մի քայլ ընկրկում է: Հանկարծ շրջվում եւ թնդանոթի արագությամբ սուրում է, ցասումից կուրացած կենդանի խոյակարկառ, առաջ մղած իր միակ եղջյուրը անուղղելի պոզիտիվիստի բութ համառությամբ: Որպես կանոն՝ նա վրիպում է, բայց փոխարենը բավարարված է մնում իր անպարտելիության զգացողությամբ: Ուռցնելով ռունգերի ծակոտիները, նա շոգեկաթսա հիշեցնելով զայրագին փնչացնում է:
Զրահով բեռնված ռնգեղջյուրներն ամուսնական խաղերի շրջանում հավաքվում են զինամրցումների, որոնք որեւէ ասպետական արվեստից եւ մրցավազքի վարպետությունից զուրկ են, մարտեր, որոնք եզրափակվում են միջնադարյան կոպիտ տուրուդմբոցով:
Իսկ գերության մեջ ռնգեղջյուրը վերածվում է մելամաղձոտ մգլած անասունի:
Նրա թեփուկապատ հաստ զրահը կազմավորվել է նախապատմական ժամանակների բեկվածքներից, երկրաբանական շերտերի ճնշմամբ առաջացած հաստակաշի թանթերից:
Սակայն երբեմն նա անճանաչելի է դառնում. նրա չորուկ, փոս ընկած մարմնից հանկարծ հորդում է, ջրի շիթի պես, որ բխում է ժայռածերպերում, տարերային կյանքի հուժկու ցողունը, որն իր գալարունությամբ նման է կոտոշի, որը կորվածքի ու կերպի անսովորությամբ կրկնում է սակրատեգի, գեղարդի, խոլորձի մոտիվները:
Արդ, ուրեմն, գովքն անենք տարօրինակ հաստակաշի սատանի, ում ահեղ կերպարանքը գեղեցկագույն լեգենդի սկիզբն եղավ: Քանզի, որքան էլ տարօրինակ է, սույն նախնադարյան գլադիատորը դարձավ նախահայրը նրբագույն մի արարածի, որը հնագույն գորգապաստառների վրա հառնում է Աստվածամոր կողքին` վեհանձն Միեղջյուրի կերպարանքով:
Առաքինի կույսից գերված կատաղի ռնգեղջյուրը կերպարանափոխվեց, կորցնելով իր վայրի բնավորությունը, նա եղնիկի կեցվածք, վիթի աչքեր ու ծնկաչոք ասպետի խոնարհություն առավ: Իսկ վայրի բութ որձի կոտոշը մաքրամաքուր Կույսի հայացքի ներքո փոխակերպվեց ոսկրե սրածայր նրբագույն գավազանի:

Ժողովրդավարության անեծքը

20 Հկտ

Եվրախորհրդի պատգամավորներից մեկի` շաբաթներ առաջ արտասանած այն միտքը, թե Հայաստանը պատրաստ չէ իր հարկի տակ ժողովրդավարական խնդիրներին նվիրված ֆորում կազմակերպել, իր հիմնավորումը չգտավ: Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը մեկնարկեց Երևանում: Մեզ մոտ պատրաստ են կազմակերպել ու անցկացնել ցանկացած կարգի ֆորումներ, համաժողովներ ու կոնֆերանսներ: Հայաստանում ընդամենը պատրաստ չեն ժողովրդավարությանը: Ահա թե որտեղ էր վրիպել անզգույշ եվրոպացին: Եվ այսօր, երբ տասնյակ օտարերկրացի հյուրերի ու մասնակիցների ներկայությամբ մեր իշխանության ներկայացուցիչը բարձր ամբիոնից հայտարարում է, թե սրանով Հայաստանն իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, ապա քիչ է մնում հավատաս, որ հենց այդպես էլ կա, և մենք անարդարացիորեն ճիշտ չենք գնահատում սեփական հնարավորությունների պաշարը:
Անկեղծ ասած, ոչ բոլորին է հասկանալի, թե համանման քննարկումներն ինչո՞վ և ինչպե՞ս պիտի նպաստեն դեմոկրատիայի կայացմանը մի երկրում, որտեղ այդ երևույթը սկսվում և ավարտվում է այն զեկույցների էջերում, որոնք այնուհետև առաքվում են զանազան միջազգային կառույցների: Եվ եթե մասնակիցներից ոմանք թաքնված սարկազմ նկատեցին ԵԽԽՎ փոխնախագահ, Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի այն բառերի մեջ, որ «Ֆրանսիայում ժողովրդավարական ցույցեր են, ժողովրդավարական գործընթաց է, ինչի պատճառով ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն չկարողացավ մասնակցել ժողովրդավարության մասին ֆորումին», ապա նրանք չէին սխալվել: Ի՞նչ իմաստ ունի գալ Հայաստան ու չտեսնել մի բան, ինչը կարելի է տեսնել, եթե գնաս Ֆրանսիա: Ի՞նչ կարիք կա Երևանում ունկնդրել Հայաստանի ԱԳ նախարար Է. Նալբանդյանի ելույթը, ով բացեիբաց խոստովանում է, որ իր երկիրը ժողովրդավար արժեքների է դավանում միայն այն պատճառով, որպեսզի հետո հաշվետու լինի ԵԽ առաջ, եթե հնարավորություն կա բանավիճել մարդկանց հետ, ովքեր այդ խնդիրը համարում են նպատակ ու կենսակերպ ու միայն վերջին հերթին են հիշում ստանձնած պարտավորությունները հավուր պատշաճի մատուցելու մասին:
Իսկ ի՞նչ են մտածում Հայաստան- աշակերտին կրթելու ժամանած ուսուցիչ- եվրոպացիները համամարդկային արժեքների և իրավունքների մասին: Այս դեպքում էլ, կարծում ենք, որ իր դատողություններում շատ ավելի ազնիվ գտնվեց նույն Ջոն Պրեսկոտը` հայտարարելով, թե ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, բայց մնացածներն ավելի վատ են: Վատ են այն պարզ պատճառով, որ դեմոկրատական ինստիտուտների բացակայությունը (կամ անգործությունը) կարող է հանգեցնել ինչպես ռասիզիմի, քսենոֆոբիայի, ծայրահեղականության, իսլամոֆոբիայի, այնպես էլ ավտորիտար ռեժիմների արմատավորմանը, ինչն իր վտանգներով չի զիջում նախկին թվարկվածներին: «Ժողովրդավարության համար անհրաժեշտ են փոփոխություններ, թափանցիկություն, փոխըմբռնում: Քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի հանուն ժողովրդավարության և մասնակցի ժողովրդավարության հաստատման գործընթացին»,- կոչ էին անում ֆորումի օտարախոս մասնակիցները:
Մեր քաղաքական հասարակությունն այդ նույն ժամանակ հրապարակներում ու փողոցներում բողոքի ակցիաներ էր կազմակերպել, սակայն նրա ձայնն այդպես էլ լսելի չեղավ դահլիճում հավաքվածների համար: Փոխարենը լսվեց և կարող էր իբրև երգիծանքի բացառիկ նմուշ ընկալվել հայ պատգամավորներից մեկի դատողություններն առ այն, որ, օրինակ, Ղարաբաղի հարցի լուծումը և մինչև անգամ դրա հետաձգումը մեզ մոտ ժողովրդավարական նոր նվաճումներ են բերում։ Նման կարծիքի ֆոնի վրա պարզապես անմեղ զանցանք պիտի դիտվի հավաստիացումը, թե նախկինի հետ համեմատած՝ ներկայում Հայաստանում ունենք ժողովրդավարական ձեռքբերումների բավականաչափ մեծ տարբերություններ։
Ցավալի է, սակայն մինչ օրս մեզ մոտ բացակայում է այն ընկալումը, որ ժողովրդավարությունը ոչ միայն ինչ-որ մի լուսավոր նպատակ է, այլ դա առաջին հերթին միջոց է երկրի ներսում սահմանելու այնպիսի իրավակարգ, որի պայմաններում քաղաքացին իրեն կզգա պաշտպանված, կարողանա տնօրինել իր ազատությունները: Իշխանությունների համար սա դեռևս պատկերացումներից և ուժերից վեր հեռանկար է, իսկ նույն իշխանության կրողները չունեն այդ գերխնդրի յուրացման ունակությունը` սեփական շահից վեր դասել հասարակականն ու ժողովրդականը: Օրենքի գերակայությունը, կառավարման օղակների տարանջատումը, ազատ ու արդար ընտրական համակարգը, հիմնարար ազատությունները, որոնք այսպես կոչված լիբերալ ժողովրդավարական համակարգերի միսն ու արյունն են, մեր հասարակության համար շարունակում են մնալ երազանքներ, որոնց վրա ծանր անեծք է կախված` երբեք իրականություն չդառնալ:
Եվ այսպես, մինչ մենք մի ֆորումից մեկ այլ ֆորում ընկած ժամանակահատվածում շարունակում ենք սերտել ժողովրդավարության այբուբենը, նույն Արևմուտքն ինքն է նոր փնտրտուքների մեջ: Համակարգի զարգացման տեսաբանները հետզհետե հանգում են այն կարծիքին, որ այսօր աշխարհում առկա է մի իրավիճակ, երբ ժողովրդավարությունը զարգանում է, իսկ լիբերալիզմը` ոչ: Այս ամենը նրանց հիմք է տալիս եզրակացնելու, որ արևմտյան լիբերալ դեմոկրատիայի մոդելը դեմոկրատիայի հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է և ոչ ավելին: Ու այդ բազմազանության մեջ ամենադժվարը լինելու է նրանց համար, ովքեր ընտրություն կատարելու են ոչ թե սեփական հայեցողությամբ, այլ իրավիճակների թելադրանքով…
Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը յուրաքանչյուր երկրի մասով 3 տարին մեկ կազմում է տեղական ժողովրդավարության վերաբերյալ մոնիտորինգային զեկույց: Հայաստանի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է 2012 թվին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ մեզ դա առանձնապես անհանգստություն չի պատճառում: Վատթարագույն դեպքում միշտ էլ կարելի է ասել, թե նորանկախ երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները: Եվ մեծահոգի Եվրոպան դա կընդունի ի գիտություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵԺԻ ԳՐՈՏՈՎՍԿԻ

20 Հկտ

…Եթե ես խոսում եմ մի բանի մասին, որն ինձ հետաքրքրում է, դա չի նշանակում, որ դա հետաքրքիր է նաև մեկ ուրիշի համար: Ուզում եմ խոսել այն բանի մասին, ինչին հավատում եմ, ինչն ինձ համար ակներև է: Բնականաբար, ես չեմ կարծում, որ դա ակներև է բոլորի համար, յուրաքանչյուրը կարող է ունենալ ակներևութության իր սահմանը և լավ է, որ նրան հավատարիմ է` ոչ ի հաշիվ այլոց:
Այն, ինչ պիտի պատմեմ` գիտական չէ, և գիտական տեսանկյունից կարող է շփոթմունքի մեջ գցել: Սա փիլիսոփայություն չէ, այլ պրակտիկա` համարյա թե պրագմատիկա: Ես կասեի, որ այս գործելակերպն էլ իմ ակներևությունն է: Նախ գործ, ապա վստահություն: Սա նշանակում է, որ գործը հիմք է տալիս վստահության, եթե` ոչ, ուրեմն ոչ:
Կարելի է մտածել, թե արդյո՞ք իրական է ընդհանրապես այն, ինչի մասին խոսում եմ, կարո՞ղ է այն իրականություն դառնալ ամբողջովին: Մենք հաճախ հարց ենք տալիս. : Եվ այդ հարցը տալիս ենք այն լեզվով, որը մեզ արդարացնում է: Բայց արդյո՞ք հնարավոր է հասնել լույսի արագությանը: Եվ այնուամենայնիվ, մենք փնտրում ենք նրան մոտենալու ուղիները:
Կուզեի ոգեկոչել այն մարդու ներկայությունը, որը մեզ հետ չէ, բայց և այնպես մեր կողքին է: Դա Պիտեր Բրուկն է: Կար ժամանակ, երբ Բրուկը խոսում էր սամուրայների մոտ առկա մասին: Նույն օրինակին են հետևում ՁԵՆԻ որոշ վարպետներ:
Երբ սամուրայն արդեն տիրապետում է իր արվեստին, ասել է, թե հասնում է արհեստի առավելագույնին (անվանենք այն վարպետություն), նա գիտե, որ պիտի ետ սովորի, թոթափի ամեն ինչ և նորից դառնա սկսնակ: Ասում են, որ եթե նա մի կողմ չդնի մարտիկի իր փորձն ու իմացությունները, նա չի դառնա հիմար, խենթ, երեխա, գազան, բնության ուժ և կսպանվի: Լինել դեմ հանդիման հակառակորդի հետ, ինչպես անծանոթի, հիշել, որ այդ մարտը կարող է լինել վերջինը, ուրեմն` միակը: Մոռանալ բոլոր կարողությունները և լինել ինչպես երազում: Այն դեպքում միայն մարտիկն ունի հաղթանակի պատեհություն, եթե նա ի զորու է մոռանալու հաղթանակը: Հենց այս իմաստով, բայց և ոչ միայն այս և ոչ ամենից առաջ այս իմաստով է, որ խոսում եմ սկսնակի արվեստի մասին…

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

20 Հկտ

… Ես սկզբից անում եմ, հետո եմ միայն մտածում, թե ինչո՞ւ հենց այդպես, այլ՝ ոչ թե այլ կերպ արեցի։ Եվ երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւմ է ձեր ֆիլմերի ֆենոմենը, պատասխանում եմ՝ ես չգիտեմ։ Այն, ինչը իմ ստեղծած համակարգն են անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան իմ աշխատանքի իմաստը գտնելու փորձն ու ամբողջականի յուրահատկությունը հասկանալն է։ Այնպես որ, իմ կինոօրգանիզմների ստեղծման մասին ես շատ բան ասել չեմ կարող…
Վերլուծել ու տեսություններ ստեղծել կարելի է միայն արդեն նկարահանված նյութի հիման վրա: Ֆիլմեր ստեղծելու իմ մեթոդը մոնտաժ էլ կարելի է դժվարությամբ անվանել։ Ես ավելի շուտ քանդում եմ մոնտաժային սկզբունքը եւ կարծես թե մտնում եմ մեկ ամբողջականություն ստեղծելու պրոցեսի մեջ։ Դասական մոնտաժում կարեւոր է ամեն մի տարրը, իսկ ինձ համար առանձին վերցրած ֆրագմենտները ոչինչ չեն նշանակում, եթե չեն աշխատում ֆիլմի կոնտեքստում։ Նշանակություն ունի միայն ֆիլմը, ոչ թե նրա ֆրագմենտները: Ինձ դուր է գալիս, երբ ֆիլմի մեջ երաժշտությունն ու պատկերը փոխվում են տեղերով, եւ երաժշտությունը «ներխուժում» է պատկերի տարածքը, իսկ պատկերը «մտնում» է երաժշտության մեջ։ Առանց դրա չի կարելի սպասված էֆեկտը ստանալ։ Պարզվում է, որ կարելի է «տեսնել» ձայնն ու «լսել» պատկերը, քանի որ այդ երկու բաղադրիչները փոխում են իրենց նշանակությունն ու տարածքը…
Կինոն ինձ համար սինթետիկ արվեստ չէ, ինչպես փորձում էին մեզ համոզել ՎԳԻԿ-ում։ Իմ կարծիքով՝ կինոն ոչ թե երաժշտությունից ու գրականությունից է ծնվում, այլ՝ ընդհակառակը՝ երաժշտությունն ու գրականությունն են «խմում» կինոյի ջուրը, թեեւ կինոն շատ ավելի ուշ է ծնվել, քան այդ երկու արվեստները։ Ուզում եմ ասել, որ կինոն սնվում է այնտեղից, որտեղից սնունդ են ստանում կերպարվեստը, երաժշտությունն ու գրականությունը, ընդհանրապես՝ արվեստը։ Կինոն ավտոնոմ արվեստ է, եւ ես պնդում եմ այդ միտքը:

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

20 Հկտ

Տան նորոգումը

Իմ ծանոթներից մեկը, ով չէր կարողանում երազանքներն ու իրականությունը համատեղել, լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Եվ ամենավատն այն էր, որ գործերի մեջ ներգրավել էր սիրելի մարդկանց` դնելով նրանց անհարմար դրության մեջ:
Եվ քանի որ ի վիճակի չէր վերադարձնելու կուտակված պարտքը, նա սկսել էր մտածել ինքնասպանության մասին: Մի անգամ նա անցնում էր փողոցով և տեսավ մի քանդված տուն: «Ահա, ես էլ եմ այսպիսին»,- հոգոց հանեց նա: Եվ նույն պահին նրա մեջ այդ տունը նորոգելու մեծ ցանկություն առաջացավ: Նա գտավ տանտիրոջն ու առաջարկեց տունը նորոգել: Տանտերը համաձայնեց, թեև չհասկացավ, թե դրանից ինչ օգուտ իմ ծանոթին: Նրանք միասին գնեցին աղյուս, փայտանյութ, ցեմենտ: Իմ ծանոթը աշխատում էր սրտանց, ինքն էլ չիմանալով` ինչու և ինչի համար: Նրան թվում էր, թե տունը նորոգելու ընթացքում և իր սեփական գործերը կկարգավորվեն:
Տարվա վերջին տան նորոգումն ավարտվեց, և նրա բոլոր խնդիրներն էլ լուծվեցին:

Զվարճասեր Նորման

Մադրիդում ապրում է Նորմա անունով ոմն բրազիլուհի` իրապես ինքնատիպ մի կին: Իսպանացիները նրան անվանում են «երկաթե տատիկ»: Նա արդեն վաթսուն տարեկան է, բայց համատեղում է մի քանի աշխատատեղ և անվերջ կազմակերպում տարբեր միջոցառումներ, տոնախմբություններ, երաժշտական երեկույթներ:
Այդպիսի մի միջոցառման ժամանակ, մոտավորապես առավոտյան ժամը չորսին, երբ հոգնությունից հազիվ էի ոտքի վրա կանգնում, ես Նորմային հարցրի` որտեղից այդքան էներգիա:
— Ես ապրում եմ համաձայն կախարդական օրացույցի: Եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ:
Հաջորդ օրը, գնացի նրա տուն: Նա ձեռքն առավ մի հնամաշ օրացույց`ամբողջովին պատված ծաղրանկարներով:
— Եվ այսպես, այսօր այն օրն է, երբ հայտագործվել է պոլիոմելիթի դեմ շիճուկը,- ասաց նա,-պետք է նշել այս իրադարձությունը, որովհետև կյանքը հրաշալի է:
Նորման օրացույցի յուրաքանչյուր թերթիկի վրա նշել էր կարևոր որևէ իրադարձություն` օրվա հետ կապված: Նրա համար կյանքը առիթ էր, որպեսզի ուրախանա:

Մարդկային էության տարօրինակությունը

Մի պարոն հարցրեց իմ բարեկամ Ջեյմ Կոենին.
— Քո կարծիքով, մարդկային էության մեջ ի՞նչն է ամենատարօրինակը:
Կոենը պատասխանեց.
— Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո` հոգոց հանում մանկությունը հիշելիս: Կորցնում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող ծախսում առողջությունը վերագտնելու համար: Ապագայի մասին այնքան անհամբեր է մտածում, որ մոռանում է ներկայի մասին, այդ իսկ պատճառով չունենալով ո՛չ ներկա, ո՛չ ապագա: Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, և մեռնում է այնպես, կարծես երբեք չի ապրել…

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

20 Հկտ

ՈՂԲ
Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:
Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։
Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։
Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։
Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:
Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։
Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար։Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։
Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։
Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։
Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

20 Հկտ

ՀԱՅԸ
Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:
Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: “Ապա ճշմարտությո՞ւնը”,– մտահոգվում է նա:
… Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև “ական”` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց:
Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, անչափելի` իր վեհ թռիչքներում:Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… “Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը”: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը:
Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից:
“Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…”:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉ

20 Հկտ

Պոլոզ Մուկուչ… Հազիվ թե գտնվի մեկը, ով երբևէ լսած չլինի այս անսովոր, փոքր-ինչ ծիծաղաշարժ անունը, որ բազում զվարճապատումների անբաժան հերոսն է, բանահյուսված առակների մշտական դերակատարը: Բայց հավանաբար ոչ բոլորին է հայտնի, որ նա ոչ թե մտացածին կամ հավաքական մի կերպար է, ինչպիսիք սովորաբար հորինվում են հումորային պատմությունների համար, այլ իրական անձնավորություն` նույնքան հետաքրքիր կենսագրությամբ, որքան նրա շուրջ հյուսված զրույցներն են:
Մկրտիչ Մելքոնյան. ահա Պոլոզ Մուկուչի իսկական անուն-ազգանունը` համաձայն եկեղեցական ծխամատյանի: Նա ծնվել է 1881 թ. հունվարի 7-ին Ալեքսանդրապոլ քաղաքում, արհեստավոր Ղազարի ընտանիքում: Դեռ երիտասարդ հասակից զբաղվել է առևտրով, եղել է մեծածախ մրգավաճառ ( կամ, ինչպես գյումրեցիներն էին ասում` մեյվի փոդրաթչի): Ապրանքը բերել է Երևանից, Վրաստանից, վաճառել փոքր խանութների վրա: Պոլոզ մականունը ստացել է բարձ հասակ ունենալու պատճառով: Ըստ ժամանակակիցների վկայության, խմիչքի հանդեպ ընդգծված թուլություն է ունեցել, սակայն հենց այդ թուլության մեջ էլ թաքնված է եղել նրա իրական էության ողջ գաղտնիքն ու հմայքը: Բանն այն է, որ սթափ ժամանակ Մուկուչը սովորական մեկն էր, հանգիստ, ծանրակշիռ, նույնիսկ ոչ սրամիտ: Սակայն բավական էր մի քանի բաժակ օղին, և նա միանգամից վերափոխվում էր, դառնում անճանաչելի: Այս երկվությունը որքան էլ տարօրինակ լիներ, այնուհանդերձ մեր հերոսի կարևոր բնորոշիչներից մեկն էր` ոմանց համար` սովորական, մյուսների համար` անհասկանալի:
Սիրում էր իր վաստակը շռայլորեն ծախսել ընկերների հետ աղմկոտ գինարբուքներում: Նրա մասին ասում էին, որ մեկ օրվա միլիոնատեր էր ու հաջորդ օվա մուրացիկը: Հաճախ էր պատահում, երբ մինչ ուշ գիշեր երկարած խնջույքներն ավարտվում են ոստիկանության հետ ծեծկռտուքներով: Սակայն հենց այդ ժամանակ էլ ծնվում էին այն պատմություններն ու սրախոսությունները, որոնք հետագայում բերնեբերան էին անցնում` Մուկուչի համբավը տարածելով Գյումրիից շատ ու շատ հեռու:
Իր մշտական բաժակակից ընկերներն ուներ` Ծիտրո Ալեքը, Նալըն Կարոն, Վիսյոլի Վարդանը: Այդ անունները հետագայում պիտի հանդիպեին Մուկուչին վերագրվող զավեշտալի պատմություններում իբրև գործող անձիք:
Պոլոզ Մուկուչը երդվյալ ամուրի էր: Եվ այդպես էլ անզավակ ու անընտանիք ապրեց իր կյանքի 50 տարիները: Մահացել է 1931 թվի փետրվարի 15-ին, Թիֆլիսում, վիրահատության ժամանակ: Նրան տեղափոխում և թաղում են հայրենի քաղաքում: Թե իր կենդանության օրոք ինչպիսի մեծ համբավ է ունեցել, դրա վկայություններից մեկն էլ թերևս այն է, որ նրա մահազդը տպագրվեց ՍՄԿԿ Կենտկոմի օրգան «Խորհրդային Հայաստան» թերթում: Իսկ ահա աննախադեպ մարդաշատ ու շքեղ հուղարկավորության մասին շրջանառվում են հակասական պատմություններ: Որոշ աղբյուրներ պնդում են, թե դրանք հավաստի են: Կան նաև այնպիսինները, ըստ որոնց թաղման շուրջ պտտվող լուրերը ընդամենը գեղեցիկ հորինվածք են` ծնված նրա հանդեպ մարդկանց մեծ սիրուց: Ամեն դեպքում, համաձայն ականատեսների վկայության, Պոլոզ Մուկուչին վերջին հրաժեշտը տալու համար այդ ցրտաշունչ օրը փողոց են դուրս եկել ոչ միայն ծանոթ ու անծանոթ գյումրեցիները, քաղաքի բոլոր կառապաններն ու զուռնաչիները, այլև հատուկ պատվիրակություններ են ժամանել Բաքվից ու Թիֆլիսից: Եվ ահա, երբ հանգուցյալի մարմինը դուրս են բերում, հավաքվածները զարմանքով նկատում են, որ Մուկուչի աջ ձեռքը դագաղից կախված է, այնպես որ թափորի ընթացքին ձեռքը տարուբերվել է, ճոճվել, կարծես նա մնաս բարով է ասել աշխարհին, կամ, ինչպես մեծ բանաստեղծ Ավետիք Իսահայանն է գրել, «իբր սիմբոլ, թե աշխարհը ունայն բան է, անցավոր է»:
Ի դեպ, մի առանձին պատմության նյութ է Իսահակյանի ու Պոլոզ Մուկուչի մտերմությունը: Վարպետն ու Մուկուչը թաղեցիներ են եղել, խաղընկերներ: Գրողի արխիվում պահպանվող ձեռագրերում կան էջեր, որոնք վկայում են, որ Իսահակյանը ցանկություն է ունեցել ամբողջական երկ նվիրել իր նշանավոր համերկրացուն: Ցավոք, այդ ծրագիրն անկատար է մնացել: Սակայն նրանց հոգեհարազատության մեկ այլ վառ ապացույց պիտի դիտվի Մուկուչի հիշատակի հանդեպ բանաստեղծի նախանձախնդիր վերաբերմունքը: 1945 թ., երբ իր ծննդյան 70-ամյակի տոնակատարությունների առիթով Իսահակյանը Լենինական է այցելում, լինում է նաև գերեզմանատանը: Այստեղ տեսնելով Պոլոզի անքար հողակույտը, նա որոշում է տապանաքար տեղադրել: Իր հին ընկերներից մեկին` հայտնի քարտաշ- քանդակող ուստա Սիմիկին էլ պատվիրում է այդ գործը: Մի տարի անց գրողը կրկին գալիս է Լենինական և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում Պոլոզ Մուկուչի մահարձանի բացումը: Շիրմաքարի վրա փորագրված էր Պոլոզի անուն- ազգանունը, ծննդյան ու մահվան թվականները, հակառակ կողմում` հետրյալ մակագրությունը. «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:Այժմ էլ այդ մահարձանը կանգուն է Գյումրիի քաղաքային գերեզմանատանը: Ասում են, որ մինչ օրս էլ մարդիկ խմբերով այցելում են այնտեղ, անպայման բաժակ են բարձրացնում ու բարի խոսքով հիշում այդ ուրախ, սրախոս մրգավաճառին:
Ավելորդ չէ ասել, որ Պոլոզ Մուկուչը եղել է հայ մեծ դերասան Հովհաննես Զարիֆյանի մտերիմն ու արվեստի երկրպագուն: Պապմություններ կան այն մասին, թե ինչպես է Գյումրիից հասել Թիֆլիս կամ Երևան նրա ներկայացումները դիտելու համար: Ըստ որոշ հիշատակությունների, 1926 թվի երկրաշարժի օրերին Մուկուչը Լենինականում հանդիպել ու ծանոթացել է նաև Եղիշե Չարենցի հետ:
Նկարիչ Հ. Անանիկյանի վրձնին է պատկանում Մուկուչին նվիրված դիմանկարների շարքը: Գրող Խաչիկ Դաշտենցը Պոլոզի կերպարն անմահացրել է իր «Ֆայտոն Ալեքը» ստեղծագործության էջերում: Իսկ Ավետիք Իսահակյանը իր սիրելի ընկերոջ մասին տարիներ անց պիտի գրեր այսպիսի տողեր. «…Մուկուչը հայերիս 20-րդ դարի առաջին կեսի առակավոր, առակախոս արտահայտիչն է, մի նոր միֆ է: Հիմա փոքր է, ժամանակի մեջ կմեծանա»:

Անի ԵՍԱՅԱՆ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

20 Հկտ

* * *
Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը: Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ: Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ խոսքի աշխարհը, որ իր հմայիչ դրսեւորումներն է ունեցել ոչ մեզանում, հեռուստատեսության, լրագրի, կոմունիկացիաների արագացման այս պայմաններում եկել պարտադրում են մեզ, իսկ մենք աղքատ ազգականի վիճակում ենք:Հոգիներս, որ ահա պիտի թեւածելիս լիներ, կամ թեւածում է արեւմուտքի ստեղծած սիմվոլների աշխարհում, աշխատանքի ու ազատության մաքուր երկինքներում, մտքներս դարձյալ ասիական այս աղբի մեջ է: Իսկապես վիճակներս շատ ողբերգական է: Էլի պիտի աննյութ հույսը առագաստ դարձնենք, թե մեր ժողովրդի բարոյական կառույցը ավելի պինդ կլինի, քան այսօր մեզ խփող այս փոթորիկները, եւ կկանգնենք: Կորուստները կան: Մի կողմից դրախտի տեսքով Ամերիկան է դռները բացել, մյուս կողմից ասիացի վայրենին է խփում, կորուստները կան, բայց դրանց հետ պիտի հաշտվենք եւ էլի հույսներս շրջենք դեպի այն ժողովուրդը, որ վաղվա օրով մնացորդ է լինելու եւ որի վրա պիտի ծաղկի վաղվա Հայաստանը:

* * *
… Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգոհ, անվերջ դժգոհ, ուրախ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում. արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը` լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը` ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիթեռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ, և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, և չկա խմբավորման մի այլ կերպ: …Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է, թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է, թե ինքը համաձայն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր հետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ, թե հիմա կհասկանան իրենց սխալը, ու սխալն էլ մարդկային է, ոչինչ: Հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին:

ՄԱՐԿ ՏՎԵՆ

20 Հկտ

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
… Հայերի տները մեծ են, մաքուր և ընդարձակ, հատակները պատած սև ու սպիտակ մարմարե սալիկներով, տներից շատերում կան ներքին բակեր` հրաշալի ծաղկանոցներով և արևին կայծկլտացող շատրվաններով: Լայն դաշտը տանում է դեպի շքամուտք, ուր և կանայք անց են կացնում գրեթե ամբողջ օրը: Ցերեկվա շոգը կտրվելուն պես նրանք զուգվում են իրենց ամենալավ զգեստներով և բակ դուրս գալիս: Բոլորն էլ լավիկն են, մաքուր, կոկիկ, այնպիսի տեսք ունեն, ասես հենց նոր են հանել տուփերից: Երիտասարդ կանանցից ոմանք, նույնիսկ կասեի` շատերը, զարմանալի գեղեցիկ են: Որպես կանոն նրանք փոքր-ինչ ավելի գեղեցիկ են, քան ամերիկուհիները (թող ներվի այս հակահայրենասիրական գովասանքը): Նրանք շատ մարդամոտ են, ժպիտին պատասխանում են ժպիտով, բարևին` բարևով, և եթե նրանց խոսեցնում են, հաճույքով բլբլացնում են: Եվ ոչ մի պաշտոնապես ներկայացնելու արարողության կարիքը չկա: Շատ հեշտ է և հաճելի դռան մոտ զրույցի բռնվելը սիրունիկ հայուհու հետ, որին առաջին անգամ ես տեսնում: Դա ես գիտեմ իմ սեփական փորձից: Ես միայն անգլերեն եմ խոսում, մինչդեռ իմ զրուցակից կինը բացատրվում է կամ հունարենով, կամ էլ չգիտեմ ինչ բարբառով, բայց դա մեզ բոլորովին չէր խանգարում: Ես համոզվեցի, որ եթե նման դեպքում մարդիկ իրար չեն հասկանում, մեծ դժբախտություն չէ…

ԴԻԼԸՆ ԹՈՄԱՍ

20 Հկտ

* * *
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Մեռած, մերկ մարդիկ նույն մարդը կլինեն
քամու և լուսնի մարդկանց հետ միասին
և երբ կմերկանան ոսկորները նրանց և կանհետանան,
նրանք աստղեր կունենան արմունկին, ծնկին,
չնայած խելագար, բայց միշտ բանական,
չնայած ծովի տակ` նրանք նորից կելնեն,
չնայած սիրահարները կկործանվեն, բայց սերը` երբեք,
և մահը չի ունենա իշխանություն:
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Պառկած ծովի կեռմանների ներքո
չեն մեռնում նրանք հոժարակամ.
պրկոցի վրա ձգված, երբ մկանը ճայթում է,
գոտեկապված անիվին` դեռ մաքառում են.
ձեռքերի հավատը կփոխվի փշրվող մասերի,
և միեղջյուրի չարիքը կդիպչի մարմնին,
կկիսի վախճանը: Չեն փշրվի նրանք
և մահը չի ունենա իշխանություն:
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Ճայերն էլ չեն ճչա նրանց ականջներում
կամ ալիքները` հսկա ծովափին,
Այնտեղ, ուր ծաղիկներ էր, հիմա խոտը
ճկված է անձրևի թափից:
Կխառնվեն արևին, մինչև արևը կփոշիանա,
և մահը չի ունենա իշխանություն:

Թարգմ. Արտեմ Հարությունյան

%d bloggers like this: