Պահոց | 7:40 ե.

Երեք սկզբունք, վեց տարր

21 Հկտ

Հիմա այլևս ոչ մեկին չես զարմացնի այն տեղեկատվությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս սովորական դարձած անցուդարձը կարող է իր անակնկալները մատուցել: Լուրն այն մասին, որ եռանախագահները նոյեմբերի սկզբին հերթական այցով կլինեն մեզ մոտ, հենց նմանատիպ հանկարծակիների շարքից էր: Կարծես թե այս անգամ ոչ ոք այդքան վաղ նրանց չէր սպասում և ոչ էլ իրենք էին վաղօրոք այդ մասին տեղեկացրել: Եվ այնուամենայնիվ, նրանք գալու են: Միջնորդները ծրագրել են հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ այլ քննարկումների շարքում համանախագահները կառաջարկեն նաև կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանում, որ տեղի է ունենալու Ստրասբուրգում, նոյեմբերի 10-ին: Սակայն մինչ Կովկաս հասնելը նրանք ԵԱՀԿ-ին ու հակամարտության կողմերին ներքին հաշվետվություն կներկայացնեն հոկտեմբերին Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված Դաշտային առաքելության արդյունքների մասին: Թե Երևանում և թե Բաքվում ակնկալում են, որ այդ հաշվետվությունը կլինի առավելագույնս անկողմակալ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը ցանկանում է այնտեղ տեսնել իր շահերի ու դիրքորոշումների պաշտպանությունը:
Գալով Մինսկի խմբի ներկայացուցիչների վերաբերմունքի հարցին, ասենք, որ ըստ հայկական կողմի, նրանց դիրքորոշման մեջ դրական էվոլյուցիա է նկատվում։ Գոնե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը նման տեղաշարժ նշմարել է և դա մեկնաբանում է հետևյալ կերպ. ,- ասում է նախարարը: Պաշտոնական Երևանը նաև կարծում է, թե համանախագահների այն միտքը, որ միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքները (տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում) անբաժանելի են, առաջին հերթին հասցեագրված է Բաքվին։ Իսկ սա, հայկական կողմի դիտարկմամբ, հերթական բացառիկությունն է հաղորդում մեր հիմնահարցին, քանի որ :
Թե ի՞նչ կարող է տալ եզակին լինելու այդ առանձնաշնորհը, մինչ այժմ պարզ չէ ու որևէ կերպ չի դրսևորվել: Փոխարենը կա գոհունակություն այն բանի համար, որ բանակցությունները տարվում են ներկայիս ձևաչափում: Այն միտքը, որ Մինսկի խումբը կարող է ինչ-որ ժամանակ սպառել իրեն, առայժմ կարծես թե հնարավոր չի համարվում: Սակայն եթե այնուամենայնիվ նման բան կատարվի, ապա Հայաստանը չի բացառում այլ տարբերակների քննարկումը:
Իհարկե, փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ այլընտրանքային տարբերակներ կարող են նպաստավոր արդյունավետության երաշխավորը դառնալ մեզ համար այն բանից հետո, երբ այնպես սովորել ու կապվել ենք արդեն հիշատակված երեք սկզբունքների հետ, և դեռ դրանց էլ գումարած` այն վեց տարրերը, որոնք, ըստ դիվանագետների, ընկած են իրենց բանակցությունների հիմքում` փաստացիորեն կազմելով մադրիդյան սկզբունքների ատաղձը: Իսկ անորոշ կացության մեջ հայտնվելու հեռանկարը քչերին է այսօր հրապուրում: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- մունը օրերս հայտարարեց, որ, իր կարծիքով, Մինսկի խումբն աշխատում է շատ ջանասիրաբար: Ու թեև հավելեց, որ ,- սակայն նրա խոսքերից դժվար չէր գլխի ընկնել, որ ՄԱԿ-ին լիովին բավարարում է այն վիճակը, երբ ինքն այդ գլխացավանքից հեռու է, իսկ ԵԱՀԿ-ն չի պնդում մեկ այլ կառույցի օժանդակություն-միջամտությունը:
Եվրոպացիներն, ընդհակառակն, ոչ միայն շարունակում են հետևողական մնալ իրենց ստանձնած պարտավորությանը, այլև վերջին շրջանում ակնհայտորեն շտապում են: Պետք է կարծել, որ բոլորին էլ փոքր-ինչ հոգնեցրել ու ձանձրացրել է այս խնդիրը, որի ավարտը ոչ մի գնով չի երևում: ,- հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը,- : Արդյո՞ք հավաքականություն ասելով Լիդինգթոնը նկատի ունի ավելին, քան Մինսկի խմբի կազմն է, և արդյո՞ք մասնակիցների թվի ավելացումը հակադարձ համեմատական չի լինի հիմնախնդրի կարգավորման շահեկանությանը, սրանք դեռ վիճարկելի հարցեր են: Եվս մի շահագրգիռ կողմ էլ շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որ հեռվից ժամանակ առ ժամանակ հավաստում էր իր գոյությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը վերջերս դարձյալ կրկնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաշտեցում ձեռք բերել և որ :
Բոլորն անխտիր կարևորում են հակամարտության խաղաղ ելքը, սակայն յուրաքանչյուրն այդ ավարտի իր պատկերացումներն ունի: Ու գուցե հենց այդ տարակարծությունների ավելացող բեռն է պատճառը, որ ամեն անգամ նրանք տարածաշրջան են առաքում համանախագահներին, քանի որ ավելին անելու հնարավորություն առայժ չկա: Գոնե կարելի է պահպանել եղած նվազագույնը, մինչև որ ժամանակը կմատուցի պատեհ առիթը:
Ի դեպ, այս թեմայի վերջին նորություններից: Կարծիք կա, որ Գերմանիան ավելի ու ավելի է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի խնդրով և նրա լուծման ուղիներով: Սա ոմանց թույլ է տվել մտածելու, թե գերմանացիները նույնիսկ կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Ֆրանսիային: Իբրև փաստարկ հիշատակվում է այն, որ Գերմանիայի ներկայացուցիչը մասնակցել է ԵԱՀԿ գնահատման առաքելությանը։ Ինչ խոսք, հիմնավորումը թույլ է և քննության չի դիմանում: Բայց միայն այն փաստը, որ այս տարբերակը ևս կարող էր արծարծվել, արդեն իսկ խորհելու տեղիք է տալիս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

21 Հկտ

Վերջին բոհեմը
Երկար մազերով, սպանված թռչունի պես լայն փողկապը քամուն տված, թափթփված ու անխնամ, խորապես զզված ամեն ինչից` ահա անցնում է վերջին բոհեմը` Արվեստագետը. նա գալիս է անհիշատակ ժամանակներից` միշտ ամեն դարաշրջանի եւ երկրի պայմանների հետ փոփոխելով իր դեմքն ու կեցվածքը: Մեռավ այն պատմական շրջանը, որտեղ նա հաղթողների ու տիրողների պարծանքն էր, երբ իր ստեղծագործությունն էր բարգավաճման եւ զորության չափանիշը: Ռենեսանսի շրջանից, երբ դրամատիրական իշխանությունը իր թաթը դրեց եւ ընկճեց ամեն ինչ, Արվեստագետն այլեւս դարձավ ծառան, նվաստ հպատակը ոսկու: Արդեն, լավագույն դեպքում, նրան շրջապատում էին բարձր վարձատրությամբ եւ շքանշաններով, բայց միշտ իր տիրոջ փառքը ակնհայտ դարձնելու համար, չէ՞ որ ծառային նայելով` կարելի էր դատել տիրոջ մեծության մասին: Բայց այլեւս մեռած էր նրա սիրտը դեպի իշխողը եւ ուժեղը: Դրամատիրական կարգերը նրան դուրս շպրտեցին կյանքից, նա կյանքի լուսանցքի վրա էր միայն…Սկսած վերածնության շրջանից` ո՞ր դասակարգին է պատկանում նա: Ազնվական չէ, որովհետեւ մեծ մասամբ դուրս է գալիս խեղճ ու ընչազուրկ դասակարգի ծոցից, բուրժուա չէ, որովհետեւ չունի շահագործման աղբյուրներ: Նա միշտ տիրոջ, իշխողի տրամադրության տակ է, սպասում է նրա հրամանին, իսկ հաճախ էլ` քմայքին: Բանվոր չէ, որովհետեւ իր աշխատանքը չի կարելի չափել որեւէ չափանիշով, առավելապես մտային է նրա ստեղծագործությունը. նա մտավորական է ավելի շուտ, բայց մտավորականը որեւէ դասակարգի չի պատկանում. կարող է գաղափարաբանությամբ լինել բուրժուա, ազնվական, բանվոր:
Արվեստագետի եւ տիրողների միջեւ բացված է մի վիհ: Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրում` հաճախ մոռացված. նա հասկացված չէ… Արվեստագետի նուրբ եւ զգայուն հոգին ատում է օրենքը, որովհետեւ տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրենքից, ստեղծում իր ուրույն աշխարհը:

Կայեն ու Աբել
(Գործողությունը տեւում է մեկ վայրկյան)
Աբել — (Պառկած կանաչ խոտերի ու ծաղիկների մեջ՝ նայում է երկնքին) Երանի բարձր, շատ բարձր սարերի կատարներին լինեի հիմա, ինչպե՜ս են փայլում նրանց կատարները…
(Կայենը պառկած նայում է լճակի մեջ լուռ ու մտազբաղ)
Աբել — (Կայենին) Դու կուզեի՞ր, որ օրը չմթներ, միշտ վերջալույս լիներ` կարմիր, ծիրանի, էն լոտոսի պես: Անտառների մեջ միշտ լույս լիներ, եւ մենք գազաններից այլեւս չվախենայինք…
(Կայենը լուռ նայում է ալ ջրին, որ արտացոլում է նրա սեւ սաթի պես աչքերը` կարծես արյան մեջ թաթախված կարմիր դեմքի վրա):
Աբելը — (Կայենին) Ինչո՞ւ չես խոսում եւ ինչո՞ւ ես այդպես նայում ջրին: Այդտեղ փոքրիկ ծիրանագույն ձկնիկներ կան, կարո՞ղ ես մեկը բռնել…
Կայենը — (Աբելին) Ձկնիկներ չկան: Տե՛ս, այստեղ մորթած ուլի նման է երկինքը…

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

21 Հկտ

Մարդկային վաթսուն տեսակ կա` խոլերիկ, ասթենիկ… Եվ վաթսուներորդ` վերջին տեսակը գեղարվեստական խառնվածքն է… Այս գեղարվեստական խառնվածքը գրողն է… Գրող ասելով` հասկանում ենք գեղարվեստական խառնվածք, ոչ թե մարդ, որը զբաղվում է գրականությամբ… Սրանք (այս վերջինները) շատ են, զբաղվում են, և սրանց ստեղծում են կառավարությունն ասեմ, թե համալսարանները… Իսկ գրողին ստեղծում է Աստված… Դժբախտաբար: Գրողն ամենադժբախտ երևույթն է… Գրո՛ղը… Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է: Եթե գրողները չլինեին… Գրող ասելով` գեղարվեստական խառնվածքը նկատի ունեմ, ոչ միայն գրող, այլև նկարիչ, երաժիշտ… Գեղարվեստական խառնվածքը քաղաքակրթության հիմքն է… Ընդ որում, ես քեզ մի զարմանալի բան կարող եմ ասել`գեղարվեստական խառնվածք էր Քրիստոսը… Տես, քաղաքակրթության նոր փուլ ստեղծեց Քրիստոսը: Այսինքն մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, որտեղ ամբողջ մշակույթը քրիստոնեական է: Մինչև Քրիստոսը ուրիշ մշակույթ էր… Ամբողջ մշակույթը, Վերածնունդը մեծագույն երևույթ են… Ասացի գեղարվեստական խառնվածք է նա` Աստծու ստեղծած… Երբեմն մտածում ես, թե Աստծու ստեղծածն է և սատանան, սատանան խանգարում է: Թե՞ այդ դժբախտությունը սատանայի ստեղծածն է… Եվ այդ ժամանակ, ուրեմն, սկսում ես կասկածել, թե ինչու մարդիկ գեղեցիկն ու բարին են գովերգում, մարդկության ապագան են ուզում ստեղծել… Ստեղծե՛լ… Չէ, բայց դա իրենց ուժերից վեր է` Աստծու փոխարեն ինչ-որ բաներ անելը… Եվ հանկարծ` այսպիսի դժբախտություն… Որովհետև մեկ-մեկ ում անուններն ուզում ես տուր` բոլոր մեծ գրողները, հանճարեղ գրողները դժբախտ են… Չկա՛ երջանիկ գրող…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

21 Հկտ

Անկեղծ չենք
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա -ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում…
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
— Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԹՈՄԱՍ ԷԼԻՈԹ

21 Հկտ

Որովհետև գիտեմ որ ժամանակը ժամանակ է միշտ
Իսկ վայրը՝ միշտ և միմիայն վայր
Եվ այն ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակ և ճիշտ
Մեկ վայրի համար
Հրճվում եմ որ իրերն այնպիսին են, ինչպիսին կան
Եվ ուրանում եմ օրհնված դեմքը
Եվ ձայնն եմ ուրանում
Որովհետև ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Ուստի հրճվում եմ` կառուցելով միշտ ինչ-որ բան
Եվ հրճվում վրան
Եվ աղոթում Աստծուն որ գթա մեզ
Աղոթում եմ որպեսզի մոռանամ հավետ
Հարցերը որոնք բազմիցս քննարկում եմ ես
Եվ բացատրում, ինքս ինձ հետ
Որովհետև ես հույս չունեմ կրկին դառնալ ետ
Թող այս բառերը տան պատասխանը
Եղածի համար, որ չկրկնվի եղածն այսուհետ
Թող թեթև լինի ահեղ դատաստանը
Որովհետև ճախրելու թևեր չեն այս թևերը տոչոր
Այլ հովհարներ որոնք գիտեն ծեծել օդն ու տոկալ
Օդը որ հիմա ամբողջովին փոքր է ու չոր
Ավելի փոքր ու չոր քան կամքը նանիր

Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր։

Մեղապարտներիս համար աղոթիր հիմա և մեր մահվան ժամին
Աղոթիր հիմա և մեր մահվան ժամին։

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

21 Հկտ

…Աթոռը:
Աթոռն աթոռ է` առարկայի համընդհանուր պատկեր:Ընդհանրապես փայտից է` չոր հաճարենուց, լավագույն դեպքում` ընկուզենուց, հազվադեպ` ուռենուց. մասնավոր դեպք:
Աթոռը նստելու համար է և, եթե ուռենուց է, ճռճռում է մշտապես նստած հաստ քամակների ճնշման տակ. առարկայի ֆենոմենոլոգիա:
Ճիշտ է, բայց ո՞վ է նստողը:
Այստեղ խնդիրն ավելի բարդ է և ավելի խոր հետազոտության կարիք է զգում, ինչի լույսի ներքո ջրի երես է ելնում մտահոգիչ մի ճշմարտություն. նստում է նա, ով աթոռ ունի:
Իսկ ով չունի՞:
Ով չունի, ստիպված է ոտքի վրա մնալ: Այստեղից հետևում է, որ աթոռն, անխուսափելիորեն, բաժանում է մարդկությանը:
Իսկ նա, ով աթոռ ունի տեսնես սիրալի՞ր է և զիջու՞մ է այն ոտքի վրա մնացողներին:
Ոչ: Ով աթոռ ունի, այն պինդ պահում է և մնում է հարմարավետ նստած:
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում «Խնդրեմ, համեցեք նստեք»-ը:
«Խնդրեմ, համեցեք նստեք»-ը ազնվական և դեմոկրատական խոսելաձև է, որը քաղաքավարի շեշտում է տարբերությունը:
Լավ կլիներ այն փոխարինել «Խնդրեմ, ոտքի վրա էլ մնացեք»-ով` նույնքան քաղաքավարի, բայց ավելի ճշմարիտ:
Ես աթոռ ունեմ, բայց ոտքի վրա եմ մնում:
Ոչ, ցավում եմ, բայց այդպիսի բան նախատեսված չէ:
Ինչպե՞ս թե նախատեսված չէ: Աշխատեք նախատեսել, քանի որ ես մեկն եմ, ով աթոռով հանդերձ ոտքի վրա է մնում:
Դե, ուրեմն, ասենք, որ սուբյեկտիվորեն դու նրանցից ես, ովքեր ոտքի են, օբյեկտիվորեն սակայն…

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

21 Հկտ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

1948 թ. Հուլիսի 15-24-ը Ավետիք Իսահակյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Պահպանվել են նրա ծոցատետրային գրառումները, որոնցից հատվածներ ներկայացնում ենք ստորև:


Գանձասար վանքը Շուշիի մոտ: Ամարաս վանքը Մուղանում, Շուշիի մոտ, 45-50 կիլոմետր հեռու: Մեր ճանապարհորդությունների ընդհանրացումներից մեկն էլ այն էր, որ գեղերում էլ շուն չկա:

Հայերը հարենիքից հեռացել են, քոչել են, փախել են Ամերիկա և ամենուր, բայց միշտ էլ, ամեն տեղ էլ նրանք հայրենիքով են ապրում: Հայրենի հուշերով, դեպքերով, անցյալով, զրույցներով, անեկդոտներով…

Մարդկության, մեծ ազգերի, լուսավոր ազգերի աչքերի առաջ մի ողջ ժողովուրդ հայրենազրկվում է, հրեա է դառնում, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց կասեցնելու բարբարոսի հարվածները, դաժան գործը, միմիայն մղված էգոիստական, գազանային բնազդներից, հաշիվներից…

Ընդհանրացումներից մեկն էլ այն է, որ վայ թե մի կնոջ, հայ ղարաբաղցի կնոջ հարցնես, թե ո՞նց ես, սկսում է լաց լինել և ասել իր կորուստների մասին: Ղարաբաղում տուն չկա, որ պատերազմի զոհ տված չլինի: Գոնե մի մարդ: Մայրեր կան` երեք- չորս տղա են կորցրել: Ուղղակի քամել են հայ ժողովրդին, քամել են…
Կորած ժողովուրդ, ինչպես Մառն է ասել:

Ղարաբաղը բացարձակ կտրված է Հայաստանից` ոչ թերթ, ոչ գիրք: Դասագիրք չունեն` հայերեն, Բագու չեն տպում հայ դասագրքեր, նույնիսկ մայրենի լեզվի: Սա անհոգության արդյո՞ւնք է, թե՞ սիստեմ, քաղաքականություն: Խեղճ ղարաբաղցիք կարծում են, թե իրենք ապրում են թուրք պատմական հողերի վրա, ոչ թե ընդհակառակը: Խավար երկիր, իշացած:

Մեծ մարդ` նշանակում է ճանապարհ ցույց տվող, ոչ միայն այդ, մեծ մարդ կնշանակե նաև ճանապարհ…

Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիան սուտ բան է, նա Բագուին ենթարկված մի բան է: Ադրբեջանն է իշխում ամեն բանի մեջ: Ստեփանակերտ ոչ մի հայ գիրք չի տպվում: Մի ողորմելի թերթ: Տեղական երիտասարդները վառվում են , ուզում են արտահայտվել, ոչ մի հնար չկա: Մի երիտասարդ ասաց.:

Ղարաբաղում ռուսաց լեզուն նվիրագործված է: Կառավարությունը ժողովներում, միտինգներում, հանդեսներում ռուսերեն է խոսում: Նախկին քարտուղարը` ռայկոմի, Մանուկյան, բոլորի հետ ռուսերեն էր խոսում (գիտցող- չգիտցողի հետ), ականջները ձեռքով ծածկում էր, ով որ հայերեն էր խոսում:

Կիրովաբադ` կորած հայություն: Աչքից ձգած հայկական քաղաքամաս:

Ստեփանակերտ. հլու հպատակ, ձևական ավտոնոմիա, ֆիկցիա, իրավազուրկ գրեթե, ինքնավար չէ բնավ, ամեն բանի մեջ, ամենաչնչին բանի մեջ ենթարկվող Բագուին…

Ես` ուրիշ, նա` ուրիշ: Իմ ջուրը ուրիշ ակունք ունի, նրանը` ուրիշ:

Մեռնենք էլ` չենք խառնվի իրար հետ` հայ, վրացի, թուրք տարբեր են. Սոցիալիզմը չի կարող միացնել նրանց:

Անգլիացին, միացած թուրքերի հետ, կործանեցին Շուշին և կոտորեցին Բագուն: Եվ առհասարակ ոչնչացրեցին թուրքահայությունը: Անգլիան Թուրքիայի պաշտպանն է: Հիմա էլ` Ամերիկան, և միշտ էլ` Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան և ցարիզմը:

Տաթևը, Խնձորեսկը իմ երևակայությունից նվազ դուրս եկավ իրականության մեջ, բայց Շուշին գլեց- անցավ իմ երևակայությունից և ամեն տեսակ երևակայություններից:

Թուրքերը (տաճիկները) Բագուն ջարդելուց հետո, 11000 զինվորով մտան Ղարաբաղ, Զանգեզուրը ջարդելու: Բայց իրենք մեծ ջարդ կրեցին, ասում են, 3000 տաճիկ հազիվ են ազատվել: Հայերը լավ ջարդ տվին նրանց:

Դժոխք է Հայաստանը, դժոխք: Աղքատություն, հող, քար ու քարափ, անջուր, թուրք և այլն…
Խեղճ ժողովուրս, մեռնող ժողովուրդ…

Վայ ես ձեր տիրոջ, ես ձեր պետերի հերն կանիծեմ, էս ինչ օրի եք ձգել հայ ժողովրդին, ով թուրք, ով անգլիացի, ով գերմանացի, ով ֆրանսիացի… Վայ էն տանը, որ տան պստիկը պիտի կառավարե: Վայ էն քաղաքին, որի թագավորը մանուկ է: Վայ քեզ քաղաք, որ թագավորդ մանուկ է: Վայ քեզ տուն, որ քո պստիկն է կառավարում:

ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ

21 Հկտ

Իմ այս խելագար, խելագար կյանքում
Շատ է պատահում,
Որ հանկարծ կանգնում ու խորհում եմ ես…
Դու գիտե՞ս, գիտե՞ս,
Արդյոք, ու՞մ մասին:

. . .
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու,
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին
Ես սիրում եմ քեզ:

. . .
Ձեռնոցս էի հանում
Եւ հանկարծ
Ձեռքս կարկամեց:
Սրտիս վրայով
Մի հուշ գլորվեց:

. . .
Ուղիղ վեց տարի
Իմ հին գլխարկը
Ես հագնում էի
Ամեն, ամեն օր…
Սակայն անգամ այն ես կորցրեցի:

. . .
«Նա գալու է»,-ասացին ինձ:
Ես վաղ արթնացա:
Անհանգստացա,
Որ ավաղ, արդեն էլ թարմ չեն այնքան
Թևքերն իմ ճերմակ վերնաշապիկի:

. . .
«Տարաբախտ իմ սեր»,-
Ես շշնջում եմ ինքս ինձ համար:
Կեսգիշերն անց է:
Մարող կրակին
Ածուխ եմ լցնում:

. . .
Խոնավ շղարշով պարուրված աչքեր,
Այտին՝սև մի խալ:
Ահա ամենը, որ ես հիշում եմ,
Երբ որ աչքերիս առջև է գալիս
Կինը հեռավոր մի բարեկամիս:

. . .
Բավական է ես թույլ հոգոց հանեմ,
Եւ կրծքիս խորքից աղմուկ է ելնում,
Որը տխուր է անգամ
Աշնանային
Հողմի ձայներից:

Թարգմանությունը՝ Այդին Մորիկյանի

ՌՈԺԵ ԿԱԼՈՒԱ

21 Հկտ

Կործանման բերկրանքը

Վերջապես, ամենուր սպրդում է երկար պահվող կործանման բերկրանքը, առարկաները տձեւ-անճանաչելի դարձնելու հաճույքը, բժիշկներին հայտնի անպաշտպան բանը քրքրելու վավաշոտ-կատաղի ծարավը, մինչեւ որ այն վերածվի անհայտ ինչ-որ բանի բեկորների, մի խոսքով, ցանկացած ազատագրող բռնության, որը չի բավում մարդուն այն օրից, ինչ նա այլեւս զուրկ է խաղալիքներից, որոնք կարելի է ջարդել, երբ ձանձրանաս դրանցով խաղալուց: Կարելի է, իհարկե, տոնավաճառի ատրակցիոնների ժամանակ ափսեներ ջարդել, բայց դա սպանության վայելքի համեմատ խղճուկ հաճույք է: Մարդ ասես բարձրագույն հաճույք է ստանում իր նմաններին վերացնելիս: Երբեմն դրան տրվում են ուժասպառվելու աստիճանի, մինչեւ ուշակորույս լինելը, դա բացահայտ խոստովանում են եւ դրանով հպարտանում են:
Պատերազմը համակվում է ցասումով, եւ նա զգում է, թե ինչպես դարձյալ ձեռք է բերում իր իրավունքները: Նախնադարյան բնազդը, որը կեղծապատիր քաղաքակրթությունը հալածում է նրա հոգու խորքերը. «Այդ ժամանակ, ինչ-որ մոլեգին օրգիայի մեջ, իսկական մարդն իր ժուժկալության տեղը հանում է: Բնազդները, որոնք չափազանց երկար զսպում էր հասարակությունը, եւ նրա օրենքները, դարձյալ նրա համար դառնում են ինչ-որ կարեւոր, սրբազան, բարձրագույն արդարացում»:
Ինչպես ինցեստը՝ տոնի ժամանակ, սպանությունը՝ պատերազմի օրոք, կրոնական գործողություն է: Ինչպես ասում են, այն նման է մարդկային զոհաբերությանը եւ անմիջական օգուտ չունի: Հենց այդ պատճառով ժողովրդական գիտակցությունն այն տարբերում է հանցավոր սպանությունից: Միեւնույն օրենքը ռազմիկից պահանջում է զոհել իր կյանքը եւ կարգադրում է նրան սպանել թշնամուն: Զուր են պատերազմի կանոնները ջանում վերածել այն վսեմ խաղի, ինչ-որ դուելի պես մի բանի, որտեղ բռնության սահմանները ազնվությունն ու քաղաքավարությունն են: Ամենակարեւորը, միեւնույն է, մնում է մորթը: Հմտությունը, միեւնույն է, այն է, որպեսզի թշնամուն հարմարությամբ վերացնես, ինչպես թռչունը որսի ժամանակ, եթե կարելի է` սպանես նրան, երբ նա քնած է ու անզեն: Լավ գեներալը նա է, ով զուր չի վտանգում զինվորների կյանքը: Այդ պատճառով որոշ մտածողներ ենթադրում էին, որ ժամանակակից պատերազմը, որտեղ չեն խնայում խաղաղ բնակչությանը, եւ մեծ քաղաքները թիրախ են ծառայում հակառակորդի ամենամահաբեր հարվածների համար (դրանց հեշտ է խփելը, եւ վնասը, երեւի թե, մեծ կլինի), եւ հենց այն ամենից շատ է համապատասխանում պատերազմի էությանը: Ճշմարիտ ռազմիկը համաձայն է ասպետական կոդեքսի վերացմանը, որը նախկինում մարտերը վերածում էր մեծ մրցախաղերի: Որոշ մարդկանց սրտով է, որ այդ տոնի ժամանակ ավելի ու ավելի քիչ է պատարագը, եւ առավել շատ է օրգիան եւ ամենաթողությունը:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

21 Հկտ

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնոծը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ հողածին:

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

21 Հկտ


… Գիշերային լռության մեջ, ծառի բարձր ճյուղերի արանքից մի աստղ երևաց, ապա դանդաղ թաքնվեց տերևի հետևում, մինչ ես` հայացքս շրջելով տեսա, թե ինչպես խոր երկնքում գետի նման լուռ հոսելով հայտնվեց Հարդագողի ճանապարհի արևակն վճիտությունը` Սանտյագոյի ճանապարհը, ինչպես գյուղում էին անվանում: Քունը վանվում էր, գիշերը բնակեցվում էր պապիս անվերջանալի պատմություններով ու հետաքրքրաշարժ դեպքերով` լեգենդներ, տեսիլքներ, սարսափներ, զարմանահրաշ դեպքեր, մահացած մարդիկ, ծեծ ու կռիվ փայտով և քարով, մեր նախնիների խոսքերը. հուշերի անդուլ հոսք, որ ինձ արթուն էր պահում և մեղմորեն օրորում: Այդպես էլ գլխի չէի ընկնում` լռո՞ւմ էր, երբ զգում էր, որ արդեն քնած եմ, թե՞ շարունակում էր խոսել, որպեսզի անպատասխան չմնար հարցս` «Հետո ի՞նչ եղավ», որ անպատճառ տալիս էի երբեմն ձգվող դադարների պահին, դադարներ, որ հատուկ նպատակ ունեին: Գուցե մտքում կրկնում էր պատմությունները, որպեսզի չմոռանար կամ էլ նոր մանրամասներով էր հարստացնում: Իմ այդ տարիքում, ինչպես բոլորը` ինչ որ պահի, անկասկած չէի երևակայում, թե Ջերոմինո պապս աշխարհի բոլոր իմաստնությունների շտեմարանն էր: Երբ լույսի առաջին շողերի հետ ծտերի ծլվլոցն արթնացնում էր ինձ, պապս վաղուց կողքս չէր , անասունների ուղեկցությամբ արոտ էր գնացել` թողնելով, որ քունս առնեմ: Եվ ես վեր էի կենում, փաթաթվում էի կոշտ ծածկոցով և ոտաբոբիկ (գյուղում միշտ ոտաբոբիկ էի, մինչև տասնչորսս լրանալը), մազերիս մեջ ծղոտի ծվեններ, բակի փորված մասով տան հակառակ կողմն էի անցնում, որտեղ խոզաբունն էր: Տատս, որ պապիցս առաջ արդեն ոտքի էր, առաջս էր դնում սուրճի թասը` մեջը հացի կտորներ և հարցնում էր, թե ինչպես եմ քնել: Եթե ասեի, որ պապիս պատմությունների պատճառով վատ երազ եմ տեսել, կփորձեր հանգստացնել. «Բանի տեղ մի դիր, երազները լուրջ չեն»: Այդ տարիներին կարծում էի, որ չնայած տատս չափից ավելի խելացի էր, այնուամենայնիվ անկարող էր հասնել այն բարձունքներին, որ նվաճել էր պապս, մարդ, ով թզենու ստվերում պառկած, կողքը` Ջոզե թոռնիկը, ընդամենը մի քանի բառ արտաբերելով` շարժման մեջ էր դնում տիեզերքը: Միայն տարիներ անց, երբ պապս արդեն հրաժեշտ էր տվել աշխարհին, իսկ ես տարիք էի առել, ի վերջո հասկացա, որ տատս, իրականում, նույնպես հավատում էր երազներին: Այլապես պատճառ չկար, որ իր խրճիթի դիմաց նստած, որտեղ ապրում էր միայնակ, երկնքի մեծ ու փոքր աստղերին նայելով` ասեր. «Աշխարհն այնքան գեղեցիկ է, և այնպես եմ ափսոսում, որ մեռնելու եմ»: Չասաց, թե վախենում է մահից, այլ ափսոսում է, կարծես ծանր աշխատանքով անցած տառապալից կյանքն իր մոտալուտ ավարտի պահին վերին և վերջին շնորհն ստանալով` քողազերծում էր գեղեցկության սփոփանքը: Նստել էր այն դռան դիմաց, որի նմանը աշխարհում չեմ տեսել, քանի որ դրա հետևում ապրում էին մարդիկ, որ կարող էին քնել խոճկորների հետ` ինչպես սեփական երեխաների, մարդիկ, որ ափսոսում էին կյանքից հեռանալ միայն մեկ պատճառով, որ այն գեղեցիկ էր, և Ջերոնիմոն` պապս, խոզապահը և պատմություններ անողը, կանխազգալով, որ մահն արդեն ժամանել է իր հետևից, գնաց և հրաժեշտ տվեց բակի ծառերին, հերթով, մեկ առ մեկ, գրկելով և լաց լինելով, քանզի գիտեր, որ նրանց այլևս չի տեսնելու:

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

21 Հկտ

Հանճարեղ հրաձիգը

Մարդիկ արյունակցական կապերին, թերեւս, չափազանց մեծ նշանակություն են տալիս: Պեդրո Էնրիկես Ուրենյան տարիներ առաջ պատմում էր ինձ, որ Եթովպիայում քննարկվում էր ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի, ում նախապապը ծնունդով խափշիկ էր, հուշարձանի նախագիծը: Պուշկինի գրեթե պաշտոնական պաշտամունքը Ռուսաստանում նրա հեռավոր ցեղակիցների համար մատչելի դարձրեց «Եվգենի Օնեգինի» անմահ նորարարական յամբով հիանալը` առանց գրական թարգմանության միջնորդության:
Ճիշտ է, Կարլ Գուստավ Յունգը պնդում էր, որ գոյություն ունի բնապատկերի եւ այլացեղ բնակչության ազդեցությունն անձի վրա: Ինչպես նա գրում է ամերիկացիների մասին` «Մարմինն արձագանքում է Ամերիկային, իսկ հոգին` Աֆրիկային»: Շատ ու շատ Պուշկին ուսումնասիրողներ փորձել են բացահայտել, թե ինչում է դրսեւորվել նրա աֆրիկյան նախնիների ազդեցությունը: Մեծամասնությունը հանգեց այն բանին, որ նա նրանց է պարտական իր տաքարյունությամբ եւ սիրային բազում հաղթանակներով:Սակայն այդպիսի հետեւությունը ոչ միայն տափակ է, այլեւ անստույգ: Իշխան Վյազեմսկու եւ մարկիզ դը Կյուստինի գրառումների համաձայն` ռուս հասարակության բարձր խավերի բարքերը Պուշկինի ժամանակ մնում էին համարյա նույնքան ազատ, ինչպես եկատերինյան բարոկկոյի տարիներին: Ինչո՞վ կառանձնանար Պուշկինը մյուս ազնվականներից, եթե բարձր վարչական դիրք չգրավեր: Սակայն չի կարելի մշտապես լինել «Ոսկե երիտասարդության» մեջ, եւ Պուշկինի լիովին ռուսական չարաճճիությունները փոխարինվում են նույնքան «ազգային» ամուր ընտանեկան կապերով, ընտանեկան բարօրության ամրապնդման հոգսերով: Այդ դեպքում ո՞ւր կորավ նրա հաբեշական արյունը:Վատիկանի գրադարանի գլխավոր գրապահի սիրալիրության շնորհիվ ձեռքիս տակ է մի ձեռագրի պատճենը, որը հայտնի Մոդզալեւսկին թվագրել է 1840-ականների առաջին կեսով, սակայն կեղծիք էր համարում:
Իրոք, Պուշկինի մենամարտին նվիրված վիթխարի գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա, որ նրա մարտավկա Դանզասը Գիտությունների ակադեմիայի համար ճակատագրական մենամարտի «իսկական» նկարագրությունն արտացոլող զմռսած ծրարով գրություն է թողել: Այդուհանդերձ, ես հակված եմ համաձայնելու Ռոման Յակոբսոնի այն կարծիքին, որ «կեղծ Դանզասի» գրությունը կազմել է Դանզասի, իսկ թերեւս, նաեւ հենց Պուշկինի մերձակա շրջապատին իրազեկ մի մարդ:
Ահա այդ գրության ամենաուշագրավ հատվածը. «Ես սնապաշտ եմ, բայց այս անգամ, չգիտես ինչու, չէի կասկածում մենամարտի ելքին: Ա. Ս. Պուշկինը ինձ հայտնի էր որպես գերազանց հրաձիգ: Կար եւս մի հանգամանք, որն ինձ վստահություն էր ներշնչում, վերջին ժամանակներս նա սկսել էր տառապել չափազանց հեռատեսությամբ, այնպես որ ընթերցելիս եւ նամակ գրելիս հարկադրված էր ակնոց կրել, ինչից ամաչում էր եւ նույնիսկ իր առանձնասենյակում այն թաքցնում էր հետաքրքրասեր այցելուներից: Մի խոսքով, ես վստահ էի, որ եթե նրան վիճակված լիներ կրակել ատելի հակառակորդի վրա, նա չէր վրիպի:
Սկսեցին մոտենալ: Ես նկատեցի, որ պարոն Դանտեսի ձեռքերը դողում են, դեմքն ուռած է, եւ այդ ամենից երեւում էր, որ նա հախուռնորեն է անցկացրել նախորդ երեկոն, իսկ, թերեւս, նաեւ գիշերը: Դա մենամարտի լավագույն հաղթաթուղթը չէր:
Դանտեսը կրակեց. այդպես էլ կա, գնդակը թռավ-անցավ Ա.Ս.-ի գլխից գրեթե մեկ արշին բարձրությամբ եւ թշշալով խրվեց ձյան մեջ: Ա. Խ.-ն չարախնդորեն ժպտաց, այնուհետեւ նրա գունատ դեմքը լարվեց, նա կրակեց: Դանտեսը ցած գլորվեց, բայց անմիջապես ոտքի կանգնեց: Ճակատագիրը կամեցավ, որ հեծելազորային համազգեստը զարդարող բազմաթիվ կոճակներից մեկը փրկի նրա անիմաստ կյանքը:Դանտեսը, սեթեւեթ ժպտալով, ձեռքը մեկնեց Պուշկինին, սակայն նա նզովելով՝ վայր նետեց ատրճանակն ու վազեց դեպի իր կառքը: Մենք բռնեցինք ետդարձի ուղին, ես ընթանում էի Ա. Ս.-ի կառքի ետեւից: Երբ անցանք ուղեկալը, ինձ թվաց, որ Պուշկինի կառքում կրակոց հնչեց: Ես մտածեցի, թե հողաթմբին բախվելով՝ կառքը ճռնչաց: Մենք կանգ առանք Ա.Ս.-ի տան մոտ: Կառքից դուրս գալիս նա հապաղում էր: Կամենալով օգնել նրան՝ ես մոտեցա: Պուշկինի դեմքը մարմարից էլ դժգույն էր, որովայնին սեղմած ձեռքն արնաշաղախ էր, ոտքերի տակ ընկած էր անգլիական արտադրության գրպանի ատրճանակը: «Ասա նրանց, որ սա Դանտեսն արեց»,- կամացուկ շշնջաց նա:
Ես այդպես էլ արեցի:
Սակայն, ակներեւաբար, պարոն Դանտեսը միանգամից չկռահեց առիթն օգտագործել` մենամարտողի իր փառքն ամրապնդելու համար: Այսպես թե այնպես, բայց մենամարտի իսկական ելքը եւ Ա.Ս.-ի ճակատագրականորեն վիրավորվելու պատճառը հայտնի դարձան կայսրին եւ, որ ավելի վատ է, Սրբազան սինոդին:
Միայն հանգուցյալի ազդեցիկ բարեկամների միջամտությամբ եւ կոմս Ա.Խ. Բենկենդորֆի միջամտության շնորհիվ հաջողվեց երեցներին համոզել, որ թույլատրեն Պուշկինին ոչ թե որպես ինքնասպանի թաղելու եկեղեցու ճաղաշարից դուրս, ինչպես պնդում էին նրա կղերական թշնամիները, այլ՝ որպես բարի ուղղափառի: Գիշերը, գրեթե գաղտնի, նրա մարմինը փոխադրվեց պսկովյան կալվածք եւ թաղվեց Սվյատոգորսկի վանքում»:
Կարելի է հասկանալ Պուշկինի հուսահատությունը, երբ ինքը ծիծաղի առարկա էր դարձել այն պատճառով, որ սպա Դանտեսը սիրահետում էր իր կնոջը եւ լուրեր ու բամբասանքներ էր տարածում, եւ ինքը հիմար պատահականության հետեւանքով չկարողացավ իր անարգանքը սրբել իրեն վիրավորողի արյունով: Նա պատկերացնում էր իր կրքերը փոթորկող պաթոսին հավասարապես համապատասխանող երկու ելք` սպանել կամ սպանվել: Սակայն նախախնամությունը չկամեցավ մատուցել ակնկալվող նշանը կամ էլ մատուցեց բնավ ոչ այն, ինչը Պուշկինը պատրաստ էր հնազանդորեն ընդունելու:Եվ այդժամ իր գրական հերոսների ճակատագրերը կերտողը վճռեց շտկել Արարչի կամքը եւ վսեմ ողբերգության օրենքների համաձայն՝ մենամարտի ելքը փոխել նույնիսկ մահացու մեղքով` իր հոգին ծանրաբեռնելու գնով: Այդ վերջին մոլեգին հուսաբեկության եւ ճակատագրական պոռթկման մեջ ի հայտ չեկա՞վ արդյոք իր աֆրիկյան նախնիների արյան հրայրքը:

Թարգմանիչ` Վ. Ֆերեշեթյան

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

21 Հկտ

… Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում, նրանք կքնեն ամբողջ ձմեռը, քանի նրանց հետ միասին քնած կլինի հողը: Բայց գարնանն անձրև կգա, հողը վերստին կկենդանանա: Հարավի քամին մեղմ կփչի սարի լանջին: Սևաթույր ծառերը կյանք կառնեն, կերևան փոքրի կանաչ տերևները, կծաղկեն խնձորեինիները Խարամայի ափին: Գարնանը մեռելները կզգան հողի վերակենդանացումը:Մեր մեռելները հիմա իսպանական հողի մասնիկներն են դարձել, իսկ իսպանական հողը երբեք չի մեռնի: Ամեն ձմեռ կթվա, որ մեռնում է, և ամեն գարուն կվերակենդանանա: Մեր մեռելները հավիտյան կապրեն նրա հետ: Ինչպես որ հողը երբեք չի մեռնի, այնպես էլ նրանք, ովքեր երբևէ ազատ են եղել, ստրուկ չեն դառնա: Գյուղացիները, որոնք մշակում են այն հողը, որտեղ թաղված են մեր մեռելները, գիտեն, թե հանուն ինչի ընկան նրանք: Պատերազմի ընթացքում բավական ժամանակ կար, որ նրանք այս ամենը հասկանային և այսուհետև միշտ կհիշեն:

* * *
— Դու շատ քաջ ես: Քաջերին դժվար է ծնկի բերել:
— Բայց նրանք էլ են մեռնում:
— Միայն մի անգամ:
— Մի՞թե: Ո՞վ է ասել:
— Որ վախկոտը հազար անգամ է մեռնում, իսկ քաջը մե՞կ:
— Այո: Բայց ո՞վ է ասել:
— Չգիտեմ:
— Երևի ասողը ինքը վախկոտ է եղել: Շատ բան է իմացել վախկոտների մասին, բայց քաջերի մասին` ոչինչ: Եթե քաջը նաև խելացի է, գուցե և երկու հազար անգամ է մեռնում: Միայն թե չի պատմում:
— Չգիտեմ: Դժվար է քաջերի հոգին կարդալ:
— Այո: Հենց դրանով են նրանք ուժեղ:
— Գիտակի պես ես խոսում:
— Այո, ճիշտ ես, սիրելիս: Այս անգամ արժանի էի գովեստիդ:
— Դու քաջ ես:
— Ոչ,- ասաց նա,- բայց ուզում եմ լինել:

վեպից

ԳԵՈՐԳ ԹՐԱԿԼ

21 Հկտ

ՌՈՄԱՆՍ ԳԻՇԵՐՎԱՆ

Աստղերի վրան. մի մենակյաց
Գնում է` իր մեջ քաշված անբառ:
Տղան զարթնել է երազից չար`
Գորշ լուսնյակի մեջ դեմքը սուզած:

Խելագար մի կին, լացը նրա
Պատուհանի մոտ` չռված մի աչք:
Սիրահարներն են ձգվում հրաշք
Մի ընթացությամբ լճի վրա:

Հարբած մարդասպան, ծիծաղի ձայն:
Հիվանդին մահվան դողն է պատում:
Եվ միանձնուհին է աղոթում`
Չարչարանաց դեմ խաչելության:

Մայրն է լուռ երգում` աչքերը գոց:
Մանկան հայացքը հաշտ` գիշերվամ,-
Աչքերով` արդար միանգամայն:
Պոռնիկի խցում` մի հռհռոց:

Ճարպամոմի տակ, ցածի որջում
Մեռյալը, ճերմակ, հեգնաշշուկ
Մի լռություն է պատին քաշում:
Խոսում է ննջածն ու մրմնջում:

Թարգմանությունը` Հակոբ Մովսեսի