Պահոց | 11:32 ե.

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

25 Հկտ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հուշարձանները, բացի այն բանից, որ չգիտես` հուշարձան պիտի ասես, թե հուշարՑան, զանազան այլ հատկություններ էլ ունեն: Դրանցից ամենակարևորը կարող է փոքր-ինչ հակասական թվալ: Հուշարձաններում ամենաապշեցուցիչն ու աչք ծակողն այն է, որ նրանց երբեք չես նկատում: Աշխարհում չկա ոչինչ, որ այնքան անտեսանելի լինի, որքան հուշարձանները: Եվ սակայն անկասկած է, որ նրանք կանգնեցվում են տեսանելի դառնալու, դեռ ավելին` մինչև իսկ ուշադրությունն իրենց կողմը գրավելու նպատակով: Սակայն միևնույն ժամանակ, շնորհիվ ինչ-ինչ հատկանիշների` նրանք մի այնպիսի բան ունեն, որ հակոտյան է ուշադրություն գրավելուն, և այդ ուշադրություն կոչվածը, ինչպես ջրի կաթիլը` յուղածածկույթի վրա, սահում է նրանց վրայով առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու: Մարդ կարող է ամիսներ շարունակ միևնույն փողոցով անցուդարձ անել և ճանաչել իր ճամփին հանդիպող յուրաքանչյուր տան համարը, ցուցափեղկում դրված նմուշօրինակները, անգամ ոստիկանին, շատերի ուշադրությունից կարող է չվրիպել նույնիսկ մայթին ընկած տասանոց գրոշը, և սակայն ամեն անգամ ակամայից անակնկալի է գալիս, երբ օրերից մի օր էլ, առաջին հարկի մի շատ հրապուրիչ աղախնին աչքը տնկած միջոցին, նրա հենց կողքին բոլորովին էլ ոչ փոքր մետաղյա մի ցուցասալիկ է հայտնաբերում, որին անջնջելի տառերով փորագրված է այն միտքը, որ այստեղ ահա, հազար ութ հարյուր այսուայսքանից մինչև հազար ութ հարյուր այսքանն ու մի բան էլ դենը ապրել և ստեղծագործել է արժանահիշատակ Այսևոչայնմեկը:Դա հավասարապես վերաբերում է բոլոր այն մարդկանց, ում պատվին վեր խոյացող հավերժահիշատակ կոթողները ցայսօր դեռ կանգուն են մնում: Հարկ է լինում ամեն օր նրանց շրջանցել, կարելի է նույնիսկ գետնախարիսխ հիշեցնող նրանց պատվանդանը որպես պահապան կղզի կամ պաշտպանական ամպհովանի օգտագործել, լինում է, որ նրանք որպես կողմնացույց կամ տարածաչափ են ծառայում, երբ քեզ քաջածանոթ վայրն ես ձգտում հասնել, երբեմն էլ նրանց որպես ծառ ես ընկալում կամ փողոցային ետնաբեմի անհրաժեշտ բաղադրամաս, և պետք է որ մի ակնթարթի չափ միայն շվարած կանգնած մնաս, երբ մի գեղեցիկ առավոտ նրանց բացակայելիս ես տեսնում, բայց նրանց երբեք չես էլ նայում և նույնիսկ դյուզն ինչ պատկերացում չունես, թե ու՞մ են նրանք պատկերում, թերևս միայն այն, որ գլխի ես ընկնում` դիմացինդ տղամարդ է, թե՞ կին…

Թարգմ. Ա. Ալեքսանյան

ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

25 Հկտ

… Դիտարկելով, թե ինչ դժվար է պահպանել իշխանությունը նվաճված պետությունում, զարմանալ կարելի է` ինչո՞ւ Ալեքսանդր Մեծի ամբողջ կայսրությունը, երբ նա ընդամենը մի քանի տարում նվաճեց Ասիան ու արագ մահացավ, հակառակ սպասումների ոչ միայն չտրոհվեց, այլև խաղաղ անցավ նրա ժառանգորդներին, որոնք կառավարման ընթացքում չունեցան այլ հոգսեր, բացի նրանցից, որ ստեղծում էին իրենց փառասիրությամբ: Միանձնյա կառավարվող բոլոր պետությունները, որ մնացել են մարդկանց հիշողության մեջ, բաժանվում են այնպիսիների, որտեղ տիրակալն իշխում է հպատակներով շրջապատված, որոնք նրա բարեհաճությամբ ու կամքով նշանակված են բարձր պաշտոնների և օգնում են նրան կառավարելու, և այնպիսիների, որտեղ տիրակալը կառավարում է բարոններով շրջապատված, որոնք իշխում են ոչ թե տիրակալի բարիկամեցողությամբ, այլ շնորհիվ իրենց տոհմի վաղեմության: Այդ բարոններն ունեն ժառանգված պետություններ ու հպատակներ, որոնք ճանաչում են նրանց իշխանությունը և բնական կապվածություն ունեն նրանց հետ: Այնտեղ, ուր տիրակալն իշխում է հպատակների միջոցով, մեծ իշխանություն ունի, քանի որ ամբողջ երկրում հպատակները գիտեն միայն մի տիրակալի, եթե ենթարկվում են նրա հպատակներին, միայն իբրև աստիճանավորների ու պաշտոնատար անձանց` նրանց նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չունենալով:
Կառավարման տարատեսակ ձևերի օրինակն են մեր օրերում թուրքական սուլթանը և ֆրանսիական թագավորը: Թուրքական միապետությունը ենթարկվում է մեկ տիրակալի, պետության մեջ բոլորը նրա ծառաներն են, երկիրը բաժանված է շրջանների` սանջակների, որտեղ սուլթանը նշանակում է իր տեղապահներին, որոնց փոխում ու տեղափոխում է, ինչպես ցանկանում է: Ֆրանսիայի թագավորը, հակառակը, շրջապատված է բազում տոհմիկ ազնվականներով, որոնց ընդունում ու սիրում են իրենց հպատակները, որոնք ունեն այնպիսի արտոնություններ, որոնցից նույնիսկ թագավորը չի կարող անպատիժ զրկել:
Եթե համեմատենք այս պետությունները, կտեսնենք, որ սուլթանի միապետությունը դժվար է նվաճել, բայց նվաճելուց հետո հեշտ է պահպանել, և հակառակը` Ֆրանսիայի պես պետությունը հայտնի իմաստով հեշտ է նվաճել, բայց պահպանել իշխանությունը չափազանց դժվար է: Սուլթանի պետությունը հեշտ չէ նվաճել, որովհետև նվաճողը չի կարող հույս ունենալ, որ իրեն կկանչի որևէ տեղական իշխան, կամ սուլթանի մերձավորների դավադրությունը կհեշտացնի իշխանությունը նվաճելը: Սուլթանի մերձավորները նրա ստրուկներն են և քանի որ ամեն ինչով պարտական են նրա ողորմածությանը, նրանց ավելի դժվար է կաշառել, բայց կաշառված ստրուկներից էլ շատ քիչ է օգուտը, քանի որ նշված պատճառներով նրանք չեն կարող իրենց հետևից տանել ժողովրդին: Հետևաբար, ով հարձակվում է սուլթանի վրա, պետք է հաշվի առնի, որ հանդիպելու է միակամ դիմադրության և ավելի շատ հենվի իր ուժերի, քան թե այլոց տարաձայնությունների վրա: Բայց եթե սուլթանը հաղթված է, և նրա զորքը գլխովին ջախջախված է, նվաճողը պիտի զգուշանա միայն սուլթանի արյունակից հարազատներից: Եթե նրանք էլ ոչնչացված են, կարելի է ոչ մեկից չվախենալ, քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող իր հետևից տանել հպատակներին: Եվ ինչպես մինչև հաղթանակը իմաստ չուներ հույս դնել ժողովրդի աջակցության վրա, այնպես էլ հաղթանակից հետո պետք չէ ժողովրդից զգուշանալ:
Այլ է վիճակը Ֆրանսիայի պես պետություններում։ Այնտեղ դժվար չէ թափանցել` բարոններից որևէ մեկի հետ դավադրելով. նրանց մեջ միշտ կգտնվեն դժգոհներ և փոփոխությունների ցանկություն ունեցողներ: Նրանք կարող են ապահովել նվաճողի մուտքը երկիր և հեշտացնել հաղթանակը: Բայց պահպանել այդպիսի երկիրը դժվար է, քանի որ վտանգի սպառնալիք կա և՛ նրանց կողմից, ովքեր քեզ օգնել են, և՛ նրանց կողմից, ում դու նվաճել ես: Այստեղ արդեն բավական չէ ոչնչացնել տիրակալի տոհմը, քանի որ միշտ կգտնվեն բարոններ, որոնք պատրաստ են գլխավորելու նոր դավադրությունը, և քանի որ ո՛չ բավարարել նրանց հավակնությունները, ո՛չ գլխատել նրանց դու չես կարող, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք քեզ կիշխանազրկեն:
Դարեհի պետությունը նման է սուլթանի տերությանը, այդ պատճառով էլ Ալեքսանդրը պետք է կործաներ նրանց մի հարվածով` ջախջախելով Դարեհի զորքը բաց ճակատամարտում: Բայց այդպիսի հաղթանակից ու Դարեհի զոհվելուց հետո նա կարող էր չզգուշանալ իր իշխանության հաստատունության համար: Եվ նրա ժառանգորդները կարող էին իշխել խնդիրներ չունենալով, եթե փոխադարձ համաձայնության մեջ ապրեին, երբեք նրանց պետություններում չէին ծագի այլ խռովություններ, բացի նրանցից, որ սերմանում էին հենց իրենք:
Ֆրանսիայի պես կառուցվածք ունեցող պետություններում տիրակալը չի կարող այդքան հանգիստ կառավարել: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, որտեղ կային մանրիկ իշխանիկներ, անընդհատ խռովություններ էին ծագում հռոմեացիների դեմ: Քանի դեռ հիշվում էր նախկին կառուցվածքը, Հռոմի իշխանությունը հաստատուն չէր, բայց ինչքան մոռացվում էր, հռոմեացիները, շնորհիվ իրենց հզորության ու պետականության երկարատևության, առավել հաստատուն էին դարձնում իրենց իշխանությունն այդ երկրներում:Երբ հռոմեացիները պատերազմում էին միմյանց դեմ, հակառակորդներից յուրաքանչյուրը պայքարի մեջ էր ներգրավում այն նահանգները, որտեղ ավելի խոր արմատներ ուներ: Եվ տեղացի բնակչությունը, ում վաղեմի տիրակալները ոչնչացված էին, հռոմեականից բացի, այլ իշխանություն չէր ընդունում: Եթե այս ամենը հաշվի առնենք, կհասկանանք` ինչո՞ւ Ալեքսանդրը հեշտությամբ պահպանեց ասիական տերությունը, մինչդեռ Պյուռոսից և շատ ուրիշներից վիթխարի ջանքեր էին պահանջվում` իրենց գրաված երկրները պահպանելու համար: Պատճառը հաղթողի մեծ կամ փոքր խիզախությունը չէ, այլ նվաճված պետության պետական կառուցվածքը:

ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ

25 Հկտ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գիշերով սպասուհու սենյակը մի մտեք

Եթե ամուսնացած եք, համոզված եղեք, որ ոչ մի կին չի ների, եթե գիշերով մտնեք իր սպասուհու սենյակը: Եթե չմտնելն անկարելի է, աշխատեք ձեռքի տակ ունենալ արդարանալու զորեղ փաստարկներ, թեեւ կանայք թքած ունեն այդ փաստարկների վրա: Ասել, թե գնացել էիք սպասուհուն ստուգելու` հիմարություն է: Ասել, թե շփոթել էիք սենյակները` ապուշություն է: Ասել, թե դուք լուսնոտ եք` կատարյալ էշություն է: Ամենախելամիտ արդարացումն, իմ կարծիքով, անկեղծ խոստովանությունն է:

Աշխարհին մի երեւացեք թթված ու ընկճված դեմքով

Եթե մենք բոլորս հիշեինք այս պատվիրանը, լուսանկարիչները հարկադրված չէին լինի վերստին հիշեցնել, որ հարկավոր է ժպտալ: Եկեք չմոռանանք, որ ավելի սարսափելի բան չկա, քան դժբախտության ժամին տխրելն ու հառաչելը: Եթե կինդ փախչում է ուրիշի հետ, հիշիր աշխարհիս ուրախություններն ու հրճվիր: Եթե զրկվում ես ունեցվածքիցդ, ամբողջ ձայնով ծիծաղիր ու փառք տուր Աստծուն: Եթե քեզ տանում են կախաղան հանելու, քահանային անեկդոտ պատմիր ու քեզ պահիր հարեմ մտնող սուլթանի պես:

Զայրույթի պահին վճիռ մի ընդունիր

Կան մարդիկ, որոնք հեշտորեն են զայրանում: Ամեն մեկին տրված չէ զայրույթը զսպել, երբ երրորդ հարկից ծաղկաման է ընկնում գլխին կամ երբ լվացքաջուր են շփում երեսին: Հիշեք, որ նույն պահին հատուցելու ցանկությունը հաճախ պսակվում է պարտությամբ, մանավանդ, եթե գերագնահատում եք ձեր ուժերը: Կարող է պատահել, օրինակ, որ ձեր ոտքը տրորի ինչ-որ բռնցքամարտիկ:Եթե դուք անհավասարակշիռ մարդ եք եւ փորձում եք նույն պահին վրեժ լուծել, այս աշխարհում ձեզանից մնում է անմարմին հուշ միայն: Ժամանակին բռնիր քո ձեռքը եւ մի լինիր հիշաչար: Մի գոռա, թե ես կսպանեմ դրան , մի փորձիր նախապատրաստվել այդ սպանությանը: Միշտ հիշիր, որ մեր արդարադատության ու անվտանգության օրգանները զարգացման այն աստիճանին են հասել, որ քեզ կարող են բանտարկել անգամ թաքուն մտքերի համար…

ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

25 Հկտ

Մինիստրներից մեկը մի օգնական ուներ, որ փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր մինիստրի մոտ, վերջինս ասում է.
— Ես գոհ չեմ ձեզնից և այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:
Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
— Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
— Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է մինիստրը:
— Հապա էլ ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետև ծառայել ձեզ:
— Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է մինիստրը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանանք ինձ: Հենց այդ պատճառով էլ ես այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:

* * *
Գիտնական Չժուանցզին շատ աղքատ է լինում: Մի անգամ քնից արթնանալով` նա տեսնում է, որ մի բուռ բրինձ անգամ չկա տանը: Նա սոված գնում է հարևան կալվածատիրոջ մոտ և պարտք խնդրում նրանից մեկ լյան արծաթ: Սակայն ժլատ կալվածատերը դողում է իր փողերի վրա և ամեն կերպ աշխատում է չբաժանվել դրանցից: Նա գիտնականին ասում է.
— Ինչքա՞ն ժամանակ կարող է բավականացնել ձեզ մեկ լյանը: Եկեք մի ամսից հետո, ես ձեզ կտամ երեսուն լյան: Այն ժամանակ դուք կարող եք ավելի երկար ապրել առանց կարիքի: Տեսնում եք, թե որքան բարի եմ ես. Դուք խնդրում եք ընդամենը մեկ լյան, իսկ ես տալիս եմ երեսուն…
Չժուանցզին պատասխանում է.
-Ձեզ մոտ գալիս` ճանապարհին ցամաքած առվակում ես մի ձուկ տեսա: Նա շնչասպառ էր լինում և աղաչում էր ինձ` մոտակա ջրհորից երկու-երեք դույլ ջուր լցնել իր վրա: Ես ասացի նրան.
— Ի՞նչ պիտի անի քեզ երկու- երեք դույլ ջուրը: Սպասիր մի շաբաթ, ես ազատ ժամանակ կունենամ և ցամաքած առվակը կլցնեմ զուլալ, սառնորակ ջրով:
Ձուկը բացականչեց.
— Այս րոպեիս ջրհորի երկու- երեք դույլ ջուրը կփրկի ինձ մահից, իսկ մի շաբաթ հետո բոլոր օվկիանոսների ջրերը չեն կարողանա կենդանացնել ինձ:
— Ինչի՞ համար եք պատմում դա,- հարցնում է կալվածատերը:
— Նրա համար, — պատասխանում է գիտնականը,- որպեսզի ձեզ պարզ լինի, որ պետք է օգնել կենդանի մարդկանց, ոչ թե մեռածներին:

Թարգմ. Հ. Չոլախյան

Աստրախան. Աստանայի նախերգանքը՞

25 Հկտ

Չորս ամիս առաջ Ադրբեջանի նախագահը Հայաստանին սպառնաց, որ եթե վերջնական համաձայնություն ձեռք չբերվի, այդ դեպքում Բաքուն հայերի հետ կխոսի ուրիշ լեզվով: Այդ լեզուն թերևս Չայլուի դիվերսիոն գործողությունն էր, որ իրականացվեց այն բանից հետո, երբ Ալիևը խիստ դժգոհ վերադարձավ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից: Իսկ այժմ հայտնի է դառնում, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Առայժմ քիչ բան է ասվում հանդիպման օրակարգի մասին, սակայն երկու հանգամանք արդեն իսկ ակնհայտ են: Նախ, Ալիևի վերադարձը հին տաշտակի առաջ ամենապերճախոս վկայությունն է այն բանի, որ ռազմաշունչ հռետորաբանությունը օճառի պղպջակի արժեք ունեցավ: Եվ երկրորդ, Մոսկվան շարունակում է հետևողական լինել իր միջնորդական պարտավորությունների հարցում առավել չափով, քան Մինսկի խմբի անդամ մեկ այլ երկիր:
Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ Աստրախանից կողմերն առանձնապես մեծ սպասելիքներ ու նոր զարգացումների ակնկալիքներ չունեն: Նույնիսկ քիչ հավանական է համարվում, որ այնտեղ նրանց թարմ առաջարկներ արվեն կամ փաստաթղթեր ստորագրվեն: Ամեն դեպքում, դրա համար հիմքեր կարծես թե չկան: Դիրքորոշումներն այքան հակադիր ու ծայրահեղ են, որ միջնորդներից այդ պահին կպահանջվի ոչ այնքան գործնական ծրագրերի արծարծում, որքան քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտի ձևավորում:
Այդ դեպքում ո՞րն է երկխուսության հրավերի իմաստը, ինչու՞ է Մոսկվան նախաձեռնել արդեն իսկ դատապարտված եռակողմ տեսակցությունը: Եթե ներկա իրավիճակը համեմատելու լինենք Սոչիի հունվարյան և Պետերբուրգի հունիսյան հանդիպումներին նախորդած իրավիճակների հետ (ընդհանուր առմամբ, Ս. Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո այս մեկն արդեն հիշատակված ձևաչափով 7-րդ հանդիպումը կլինի), ապա անժխտելի է, որ ժամանակի ընտրությունը լավագույնը չէ: Սակայն հենց այստեղ էլ պիտի փնտրել բոլոր հարցերի պատասխանը: Փաստորեն Աստրախանում կայանալիք հանդիպումը առաջընթաց պիտի համարել թեկուզ նրա համար, որ բանակցությունները կշարունակվեն, չեն հայտնվի անելանելի փակուղում: Վերջին շրջանի լարվածությունը չէր կարող չանհանգստացնել ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ոչ գերտերություններին: Եվ նրանք այժմ մի տեսակ փորձում են փրկել գործընթացի խորտակվող նավը։ Իսկ Մոսկվան այս հանդիպումը համաձայնեցրեց միջնորդների հետ: Անկասկած, Մեդվեդևը հասկանում է, որ այժմ հռչակագրեր հրապարակելու պահը չի, լավագույն դեպքում կողմերին կարելի է ներկայացնել որևէ կամ նմանօրինակ մի բան: Իսկ մեծ հաշվով Աստրախանը պիտի հող նախապատրաստի Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունավետ ելքի համար:
Այս բանը գիտակցում են նաև Բաքվում: Պատահական չէր, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարկ համարեց խոսել ոչ թե մոտակա, այլ հեռակա հանդիպման մասին: ,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս նման փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սրա հետ մեկտեղ Մամեդյարովը շտապեց արձագանքել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ բանակցային գործընթացի ձախողման դեպքում ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին հայտարարությանը: ,- շեշտեց նա:
Այն, որ ադրբեջանցիները սկսել են անհանգստանալ մեր սխալների համար, միանգամայն նոր բան է: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք դեռ չգիտեն, թե ինչպես պիտի արձագանքեն, եթե Հայաստանն այնուամենայնիվ կատարի ճանաչման քայլը: Մյուս կողմից ռուսների հետևողականությանն էլ վերաբերվում են որոշակի զգուշավորությամբ: Մեկ շաբաթ առաջ Դովիլում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե Ռուսաստանն ունի մեծ պոտենցիալ հակամարտություններ կարգավորելու համար: Իսկ թե հօգուտ ո՞ր կողմի այդ պոտենցիալը կգործադրվի, դա դեռ հարց է: Գուցե նաև սա՞ էր պատճառը, որ Աստրախան մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական սպառնալիքները հնչեցրեց` խոստանալով ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ ,- ասաց նա։ Հետաքրքիր է, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ կա հասնել Աստրախան, եթե լուծման բանալին արդեն գտնվել է:
Ռուսական նոր նախաձեռնությանն Արևմուտքն արձագանքեց դրականորեն: Այստեղ նույնպես անհանգստություն էր հարուցել բանակցությունների շուրջ ակտիվության աստիճանական անկումը: Ձգձգվող հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը հակամարտող կողմերին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել, իսկ բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամուտը համոզված է, որ եկել է բանակցային գործընթացն աշխուժացնելու ժամանակը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

25 Հկտ

… Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ` ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում,
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ`
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս` կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՜ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս`
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության`
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՆՈՔԱ ԱՆԳԱՄ ԱՄԱՉՈՒՄ ՔՈ ԱՃՅՈՒՆԻՑ…

25 Հկտ

Վերնագիրը Չարենցի տողն է, հասցեատիրոջն ինքներդ ընտրեք: Իսկ այս շարադրանքը պայմանավորված է օրերս օրաթերթերից մեկում տպագրված հոդվածով, որի վերնագիրը՝«Չարենցի գերեզմանը և աճյունը գտնված չեն», անտեղյակ ընթերցողին կարող է ոչ միայն մոլորեցնել, այլև հանել ափերից: «Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ սրբապղծություն, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- կբացականչեն ոմանք: Այդ «ոմանք»-ից երկուսի ձայնն արդեն լսեցինք։ Առաջինը Չարենցի թոռն է՝ Արմեն Չարենցը, ում անձամբ չեմ ճանաչում ու չգիտեմ, թե, ժառանգաբար նրան փոխանցված ազգանունից բացի, վերջինս ուրիշ ի՞նչ ընդհանրություններ ունի մեծ բանաստեղծի հետ: Փոխարենը գիտեմ երկրորդին՝ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանին, ում մինչ այս պահը համարել եմ իր գործի գիտակ և սեփական խոսքի կշիռն արժևորող մար: Բայց, ավաղ, պարզվեց, որ խոսքի փոխարժեքն էլ այս դեպքում խիստ անկայուն ու տատանվող է՝ պայմանավորված այն բանով, թե քամին որ կողմից կփչի:
Իսկ այժմ դատենք փաստերով:
Մարդիկ հայտնվել են ցայտնոտի մեջ՝ իմանալով, որ մի խումբ չարենցասերներ բանաստեղծի մահվան օրը գնացել են նրա թաղման վայրը՝ հարգելու հանճարի հիշատակը։ Նրանց համար այդօրինակ քայլն ուրիշ անուն չունի, քան էժան սենսացիա։ Այնինչ էժանագին սենսացիայի իրական սիրահարներին պիտի հիասթափեցնեմ՝ ասելով, որ Չարենցի թաղման վայրը գտնվել է ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը, այլ… 20 տարի առաջ՝ 1989 թվին, և հերքողներն էլ այդ մասին հրաշալի գիտեն։ Բայց հո չե՞ն խոստովանի, որ եղածը վաղուցվա պատմություն է։ Այդ դեպքում ստիպված պիտի լինեին պատասխան գտնել մի այնպիսի պարզագույն հարցի, ինչպիսին սա է՝ 20 տարեկան սենսացիա է լինո՞ւմ։ Իհարկե` ոչ։ Սակայն փոխարենը կարող է լինել 20-ամյա կուրություն ու խլություն, քանի որ այդ երկու տասնամյակների ընթացքում բազում անգամ գրվել ու ասվել է դրա մասին և ուրեմն կարիք չկա այսօր անմեղ ու անտեղյակ գառնուկ ձևանալով՝ կոտրատվել, թե իբր մենք հենց նոր իմացանք։ Շատ հեռուն չգնանք։ Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Հանրային հեռուստատեսությամբ մի ընդարձակ հաղորդում եթեր հեռարձակվեց՝ նվիրված հատկապես Չարենցի թաղման վայրին։ Վստահ եմ, որ ընդդիմախոսներս դիտել են այդ հաղորդումը, բայց ձայն ու ծպտուն չհանեցին։ Հո չէի՞ն կարող դեմ գնալ Հ1-ին։ Իսկ հիմա պահը շատ հարմար է։ Հիմա նախաձեռնողներից վնաս չկա։ Բայց վերադառնանք փաստերին և նախապատմությանը։ Թաղման վայրը, որի մասին տեղեկությունն օդից չէր ընկել, այլ հիմնավորվում էր տարբեր ականատեսների վկայություններով, վերջին հաշվով ճշմարիտ դուրս եկավ։ Արդեն 1990-ին չարենցագետ Դավիթ Գասպարյանն իր գրքում գրում էր. «…Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան…» (Դավիթ Գասպարյան` «Ողբերգական Չարենցը», Երևան, 1990 թ., էջ 99):
Սրան հաջորդեցին բազմաթիվ այլ հրապարակումներ, նոր փաստարկումներ, որոնց միայն թվարկումը թերթի մի քանի էջ կլցներ։ Բայց մենք կխնայենք ընթերցողի ջղերն ու առաջ կանցնենք, որպեսզի մոտենանք մեր պատմության ամենահետաքրքիր հատվածին։
Երբ հուղարկավորման վայրում ի վերջո գտնվեցին Չարենցի մասունքները, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր, որն առաջինն ի լուր ամենքի հայտարարեց այդ մասին։ Այո, դուք չեք սխալվում, հենց նույն Լիլիթ Հակոբյանը, հենց նա, ով այսօր ասում է, թե այդ ամենը կեղծիք է։ Մամուլում տեղ գտած առաջնեկ հրապարակումն էլ Հակոբյանի քիմքին հարիր վերնագիր ուներ. «Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը»։ Ահա այսպես։ Թղթակցի ձայնագրիչի ներկայությունից ոգևորված ավետաբերը հայտարարում էր. «Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.):
«Դրանք Չարենցինն են»։ Այս խոսքերի հեղինակը հետագայում ևս մի քանի առիթներով կրկնեց նույն միտքը, և դա կարող էր երկար շարունակվել, եթե… Հենց այս «եթե»-ն էլ բացեց տարաձայնության խորխորատը։ Քաղաքականության մեջ նման շրջադարձի մասին ասում են՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»։ Իսկ ի՞նչ անուն ունի սույնը գրականության պարագայում։ Լիլիթ Հակոբյանն ինքը ակամա բացում է փակագծերը։ «Ժառանգները գերեզման փորելուն և գերեզման գտնելուն դեմ են»,- ասում է նա։ Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, ահա թե որտեղից է գալիս չարության հասնող անհանդուրժողականությունը։ Մարդիկ դեմ են և վերջ։ Նրանց համար կարևոր չէ՝ դա Չարե՞նցն է, թե՞ մեկ ուրիշը։ Նրանք որոնումների ու գերեզմանի կարիքը չունեն։ Իսկ եթե որևէ մեկն այլ կարծիքի է, ապա կարելի է նրան թեթև ձեռքով որակել արկածախնդիր ու սրբություն անվանարկող։
Հիմա վերադառնանք պարոն Արմեն Չարենցին, ով պաշտոնական (հետաքրքիր է, ո՞ր պաշտոնի դիրքերից) հայտարարություն է անում, թե «արկածախնդրություն և անազնվություն է այդպիսի լուրեր տարածելը»։ Մինչ վերը ասվածի համատեքստում կկռահենք, թե ո՞ւմ է ուղղված նրա մեղադրանքը՝ չարենցագետների՞ն, թանգարանի տնօրենի՞ն, թե՞ իր մյուս հարազատներին, նկատենք մի աննշան շեղում, որ վրիպել է զայրացած ժառանգորդի աչքից։ Բանն այն է, որ թոռը հանդես է գալիս բանաստեղծի ժառանգների անունից և մոռանում է, որ կա նաև թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը, ով այնքան էլ համամիտ չէ այդ կարծրացած տեսակետին։ Իր հարցազրույցներից մեկում (10 մայիսի, 2008 թ., «Հրապարակ») նա մասնավորապես հետևյալն է ասում. «… Ես ասացի. «Խնդրեմ, տվեք (ոսկորները- Հ. Չ.), տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք»։ Բայց ինձ չտվեցին…»։
Չտվեցին, քանի որ դա ոչ մեկին չի մտահոգում։ Իսկ այսօր իրենց անգործությունը մարդիկ փորձում են քողարկել մեկ ուրիշին փնովելով։ Այդպես ավելի հեշտ է ու անծախսատար։ Ասենք, գենետիկ հետազոտության մասին թանգարանի տնօրենը հազիվ թե հստակ պատկերացում ունի, այլապես չէր արտաբերի այնպիսի մի դարակազմիկ միտք, ինչպիսին սա է. «… Պիտի գանգոսկրը գտնվի, որպեսզի ժառանգական կապը հաստատվի»։
Գանգոսկրին սպասելով` պահն օգտագործենք ու տիկնոջ համար մի կարճ մեջբերում կատարենք տրամաբանության դասագրքից առ այն, որ առարկությունը նույնպես պիտի իր փաստարկված հիմնավորումն ունենա։ Եվ երբ ասում են՝ «ոչ», այդ «ոչ»-ը ևս պիտի պաշտպանված լինի ծանրակշիռ փաստերով։ Իսկ փաստեր չկան։ Փոխարենը կան անհարկի աղմուկ-աղաղակից բխող մեր եզրահանգումներն այն մասին, որ Չարենցի հիշատակը մասնավոր սեփականություն չէ։ Նաև այն մասին, որ չի կարելի մշակութային լուրջ խնդիրներ լուծել տնայնագործական եղանակով։
Սրանց հետ մեկտեղ կան նաև մութ հարցեր, որոնցից ընդամենը երեքը կտանք այս պահին։
Այդ ի՞նչ պատահեց, որ երեկվա «այո»-ն այսօր դարձավ «ոչ»։ Չարենցի հարազատներն ի՞նչ պատճառով լսել չեն ուզում գերեզմանի մասին։ Եվ մի վերջին հարց. իսկ որտե՞ղ են ոսկորները, որոնք հանձնվել էին թանգարանին։ Դրանք տուն-թանգարանում չեն, ակադեմիայում չեն, և որքան մեզ հաջողվեց ճշտել, գտնվում են մի մասնավոր անձի ձեռքում։
Ահա և ձեզ նախանձախնդրություն, լրջության աստիճան ու սրտացավություն։ Վայելեք։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

25 Հկտ

ԱՆԴԱՄԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ես կանգնած եմ մրցահարթակի կենտրոնում և ոչ հրամայում եմ ոչ հնազանդում.
Ես ծարավ չեմ միայն վիրավորներն են ծարավում
Ես քաղցած չեմ տկարները երբեք չեն քաղցում
Եթե ճչում եմ ապա միայն ճչալու համար
Եթե կանչում եմ ապա միայն ինձ կանչելու համար.
Եթե լռում եմ ապա միայն այն պատճառով որ այլևս չեմ կարող բաշխել իմ հեկեկանքը
Քանզի մարմինս անդամալույծ է
Եթե գիշերը ծակում է գիշերը եթե ձյունը ինձ ծածկում է վերքերով
Ես ի՞նչ գիտեմ
Ես գիտեմ միայն որ ուզում եմ թևերս տարածել ծառի ճյուղերի պես
Ես այլևս չեմ կարողանում
Կարասիները տեղ են փոխում
Մահճակալը ինձ քարշ է տալիս սենյակում
Բայց ես չեմ շարժվում
Եթե հարվածեն աչքերիս եթե այրեն քունքերս մեկ է ես չեմ շարժվելու
Քանզի չեմ կարողԱ
Ես շատ աշխատեցի հարմարվել ոչինչ չի ժայթքում իմ բերանից
Որը անկասկած կնքված է մղձավանջով և անեծքով
Եթե ոչ իմ հառաչանքով
Երկինքը կարող է ամուսնանալ ծովի հետ և նրան այլակերպել
Մանուկները կրակե գավազաններով խաղան թե զինվոր-զինվոր
Երկինքը կարող է ավազակուլ անել ծովին և մանուկները կարող են վերջապես հրաժարվել մեծանալուց
Սեփական մարմնի բանտարկյալ ես միշտ մնալու եմ տեղում
Նույն մրցահարթակի կենտրոնում նույն դիրքում
Նույն նույն նույն շնչառությամբ և նույն հոգեվարքով։

ՄԱՐՉԵԼՈ ԱՐՋԻՆԻ

25 Հկտ

ՓԱՌԱՀԵՂ ԿՅԱՆՔ… ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ

Գազանանոցում բնակվող կենդանիներից շատերն իրենց դես ու դեն էին նետում, պատեպատ զարկվում, ճողոպրելու ելք փնտրելու հույսով տենդագին հոտոտում վանդակաճաղերի երկաթներն ու` կրծոտելու գնով դրանցից ազատվելու ճիգեր գործադրում: Մյուսներն, ընդհակառակը, սմքել էին, մազաթափվել: Հաշտված իրենց այս կարգի գոյությանը, նրանք լիովին անկյալացել էին, կորցրել ախորժակը, քաշվել վանդակների անկյուններն ու անշարժ փռվել հատակին: Փակված լինելով վանդակում, նրանք կարոտում էին ազատությանը: Ոմանց մոտ անձկությունը մերթ ընդ մերթ վերաճում էր կատաղի բողոքի, մյուսների մոտ` փոխվում բացարձակ անտարբերության: Ու նրանք սատկելը գերության մեջ ապրելուց ավելի էին գերադասում: Կենդանիների տառապանքը տեսնելով, գազանանոցի տնօրենը մեծ ցավ էր զգում: Երկար մտորումներից հետո նա, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն, այնուամենայնիվ, գտավ: Ազատեց նրանց… Ամենևին, ուղղակի բոլոր վանդակներում հեռուստացույց տեղադրեց ու սկսեց հատուկ կենդանիների համար պատրաստած հաղորդումներ հեռարձակել…
Ու, իսկապես, այդ պահից գազանանոցի կյանքը հիմնովին փոխվեց: Գազանների բողոքն ու ընդվզումը աստիճանաբար դադարեց: Նրանց սկսեցին ջունգլիների, սավաննայի, տափաստանների ու կուսական անտառների` նրանց հարազատ հայրենիքների մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրել: Կենդանիներն, ասես, երկրորդ շնչառություն առան: Ենթադրաբար, ըմբռնումներն էլ միանշանակ չէին: Այծյամները, զեբրերը, այծքաղերն ու քարայծերը առյուծների մասին պատմող տեսահոլովակները սարսափ ֆիլմեր էին համարում: Իսկ առյուծների համար, քարայծների, զեբրերի ու այծյամների հեռուստաէկրանին հայտնվելն իսկ, ասես, ախորժաբեր հաբ լիներ:
Կարճ ասած, գազանները ողջ օրն անց էին կացնում հեռուստաէկրաններին կառչած` անխտիր նայելով բոլոր հաղորդումները: Պրպտող տնօրենը սակայն, սրանով չբավարարվեց: Նա նոր հեռուստաշարի գաղափար հղացավ, որն է’լ ավելի մեծ հաջողություն բերեց: Հաղորդումների միայն անվանումներն արդեն` “Նեղոսյան կոկորդիլոսի մեծ սերը”, “Թե ինչպես կրծոտեցի վարժեցնողին”, “Ինչպես պոզահարել որսորդին”, ամեն ինչ արժեին: Նկարահանումներն անչափ գրավիչ էին և, գազանները տարված գլխավոր հերոսների դերերով, մոռանալով աշխարհում ամեն բան, անվերջ ծափահարում ու լաց էին լինում: Ու որպեսզի հղացած գաղափարն իր ցանկալի ավարտին հասցնի, տնօրենը ձեռնամուխ եղավ “Վանդակ, դու հրաշալի ես…” նոր հեռուստաշարի էկրանավորման աշխատանքներին: Գազաններին հորդորում էին, թե գազանանոցում ապրելն, իսկապես, մեծագույն առավելություն է, թե այն օգտավետ է առողջության համար, թե հենց այնտեղ է անկախության ու անվտանգության իսկական երաշխիքը: Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները… Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին միմյանց, ներքուստ խոստովանելով` “Իսկապես, մեր բախտն իսկապես է բերել , որ մենք ապրում ենք… գազանանոցում”…

Թարգմանությունը` Արթուր Ազարյանի

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

25 Հկտ

Մի երկնչիր,- ասում է Պատմությունը` հանելով մի օր իր բռնության դիմակը,- և իր բարձրացրած ձեռքով նա ասիական Աստվածության հաշտարար շարժումն է անում ամենաուժեղ պարի մեջ կործանարար: <Մի երկնչիր և մի կասկածիր, քանզի ամուլ է կասկածը, և երկյուղը` ստրկական: Ավելի շուտ ունկնդրիր այս համաչափ բաբախյունին, որ դաջում է իմ ամբառնած ձեռքը նորարար` մարդկային այն մեծ դարձվածին, որը շարունակ արարման մեջ է: Ճշմարիտ չէ, որ կյանքը կարող է ժխտել ինքն իրեն: Չկա ոչ մի կենդանի բան, որ նախորդի անէությանը և կամ հրապուրվի անէությամբ: Բայց և ոչ մի բան չի կարող պահել ձևն ու չափը Արարածի մակընթացության առջև: Ողբերգությունը ինքնին փոխակերպման երևույթի մեջ չէ: Դարի իսկական դրաման այն ճեղքվածի մեջ է, որ թույլ ենք տալիս մեծանալու ժամանակավոր մարդու և ժամանակից դուրս գտնվող մարդու միջև: Մի զառիվայրի վրա լուսավորված մարդը մի՞թե կգնա խավարապատվելու մեկ ուրիշ զառիվայրի վրա, և իր հարկադրված հասունությունը մի անհաղորդ համայնքում մի՞թե չի լինի կեղծ հասունություն…

ԿՈՆՖՈՒՑԻՈՍ

25 Հկտ

Կոնֆուցիոսն ասաց.
— Մարդիկ բարոյականության ավելի կարիք ունեն, քան ջրի և կրակի: Ես տեսել եմ մարդկանց, որ մահացել են կրակից կամ ջրից, բայց չեմ տեսել մեկին, որ մեռնի մարդասիրությունից:
Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը ճշմարտության ճանապարհով քայլում է առանց տատանվելու, բայց բութ համառություն նա չունի:
Կոնֆուցիոսն ասաց.
— Տարբեր ճանապարհներով ընթացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող:
Կոնֆուցիոսն ասաց.
— Շռայլությունը ծնում է անհնազանդություն, իսկ ժուժկալությունը տանում է պարզության, ուստի պարզությունն ավելի լավ է, քան անհնազանդությունը:
Կոնֆուցիոսն ասաց.
— Ով իրեն դրսից ցույց է տալիս խիստ ու դաժան, բայց ներքուստ թույլ է ու անկայուն, իրեն պահում է շատ սովորական մարդու պես: Նման չէ՞ նա այն ավազակին, ով գողություն է անում սարսափը սրտում:
Կոնֆուցիոսն ասաց.
— Կանանցից, ինչպես և սպասավորներից դժվար է գլուխ հանել: Թեթ մտերմորեն ես վարվում նրանց հետ, ապա դառնում են ինքնավստահ: Եթե պահում ես չափը, ապա դժգոհում են:
Կոնֆուցիոսն ասաց.
— Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, ովքեր կատարում են դրանք: Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց:
Կոնֆուցիոսն ասաց.
— Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել:

ՄԱՐԹԱ ԿԵՏՐՈ

25 Հկտ

«Դառը շոկոլադ: Գիրք մխիթարումների»

… Հոգիս, դու տարար ինձ մանկական զբոսայգու զվարճանքի ստանդարտ լաբիրինթոսով. մուտքի մոտ՝ «ինչպես երբեք կյանքում», իսկ ելքի մոտ՝ անտարբերություն: Մենք սլաքներով էինք քայլում. քնքշության, երանության, թախծի, խանդի, «գնա գրողի ծոցը»-ի ու զզվանքի միջով: Շրջաններ էինք գծում, վերադառնում կրքին ու հույսին, երբեմն հայացք էինք գցում լրիվ մութ սենյակներ, ինչպիսիք են ատելությունն ու վրիժառությունը: Ես մտա, երբ փողոցում գարուն էր, ու դուրս եմ գալիս հունվարի սկզբին, գլուխս մի փոքր պտպվում է, ու շատ եմ ուզում պառկել ձյան վրա ու աչքերս փակել: Քեզ հասցեագրված բազում խոսքերից հետո (որոնք ասել, գրել, շշնջացել, մտածել եմ), բոլոր երփներանգ բառերից հետո, որոնց միայն մի բան է միավորում՝ այն, որ նրանք անպատասխան մնացին. այդ ամենից հետո մնում է ամենապարզը՝ շնորհակալությունը: Որովհետև հենց քո շնորհիվ ես սիրո իմ հերթական տեսությունը մշակեցի, որը կբզբզեմ այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր մեկը չի հայտնվի, ով ինձ ինչ-որ ուրիշ բան կսովորեցնի: Մինչ այդ ես սուֆիների մոտ կարդում եմ. «Օ Սիրեցյալ, քո նետերն անխնա խայթում են սիրտը, ու միևնույն է՝ ես միշտ թիրախ կլինեմ Ոսկե աղեղի ու չսպառվող կապարճի համար»: Ու սա, հոգիս, ոչ թե քո մասին է, այլ աստծո: Ավելի ճիշտ՝ Աստծո: Կինն առաջվա պես նայում է Աստծո ուղղությամբ ու տեսնում է աստվածային սիրո փայլը, նորից ու նորից սխալվելով, քանի որ որպես աղբյուր է ընդունում տղամարդուն, որն ընդամենը կանգնած է լույսին դեմ-հանդիման: Ու միայն այն պահին, երբ նա գնում է, կինը հասկանում է, որ իր սիրտը միշտ էլ թիրախ է եղել ոսկե նետերի ու մանուշակագույն կայծակների համար, որովհետև ոչ ոք չկա ու չի էլ եղել նրա ու սիրո միջև: Ահա այս դեռևս չմոռացված գիտելիքի համար՝ շնորհակալություն:

* * *
… Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի կորի, փոխվում են միայն օբյեկտները: Կարիք չկա նրանց հետ կապել զգացմունքը, որն ինքս եմ ծնում: Նրանք ընդամենը պատրվակ են: Կամ միայն ես ու աստվածային սերը: Իսկ տղամարդն ընդամենը կանգնած է լույսին դեմ-հանդիման, ու ինձ միայն թվում է, որ լուսարձակումը նրանից է: Հիմա նա չկա, իսկ սերը, միևնույն է, մնացել է, սերն՝ ընդհանրապես. այն ոչ մեկի մասին չի»:Կարծում եմ, շատ դրական է: Ամեն անգամ խեղդվում եմ «նա չկա» բառերի վրա, բայց դա աստոճանաբար կանցնի: Լավ, արագ լոտոսի դիրքով նստենք ու շարունակենք:
«Նրա ներկայությունը ոչ մի հատուկ նշանակություն չունի, կամ միայն ես ու իմ սերը: Նշանակում է՝ ոչինչ չի փոխվել: Իմ անձնավորությունը չի փլուզվել, կյանքը շարունակվում է»:
Իրականում ես փորձում եմ իի պատառները հավաքել — այնպես էի միահյուսել մեր կյանքերը, որ իմից միայն փշուրներ մնացին, երբ նա իրենը հանեց: Որտե՞ղ են իմ հետաքրքրությունները, իմ ձգտումները, իմ ցանկությունները: Որտե՞ղ եմ ԵՍ: Ոչ մի նշույլ չկա, բացի երևի նրանից, որ ԻՄ ոտքերն են թմրել:«Իմ կյանքում կլինեն տարբեր տղամարդիկ, ու նրանցից ամեն մեկը սիրո նոր նրբերանգներ կծնի, ասես ծաղկի մոտ ևս մի թերթիկ է բացվում, ու դա հավերժ իմ մեջ կմնա, ու ես կդառնամ ավելի վառ, ավելի ընկալունակ, ավելի ուժեղ»:
Այո, վաթսուն տարեկանի կողմերը ես անկրկնելիորեն բազմակողմանի կլինեմ: Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրան նայել:
«Սիրելիս, շնորհակալություն, որ եղար իմ հետ: Իսկ հիմա ես առաջ եմ գնում»:Սիրելիս, շնորհակալություն, որ եղար իմ հետ: Իսկ հիմա դու քո այդ ընկերուհու հետ ես, իսկ ես միայնակ նստած եմ ապուշ դիրքով ու փորձում եմ ինքս իմ ներսում ինչ-որ կենդանի բան գտնել, որ քո հետ կապ չունենա: Սրտիս դատարկությունում պետք է, պարտավոր է առաջանալ ինչ-որ պղպջակ, կայծ, հենման կետ: Ցանկացած մանրուք, որից ես կփորձեմ կառչել:
«Սիրող մարդն իր կյանքի ամեն օրով երկնային Երուսաղեմ է կառուցում՝ հավերժական, ավերման ոչ ենթակա քաղաք, ու այդ շինվածքից քար իսկ չի կարելի խլել՝ նույնիսկ հիմա, երբ երկրային սերն ավարտվել է: Դրա համար էլ դժբախտ սեր չի լինում»:
Լավ, լեզվանի սատանա, համոզեցիր, չի լինում: Իսկ հիմա քիթդ մաքրիր ու գնա կատվին կերակրելու:

ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ

25 Հկտ

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Չորս բանաստեղծ նստել էին սեղանի շուրջ, որի վրա գինով լի գավ կար:
— Ինձ թվում է, ես տեսնում եմ այս գինու բուրմունքը` տիեզերքում թևածելիս, ինչպես թռչունների ամպը կախարդված անտառներում,- ասաց առաջին բանաստեղծը:
Երկրորդ բանաստեղծը գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Իսկ ես իմ ներքին ունկերով լսում եմ այդ թռչուններին, որոնք երգում են, և մեղեդիներն ամբողջությամբ հավաքվում են սրտումս` գերեվարելով այն, ինչպես որ հասմիկն է գերի վերցնում մեղվին իր թերթերի մեջ:
Աչքերը փակեց, ապա ձեռքերը վեր բարձրացրեց ու ասաց երրորդ բանաստեղծը.
— Ինչ վերաբերում է ինձ, ապա ձեռքերս գրեթե հպվեցին նրանց` դեմքիս վրա զգալով նրանց թրթրռացող թևերի շրշյունը. ասես քնած ոգու շնչառություն լիներ:
Այդ ժամ տեղից վեր ելավ չորրորդ բանաստեղծը, բարձրացրեց գավն ու ասաց.
— Ներեցեք, եղբայրներ, քանի որ տեսողությունս թույլ է, նաև ծանր եմ լսում, հազիվ էլ շոշափում եմ, ապա ի զորու չեմ տեսնելու այս գինու բուրմունքը, ոչ էլ լսելու նրա երգը, ոչ էլ զգալու նրա թևերի շրշյունը: Ցավում եմ, քանի որ ես ոչինչ չեմ զգում, բացի հենց իրենից` գինուց, դրա համար էլ պիտի խմեմ իմ անկյանք, անկենդան զգացմունքների համար, որ հոգիս բռնկվի ձեր օրհնության երկնային կրակով ու անարատության ներշնչանքով:
Այնուհետև գինով լի գավը դրեց շրթներին ու ըմբոշխնեց մինչև վերջին կաթիլը:
Նրա երեք բանաստեղծ ընկերներն ապշած նայում էին նրան` շրթները սեղմած, աչքերում` անհագ ծարավ, որը չէր տեսնում գինու հուրը, և ատելություն, որը չէր մեղմացնում գինու հրաշեջ բոցը:

ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱ

25 Հկտ

… Կյանքը բնավ էլ լուրջ ու բարդ բան չէ, որքան մենք սովոր ենք պատկերացնել։ Կյանքին պետք է ուրախ տեսանկյունից նայել, եւ հանդիսատեսին էլ հաճույք պատճառել, ծիծաղեցնել, հակառակ դեպքում՝ մարդկանց նույնիսկ ծեծելով կինոթատրոն չես բերի։ Կինոյի հզորագույն ազդեցությունը պետք է օգտագործել կյանքի ողջ գեղեցկությունն ու ուրախությունը ցուցադրելու համար։ Ես ինքս սարսափելի դեպրեսիվ անձնավորություն եմ, եւ ամենաշատը ուզում եմ օգնել մարդկանց՝ ազատվել տխուր մտքերից:
…Կինոն հիմա շատ տարօրինակ է զարգանում: Երբ սկսում եմ մտածել կինոյի զարգացման մասին, միանգամից մտաբերում եմ Սթիվեն Սպիլբերգին: Երբ միջնադարյան նկարչին որեւէ գործ էին պատվիրում, նա հստակ իմանում էր` թե ո՞վ է իր պատվիրատուն, եւ որտե՞ղ է կախվելու նրա պատվերով արված դիմանկարը: Մեկ-մեկ էլ նկարիչն իր պատվիրատուի տուն էր գնում` տեսնելու, թե ինչպե՞ս են «ապրում» իր նկարները: Արդյոք Սպիլբերգին չի՞ հուզում, թե ովքեր են դիտում իր ֆիլմերը, որքան շատ են նրանց շարքերում ապուշներն ու լիակատար տխմարները: Եվ քանի որ իմ ֆիլմերն ավելի քիչ հանդիսատես են ունենում, քան Սպիլբերգի ֆիլմերը, հույս ունեմ, որ իմ իմ հանդիսատեսի շարքերում ապուշները զգալիորեն քիչ են:
…Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ: Գլոբալացումը ջնջում է ազգային տարբերությունները, եւ կարծում եմ, որ մեր մոլորակի նորագույն կոնցեպցիան փոքր ազգերի միավորումը պիտի լինի:

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

25 Հկտ

ՎԵՐՋԱԲԱՆ

Երկինքը սև է…
Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող:
Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը:
Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե “Այո, Ամերիկան մեծագույն երկիր է”. մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, որ ամերիկացիների հպարտությունն է, աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը. միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և` հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: Ամերիկացիների հսկայամոլության խորհրդանիշը Նյու Յորքի Metropolitan Opera Hous-ն է: Շենքի ճարտարապետը հատուկ ուղևորվել է Եվրոպա, ամիսներ շարունակ ապրել Փարիզում, Հռոմում, Վիեննայում, անգամ` Մոսկվայում, ապա վերադարձել ետ և կառուցել հրեշավոր չափերի հասնող մի շինություն, որն անկասկած “աշխարհի ամենամեծ թատրոնն է”, թերևս, սակայն, ոչ մեծագույն: Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը “աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն է”: Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է “աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը” տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է…
Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավականին ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները, և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները:
Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միմիայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո:
… Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է…

Թարգմանությունը` Աշոտ Խաչատրյանի

ԳԵՈՐԳ ՀԵԳԵԼ

25 Հկտ

… Աբստրակտը իրավունքն է, դրա իրականացումը` պետությունը: Սովորաբար իրավունքը դիտարկում են որպես դժբախտություն, որը ոտնահարում է մարդու բնական իրավունքը: Չէ՞ որ խոսում էին կորուսյալ դրախտի մասին, բնական իրավունքի վերականգնման մասին: Իրավունքը երկրի վրա` սրբություն է, որը պետք է անխախտ լինի, բայց սրբությունն անխախտ է միայն երկնքում կամ մտքերում: Երկրի վրա իրավունքը կարող է վնասվել, խախտվել: Մեր գիտության խնդիրն է` իմանալ, թե ինչ բան է իրականում իրավունքը: Նման հետազոտությունը հատկապես անհրաժեշտ է մեր օրերում, երբ յուրաքանչյուրը կարծում է, թե տիրապետում է իրավունքի իր համոզման մեջ, և ուզում է, որ այն իրագործվի: Այդ իրավունքի չիրագործումը նա ինչ-որ սրբապիղծ բան է համարում, ինչին պետք է հակազդել: Փիլիսոփայությունը պետք է սահմանի իրավունքի հասկացությունը: Ի դեպ, արդեն լավ է, որ փիլիսոփայությանը նման պահանջներ են ներկայացնում: Սրանում է այն ըմբռնումը, որ իրավունքը կարելի է գտնել միայն մտքերի մեջ: Սովորաբար յուրաքանչյուրը կարծում է, թե իրավունքի է տիրապետում այն ձևով, ինչպես այն պատկերացնում է: Ոմանք հույս ունեն փիլիսոփայության մեջ գտնել այն հիմունքների գանձարանը, որոնք ընդունակ են լիովին վերացնել ամեն անիրավացի բան. նրանց առջև ներկայանում է երջանիկ կացություն, այնքան ավելի ցանկալի, որքան հեռու է այն իրականությունից: Մյուս կողմից` հավաստվում է. իրավունքը և փիլիսոփայությունը պատկանում են պետությանը: Ոգու կամքը ազատությունն է, իսկ ազատությունը պետության հիմքն է: Իրականում ճիշտ է, որ փիլիսոփայությունը, մի կողմից, գիտություն չէ իրականության մասին և չի սահմանում իրավունքը` ելնելով նրանից, ինչ տրված է: Փիլիսոփայությունն իր ըմբռնումը քաղում է բանականությունից, ներքին հասկացությունից: Այն, որ իրավունքի փիլիսոփայությունը պոզիտիվ գիտություն չէ, որը մենք մշակում ենք և, այդպիսով, կարծես հակադրվում է իրականությանը, կդառնա մեր դիտարկման առաջին կետը…

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

25 Հկտ

… Մեր հասարակության մեջ կան երեք մարդ՝ քահանան, բժիշկը եւ արդարադատության աշխատողը, որոնք չեն կարող հարգել մարդկանց: Նրանք սեւ զգեստ են հագնում գուցե նրա համար, որ կրում են բոլոր առաքինությունների, բոլոր պատրանքների սուգը: Այդ երեքից ամենադժբախտը փաստաբանն է: Երբ մարդը գալիս է գտնելու քահանային, ապա գալիս է զղջումից, խղճի խայթից ու հավատալիքներից մղված, հավատալիքներ, որոնք նրան դարձնում են հետաքրքրական, վեհացնում են նրան ու մխիթարում իր հոգեւոր միջնորդի հոգին, եւ այդ միջնորդի աշխատանքը չի ընթանում առանց մի տեսակ հաճույքի. նա մաքրում է, վերանորոգում եւ հաշտեցնում: Իսկ մենք՝ իրավաբաններս, տեսնում ենք նույն վատ զգացումների կրկնվելը, ոչ մի բան չի կարող ուղղել դրանք. մեր գրասենյակները այնպիսի կոյուղիներ են, որ հնարավոր չէ մաքրել: Ես չեմ կարող ձեզ պատմել այն ամենը, ինչ տեսել եմ, որովհետեւ տեսել եմ այնպիսի ոճիրներ, որոնց հանդեպ արդարադատությունն անզոր է: Մի խոսքով, այն բոլոր արհավիրքները, որ վիպասանները կարծում են, թե հորինում են, մթագնվում է իրականության առջեւ: Շատ չանցած դուք կճանաչեք այս գեղեցիկ բաները, իսկ ես կգնամ ապրելու գյուղում իմ կնոջ հետ: Փարիզն ինձ խորշանք է ներշնչում:

ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ

25 Հկտ

Ի՜ՆՉ ԼԱՎՆ ԷԻՆ, Ի՜ՆՉ ԹԱՐՄ ԷԻՆ ՎԱՐԴԵՐԸ…
Վաղո՛ւց, շատ վաղուց, մի տեղ, մի անգամ ես մի ոտանավոր եմ կարդացել: Վաղուց էլ մոռացել եմ էն ոտանավորը… բայցմտքիս մեջ մնացել է առաջին տողը.
«Ի՜նչ լավն էին, ի՛նչ թարմ էին վարդերը…»:
Ձմեռ է հիմի. ցուրտը սառցըրել է լուսամուտներիս ապակիները. մի մոմ է վառվում մութը սենյակում: Քաշվել, նստել եմ միանկյունում, իսկ գլխիս մեջ հնչում է ու հնչում.
«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»:
Ու իբրև թե քաղաքիցը դուրս մի ռուսական տան ցած պատուհանի առջև կանգնած եմ ես: Ամռան երեկոն մեղմիկ հալվում,փոխվում է գիշերի: Գաղջ օդը լիքն է հափրուկի ու լորենու բուրմունքով, իսկ լուսամուտում, լուսամուտին տված ձեռքին հենված`գլուխը ուսին թեքած, նստած է մի աղջիկ ու լուռ, անթարթ նայում է երկնքին, ասես թե մնում է առաջին աստղերի երևալուն:Ի՛նչքան պարզորեն ոգևորված են նրա մտախոհ աչքերը, ի՜նչքան հուզիչ-անմեղ են կիսաբաց, հարցավոր շրթունքները, ի՜նչհավասար շնչում է դեռ լիովին չփթըթած, դեռ ոչ մի բանով չալեկոծված կուրծքը, ի՛նչ մաքուր ու քնքույշ է ջահել դեմքի տեսքը:Սիրտ չեմ անում խոսեմ հետը, բայց ի՜նչքան թանկ է նա ինձ համար, ո՛նց է զարկում սիրտս…
«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»:
Այնինչ սենյակս մթնում է ու մթնում… ճըրթճըրթում է հատնող մոմը. խուսափուկ ստվերները երերում են ցած առաստաղին,սառնամանիքը ճայթում ու գազազում է դուրսը, ու ծերության տխուր մի շշունջ խոսում է ականջիս.
«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»:
Ու առաջս են գալիս ուրիշ պատկերներ… Լսում եմ գյուղի ընտանեկան կյանքի զվարթ աղմուկը: Երկու շիկահեր գլուխներ, իրարհակված, իրենց պայծառ աչիկներով կայտառ նայում են ինձ, կաս-կարմիր այտերը թրթռում են զսպված ծիծաղից, ձեռներըփաղաքուշ իրար են հյուսվել, մեկմեկու ընդհատելով հնչում են ջահել, բարի ձայները, իսկ մի քիչ դենը, սենյակի խորքում, ուրիշ,նույնպես ջահել ձեռներ, մատները շփոթելով, սահում են հին դաշնամուրի ստեղունքների վրա և Լանների վայլսը չիկարողանում խլացնի նահապետական սամովարի քլթքլթոցը…
«Ի՛նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»:Մոմը նվազում է ու հանգչում… Էդ ո՞վ է հազում էդտեղ էդպես խուլ ու խեղդուկ… Կծիկ եկած պառավ շունս, իմ միակ ընկերը,սեղմվում է ոտներիս ու ցնցվում… ցուրտ է… Մրսում եմ… Ու մեռե՜լ են նրանք… ամե՛նքը… ամենքը մեռե՜լ…
«Ի՜նչ լավն էին, ի՛նչ թարմ էին վարդերը…»:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

25 Հկտ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:
Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:
Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:
Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:
Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի…

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

25 Հկտ

Մնաս բարով, և եթե պետք է հավիտյան,
Էհ, ինչ արած, հավիտյանս մնաս բարով:
Թեկուզ և դու լինես անգութ, երբեք սակայն
Սիրտս քո դեմ չի լցվելու ցասման հրով:
Ինչ որ չէիր կարող կարդալ դու այս կրծքում,
Որի վրա քո գլուխն էր հակվում լռին,
Երբ որ իջնում էր կոպերիդ խաղաղ մի քուն
Այսուհետև չես իմանա ամենևին…
Ես, անկասկած, գործել եմ բյուր հանցանք ու մեղք,
Բայց խոցելու համար այսքան դաժան ու խոր
Չէիր կարող գտնել ուրիշ, ուրիշ մի ձեռք,
Քան այն, որ ինձ պարուրել էր, գրկել մի օր:
Սակայն թող քեզ պատիր խոհեր չմոլորեն.
Սերն հանգում է դանդաղորեն,անգիտակից,
Մի հավատա, որ կարող են հանկարծորեն
Պոկել երկու սիրող սրտերը իրարից…
Մնաս բարով.
Այսպես, խզած ամեն մի կապ,
Քեզնից հեռու, կորցրած սեր ու ապավեն,
Խորշակահար, մեն միայնակ, տերևաթափ,
Ես ավելի մահանալ չեմ կարող արդեն: