Պահոց | 7:53 ե.

ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ

24 Հկտ

Բայց ինչպիսին էլ լինի փիլիսոփայական համակարգը, այն լինում է միայն իդեալիստական, որովհետեւ փիլիսոփայությունը կարող է շարադրվել միայն որպես իդաների ամբողջություն, կապվածություն: Ինչ էլ մենք անենք, իդեայի սահմաններից դուրս չենք գալիս: Հետո՝ իդեան՝ էյդոսը, միայն մեր վերացական միտքը չէ. «Էյդոս» նշանակում է հասկացություն (յուր) ռեալության մեջ: Եվ Պլատոնն էլ էյդոսների աշխարհն է կառուցում. դա ( իր համար) ռեալություն է. միջնադարյան եվրոպական փիլիսոփայության մեջ դարձյալ գաղափարները ռեալություններ են…
… Փիլիսոփա լինել՝ նշանակում է լինել իդեալիստ եւ մի փոքր էլ լինել պոետ… Պատահական չէր, որ ամերիկացի փիլիսոփա Էմերսոնը համարում էր, որ փիլիսոփաության նմուշ կարող է ծառայել միայն Պլատոնը, որովհետեւ նա նաեւ պոետ էր: Երբ պոետիկ տարրը վերացվեց փիլիսոփայությունից, պրոզան մուտք գործեց մտածելակերպի մեջ: Արիստոտելը պրոզայի ներկայացուցիչ էր, Պլատոնը՝ պոեզիայի, Պլատոնի համար կարեւոր է ոչ միայն միտք արտահայտելը, այլեւ՝ ինչպես այն արտահայտելը:
… Մնում է պարզել՝ հասկանալու, թե ինչպես պիտի միանան փիլիսոփայությունը եւ պոեզիան: Ուղղագծորեն դա հնարավոր չէ անել: Միայն մեկ ճանապարհ կա. գեղեցիկ արտածել մտքերը հիմնադրույթից, աշխատել դրանց տալ ռիթմիկ կառուցվածք, ստեղծել այնպիսի մի ամբողջություն, որը նման լինի ամբողջի, այլ ոչ թե՝ կարկատած շորի:

* * *
… Հայտնի կարծիք գոյություն ունի. կյանքի իմաստը համարվում է երջանկությունը: Բայց երջանկությունը մասնաբաժինն է միայն, կենսական բարիքների քո մասը: Կիսամոռացված բանաստեղծ Ս. Նադսոնը հարց էր տալիս. «Երջանիկ կլինե՞ս դու կյանքի խնջույքին, դու, որ վարժվել ես տխուր մարդկանց տառապանքին»: Քանզի երջանկությունը, համենայն դեպս ըստ տարածված մեկնության` վիրավորական է: Այն կամ բացառում է իմացություն-իմաստը, կամ այն կյանքի բարիքներ ձեռք բերելու միջոց է դարձնում, թեպետ երջանկությունը նաեւ նախախնամության ձեռքով մատուցված հաջողության նրբերանգ է բովանդակում…

Հատված «Վերադարձի օղակ» էսսեից

ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

24 Հկտ

Մեռած տերևներն
Ինձ ահ են բերում,
Ահը դաշտերի
Ցողերով լցված:
Կքնեմ հիմա,
Ու թե չարթնացնես,
Սիրտս քո կողքին
Կգտնեն սառած:

— Այն ով՞ է, սերն՞ է
Իր հեռվից կանչում:
— Սեր իմ, քամին է
Դուրսը հառաչում:

Մանյակները քո
Հյուսել եմ լույսից,
Ինձ ուր՞ ես լքում
Այս ճամփից առաջ.
Թե գնաս պիտի,
Թռչնակն իմ լացի,
Գինի չի դառնա
Խաղողս կանաչ:

— Այն ով՞ է, սերն ՞ է
Իր հեռվից կանչում:
— Սեր իմ, քամին է
Դուրսը հառաչում:

Դու չես իմանա,
Ձյունե իմ թիթեռ,
Քեզ է երազում
Լուսայգն իմ արթուն,
Երբ անձրևն այսպես
Թափվում է անվերջ,
Եվ չոր ճյուղերից
Բներն են կաթում:

— Այն ով՞ է , սերն՞ է
Իր հեռվից կանչում:
— Սեր իմ, քամին է
Դուրսը հառաչում:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

24 Հկտ

Մարդկային բնության մասին

Բնությունը մարդու մեջ հաճախ թաքցված է, երբեմն` ճնշված, բայց հազվադեպ՝ ոչնչացված: Բռնադատումը ստիպում է բնությանը դաժանորեն վրեժխնդիր լինել իր համար, խրատները փոքր-ինչ զսպում են նրա պոռթկումները, և միայն սովորությունն է կարող նրան վերափոխել ու հնազանդեցնել: Ով ձգտում է հաղթել իր մեջ բնությանը, թող իր առջև չդնի ոչ չափազանց բարդ, ոչ էլ շատ հեշտ խնդիրներ, քանզի առաջին դեպքում կընկճվի հաճախակի անհաջողություններից, իսկ երկրորդ դեպքում շատ քիչ հաջողություններ կունենա, չնայած հաճախ կհաղթի: Եվ թող սկզբում թեթևացնի իր գործը այն լողորդի նման, ով ապավինում է լողապարկերին կամ եղեգնի խրձերին, իսկ մի քիչ հետո, ընդհակառակը, դնի իրեն դժվարին պայմաններում, ինչպես վարվում են պարողները, երբ վարժություններ են անում ծանր կոշիկներով: Քանզի լրիվ կատարելության համար պետք է, որ նախապատրաստությունը ավելի դժվար լինի, քան ինքը` գործը:
… Եվ թող ոչ ոք լիովին չհավատա իր բնության դեմ տարած հաղթանակին, քանզի բնությունը կարող է երկար ժամանակ իրեն զգալ չտալ և կրկին վերակենդանանալ առիթի կամ գայթակղության դեպքում: Այդպես եղավ կատվից կնոջ փոխակերպված եզովպոսյան կույսի հետ. ի~նչ վայելչորեն էր նա նստել սեղանի մոտ, քանի դեռ նրա կողքով չվազեց մուկը: Դրա համար էլ թող մարդը կա՛մ բոլորովին խուսափի գայթակղությունից ու փորձությունից, կա՛մ ավելի հաճախ ենթարկվի նրանց, որպեսզի նրանց նկատմամբ անզգայուն դառնա:
Մարդու բնությունն ավելի հեշտ է ի հայտ բերել մենության ժամանակ, քանզի այդ ընթացքում նա իրենից դեն է նետում ողջ ցուցադրականը, կրքի պոռթկման ժամանակ, քանզի այդ ընթացքում մոռանում է իր կանոնները, ինչպես նաև նոր հանգամանքներում, քանզի այդ ժամանակ նրան լքում է սովորության ուժը:Երջանիկ են նրանք, ում բնությունն իրենց զբաղմունքների հետ համաձայնության մեջ է. այլ կերպ նրանք կարող են ասել. «Multiim incola fuit anima mea» («Երկար է ապրել իմ հոգին». Հին Կտակարան, Դավթի սաղմոս, 119), երբ հարկադրված են զբաղվել այնպիսի բաներով, որոնց նկատմամբ հակումներ չունեն: Զբաղվելով գիտություններով՝ թող մարդը ժամեր նշանակի այն բաների համար, ինչին իրեն հարկադրում է, իսկ այն բաների համար, ինչ ներդաշնակ է իր բնությանը, թող չմտահոգվի և հատուկ ժամանակ հատկացնի, քանզի նրա մտքերն իրենք դրանց կանդրադառնան, որքանով թույլ կտան ուրիշ գործերը և զբաղմունքները:
Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դուրս է գալիս կա՛մ որպես հացազգի, կա՛մ որպես մոլախոտ. դե, թող նա ժամանակին ջրի առաջինները և քաղհանի երկրորդները:

ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ

24 Հկտ

… Լավ, ավելի լավ է՝ երաժշտության մասին: Նրա հետ կյանքն ավելի հաճելի է: Ինձ կայտառացնում են նույնիսկ զինվորական նվագախմբերը, թեպետ ես պացիֆիստ եմ: Ինձ շատ են դուր գալիս Շտրաուսն ու Մոցարտը եւ այլ դասական երաժշտությունը, սակայն մարդկությանը հիրավի անգնահատելի ընծա են մատուցել աֆրոամերիկացիները, դեռեւս այն ժամանակներում, երբ նրանք ստրուկներ էին, եւ այնչափ անգնահատելի, որ այսօր այն մնում է համարյա թե միակ պատճառը, որի համար շատ ու շատ օտարերկրացիներ մեր մեջ դեռեւս ինչ-որ լավ բան են գտնում: Այդ ընծան, որ հատուկ նախատեսված է աշխարհը համակած ընկճախտի բուժման համար` կոչվում է բլյուզ: Ողջ ժամանակակից փոփ երաժշտությունը` ջազը, սվինգը, բիբոպը, Էլվիս Փրեսլին, «Բիթըլզը», «Ռոլլինգ Սթոունզը», ռոք-ընդ-ռոլլը, հիփ-հոփը, եւ այլն, եւ այլն` ծագում է բլյուզից:
Հիասքանչ գրող Ալբերտ Մյուրեյը, ով մնացյալ բաներից զատ, նաեւ ջազի պատմաբան է եւ իմ ընկերը, պատմում էր ինձ, որ մեր երկրում ստրկության տարիներին (այդ անմարդկային երեւույթի հետեւանքներից մենք, երեւի թե, երբեք ուշքի չենք գա) ստրկատերերի ինքնասպանությունների միջին թիվը շատ ավելի բարձր էր, քան` ստրուկներինը:
Մյուրեյի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ ստրուկները գտել էին ընկճախտի դեմ պայքարելու միջոցը, որն իրենց սպիտակամորթ տերերին հասու չէր: Նրանք բլյուզներ էին նվագում եւ երգում, եւ «ծերուկ Սուիցիդը» ձեռնունայն հեռանում էր: Ի դեպ, նա մի գաղափար էլ ունի` իմ կարծիքով՝ միանգամայն ճիշտ: Նա ասում է, որ բլյուզը չի կարող լիովին տնից վտարել ընկճախտը, բայց ստիպում է նրան թաքչել սենյակի մութ անկյուններում: Հիշեք` պետք կգա:
Օտարերկրացիները սիրում են մեզ ջազի համար: Իսկ ատում են` ոչ թե ամենքի համար նախատեսված ազատության եւ արդարադատության համար, որն իբր իշխում է մեր երկրում: Մեզ ատում են մեր մեծամտության համար:Այսօրվա գլխավոր ճշմարտությունը, որն ուժգնորեն կփչացնի օրերիս մնացուկը, այն է, որ մարդիկ թքած ունեն, թե երկիրը կապրի թե կկործանվի: Այնպիսի զգացողություն է, որ բոլորը ասես մեկօրյա «ծպտյալ հարբեցողներ» ծրագրի մասնակիցներ են: Մի խոսքով, մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
Իմ ծանոթներից շատ քչերն են երազում այն մասին, թե ինչպիսի աշխարհ են թողնելու թոռներին: Տարիներ առաջ ես այնքան միամիտ էի, որ դեռեւս կարծում էի, թե մենք կարող ենք դառնալ այն մարդասեր եւ բանական Ամերիկան, որի մասին երազում էին իմ սերնդի բազում մարդիկ: Մենք երազում էինք այդպիսի Ամերիկայի մասին Մեծ Ընկճախտի տարիներին, երբ մարդիկ աշխատանք չունեին: Իսկ այնուհետեւ մենք մարտնչում էինք, եւ շատերը մահացան հանուն այդ երազանքի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մարդիկ չունեին խաղաղություն:
Հիմա ես գիտեմ` ոչ մի գրողի տարած շանս չկա այն բանի համար, որ Ամերիկան կդառնա մարդասեր եւ բանական: Որովհետեւ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը` բացարձակ այլասերում է: Մարդիկ իշխանությունից հարբած շիմպանզենե՞ր են: Ես խիզախում եմ կոտրել մեր զինվորների մարտական ոգին, նրանց, որ մարտնչում եւ զոհվում են Մերձավոր Արեւելքում: Նրանց մարտական ոգին, ինչպես եւ բազում մարդկային մարմինները, ոչ թե պարզապես կոտրված է, այլ ցաքուցրիվ է արված: Նրանց վերաբերվում են՝ որպես խաղալիքների, որ ծննդյան տոներին նվիրել են մի լկստված երեխայի:
Միլիոն տարի, կամ մոտավորապես այդքան, այն օրերից ի վեր, երբ երկրի երեսին հայտնվեց մարդը, մենք փաստորեն պիտի ամեն ինչի մասին գլխի ընկնենք: Եվ մեր պատմական աշխատությունների գլխավոր հերոսները դառնում են «գուշակները», նրանք, որոնց մյուսներից լավ է հաջողվում մեզ հմայել, իսկ երբեմն` զարհուրեցնել:
Տա՞նք մի երկու անուն, օրինակի համար` Արիստոտել եւ Հիտլեր: Մեկը՝ բարի «գուշակ», մյուսը` չար: Եվ մշտապես մարդկանց մեծամասնությանը, ինչպես եւ մեզ՝ ձեզ հետ, գիտելիքների պակասը զգացողներիս, առանձնակի ընտրության հնար չէր մնում, քան այս կամ այն գուշակին հավատալը:
Ենթադրութունների ճշմարտացիությունը համոզելու ունակությունը ընկած է իշխանության հիմքում, այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ մեր երկրի այժմյան առաջնորդների մեծ մասը, չնայած այն բանին, որ մեր ձեռքի տակ վիթխարածավալ ինֆորմացիա կա, կամենում է, որ «սուրճի մրուրով գուշակությունները» շարունակվեն. թե որ հիմա ենթադրություններ մատուցելու իրենց ժամանակն է: Վաշինգտոնի «գուշակները», որ ամենաաղմկոտն են ողջ աշխարհում, ամենքից շատ են հպարտանում իրենց տգիտությամբ: Արժանահավատ ինֆորմացիայից մեր առաջնորդների սիրտը խառնում է: Նրանք համարում են, եւ գուցե թե արդարացիորեն, որ գիտելիքների լիությունից ողջ երկրի սիրտը խառնում է: Նրանք ուզում են մեզ վերադարձնել ուղենիշերն ու ստանդարտները, սակայն՝ ո՛չ ամենեւին «ոսկե ստանդարտը», այլ դրանից էլ պրիմիտիվ մի բան: Նրանց իդեալական ստանդարտը` «բոլոր հիվանդությունների համընդգրկուն միջոցն է», որ մեզ է փորձում խոթել ինչ-որ խարդախ…

ԿՈԲՈ ԱԲԵ

24 Հկտ

… Տարածության մեջ փողոցն անշուշտ գոյություն ուներ, իսկ ժամանակի մեջ ներկայացնում էր դատարկությունը: Որքան սարսափելի է` գոյություն ունենալ եւ միաժամանակ գոյություն չունենալ: Իրականության չորս անիվները պտտվում են երկրի երեսին, եւ իմ մարմինն, անշուշտ, զգում է թրթռոցը… Պետք է փախչել մի այնպիսի վայր, որտեղ երաշխավորված է տարածության ազատությունը: Իսկ այստեղ ես կկորցնեմ ոչ միայն ժամանակը, այլ նաեւ տարածությունը, եւ, իհարկե, կորմնաշարվեմ իրականության պատում:

* * *
… Ճանճերի տեսակները այնքա՜ն շատ են, այնքա՜ն շատ, որ միայն զարմանալ կարելի է… Բայց քանի որ բոլոր միջատաբանների միտքն աշխատում է մոտավորապես նույն ուղղությամբ, ապա նրանք գրեթե ավարտել են այդ տեսակների մեծամասնության ուսումնասիրությունը, ներառյալ նաև Ճապոնիայում հայտնաբերված ամենահազվագյուտ ութերերդ որակակոխը: Սրա պատճառը գուցե այն է, որ մարդկանց կյանքը շատ մոտիկից է հյուսվում ճանճերի կյանքին: Այո՛, ավազն առանձնապես պիտանի չէ ապրելու համար, կյանքի համար: Բայց անշարժությունն էլ արդյո՞ք բացարձակ անհրաժեշտություն է գոյությունը պահպանելու համար: Միթե այդ գարշելի մուրացիկությունը չի ծնվում անշարժություն հաստատելու ձգտումից: Եթե հրաժարվենք անշարժությունից և ինքներս մեզ հանձնենք ավազի շարժմանը, ապա կվերջանա նաև մուրացիկությունը:

ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ

24 Հկտ

… Ինչպես հավաստիացնում են սոցիոլոգները (իսկ մենք մեզ թույլ ենք տալիս կարծել, որ նրանք իրենց փաստարկներն ունեն դրանում մեզ հավաստիացնելու), պատերազմները, համաճարակները, սովը, աղետներն ու նմանօրինակ երևույթները, սովորաբար, ենթադրում են բարոյականության անկում, հոգու հաղորդակից անոթների հավասարակշռության խախտում: Սոցիոլոգներն այս դեպքում հիմնվում են այն թեզի վրա, որ բարոյականությունը մտացածին ավելորդություն է, ի հակառակ քրիստոնեության թեզի, որն արդեն քսան դար անձնվեր պայքար է մղում:
Ակնհայտ է (առանց բարդ և անծանոթ խնդիրների մեջ խորանալու և մեր գլխից մեծ գործ բռնելու ու առանց գլխացավանքի մեջ ընկնելու), որ պարտության մատնված պատերազմները հոգիներն ավելի խորն են ընկղմում եսամոլության անդունդը, ինչը մարդկային էակների փոխհարաբերությունների որոշիչներից մեկն է (ըստ վիեննացի բժիշկների` ստամոքսի և սեռական բնազդների հետ մեկտեղ). խոսքը ոչ թե այն սրբազան էակի մասին է, որը, քիչ թե շատ անտարբեր, աջակցում է աշխարհի զվարճալի ներկայացմանը, այլ այն դերասան էակի, որը լավից-վատից պարկեշտությամբ իր դերն է կատարում կյանքի մեծ բեմի վրա, զորեղ լուսամփոփների սառը լույսի ներքո:
Վերջին համաշխարհային պատերազմը (պատերազմ, որտեղ բոլոր սպիտակամորթներս պարտություն կրեցինք հենց այն օրը, երբ կրակեց առաջին հրացանը), քայքայման մյուս նշանների հետ մեկտեղ, առաջ բերեց փողկապի պարտությունը:
Այն ժամանակից ի վեր, ինչ այն կապվել է մարդու վզին, որպեսզի մյուս մարդիկ իմանան, որ նա, ով անցնում է, ազնվական է, փողկապը, որպես այդպիսին, երբեք չի կրել ավելի լուրջ մի գրոհ, քան վերջին ժամանակներս: Որպես վայելուչ ազնվականության նշան փողկապն անհետացել է, եւ պարանոցներն այսօր տկլոր են կամ, ինչն ավելի վատ է, ցնցող, մետաքսե կտորով վիրավորական կապված, ինչը կարող է ամեն ինչ նշանակել, բացի ազնվականությունից:
… Անկեղծ ասած, մենք դեռ չենք հարմարվել կուրծքը բաց, երես առած երիտասարդին տանելուն, որը խորամանկորեն օգտվելով շոգից, ջանք չի խնայում իրեն ուժեղի տեղ դնելու և լանջի գանգուրները մեզ ցուցադրելու համար, կամ Ֆրենկ Սինատրայի ուրվագծով, վրան իսկական թիթեղից մետաղյա զարդերով դեղին փողկապով մեկ ուրիշին: Բարեբախտաբար, մեզանից չի պահանջվում նաև ընտրություն կատարել; Տե՛ր Աստված, ինչո՞ւ կորան այն ազնվական փողկապները, այն բոլոր զորացնող, մուգ կարմիր կամ կապույտ փողկապները, որոնք այդքան անդորր էին բերում մեր մտքին: Որտե՞ղ են: Ի՞նչ է եղել դրանց հետ: Ո՞ր անհայտ անդունդներում են խորտակվել: Մոռացության ո՞ր գարշելի հանքախորշերն են դրանք կուլ տվել…

ԻԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

24 Հկտ

… Այո, իսկապես, ազատությունն անսահմանափակ չէ: Բայց կարող է այդպիսին դառնալ, եթե զուգակցվում է հավատով առ Աստված: Սերն Աստծո հանդեպ սահմանափակում է ազատությունը Դրա համար էլ կարելի է ամեն ինչ անել սիրո ու հավատի շրջանակներում: Մեզնից ամեն մեկի մեջ գոյություն ունի բարոյականության զգացմունք` խիղճ: Եվ մարդն ազատ վարվելով, այնուամենայնիվ, գործում է իր խղճի սահմաններում:
Երբ մարդն Աստծո հետ է, ուրեմն մենակ չէ: Բացի դրանից, մարդկանց մեջ կարող են խորը զգացմունքներ լինել` սեր, բարեկամություն, գթասրտություն: Այդ իսկ պատճառով ազատությունը ամենևին էլ չի նշանակում մենություն: Եվ եթե նույնիսկ մարդը մնում է մենակ արար աշխարհի դեմ, նա մենակ չէ, որովհետև հավատն իր հետ է:
Երբ ամբողջ աշխարհը թռցնում է խելքը, ինչպես դա եղավ նացիզմի օրոք և կոմունիստական վարչակարգի պայմաններում, պետք է ի զորու լինել իր մեջ փնտրելու խղճի մասնիկներ, լսելու խղճի ձայնը: Պետք է համարձակություն ունենալ չմտածելու այնպես, ինչպես մյուսները: Թեև, իմ կարծիքով, աշխարհի կործանումը մոտ է: Աշխարհը ապագա չունի…

* * *
… Լեզուն մարդկանց հաղորդակցության միջոցից ու Աստծուն հասու լինելու եղանակից վերափոխվել է խաբկանքի ու ինքնախաբկանքի գործիքի: Եվ մենք սպանում էինք բառերը, սրանց ունայն լոզունգայնությունը, գաղափարախոսությունը, սպանում էինք բուրժուական թատրոնը: Սկզբում ես համարում էի, թե թատրոնը կոչված է կենդանի հույզերն արտահայտելու: Իմ առաջին պիեսում տեքստը լոկ հենարան էր, նեցուկ հույզերի համար. աստիճանաբար բառերը դառնում են անիմաստ, դրանք պայթում են:
Ազդարարելով խոսքի անհեթեթության մասին, մենք գնացինք առաջ. Բեքեթի պիեսում Գոդոն Աստվածն է: Նրանք` այդ երկու շրջմոլիկները, սպասում են Աստծուն: Բայց պիեսի այդ տեսանկյան մասին չէինք ուզում խոսել, որովհետև մարդիկ անտարբեր են Աստծո նկատմամբ, ճիշտ չեն ապրում, անկարող են աստվածային նախահիմքն ըմբռնել: Սակայն մեզ համար ամենագլխավորը թատրոնում Աստծո որոնումներն էին, իսկությունից հեռացած մարդկային լեզվի հերքումը…
Ամբողջ պատմությունը` ընդհուպ մինչև ֆրանսիական հեղափոխությունը, եղել է Աստծու որոնումը: Սա է մարդու նպատակը: Եվ ես հուսով եմ, որ նորից այդպես կլինի, մինչև վերջ: Քրիստոսը կտառապի խաչի վրա, քանի դեռ մարդիկ հավատի չեն եկել…

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

24 Հկտ

… Ես գտնվում եմ անհայտ մի մոլորակի վրա, ուր ոչ տրամաբանություն կա, ոչ անհերքելի փաստեր, և իմ մեջ ինչ-որ ձայն անվերջ ու անլռելի ճչում է մի անուն: Ես գիտեմ, որ բանն անունը չէ, սակայն անվերջ լսում եմ ճչացող քայլերիդ ձայնը, որին ինչպես միշտ որպես պատասխան լռությունն է լոկ դիմավորում: Այդ լռության մեջ շատ ճիչեր են խլացել առանց պատասխան ստանալու: Բայց ճիչը չի լռել: Դա սիրո և մահվան գիշերային ճիչն է, ճիչը էքստազի և կործանման գիտակցության, ճիչը ջունգլիների և անծայր անապատի: Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձնից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել: Սեր: Ինչեր ասես, որ չեն թաքնվում այդ բառի տակ: Դեպի հաճելի ու քնքուշ մարմինն ունեցած տենչից մինչև ոգու հեռավոր փոթորկումները, ընտանիք ունենալու հասարակ ցանկությունից մինչև որևէ մեկի մահվան լուրից ստացած կորստաբեր ցնցումները, խենթ վավաշոտությունից մինչև Հակոբի մենամարտը հրեշտակի հետ: Ահա ես քայլում եմ. քառասունն արդեն անցած մարդ, ես շատ բան եմ սովորել կյանքում, ընկել ու նորից եմ բարձրացել: Ես փորձով հարուստ եմ և իմաստնացած, այդ իմաստությունները անցել են տարիների ֆիլտրի միջով, ես դարձել եմ ավելի կոփված, ամեն ինչին նայում եմ քննադատորեն, ես հիմա ավելի անվրդով եմ և ավելի սառնասիրտ… Ես ոչ ուզում էի սիրել և ոչ էլ հավատում էի սիրուն, իմ մտքով երբեք չէր անցնում, թե սերը նորից ինձ կայցելի: Բայց նա եկավ, և պարզվեց, որ իմ ամբողջ կենսափորձը անօգուտ դուրս եկավ, իսկ գիտելիքներս այդ ամենը դարձրին ավել այրող ու ցավալի: Իսկ ի՞նչն է ավելի լավ այրվում զգացմունքի կրակի վրա, եթե ոչ չոր ցինիզմը, մի վառելիք, որ պատրաստվել է ճակատագրական ծանր օրերին…

* * *
— Ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ: Դա մի հին պատմություն է:Մեզանից շատ առաջ տեղի ունեցած: Լսիր: Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Հետո՞:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
-Հետո՞: Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:

ԱԼՎԱՐՈ ՄԵՆԴԵԶԵԼԻԼ

24 Հկտ

ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶ
Մարդու սիրտը տրոփում է, այդուհանդերձ յուրաքանչյուր կծկում ու լայնացում ոչ միայն վկայում է արյան հորդահոս գետի ընթացքը երակներում, այլ,- ինքնին մի ճիչ է. մեոնել… քնել… մեռնել… քնել…Հենց այդ ճիչն էր մարդուն քնից արթնացնողը։ Նա երազում իրեն մեռած էր տեսել, սակայն այժմ բացելով աչքերը և ուժերը վերականգնելու նպատակամղմամբ խորը շնչելով՝ իր էության անելանելի վիճակը սրտի նույն կարգ ու կանոնով հարվածի տակ էր առնում. «Արդյոք երազո՞ւմս էի ինձ մեռած տեսել, թե՞ իսկապես մեռած եմ վկա լինում իմ արթնացմանն ու շնչառությանը»։
Սակայն՝ ոչ. նրա կողքին կինը՝ Մարթան, փակ աչքերով հանդարտ ու համաչափ շնչում և հավանաբար լողում է երազների զրկում։ Մարդը մտածեց. «Եթե նրան զգում եմ իմ կողքին, եթե ընդունակ եմ մտածել, որ նա լողում է երազների զրկում, ուրեմն՝ դեռ ողջ եմ…»
Հետո՝ մի այլ կասկած. «Աակայն ես ինչո՞ւ եմ տեղյակ նրա երազներից, այդ ինչպես է, որ ես նույնպես սին իրավիճակներում մասնակից եմ ինձ չպատկանող, անհավատալի մի երազի մտորումներին»։Եվ այս տրամաբանությունների ընթացքում սրտի զարկերր դեռես զբաղված էին իրենց գործունեությամբ. մեռնել… քնել… մեռնել… քնել…
Մարդը ծարավ է զգում և ծարավությունը նրան մի այլ մտքի է հանգեցնում. «Եթե մեոած լինեի, ծարավ չէի զգա»։ Այս միտքը որոշ չափով հանգստացնում է նրան, և մի պահ հավատում է, որ կյանքի ու մահվան միջև իր անելանելի վիճակի համար ինչ-որ պատասխան է զտել. «Ես միայն երազում էի տեսնում, որ մեռած եմ»: Այդուհանդերձ, երբ փորձում է իր մահճակալի կողքի սեղանից վերցնել ջրի գավաթը, մի այլ բան է գիտակցում. նա ի վիճակի չէ շարժելու իր անդամներն անգամ ուժեղ ցանկության դեպքում, ձեռքերը, բազուկները… ամբողջ մարմինը չոր ու անշարժ է։ Իհարկե, մարմինը կենդանի անդամևերի շնորհիվ դեռևս տաք է, սակայն՝ ոչ մի շարժում։ Այդ գիտակցությունը պատճառ է դաոնում ծարավը նույնպես մոռանալու։
Ժամերը մեկը մյուսի ետևից ընթանում են, և նա, մոտակա եկեղեցու զանգերի ղողանջները հաշվելով, ժամանակ է անցկացնում։ Կինը մի քանի անգամ շուռումուռ է գալիս, նույնիսկ մի անգամ քնքշորեն զրկում է նրան։ Այս բոլոր մանրուքները նորից հույս են ներշնչում. «Եթե այս մղձավանջը շարունակվի, ի՞նչ է լինելու»։ Այս արանքում կծկումը՝ մեոնել, և թուլացումը՝ քնել, դեոևս իրենց գործին են։ Մարդը գլխի է ընկնում, որ իր միակ հույսը կնոջ արթնանալն է, սակայն նրա հետ խոսելու, նրան շոշափելու ոչ մի ջանք չի գործադրում. «Շուտով արթնանալու ժամը վրա կհասնի»:
Վերջապես վրա է հասնում նաև այդ պահը։ Կինը արթնանում է, նստում է մահճակալի եզրին և հագնում է հողաթափերը։ Մարդու սիրտը ավելի արագ, քան երբևէ, սկսում է տրոփել։ Կինը վերցնում է սրբիչը և դուրս է գալիս սենյակից։ Մարդը լսում է լվացարանում թափվող ջրի և կնոջ ատամների խոզանակելու ձայնը… Այս պարագայում նա, որ լսում է այս ամբողջ աղմուկ և աղաղակը, արդյոք կենդանի՞է։Երբ կինը ննջարան է վերադառնում, միացնում է փոքրիկ վարդագույն լույսը և ձեոք է տալիս մարդու ուսերին. և Կարլոս…
Եվ հաջորդ վայրկյանին. «Կարլոս, Կարլոս արթնանալու ժամանակն է»։
Մարդը լսում է ամեն ինչ, նա ամեն ինչ զգում է։ Փառք աստծո, փաոք աստծո, այս բոլորը երազ էր, և այժմ այս երազը իր վախճանին է մոտեցել։
Բայց հանկարծ աշխարհի ողջ տխրությունը մարդու սիրտը լցնելու աստիճան Մարթան բարձր ճչաց։ Քիչ անց ծառաներր և հարևանները վրա հասան, և օդում տարածվեց երեխաների ողբը։

Թարգմանեց էդուարդ Հախվերդյանը

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

24 Հկտ

Նամակ Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

ՋՈԶԵՖ ԿՈՆՐԱԴ

24 Հկտ

… Անկարելի է չզգալ հասարակ բառերի ուժը, այնպիսի բառերի, ինչպիսիք են Փառքը, Կարեկցությունը կամ, եթե ուզում եք, Առաքինությունը… Պարզ է, հարկավոր է հետևել հնչյուններին: Ճիշտ հնչյունին, ինչը որ չափազանց կարևոր է… Մի խոսեք ինձ հետ Արքիմեդի լծակի մասին: Ես մեծապես հարգում եմ մաթեմատիկան, բայց ինձ պետք չեն գործիքներ: Տվեք ինձ անհրաժեշտ բառը և ճիշտ հնչյունը, և ես շուռ կտամ երկրագունդը… Թերևս այդ բառն այստեղ է, կողքիս, միանգամայն ձեռքիս տակ` անծանոթ, անտեսանելի: Բայց ի՞նչ օգուտ դրանից: Հավատում եմ, կան մարդիկ, որ առաջին իսկ փորձից կարող են խոտի դեզի մեջ գտնել ասեղը: Ինչ վերաբերում է ինձ, իմ բախտը երբեք ինձ այդպես չ շփացրել…
Կար չկար` մի կայսր կար (Մարկոս Ավրելիանոս Անտոնիոս (121-180), որ իմաստուն մարդ էր և մի քիչ էլ գրոց-բրոց: Նա փղոսկրե աղյուսների վրա գրի էր առնում մտածումներ, առածներ, խորհրդածություններ, որոնք, հետնորդներին իբրև պատգամ, պատահաբար պահպանվել են: Ի թիվս այլ ասույթների ( մեջ եմ բերում հիշողությամբ) կա մի այսպիսի հանդիսավոր հրահանգ. : Թող ձեր որևէ բառը հնչի որպես հերոսական ճշմարտություն: Իհարկե, այս ամենը շատ հաճելի է, բայց կարծում եմ, թե խստասիրտ կայսրի համար հեշտ էր գրի առնել հավակնոտ խրատներ ու խորհուրդներ: Այս աշխարհում գործող ճշմարտությունները մեծավ մասամբ համեստ են և ոչ թե հերոսական: Բացի դրանից, մարդկության պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ հերոսականորեն հնչող ճշմարտությունները ոչ այլ ինչ են արել նրան, քան ծաղրուծանակի առարկա…

%d bloggers like this: