Պահոց | 6:35 ե.

Զենքի եղբայրություն և ոչ մի բարոյականություն

16 Նյմ

Կատարվեց այն, ինչի հնարավորությանը քչերն էին կասկածում. ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Պենտագոնի կողմից Թուրքիային 111 մլն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ այլ գործարքների թվում Վաշինգտոնը կանաչ լույս վառեց նաև Թուրքիային AH-1W Super Kobra ռազմական ուղղաթիռների վաճառքի պայմանագրի համար։ Եթե հավատ ընծայենք Անկարայի հավաստիացումներին, Super Kobra-ները հաջորդ տարի ամռանը կսկսեն մասնակցել PKK-ի դեմ մղվող մարտական գործողություններին:
Թուրքիային սպառազինություն վաճառելու նպատակով համապատասխան թույլտվություն ստանալու համար դեռևս հոկտեմբերի 28-ին կառավարությունը պաշտոնապես դիմել էր Կոնգրեսին։ Դրան ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ համատեղ նախագիծ ներկայացրեցին օրենսդիրներին, որով պատրաստվում էին արգելք սահմանել զենքԻ վաճառքի վրա: Ընդարձակ նախագծը լի էր բազմաթիվ փաստարկների թվարկմամբ: Փաստաթղթի հեղինակները անհանգստություն էին հայտնում այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելի, Հայաստանի ու Կիպրոսի նկատմամբ սպառնալից վերաբերմունք է դրսևորում: «Թուրքիայի` Իսրայելի նկատմամբ ավելացող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի բռնազավթումն ու Հայաստանի դեմ ուղղված շրջափակումը մեզ խորին կերպով մտահոգում են: ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է նման լուրջ անհանգստությունների շուրջ մտածի»,-նշվում էր նախագծում՝ հավելելով նաև այն փաստը, թե պաշտոնական Անկարան Իրանի ու Սիրիայի պարագայում նույնպես սեփական խաղն է տանում` հարվածելով տարածաշրջանում ամերիկյան շահերին:
Միացյալ Նահանգներում գործող զանազան լոբբիստական կառույցներ իրենց աջակցությունն արտահայտեցին այս նախաձեռնությանը: Անմասն չմնացին նաև հայկական կառույցները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն գոհունակությամբ արձագանքեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամներին: «Մենք միանում ենք Հայաստանի, Իսրայելի, Կիպրոսի և քրդերի բարեկամների` Թուրքիային զենքերի վաճառքը արգելափակելու կոչին: Թուրքիան շարունակում է այդ զենքով մահ սփռել քրդերի շրջանում, սպառնալ Հայաստանին, հակամարտության մեջ մտնել Իսրայելի և Կիպրոսի հետ»,- ասվում էր նրանց տարածած հայտարարության մեջ: Միայն թե վերջնական արդյունքում այդ բոլոր ջանքերը անպտուղ դարձան: Կոնգրեսն իր համաձայնությունը տվեց պայմանագրի հաստատմանը՝ դրանով իսկ հերթական անգամ փաստելով, որ Վաշինգտոնը մեծ հաշվով թքած ունի քրդերի, հույների, կիպրոսցիների, հայերի և մյուսների խնդիրների վրա, քանի դեռ կա գերակա շահը և այդ շահը պահանջում է վարվել ճիշտ այնպես, ինչպես կայացավ: Այս առումով խիստ հատկանշական էր նաև այն փաստը, որ Թուրքիային դեմ արտահայտվող ամերիկացի օրենսդիրների կոչը հնչում էր մի իրավիճակում, երբ պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե Վաշինգտոնի հետ հարաբերություններում լուրջ դիվանագիտական հաղթանակի է հասել։ Թուրքերի համար դիվանագիտական հաղթանակ ասվածը սովորաբար նույնացվում է շահավետ գործարքների հետ, իսկ ինչպես այս, այնպես էլ մյուս համաձայնեցված քայլերին այլ կերպ չես անվանի, քան ձեռքբերում: Ի վերջո, զենքի եղբայրությունը վերահաստատող այդ գործարքը ոչ առաջինն էր, ոչ էլ ամենամեծը: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիա- ԱՄՆ համագործակցությունը արձանագրել է աննախադեպ ծավալների ռազմական աջակցություն և առևտուր: Իբրև ակնառու օրինակ կարելի է հիշատակել այն փաստը, որ ամերիկյան հետախուզական Predator անօդաչու 4 թռչող սարքերն արդեն գտնվում են Թուրքիայում, Ինջիրլիքի ռազմակայանում։ Ընդ որում, ԱՄՆ-ը Թուրքիային հանձնել է ոչ թե 2, ինչպես խոստացվել էր, այլ 4 Predator։ Հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը G-20 համաժողովի ժամանակ նախագահ Օբամայից պահանջել էր հիշել իր խոստման մասին և արագացնել Predator-ների առաքումը: Դրանից հետո Վաշինգտոնը շտապեց պարզաբանել, թե ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաև թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ Թուրքիային երաշխիքներ չի տրվել, որ հետախուզության տվյալները երրորդ երկրի չի հանձնվելու։ Միայն թե ո՞վ կարող է նախօրոք կռահել, թե ինչեր կլինեն վաղը:
Ամերիկացիների առատաձեռնությունն այսքանով չսահմանափակվեց: Շուտով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն առաջին անգամ որոշում է կայացրել F-16 կործանիչների ծրագրային կոդերը հանձնել այլ երկրի։ Եվ այդ բացառիկ երկիրը, բնականաբար, կրկին Թուրքիան էր: Վաշինգտոնը թուրքերին է տրամադրելու Lockheed Martin ընկերության կողմից արտադրված F-16 (Fighting falcon) ռազմական օդանավերի ծրագրային կոդերը։ Դա ոչ միայն թանկարժեք, այլև բաղձալի նվեր պիտի լինի նրանց համար: Վերհիշենք, որ Թուրքիան երկար տարիներ ԱՄՆ-ից պահանջում էր այդ կոդերը։ Իսկ այժմ՝ ստանալուց հետո նրանք կարող են օդանավերի մասերն արտադրել հենց տեղում և նույնիսկ դրանք վաճառել այլ երկրների։
Իսկ եթե թվարկված դեպքերին հավելենք նաև այն, որ Թուրքիան ԱՄՆ-ից 60 մլն դոլարով ևս 30 նոր F-16C տիպի կորածանիչներ է գնել, ապա պատկերը ոչ միայն ամբողջական, այլև ամեն կարգի կասկածներից զերծ կդառնա: Այժմ Թուրքիան իր կործանիչների քանակով ԱՄՆ-ի հետ դարձավ աշխարհի ամենաշատ F-16 ունեցող երկիրը։ Իբրև դրա հավելում Վաշինգտոնի ու Անկարայի միջև կնքված 2,9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրով ամերիկացիները կարդիականացնեն այդ կործանիչները, որոնց յուրաքանչյուրի վրա կծախսվի 5,2 մլն դոլար։
Այս ահռելի ծախսերի և ներդրումների ֆոնի վրա Կոնգրեսում ներկայացված բանաձևը, դրա շուրջ բարձրացված աղմուկը, վատնված ջանքերը և այն միամիտ հույսը, թե ինչ-որ մեկը կարող է հանկարծ առաջնորդվել բարոյականության սկզբունքներով ու խաչ քաղել ծրագրված գործարքների վրա, արդեն մանկական խաղ են թվում: Եթե կան զենքեր ու սպառազինություն, դրանք անպայման մի օր գործածության մեջ պիտի դրվեն: Իսկ այնտեղ, որտեղ արյուն է հեղվում, բարոյականությունն ու արդարությունը անելիք չունեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

16 Նյմ

Ես հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

16 Նյմ

ՄՆԱՑԱԾ ՎԵՑԸ

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ և այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչև այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

ՍԵՎ ՈՉԽԱՐ

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին: Մեկ դար անց հոտը զղջաց և նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում: Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սև ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

16 Նյմ

Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարողանա անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքը: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեզ հետ: Եթե դու ցանկանում ես ունենալ այն, ինչը երբեք չես ունեցել, սկսիր անել այն, ինչը երբևէ չես արել: Միակ բանը, որ կործանում է երազանքը, փոխզիջումն է:

ՄԻՇԵԼ ԲՐՅՈՒՏՈՐ

16 Նյմ

ԵՐԱԶՆ ՈՒ ՄՇՈՒՇԸ

Արթնանում եմ: Գիշերն անցել է: Ես երազ եմ տեսել: Ես հիշում եմ երազի մասին, և այն հյուսվում է այն ամենին, ինչ ես տեսնում եմ: Եթե ես ուզում եմ պատմել, ապա գուցե թե այն բանի համար, որպեսզի նրանից ազատվեմ, զատեմ այն մնացյալ ամեն ինչից, որպեսզի օրը բացատրվի՞: Քանի դեռ ես այն պատմում եմ, նա ցրվում է: Թեպետ ինչ-որ բան ինձ այնքան է ապշեցրել, որ ես հաճույքով նախաճաշի շուրջ կպատմեմ հարազատներիս: Իհարկե հարթ չստացվեց: Եվ նախադասություններն այն չեն, և այն դասավորությամբ չեն: Բառերը հուսախաբ արին: Պետք է սկզբից սկսել, բայց արդեն ժամանակ չկա, և այժմ չեմ հիշում և չեմ էլ ուզում: Որքան բան խոստացավ`այնքան զվարճալի, այնքան սարսափելի, այնքան գեղեցիկ երազ… Բոլորը հիասթափված են, մնացել է անբավարարվածության զգացողությունը:
Սակայն, այդուհանդերձ, օգտվել դրանից չկարողացա, բայց քշել` նույնպես: Թաքնվում ու ծանակում է ինձ: Մեկ էլ տեսար` դուրս է պրծնում մեկ փողոցում, մեկ ճանապարհին, մեկ էլ գրքից: Հիշողությունը գրգռում և հետապնդում է ինձ: Ե՞րբ եմ ես եղել այս տանը: Որտե՞ղ եմ ես այն ժամանակ զրուցել: Ոչ, չի կարող պատահել, կեսօրին ես միանգամայն այլ բանով էի զբաղված: Դա հիշողության խաբսն է, երազ: Երբեմն ինձ հաջողվում է հիշել հենց այն գիշերը, երբ ես տեսել էի այդ երազը, բայց հետո ես չեմ հասցնում: Օրը փութացնում է: Հենց որ ես երազի հիշողության նման մի բան եմ հայտնաբերում, ես դա բանադրանքի եմ ենթարկում:
Ամենից շատ խանգարում են այն երազները, որոնք ամենալավն են իրականության դիմակ առնում: Հաճախ այնտեղ հայտնվող դրվագներն անզանազանելի են ամենատափակ առօրյա կյանքից… Երազը ֆիքսելու համար ինձ հարկ է նրան գործածական մեկնաբանություն տալ, ամենից հաճախ` կրոնական: Այնժամ երազը երկրորդ կյանք կառնի, որ երբեմն ներթափանցվում է առաջինի մեջ, բայց մեկը մյուսից պիտի զանազանվի որոշակի ակնհայտ նշաններով: Եթե դեռ չի կարգավորվել կազմակերպված պատումների միասնությունը, որին կարելի է հավելել երազի դրվագները, վերջինս շատ դեպքերում, որքան հնարավոր է, պետք է վերացվի: Այնժամ դա, ինչպես ընդունված է, կհամարեն բանականության թերություն, ավաղելի, քանզի ներհատուկ է բոլորին, հիվանդություն, որի առաջին նախանշանների դեմ հարկ է պայքարել:
Արթնանալուց հետո երազը պատմելը հենց դրա դեմ մարտնչելու փորձի մի մասն է, ինչը համարյա միշտ անհաջողությամբ է ավարտվում: Որպեսզի այդպիսի պատմությունը կայանա, հետաքրքրի, անհամ վրիպանքի, կոպիտ ստի տեսք չառնի, մի բոլուկ թյուրիմացություններ չծնի, այն պարտադիր պետք է ներկայացնի երազի հաստատումը, ապացուցի, որ դա հենց այն է: Պատմողից պահանջվում է համոզել այն բանում, որ նա հիանալիորեն գիտի, որ դա «սոսկ երազ է», որ այլ կերպ «անհնար է»: Նշանները, որոնցով լեցուն է երազը, նույնիսկ, եթե դրանք սովորաբար չեն նշվում, դրանց ծուղակն ընկած հիշողությամբ` անսովոր համակցումները, մեր ապրած տագնապների և հաճույքների հիմնական աղբյուրները:
Ինչ-որ բան տեղից շարժվում է, ակնհայտորեն ոչ այնտեղ, ուր հարկն է` ցերեկով մենք երևի թե կհասկանայինք, որ այդպիսի բաները չեն համակցվում, չեն միավորվում: «Ձեզ ախորժանք են պատճառում երազները»,- այդպես է սկսում Բոդլերը: Երազի մյուս ոչ անկարևոր ասպեկտը` նրա զավեշտականությունն է: Ընդմեջ տափակ դրվագների` հանկարծ ինչ-որ անհեթեթություն: Ամեն ինչ կարգին է` դա ընդամենը երազ է: Բայց այնքան ծիծաղելի, համարյա ամաչելու աստիճանի: Երբեմն առավոտյան պատմողը մեկ էլ փռթկում է շվարած սեղանակիցների մոտ եւ հանկարծ սսկվում է՝ գիտակցելով, որ մնացածները կարող են իրեն չհասկանալ, իսկ այն, ինչ նրա ծիծաղն է հարուցում, նրանց կշտամբանքին կարժանանա…

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: