Պահոց | 5:59 ե.

ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

14 Նյմ

Մարդիկ, ովքեր ինձ չեն հարգում, չեն այցելում ինձ, քանի որ նրանց համար հետաքրքիր չեմ: Իսկ մարդիկ, ովքեր հարգում են ինձ, չեն այցելում հարգանքից դրդված՝ կարծելով, թե կանհանգստացնեն:
Սարսափելի է խոստովանել, բայց մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ուզում են տեսնել և լսում են միայն այն, ինչ ուզում են լսել: Այս աշխարհում մարդկային բնույթը 90 տոկոսով կառչած է սարսափելի բամբասանքներից, կեղծ հեղինակություններից, սրբորեն պահպանվող ասեկոսեներից: Նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ես միայն կխնդրեմ հիշել այն, ինչ նրանց վիճակվել է լսել հենց իրենց մասին: Դավաճանությունը կարելի է ներել, վիրավորանքը՝ երբեք: Ես եղել եմ և մեծ փառքի մեջ, և ճաշակել եմ մեծագույն անփառունակությունը, ու համոզվել եմ, որ ըստ էության դրանք միևնույն բանն են: Երկրային փառքը ծխի պես է:

Մի հայտարարված պատերազմի մասին

14 Նյմ

Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքներից մեկը, որի վերնագիրն է «Մի հայտարարված սպանություն», պատմում է այն մասին, թե ինչպես ամբողջ քաղաքը գիտեր հերոսի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչ ոք այդպես էլ ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար: Գրական ստեղծագործության ու քաղաքական իրավիճակի միջև զուգահեռներ անցկացնելու անհրաժեշտություն հազիվ թե զգացվեր, եթե այս օրերին Իրանի շուրջ շիկացող մթնոլորտը ակամա չհիշեցներ մարկեսյան պատմվածքը և երկու կացությունների նմանությունը: Այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակեց իրանական ատոմային ծրագրի իրագործմանը վերաբերող իր վերջին զեկույցը, տարածաշրջանում կարծես թե նոր պատերազմական սպառնալիքներ են ի հայտ եկել՝ ընդդեմ Թեհրանի: Համենայն դեպքս, Իսրայելի և ԱՄՆ- ի կողմից հնչող զգուշացումները և գործադրվող քայլերը որևէ լավ բան չեն կանխատեսում, իսկ Թեհրանին որպես միջուկային սպառնալիքի աղբյուր դիտարկելու միտումները էլ ավելի լայն տարածում են ձեռք բերում:
Սրա հետ մեկտեղ մարտականորեն տրամադրված երկրները կարծես թե գիտակցում են, որ Իրանի հետ չի կարելի խաղ անել: Այդ երկիրը ոչ միայն ի զորու է հսկել Պարսից ծոցի անցուդարձը և ազդել նավթի և գազի շուկայի վրա, այլև այն բանից հետո, եթե ռազմական սպառնալիքները ձեռք բերեն գործնական բնույթ, կօգտագործի իր ամբողջ ռազմական ներուժը՝ պատասխան հարվածի համար: Արևմուտքում փորձագետները նույնիսկ հաշվարկել են Իրանի դեմ հնարավոր պատերազմի ռիսկերը և հանգել այն եզրակացության, որ հետևանքները հազիվ թե գոհացնեն նախահարձակներին:
Բայց և այնպես, առայժմ չափազանց դժվարացել է բորբոքված հույզերը խաղաղեցնելու խնդիրը: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը օրերս հայտարարեց, թե «Իրանի դեմ ռազմական հարձակումն ավելի մոտ է, քան միջուկային ծրագրի դիվանագիտական լուծումը»: Իսկ դրանից մեկ օր առաջ էլ բացահայտ կերպով ասել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի: Իհարկե, սա առաջին անգամը չէ, երբ քննարկվում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, բայց առաջին անգամ է, որ նման բան հնչում է երկրի նախագահի շուրթերից: Որպես դրա հավելում, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն իր հերթին հայտարարեց. «Իրանի դեմ պատերազմի դեպքում իսրայելական կողմի կորուստները չեն գերազանցի 500 մարդը։ Ոչինչ չի սպառնում հրեական պետության գոյությանը։ Մենք Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետությունն ենք»։
Այսօրինակ խոսքերից հետո միանգամայն բնական է, որ շատերը պիտի ձեռնամուխ լինեին կամխատեսումներին, թե հատկապես ե՞րբ տեղի կունենա անխուսափելին և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն: «Itar-Tass» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Daily Mail» բրիտանական պարբերականին, շտապեց հանրությանը տեղեկացնել, թե այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Իսրայելը կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Մասնագետները հապշտապ հաշվարկներ արեցին, թե Իրանի դեմ պատերազմի դեպքում որքան կաճի նավթի գինը և հանգեցին այն հետևությանը, որ նման զարգացումը տնտեսական շուկայում իսկապես աղետ կլինի: Նույնիսկ Միացյալ Նահանգներում գտնվեցին մարդիկ, որոնք չթաքցրեցին իրենց մտավախությունները: Օրինակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան նշեց, որ բանակցություններից պատերազմին անցնելու ճիգերը միայն կխափանեն միջուկային ծրագրի հարցում գործադրված բոլոր ջանքերը: Այնինչ նույն ԱՄՆ-ում շատերը, օրինակ, նախագահության հանրապետական թեկնածու Ռիկ Փերին դեռ կարծում են, թե Իրանի դեմ Իսրայելի գրոհի դեպքում ԱՄՆ-ը պետք է աջակցի նրան «բոլոր հնարավոր միջոցներով, ներառյալ ռազմական գործողությունները»:
Հասկանալի է, որ այս խնդրում կտրուկ զարգացումները չեն կարող շրջանցել տարածաշրջանի մյուս երկրներին և վերջիններս այս կամ այն կերպ մասնակցություն կունենան այդ գլոբալ արկածախնդրությանը: Մասնավորապես Թուրքիան հնարավոր պատերազմի դեպքում որպես ԱՄՆ դաշնակից երկիր, անուղղակի կներգրավվի պատերազմում՝ հաշվի առնելով նրա տարածքում առկա ամերիկյան ռազմաբազաները, որոնք անմիջապես գործի կդրվեն ընդդեմ Իրանի։ Իբրև դրա հակազդեցություն, ինչպես արդեն տեղեկացրել է մամուլը, Իրանում նախապատրաստվել են ցանկացած երկրի հարձակման դեպքում հարվածներ հասցնել Թուրքիային և Ադրբեջանին:
Այս իմաստով Թեհրանի պահվածքը ոչ միայն հասկանալի է, այլև կանխատեսելի: Իրանցիները թեև ասում են, որ չեն հավատում իրենց երկրի վրա ռազմական հարձակման հնարավորությանը, բայց և այնպես զգուշացնում են, որ Իրանը «անհապաղ պատասխան կտա»: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հանդես գալով Թեհրանում սպաների դպրոցի շրջանավարտների արարողության ժամանակ, հայտարարեց, որ Իրանի հաստատուն և համարձակ ժողովուրդը չի հանդուրժի սպառնալիքներ կեղծ նյութապաշտ պետություններից: «Ցանկացած ագրեսիային մենք կպատասխանեք ժողովրդի ուժեղ ապտակով և երկաթե բռունցքներով»,- ասաց նա:
Բայց մինչ ապտակների փոխանակումը իրանցիները նաև գիտեն, որ այդ մրցության մեջ իրենք այնքան էլ միայնակ չեն: Այս օրերին նրանք զգում են հատկապես ռուսների ընդգծված աջակցությունը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն առիթ ունեցել է զգուշացնելու, որ «ռազմատենչ հայտարարություններին, թե Իսրայելը կամ որևէ այլ երկիր պատրաստ է ուժ կիրառել Իրանի կամ Մերձավոր Արևելքի որևէ այլ երկրի նկատմամբ, ծայրահեղ վտանգավոր հռետորաբանություն է»: Իսկ ՌԴ ԱԳ նախարարությունն իր հերթին վերջերս հայտարարեց. «Իրանի ուղղությամբ հարված հասցնելը լինելու է լուրջ սխալ, որը կարող է ունենալ անկանխատեսելի արդյունքներ»:
Իրանին իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել նաև այլ երկրներ և քաղաքական-կրոնական կառույցներ: Մասնավորապես, Եգիպտացի շեյխը Իսրայելին սպառնաց Իրանի վրա ռազմական հարձակում իրականացնելու դեպքում «ջիհադի» ֆեթվա արձակել, իսկ բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ պարզապես հանգեցին այն եզրակացությանը, որ արևմտյան դաշնակիցների օժանդակությամբ Իրանի վրա Իսրայելի հարձակումը հերթական անգամ կծառայի Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի ուժեղացման գործին, այն կմիավորի իրանցիներին ու այնպես կանի, որ նույնիսկ իրանական ընդդիմությունը կսկսի հանդես գալ ոչ թե Իրանի բռնապետական ղեկավարության, այլ հենց նույն Իսրայելի եւ Արևմուտքի դեմ: Թերևս նաև այս տրամադրություններն են պատճառը, որ ներկա պահին շատերը գրեթե բացառում են նոր պատերազմի հավանականությունը և նշում, որ ծայրահեղ դեպքում կարող են իրագործվել ինչ-որ հարվածներ, սակայն դրանք կլինեն «կետային»: Հետզհետե գերիշխող է դառնում համոզմունքն այն մասին, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների մասին հայտարարությունները ընդամենը տարածաշրջանի խաղացողների տրամադրությունները շոշափելու փորձեր են։
Հայաստանը ստեղծված կացության պայմաններում չունի այլ անելիք, քան լինել հնարավորինս զգույշ և պահպանել չեզոքություն: Իրանի նկատմամբ պատժամիջոցները պիտի չխանգարեն, որ մեր երկիրը Իրանի հետ շարունակի իր լավ հարաբերությունները: Ու եթե Հայաստանը անփոփոխ թողնի իր վերաբերմունքը, միջազգային հանրությունն էլ իր հերթին կհասկանա, որ մեր երկիրն իրավունք չունի վտանգելու սեփական անվտանգությունը: Սա վերաբերում է նաև այն հեռանկարին, որ գտնվելով պայթյունավտանգ տարածաշրջանում, Իրանի դեմ ռազմական հարձակումից կարող է օգտվել Ադրբեջանը և ռազմական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի նկատմամբ: Ուրեմն ամեն պարագայում մենք սպառնալիքներ պիտի սպասենք ոչ թե հարավից, այլ արևելքից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: