Պահոց | 5:30 ե.

Իրանը հաճոյախոսություններ է շռայլում

9 Նյմ

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին էր Հայաստան եկել: Նրան ընդունեց հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, էներգետիկայի նախարարը, հետո բանակցություններ կայացան հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա՝ ասուլիս ու տարատեսակ հայտարարություններ: Ընդհանուր առմամբ այցը ներկայացվեց ճանաչողական-աշխատանքային (Սալեհին առաջին անգամ էր մեր երկիր գալիս) և միևնույն ժամանակ ասվեց այն մասին, որ մինչև տարեվերջ սպասվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան, և այժմ կողմերը քննարկել են այդ այցելության նախապատրաստաման հարցը:
Այս ամենի մեջ, իհարկե, անսովոր ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները միշտ էլ առանձնացել են ընդգծված հանդարտությամբ և տհաճ ցնցումներից զերծ: Բայց և այնպես նախարարի այցելությունը և Երևանում նրա կողմից արտասանված որոշ մտքեր չէին կարող մատնվել անուշադրության հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք այս անգամ առանձնահատուկ հնչերանգներ ունեին, իսկ շատ դեպքերում պարզապես հիշեցնում էին հաճոյախոսություններ: Այսպիսի ընդգծված ջերմությունը, որքան էլ այն հաճելի լինի, չէր կարող ինքնանպատակ լիներ, և վերլուծաբաններն անմիջապես կառչեցին այն մտքից, թե դեպի ու՞ր են դրանք տանելու մեզ և իրանցիներին: Սրա հետ մեկտեղ աննկատ չմնաց և այն, որ նախարարը ժամանել էր Իրանի համար բավականին բարդ մի ժամանակահատվածում, իսկ Երևանում արտասանված նրա որոշ ուղերձներ ոչ միայն տարածաշրջանին, այլ ավելի լայն ընդգրկումներ ունեին: Ստացվեց այնպես, որ օրերս Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ միջազգային հանրության քննարկումները, հայտարարությունները և բացահայտ սպառնալիքները իրենց պատասխանի ամբիոն ունեցան Հայաստանը, իսկ այդ ընտրությունը նույնպես պատահական լինել չէր կարող:
Ինչևէ, վերադառնանք Ալի Աքբար Սալեհիի՝ մեզ առնչվող գնահատականներին՝ համոզվելու համար, թե դրանք որքան հետաքրքիր շեշտադրումներ էին կրում, և կռահելու, թե որոնք էին այդ բարեհաճության աղբյուրները: Վստահեցումն այն մասին, որ «Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ ու նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», լրացվում էր այն փաստարկներով, թե Իրանը և Հայաստանը ոչ մի խնդիր չունեն՝ ոչ սահմանային, ոչ էլ որևէ այլ ոլորտում. Իրանի համար Հայաստանը վստահելի հարևան և բարեկամ է: Իսկ այս անամպ շփումներին լրացուցիչ լիցքեր պիտի հաղորդի փատը, որ երկու հարևան երկրները տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շատ մոտ տեսակետներ ունեն: Հենց նմանատիպ նախադրյալների առկայությունն էլ ի վերջո կարող է բարձրաստիճան հյուրին ստիպել հրաժեշտից առաջ խոստովանելու, որ առաջին այցելությունից լավ հիշողություններով է մեկնելու «սիրելի ու հարևան Հայաստանից»:
Բայց մինչ հարցի հուզական կողմին անցնելը Սալեհին առիթն օգտագործեց բարձր գնահատել նաև իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և նշեց. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ, հարգված են բոլորի կողմից»: Հատկանշական է, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ նույնի մասին իր կարծիքն էր արտահայտել նաև Իսլամական մշակույթի նախարարությանն առընթեր մամուլի բաժնի պետ Մոհամադ Ջավադ Աղաջարին: Ըստ նրա, Իրանում հայերը ազատ են ապրում, շատ իրավունքներ ունեն, իրանական Սահմանադրության համաձայն` հայերը խորհրդարանում երկու տեղ են զբաղեցնում, ինչը ապացուցում է, որ հայերին հարմար է ապրել այդ երկրում: «Նրանք այլ կրոնի ներկայացուցիչների հետ կողք կողքի են ապրում, բայց ոչ մի խնդիր չի լինում»,- ասել էր Աղաջարին:
Համայնքի մասին այս կրկնակի հիշեցում-անդրադարձը նույնպես հարկ է դիտարկել ընդհանուր տրամադրության համատեքստում, որի բարձրակետն, անշուշտ, դարձավ Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, թե Հայաստանն առանձահատուկ դիրք է գրավում միջազգային ասպարեզում: «Կարող է թվալ, թե Հայաստանը տարածքի և բնակչության տեսակետից փոքր երկիր է, սակայն նրա կարգավիճակն ու ազդեցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում շատ մեծ են»: 15 հարևան ու սահմանակից երկիր ունեցող մեծ Իրանի կողմից նման խոստովանական արժևորում ստանալու համար թերևս իսկապես պետք է ինչ-որ բան նշանակել աշխարհի այս հատվածի համար: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ փոքր Հայաստանը մեծ ազդեցություն ունի շնորհիվ աշխարհով մեկ ցրված Սփյուռքի, իսկ դրսում ապրող մեր հայրենակիցները, Սալեհիի բառերով ասած, Հայաստանի դեսպաններն են, ապա վերստին չի կարելի չնկատել, որ Թեհրանի կողմից մեր երկրի կարևորումը ոչ թե ավելորդ չափազանցությունների արգասիք է, այլ կշռադատված դերաբաշխման արդյունք:
Իրանի ԱԳ նախարարը Երևանում արձանագրեց նաև, որ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ներկայումս կազմում է տարեկան 100 հազար, բայց հույս հայտնեց, որ կգա օրը, երբ այդ թիվը կանցնի մեկ միլիոնի սահմանը: Իբրև այդ նպատակին խթանող պայման, նա առաջարկեց երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել, ինչից հետո քաղքացիների տեղափոխությունը նույնքան ազատ կլինի, որքան մեկ երկրի սահմաններում: Նպատակ կա նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 300 միլիոն դոլարի, ինչը սակայն չի արտահայտում եղած պոտենցիալը և զգալիորեն ցածր է դրանից: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվեց էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը: Նոր նախագծերի շարքում նշվեց ջրի ընդհանուր օգտագործման հեռանկարը, մասնավոր հատվածի համագործակցության ակտիվացումը: «Մենք նույն մտքերն ունենք, ու շատ մոտ են մեր տեսակետները շատ խնդիրներ վերլուծելու հարցում»,- ասաց Սալեհին: Ճիշտ է, երբ հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողը փորձեց հարց տալ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին Իրանի հնարավոր մասնակցության մասին, հանդիպումը անսպասելիորեն ավարտվեց ու հարցն անպատասխան մնաց, բայց այս աննշան միջադեպը ոչ մի կերպ ստվեր չնետեց ընդհանուր մթնոլորտի վրա:
Հավելենք, որ Իրանի ԱԳ նախարարի այցին խիստ ուշադրությամբ հետևում էին մեր հարևան մյուս երկրները: Իսկ Ռուսաստանը նույնիսկ հարկ համարեց արձագանքել դրան: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մարգելովը հետևյալն ասաց. «Իրանը մեր հարևանն է, որի հետ ընդհանուր սահման ունենք։ Իրանը տարածաշրջանային ուժեղ խաղացող է, և մենք ուշիուշով հետևում ենք նախկին ԽՍՀՄ երկրներում, հատկապես Հայաստանում, Իրանի աճող տնտեսական գործունեությանը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: