Պահոց | 8:53 ե.

ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ

10 Նյմ

Յուրաքանչյուր ոք, ով եղել է հրապուրված, ցանկանում է ինքն էլ հրապուրել:
Գրեթե յուրաքանչյուր կին կկամենար պահպանել հավատարմությունը: Դժվարն այնպիսի տղամարդ գտնելն է, որի համար արժե հավատարմություն պահպանել: Ցանկացած տղամարդու առավել հետաքրքիր է այն կինը, ով հետաքրքրված է իրենով, քան նա, ով գեղեցիկ ոտքեր ունի: Տղամարդիկ հաճույքով կուզեին տանը տեսնել չհավաքված անկողին ու երջանիկ կնոջ, քան օրինակելիորեն հարդարված անկողին ու դժգոհ կնոջ: Իմ խորհուրդը՝ կարգի բեր անկողինդ և եղիր երջանիկ: Սիրո մեջ հպարտությունը ավելի վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար: Եթե պետք է փրկել իրավիճակը, տղամարդիկ իրենց հպարտության մասին մոռանում են ավելի հեշտությամբ և ավելի արագ: Իսկ իսկապես լավ կինը ամենօրյա կյանքը դրամատիզացնելու կարիք չի զգում: Երջանկությունն ընդամենը անճոռնի ճուտիկ է: Նա հնարավորություն ունի միայնության մեջ մտածել կյանքի, բարեկամության իմաստի մասին, գրքեր կարդալ, օգնություն ցուցաբերել ուրիշ մարդկանց: Այդպես նա վերածվում է կարապի: Պարզապես համբերություն է պետք:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

10 Նյմ

ՏԱՐԱԾՔԸ՝ «FACEBOOK», ՌԵԺԻՄԸ` ONLINE

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

-Պարոն Չարխչյան, վիրտուալ տարածքում բավական ակտիվ եք, հատկապես ֆեյսբուքյան Ձեր էջում ակտիվորեն ներկայացնում եք համաշխարհային մշակույթի հետաքրքիր նմուշներ: Որքանո՞վ է Ձեզ հարազատ այս դաշտը:
— Երբ մեկ տարի առաջ գրանցվեցի «Ֆեյսբուքում», առաջին հայացքից ինձ սարսափեցրեց այն վիճակը, որ կար այնտեղ` էժանագին դրսեւորումներ, վուլգար երեւույթների առատություն, անգրագիտություն, ու երեւի հենց դա էլ ստիպեց մնալ, որովհետեւ երբ այդ ամենը տեսնում ես, ուզում ես անպայման դրան հակադարձող ինչ-որ քայլ անել, ասում ես՝ արի ես մի ուրիշ բան տեղադրեմ, թող իրենք տեսնեն, որ սրանից բացի սա էլ կա: Այսօր «Ֆեյսբուքն» ավելի մեծ լսարան ունի, քան հեռուստաընկերություններից շատերը: Ես մի ընկեր ունեի, հեռուստատեսությունում էր աշխատում, ասում էր՝ ես ավելի մեծ լսարան ունեմ, քան Քրիստոսը, զուտ մաթեմատիկական իմաստով ճիշտ էր: Հիմա էլ «Ֆեյսբուքը» նման մի հնարավորություն է դարձել, բայց շատ կարեւոր է, թե լսարանից բացի ասելիք ունե՞ս, եթե դրա անհրաժեշտությունը չկա, կարելի է ամիսներով, օրերով բան չտեղադրել՝ երկրագունդը փուլ չի գա: Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց պարտքն են համարում ամեն օր անպայման ինչ-որ գրառում թողնել: Բայց ինչի՞ համար, հո մրցավազք չէ՞, ո՞վ է ձեր հետեւից ընկել, հաջորդ օրը 10 հատ ասելիք կունենաս, 10-ն էլ կասես: Լույսը բացվում է, մեկ էլ տեսնում ես գռեհիկ մեկը հայհոյախառն իր հոգու ճիչն է արտահայտել ու դեռ մի բան էլ իր պարտքն է համարել կիսվել քո հետ:
— Այսօր գրողը, գրականությունը, անգամ ընթերցողն «օնլայն» են, ո՞նց եք նայում դրան:
— Պոեզիան, արձակը քիչ- քիչ տեղափոխվում են ինտերնետ տիրույթ, ես նույնիսկ գրողներ գիտեմ, որոնց մենակ այնտեղ եմ տեսնում: Մարդիկ կան, որոնք գրքեր չունեն եւ իրենց գործերը բացառապես այդ դաշտում են տպում: Ցանկացած բան, որը կարելի է օգտագործել մարդկանց ընթերցել տալու, գրագետ դարձնելու համար, արդեն լավ է: Բայց ես երբեք օնլայն գիրք չեմ կարդում, դա ինձ համար արարողություն է, ծիսակարգ: Ես երիտասարդ գրողներին միշտ ասում եմ՝ գրեք, դա լավագույն բանն է, որ կարող եք անել:
— Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն:
— Ես մի պահ փորձեցի պատկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ մի կերպ չպատկերացրեցի: Եթե դու գրող ես, խելացի մարդ, ապա քո արժեքը լայքերի թվաքանակի մեջ չի, դրանք վայրկենական խնդության պահեր են, որին անմիջապես հաջորդելու է խորը հիասթափությունը, երբ կհանդիպես խելացի մեկին, որը կասի` այ անգրագետ, ախր գրականությունը քո ի՞նչ խելքի բանն է: Ես, օրինակ, չեմ պատկերացնում՝ Վիկտոր Համբարձումյանը կհանդուրժե՞ր, որ մեկը «Ֆեյսբուքում» դատողություններ աներ գալակտիկաների կամ միգամածությունների մասին, կդնեին-կսատկացնեին՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով:
— Սկզբում Ձեր էջում տեղադրում էիք փոքրիկ բանաստեղծություններ, պատմություններ, վերջին շրջանում՝ նաեւ արձանների ֆոտոներ, ինչ-որ տրամաբանություն կա՞, թե՞ այն, ինչ Ձեզ հետաքրքրում է, մյուսներին էլ կհետաքրքրի:
— Սովորաբար եթե ինչ-որ բան տեսնում եմ, կարդում, որն ինձ դուր է գալիս, մտածում եմ, որ գուցե գտնվի մեկը, որին էլ դուր կգա, ու այդ ամենը տեղադրում եմ իմ էջում, նույնն էլ արձանների դեպքում: Այս տարիների ընթացքում մոտ 400 հետաքրքիր արձանների ֆոտոներ եմ հավաքել: Նույնիսկ ինձ մի քանիսը գրել էին, թե՝ ի՞նչ կլինի ասեք, ո՞ր կայք-էջում են այդ արձանները դրված, բայց դրանք լրիվ պատահական ձեւով են հավաքվել: «Գուգլով» ինչ-որ բան եմ փնտրում, դա ինձ հետաքրքրում է, հանում-թղթապանակի մեջ եմ գցում: Հիմա դնում եմ նաեւ «Ֆեյսբուքում», որ մարդիկ տեսնեն՝ կա քանդակագործության նաեւ այս տեսակը: Մի մասին դուր է գալիս, մի մասին՝ չէ, օրինակ այս օրվա նապաստակի արձանը մարդկանց մի մասին դուր չէր եկել, ու զարմանալին այն է, որ երբ դուր չի գալիս, իրենք ինձ հետ զրուցում են այնպես, որ կարծես ես եմ դա քանդակել: Ստիպված՝ չեմ արձագանքում: Այն, ինչ որ տեղադրում եմ, արվեստի իմաստով բոլորովին էլ լավ արձաններ չեն, պարզապես սարսափելի անմիջական են. դա է գրավում:
— Իսկ այդ անմիջականությամբ արձաններ չկա՞ն մեզ մոտ` Երեւանում, որ Ձեր էջում տեղադրելով, կգրավեն էլի շատերի ուշադրությունը:
— Նախ այդ արձանները բոլորին ծանոթ են, ու որեւէ նոր բան չես բացահայտի դրանք տեղադրելով, հետո էլ ուզում եմ ասել, որ՝ այ քանդակագործներ, մի քիչ էլ ուրիշ կերպ մտածեք, տեսեք ինչ հետաքրքիր լուծումներ են գտնում մարդիկ, չի կարելի անընդհատ նույն ստանդարտ ձեւով՝ Անդրանիկ Զորավար, Գեւորգ Չաուշ, բոլորը դեմքի նույն արտահայտությամբ, նույն դիրքով, ինչի՞ եք տանջամահ անում, իսկ դա երեւակայության պակասից է գալիս: Օրինակ բիզոնների որսի քանդակում մարդիկ հատուկ ձոր են ստեղծել, լանդշաֆտն են փոփոխել, որպեսզի արձանը դիտվի, իսկ մենք արձանը համապատասխանեցնում ենք այն տեղին, որտեղ մեզ հարմար է: Հետո մերոնք մի ուրիշ հակում էլ ունեն. իրենց թվում է, թե քաղաքի արձաններն օտարների համար են, բա մե՞նք…
— Մեզ մոտ կարծես մահարձաններն էլ ավելի շատ են:
— Ոչ միայն, մեզ մոտ նաեւ մահացածներին էլ են ավելի շատ սիրում, քան կենդանիներին: Մահարձաններն էլ դրա օրգանական շարունակությունն են դառնում:
— «Ֆեյսբուքն» այսօր նաեւ թիմային խմբավորումների է բաժանվել` «ով իմ խմբից չէ, ինձ դեմ է» տրամաբանությամբ:
— Ինչ-որ չափով այսօր «Ֆեյսբուքը» նաեւ հասարակության հայելին է, այնտեղ շատ լավ արտացոլվում են այդ բաժանարար գծերը, «հակա»-ներն ու «ընդդեմ»-ները: Դա սարսափելի բան է, առավել եւս, երբ դու մարդկանց ճանաչում ես ու գիտես, որ այսինչ այսինչյանն ու այնինչ այնինչյանն ընդամենը մի քանի տարի առաջ ջերմ հարաբերությունների մեջ էին, բայց հանկարծ ինչ-որ կասկածելի գաղափարներ եկան ու նրանց իրարից հեռացրին, այսինքն՝ մարդկային հարաբերություններն իրենց տեղը զիջեցին աննյութեղեն, մածուցիկ բաների, որոնք կոչվում են քաղաքական հոսանքներ, ընդդիմություն, դիմություն: Դա սպանիչ բան է, բայց երբ թափանցում է մշակույթ, վերածվում է աղետի, գոնե մի դաշտ պիտի լինի՞, որտեղ ձեռք չի կարելի տալ: «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիքներ արտահայտելու հարթակ է տալիս, բայց մյուս կողմից էլ ով ասես ինչ ասես ասում է ու հետո շեշտում, որ դա իր իրավունքն է Սահմանադրությամբ ամրագրված, բայց ո՞ր Սահմանադրությունն է ամրագրում սուտ, կեղծ, հայհոյախառն խոսքի իրավունքը, այսինքն՝ այդ ազատ խոսքը բոլորովին էլ այդ ազատ խոսքը չի:
— Ֆեյսբուքյան քննարկումների չեք մասնակցում, ինչո՞ւ:
— Որովհետեւ չեմ կարծում, որ դա այն դաշտն է, որտեղ պետք է քննարկումներ ծավալել: Զրուցելիս մարդու աչքերին պիտի նայես, հայացքը տեսնես, իսկ այդ վիրտուալ տարածքն ինձ խորթ է քննարկումների իմաստով: Թեմաներ կան, որ պետք չի «Ֆեյսբուք» տեղափոխել, որովհետեւ այնպիսի մարդիկ կարող են իրենց քիթը խոթել ու կարծիքներ հայտնել, որոնք դիլետանտ են, էլ չասեմ, որ շատերը հանդես են գալիս ոչ իրենց անվամբ եւ ոչ իրենց նկարով: «Ֆեյսբուքը» պետք է օգտագործել այնքան, ինչքան որ ինքն արժե:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Վրաստանը նահանջեց և ասաց, թե հաղթել է

10 Նյմ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանն ու Վրաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի միանալու մասին համաձայնագիր են ստորագրել: Մի փոքր դժվար է պատկերացնել այդ երկու երկրներին՝ ինչ-որ խնդրի շուրջ համաձայնության գալու կարգավիճակում, սակայն փաստը մնում է փաստ: Դեռ նախօրեին ռուսական կողմը պաշտոնական Թբիլիսիին իրազեկել էր, որ համաձայն է կնքել պայմանագիր, որի պայմանները մշակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ, և այժմ դժվարին ճանապարհի վերջին կանգառը հուսախաբ չարեց նրանց: Սպասվում է, որ Ռուսաստանի ԱՀԿ մտնելու գործընթացը կարող է ավարտվել արդեն այս տարվա դեկտեմբերի 15-ին, եթե, իհարկե, հանկարծ ի հայտ չգան նոր դժվարություններ և նոր դժգոհներ: Վաղը աշխատանքային խումբը պետք է որոշում կայացնի ՌԴ-ի՝ ԱՀԿ-ին միանալու մասին, այնուհետև այն կներկայացվի ԱՀԿ անդամ երկրների նախարարական դեկտեմբերյան հանդիպմանը:
Փաստացի Վրաստանն ԱՀԿ-ի վերջին անդամն էր, որի հետ Ռուսաստանը պետք է համաձայնություն ձեռք բերեր՝ կազմակերպության դռնից ներս անցնելու համար: ԱՀԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի «վետո» դնել նոր մասնակցի ընդունման վերաբերյալ քվեարկության վրա։ Եվ այդ իմաստով շատ դժվար է Ռուսաստանին համարել հաջողակ կողմ, քանի որ վերջինս 18 տարի շարունակ բանակցություններ էր վարում ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ, ինչի համար անհրաժեշտ էր ԱՀԿ 153 անդամ երկրների համաձայնությունը: Ու եթե Մոսկվան կարողացավ լուծել իր հանգուցային առևտրական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ առկա գրեթե բոլոր խնդիրները, ապա Վրաստանի հետ կապված հարցը շարունակում էր կոկորդում խրված ոսկոր մնալ: Իրար հաջորդող բանակցային փուլերը ձախողվում էին մեկը մյուսի ետևից, և միայն անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վրացիները վերջապես համաձայնել են շվեյցարացի միջնորդների պատրաստած պայմանագրի վերջնական նախագծի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ փակ էր, քանի որ 2008 թ. դեպքերից հետո Վրաստանը կանգնեցրել էր այդ գործընթացը: Պատերազմի աղետալի ավարտից հետո Թբիլիսին բոլոր ուղղություններով գրոհում էր Մոսկվայի վրա՝ ջանալով անել այն, ինչը նրան չէր հաջողվել մարտադաշտում: Այսօր դժվար է վերհիշել գոնե մի դեպք, երբ միջազգային ասպարեզում այդ երկու երկրները հանդես բերեին ներդաշնակ դիրքորոշում: Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը այն կառույցների թվում էր, որտեղ վրացիները կարող էին մի առ ժամանակ «մուկնուկատու» խաղալ՝ Արևմուտքի լուռ համաձայնության ու խրախուսիչ հայացքների ներքո:
Ի՞նչ էին պահանջում վրացիներն այս անգամ: Նրանք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության կարևորագույն պայման էին համարում Վրաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի (Վրաստանը դրանք դեռ իր տարածքի մի մասն է համարում) մաքսային անցակետերի վերահսկողությունը: Թբիլիսին պնդում էր, որ իր ներկայացուցիչները պիտի մասնակցեն այդ շրջաններում առևտրաշրջանառության մասին տվյալների աուդիտին։ Արդյունքում կողմերը հանգեցին «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակին, այսինքն պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ աուդիտին անկախ ընկերությունները կներգրավվեն, որոնք այնուհետև այդ տվյալները ԱՀԿ–ի տվյալների բազա կփոխանցեն։ Վրացական կողմը դժգոհում էր, թե 1990-ական թվականներից ի վեր իրենք ոչինչ չեն իմացել այդ երկու հատվածներով բեռների տեղաշարժի մասին։ Այն բանից հետո, երբ Թբիլիսին միջազգային հանրությանը զգուշացրեց, որ պահանջները չեն փոխվելու, դա փաստացի հաշվի առնվեց։ Ռուսական կողմն իր հերթին մշտապես հրաժարվում էր բեռների տեղաշարժի վերահսկողությունից, սակայն այնտեղ ևս գիտակցեցին, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Փոխզիջման գնալը դառնում էր անխուսափելի:
Սակայն սա, ինչ խոսք, հարցի տեխնիկական կողմն էր, թեև բոլորն էլ հրաշալի հասկանում էին, որ խոչընդոտներ հարուցելու դրդապատճառներն ամենևին էլ դրանք չեն, և հարցերի պատասխանները պետք է գտնել քաղաքական հարթության վրա: Մոսկվայի վրա ճնշման լծակներ գործադրելու մարտավարության բեմադրիչն այս դեպքում էր Արևմուտքն էր, ու որքան էլ Թբիլիսին համոզի, թե խաղում էր սեփական խաղը, այդ պնդումներին հավատ ընծայողների թիվը միշտ էլ փոքր է լինելու:
Իհարկե, արտաքուստ կար այն տպավորությունը, թե իբր Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները փորձում են համուզել Վրաստանին՝ չարգելակել Ռուսաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Բայց ամեն ինչ իր գինն ուներ: Եվ երբ մեկ ամիս առաջ Վրաստանին հասցեագրված նամակում ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին նշեց, որ կազմակերպության անդամները «սեփական քմահաճույքներից ելնելով» չպետք է պահպանեն ՌԴ անդամակցության արգելքը, սա ազդանշան էր այն մասին, որ ներկայացումը մոտենում է ավարտին: Հանդիսատեսին վերջին տեսարան էր անհրաժեշտ:
Երեկ ձեռք բերված համաձայնությունից հետո այսօր արդեն վիճաբանող կողմերը կարող են ազատություն տալ իրենց հույցերին և ասել այն ամենը, ինչ կարելի է ասել: Օրինակ, Վրաստանի փոխարտգործնախարար, ԱՀԿ-ի բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավար Սերգի Կապանաձեն հայտարարում է. «Մեզ համար շատ կարևոր է այդ համաձայնագրի կնքումը, որով վրացական ու ռուսական կողմերն ավարտեցին բանակցությունները։ Առաջին անգամ միջազգային մոնիտորինգ է հաստատվելու միջազգայնորեն ճանաչված ռուս-վրացական սահմանին»։ Իսկ նրա ղեկավարը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իրեն է վերապահում գլխավոր գնահատողի դերը՝ երեկվա պայմանավորվածությունը որակելով որպես Վրաստանի դիվանագիտական խոշոր հաղթանակ: «Մեզ համար գլխավորն այն է, որ մենք կարող ենք Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընկած երեք առևտրային միջանցքներով վերահսկել բեռների տեղաշարժը»,- կարծում է Սահակաշվիլին:
Ռուսաստանն իր հերթին իրեն պարտված կողմ չի համարում: Ընդհակառակն, Մոսկվայում կարծում են, որ համաձայնագիրը հիմնված է ռուսական կողմից առաջարկված հայեցակարգի վրա և այն ռուսական դիրքորոշման շրջանակներից դուրս չէ: Իսկ որ ամենակարևորն է՝ դա համապատասխանում է տարածաշրջանում գերիշխող իրողություններին: Սրա հետ մեկտեղ ավելորդ չէ նշել նաև, որ Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը առ այսօր միակ երկիրն է, որը դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ: Իսկ այսպիսի տպավորիչ ցուցանիշների հեռանկարի դեպքում թե Արևմուտքի և թե Ռուսաստանի համար հազիվ թե էական լինի բարոյական հաղթանակ տոնելու վրացական ցնծությունը: Ի վերջո, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

10 Նյմ

2 ՄԻԼԻՈՆ։ ԵՎ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ՊԱԿԱՍ

Վիրավորանքի ու զրպարտության մասին օրենքի ապաքրեականացումը դարձյալ ակտիվացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, «Չենք լռելու» հասարակական շարժմանը… Ներկայացվում է վիճակագրություն, թե քանի քաղաքական գործիչ ու օլիգարխ է հայց ներկայացրել լրատվամիջոցների դեմ` ընդ որում, որպես սեփական պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու միակ միջոց դիտելով 2 միլիոն դրամ եւ ավելի ֆինանսական փոխհատուցումը: Կարելի է բողոքել օրենքի փոփոխության դեմ, ոտքերով դոփել հատակին, սակայն իրականությունն այն է, որ մենք` լրագրողներս, եւս շատ խոցելի ենք պրոֆեսիոնալիզմի, գռեհկությունն ու ազատությունը շփոթելու, օբյեկտիվ չլինելու տեսանկյունից: Ազնիվ ու հմուտ քիչ լրագրողների շնորհիվ է, որ լրագրողները եւ լրագրությունն` առհասարակ, դեռ որոշակի հեղինակություն են վայելում: Նման լրագրողներից մեկն է «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա եւ նախկին լրագրող, այժմ` գրող Հովիկ Չարխչյանի հետ փորձել ենք հասկանալ` ինչո՞ւ են լրատվամիջոցներն այսօր այդքան խոցելի: Ի վերջո, քաղաքական պատվերի, կաշառված դատավորների ոչ օբյեկտիվ վճիռների հարեւանությամբ արդար չէ չնկատել, որ լրատվամիջոցներին եւս հատուկ են բոլոր այն արատները, որոնք կան մյուս բոլոր ոլորտներում:

Է.Բ. — Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ` հաշվի առեք, որ լրագրությունը մի կերպ տունը պահելու մասնագիտություն է, ամենացածր վարձատրվող, եթե, իհարկե, գործարքի մեջ չես մտնում եւ փող ես աշխատում լրագրությամբ (թեեւ այսօր հարուստ, օլիգարխ լրագրողներ էլ ունենք): Երբ մամուլի ասուլիսի ես գնում, մոտ 30 երեխաների ես տեսնում, որոնք ձայնագրիչները միացրած` ձայնագրում են: Լրագրությունը նրանց համար դա է: Մի ուսանող ունեի, աշխատում էր, մի օր ասաց. «Ասուլիսի եմ գնում»: Հարցրեցի.«Ո՞ւմ ասուլիսն է»: Ասաց` չգիտեմ: Հասկանո՞ւմ եք:

Հ.Չ. — Երբ զրուցում եմ երիտասարդ լրագրողների հետ, տարակուսում են, երբ, օրինակ, ասում եմ` պետք է գիրք կարդալ: Դե արի մարդուն բացատրի` կա խոսքի մշակույթ, միտքը շարադրելու հմտություն: Մարդկանց մի խումբ իր իմացած 300 բառերի շրջանակում կարող են դարեր շարունակ զբաղվել լրագրությամբ: Թող ինձ ներեն նաեւ իմ ընկերները. ինձ երբեմն ասում են, թե ովքեր են լրագրություն դասավանդում այսօր բուհերում, ու ես ասում եմ` այդ մարդիկ իրենք ունեն ուսանելու, կրթվելու կարիք:

— Հովի՛կ, եթե չեմ սխալվում, հրավիրվել էիք հեռուստատեսություն. ուղիղ եթեր էր, զրուցելու էիք Ձեր նոր գրքի մասին, եւ հաղորդումը սկսվելուց րոպեներ առաջ փորձել էին Ձեզնից էլ ճշտել` ինչի՞ մասին է գիրքը: Եվ, առհասարակ, ի՞նչ է Ձեր անունը:

Է.Բ. — Հետո անունդ էլ են սխալ գրում կամ այնպե՜ս են ներկայացնում… Երբ ես թրաֆիկինգի մասին էի գրում, խնդիրը համակողմանի ուսումնասիրել էի: «Ար»-ով Մերուժան Տեր-Գուլանյանի աղջիկը թոք-շոուի հրավիրեց եւ ինձ ներկայացրեց որպես «մարմնավաճառության փորձագետ»:

Հ.Չ. — «Արմենիա» հեռուստաընկերություն էի հրավիրվել ուղիղ եթերի, եւ գովազդի ժամանակ հաղորդավարն ինձ խնդրում է փրկել իրեն, որովհետեւ հենց նոր ինչ-որ հիմարություն էր ասել, եւ պետք էր իրավիճակը պարզապես փրկել:

— Էդի՛կ, Դուք մեկն ենք այն խմբագիրներից, ովքեր դժգոհ են Վիրավորանքի ու զրպարտության օրենքի ապաքրեականացումից: Մի կողմից` ակնհայտ է, որ այն կարող է ծառայեցվել լրատվամիջոցների դեմ, մյուս կողմից` ինչո՞ւ չարձանագրենք, որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ լրագրողների անկրթությունից, տգիտությունից, ոչ օբյեկտիվությունից պաշտպանվելու անհրաժեշտություն ունեն:

Է.Բ. — Երբ ասում են` լրագրողը պաշտպանված չէ, ամենապաշտպանվածն այսօր մամուլն է: Սոցիալական բոլոր խավերից ամենապաշտպանվածը լրագրողներն են, որովհետեւ նրանք ունեն իրենց զենքը` մի բան լինի, ամբողջ աշխարհն իմանում է: Իսկ եթե, օրինակ, Վարդենիսի ոստիկանության բաժանմունքում մեկը ենթարկվում է բռնության, դրա մասին ոչ ոք չի իմանում: Խնդիրն այն է, որ Վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենքով դրվել է փոխհատուցում` սկսած 2 միլիոն դրամից: Բայց մամուլը, հատկապես տպագիր մամուլը, Հայաստանում այնքան միջոցներ չունի, որ դրա տակից դուրս գա: Հիմա էլ ի պաշտպանություն լրատվամիջոցների` խառնվել է մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ). կարծես այս օրենքի հեղինակն ինքը չէ: Թերթերին պաշտպանելու փոխարեն` ՄԻՊ-ը թող գնա մարդկանց պաշտպանի: Իսկ նա զբաղված է ինքնագովազդով` տեսախցիկների առաջ հաշմանդամի սայլն է քշում, եւ այլն: Եվ հետո, Հայաստանում օրենքի խնդիր չկա, բոլոր օրենքները նորմալ են, եթե աշխատեն: Այսօր ունենք ինֆորմացիա ստանալու ազատության մասին օրենք: Փորձիր քեզ հետաքրքրող որեւէ տեղեկատվություն ստանալ: Մի մրցույթում շահել է բնապահպանության նախարարի` Եղվարդում գրանցված ընկերությունը: Կարո՞ղ եք ինձ բացատրել` ինչպե՞ս կարող է Բնապահպանության նախարարությունը տենդեր հայտարարի եւ շահի նախարարի ներկայացրած հայտը: Իսկ ինֆորմացիան գաղտնի են պահում:

— Անկախ ամեն ինչից` 2 միլիոն կամ ավելի գումար վճարելը բարդ խնդիր է յուրաքանչյուր լրատվամիջոցի համար: Բարդ, բայց ոչ անլուծելի: Եթե մնանք օբյեկտիվության շրջանակներում, ակնհայտ երեւում է` ո՛ր լրատվամիջոցի թիկունքին քաղաքական ո՛ր ուժն է, ո՛ր օլիգարխը:

Հ.Չ. — Գումարի ծավալը` մի կողմ: Մեր արդարադատության համակարգն այնպիսին է, որ նրանից արդարացի վճիռ ակնկալելը բարդ է: Բայց տեսեք` մի կողմում լրագրողներն են, նրանց համակիրները, խոսքի, մամուլի իրավունքի պաշտպանները, մյուս կողմում` իշխանությունները, օլիգախները, մարդիկ, որոնք ոչ մի գնով չէին ցանկանա հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում: Ի՞նչ են ուզում այս երկու խմբերը` առաջինն ուզում է վերահսկելի դարձնել մամուլը, լինել անխոցելի, իսկ լրատվամիջոցներն ուզում են լիակատար ազատություն, անվերահսկելիություն: Առավոտից երեկո չի կարելի լրագրողներին քարշ տալ դատարան, մեծ գումարներ պահանջել, մյուս կողմից էլ` չի կարելի վիրավորել մարդկանց, նրանց զրպարտել, ապատեղեկատվություն հրապարակել: Վերջին շրջանում լրագրողները շատ խորամանկ ձեւակերպումներ են օգտագործում մամուլում. «Ըստ մեզ հասած տեղեկությունների` այսինչ այսինչյանը այսինչ բանն է արել: Մենք ճշտեցինք, որ դա իրականությանը չի համապատասխանում»: Մարդուն վիրավորեցին, զրպարտեցին, բայց վերջին տողով իրենց ապահովագրեցին:

— Նշեցիք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց փորձում է լինել հնարավորինս ազատ: Ինքս մոտ 15 տարի այս դաշտում եմ եւ որքան պատկերացնում եմ` լրատվամիջոցները ոչ այնքան փորձում են լինել լիակատար ազատ, որքան ցանկանում են կամավոր ընտրել իրենց անազատության, կախվածության աստիճանը: Այլ կերպ ասած` հնարավորինս թանկ վաճառել իրենց անազատությունը:

Է.Բ. — Թերթի քաղաքականությունը որոշում է տվյալ թերթի խմբագիրը: Նա լավ գիտի` իր լրագրողն ում հետ ճաշեց, ումից կաշառք վերցրեց հարցազրույցի համար: Յուրաքանչյուր լրատվամիջոց որոշում է իր վիրավորելու, զրպարտելու սահմանները: Ես այս հարցում միշտ մեղադրում եմ իշխանություններին. լրատվամիջոցների անպատասխանատվությունն իշխանությունների անպատասխանատվության հետեւանքն է: Իշխանությունները շատ օպերատիվ արձագանքում են զրպարտանքին: Երբ լուրջ բան ես գրում, չեն արձագանքում: 15 օր առաջ գրեցինք, որ Դաստակերտի պոչամբարը` 1 միլիոն տոննա թունավոր խտանյութ` մեջը, հոսում է դեպի Տոլորսի ջրամբար: Որեւէ արձագանք չկա: Եթե գրենք` «Հանցագործ այսինչ պաշտոնյայի պատճառով Տոլորսի ջրամբար է լցվում 1 մլն տոննա թունավոր խտանյութ», վարչապետը նոր կարձագանքի: Խնդիրը սա է:

Հ.Չ. — Ասում եք` լրագրողները սպասարկում են այսինչի կամ այնինչի շահերը, գումար են վերցնում հարցազրույցի համար, բայց եկեք ֆիքսենք, որ լավ օրից չէ դա:

— Նույն հիմնավորումը կարող է բերել կոռումպացված ցանկացած չինովնիկ:

Հ.Չ. — Չեմ արդարացնում: Կա կոնկրետ հակակրանքի, գաղափարական կողմնորոշման խնդիր: Սակայն դա չպետք է խանգարի անաչառությանը: Եթե լրագրողը հետեւում է էթիկայի կանոններին, ասելիքը դրանից ընդհանրապես չի տուժում: Հակառակը` լրագրողը դառնում է ավելի հարգված, ընթերցվող: Եվ եթե մեծ գումարներ դրանից չես կարող ստանալ, պրոֆեսիոնալիզմը փոխհատուցվում է քո անձի հանդեպ հարգանքով: Ինչ վերաբերում է Էդիկի այն մտքին, թե իշխանությունները չեն արձագանքում լուրջ հոդվածներին, իհա՛րկե չեն արձագանքի: Վիրավորանքին արձագանքում են արագ, քանի որ այդ դաշտում պայքարելը հեշտ է…

— …Եվ շահավետ` կարող ես վաճառքի հանել խոցված արժանապատվությունդ եւ մինչ այդ բոլորին անհայտ «բարի համբավդ»: Եվ այդ ամենը գնահատել 2 միլիոնից ոչ մի լումա պակաս:

Հ.Չ. — ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Արարատից Երեւան էի վերադառնում: Հասանք Արտաշատ: Կարծես արտակարգ իրավիճակ լիներ` կարմիր բերետավորներ, Ոստիկանության մեքենաներ: Կարճ ասած` փակել էին Երեւան եկող ճանապարհը: Գիշերվա ինչ-որ ժամի հասա Երեւան, եւ առաջինը, որ տեսա հեռուստատեսությամբ` Ոստիկանապետն ասում էր` ես ոչ մի ճանապարհ չեմ փակել: Հիմա` ես այդ ամենի ականատեսն եմ: Եթե ասեմ` ես տեսել եմ փակ ճանապարհը, պիտի ասեն` զրպարտում է ոստիկանապետին: Հակառակ դեպքում` սուտ է խոսում ոստիկանապետը: Իսկ քանի՞ անգամ է նա պատժվել: Կամ Պաշտպանության նախարարը քանի՞ անգամ է պատժվել, երբ զինվորի սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Լավ գիտենք` երկրում կան փակ համակարգեր: Օրինակ` մարդ ինչպե՞ս լուսաբանի բանակում տեղի ունեցող իրադարձությունները, երբ մուտքն այդ համակարգ փակ է:

Է.Բ. — Երբ լրագրությամբ ես զբաղվում, ուզում ես ինչ-որ բան փոխել: Թե չէ ամեն օր հայտնի կենդանու պես աշխատում ես, իսկ շուրջդ ոչինչ չի փոխվում: Այս պեդոֆիլի (Սերոբ Տեր-Պողոսյանի.- Լ.Ա.) պատմությանն եմ ուզում անդրադառնալ: Դեռեւս 2,5 տարի առաջ այդ մասին գիտեի` երեխաների անուն-ազգանուններով, գիտեի` ուր է տանում նրանց: Եթե հրապարակեինք, մեզ պարզապես դատի կտային: Ինքն էլ բոլոր նախագահների հետ մոտ է, լուսանկարներ ունի նրանց հետ, լրատվամիջոցներին էլ պարբերաբար փող էր տալիս` փայլուն, լուսավոր հոդվածներ, նկարներ… Մի կողմից` տանջվում ես, գիտես, որ մանկապիղծ է, մյուս կողմից` գիտես, որ թերթդ դրանով կփակվի, որովհետեւ ինքը կառներ ամբողջ դատական համակարգը, քո դեմ քրեական գործ կհարուցեր, քեզ կնստացնեին` մեղադրելով, թե վիրավորել ես ամերիկացի ինչ-որ բիզնեսմենի: Հետո արդեն, երբ կոնկրետ ապացույց ունեի` տեսագրություն, հրապարակեցինք հոդված: (Գիտեք, երբ ես նայեցի էդ տեսագրությունը, առաջին ցանկությունս այդ մարդուն սպանելն էր): Հոդվածից հետո ամբողջ 10 օր իրավապահները լռում էին: Եվ այդ օրերին տարբեր պաշտոնյաների ցանկությամբ հանդիպել եմ իրենց հետ. նրանք փորձում էին պարզել` իրո՞ք ունեմ ես այդ տեսաժապավենը: Ես հասկացնում էի` եթե այդ գործին ընթացք չտրվի, ես այդ վիդեոն, որքան էլ դա էթիկայի խախտում լիներ, կդնեմ համացանցում: Եվ, կարծում եմ, սա օգնեց: Բարեբախտաբար, քրեական գործ հարուցվեց: Ամբողջ Ալավերդին դրա մասին խոսում էր, դրա մասին գիտեին ուսուցիչները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարզային կառույցները, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանապետը: Գիտեին, ու բոլորը մնացել են անպատիժ: Իսկ Սերոբի հետ այսօր պետք է դատվեին շատերը: Չկան նրա թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա ազատ սեքսը: Կասկածում եմ, որ նա ինչ-որ պեդոֆիլ ծերուկների համաշխարհային ցանցի մեջ է: Ի դեպ, նրանք պարբերաբար գալիս էին Հայաստան, եւ ես վստահ եմ, որ Սերոբն այդ երեխաներով «հյուրասիրում» էր նրանց: Պատահական չէ, որ նա պահարանից գաղտնի նկարահանում էր իրենց սեքսը: Ընդ որում` խմբակային: Իսկ այդ մարդն ամեն օր ոստիկանապետի հետ էր հանդիպում, Ոստիկանությանը բարեգործություն էր անում: Երբ արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցրեցինք` ասաց. «Հա՛, ինքը բարեգործություն էր անում»: Ի՞նչ է նշանակում` ոստիկաններին բարեգործություն անել: Կարո՞ղ է մեկը բացատրել` ինչո՞ւ են իշխանությունները նրան` որպես սեփականություն, նվիրել Ամիրյանցի տունը:

Հ.Չ. — Մամուլը մեր երկրում դառնում է համարձակության հետաքրքիր սանդղակ: Այսօրվա ընթերցողը հրապարակումների համարձակությունից է դատում` երկրում ի՞նչ չափով կարելի է համարձակ լինել, բարձրաձայնել սեփական խնդիրները: Օրինակ` մի քանի շաբաթ առաջ ինձ զանգ տվեցին Արցախից ու խնդրեցին գրել, որ երկու զինվոր զորամասից փախել են` սպաների անմարդկային վերաբերմունքի պատճառով: Մեկ ժամ հետո նույն ծնողները զանգահարեցին եւ խնդրեցին այդ մասին չգրել, քանի որ երեխաներին կվտանգեն եւ, որ կփորձեն ներքին կարգով այդ հարցերը լուծել: Մարդիկ տագնապ ունեն` կպատժվեն, եթե անարդարությունը հրապարակային դարձնեն:

— Բանն այն է, որ նրանց անհանգստությունն ամենեւին անհիմն չէ: Զրույցի ընթացքում հիշեցիք արդեն նախկին ոստիկանապետին: Չեմ կարող չհետաքրքրվել` Ձեր կարծիքը պաշտոնանկությունների, հրաժարականների մասին: Թեեւ ամեն ինչ կարծես պարզ է` իշխանությունները չեն էլ թաքցնում, որ սա քայլ է` միտված համակարգի վերարտադրությանը:

Է.Բ. — Ընտրությունների են պատրաստվում: Դատելով Սերժ Սարգսյանի ելույթից` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ վատ էր աշխատում: Հովիկ Աբրահամյանին լսելով` ուզում ես ծիծաղել, երբ ասում է` շտաբի պետն ավելի բարձր պաշտոն է, քան ԱԺ նախագահը:

— Չեք կարող ժխտել` հավատարմությունը ցուցադրելու առումով` ավելի՛ հարմար աշխատանք է, քան ԱԺ նախագահինը:

Է.Բ. — Հասկանալի է: Եթե Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բանի համար պատժվեր, կասեի` փոփոխությունները համակարգային են: Ի վերջո, նա այս երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա երբեք բիզնեսով չի զբաղվել: Նրա կենսագրությանը նայելիս` զարմանում ես` ե՞րբ է հասցրել այդքան հարստություն կուտակել: ԱԺ նախագահը ինչպե՞ս դարձավ միլիոնատեր: Թող ինձ ինչ-որ մեկը բացատրի:

Հ.Չ. — Հավատարմության երդումները ծիծաղելի էին. անգամ սիրող ամուսինները հավատարմության նման երդումներ չեն տալիս միմյանց: Պետական գործիչը առավելագույնս կարող է հավատարիմ լինել իր սկզբունքներին, քաղաքական հավատամքին, լա՛վ, քաղաքական մի ուժի: Բայց վերցնել ու մի անձին երդվել, չափազանց էր: Ես եւս սա ընկալեցի որպես կադրային եւ ոչ երբեք` համակարգային փոփոխություններ: Երկրում, ամեն դեպքում, շարունակվում է որեւէ լուրջ բան չկատարվել:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Նոյեմբեր 8, 2011

ԲՐԻՋԻՏ ԲԱՐԴՈ

10 Նյմ

Ամենալավ օրն իմ կյանքու՞մ: Դա կատարվեց գիշերը…
Աշխարհն այնքան փոքր է, որ ի վերջո մենք բոլորս էլ կհանդիպենք անկողնում: Բայց մի՞թե դուք կարծում եք, որ երբ գիշերը միայնակ պառկում ես անկողնում, ապա միտքն այն մասին, թե քեզ սիրում է աշխարհի կեսը, կարող է մխիթարել քեզ: Աշխարհի կեսը ոչինչ է: Որքան շատ եմ ես ինձ մեղավոր զգում տղամարդու հանդեպ, այնքան ավելի շատ ուշադրություն եմ հատկացնում նրան: Ուզենք, թե չուզենք՝ կանայք հանդիսանում են այն բանի արտացոլանքը, ինչ նրանց դարձնում են տղամարդիկ: Որքան ավելի շատ են կանայք ձգում ազատագրվել, այնքան նրանք ավելի դժբախտ են դառնում: Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան լինել հավատարիմ՝ առանց այդպիսին լինելու ցանկության…
Երբ դը Գոլն ասում է, որ Ֆրանսիան ինքն է, նա ճիշտ է ասում: Բայց նա մոռանում է իմ մասին: Ես նույնպես Ֆրանսիան եմ, թեև բոլորովին այլ սեռի:

%d bloggers like this: