Պահոց | 10:17 ե.

Ինչ էին ուզում, ինչ ստացվեց

3 Նյմ

Չնայած երկրում ստեղծված ծանր կացությանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորսօրյա շրջագայության մեկնեց Եվրոպա, որի ընթացքում այցելեց Գերմանիա, իսկ այսօր կլինի Ֆրանսիայում: Կնշանակի՝ կան բաներ, որոնք Անկարայի համար առավել կարևոր են ներքին խնդիրներից: Եվրոպական բանակցությունների ընթացքում քննարկվեցին ու կքննարկվեն Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցը, կիպրական խնդիրը, իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սակայն հազիվ թե այցի վերջնական արդյունքները գոհացուցիչ լինեն թուրքերի համար: Նրանք այժմ գերազանց հասկանում են, որ լուրջ հաջողության հասնելու համար նվազել են իրական նախադրյալները՝ իրենց տեղը զիջելով ոչ պակաս իրական բարդություններին: Անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ մտել են փակուղի, Կիպրոսի հետ հարաբերությունները նախկինի նման շատ վատ են, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ձախողվեց, Բաքվի հետ հարաբերությունները դարձան ավելի կասկածամիտ, Իսրայելի հետ առճակատումը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների խզման ու կոշտ հռետորության, նախկին բարեկամ Դամասկոսի ռեժիմի հետ գրեթե թշնամական հարաբերություններ են հաստատվել և այսպես շարունակ: Եվ այս պարագայում ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց բուն Թուրքիայում երկրի արտաքին քաղաքականության բազմաթիվ վերլուծաբաններ արդեն բացահայտ կերպով հեգնում ու խոսում են «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ու այդ հայեցակարգի հեղինակ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի զրոյական ձեռքբերումների մասին: Օր-օրի ավելի հաճախ կարելի է լսել պահանջներ ու հորդորներ այն մասին, որ անհրաժեշտ է հողին հանձնել Դավութօղլուի «հոգեզավակին»: Իսկ վերջերս նույնիսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հանրությանը տեղեկացրեցին, որ Թուրքիան առաջիկա օրերին օրակարգից հանելու է բավականին ժամանակ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու այդ քաղաքականությունը: Կուսակցության արտաքին կապերի գծով փոխնախագահ Սուաթ Քնըքլըօղլուն սրտի ցավով լրագրողներին գուժեց, որ այսուհետ իրենց ուտոպիստական մտասևեռումը չի իրագործվելու: Անկարայում ևս խորապես համոզվել են, որ դա այլևս բանի պետք չէ: Բայց նույնիսկ այս բոլորից հետո էլ նրանց չհաջողվեց գտնել իրենց նահանջը արդարացնող ավելի խելամիտ հիմնավորում, քան այն ձևակերպումը, որ տրվեց հրաժարումին. «Տարածաշրջանում մեր տարբերությունն այն է, որ մենք արժևորում ենք երկրների հավասարությունը, ժողովրդավարությունը, կազմակերպվածությունը և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Թուրքիան այդ ուղղությամբ ճիշտ ճանապարհին է: Սակայն մեր կողմից զննելիք կարևոր քաղաքականություններ կան, որոնք դժվարացնում են գործերը»,- ասացին Թուրքիայի իշխանությունները:
Սակայն զարմանալին այն է, որ նոր միայն ձերբազատվելով այդ անպտուղ բեռից՝ Անկարան իրեն անմիջապես նետում է մեկ այլ ծանրության տակ, թեև հարկ է նկատել, որ նորը այնքան էլ նոր չէ, այլ լավ քողարկված հինը: Խոսքն այս դեպքում սոսկ այն մասին չէ, որ Թուրքիան տարածաշրջանում առաջնորդ լինելու նպատակ ունի: Ինչպես դիպուկ կերպով բնորոշել է անգլիական The Times պարբերականը, «Եվրամիությանն անդամակցությունը չհաջողած Թուրքիան ուղղություն է վերցրել դեպի նախկին Օսմանյան կայսրություն»: Կայսրապաշտությունն ընդամենը հավակնություն դիտարկելն այդ դեպքում քիչ է: Անկարայում այսօր այն կարծիքին են, որ բավականին նպաստավոր պայմաններ են ի հայտ եկել այս մեծ գաղափարի սաղմերը ձևավորելու համար: Եվ առաջին հերթին խոսքն այն մասին է, որ Թուրքիան ցանկանում է դեր կորզել Մերձավոր Արևելքում ուժերի նոր վերաբաշխումից:
Նշված դիտարկումների շուրջ վերջերս բավականին հետաքրքիր մի զեկույց հրապարակեց Մարշալի գերմանական հիմնադրամը, որտեղ առանձին տեղ էր հատկացված թուրքական արտաքին քաղաքականությանը՝ այն գնահատելով արաբական հեղաշրջումների համատեքստում: Ըստ այդ զեկույցի հեղինակների, եթե Եգիպտոսի, Լիբիայի ու Սիրիայի ապստամբություններն առաջին պլան մղեցին Դավութօղլուի ռազմավարության հռչակագրային և իրական հարթությունների անհամապատասխանությունը, ապա նոր՝ առաջին հայացքից անհաղթահարելի թվացող լարվածությունը կարող է երկրորդ շնչառության դեր խաղալ թուրքական քաղաքական կյանքում:
Սակայն այս դեպքում էլ առաջ է գալիս միանգամայն հիմնավորված այն հարցադրումը, թե իրականության մեջ ի՞նչ գործընթացներ են ծավալվում Թուրքիայի ներքին կյանքում և ինչու՞ է Էրդողանի կառավարությունը շարունակում ակտիվ ձևով քանդել և վերափոխել այն, ինչը վերջին մի քանի տասնամյակների համար Թուրքիայի բնորոշիչ առանձնահատկությունն էր դիտվում: Ահա այս տարակուսանքն է, որ հիմք է տալիս վերլուծաբաններին կարծելու, թե Թուրքիայում կատարվածը պարզապես իշխանության փոփոխություն չէ, այլ փոխվել է Թուրքիայի քաղաքական ձևաչափը: «Արևմտյան արժեքային համակարգին ձգտող Թուրքիան չկա, եկել է նոր քաղաքական էլիտա, որի արմատները և գաղափարախոսությունը գնում են դեպի Ղուրանը»,- հայտարարում են քաղաքագետները և մատնացույց անում, թե այսօր ինչ ջանադրությամբ է Էրդողանը զտում աշխարհիկ զինվորականներին՝ այդ զտումները համեմատելով Ստալինի գործողությունների հետ:
Սա, իհարկե, փոքր-ինչ չափազանց է, թեև յուրաքանչյուր չափազանցություն իր հիմքում այնուամենայնիվ ճշմարտության հատիկ է ունենում: Իսկ ահա օվկիանոսի մյուս կողմից փոփոխական Թուրքիայի խմորումներին նայում են ոչ այնքան հաշտ աչքով, և նույնիսկ առիթը բաց չեն թողնում ծաղրելու թուրքերի ջղակծկումները: Օրինակ, Վաշինգտոնի Հերիթիջ ինստիտուտի քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանները կիսում են այն տեսակետը, որ Թուրքիան ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք նաև նկատում են. «Թուրքերը կարծում են, որ իսլամական առաջնորդ դառնում են Տարզանի նման կուրծք ծեծելով և ձևացնելով, թե տիրապետող դիրքեր ունեն Իսրայելի հետ հարաբերություններում: Եվ ոչ միայն Իսրայելի: Տեսանք, թե Էրդողանն ինչ արեց Կարսի մոտակա հայ-թուրքական հաշտեցման արձանի հետ: Լուրջ սրում է առաջացել քրդերի հետ: Այս նեոօսմանյան ոճի հավակնոտությունը Վաշինգտոնում ոչ մի լավատեսություն չի առաջացնում»,- գրում են նրանք: Իսկ լավատեսությունից զատ կա այն կարծրատիպը, ըստ որի Վաշինգտոնում սովոր էին մշտապես լսել ու ասել, թե Թուրքիան իրենց դաշնակից է, ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է, ԱՄՆ-ի առևտրային գործընկերը և նման բաներ: Այժմ Սպիտակ Տանը առավել հակված են այս մտայնության վերանայմանը և այն խոստովանությանը, որ հին, բարի ժամանակներն ավարտվեցին: Ու եթե ոմանք դեռ չեն կարողանում (կամ չեն ցանկանում) ընկալել, թե ինչ է կատարվում իրենց շուրջը և դեռ հարց են տալիս՝ Թուրքիան դաշնակից է, թե՞ ոչ, ապա վաղ թե ուշ վրա կհասնի այն պահը, երբ թուրքերն ամերիկացիների համար կդառնան ոչ միայն մշտական գլխացավանք, այլև կորուսյալ դաշնակից: Թուրքերը ընտրել են մի ճանապարհ, որը միայնակ են անցնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը սուտ է խոսում

3 Նյմ

Բանաստեղծ Եղիշե Չարենցի թաղման վայրը պղծելուց 4 օր անց դեպքին արձագանքել է Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը, սակայն արձագանքել է խիստ յուրահատուկ կերպով՝ հայտարարելով, թե իբր դա Չարենցի գերեզմանը չէ և այդպես ասողները ստում են ու ապակողմնորոշում հանրությանը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի այդ կտրուկ արձագանքին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն այսպես պատասխանեց. «Հակոբյանից ես այլ բան չէի էլ սպասում: Այդ տիկինը ոչ միայն բառերի մեջ ընտրություն կատարելու շնորհից է զրկված, այլև հակում ունի՝ պարբերաբար մոլորության մեջ գցել մարդկանց: Նրա վերջին «քաջագործություններից» մեկը թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված մի անկապ քարակույտ իբրև Չարենցի տուն մեզ վրա սաղացնելու գործարքն էր, որը անփառունակ վախճան ունեցավ, և այդ օրից Լիլիթ Հակոբյանն ատամ ունի ինձ վրա: Սա, իհարկե, զվարճալի պիտի հնչի, եթե այդքան ցավալի չլինի: Իսկ գալով այն հարցին, թե մեզնից ով է սուտ խոսում, ապա ես կարող եմ միանշանակ պնդել, որ դա առայժմ մնում է տիկին Հակոբյանի բացառիկ մենաշնորհը: Ասածս հիմնավորելու համար կան մի քանի փաստարկներ, բայց ես կհիշատակեմ դրանցից միայն մեկը, ինչը լիովին բավարար է ընդդիմախոսիս բառերի արժեքը գնահատելու համար: Ի՞նչ եք կարծում, սրանից 15 տարի առաջ ո՞վ էր, որ առաջինը հանրությանը տեղյակ պահեց, թե գտնվել են Չարենցի թաղման վայրն ու գրողի մասունքները: Ասեմ՝ չեք հավատա: Նույն Լիլիթ Հակոբյանը: Եթե թերթելու լինեք այդ օրերի մամուլը, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա այդպես է: Ես ընդամենը մի կարճ մեջբերում կատարեմ այն օրերի թերթերից. «…Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը… Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.): Ահա այսպես: Փորել են, գտել, ուսումնասիրել, համոզվել ու հայտարարել: Իսկ հիմա պարզվում է, որ ես ստախոս եմ, իսկ Լիլիթ Հակոբյանը ճշմարտության մարմնացումն է:
Հիմա դառնանք նրա մեկ այլ աղաղակող կեղծիքին, երբ անտեղյակ լրագրողին ասում է. « Ի վերջո, այդտեղից ոսկորներ հանվե՞լ են, չէ՞ որ կարելի է ոսկորների ԴՆԹ-ի ախտորոշմամբ պարզել իսկությունը, արե՞լ են նման բան, իհարկե ոչ»: (Խեղճ գրագետը նույնիսկ չգիտի, թե ինչ բան է ախտորոշումը և որ ԴՆԹ-ն երբեք չեն ախտորոշում, բայց այս մասին՝ մեկ այլ անգամ, հիմա դառնանք բուն խնդրին):
Ինչպես նկատեցիք, քիչ առաջ նա բոլորովին այլ բան էր պնդում գտնված ոսկորների, մասունքների ուսումնասիրության մասին: Բայց սա դեռ բոլորը չէ: Թե ինչպես է ընթացել գենետիկական հետազոտություն կատարել-չկատարելու հարցի լուծումը, այդ մասին հստակ պատկերացում է տալիս ոչ այլ ոք, քան Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը: Ահա մի հատված վերջինիս հարցազրույցից՝ տպագրված 2008 թ. մայիսի 10-ին «Հրապարակ» թերթում. «… Ես ասացի՝ խնդրեմ, տվեք ոսկորներ, տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք։ Բայց ինձ չտվեցին…»։
Այն նախանձախնդիր լրագրողները, ովքեր այդքան հակված են ճշմարտությունը բացահայտել, գուցե հենց այս հարցի՞ց սկսեն՝ ինչու՞ չտվեցին, ինչու՞ ուրացան այն, ինչ ասում էին նախկինում և, վերջապես, որտե՞ղ է տիկին Հակոբյանը պահ տվել այդ ոսկորները: Հասկանում եմ, որ սրանք ծանր հարցեր են նրա համար, բայց ի՞նչ կարող ես անել…
Եթե նկատեցիք, ես առայժմ ոչինչ չեմ ասել իմ անունից: Առայժմ մյուսներն են խոսում: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ դա էլ լիովին բավարար է իսկությունը պարզելու համար: Ու՞մ է Հակոբյանը ստախոս անվանում: Նրանց, ովքեր համոզված են, որ դա է Չարենցի գերեզմանը: Կնշանակի նա ստախոս է հորջորջում նաև հարգարժան բանաստեղծ Արևշատ Ավագյանին, ով առաջիններից մեկը հրապարակեց գերեզմանի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: Ստախոս է անվանում չարենցագետ Դավիթ Գասպարյանին, ով իր գրքում գրել է«…Չարենցին թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան…»: Ստախոս է անվանում այն բոլոր հրաշալի, հետևողական մարդկանց, ովքեր անշահախնդրորեն տարիներ շարունակ զբաղվել են մեծ գրողի վերջին հանգրվանի որոնումներով, քայլ առ քայլ տարել մեզ դեպի բացահայտում և այժմ միայն մի բան են ցանկանում՝ արժանին մատուցել նրա հիշատակին ու հեռու պահել նրան ճշմարտություն պղծողների ու քողարկողների ոտնձգություններից:
Այսքանից հետո ինչ այլ բան չի մնում, քան հերթական անգամ ասել. տիկին Հակոբյան, դուք արդեն անտանելի եք դառնում: Խելամիտ եղեք, լռեք ու զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ են վերաբերում: Չարենցագիտությունը ձերր խելքի բանը չէ»:

%d bloggers like this: