Պահոց | 9:20 ե.

ՄԱՅՔԼ ՖԱՐԱԴԵՅ

17 Նյմ

Որքան զարմանալի է այս աշխարհում մեր պահվածքը: Այստեղ մենք ծնվում ենք, դաստիարակվում, ապրում և այս ամենն ընկալում ենք իբրև սովորական մի բան: Ըստ էության ասած, մենք այնքան քիչ ենք զարմանում, որ մեզ այլևս ոչինչ չի ցնցում իր անակնկալով: Ես մտածում եմ, որ երիտասարդի մոտ ջրվեժի տեսքը կամ բարձրաբերձ լեռները ավելի մեծ զարմանք են հարուցում, քանի իր գոյության մասին հարցը, այն, թե նա ինչպես է լույս աշխարհ եկել, ինչպես է ապրում, ինչ կերպ է ուղիղ կանգնում և ինչի շնորհիվ է շարժվում մի վայրից մյուսը: Այդ պատճառով էլ ստացվում է, որ մենք այս աշխարհ ենք գալիս, ապրում ենք և լքում ենք այն՝ մեզ նեղություն չպատճառելով հատուկ խորհելու այն մասին, թե ինչպես է այդ ամենը կատարվում: Եթե չլինեին իմացասեր մարդկանց ջանքերը, ովքեր խորամուխ են լինում այդ հարցերում, բացահայտում կարևորագույն օրենքները, կարգավորում մեր գոյությունը երկրի վրա, հազիվ թե մենք կռահեինք, որ այդտեղ ինչ-որ զարմանալի բան կա:

ԷՆՐԻԿԵ ՎԻԼԱ ՄԱՏԱՍ

17 Նյմ

ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Ես նվագում եմ հիշողության հնչյունի վրա: Այդ աննկատ գործիքը հար միանման է հնչում: Նրա հնչյունը մեկ երկար է, մեկ կարճ, մեկ դանդաղկոտ, մեկ փութկոտ: Նա համաչափ է շնչում, և մեկ էլ անակնկալ ցատկով ինքն իրենից առաջ է անցնում: Նա տրտում է և զվարթ: Միայն տարօրինակ է, որ երբ նա տրտում է հնչում, ստիպում է ինձ ծիծաղել, իսկ երբ ուրախ է ու անդադար, ես ուզում եմ արտասվել: Հնարավո՞ր էր արդյոք երբևէ նման հնչողություն: Նվագե՞լ է որևէ մեկն արդյոք այդպիսի կախարդական գործիքով: Եվ հազիվ թե ձեռքդ վերցնես այդ գործիքը. նույնիսկ ամենանուրբ և ամենաթրթռուն ձեռքերը չափազանց կոպիտ են նրա համար: Նա անասելի նուրբ և քնքուշ լարեր ունի: Մազերը դրանց հետ համեմատած` սանձեր են: Կա մի տղա, ով կարողանում է նվագել, և ես, երբ լրտեսելու ժամանակ է լինում, լսում եմ նրան: Նա գիշեր ու զօր նվագում է՝ չմտածելով հաց ու ջրի մասին, օրնիբուն: Առավոտից գիշեր և գիշերից մինչև լույս: Ժամանակը պետք է նրան միայն այն բանի համար, որ կողքանց թռչի, հանց հնչյուն: Ճիշտ այնպես, ինչպես ես եմ լսում նրան` նվագողին, այնպես էլ լսում է և ինքը` նվագողը, անընդհատ իր սիրելիին, իր գործիքի նվագը: Դեռևս ոչ ոք և ոչ մեկին այդպես հավատարիմ և թրթռուն չի դարանել: Ինչ քաղցր է դարանողին դարանակալելը, սիրահարին տեսնելը, լքյալին զգալը քո կողքին: Տղան` արվեստագետն է, հիշողությունը` նրա գործիքը, գիշերը` նրա տարածությունը, երազանքը` նրա ժամանակը: Հնչյունները, որոնք նա կյանքի է կոչում, իր փութաջան ծառաներն են, որոնք պատմում են նրա մասին աշխարհի ծարավի ականջներին: Ես գեթ միայն ականջ եմ, անասելի հուզախռով ականջ:

Թե ինչից ցնցվեց Թուրքիան

17 Նյմ

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի, դրան հաջորդած շուրջ 1500 հետցնցումների, զոհերի ու ավերածությունների մասին գրվել է առավել քան բավարար չափով: Սակայն այս անգամ մեր խոսքը ոչ թե այդ երկրին հասցված նյութական ու մարդկային կորուստների, այլ այն մասին է, թե ինչ ավերածություներ գործեց տարերքը Թուրքիայի ներքին կյանքում և ինչպես հողին հավասարեցրեց այդ երկրի հզորության մասին միֆը: Երկրաշարժից ժամեր անց պաշտոնական Անկարան հայտարարեց, թե կարիք չունի որևէ արտաքին օգնության և ի զորու է սեփական ուժերով հաղթահարել կատարվածի ծանրությունը: Սակայն հաշված օրեր անց ամպագոռգոռ վստահեցումները իրենց տեղը զիջեցին օգնության խնդրանքներին, իսկ բոլորվին վերջերս Թուրքիան մեկ անգամ ևս դիմեց միջազգային հանրությանը՝ աղերսելով իրեն ձեռք մեկնել: Եվ սա ապացույցն էր այն բանի, որ երկիրը ոչ միայն զուրկ է անհրաժեշտ միջոցներից, այլև պետական մեքենան ի զորու չէ գլուխ հանել ստեղծված իրավիճակում:
Այսօր աղետի գոտու կացությունը վեր է ամեն կարգի պատկերացումներից: Վանի նահանգում, որտեղ բնակչության գերակշիռ մասը քրդեր են, երկրաշարժից տուժածները քնում են փողոցներում, քաղցած են ու ծարավ, չկա դեղորայք, իսկ բաժանված վրանները շատ քչերին է բաժին հասել: «Փլված շենքեր, աջ ու ձախ շարված դիակները թողնված են բախտի քմահաճույքին: Մարդիկ սպասում են օգնության: Այդ փողոցները հիշեցնում են կադրեր սարսափ ֆիլմերից: Մարդիկ արտասվում են, բղավում. «Ինչո՞ւ Թուրքիան մերժեց արտասահմանյան օգնությունները, ինչո՞ւ մեզ թողեց այս վիճակում: Որտե՞ղ է պետությունը»,- գրում է թերթերից մեկը՝ այդպես էլ պատասխան չգտնելով հնչող աղաղակների համար: Վանի 60%-ը ավերված է, հողին է հավասարվել 30-40 գյուղ: Եվ այս պայմաններում նահանգի 34 գյուղապետերի այլ բան չէր մնում, քան հրաժարական տալ։ Նրանց բոլորի հիմնավորումը մեկն էր. թուրքական կառավարությունն անգործության է մատնված, իսկ հետևանքների ճնշումը կրում են իրենք:
Բայց խնդիրը միայն դա չէ: Տեղաբնակ քրդերը այժմ արդեն խորապես համոզված են, որ իշխանությունները թաքցնում են այն դաժան իրականությունը, որն այժմ տիրում է Վանում, իսկ թուրքերը պարզապես հրճվանք են ապրում քուրդ ժողովրդի այս «սպանդից»: «Նրանք ստեցին, թե Վանում ամեն ինչ կարվի բնակչությանն օգնելու համար: Մինչդեռ ոչինչ չարեցին` հատուկ թույլ տալով, որ փլատակների տակ ողջ մնացած մարդիկ այս օրերի ընթացքում իրենց հոգին տան: Հասկանո՞ւմ եք, Թուրքիայի համար սա իսկական շանս էր քրդերին վերացնելու համար»,- պնդում է քուրդ հայտնի գրող, նախկին քաղբանտարկյալ Մեմեդ Գուլերը: Ի վերջո, աղետյալներին առաջինը օգնության հասան ոչ այլ ոք, քան հարևան շրջանների քուրդ քաղաքապետերը: Իսկ այդ ժամանակ Վանի նահանգապետարանի կայքում դեռ որևէ խոսք չկար տեղի ունեցած երկրաշարժի մասին և օգնություն առաջարկել ցանկացողները չէին կարողանում հաշվեհամարների մասին տեղեկություններ իմանալ: Ավելին, տուժվածներին օգնություն բերող մեքենաները կալանվում էին Վանի նահանգապետարանի կողմից, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Եվ մինչ այդ հանգամանքը խիստ անհանգստացնում էր օգնություն ուղարկել ցանկացող կազմակերպություններին, թուրքական կազմակերպություններն իրենց հերթին հրաժարվում էին հանդիպել և շփման մեջ մտնել քրդական կուսակցության անդամ, Վանի քաղաքապետ Բեքիր Քայայի հետ: Բան այն է, որ նահանգապետը նշանակվում է Անկարայի կողմից, իսկ քաղաքապետն ընտրվել է տեղի քուրդ բնակչության կողմից:
Ազգային թշնամանքը սկսեց այնպիսի անմարդկային դրսևորումներ ձեռք բերել, որ նույնիսկ ATV-ի հաղորդավարուհի Մուղլե Անլըն եթերից հանդիմանեց Վանի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերել ցանկացողներին: «Թող քրդերը իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»,-ասաց թուրք հաղորդավարուհին։ Ոչ պակաս բնորոշ իրավիճակ էր և այն, որ երկրաշարժից հետո կազմակերպված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարի միայն 1/3-ն էր իրական։ Դրա պատճառն այն էր, որ շատ թուրք գործարարներ զանգահարել էին հեռուստամարաթոն և խոստացել շատ մեծ օգնություն ցուցաբերել՝ դրանով իսկ գովազդելով իրենց, իսկ հետո դրժել էին իրենց խոստումը։ Նույն օրերին տեղեկություններ էին ստացվում, որ թալանվում էին տուժածների համար օգնություն փոխադրող տասնյակ բեռնատարներ:
Ահա այս պայմաններում Վանից արտագաղթի մեծ հոսք է սկսել։ Թուրքական Dunyabulteni-ի կայքի փոխանցմամբ՝ Վանից օրական արտագաղթում է 2-ից 2,5 հազար հոգի։ Նշվում է, որ միայն 2 օրում Վանից հեռանալու դիմում է ներկայացրել 70 հազար բնակիչ: Իսկ նրանք, ովքեր դեռ համառորեն մնում են քաղաքոմ, ենթարկվում են ամենատարբեր ճնշումների ու նվաստացումների: Երբ իշխանությունների անգործությունը քննադատող քաղաքացիները բողոքի ցույց կազմակերպեցին, ոստիկանությունը դաժանորեն ցրեց հավաքվածներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու մահակներ: Վանի Արճեշի շրջան մեկնած Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը կոպիտ կերպով հանդիմանեց երկրաշարժից տուժած մի երիտասարդի, ով համարձակվել էր ասել, թե կառավարությունը գյուղերին օգնություն չի ուղարկել։ «Սուտ եք խոսում։ Մի եկեք այստեղ սխալ տեղեկություններ հաղորդեք։ Հիմա ես կհետաքրքրվեմ թե ո՞վ է այդ տղան։ Սադրանքներ մի արեք»,- բորբոքվել էր փոխվարչապետը: Բռնությունները նույնիսկ խորհրդարան հասան: Ելույթի ժամանակ ամբիոնից հրելով ցած բերեցին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորին այն պատճառով, որ վերջինս քննադատեց նախագահին ու վարչապետին՝ հիշեցնելով, որ նախագահ Գյուլը հրաժարվեց մեկնել երկրաշարժից տուժված Վան:
Այս աղաղակող փաստերին այժմ գումարվում են նորերը: Օրերս թուրքական կառավարության կողմից Քաղաքաշինության նախարարություն և Պետական վերահսկողության խորհուրդ ուղարկած զեկույցում նշվել է, թե ավերված հազարավոր շինություններում լուրջ խախտումներ են եղել։ Գետնին հավասարված մի շարք շենքերում շինանյութերը պակաս չափաբաժիններով են օգտագործվել։ Իսկ ամենասարսափելի փաստն այն է եղել, որ շենքերի սյուններում ցեմենտի փոխարեն պեմզայի բրիկետներ են օգտագործվել։ Այսքանից հետո ԺՀԿ կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուն այլ բան չէր մնում, քան խորհրդարանական խմբակցության առաջ ելույթ ունենալիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հռետորական հարց ուղղելը. «Վանի երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկանց գերեզման դարձած անորակ շենքերի բնակեցման թույլտվությունն ո՞վ է տվել։ Ժողովուրդը երկրաշարժի համար հարկ է վճարում, դու ի՞նչ ես արել»։
Էրդողանը հազիվ թե պատասխանի նրան: Այն, ինչ արել է վարչապետը, բարձրաձայն չի ասվի: Առավելագույնը, որ մինչ այժմ խոստովանել է նա, եղել է հետևյալը. «Իրոք, մեր աշխատանքներում թերացումներ եղել են։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նման մեծ աղետի դեպքում միանգամից հնարավոր չէր օգնություն հասցնել բոլոր կարիքավորներին»: Եվ սա ասում է մի երկրի ղեկավար, ով օգնություն էր տանում մինչև Սոմալի՝ ցուցադրելով, թե որքան մարդասեր ու հարուստ երկիր է Թուրքիան: Իսկ ներսում, ավաղ, չկարողացավ: Թե՞ չցանկացավ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: