Պահոց | 7:10 ե.

Կրկին հիշելով պատերազմի մասին

2 Նյմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ժողովուրդների ինքնորոշման իրավունք» և «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» թեմաների շուրջ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Այս փաստն արդեն իսկ հետաքրքական էր, քանի որ մեր դեսպանի լռությունը երբեմն այնքան երկարատև է լինում, որ նույնիսկ Հայաստանում են սկսում կասկածել, թե արդյո՞ք մենք ՄԱԿ-ում ունենք մեր ներկայացուցիչը: Եվ այսպես, Կ. Նազարյանը խախտեց այդ լռության ուխտը ու Նյու Յորքից մեզ բոլորիս տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, և այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Պատերազմի վերսկսման հավանականության մասին նման կանխատեսում-զգուշացումը մեկ այլ իրավիճակում կարող էր ընկալվել սոսկ որպես անհանգստություն՝ հաշվի առնելով հարևան երկրի հռետորաբանությունն ու սպառազինվելու տեմպերը: Սակայն այս անգամ այս ահազանգը միակողմանի չէր: Բանն այն է, որ վերջին օրերին Բաքվից վերստին հնչում են հստակ նախազգուշացումներ այն մասին, որ ստեղծված փակուղին ադրբեջանցիներին այլ ելք չի հուշում, քան իր խնդիրները լուծել կոշտ միջոցներով: Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը։ Հենց այսպիսի նոր մարտավարություն են այժմ որդեգրել ադրբեջանցիները և նույնիսկ նպատակահարմար են գտնում այդ մասին տեղեկացնել ամենքին: Եթե համադրելու լինենք նույն բովանդակությամբ մի քանի ելույթները, ապա պատկերը կլինի մոտավորապես այսպիսին. Ադրբեջանը կարող է առանց Թուրքիայի զինված ուժերի աջակցության ջախջախել հայկական բանակին, թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բոլոր բնագավառները ընդգրկող երկարատև ռազմական համագործակցություն։ Մի խոսքով, եթե հիմա պատերազմ սկսվի, այնքան էլ կարևոր չէ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, թե ոչ։ Դա կարևոր էր մի քանի տարի առաջ։ Իսկ հիմա Ադրբեջանն ընդունակ է օկուպացվցած տարածքներից միայնակ դուրս մղել հայերին։ Սակայն խնդրի կարգավորումը մարտադաշտ տեղափոխելու համար Ադրբեջանն ուղղակի սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը: Ընդ որում, չգիտես ինչու, ադրբեջանցիները վստահ են, որ եթե իրենք պատերազմ սկսեն, ապա այդ երկիրը չի անտեսվի միջազգային հանրության կողմից։ Ամենայն հավանականությամբ, նրանց թև է տալիս այն միտքը, թե միջազգային իրավունքը արտոնում է նման գործողությունները: «ՄԱԿ-ի համապատասխան հոդվածում նշվում է այն մասին, որ օկուպացիայի ենթարկված երկիրը կարող է ցանկացած միջոցով ազատագրել իր հողերը։ Այսինքն, իր հողերի ազատագրման համար Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը, ըստ միջազգային իրավունքի, ճիշտ է և արդարացի»,- այսպես է խնդիրը բացատրում ադրբեջանցի պատգամավորներից մեկը։
Մի կողմ թողնելով այս ճանապարհով հաջողության հասնելու հավանականության ու անհավանականության աստիճանների քննությունը՝ նկատենք, որ օրերս պատերազմի վերսկսման հնարավորությունների մասին տագնապալի տեսակետներ հնչեցին նաև Արևմուտքից: Մասնավորապես, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրին տված հարցազրույցում Հարավային Կովկասում 2006-2011թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անդրադարձել էր ղարաբաղյան հարցին և նշել հետևյալը «Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած ճգնաժամը շարունակում է խորանալ, և իրավիճակն առ այսօր թվում է փակուղային ու անլուծելի: Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունը և զարգացումը հղի են լուրջ ռիսկերով: Կտրուկ սրացման իրական վտանգ կա: Հակամարտության կողմերը սպառազինությունների չթուլացող եւ ապակայունացնող մրցավազք են սկսել»: Այս ամենից հետո Սեմնեբին հիշեցրել էր նաև, որ առայժմ կողմերի միջև գոյություն ունի միայն հրադադարի անկայուն համաձայնագիր, և Եվրամիության էական ավանդը տվյալ պահին կարող է լինել այն, որ նրա միջնորդությամբ վերստին ամրապնդվի հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Այս և վերը շարադրված տրամադրությունների համտեքստում է պետք դիտարկել այն փոփոխությունները, որոնք նշմարելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններում և դիրքորոշումներում: Եռանախագահներն այժմ ավելի հաճախ են կրկնում այն միտքը, թե «շփման գիծը չի կարող հավերժ պատնեշ լինել հարևան ժողովուրդների միջև»: Նման ձևակերպումն, ինչ խոսք, միայն լուսավոր ապագայի մասին նրանց գեղեցիկ տեսլականների արտահայտությունը չէ: Առաջին հերթին սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումն այսուհետև ոչ միայն անցանկալի է, այլև անթուլատրելի: Շեշտադրումների նման որակական ու բովանդակային ձևափոխումը այսօր շատերին է թույլ տալիս ենթադրելու, որ Մինսկի խմբի նոր հայտարարություննները ոչ միայն էականորեն տարբերվում են նրանց նախորդ հայտարարություններից, այլև այն, որ եթե ոչ հեռու անցյալում նրանք ասում էին, թե հանդես են գալիս խնդրի լուծման զանազան առաջարկություններով կամ մոդելներով՝ ջանալով հակամարտող կողմերին բերել փոխզիջման, ապա այժմ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության աճման լույսի ներքո կոչ են անում թույլ չտալ լարվածության սրում:
Ընդհանուր մթնոլորտին հավելյալ լիցքներ են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք վերջին շաբաթների ընթացքում վերստին սկսել են ողողվել պատերազմ վերսկսելու մասին հոդվածներով ու վերլուծություններով: Սևեռվելով այն հեռանկարի վրա, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ադրբեջանցիներն անմիջապես հարց են տալիս, թե հօգուտ ո՞ր կողմի է լինելու այդ փոփոխությունը, և իրենք էլ գտնում են դրա պատասխանը. «Ղարաբաղյան հակամարտության ոչ Ադրբեջանի օգտին լուծումը ճանապարհ է բացում նոր պատերազմների: Դա անխուսափելի է»,- եզրակացնում են նրանք:
Իհարկե, այսպիսի լարված իրավիճակում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի: Դրա սպառնալիքը միշտ է եղել, կա ու դեռ երկար ժամանակ կախված կմնա օդից: Չենք կարող նաև չնկատել, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանի դիրքորոշումը նույնպես դարձել է ավելի կոշտ: Մեր իշխանության ներկայացուցիչները սկսել են ավելի կտրուկ հայտարարություններ անել ղարաբաղյան թեմայով, ինչին զուգահեռ աճում է Ադրբեջանի անվստահությունը, քանի որ մի կողմից նրա համար բացահայտվում է, որ գերտերություններից ու դաշնակից երկրներից ոչ մեկը, նախևառաջ Թուրքիան, հազիվ թե աջակցի իրեն, մյուս կողմից էլ Ռուսաստանը, որ փորձում է «կտրուկ շարժումներ» չանել ու չխախտել Հայաստանի հետ ավանդական հարաբերությունները, հիմքեր չի թողնում Բաքվի ակնկալիքների համար: Եվ այժմ պատերազմի սպառնալիքով խնդիրը մեռյալ կետից առաջ մղելու մտադրությունը թեև լիովին բացառել չի կարելի, սակայն դրա հետ մեծ հույսեր կապելը ևս հեռանկարային չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Արյուն սահմանի վրա

2 Նյմ

Շատ անգամներ է խոսվել իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ մատնացույց անելով այն հակասությունները, որոնք առկա են համարյա բոլոր ոլորտներում՝ կրոնական, քաղաքական, տնտեսական, ազգային… Իբրև թե հարևան ու բարեկամ համարվող երկրներում այսօր բացասական լիցքերի այնպիսի մեծ կուտակում կա, որ երկու կողմերի՝ անխախտ դաշինքի մասին հավաստիացումներն այլև ներգործություն չունեն հասարակական գիտակցության վրա: Եվ եթե այդ կարգի մնայուն կամ կարճաժամկետ դառնությունները դեռ կարելի է ինչ-որ կերպ փարատել՝ գտնելով զանազան արդարացումներ ու «մեղմացուցիչ դեպք հանցանաց», ապա կան բաներ, որոնք ոչ մի գնով մոռացության տալ կամ շրջանցել չի հաջողվի: Հենց այդպիսի մի դեպք էլ այժմ դիտվում է սահմանային այն ընդհարումը, որ տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ առաջ, սակայն մինչ օրս շարունակում է արյուն պղտորել և լարվածություն բազմապատկել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի մերձակայքում ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի բանակայինների հետ զինված բախման արդյունքում զոհվեց իրանցի 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը: Իրանցին սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, նրա մոտ զենք չէր եղել, բայց ադրբեջանցիները կրակ էին բացել, ինչի արդյունքում զինվորը մահացել էր ստացած վերքերից: Սա արդեն չափազանց էր: Զայրացած իրանցիները այդ երկրում Ադրբեջանի դեսպանին կանչեցին ԱԳՆ և վերջինիս հանձնեցին իրանական կողմի բողոքի նոտան: Նոտայում նշվում էր, որ ադրբեջանցի սահմանապահների գործողությունը դիտարկվում է որպես միջազգային օրենքների խախտում և վնաս է հասցնում երկկողմ պայմանավորվածություններին ու բարեկամական հարաբերություններին: Իրանական կողմը պահանջում էր պատժել մեղավորներին: Նույն պահին ադրբեջանական կողմը ոչ պակաս հետևողականությամբ սկսեց միջադեպի ամբողջ մեղքը բարդել պարսիկների վրա՝ կատարվածը ներկայացնելով որպես սադրանք: Բայց նրանց աղմուկն այլևս լսելի չէր սահմանի մյուս կողմում: Կրքերն այնքան էին շիկացել, որ բառերի ու արտահայտությունների միջև ընտրություն կատարելու ոչ ցանկություն կար, ոչ իմաստ: Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի «Բասիջ» (Պայքարող ուժ) կազմակերպության նախագահ Ալի Ասղար Ռամեզանին հայտարարեց. «Ոչ մի տեղ սահմանում մոլորված զինվորին չեն սպանում, բայց Ադրբեջանի Հանրապետության սահմանապահները անամոթաբար անմարդկային ձևով սպանեցին իրանցի զինծառայողին` անտեսելով սահմանապահ ծառայության բոլոր նորմերը»: Արդեբիլ նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Սեյյեդ Մոջդաբա Մուսավին դեպքի հետ կապված մանրամասներ հրապարակեց՝ պատմելով, որ ադրբեջանցիները մինչ իրանցի զինծառայողի ուղղությամբ կրակելը և նրան սպանելը իրանցուն արդեն ձերբակալել էին, ուստի չզինված զինծառողի վրա կրակելու և սպանելու որևէ հիմք գոյություն չուներ: «Ադրբեջանի սահմանապահների արածն անօրինական էր և ստոր»,- եզրակացրել էր գնդապետը: Մինչ այդ ամփոփվեցին հետաքննության արդյունքները, ինչի առթիվ Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար Հոսեյն Զոլֆաղարին հանդես եկավ հայտարարությամբ. «Իրանցի զինծառայողի սպանության հանգամանքները հետաքննելու արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցի սահմանապահների կատարած քայլն անհիմն էր, քանի որ կարիք չկար չզինված զինծառայողի առջևից և ետևից մի քանի գնդակ արձակել: Դեպքեր են եղել, երբ իրանցի սահմանապահները սահմանային գյուղերում ադրբեջանցի զինվոր են ձերբակալել, սակայն մենք ձերբակալվածին փոխանցել ենք ադրբեջանական կողմին»,- տեղեկացրեց Զոլֆաղարին:
Ձնագնդին գլորվում էր, բառապաշարը հարստացվում էր նոր պիտակավորումներով, բայց բոլորն էլ հասկանում էին, որ հայհոյանքների փոխանակությամբ գործը չի ավարտվի, պետք է ակնկալել առավել լուրջ՝ քաղաքական քայլեր: Եվ այդ քայլերն իրենց սպասեցնել չտվեցին: Դեռևս ընթացիկ տարվա մարտին Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպման ավարտին հայտարարվեց, որ Ահմեդ Դավութօղլուի, Էլմար Մամեդյարովի և Ալի Աքբար Սալեհիի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբեր ամսին` Նախիջևանում: Սակայն այժմ տեղեկանում ենք, որ դա հետաձգվում է անորոշ ժամանակով՝ «վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պատճառով»: Սկզբում հաղորդվեց այն մասին, թե հետաձգման բուն պատճառը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն է: Բայց իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը արագորեն ի չիք դարձրեց այդ հարմար պատրվակի տարբերակը՝ հաղորդելով, որ «Ադրբեջանի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստը ստվեր գցեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա և երկու երկրներին կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև: Ուստի իրանցի զինվորի սպանությունը առիթ հանդիսացավ, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգվի Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումը»:
Սահմանին արյուն կա և այդ արյունը բանակցություններով չէ, որ պիտի սրբվի: Ի դեպ, այդ արյունը նոր չէ: Վերհիշենք թեկուզ այս տարվա հուլիսի 3-ի դեպքերը, երբ իրանա-ադրբեջանական սահմանային գոտում փոխհրաձգություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով ադրբեջանցի լեյտենանտ Ռուֆաթ Գուլիևը ծանր վիրավորվեց ու դեպքի վայրից տարհանման ժամանակ մահացավ: Այն օրերին պաշտոնական Թեհրանը հաղորդեց. «Իրանա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած զինված բախման մեղավորը Ադրբեջանն է: Ադրբեջանցի սահմանապահներն ապօրինաբար մուտք են գործել իրանական տարածք, ուշադրություն չեն դարձրել իրանցի սահմանապահների օրինական նախազգուշացնող կոչերին, որի հետևանքով առաջացած զինված բախման արդյունքում ադրբեջանցի սպա է զոհվել»: Սակայն Բաքուն կատարվածի իր վարկածն ուներ, համաձայն որի երկրի տարածք էր մուտք գործել իրանցիների զինված խմբավորում, միջադեպ հրահրել և ետ քաշվել: Հիմա դժվար է ասել, գուցե ադրբեջանցիների համար իրենց զոհի արյունն այնքան թանկ չէր, որքան պարսիկների համար է, բայց եթե այն օրերին Բաքուն կուլ տվեց վիրավորանքը, ապա Թեհրանը նույն բանը ամենևին չի պատրաստվում անել այժմ: Ու հավանաբար Իրանի հյուսիսային հարևանին դեռ նոր ծանր օրեր են սպասվելու՝ վերջին կրակոցները մարսելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: